Այն Ջալուդ. վճռորոշ ճակատամարտ
ՍԱՐՍԱՓԱԶԴՈՒ հեծյալ ռազմիկները դուրս եկան Մոնղոլիայից՝ հիմնահատակ ավերելով այն քաղաքները, որոնք հրաժարվում էին հանձնվելուց։ 1258թ. փետրվարին այդ գազազած զորքը իր զայրույթը թափեց Բաղդադի վրա և քանդեց քաղաքի պարիսպները։ Մեկ շաբաթ շարունակ ռազմիկները մարդկանց կողոպտում էին ու դաժանորեն սպանում։ Ողջ մահմեդական աշխարհը ահ ու դողի մեջ էրa։
1260թ. հունվարին մոնղոլները, շարժվելով դեպի արևմուտք, նվաճեցին Հալեպ (Սիրիա) քաղաքը։ Իսկ մարտ ամսին մոնղոլների առաջ իր դարպասները բացեց Դամասկոսը՝ զիջելով իր դիրքերը։ Կարճ ժամանակ անց այդ արնախում ռազմիկներին հաջողվեց զավթել նաև Պաղեստինի Նաբլուս (հին Սյուքար քաղաքի մոտ է) և Գազա քաղաքները։
Մոնղոլների զորավար Հուլավուն պահանջեց, որ Եգիպտոսի մահմեդական կառավարիչ սուլթան էլ Մուզաֆֆար Սեյֆ էլ-Դին Կութուզը հանձնվի, հակառակ դեպքում՝ աղետալի հետևանքներ կկրի։ Հուլավուի զորքը 15 անգամ գերազանցում էր եգիպտական 20000-անոց զորքը։ «Մահմեդական աշխարհը կանգնել էր կործանման առաջ»,— ասում է իսլամի պատմաբան Նազիր Ահմեդը։ Իսկ ի՞նչ էր պատրաստվում անելու սուլթան Կութուզը։
Կութուզը և մամլուքները
Կութուզը մամլուք էր՝ թուրք ստրուկ։ Մամլուքները ստրուկներ էին, որոնք ծառայում էին Կահիրեի (Եգիպտոս) Էյուբյան սուլթանների գվարդիայում։ 1250թ.-ին այդ ստրուկները դուրս եկան իրենց տերերի դեմ և իշխանության գլուխ անցան։ Ստրուկ և ռազմիկ Կութուզը զավթեց իշխանությունը և 1259թ.-ին սուլթան հռչակվեց։ Նա հմուտ ռազմիկ էր ու չէր պատրաստվում առանց կռվի հանձնվելու։ Սակայն հավանականությունը քիչ էր, որ նա կկարողանար պարտության մատնել մոնղոլներին։ Այնուամենայնիվ, այդ ժամանակ տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք հիմնովին փոխեցին աշխարհի պատմության ընթացքը։
Հուլավուն լուր ստացավ, որ Մանգուն՝ մոնղոլների մեծ խանը, մահացել է հեռավոր Մոնղոլիայում։ Կանխազգալով իր հայրենիքում հնարավոր պատերազմի վտանգը՝ Հուլավուն հետ քաշեց իր բանակի մեծ մասը։ Իսկ զորքը, որի թիվը տատանվում էր 10-ից 20 հազարի սահմաններում, թողեց մարտի դաշտում՝ կարծելով, որ այդքան ռազմիկներով կկարողանա նվաճել Եգիպտոսը։ Այս դեպքերի կտրուկ փոփոխությունը առիթ տվեց Կութուզին մտածելու, որ դեպքերը իր օգտին կծավալվեն։ Նա համոզված էր, որ սա թշնամուն պարտության մատնելու իր միակ հնարավորությունն է։
Մահմեդականները մեկ ուրիշ թշնամի ունեին. խաչակիրները, որոնք եկել էին Պաղեստին՝ քրիստոնյաների համար «Սուրբ Երկիրը» զավթելու նպատակով, քանի որ վերջիններս գտնըվում էին Եգիպտոսի և մոնղոլների տարածքի միջև։ Կութուզը դիմեց հենց նրանց, որպեսզի ճանապարհը ապահով անցնի, ինչպես նաև պարենամթերք գնի Պաղեստինում մոնղոլների դեմ պատերազմելու համար։ Խաչակիրները համաձայնվեցին։ Բացի այդ, Կութուզը խաչակիրների միակ հույսն էր, քանի որ նրա օգնությամբ նրանք կարող էին տարածքը մաքրել մոնղոլներից, որոնք սարսափի մեջ էին պահում իրենց, ինչպես որ մահմեդականներին։
Այժմ բեմահարթակը պատրաստ էր մամլուքների ու մոնղոլների վճռորոշ ճակատամարտի համար։
Այն Ջալուդը Պաղեստինում
Մամլուքների ու մոնղոլների զորքերը հանդիպեցին 1260թ. սեպտեմբերին Այն Ջալուդում՝ Հեզրայելի հովտում։ Կարծիք կա, որ Այն Ջալուդը գտնվում է հին Մեգիդո քաղաքի մոտb։
