Կառավարությունը, որը Դրախտ կբերի
Երբ Հիսուսը երկրի վրա էր, իր հետևորդներին սովորեցրեց աղոթել երկնային Թագավորության համար. «Քո թագաւորութի՛ւնը թող գայ. քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է՛» (Մատթէոս 6։9, 10)։ Նա նաև շարունակ խոսում էր «արքայութեան Աւետարանի» մասին (Մատթէոս 4։23)։ Իրականում նա ուրիշ ոչ մի բանի մասին այնքան չի խոսել, ինչքան Թագավորության։ Ինչո՞ւ։ Քանի որ Թագավորությունը այն գործիքն է, որն Աստված պիտի գործածի կյանքն այսօր այդքան դժվար դարձնող խնդիրները լուծելու համար։ Թագավորության միջոցով Աստված շուտով վերջ կդնի պատերազմներին, սովին, հիվանդություններին ու հանցագործությանը և համերաշխություն ու խաղաղություն կհաստատի։
Կցանկանայի՞ք այդպիսի աշխարհում ապրել։ Եթե այո՛, ապա ձեզ հարկավոր է այս բրոշյուրը կարդալ։ Դուք կիմանաք, որ Թագավորությունը կառավարություն է, սակայն այն մարդկության վրա երբևիցե իշխած ցանկացած կառավարությունից շատ ավելի լավն է։ Դուք կտեսնենք նաև, թե ինչպիսի հուզիչ կերպով է Աստված աստիճանաբար բացատրում իր ծառաներին Թագավորության վերաբերյալ իր նպատակները։ Բացի այդ դուք կտեսնեք, թե ինչպե՛ս կարող է Թագավորությունը ձեզ օգնել նույնիսկ այսօր։
Իրականում, հենց այժմ դուք կարող եք Աստծո Թագավորության հպատակ դառնալ։ Սակայն մինչ այդ ընտրությունը կատարելը, ձեզ հարկավոր է դրա մասին ավելին իմանալ։ Ուստի մենք ձեզ խրախուսում ենք քննել այս բրոշյուրը։ Այն ամենը, ինչ նա կպատմի ձեզ Թագավորության մասին, վերցված է Աստվածաշնչից։
Նախ և առաջ, եկե՛ք տեսնեք՝ ինչո՛ւ է մեզ այդքան հարկավոր Աստծո Թագավորությունը։
Մարդկային պատմության սկզբում Աստված մարդուն կատարյալ ստեղծեց և բնակեցրեց նրան դրախտում։ Այդ ժամանակ Թագավորության կարիքը չկար։
Սակայն, Ադամն ու Եվան՝ մեր նախածնողները, լսեցին Սատանային՝ մի ըմբոստ հրեշտակի։ Նա Աստծո մասին ստեր պատմեց նրանց և դրդեց նաև ապստամբել Աստծո դեմ։ Այսպիսով նրանք մահվան արժանացան, քանի որ «մեղքի վարձը մահն է» (Հռովմայեցիս 6։23)։
Անկատար, մեղավոր մարդը չի կարող կատարյալ երեխաներ ունենալ։ Ուստի Ադամի բոլոր երեխաները ծնվեցին անկատար, մեղավոր և մահկանացու (Հռովմայեցիս 5։12)։
Այդ ժամանակից ի վեր մարդկությունն Աստծո Թագավորության օգնության կարիքն է ունեցել մեղքի և մահվան անեծքից ազատվելու համար։ Թագավորությունը նաև մաքրելու է Աստծո անունը այն արատից, որը բերվել էր Սատանայի ասած ստերով։
Եհովա Աստվածը խոստացավ, որ մարդկությունը մեղքից ազատելու համար պիտի ծնվի հատուկ մի սերունդ (կամ՝ ժառանգ) (Ծննդոց 3։15)։ Հենց այս սերունդը պիտի դառնար Աստծո Թագավորության Թագավորը։
Ո՞վ կարող է դա լինել։
Ադամի մեղանչելուց մոտավորապես երկու հազար տարի հետո ապրում էր Աբրահամ անունով մի շատ հավատարիմ մարդ։ Եհովան պատվիրեց Աբրահամին թողնել իր քաղաքը և Պաղեստին երկրում ապրել վրաններում։
Աբրահամը կատարեց այն ամենը, ինչ Եհովան իրենից խնդրեց, այդ թվում նաև դժվարագույն մի բան։ Եհովան պատվիրեց նրան զոհասեղանի վրա զոհաբերել իր որդի Իսահակին։
