2011 թվականի Ճապոնիայի ցունամին. փրկվածները պատմում են
Կարդացեք ականատեսների խոսքերը, ովքեր փրկվել են Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժից և ցունամիից։
ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ 2011թ. մարտի 11-ին՝ ուրբաթ օրը՝ ժամը 14։46-ին տեղի ունեցավ աշխարհի ամենաուժեղ երկրաշարժը, որը իր ուժգնությամբ չորրորդն էր։ Դրան հաջորդեցին վիթխարի ցունամին և ուժգին ցնցումները, որոնք շաբաթներ շարունակ ահ ու սարսափի մեջ էին պահում մարդկանց։ Մոտ 20000 մարդ մահացավ կամ անհայտ կորավ։ Սակայն հազարավորներ փրկվեցին։ Տեսնենք, թե ինչ են պատմում ականատեսները։
Թադայուկին և նրա կինը՝ Հարումին, որոնք ապրում էին Իսինոմակիում (Միյագի պրեֆեկտուրա), տանն էին, երբ մի դղրդյուն լսեցին, և նրանց տունը սկսեց ուժգնորեն ցնցվել։ «Վազեցինք դուրս և ապշեցինք, երբ տեսանք գետինը ճեղքված,— ասում է Թադայուկին,— մենք տեսանք, թե ինչպես է մեր տունը հետ ու առաջ ճոճվում, իսկ փոշին ծխի նման դուրս գալիս պատերից»։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Միյագիի ափից 129 կիլոմետր հեռավորության, երկրի մակերևույթից 40 կիլոմետր խորության վրա։ Ցունամին ավերեց Ճապոնիայի հյուսիս-արևելյան ափամերձ շրջանները 670 կիլոմետր երկայնքով։ Որոշ տեղեր հեղեղեցին մինչև 15 մետր բարձրություն ունեցող հզոր ալիքներ՝ ավերելով ծովապատնեշները։
Էլեկտրականության, գազի և մաքուր ջրի աղբյուրները վերացան։ Մոտ 160000 տներ, խանութներ և գործարաններ քանդվեցին կամ ցունամին քշեց տարավ։ Մի որոշ ժամանակ 440000 մարդ ապրեց մոտ 2500 ժամանակավոր ծածկերի տակ, ինչպես օրինակ՝ դպրոցներում և համայնքային կենտրոններում։ Շատերն էլ ապաստան գտան իրենց հարազատների կամ ընկերների տներում։ Տասնյակ հազարավոր մարդիկ վնասվեցին կամ մահացան, սակայն հազարավոր դիակներ էլ չգտնվեցին։
Կորուստներ և հոգեկան ապրումներ
Ցունամիի հետևանքով ավելի շատ մարդիկ մահացան, քան երկրաշարժի։ Յոկին, որն ապրել է Ռիկուզենտակատայում (Իվատե պրեֆեկտուրա), անմիջապես գլխի ընկավ, որ երկրաշարժից հետո ցունամի է լինելու, ուստի ծնողներին տարավ մոտակայքում գտնվող ապահով մի տեղ։ Այնուհետև գնաց օգնելու իր հարևաններին։ Ծնողների մասին անհանգստանալով՝ Յոկին ցանկացավ կնոջ՝ Տաթսուկոյի հետ գնալ նրանց մոտ, սակայն տեղեկացավ, որ ցունամին արդեն մոտենում է։
Նրանք փախան և ուզում էին մտնել մեկ ուրիշ շենք, բայց չկարողացան, քանի որ մուտքը փակված էր փլատակներով։ Հետո տեսան, թե ինչպես է հարևանությամբ գտնվող գործարանի շենքը սրընթաց դեպի իրենց գալիս։ Տաթսուկոն բղավեց. «Վազի՛ր»։
Ի վերջո հասան մի դպրոց, որը ավելի բարձր տեղում էր գտնվում։ Այնտեղից տեսան, թե ինչպես է ցունամին կուլ տալիս շրջակայքում գտնվող ամեն բան։ «Տունս քշեց տարավ»,— ասաց մի կին։ Ռիկուզենտակատայի մոտ երեք քառորդը ավերվեց։ Ցունամին իր հետ տարավ նաև Յոկիի ծնողներին։ Նրա մոր դիակը գտնվեց, իսկ հոր դիակը այդպես էլ չգտան։
