Պատմություն 50
Երկու խիզախ կանայք
ԵՐԲ իսրայելացիները դժվարությունների են հանդիպում, աղաղակում են Եհովային։ Եհովան պատասխանում է նրանց աղոթքներին՝ նրանց օգնելու համար քաջ առաջնորդներ նշանակելով։ Աստվածաշունչը այդ առաջնորդներին կոչում է դատավորներ։ Առաջին դատավորը Հեսուն էր, իսկ նրանից հետո դատավորներ եղան Գոթոնիելը, Ավովդը և Սամեգարը։ Բայց իսրայելացիներին օգնողներից երկուսը կանայք են՝ Դեբորան ու Հայելը։
Դեբորան մարգարեուհի է։ Եհովան նրան ապագայի մասին տեղեկություններ է հաղորդում, իսկ նա, իր հերթին, Եհովայի խոսքերը ժողովրդին է փոխանցում։ Դեբորան նաև դատավոր է։ Նա նստում է բլրաշատ տեղանքում գտնվող մի արմավենու տակ, և մարդիկ իրենց խնդիրները լուծելու համար նրա օգնությանն են դիմում։
Այդ ժամանակ Քանանում թագավորում է Հաբինը։ Նրա տրամադրության տակ են 900 ռազմական կառքեր, իսկ բանակն այնքան հզոր է, որ իսրայելացիներից շատերը ստիպված են Հաբինի ծառաները դառնալ։ Բանակի զորագլուխն է Սիսարան։
Մի օր Դեբորան լուր է ուղարկում Բարակ դատավորին. «Եհովան այսպես է ասել. «Վերցրու 10 000 մարդ և նրանց հետ բարձրացիր Թաբոր լեռը։ Այնտեղ ես Սիսարային քո ձեռքը կմատնեմ, և դու կհաղթես նրան ու նրա բանակին»»։
Բարակը պատասխանում է Դեբորային. «Ես կգնամ այն դեպքում, եթե դու էլ ինձ միանաս»։ Դեբորան գնում է նրա հետ, բայց նաև ասում. «Հաղթանակի համար դու փառքի չես արժանանա, քանի որ Եհովան Սիսարային մի կնոջ ձեռքը պիտի մատնի»։ Այդպես էլ կատարվում է։
Իջնելով Թաբոր լեռից՝ Բարակը դեմ հանդիման է գնում Սիսարայի զինվորներին։ Հանկարծ Եհովան հեղեղ է առաջ բերում, ու թշնամու շատ զինվորներ խեղդվում են։ Բայց Սիսարան, վայր իջնելով իր կառքից, փախչում է։
Կարճ ժամանակ անց նա հասնում է Հայելի վրանը։ Հայելը հրավիրում է նրան իր մոտ և կաթ հյուրասիրում։ Կաթը նինջ է բերում նրա վրա, ու նա շուտով խորը քուն է մտնում։ Ապա Հայելը վերցնում է վրանի ցցերից մեկը ու մխրճում այդ չար մարդու գլխի մեջ։ Ավելի ուշ, երբ Բարակը գալիս է, Հայելը ցույց է տալիս նրան մեռած Սիսարային։ Տեսնո՞ւմ ես, թե Դեբորայի բոլոր ասածներն ինչպես կատարվեցին։
Վերջապես, սպանվում է նաև Հաբին թագավորը, և իսրայելացիները որոշ ժամանակ դարձյալ խաղաղ ու ապահով կյանքով են ապրում։
Դատաւորաց 2։14–22; 4։1–24; 5։1–31։