Իրականում, Եհովայի ուզածը մարդկային զոհ չէր։ Նա ցանկանում էր իմանալ, թե որքա՛ն է Աբրահամը իրեն սիրում։ Աբրահամը Իսահակին սպանելու վրա էր, երբ Եհովան կանգնեցրեց նրան։
Աբրահամի մեծ հավատք ունենալու համար Եհովան խոստացավ Պաղեստին երկիրը տալ նրա ժառանգներին և ասաց, որ խոստացված Սերունդը կլինի իր և իր որդի Իսահակի շառավիղից (Ծննդոց 22։17, 18; 26։4, 5)։
Իսահակը երկվորյակ որդիներ ունեցավ՝ Եսավ և Հակոբ։ Եհովան ասաց, որ խոստացված Սերունդը կգա Հակոբից (Ծննդոց 28։13—15)։
Հակոբը, որին Եհովան կոչեց նաև Իսրայել, տասներկու որդի ունեցավ, որոնք բոլորն էլ իրենց հերթին երեխաների տեր դարձան։ Այսպիսով, Աբրահամի զավակները սկսեցին բազմանալ (Ծննդոց 46։8—27)։
Երբ այն տեղանքում, որտեղ ապրում էին Հակոբն ու իր ընտանիքը, խիստ սով ընկավ, նրանք Փարավոնի՝ Եգիպտոսի իշխանի հրավերով տեղափոխվեցին Եգիպտոս (Ծննդոց 45։16—20)։
Եգիպտոսում հայտնի արվեց, որ խոստացված Սերունդը կլինի Հակոբի որդի Հուդայի շառավիղից (Ծննդոց 49։10)։
Հակոբը վախճանվեց, իսկ նրա սերունդը ժամանակի ընթացքում աճեց ու շատացավ, մինչև որ մի ժողովուրդ դարձավ։ Եգիպտացիները այդ ժամանակ սկսեցին վախենալ նրանցից և ստրկացրին նրանց (Ելից 1։7—14)։
Վերջապես Եհովան ուղարկեց Մովսեսին՝ մի շատ հավատարիմ մարդու, որպեսզի նա խնդրի այդ ժամանակ իշխող Փարավոնին ազատ արձակել Իսրայելի որդիներին (Ելից 6։10, 11)։
Փարավոնը մերժեց, ուստի Եհովան եգիպտացիների վրա տաս պատուհասներ բերեց։ Որպես վերջին պատուհաս, նա մահվան հրեշտակին ուղարկեց Եգիպտոսի բոլոր առաջնեկ որդիներին սպանելու (Ելից 7–ից 12–րդ գլուխներ)։
Աստված ասաց իսրայելացիներին՝ եթե նրանք ընթրիքի համար մի գառ մորթեն և դրա արյունից քսեն իրենց դրանդիներին, մահվան հրեշտակը իրենց տների վրայով կանցնի։ Այսպիսով, իսրայելացիների առաջնեկները փրկվեցին (Ելից 12։1—35)։
Այդ ամենի արդյունքը եղավ այն, որ Փարավոնը իսրայելացիներին պատվիրեց հեռանալ Եգիպտոսից։ Սակայն շուտով միտքը փոխեց և ընկավ նրանց ետևից՝ հետ բերելու նպատակով։
Եհովան ճանապարհ բաց արեց, որպեսզի իսրայելացիները Կարմիր ծովի միջով փախչեն։ Իսկ, երբ Փարավոնն ու նրա զորքերը փորձեցին հետևել նրանց, խեղդվեցին (Ելից 15։5—21)։
Իսրայելի որդիներին Եհովան առաջնորդեց անապատ, դեպի Սինայ լեռը։ Այնտեղ նա իր Օրենքը տվեց նրանց և ասաց, որ քահանաների թագավորություն և սուրբ ազգ կդառնան, եթե պահեն այն։ Դա նշանակում է, որ կգար ժամանակ, երբ իսրայելացիներին Աստծո Թագավորության կարևոր մաս կազմելու հնարավորությունը կտրվեր (Ելից 19։6; 24։3—8)։
Իսրայելացիները Սինայ լեռան մոտ անցկացրեցին շուրջ մեկ տարի, որից հետո Եհովան առաջնորդեց նրանց դեպի Պաղեստին՝ նրանց նախահայր Աբրահամին խոստացած երկիրը։
Պաղեստինում Եհովան հետագայում թույլ տվեց իսրայելացիներին թագավորներ ունենալ։ Այսպիսով, Աստված թագավորություն ունեցավ երկրի վրա։
Իսրայելի երկրորդ թագավորը Դավիթն էր՝ Հուդայի շառավիղից։ Դավիթը հաղթեց Իսրայելի բոլոր թշնամիներին և Երուսաղեմը դարձրեց մայրաքաղաք։
Դավիթի իշխանության հետ կապված դեպքերը ցույց են տալիս, որ երբ Եհովան աջակցում է թագավորին, երկրի ոչ մի իշխան չի կարող հաղթել նրան։
Եհովան ասաց, որ խոստացված Սերունդը կլինի Դավիթի հետնորդներից մեկը (Ա Մնացորդաց 17։7, 11, 14)։