Տորուն այդ ժամանակ աշխատում էր Իսինոմակիի ափին գտնվող գործարանում։ Երբ առաջին ցնցումը հանդարտվեց, նա արագ վազեց դեպի իր մեքենան։ Տորուն բարձր ձայնով զգուշացրեց մյուսներին փախչել ցունամիից, որը իր ենթադրությամբ՝ շուտով վրա էր հասնելու։
«Սկզբում ուղևորվեցի դեպի տուն, որը բարձր տեղում էր գտնվում, բայց խցանման մեջ ընկա,— պատմում է Տորուն,— ռադիոյով լսեցի, որ ցունամին հասել է մոտակա քաղաքներից մեկը։ Մեքենայիս պատուհանը բացեցի, որ կարողանամ դուրս փախչել, երբ ցունամին հասնի այստեղ։ Շատ չանցած՝ սև ջրի հսկայական ալիքը ավելի քան 2 մետր բարձրությամբ հասավ ինձ։ Առջևում գտնվող մեքենաները գալիս էին իմ մեքենայի վրա ու այն քշում ափից հեռու»։
«Մեծ դժվարությամբ դուրս եկա պատուհանից, բայց յուղոտ ու գարշահոտ կեղտաջուրը քշեց ինձ դեպի մեքենաների արհեստանոց։ Բռնվելով աստիճաններից՝ բարձրացա երկրորդ հարկ։ Մի կերպ կարողացա ինձ հետ վերև բարձրացնել ևս երեք հոգու։ Այդ ցուրտ, ձյունոտ գիշերը մեզ հաջողվեց փրկվել ջրից։ Ցավոք, չկարողացանք փրկել մյուսներին, ովքեր աղաղակում էին օգնության համար»։
Նախքան երկրաշարժը Կամաիսիում ապրող (Իվատե) Միդորին իր տատիկի ու պապիկի հետ նշում էր դպրոցի ավարտականը։ Նա իր ատեստատը բերել էր, որ ցույց տա պապիկին, որը հաշմանդամ էր։ Վերջինս կարդաց ատեստատը ու գովեց Միդորիին։ Այս ուրախալի դեպքից հինգ օր հետո երկրաշարժ եղավ։
Միդորին և նրա մայրը՝ Յուկոն, հորդորեցին պապիկին տեղափոխվել՝ հասկանալով, որ շուտով ցունամի է լինելու։ Սակայն պապիկը հրաժարվեց. «Ո՛չ, ես ոչ մի տեղ չեմ գնա։ Ցունամին երբեք ցամաքից այսքան հեռու չի հասնում»։ Այդուհանդերձ, նրանք փորձեցին դուրս բերել պապիկին տնից, բայց չկարողացան բարձրացնել նրան, ուստի գնացին որևէ մեկին գտնելու իրենց օգնելու համար։ Ցունամին արդեն հասել էր ափ։ Մոտակայքում գտնվող բլրից տղամարդիկ գոռում էին. «Շտապե՛ք, փախե՛ք»։ Ցունամին իրար հետևից լափում էր տները։ Միդորին խելակորույս գոռում էր՝ «պապի՜կ, պապի՜կ»։ Մի քանի օր անց գտան պապիկի դիակը։
Փրկարարական աշխատանքներ
Ճապոնիայի կառավարությունը երկրի տարբեր մասերից անմիջապես հրշեջներ, ոստիկաններ և զինված ուժեր ուղարկեց։ Կարճ ժամանակում ավելի քան 130000 մարդ ընդգրկվեց փրկարարական աշխատանքների մեջ։ Այլ երկրներ և միջազգային կազմակերպություններ նույնպես օգնության ձեռք մեկնեցին։ Անմիջապես աղետի գոտի ժամանեցին փրկարարական ջոկատներ և բուժանձնակազմ։ Նրանք փնտրում էին մարդկանց, բուժօգնություն ցույց տալիս և տեղանքը մաքրում փլատակներից։
Տարբեր կազմակերպություններ օգնություն տրամադրեցին իրենց անդամներին։ Նրանց թվում էին Եհովայի վկաները։ Ուրբաթ կեսօրին տեղի ունեցած երկրաշարժից և ցունամիից անմիջապես հետո Վկաները սկսեցին հետաքըրքրվել, թե արդյոք իրենց հավատակիցները ողջ-առողջ են։ Սակայն ճանապարհները շատ վայրերում անանցանելի էին, իսկ էլեկտրականությունը և հեռախոսակապը՝ անջատված։ Բացի այդ, դժվար էր հսկայական տարածքում որոնել մարդկանց։
