Ինչ հաջողությունների են հասել խորթ ընտանիքները
«ՊԱՐԶԱՊԵՍ ՄԻ ՀԱՐԿԻ ՏԱԿ ԱՊՐՈՂՆԵՐ ՉԵՆՔ»
Ֆիլիպի 20 տարեկան աղջիկը՝ Էլիզը, հոր հետ էր ապրում և տան գործերի մեծ մասը ինքն էր անում։ Հետագայում Ֆիլիպը ամուսնացավ Լուիզ անունով մի կնոջ հետ։ Կկարողանայի՞ն աղջիկն ու խորթ մայրը լավ փոխհարաբերություններ հաստատել։
Լուիզ. «Սկզբում իմ ու Էլիզի համար շատ դժվար էր։ Ուզում էի, որ տան տիկինը ես լինեի, քանի որ սիրում եմ տնային գործեր անել»։
Էլիզ. «Լուիզը ձևափոխեց տունը ու շատ իրեր շպրտեց։ Մի անգամ, երբ կարգի էի բերում տունը, որոշ բաներ սխալ տեղերում դրեցի, քանի որ չգիտեի դրանց տեղերը։ Դա զայրացրեց Լուիզին, ու մենք վիրավորական խոսքեր ասացինք իրար։ Մի շաբաթ չկարողացա խոսել նրա հետ»։
Լուիզ. «Մի անգամ ասացի Էլիզին. «Չգիտեմ՝ սրանից հետո ինչ կլինի, բայց էլ չեմ կարող ապրել այսպիսի մթնոլորտում»։ Այդ երեկո նա ինձնից ներողություն խնդրեց։ Ես գրկեցի նրան, ու մենք լաց եղանք»։
Էլիզ. «Լուիզը լուսանկարներիցս մի քանիսը չհանեց պատից, իսկ հայրս իրենց տեղերում թողեց հյուրասենյակում դրված իմ լուսամփոփները։ Գուցե դա փոքր բան թվա, բայց դա օգնեց ինձ զգալու, որ ես իմ տանն եմ։ Շնորհակալ եմ նաև Լուիզին, որ հոգ է տանում իմ փոքր եղբոր մասին, երբ նա մեզ հետ է լինում։ Արդեն երկու տարի է անցել, և ես սկսել եմ ընդունել նրան՝ որպես ընտանիքի անդամի»։
Լուիզ. «Այժմ ես ու Էլիզը պարզապես մի հարկի տակ ապրողներ չենք, այլ լավ ընկերներ ենք»։
«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ Է»
Երբ վեց տարի առաջ Անտոնն ու Մարիլիզը ամուսնացան, նրանցից յուրաքանչյուրը երեք երեխա ուներ։
Անտոն. «Ընտանիքով զբոսախնջույքներ ենք կազմակերպում և յուրաքանչյուր երեխայի հետ առանձին ժամանակ ենք անցկացնում։ Մի քանի տարի պահանջվեց, որ միասնական ընտանիք դառնանք, և հիմա ընտանեկան շատ խնդիրներ լուծված են»։
Մարիլիզ. «Կարծում ենք, որ շատ կարևոր է երեխաներին ընդունել որպես «մեր» երեխաների, և ոչ թե «իմ կամ քո»։ Հիշում եմ, որ մի անգամ շատ զայրացա, երբ տեսա, որ Անտոնը անարդար կերպով պատժեց տղաներիցս մեկին, բայց թույլ տվեց, որ իր աղջիկը մեքենայի առջևի մասում նստի։ Հասկացա, որ ընտանիքի միասնությունը ավելի կարևոր է։ Ու թեպետ չենք կարող բոլորին նույն վերաբերմունքը ցույց տալ, բայց ձգտում ենք արդար լինել։
Նաև չեմ պատմում նախկին ընտանիքիս հետ ունեցած լավ դեպքերը, քանի որ նոր ընտանիքիս անդամները իրենց լավ չեն զգա։ Փոխարենը՝ ասում եմ, թե որքան երախտապարտ եմ, որ այսպիսի լավ ընտանիք ունեմ»։
«ՆԱԽ ԳՈՎՈՒՄ ԵՆՔ»
Չորս տարի առաջ Ֆրանսիսը ամուսնացավ Սիսիլիայի հետ։ Սիսիլիան ուներ երեք չափահաս երեխա, իսկ Ֆրանսիսը՝ մի պատանի որդի։
