Կյանքը խաղաղ նոր աշխարհում
Այս թերթիկի վրա պատկերված տեսարանը դիտելիս ինչպիսի՞ զգացումներ եք ունենում։ Տեսնելով խաղաղությունը, երջանկությունը և բարեկեցությունը՝ սրտանց չե՞ք ցանկանում այդ բաները։ Անշուշտ, այո։ Բայց արդյո՞ք պարզապես երազ կամ երևակայություն է հավատալ այն բանին, որ այս պայմանները երբևէ գոյություն կունենան երկրի վրա։
Հավանաբար շատերն են այդպես կարծում։ Եթե միայն մի քանիսը հիշատակենք, այսօրվա իրականություններն են պատերազմը, հանցագործությունը, սովը, հիվանդությունը և ծերությունը։ Բայց և այնպես, հույս ունենալու հիմքեր կան։ Ապագան ի նկատի ունենալով՝ Աստվածաշունչը հայտնում է, որ «Նորա խոստմունքի պէս՝ նոր երկնքի եւ նոր երկրի ենք սպասում. որոնցում արդարութիւն է բնակվում» (Բ Պետրոս 3։13; Եսայիա 65։17)։
Այս «նոր երկինքը» և «նոր երկիրը», համաձայն Աստվածաշնչի, նոր նյութական երկինք և բառացի նոր երկիր չեն նշանակում։ Նյութական երկիրն ու երկինքը կատարյալ են ստեղծվել, և Աստվածաշունչը նշում է, որ նրանք հավիտյան կմնան (Սաղմոս 89։36, 37; 104։5)։ «Նոր երկիրը» երկրի վրա ապրող հավատարիմ մարդկանց հասարակարգ է լինելու, իսկ «նոր երկինքը»՝ երկնային կատարյալ թագավորություն կամ կառավարություն, որը կղեկավարի երկրային այդ հպատակներին։ Բայց ռեա՞լ է հավատալ այն բանին, որ «նոր երկիր» կամ հրաշալի նոր աշխարհ երբևէ հնարավոր կլինի։
Եկեք նկատի առնենք այն փաստը, որ այսպիսի կատարյալ պայմանները երկրի համար Աստծո սկզբնական մտադրության մասն են կազմել։ Նա առաջին մարդկային զույգը բնակեցրեց Եդեմի երկրային դրախտում և նրանց հիանալի հանձնարարություն տվեց. «Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, տիրեցէք նորան» (Ծննդոց 1։28)։ Այո, Աստծո նպատակն էր, որ նրանք երեխաներ ունենային և, վերջ ի վերջո, դրախտը ամբողջ երկրի վրա տարածեին։ Չնայած նրանք հետագայում գերադասեցին չհնազանդվել Աստծուն, այսպիսով փաստելով, որ հավիտենական կյանքին արժանի չէին, բայց Աստծո սկզբնական նպատակը չփոխվեց։ Եվ այն պետք է իրականանա նոր աշխարհում (Եսայիա 55։11)։
Իրականում, երբ «Հայր մեր» կամ՝ «Տերունական» աղոթքում խնդրում ենք Աստծո թագավորությունը, աղոթում ենք, որ նրա երկնային կառավարությունը մաքրի երկիրը չարությունից և կառավարի այդ նոր աշխարհը (Մատթէոս 6։9, 10)։ Եվ մենք կարող ենք վստահ լինել, որ Աստված այդ աղոթքին կպատասխանի, քանի որ իր Խոսքը վստահեցնում է. «Արդարները երկիրը կʼժառանգեն, եւ յաւիտեան կʼբնակուին նորանում» (Սաղմոս 37։29)։
Կյանքը Աստծո նոր աշխարհում
Աստծո թագավորությունը աննման օրհնություններ կբերի՝ իրագործելով բոլոր այն բարի գործերը, որոնք Աստված նախապես մտադրել էր, որպեսզի իր ժողովուրդը երկրի վրա կյանքը վայելի։ Ատելությունն ու նախապաշարմունքն այլևս գոյություն չեն ունենա, և, ի վերջո, երկրի վրա յուրաքանչյուր ոք իսկական ընկեր կլինի մյուսի համար։ Իր Խոսքում Աստված խոստանում է ‘դադարեցնել պատերազմները մինչև երկրի ծայրերըʼ։ «Ազգ ազգի վերայ սուր չի բարձրացնիլ, եւ այլեւս պատերազմի չեն վարժուիլ» (Սաղմոս 46։9; Եսայիա 2։4)։
