Պատմություն 31
Մովսեսն ու Ահարոնը հանդիպում են փարավոնին
ԵՐԲ Մովսեսը վերադարձավ Եգիպտոս, իր եղբայր Ահարոնին պատմեց բոլոր հրաշքների մասին։ Իսկ երբ Մովսեսն ու Ահարոնը իսրայելացիներին ցույց տվեցին այդ հրաշքները, ժողովուրդը հավատաց, որ Եհովան իրենց հետ է։
Այնուհետև Մովսեսն ու Ահարոնը գնացին փարավոնի մոտ և դիմեցին նրան հետևյալ խոսքերով. «Իսրայելի Եհովա Աստվածն այսպես է ասում. «Թույլ տուր իմ ժողովրդին, որ երեք օրվա ճանապարհ գնա և ինձ երկրպագի անապատում»»։ Բայց փարավոնը պատասխանեց. «Ես Եհովային չեմ հավատում և միտք էլ չունեմ թույլ տալու, որ Իսրայելը գնա»։
Փարավոնին զայրացրեց այն, որ ժողովուրդը Եհովային երկրպագելու համար պետք է թողներ աշխատանքը։ Ուստի նա իսրայելացիների աշխատանքն է՛լ ավելի ծանրացրեց։ Մովսեսին համարելով իրենց հանդեպ այդ վատ վերաբերմունքի պատճառը՝ իսրայելացիները սկսեցին մեղադրել նրան, և Մովսեսը շատ տխրեց դրանից։ Բայց Եհովան նրան հանգստացրեց. «Ես կստիպեմ փարավոնին, որ թույլ տա իմ ժողովրդին գնալ»,— վստահեցրեց նա։
Մովսեսն ու Ահարոնը դարձյալ գնացին փարավոնի մոտ։ Այս անգամ նրանք հրաշք գործեցին։ Ահարոնը նետեց իր գավազանը, և այն մի մեծ օձ դարձավ։ Փարավոնի իմաստունները նույնպես նետեցին իրենց գավազանները ու նույնպես օձեր հայտնվեցին։ Բայց նայի՛ր։ Ահարոնի օձը կուլ է տալիս մյուս օձերին։ Եվ ի՞նչ. փարավոնը դարձյա՛լ թույլ չի տալիս իսրայելացիներին գնալ։
Բայց ահա եկավ ժամանակը, երբ Եհովան մի լավ դաս պիտի տար փարավոնին։ Գիտե՞ս, թե նա ինչպես արեց դա։ Եհովան Եգիպտոսի վրա 10 մեծ փորձանքներ՝ պատուհասներ, բերեց։
Պատուհասներից շատերից հետո փարավոնը կանչում էր Մովսեսին ու ասում. «Դադարեցրո՛ւ պատուհասը, ու ես Իսրայելին ազատ կարձակեմ»։ Սակայն, հենց որ պատուհասը դադարում էր, փարավոնը դարձյալ մտափոխվում էր։ Նա ժողովրդին թույլ չէր տալիս գնալ։ Բայց 10–րդ պատուհասից հետո փարավոնը վերջապես ազատ արձակեց իսրայելացիներին։
Գիտե՞ս, թե իրենցից ինչ էին ներկայացնում այդ 10 պատուհասները։ Եկ շրջենք այս էջը ու ծանոթանանք դրանց։
Ելից 4։27–31; 5։1–23; 6։1–13, 26–30; 7։1–13։