Ֆրանսիս. «Ես ձգտում եմ լինել մատչելի և փորձում եմ շուտ չվիրավորվել։ Մենք ընտանիքով կանոնավորաբար ճաշում ենք և օգտագործում ենք այդ ժամանակը՝ ընտանեկան հարցերը քննարկելու համար։ Ես նաև քաջալերում եմ, որ ամեն մեկը տանը որոշակի գործեր անի, քանի որ դա նպաստում է ընտանիքի միասնությանը»։
Սիսիլիա. «Ես ժամանակ եմ տրամադրում մեր երեխաներից յուրաքանչյուրին և ուշադիր լսում եմ, երբ նրանք պատմում են իրենց անհանգստացնող ու մտահոգող բաների մասին։ Իսկ երբ ընտանիքով հավաքվում ենք որևէ հարց քննարկելու, նախ գովում ենք իրար և հետո խրախուսում բարելավումներ անել։ Եվ եթե ինչ-որ հարցում սխալվում եմ, ընդունում եմ սխալս ու անկեղծորեն ներողություն խնդրում»։
ԵՐԿՈՒ ԽՈՐԹ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Քսանամյա Յուկին հինգ տարեկանից չի տեսել իր հորը։ Հետագայում նրա մայրը ամուսնացավ Թոմոնորի անունով մի մարդու հետ։ Տասը տարեկանում Յուկին կորցրեց նաև իր հարազատ մորը։ Հինգ տարի անց խորթ հայրը՝ Թոմոնորին, ամուսնացավ Միհոկոյի հետ, և Յուկին սկսեց ապրել խորթ ծնողների հետ։
Յուկի. «Երբ խորթ հայրս որոշեց վերամուսնանալ, ես մտածեցի. «Ինձ խորթ մայր պետք չի։ Իմ կյանքում արդեն շատ բաներ են փոխվել»։ Ես չկարողացա հարմարվել նոր իրավիճակին և Միհոկոյին շատ սառը ընդունեցի»։
Միհոկո. «Թեև ամուսինս չէր ստիպում, որ սիրեմ իր խորթ որդուն այնպես, ինչպես ինքն էր սիրում, բայց ուզում էի լավ փոխհարաբերություններ ունենալ Յուկիի հետ։ Մենք ամեն բան անում էինք, որ նրա ապրելակերպը, այդ թվում նաև հոգևոր գործերը, զվարճությունները, ամեն երեկո ընթրելու և հետո միասին զրուցելու սովորությունը չփոխվեն։ Իսկ երբ Յուկին պատմեց, թե ինչ զգացումներ է ունեցել մորը կորցնելիս, ավելի լավ հասկացա նրան։
Երբ հղիացա, սկսեցինք մտահոգվել նրա մասին։ Ուզում էինք այնպես անել, որ Յուկին իրեն օտար չզգա ընտանիքում։ Իսկ երբ ծնվեց փոքրիկը, թույլ էինք տալիս, որ Յուկին կերակրի, լողացնի ու փոխի նրա տակդիրը։ Նաև ուրիշների ներկայությամբ գովում էինք նրան, որ օգնում է մեզ։ Արդյունքում փոքրիկ Իցուկին շատ կապվեց Յուկիի հետ։ Նույնիսկ նախքան «պապա» և «մամա» բառերը սովորելը նա արդեն ասում էր «նինի» (մեծ եղբայր)»։
Յուկի. «Երբ տան խորթ երեխան ես, բնական է, որ քեզ մենակ ու անտեսված զգաս։ Երբեմն ուզում ես ուրիշներին բացատրել, թե ինչ իրավիճակում ես, բայց նրանք կարծես չեն կարողանում հասկանալ քեզ։ Այդուհանդերձ, ուրախ եմ, որ հավատակիցներս իրոք ուզեցել են օգնել ինձ։ Այժմ ազատ շփվում եմ խորթ մորս հետ և այլևս նրա նկատմամբ անվստահության զգացում չունեմ։ Ես կարողանում եմ բացել սիրտս նրա առաջ, ու նա ինձ լավ խորհուրդներ է տալիս»։
[մեջբերում 9-րդ էջի վրա]
Համբերատար եղիր։ Խորթ ընտանիքները կարո՛ղ են երջանիկ ու միասնական լինել