Աստվածաշնչի գիրք համար 30. Ամոս
Գրողը՝ Ամոս
Գրվելու վայրը՝ Հուդա
Գրության ավարտը՝ մ.թ.ա. մոտ 804թ.
1. Ո՞վ էր Ամոսը։
Ո՛Չ ՄԱՐԳԱՐԵ էր, ո՛չ էլ մարգարեի որդի, այլ հովիվ ու ժանտաթուզ ծակող էր Ամոսը, երբ Եհովան կանչեց նրան և ուղարկեց մարգարեանալու ոչ միայն իր հայրենի Հուդայում, այլև Իսրայելի հյուսիսային թագավորությունում։ Ամոսը այն մարգարեների թվում է, որոնց մասին հիշատակվում է 2 Թագավորներ 17։13, 22, 23 համարներում։ Նա ծնվել էր Հուդայի Թեկուե քաղաքում, որը գտնվում էր Երուսաղեմից 16 կիլոմետր հարավ և Իսրայելի տասցեղ թագավորության հարավային սահմանից հեռու էր մեկ օրվա ճանապարհի չափ (Ամոս 1։1; 7։14, 15)։
2. Ինչպե՞ս է հնարավոր որոշել, թե երբ է մարգարեացել Ամոսը։
2 Գրքի առաջին համարից պարզ է դառնում, որ Ամոսը սկսել է մարգարեանալ Հուդայի Օզիա թագավորի և Իսրայելի՝ Հովասի որդի Հերոբովամ II թագավորի օրոք՝ մի անսովոր ուժգին երկրաշարժից երկու տարի առաջ։ Ուստի իր մարգարեությունը նա գրել է մ.թ.ա. 829-ից մինչև մ.թ.ա. մոտ 804 թվականն ընկած 26 տարի ընդգրկող ժամանակահատվածում, որի ընթացքում իշխել են այս երկու թագավորները։ Հրեա պատմիչ Հովսեպոսը գրում է մի երկրաշարժի մասին, որը եղավ այն ժամանակ, երբ Օզիան ամբարտավանորեն փորձեց խունկ ծխել տաճարում։ Սակայն Ամոսի հիշատակած երկրաշարժը թերևս եղել է Օզիայի իշխանության ավելի վաղ տարիներին։ Այդ ավերիչ երկրաշարժի մասին, որի պատճառով սարսափահար ժողովուրդը փախուստի դիմեց, հիշատակում է նաև Զաքարիա մարգարեն (Զաք. 14։5)։
3. ա) Ամոսի տարած լուրը ինչո՞ւ էր ժամանակահարմար։ բ) Ամոսն ինչպե՞ս մեծարեց Եհովայի գերիշխանությունը։
3 «Ամոս» անունը նշանակում է «բեռ լինել» կամ «բեռ կրել»։ Ու թեև նրա տարած լուրը Իսրայելի և Հուդայի թագավորությունների (ինչպես նաև բազմաթիվ հեթանոս ազգերի) համար բեռ էր, սակայն միևնույն ժամանակ նա մխիթարական լուր էր հայտնում Եհովայի ժողովրդի վերականգնման հետ կապված։ Դժբախտություն մարգարեանալու բազում պատճառներ կային։ Բարեկեցիկ, ցոփ ու շվայտ ապրելակերպը սովորական էր այստեղ։ Ժողովուրդը մոռացել էր Եհովայի Օրենքը։ Թվացյալ բարեկեցիկ կյանքը կուրացրել էր նրանց, և նրանք չէին նկատում, որ փտում էին հասունացած մրգի նման, ինչը նրանց կործանման էր տանում։ Ամոսը մարգարեացավ, որ ընդամենը մի քանի տարի անց տասցեղ թագավորությունը աքսորվելու էր Դամասկոսից այն կողմ։ Այս մարգարեության մեջ Ամոսը մեծարել է Եհովայի արդարությունն ու գերիշխանությունը և 21 անգամ նրան անվանել «Գերիշխան Տեր» (Ամոս 1։8)։
4. Ո՞ր մարգարեությունների կատարումն է հաստատում «Ամոս» գրքի վավերականությունը։