Վերջապես, ամբողջ երկիրը կվերափոխվի պարտեզանման դրախտային վայրի։ Աստվածաշունչն ասում է. «Անապատն ու չոր երկիրը կ’ուրախանան եւ կ’ցնծայ ամային ու կ’ծաղկի շուշանի պէս.... որովհետեւ անապատում ջուրեր են բղխելու եւ ամայի տեղումը՝ առուներ։ Եւ խորշակահար երկիրը լճի պիտի փոխուի, եւ ծարաւուտը՝ ջրերի աղբիւրների» (Եսայիա 35։1, 6, 7)։
Դրախտային երկրում երջանիկ լինելու ամեն պատճառ կլինի։ Մարդիկ երբեք այլևս սննդի պակասության պատճառով սովի չեն մատնվի։ «Երկիր իր պտուղը պիտի տայ», — ասում է Աստվածաշունչը (Սաղմոս 67։6, Արևմտահայերեն թարգմանություն; 72։16)։ Բոլորն իրենց սեփական աշխատանքի արդյունքը պիտի վայելեն, քանի որ մեր Ստեղծիչը խոստանում է. «[Պիտի] այգիներ տնկեն ու նորանց պտուղն ուտեն.... նորանք չեն տնկել, որ ուրիշն ուտէ» (Եսայիա 65։21, 22)։
Աստծո նոր աշխարհում մարդիկ այլևս խիտ բնակեցված հսկա շենքերում կամ ետնախորշերում չեն ապրելու, քանի որ Աստված խոստանում է. «Տուներ պիտի շինեն եւ բնակուեն.... նորանք չեն շինիլ, որ ուրիշը բնակուէ»։ Աստվածաշունչը խոստանում է նաև. «Նորանք պիտի դարտակ տեղը չ’վաստակեն» (Եսայիա 65։21—23)։ Այսպիսով մարդիկ արդյունաբեր և գոհացուցիչ աշխատանք կունենան. կյանքը ձանձրալի չի լինի։
Ժամանակի ընթացքում, Աստծո թագավորությունը նույնիսկ կվերականգնի այն խաղաղ փոխհարաբերությունները, որոնք գոյություն են ունեցել Եդեմի պարտեզում կենդանիների միջև և կենդանիների ու մարդկանց միջև։ Աստծո Խոսքն ասում է. «Գայլը կ’բնակուէ գառի հետ, եւ ինձը ուլի հետ կպառկէ. եւ որթն ու առիւուծը եւ պարարտ զուարակը մէկտեղ կ’լինին, եւ մի փոքր երեխայ կ’քշէ նորանց» (Եսայիա 11։6—9; Ովսէէ 2։18)։
Մի պահ պատկերացրեք. դրախտային երկրում բոլոր հիվանդություններն ու ֆիզիկական տկարությունները կբուժվեն։ Աստվածաշունչը մեզ հավաստիացնում է. «Այնտեղի բնակիչը չէ ասելու թէ ես տկար եմ» (Եսայիա 33։24)։ «Եւ կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան» (Յայտնութիւն 21։4)։
Ինչպես են այս խոստումները մատչելի ձեզ համար
Աստծո արդարության և նոր կյանքին վերաբերող նրա խոստումներն անշուշտ կհուզեն ձեր սիրտը։ Եվ, մինչ ոմանք այսպիսի օրհնությունները չափազանց հրաշալի են համարում ճշմարիտ լինելու համար, դրանք կիրականանան, քանի որ խոստացողը մեր սիրառատ Ստեղծիչն է (Սաղմոս 145։16; Միքիա 4։4)։
Դրախտային երկրում հավիտյան ապրելու համար, ինչ խոսք, պահանջներ կան, որոնց պետք է համապատասխանել։ Հիսուսն Աստծուն աղոթելիս նշեց մի կարևոր պահանջի մասին. «Եւ սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին» (Յովհաննէս 17։3)։
Ուրեմն, եթե իսկապես ցանկանում ենք ապրել Աստծո նոր աշխարհում, նախ պետք է սովորենք Աստծո կամքը, այնուհետև գործադրենք։ Իրողությունն այն է, որ «եւ աշխարհքը անցնում է, եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան» վայելելու մեր սիրասուն Ստեղծիչից եկող հավերժ օրնությունները (Ա Յովհաննէս 2։17)։
Եթե այլ կերպ նշված չէ, Աստվածաշնչի մեջբերումները վերցված են Արարատ թարգմանության 1991թ.–ի վերահրատարակությունից։