Գիրք, որը հրաշքով պահպանվեց
«Ուրիշ ոչ մի գիրք այդքան հակառակությունների չի բախվել.... բայց այն դիմագրավել է իշխանավոր և տաղանդավոր մարդկանց բոլոր հարձակումները»։
ԻՆՉՈ՞Ւ պետք է Աստվածաշունչը հետաքրքրի ձեզ։ Առաջին՝ այնտեղ Աստծու կողմից մարդկությանը ուղղված կարևոր տեղեկություն կա, ինչը հաստատում է հենց գիրքը (2 Տիմոթեոս 3։16)։ Եվ եթե այս պնդումը ճիշտ է, ուրեմն չկարդալու դեպքում մեծ բան կկորցնեք։
Երկրորդ՝ այն ամենահին գրքերից մեկն է, որը ամենից շատ է թարգմանվել ու տարածվել։ Բոլոր ժամանակներում այն մեծ պահանջարկ է ունեցել և ամեն տարի ողջ աշխարհում որպես ամենագնայուն գիրք շարունակում է մնալ առաջին տեղում։
Ճիշտ է, Աստվածաշունչը կարևոր տեղեկություն է պարունակում, ամենահին գրքերից մեկն է և ամենից շատ տարածվածը, բայց շատ ավելի տպավորիչ է այն, որ այս գիրքը ողջ պատմության ընթացքում բազում փորձությունների միջով է անցել ու կենդանի մնացել։ «Ուրիշ ոչ մի գիրք այդքան հակառակությունների չի բախվել.... բայց այն դիմագրավել է իշխանավոր և տաղանդավոր մարդկանց բոլոր հարձակումները»,— գրել է 19-րդ դարի աստվածաբան Ալբերտ Բարնզը։
Նույն գրողը նշում է, որ մարդիկ ի բնե հակված են հետաքրքրվելու այնպիսի բաներով, որոնք շարունակական հարձակումներ են դիմագրավել։ «Սակայն ոչ մի բանակ երբևէ չի դիմակայել այնքան շատ հարձակումների, որքան Աստվածաշունչը,— շարունակում է Բարնզը,— հնագույն ոչ մի ամրոց երբևէ չի դիմակայել այդքան պաշարումների, աննկուն չի մնացել այդքան սպառնացող պատերազմների ընթացքում ու չի ենթարկվել ժամանակի կործանարար ազդեցությանը, և ոչ մի ժայռ այդքան շատ հոսանքների չի բախվել և միևնույն ժամանակ անշարժ ու անսասան մնացել»։
Բազմաթիվ հնագույն գրվածքներ անհայտ կորել են, ոչնչացել կամ պարզապես մոռացության մատնվել, մինչդեռ կատաղի հարձակումների ներքո Աստվածաշունչը հրաշքով պահպանվել է։ Ոմանք պայքար են մղել, անգամ կյանքի գնով, որպեսզի այս անգին գիրքը մարդկությանը հասնի։ Իսկ ոմանք էլ խլել են այն մարդկանց ձեռքից ու հանրորեն այրել թե՛ Աստվածաշունչը, թե՛ այդ մարդկանց։
Ինչո՞ւ է Աստվածաշունչը այսքան շատ սիրվել ու այսքան շատ ատվել։ Ի՞նչ փորձությունների միջով է անցել։ Ովքե՞ր են փորձել վերացնել այն։ Եվ ամենակարևորը, ինչո՞ւ է այս գիրքը կենդանի մնացել։ Ինչո՞ւ պետք է նրանում տեղ գտած կարևոր տեղեկությունը հետաքրքրի ձեզ։ Հաջորդ հոդվածներում կտրվեն պատասխանները։
[նկարներ 2 և 3-րդ էջերի վրա]
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ՍԱՆԴՂԱԿ
Մ.թ.ա. 1513թ.-ից մինչև մ.թ. մոտ 98 թ.
Աստվածաշունչը գրվել է եբրայերեն, արամերեն և հունարեն
100թ. Դառնում է գիրք
405թ. Հերոնիմոսը թարգմանում է լատիներեն
1380թ. Ուիքլիֆը թարգմանում է լատիներենից անգլերեն
1455թ. Գուտենբերգը հրատարակում է առաջին Աստվածաշունչը
1525թ. Թինդալը թարգմանում է անգլերեն
1938թ. Տպագրվում է ավելի քան 1000 լեզուներով
2011թ. Մատչելի է ավելի քան 2500 լեզուներով