Տակայուկին, որը որպես երեց ծառայում է Սոմայում գտնվող (Ֆուկուսիմա պրեֆեկտուրա) Եհովայի վկաների ժողովներից մեկում, կարողացավ հենց ուրբաթ կեսօրին կապ հաստատել մի քանի ընտանիքի հետ։ «Որոշեցի մյուսներին փնտրել հաջորդ օրը,— ասում է նա։— Լուսաբացին սկսեցի մեքենայով, իսկ հետո ոտքով փնտրել հավատակիցներիս և այդպես մինչև երեկո։ Գնացի 20 տարբեր տեղեր, այդ թվում նաև ապաստարաններ։ Երբ գտնում էի նրանց, սուրբգրային համարներ էի կարդում և աղոթում նրանց հետ»։
Շունջին, որն ապրում է Իսինոմակիում, պատմում է. «Մենք խմբեր կազմեցինք, որ գտնենք մեր հավատակիցներին։ Երբ աղետի գոտի մտանք, ցնցվեցինք. մեքենաները կախված էին էլեկտրասյուներից, տները դիզված էին իրար վրա, իսկ փլատակների կույտերը տներից ավելի բարձր էին։ Մի մեքենայի վրա դիակ տեսանք, հավանաբար այդ մարդը չէր կարողացել դիմանալ գիշերվա ցրտին։ Մեկ ուրիշ մեքենա էլ գլխիվայր շուռ եկած կախված էր երկու տան միջև։ Դրա մեջ դիակ կար»։
Շունջին անչափ ուրախացավ՝ գտնելով իր հավատակիցներին։ «Երբ տեսա նրանց, հասկացա, որ նրանք շա՜տ թանկ են ինձ համար»,— ասում է նա։
«Չէինք պատկերացնում, որ այսքան շուտ»
Երկու երիտասարդ Եհովայի վկա կանայք՝ Յուն և Միզուկին, ապրում էին Մինամիսանրիկու քաղաքում (Միյագի)։ Երբ առաջին ցնցումը հանդարտվեց, նրանք դուրս վազեցին և հանդիպեցին իրար։ Երկուսով լեռ բարձրանալով՝ տասը րոպե անց ականատես եղան, թե ինչպես է մի ալիքը մյուսի հետևից սրբում տանում իրենց տները և ողջ քաղաքը։
Երբ նրանք գտան իրենց հավատակիցներից երկու կնոջ մի ապաստարանում, միասին աղոթեցին։ Հաջորդ առավոտ իրենց, ինչպես նաև հարևան ժողովի անդամները անցան լեռը՝ ուտելիք և այլ անհրաժեշտ բաներ բերելով։ Յուն և Միզուկին ուրախացած ասացին. «Մենք գիտեինք, որ կգտնեք մեզ, բայց չէինք պատկերացնում, որ այսքան շուտ»։
Հիդեհարուն՝ Թոմե քաղաքի ժողովներից մեկի երեցը, այցելեց ապաստարան։ Նա պատմում է. «Ամբողջ գիշեր փորձել եմ գտնել ափամերձ շրջաններում ապրող մեր ընկերներին։ Վերջապես առավոտյան ժամը 4.00-ին տեղեկացա, որ որոշ Վկաներ ապաստան են գտել մի դպրոցում։ Ժամը 7.00-ին տասը հոգով հավաքվեցինք ու բրնձի կոլոլակներ պատրաստեցինք։ Երեք հոգով ուտելիքը մեքենայով տեղ հասցրինք։ Ճանապարհների մեծ մասը անանցանելի էր, բայց մի կերպ հասանք դպրոց։ Նույնիսկ նրանք, ովքեր կորցրել էին իրենց տները, օգնեցին մեզ աջակցելու մյուսներին»։
Բավարարվում են հոգևոր կարիքները
Եհովայի վկաները կանոնավորաբար հավաքվում են ուսումնասիրելու Աստվածաշունչը, և որոշ ժողովներ այսպես վարվեցին հենց ուրբաթ երեկո։ Օրինակ՝ այսպես եղավ նաև Ռիկուզենտակատայում, չնայած որ Թագավորության սրահը՝ Եհովայի վկաների երկրպագության վայրը, ամբողջովին ավերվել էր ցունամիի պատճառով։ «Անկախ ամեն ինչից՝ եկեք ժողովի հանդիպում անցկացնենք»,— առաջարկեց մի Վկա։ Նրանք իրենց հանդիպումն անցկացրին մի շենքում, որն այդքան էլ չէր վնասվել։