Դավիթից հետո իշխեց նրա որդի Սողոմոնը։ Նա իմաստուն թագավոր էր, և Իսրայելը բարգավաճում էր նրա օրոք։
Սողոմոնը նաև մի հիանալի տաճար կառուցեց Երուսաղեմում Եհովայի համար։ Սողոմոնի իշխանության օրոք Իսրայելում տիրող պայմանները մեզ պատկերացում են տալիս այն օրհնություններից մի քանիսի մասին, որ Աստծո գալիք Թագավորությունը կբերի մարդկությանը (Գ Թագաւորաց 4։24, 25)։
Այնուամենայնիվ Սողոմոնից հետո իշխած թագավորներից շատերը անհավատարիմ գտնվեցին։
Բայց, երբ Դավիթի հետնորդները դեռ իշխում էին Երուսաղեմում, Եհովան իր Եսայիա մարգարեի միջոցով տեղեկացրեց Դավիթի մի ապագա Որդու մասին՝ որ նա պիտի ամբողջ երկրի վրա հավատարմությամբ իշխի։ Հենց նա էլ կլինի խոստացված Սերունդը (Եսայիա 9։6, 7)։
Եսայիան նրա իշխանության մասին մարգարեացավ, թե ավելի փառահեղ կլինի, քան Սողոմոնինը (Եսայիա 11–րդ և 65–րդ գլուխներ)։
Այդ ժամանակից ի վեր Աստծո ծառաները, ավելի քան երբևէ, մտածում էին, թե ո՞վ պիտի լինի այդ Սերունդը։
Սակայն մինչ Սերնդի գալը, Իսրայելի թագավորները այնքան էին չարացել, որ մ.թ.ա. 607 թ.–ին Եհովան թույլատրեց, որ ազգը նվաճվի բաբելոնացիների կողմից, որի հետևանքով ժողովրդի մեծ մասը գերի տարվեց Բաբելոն։ Սակայն Աստված իր խոստումը չէր մոռացել։ Սերունդը դեռ պիտի գար Դավիթի շառավիղից (Եզեկիէլ 21։25—27)։
Ինչ որ պատահել էր Իսրայելի հետ ցույց տվեց, որ իմաստուն և հավատարիմ թագավորը որքան էլ որ օգուտներ բերի, այդ օգուտները սահմանափակ են։ Հավատարիմ մարդիկ մահանում են, իսկ նրանց հաջորդողները կարող են հավատարիմ չլինել։ Ո՞րն էր լուծումը։ Խոստացված Սերունդը։
Վերջ ի վերջո, հազարավոր տարիներ անց, Սերունդը հայտնվեց։ Ո՞վ էր նա։
Պատասխանը տվեց Աստծո կողմից ուղարկված հրեշտակը Մարիամ անունով չամուսնացած մի իսրայելուհու։ Նա հայտնեց նրան, որ որդի է ունենալու, որի անունը Հիսուս կլինի։ Ահա, թե ինչ ասաց հրեշտակը.
«Նա մեծ կը լինի, եւ Բարձրեալի որդի կը կոչուի։ Եւ Տէր Աստուած նրան կը տայ նրա Հօր՝ Դաւիթի աթոռը, եւ նա յաւիտեան կը թագաւորի» (Ղուկաս 1։32, 33)։
Ուրեմն Հիսուսն էր լինելու խոստացված Սերունդը և հետագայում՝ Աստծո Թագավորության Թագավորը։ Սակայն ինչո՞վ էր Հիսուսը տարբերվում մինչև այդ ապրած հավատարիմ մարդկանցից։
Հիսուսը ծնվել էր հրաշքով։ Նրա մայրը կույս էր, և նա մարդկային հայր չուներ։ Հիսուսը նախապես ապրել էր երկնքում, իսկ Աստծո սուրբ հոգին՝ նրա գործուն ուժը, տեղափոխել էր նրա կյանքը Մարիամի արգանդը։ Հետևաբար, նա չէր ժառանգել Ադամի մեղքը։ Իր ամբողջ կյանքի ընթացքում, նաև, Հիսուսը չմեղանչեց (Ա Պետրոս 2։22)։
Երեսուն տարեկանում Հիսուսը մկրտվեց։
Նա մարդկանց պատմում էր Աստծո Թագավորության մասին և ի վերջո իրեն ներկայացրեց որպես այդ Թագավորության Թագավոր (Մատթէոս 4։23; 21։4—11)։
Նա նաև շատ հրաշքներ գործեց։
Բժշկեց հիվանդներին (Մատթէոս 9։35)։
Հրաշքով կերակրեց անոթիներին (Մատթէոս 14։14—22)։
Նա նույնիսկ հարություն տվեց մահացածներին (Յովհաննէս 11։38—44)։
Այդպիսի հրաշքները ցույց են տալիս, թե ինչե՛ր պիտի մարդկության համար կատարի Հիսուսը, որպես Աստծո Թագավորության Թագավոր։