Պատմաբան Ռաշիդ էլ-Դինը ասում է, որ մամլուքները ծուղակի մեջ գցեցին մոնղոլներին Մեգիդոյի մոտ։ Կութուզը իր ռազմիկների մեծ մասին թաքցրեց հարթավայրի շուրջ գտնվող բլուրների հետևում, իսկ փոքր մասին հրամայեց գրոհել թշնամու վրա՝ կռիվ հրահրելու նպատակով։ Մոնղոլներին թվում էր, թե իրենց առաջ կանգնած է մամլուքների ողջ զորքը, ուստի նրանք ընդունեցին կռվի հրավերը։ Այդ պահին Կութուզը անակնկալի բերեց մոնղոլներին՝ պատվիրելով իր պահեստային բանակին դուրս գալ թաքստոցներից ու հարձակում գործել։ Մոնղոլները պարտության մատնվեցին։
43 տարվա ընթացքում սա մոնղոլների առաջին պարտությունն էր՝ սկսած այն ժամանակվանից, երբ արնախում արշավանքներով դուրս էին եկել դեպի արևմուտք։ Թեև պատերազմող զորքերի թիվը այդքան էլ մեծ չէր, սակայն Այն Ջալուդը համարվում է պատմության ամենավճռորոշ ճակատամարտերից մեկը։ Ինչո՞ւ։ Քանի որ այն խնայեց մահմեդականներին ոչնչացումից, փշրեց այն կարծրացած կարծիքը, թե մոնղոլները անպարտելի են և հնարավորություն տվեց մամլուքներին հետ վերցնելու իրենց կորցրած տարածքները։
Ճակատամարտի հետևանքները
Մոնղոլները մի քանի անգամ Սիրիա և Պաղեստին վերադարձան, սակայն երբեք չկարողացան սպառնալիք լինել Եգիպտոսի համար։ Պատերազմից հետո Հուլավուի հետնորդները բնակվեցին Պարսկաստանում, ընդունեցին մահմեդականությունը, իսկ ժամանակի ընթացքում դարձան մահմեդական մշակույթի ջատագովներ։ Այդ տարածքները հայտնի դարձան որպես պարսկական իլխանություն, կամ՝ «ենթակա խանություն»։
Կութուզը երկար չվայելեց իր հաղթանակը։ Կարճ ժամանակ անց նա սպանվեց իր թշնամիների ձեռքով։ Այդ թշնամիներից էր Բիբարս I-ը՝ Եգիպտոսի ու Սիրիայի միավորված թագավորության առաջին սուլթանը։ Շատերը մտածում էին, որ նա է մամլուքների ռեժիմի իսկական հիմնադիրը։ Նրա նոր թագավորությունը, որը լավ կազմակերպված էր ու բարգավաճ, կանգուն մնաց երկուսուկես դար՝ մինչև 1517թ.։
Այդ 250 տարիների ընթացքում մամլուքները քշեցին խաչակիրներին «Սուրբ Երկրից», նպաստեցին առևտրի, արդյունաբերության և մշակույթի զարգացմանը, կառուցեցին հիվանդանոցներ, մզկիթներ ու դպրոցներ։ Նրանց իշխանության ներքո Եգիպտոսը դարձավ մահմեդական աշխարհի եզակի կենտրոն։
Այն Ջալուդի ճակատամարտը իր ազդեցությունը թողեց ոչ միայն Մերձավոր Արևելքի վրա, այլև մեծ դեր ունեցավ Արևմուտքի քաղաքակրթության մեջ։ Մի թերթում ասվում է. «Եթե մոնղոլներին հաջողվեր գրավել Եգիպտոսը, նրանք, հետևելով Հուլավուի օրինակին, կկարողանային մտնել Հյուսիսային Աֆրիկա և հասնել Ջիբրալթարի նեղուց» (Saudi Aramco World)։ Քանի որ այդ ընթացքում մոնղոլները հասել էին Լեհաստան, նրանք կարող էին իրենց թաթը դնել նաև Եվրոպայի վրա։
Նույն թերթը գրում է. «Մի՞թե նման հանգամանքներում սկիզբ կառներ Վերածնունդը։ Աշխարհն այսօր միանգամայն այլ պատկեր կունենար»։
[ծանոթագրություններ]
a Մոնղոլների և նրանց նվաճումների մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս 2008թ. «Արթնացե՛ք»-ի հուլիս-սեպտեմբեր համարը։
b Քանի որ բազմաթիվ վճռորոշ ճակատամարտեր տեղի են ունեցել այս տարածքում, «Մեգիդո» բառը դարձավ հայտնի պատերազմը բնորոշող անուն։ Այդ պատերազմը կոչվում է Արմագեդոն, եբրայերեն՝ «Հար-Մագեդոն»։ Աստվածաշունչը Արմագեդոնը կապում է «Ամենակարող Աստծու մեծ օրվա պատերազմի» հետ (Հայտնություն 16։14, 16)։
[քարտեզ 12-րդ էջի վրա]
Դամասկոս
ՍԻՐԻԱ
Թաբոր լեռ
Հեզրայելի հովիտ
Այն Ջալուդ (Մեգիդոյի մոտ)
Նաբլուս (Սյուքեմ)
Երուսաղեմ
Գազա
ԵԳԻՊՏՈՍ
[նկար 12-րդ էջի վրա]
Հին Մեգիդո քաղաքի տարածքը
[նկար 13-րդ էջի վրա]
Մամլուքների ու մոնղոլների բանակները 1260թ. սեպտեմբերին հանդիպեցին Այն Ջալուդում՝ Հեզրայելի հովտում
[թույլտվությամբ]
Pictorial Archive (Near Eastern History) Est.
[նկար 14-րդ էջի վրա]
Հին Սյուքեմ քաղաքի ավերակները, իսկ հետևում ներկայիս Նաբլուս քաղաքը