Աստվածաշնչի տեսակետը
Կարո՞ղ է աստղագուշակությունը հայտնել ձեր ապագան
ԻՆՉՊԵ՞Ս կարող եք բարելավել ձեր կյանքը և սեր ու փող ձեռք բերելու հարցում հաջողություն ունենալ։ Շատերը այս հարցի պատասխանը փնտրում են աստղագուշակության մեջ։ Ամեն օր միլիոնավորներ առաջնորդություն են փնտրում թերթերում տպագրված հորոսկոպներում՝ հուսալով բարեփոխել իրենց ապագան։ Նույնիսկ հայտնի է, որ աշխարհի առաջնորդներն են որոշումներ կայացնելիս առաջնորդվում են աստղերով։
Կարելի՞ է վստահել աստղագուշակությանը։ Ինչպե՞ս են աստղագուշակներն անում իրենց գուշակությունները։ Պե՞տք է արդյոք քրիստոնյաները թույլ տան, որ երկնային մարմինները որոշեն, թե ինչպես նրանք պետք է ապրեն։
Ի՞նչ է աստղագուշակությունը
Համաձայն «Ուորլդ բուք» հանրագիտարանի՝ «աստղագուշակությունը հիմնված է այն հավատալիքի վրա, որ երկնային մարմինները ստեղծում են կաղապարներ, որոնք կարող են բնորոշել անհատի բնավորությունը կամ գուշակել նրա ապագան։ Աստղագուշակները պնդում են, որ մոլորակների որոշակի դիրքը և այն, թե կենդանակերպի որ նշանի տակ է ծնվել անհատը, կարող են ազդել նրա կյանքի ընթացքի վրա։a Այս երկնային մարմինների դիրքը որոշակի պահի կոչվում է «հորոսկոպ»։
Աստղագուշակությանը հավատում էին դեռևս հնում։ Մոտավորապես չորս հազար տարի առաջ բաբելոնացիները սկսեցին ապագան գուշակել՝ հիմնվելով Արեգակի, Լուսնի և առավել տեսանելի հինգ մոլորակների դիրքի վրա։ Նրանք պնդում էին, թե այդ երկնային մարմինները որոշակի ուժերով են օժտված, որոնք ազդեցություն են գործում անհատի վարվելակերպի վրա։ Ավելի ուշ նրանք սկսեցին գուշակություններ անել նաև կենդանակերպի նշաններով։
Անհաջողության երկար պատմություն
Աստվածաշունչը ցույց է տալիս Բաբելոնի և աստղագուշակության միջև եղած կապը և մի քանի անգամ հիշատակում է բաբելոնացի աստղագուշակների մասին (Դանիէլ 4։7; 5։7, 11)։ Դանիել մարգարեի օրերում աստղագուշակությունը այնքան տարածված էր Քաղդեայում (Բաբելոն), որ «քաղդեացիներ» բառն օգտագործելը գրեթե նույն էր, ինչ որ «աստղագուշակներ» բառը։
Դանիելը ոչ միայն տեսավ այն, թե ինչ ազդեցություն էր գործում աստղագուշակությունը Բաբելոնի վրա, այլև տեսավ, թե ինչպես աստղագուշակները անհաջողություն ունեցան քաղաքի կործանումը կանխագուշակելու հարցում (Դանիէլ 2։27)։ Ուշադրություն դարձրեք, թե դրանից երկու հարյուրամյակ առաջ ինչ էր մարգարեացել Եսայիա մարգարեն ամենայն ճշգրտությամբ։ «Դու ձանձրացել ես քո խորհուրդների շատութիւնովը, թող մէկ կանգնեն եւ քեզ փրկեն երկինքը զննողները, աստեղագէտները [աստղագուշակները], նոր լուսինով գուշակողները այն բանիցը, որ գալու է քեզ վերայ,— քամահրանքով գրեց Եսայիան։— Իրանց հոգին չեն ազատելու» (Եսայիա 47։13, 14)։
Ակնհայտ է, որ բաբելոնացի աստղագուշակները չկարողացան կանխագուշակել իրենց երկրի անկումը նույնիսկ դրանից մի քանի ժամ առաջ։ Իսկ երբ Աստծու կործանարար դատաստանի մասին գրությունը հայտնվեց Բաղդասար թագավորի պալատի պատին, աստղագուշակները անկարող եղան մեկնելու այդ խորհրդավոր գրությունը (Դանիէլ 5։7, 8)։
Այսօր աստղագուշակները նույնպես հաջողության չեն հասել նշանակալից իրադարձություններ կանխագուշակելու հարցում։ Քննելով աստղագուշակների կողմից արված ավելի քան 3 000 գուշակություններ՝ գիտնականներ Ռ. Կալվերն ու Ֆիլիպ Յանան եկան այն եզրակացության, որ այդ գուշակությունների միայն 10 տոկոսն է ճիշտ եղել։ Ցանկացած լավատեղյակ վերլուծաբան կարող էր ավելի ստուգությամբ անել դա։