Թեև էլեկտրականություն չկար, բայց գեներատորի միջոցով հնարավոր եղավ անցկացնել հանդիպումը, որին ներկա էին տասնվեց հոգի։ Յասույուկին, որը կորցրել էր իր տունը, պատմում է. «Մեր աչքերից ուրախության արցունքներ էին հոսում։ Դա ամենալավ ապաստանն էր մեզ համար»։ Հիդեկոն նշում է. «Ուժեղ ցնցումները հաճախ խանգարում էին ժողովներին, բայց քանի դեռ միասին էինք, չէի վախենում ու մոռանում էի մտահոգություններիս մասին»։
Այդ օրվանից ոչ մի անգամ ժողովի հանդիպումը չի խաթարվել։ Անգամ երկու օր անց՝ կիրակի օրը հանրային ելույթ ներկայացվեց, որի վերնագիրն էր՝ «Համաշխարհային եղբայրությունը փրկեց մեզ աղետից»։
Օգնություն է տրամադրվում
Պետական տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև Էբինայում գտնվող (Տոկիոյի մոտ) Եհովայի վկաների մասնաճյուղը սկսեցին օգնության միջոցներ տրամադրել։ Երկրաշարժի հաջորդ օրը մասնաճյուղը տուժած գոտին բաժանեց երեք մասի։ Երկուշաբթի ժամանեցին մասնաճյուղի ներկայացուցիչները։
Շաբաթներ և ամիսներ շարունակ օգնության միջոցներ են տրամադրվել։ Օրինակ՝ Վկաները տոննաներով մթերք և այլ պարագաներ ուղարկեցին։ Այդ ընթացքում երեք փրկարարական կենտրոններ և 21 պահեստներ այլ ապրանքներ ու պարագաներ տրամադրեցին։ Առաջին երկու ամիսների ընթացքում հարյուրավոր կամավորներ ավելի քան 250 տոննա մթերք, հագուստ և այլ անհրաժեշտ իրեր բաժանեցին։ Շատ Վկաներ էլ օգնության ձեռք մեկնեցին իրենց հարևաններին։
Ռիկուզենտակատայում և հարևան Օֆունատո քաղաքում գտնվող Եհովայի վկաները իրենց վերակառուցած Թագավորության սրահի միջոցով հոգևորապես զորացնում են մարդկանց։ Դա օգնում է տեղի բնակիչներին պայքարելու դժվարությունների դեմ, մինչ հարմարվում են նոր կյանքի՝ փորձելով ապաքինվել երկրաշարժի և ցունամիի հետևանքով ստացած տրավմայից։ Ցավոք, աղետի գոտու ավելի քան 14000 Վկաներից 12 մահացան, իսկ 2 անհայտ կորան։
Այս սարսափելի աղետից տուժած Եհովայի վկաներից շատերն են ասել այնպիսի խոսքեր, որոնք ասաց մի ընտանիք. «Երբ փախչում էինք, մեր ձեռքին միայն մի պայուսակ ունեինք։ Բայց հավատակիցները հոգացին մեր բոլոր կարիքները»։ Ի՜նչ տպավորիչ է, որ այսօր ճշմարիտ Աստված Եհովայի ծառաները կարող են վայելել համաշխարհային եղբայրության սերը, ինչի մասին դեռ վաղուց խոսել են Հիսուսը և նրա առաքյալները։ Այս ամուր կապը ոչ մի բնական աղետ չի կարող քանդել կամ քշել տանել (Հովհաննես 13։34, 35; Եբրայեցիներ 10։24, 25; 1 Պետրոս 5։9)։
[շրջանակ/նկար 18-րդ էջի վրա]
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՂԵՏ
Ողջ աշխարհում տարածվեց «Ֆուկուսիմա» ատոմակայանի որոշ էներգաբլոկների ռեակտորներում տեղի ունեցած պայթյունների մասին լուրը։ Ռադիոակտիվ ճառագայթումը տարածվեց ողջ Ճապոնիայում և այլ երկրներում։ Հազարավոր մարդիկ մահացու ճառագայթման վտանգի պատճառով էվակուացվեցին։