Հիշո՞ւմ եք, Դավիթ թագավորը Երուսաղեմը դարձրել էր իր թագավորության մայրաքաղաքը։ Իսկ Հիսուսը բացատրեց, որ Աստծո Թագավորությունը կլինի ո՛չ թե երկրի վրա, այլ՝ երկնքում (Յովհաննէս 18։36)։ Այդ իսկ պատճառով Թագավորությունը կոչվում է «երկնաւոր Երուսաղէմ» (Եբրայեցիս 12։22, 28)։
Հիսուսը համառոտ շարադրեց այն օրենքները, որոնց պետք է ենթարկվեին նրանք, ովքեր կցանկանային Թագավորության հպատակներ լինել։ Այդ օրենքները այժմ գտնվում են Աստվածաշնչում։ Ամենակարևոր պատվիրանները նրանք էին, որ մարդիկ պետք է սիրեն Աստծուն և միմյանց (Մատթէոս 22։37—39)։
Հիսուսը նաև հայտնեց, որ նա իր Թագավորությունում մենակ չի կառավարելու։ Պետք է մարդիկ ընտրվեին երկինք գնալու և նրան իշխանակից լինելու համար (Ղուկաս 12։32; Յովհաննէս 14։3)։ Քանի՞ հոգի պետք է նրանք լինեին։ Հայտնություն 14։1–ը պատասխանում է՝ 144 000։
Եթե միայն 144 000 հոգի է գնալու երկինք՝ Հիսուսի հետ իշխելու, ապա ինչպիսի՞ հույս կարող է տածել մնացյալ մարդկությունը։
Աստվածաշունչն ասում է. «Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում» (Սաղմոս 37։29)։
Նրանք, ովքեր հավիտյան ապրելու են երկրի վրա, կոչվում են «այլ ոչխարներ» (Յովհաննէս 10։16)։
Ուստի գոյություն ունի երկու հույս։ 144 000 հոգի Աստծո կողմից երկինք են հրավիրված՝ Հիսուսի հետ թագավորելու։ Սակայն միլիոնավոր ուրիշ անհատներ երկրի վրա, որպես նրա Թագավորության հպատակներ, հավիտյան ապրելու անսասան հույսն ունեն (Յայտնութիւն 5։10)։
Սատանան ատում էր Հիսուսին և դիմադրում էր նրան։ Երկրի վրա Հիսուսի սովորեցնելուց երեք և կես տարի անց Սատանան այնպես արեց, որ նրան ձերբակալեն և սպանեն՝ ցցի վրա գամելով։ Ինչո՞ւ Աստված թույլ տվեց դա։
Մտաբերեցե՛ք, Ադամի ժառանգները լինելու պատճառով բոլորս էլ մեղանչում ենք և մահվան արժանանում (Հռովմայեցիս 6։23)։
Նաև հիշեցե՛ք, որ իր գերբնական ծնունդի շնորհիվ Հիսուսը կատարյալ էր և մահվան արժանի չէր։ Բայց և այնպես Աստված թույլ տվեց Սատանային ‘խայթել Հիսուսի գարշապարը’՝ սպանել նրան։ Սակայն Աստված նրան կյանքի վերադարձրեց որպես անմահ հոգեղեն էակ։ Քանի որ նա կրկին կատարյալ մարդկային կյանքի իրավունքն ուներ, կարող էր օգտագործել այն մեզ՝ մարդկանց, մեղքից փրկագնելու համար (Ծննդոց 3։15; Հռովմայեցիս 5։12, 21; Մատթէոս 20։28)։
Որպես օգնություն մեզ ըմբռնելու, թե ի՛նչ է նշանակում Հիսուսի զոհաբերությունը, Աստվածաշունչը խոսում է դրա մասին մարգարեական օրինակներով։
Օրինակ, հիշո՞ւմ եք, ինչպե՛ս Եհովան պատվիրեց Աբրահամին, զոհաբերել որդուն՝ սիրո ի ապացույց։
Դա Հիսուսի զոհաբերության մարգարեական օրինակն էր։ Դա ցույց էր տալիս, թե որքա՜ն մեծ էր Եհովայի սերը մարդկության նկատմամբ, որ նա թույլ տվեց իր որդուն՝ Հիսուսին, մահանալ մեզ համար, որպեսզի մենք կյանք ունենանք (Յովհաննէս 3։16)։
Հիշո՞ւմ եք, թե ինչպես Եհովան ազատեց իսրայելացիներին եգիպտացիներից և ազատեց նրանց առաջնեկներին՝ պատվիրելով մահվան հրեշտակին անցնել նրանց վրայով (Ելից 12։12, 13)։