Հակասում է Աստվածաշնչի ուսմունքներին
Հրեա մարգարեները, սակայն, աստղագուշակությունը չէին մերժում պարզապես այն պատճառով, որ ապագան ստուգությամբ կանխագուշակելու հարցում աստղագուշակության անզոր լինելը բացահայտ էր։ Օրենքը, որ Աստված տվել էր Մովսեսի միջոցով, հստակորեն զգուշացնում էր իսրայելացիներին հմայություն անելու դեմ։ «Ձեր մէջ չ’գտնուի.... դիւթութիւն դիւթող [այսինքն՝ գուշակություն անող].... հմայող,— գրված էր Օրենքում։— Բոլոր այս բաներն անողը Եհովայի առաջին գարշելի է» (Բ Օրինաց 18։10, 12)։
Թեև այդ համարում կոնկրետ չի նշվում «աստղագուշակություն» բառը, այս արգելքը ակներևաբար վերաբերում է նաև աստղագուշակությանը։ «Բրիտանական հանրագիտարանում» նշվում է, որ աստղագուշակությունը «գուշակության ձև է, որի մեջ մտնում է երկրին և մարդուն վերաբերող իրադարձությունները կանխագուշակելը՝ աստղերի, Արեգակի, Լուսնի և մոլորակների դիրքը զննելու և մեկնաբանելու շնորհիվ»։ Գուշակության բոլոր ձևերը, անկախ այն բանից՝ հիմնված են դրանք աստղերի, թե այլ առարկաների վրա, ոտնահարում են Աստծու սկզբունքները։ Ինչո՞ւ։ Դրա համար հիմնավոր պատճառ կա։
Մարդկանց հաջողությունները կամ անհաջողությունները աստղերին վերագրելու փոխարեն՝ Աստվածաշունչը հստակորեն ցույց է տալիս, որ «ինչ որ մարդ սերմէ, այն էլ կ’հնձէ» (Գաղատացիս 6։7, 8)։ Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է Աստծու առջև իր կատարած գործերի համար, քանի որ մենք ազատ ընտրություն կատարելու հնարավորություն ունենք (Բ Օրինաց 30։19, 20; Հռովմայեցիս 14։12)։ Ճիշտ է, գուցե մեզ դժբախտություն պատահի կամ հիվանդանանք այնպիսի հանգամանքների պատճառով, որոնք դուրս են մեր հսկողությունից։ Սակայն ինչպես բացատրում է Աստվածաշունչը, այդ ամենը տեղի է ունենում «ժամանակ[ի] եւ դիպուած[ի]» պատճառով և ոչ թե հորոսկոպի գուշակության համաձայն (Ժողովող 9։11)։
Ինչ վերաբերում է մարդկային փոխհարաբերություններին, Աստվածաշունչը խրախուսում է «հագնել» այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ ողորմությունը, քաղցրությունը, խոնարհությունը, հեզությունը, երկայնամտությունը և սերը (Կողոսացիս 3։12–14)։ Այս հատկությունները կարևոր են ամուր ընկերություն հաստատելու և ամուսնական կապերն ամրացնելու հարցում։ «Աստղագուշական համապատասխանելիությունը» վստահելի առաջնորդություն չէ ամուսնական կողակից փնտրելու հարցում։ Հոգեբան Բերնարդ Սիլվերմանը հետազոտեց մոտ 3 500 ամուսնական զույգերի ծննդյան հորոսկոպները, որոնց 17 տոկոսը հետագայում ամուսնալուծվել էր։ Նա չնկատեց, որ այն մարդկանց շրջանում, ովքեր ամուսնացել էին «աստղագուշական համապատասխանելիության» համաձայն, ամուսնալուծություններն ավելի քիչ էին։
Հստակ է, որ աստղագուշակությունը թե՛ անվստահելի է և թե՛ մոլորեցուցիչ։ Այն կարող է դրդել մեզ, որ մեր գործած սխալների մեջ մեղադրենք աստղերին և ոչ թե մեզ։ Բացի այդ, աստղագուշակությունը բացահայտորեն դատապարտվում է Աստծու Խոսքում։
[Ծանոթագրություն]
a Կենդանակերպի նշանները 12 տարբեր երկնային համաստեղություններ են, որոնք գործածվում են աստղագուշակության մեջ։