Միգումին պատմում է. «Մեր տունը գտնվում էր ատոմակայանի մոտ։ Երկրաշարժի հաջորդ օրը լսեցինք վթարի մասին։ Մեզ պատվիրեցին հեռանալ այդ տարածքից»։ Նրա քույրը՝ Նաթսումին, ասում է. «Ուղղաթիռները պտտվում էին օդում, օդային ազդանշանը հայտարարում էր, որ պետք է անհապաղ դուրս գանք»։ Հաջորդ շաբաթների ընթացքում նրանք տեղափոխվեցին ինը տարբեր տեղեր։ Երկու աղջիկների, սակայն, թույլատրվեց երկու ժամով վերադառնալ տուն՝ մի քանի բան վերցնելու համար։
Մոտ 60 տարեկան Չիկակոն գտնվում էր Նամիում (Ֆուկուսիմա)։ Նա պատմում է. «Երբ երկրաշարժ եղավ, գնացի մոտակա ապաստարաններից մեկը։ Այնտեղ ես ու երկու երեխաներս ուժգին ցնցումների պատճառով ամբողջ գիշեր չքնեցինք։ Առավոտյան ժամը 7.00-ին մեզ ասացին, որ անմիջապես տեղափոխվենք մեկ ուրիշ քաղաք»։
Չիկակոն շարունակում է. «Ճանապարհները խցանված էին, այդ պատճառով տեղ հասանք կեսօրին՝ մոտավորապես ժամը 15.00-ին։ Այնտեղ իմացանք ատոմակայանի պայթյունի մասին։ Հույս ունեի, որ տուն կվերադառնանք, այդ պատճառով ինձ հետ ոչինչ չէի վերցրել»։ Նա և իր ընտանիքը, մի քանի անգամ տեղից տեղ գնալով, ի վերջո մի բնակարան գտան։
[թույլտվությամբ]
Photo by DigitalGlobe via Getty Images
[շրջանակ/նկար 20-րդ էջի վրա]
ԴԱՍԵՐ ԲՈԼՈՐԻՍ ՀԱՄԱՐ
Ռիկուզենտակատայում ապրող Յոկին, որի մասին արդեն նշվեց, կորցրեց իր ունեցվածքի մեծ մասը։ Նա ասում է. «Հիմա եմ զգում, որ նյութական բաները ոչ մի ապահովություն չեն տալիս մարդուն»։ Այսպիսի կարծիք Աստծու ծառաներից շատերն են հայտնել, հատկապես նրանք, ովքեր անձամբ են զգացել Հիսուսի խոսքերի ճշմարտացիությունը։ Վերջինս բացատրեց, որ նյութական իրերը չնչին արժեք ունեն, երբ դրանք համեմատում ենք Աստծու հավանությունը և նրա կողմից օրհնություններ ստանալու հետ (Մատթեոս 6։19, 20, 33, 34)։
Նաև սովորում ենք, որ հարկավոր է գործի անցնել, երբ նախազգուշացումներ ենք ստանում։ Դրանից է կախված՝ կփրկվենք, թե ոչ։ Նրանք, ովքեր առանց հապաղելու փախան ավելի բարձր տեղեր, մեծ մասամբ փրկվեցին։
[քարտեզ/նկարներ 16-րդ էջի վրա]
ՃԱՊՈՆԻԱ
ՏՈԿԻՈ
Կամաիսի
Ռիկուզենտակատա
Մինամիսանրիկու
Իսինոմակի
Սոմա
«Ֆուկուսիմա» ատոմակայան
Էբինա
Եհովայի վկաների մասնաճյուղ
[նկարներ]
Ռիկուզենտակատա, Իվատե
Սոմա, Ֆուկուսիմա
Իսինոմակի, Միյագի
Կամաիսի, Իվատե
Մինամիսանրիկու, Միյագի
[նկար 14-րդ էջի վրա]
Հարումին և Թադայուկին
[նկար 15-րդ էջի վրա]
Յոկին և Տաթսուկոն
[նկար 17-րդ էջի վրա]
Յուկոն և Միդորին
[նկար 17-րդ էջի վրա]
Տորուն
[նկար 17-րդ էջի վրա]
Այն մեքենան, որ Տորուն քշում էր
[նկար 17-րդ էջի վրա]
Տակայուկին
[նկար 18-րդ էջի վրա]
Շունջին
[նկար 19-րդ էջի վրա]
Միզուկին և Յուն
[նկար 19-րդ էջի վրա]
Հիդեհարուն
[նկար 19-րդ էջի վրա]
Փրկարարները
[նկար 20-րդ էջի վրա]
Ռիկուզենտակատայի Թագավորության սրահը ցունամիից հետո
[նկար 20-րդ էջի վրա]
Վերակառուցման աշխատանքները երեք ամիս հետո
[նկար 20-րդ էջի վրա]
Թագավորության սրահի վերջնական տեսքը
[նկար 14-րդ էջի վրա. թույլտվությամբ]
JIJI PRESS/AFP/Getty Images