Դա էլ մարգարեական օրինակ էր։ Ինչպես գառան արյունն էր կյանք նշանակում իսրայելացիների առաջնեկների համար, այնպես էլ Հիսուսի թափված արյունն է կյանք նշանակում նրանց համար, ովքեր հավատում են իրեն։ Եվ ինչպես իսրայելացիները այդ գիշեր կատարված դեպքերի շնորհիվ ազատվեցին, այնպես էլ Հիսուսի մահը մարդկությանը ազատություն է տալիս մեղքից ու մահից։
Հենց այդ պատճառով էլ Հիսուսը կոչվում է «Գառն Աստուծոյ, որ վերացնում է աշխարհի մեղքը» (Յովհաննէս 1։29)։
Բացի այդ, երբ Հիսուսը երկրի վրա էր, նա նաև աշակերտներ հավաքեց և սովորեցրեց նրանց, որպեսզի քարոզեն Թագավորության բարի լուրը, նույնիսկ իր մահից հետո (Մատթէոս 10։5; Ղուկաս 10։1)։
Նրանք առաջին մարդիկն էին, որոնց Աստված ընտրեց Հիսուսի հետ իր թագավորությունում կառավարելու համար (Ղուկաս 12։32)։
Հիշո՞ւմ եք Աստծո խոստումը հրեաներին, որ «քահանաների թագավորություն» կդառնան, եթե պահեն Օրենքը։ Այժմ նրանց տրվում էր Աստծո Թագավորության անդամներ դառնալու, որպես երկնային քահանաներ ծառայելու հնարավորությունը, եթե ընդունեին Հիսուսին։ Սակայն նրանց մեծամասնությունը մերժեց Հիսուսին։
Ուստի այդ ժամանակից ի վեր հրեաներն այլևս Աստծո ընտրյալ ժողովուրդը չէին. Պաղեստինն էլ այլևս Ավետյաց երկիրը չէր (Մատթէոս 21։43; 23։37, 38)։
Հիսուսի օրերից մինչև այսօր Եհովան հավաքում է այս անհատներին, որոնք պիտի կառավարեն Հիսուսի հետ երկնքում։ Այսօր երկրի վրա դեռ ապրում են նրանցից մի քանի հազարը։ Մենք անվանում ենք նրանց օծյալ մնացորդ (Յայտնութիւն 12։17)։
Այժմ դուք սկսում եք հասկանալ, թե ի՛նչ է Աստծո Թագավորությունը։ Դա երկնքում գտնվող կառավարություն է, դրա Թագավորը Հիսուս Քրիստոսն է, որին միանում են նաև երկրից 144 000 հոգի։ Այն կիշխի երկրի հավատարիմ մարդկության վրա և աշխարհի վրա խաղաղություն բերելու զորությունը կունենա։
Մահից հետո Հիսուսը հարություն առավ և վերադարձավ երկինք։ Այնտեղ նա սպասում էր Աստծո կարգադրությանը, թե արդեն կարող է սկսել կառավարել որպես Աստծո Թագավորության Թագավոր (Սաղմոս 110։1)։ Ե՞րբ պետք է դա տեղի ունենար։
Մի քանի անգամ Եհովան երազներ է տվել մարդկանց իր Թագավորության մասին այս կամ այն բանը հայտնելու համար։
Դանիելի օրերին Եհովան այդպիսի երազ տվեց Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորին։ Նա մի հսկայական ծառ տեսավ (Դանիէլ 4։10—37)։
Ծառը կտրեցին և նրա բունը շղթայեցին յոթ տարով։
Ծառը ներկայացնում էր Նաբուգոդոնոսորին։ Ինչպես բունը շղթայված մնաց յոթ տարի, այնպես էլ Նաբուգոդոնոսորը յոթ տարով կորցրեց իր առողջ դատողությունը։ Հետո նրա դատողությունը կրկին վերականգնվեց։
Այդ ամենը մարգարեական օրինակ էր։ Նաբուգոդոնոսորը ներկայացնում էր Եհովայի համաշխարհային իշխանությունը։ Սկզբում այն հանդես էր գալիս Երուսաղեմում իշխած Դավիթի ժառանգների միջոցով։ Երբ մ.թ.ա. 607 թ.–ին Բաբելոնը նվաճեց Երուսաղեմը, թագավորների այդ շառավիղը կտրվեց։ Այլևս Դավիթի շառավիղից թագավոր չէր լինելու «մինչեւ որ իրաւունքն ունեցողը գայ» (Եզեկիէլ 21։27)։
Դա Հիսուս Քրիստոսն էր։
Որքա՞ն ժամանակ պիտի անցներ մ.թ.ա. 607 թ.–ից մինչև Հիսուսը սկսեր թագավորել։ Յոթ մարգարեական տարի։ Այսինքն՝ 2 520 տարի (Յայտնութիւն 12։6, 14)։ Իսկ մ.թ.ա. 607 թ.–ից հաշվելով 2520 տարի, գալիս ենք մ.թ. 1914 թվականին։
Հետևաբար, Հիսուսը երկնքում սկսեց իշխել 1914 թվականին։ Ի՞նչ էր դա նշանակում։
Աստվածաշունչը մեզ պատասխան է տալիս Հովհաննես առաքյալի տեսած տեսիլքի միջոցով։
Նա տեսավ, թե ինչպես երկնքում մի կին ծնունդ է տալիս արու զավակին (Յայտնութիւն 12։1—12)։
Կինը ներկայացնում էր Աստծո երկնային կազմակերպությունը՝ երկնքում Աստծուն ծառայող բոլոր հրեշտակների ամբողջությունը։ Իսկ արու զավակը ներկայացնում է Աստծո Թագավորությունը։ Այն «ծնվել» է 1914 թվականին։
Ի՞նչ հաջորդեց այդ դեպքին։ Առաջին գործը, որ Հիսուսը կատարեց որպես Թագավոր, Սատանային և նրա հետ միասին ապստամբած հրեշտակներին երկնքից դուրս՝ դեպի երկիր, նետելն էր (Յայտնութիւն 12։9)։
Աստվածաշունչը մեզ ներկայացնում է դրա հետևանքը. «Թող ուրախ լինի երկինքը եւ բոլոր նրանք, որ բնակւում են նրա մէջ. վա՜յ ձեզ, երկի՛ր եւ ծո՛վ, որովհետեւ ձեր մէջ ընկաւ բանսարկուն մեծ ցասումով, քանի որ նա քիչ ժամանակ ունի ապրելու» (Յայտնութիւն 12։12)։
Ուստի, երբ Հիսուսը սկսեց իշխել երկնքում, նրա թշնամիները խիստ թեժացրեցին իրենց գործունեությունը երկրի վրա։ Ինչպես նախագուշակել էր Աստվածաշունչը, նա սկսեց իշխել իր թշնամիների միջև (Սաղմոս 110։1, 2)։
Հիսուսը մեզ հայտնել է, որ կլինեն պատերազմներ, սով, հիվանդություններ ու երկրաշարժեր (Մատթէոս 24։7, 8; Ղուկաս 21։10, 11)։
Ի՞նչ պիտի դա նշանակեր մարդկության համար։
Մենք այս դեպքերի տեղի ունենալը տեսնում ենք 1914 թվականից, որը մեկ այլ ապացույց է, որտեղից էլ գիտենք, որ Թագավորությունը սկսել է իր կառավարությունը այդ ժամանակից։
Հայտնություն գիրքը մեզ ասում է, որ մարդիկ կլինեն «երկրի կործանիչներ» (Յայտնութիւն 11։18)։ Մենք դա նույնպես տեսնում ենք, հատկապես 1914 թվականից ի վեր։
Պողոս առաքյալն ավելացրեց, որ մարդիկ կլինեն «անձնասէր, փողասէր, ....ծնողներին անհնազանդ, ....անհաշտ, բանսարկու, անժուժկալ» (Բ Տիմոթեոս 3։1—5)։
Այժմ դուք գիտեք, թե ինչո՛ւ է կյանքն այսքան դժվար այսօր։ Սատանան ձեռքերը ծալած չի նստում։ Սակայն Աստծո Թագավորությունը նույնպես գործունյա է։
1914 թվականի գալուց շատ չանցած՝ Հիսուսի հետ երկնքում կառավարելու հույս ունեցող անհատների մնացորդը սկսեց պատմել այն ուրախալի լուրը, որ Թագավորությունը հաստատվել է։ Այս գործն այժմ կատարվում է աշխարհով մեկ, ինչպես Հիսուսն էր ասել (Մատթէոս 24։14)։
Ո՞րն է այս քարոզչական գործի նպատակը։
Նախ՝ մարդկանց Աստծո Թագավորության մասին պատմելն է։
Երկրորդ՝ օգնել մարդկանց որոշելու՝ արդյոք ցանկանո՞ւմ են Աստծո Թագավորության հպատակներ լինել։
Հիսուսն ասաց, որ մեր օրերում ամբողջ մարդկությունը կբաժանվի, այնպես որ իր ժամանակին կլինեն երկու խումբ՝ ոչխարների հետ համեմատվող անհատներ և՝ այծերի (Մատթէոս 25։31—46)։
«Ոչխարներին» կդասվեն նրանք, ովքեր սիրել են նրան և նրա եղբայրներին, իսկ «այծերին»՝ նրանք, ովքեր չեն սիրել։
«Ոչխարները» կժառանգեն հավիտենական կյանքը, իսկ «այծերը» ոչ։
Թագավորության բարի լուրի քարոզումը օգնում է մարդկանց դրսևորելու, ո՛ւմ հետ են նրանք համեմատվում՝ ոչխարների՞ հետ, թե՞ այծերի։
Ահա Եսայիա մարգարեի մարգարեություններից մեկը.
«Վերջին օրերին պիտի յայտնուի Տիրոջ լեռը, Աստծու տունը՝ լեռների գագաթներին, պիտի բարձրանայ բլուրների վրա, եւ բոլոր հեթանոսները պիտի շարժուեն դէպի նա» (Եսայիա 2։2, ԷԹ)։
Մարդկությունը այժմ ապրում է հենց այդ «վերջին օրերը»
Իսկ Եհովայի երկրպագության «տունը» «բարձրացվել» է կեղծ կրոնների վրա։
«Եւ շատ ժողովուրդներ կ’գնան եւ կ’ասեն. Եկէք վեր գնանք Եհովայի սարը, Յակոբի Աստուծոյ տունը. եւ նա կ’սովորեցնէ մեզ իր ճանապարհներիցը, եւ մենք կ’գնանք նորա շաւիղներումը» (Եսայիա 2։3)։
Ուստի շատերն են գալիս բոլոր ազգերից՝ Եհովային երկրպագելու, և հրավիրում են ուրիշներին իրենց միանալ։ Նրանք սովորում են ապրել այնպես, ինչպես Եհովան է ցանկանում։
«Եւ նորանք կ’ձուլեն իրանց սուրերը խոփեր, եւ իրանց նիզակները՝ յօտոցներ. ազգ ազգի վերայ սուր չի բարձրացնիլ, եւ այլևս պատերազմի չեն վարժուիլ» (Եսայիա 2։4)։
Նրանք, ովքեր երկրպագում են Եհովային, համերաշխ են և խաղաղասեր։
Աստծո Թագավորության այս գործունեության արդյունքն այն է, որ ներկայումս ամբողջ աշխարհում Թագավորության միլիոնավոր հպատակներ կան։
Նրանք հավաքված են մնացորդի՝ երկինք գնալու և Հիսուսի հետ միասին իշխելու հույս ունեցող անհատներից մնացած անձանց շուրջը։
Նրանք հոգևոր կերակուր են ստանում Աստծո կազմակերպության միջոցով (Մատթէոս 24։45—47)։
Նրանք քրիստոնյաների միջազգային եղբայրություն են կազմում, որոնք իսկապես սիրում են միմյանց (Յովհաննէս 13։35)։
Նրանք վայելում են հոգեկան խաղաղությունը և հույսն ապագայի համար (Փիլիպպեցիս 4։7)։
Շուտով բարի լուրը քարոզված կլինի։ «Ոչխարների» ինքնությունը հաստատված կլինի։ Ի՞նչ կանի այնուհետև Թագավորությունը։
Հիշո՞ւմ եք արդյոք, թե հավատարիմ Դավիթ թագավորը ինչպես նվաճեց Աստծո ժողովրդի բոլոր թշնամիներին։ Հիսուս Թագավորը նույնը պիտի անի։
Նաբուգոդոնոսոր թագավորը երազում մի հսկայական արձան էր տեսել, որը խորհրդանշականորեն ներկայացնում էր համաշխարհային բոլոր կայսրությունները՝ իր օրերից մինչև այսօր։
Հետո նա տեսավ, թե ինչպես մի քար անջատվեց լեռից և կտոր–կտոր արեց արձանը։ Քարը ներկայացնում էր Աստծո Թագավորությունը։
Այս ամենը նշանակում է, որ իրերի ներկա չար դրությունը կոչնչացվի (Դանիէլ 2։44)։
Ահա մի շարք բաներ, որոնք Թագավորությունը կկործանի.
Սուտ կրոնը կանհայտանա, ինչպես ծովը նետված մի երկանաքար (Յայտնութիւն 18։21)։
Այդ պատճառով էլ Աստծուն սիրող բոլոր անհատները հորդորվում են դուրս գալ սուտ կրոնից հենց ՀԻՄԱ (Յայտնութիւն 18։4)։
Հետո Հիսուս Թագավորը պիտի «հարուածի ազգերին. եւ նա պիտի իշխի նրանց վրայ երկաթէ մականով» (Յայտնութիւն 19։15)։
Հետևաբար, Եհովայի Վկաները, հարկերը վճարելով և պետության օրենքներին ենթարկվելով հանդերձ, քաղաքականությանը մասնակից չեն դառնում։
Ի վերջո, ինքը Սատանան՝ մեծ «վիչապը», անդունդը կնետվի (Յայտնութիւն 20։2, 3)։
Միայն «ոչխարները»՝ նրանք, ովքեր հնազանդվեցին Հիսուսին որպես Թագավորի, կվերապրեն այս նեղությունը (Մատթէոս 25։31—–34, 41, 46)։
Հովհաննես առաքյալը տեսիլքում տեսավ, ինչպես են «ոչխարները» պահպանվել նեղությունից.
«Տեսայ, մի մեծ բազմութիւն,— որին թիւ չկար,— բոլոր հեթանոսներից, բոլոր ազգերից, բոլոր լեզուներից եւ բոլոր ժողովուրդներից, որոնք կանգնած էին աթոռի առաջ եւ Գառան առաջ՝ իրենց վրայ սպիտակ զգեստներ գցած եւ արմաւենու ճիւղեր իրենց ձեռքերին» (Յայտնութիւն 7։9)։
Այս «մեծ բազմութիւնը» բաղկացած է բոլոր նրանցից, ովքեր արձագանքել են բարի լուրի քարոզին։
Նրանք «գալիս են մեծ նեղությունից» (Յայտնութիւն 7։14)։
«Արմաւենու ճիւղերը» ցույց են տալիս, որ նրանք ողջունում են Հիսուսին, որպես իրենց Թագավորի։
Նրանց «սպիտակ զգեստները» ներկայացնում են նրանց հավատքը Հիսուսի զոհաբերության հանդեպ։
Իսկ «Գառը» Հիսուս Քրիստոսն է։
Ինչպիսի՞ օրհնություններ են նրանք վայելում դրանից հետո։ Հիշո՞ւմ եք, թե ինչպիսի ուրախություն էր տիրում Իսրայելում Սողոմոնի արդար թագավորության օրոք։ Դա պատկերացում է տալիս այն ուրախության մասին, որը կտիրի երկրի վրա Հիսուս Թագավորի կառավարության ներքո։
Իրական խաղաղություն կտիրի մարդկանց միջև և, ինչպես մարգարեացավ Եսայիան՝ մարդկանց ու կենդանիների միջև (Սաղմոս 46։9; Եսայիա 11։6—9)։
Հիսուսը մարդկությանը կազատի հիվանդությունից այնպես, ինչպես բժշկեց հիվանդներին, երբ երկրի վրա էր (Եսայիա 33։24)։
Ինչպես կերակրեց ամբոխներին, նույնպես էլ կվերացնի սովը երկրի վրայից (Սաղմոս 72։16)։
Ինչպես հարություն տվեց մահացածներին, այնպես էլ հարություն կտա այն հանգուցյալներին, որոնք չեն ունեցել Աստծո Թագավորությանը իրենց հնազանդությունը ցույց տալու լիակատար հնարավորությունը (Յովհաննէս 5։28, 29)։
Աստճանաբար նա մարդկությանը կբերի Ադամի կորցրած կատարելությանը։
Ուսումնասիրեցե՛ք Աստվածաշունչը ու ծանոթացե՛ք Եհովա Աստծու և Հիսուս Քրիստոսի հետ (Յովհաննէս 17։3)։
Մի՞թե հրաշալի հեռանկար չէ։ Կցանկանայի՞ք տեսնել այն։ Եթե այո՛, ապա ջա՛նք արեք ձեզ դրսևորել որպես Աստծո Թագավորության հպատակ և դառնալ «ոչխարների» հետ համեմատվող անձանցից մեկը։
Ընկերակցե՛ք նրանց հետ, ովքեր նույնպես Թագավորության հպատակներ են (Եբրայեցիս 10։25)։
Տեղեկացե՛ք Թագավորության օրենքներին և հնազանդվեցե՛ք դրանց (Եսայիա 2։3, 4)։
Նվիրեցե՛ք ձեր կյանքը Եհովային ծառայելուն և մկրտվեցե՛ք (Մատթէոս 28։19, 20)։
Հեռո՛ւ մնացեք այնպիսի վատ արարքներից, ինչպիսին են գողությունը, խաբեբայությունը, անբարոյականությունը և հարբեցողությունը, որոնք տհաճ են Եհովա Աստծուն (Ա Կորնթացիս 6։9—11)։
Մասնակցե՛ք Թագավորության բարի լուրի քարոզման գործին (Մատթէոս 24։14)։
Այնուհետև, Աստծո օգնությամբ դուք կտեսնեք այն վերականգնված Դրախտը, որից Ադամը՝ կորցնելով, զրկել էր իր ժառանգներին, և դուք կտեսնեք նաև հետևյալ խոստումի կատարումը. «Երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. «Ահա՛ւասիկ Աստծու խորանը, որ մարդկանց մէջ է. նա պիտի բնակուի նրանց հետ, եւ նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, եւ նա էլ՝ նրանց Աստուածը. եւ պիտի սրբի նրանց աչքերից ամէն արտասուք. եւ այլեւս մահ չկայ. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցաւ եւ ո՛չ չարչարանք, քանի որ առաջինն անցաւ» (Յայտնութիւն 21։3, 4)։
[Աղյուսակ 20–րդ էջի վրա]
(ամբողջությամբ տե՛ս գրքույկում)
607 թ. մ.թ.ա. 1914 թ. մ.թ.
մ.թ.ա. մ.թ.
500 1 000 1 500 2 000 2 520
[Նկարազարդումներ 11–րդ էջի վրա]
Աբրահամ
Իսահակ
Հակոբ
Հուդա
Դավիթ
[Նկարազարդում 14–րդ էջի վրա]
144 000
[Նկարազարդում 16–րդ էջի վրա]
Ադամ
Հիսուս