4 Այս և ուրիշ մարգարեությունների կատարումները հաստատում են «Ամոս» գրքի վավերականությունը։ Ամոսը մարգարեացել էր նաև, որ Իսրայելի հարևանությամբ ապրող թշնամի ազգերը՝ ասորիները, փղշտացիները, տյուրացիները, եդոմացիները, ամմոնացիները և մովաբացիները, կրակի բաժին են դառնալու։ Պատմությունը փաստում է, որ ժամանակի ընթացքում այս ազգերից յուրաքանչյուրը կործանվել է։ Ինչ վերաբերում է Հուդային ու Իսրայելին, վերջիններիս արարքներն ավելի դատապարտելի էին, քանի որ նրանք լքել էին Եհովային և սկսել կեղծ աստվածների պաշտել։ Մ.թ.ա. 740-ին՝ երկար պաշարումից հետո, Ասորեստանի Սալմանասար V թագավորի բանակը կործանեց Իսրայելի վերջին պատվարը՝ բերդաքաղաք Սամարիան (2 Թագ. 17։1–6)։ Հուդան դաս չքաղեց Իսրայելի հետ կատարվածից, ուստի մ.թ.ա. 607-ին նույնպես կործանվեց։
5. Հնագիտությունն ինչպե՞ս է հաստատում Ամոսի արձանագրությունը։
5 Ամոսը դատապարտեց Իսրայելի շքեղ ապրելակերպը, քանի որ հարուստները խաբում էին աղքատներին, որ իրենց համար «փղոսկրե տներ» կառուցեն, որտեղ ճոխ խնջույքներ էին անում (Ամոս 3։15; 5։11, 12; 6։4–7)։ Հնագետները ապացույցներ են գտել, որ Սամարիան իրոք բարգավաճել է։ Սամարիայի պեղումների ժամանակ փղոսկրյա բազմաթիվ առարկաներ են հայտնաբերվել։ Ահա թե ինչ է ասվում մի հանրագիտարանում. «Գտնված իրերը կարելի է երկու հիմնական խմբի դասակարգել. 1) բարձրաքանդակ սալիկներ.... 2) հարթաքանդակ սալիկներ՝ զարդարված թանկագին քարերով, գունավոր ապակիներով, ոսկյա թիթեղներով և այլն.... Փղոսկրյա առարկաները փյունիկյան արվեստի գործեր են համարվում և, հավանաբար, դրանք օգտագործվել են Իսրայելի թագավորների պալատի կահույքը զարդարելու համար։ Աստվածաշունչը հիշատակում է Աքաաբի՝ «փղոսկրից շինած տունը» (1 Թագ. 22։39) և «փղոսկրե մահիճները», որոնց մասին Սամարիային դատապարտելիս նշեց Ամոսը որպես այդ քաղաքի շքեղ կյանքի խորհրդանիշ (6։4)»a։
6. Ի՞նչն է վերջնականապես հաստատում «Ամոս» գրքի վավերականությունը։
6 Կասկած անգամ լինել չի կարող, որ «Ամոս» գիրքը պատկանում է Աստվածաշնչի կանոնին։ Նրա վավերականության վերջնական ապացույցը Ստեփանոսի խոսքերն են՝ արձանագրված Գործեր 7։42, 43 համարներում, երբ նա «Ամոս» գրքից երեք համար է օգտագործում, և Գործեր 15։15–18 համարներում գրված Հակոբոսի խոսքերը, երբ նա մեջբերում է այս գրքից (Ամոս 5։25–27; 9։11, 12)։
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
7. Ամոսը ո՞ր ազգերին է նախազգուշացնում Եհովայի դատաստանների մասին։
7 Դատաստաններ ազգերի դեմ (1։1–2։3)։ «Եհովան Սիոնից առյուծի պես կմռնչա» (1։2)։ Ամոսը նախազգուշացնում է ազգերի դեմ Եհովայի կրակե դատաստանների մասին։ Դամասկոսը (Ասորիքը) կալսել է Գաղաադը երկաթե կամներով։ Գազան (փղշտացիների երկիրը) և Տյուրոսը իսրայելացի գերիներին հանձնել են Եդոմին, որը չի դրսևորել ողորմություն ու եղբայրական սեր։ Ամմոնը ներխուժել է Գաղաադ։ Մովաբը այրել է Եդոմի թագավորի ոսկորները՝ կիր շինելու համար։ Եհովայի ձեռքն այս բոլոր ազգերի դեմ է, և նա ասում է. «Ես իմ որոշումը չեմ փոխի» (1։3, 6, 8, 9, 11, 13; 2։1)։
8. Եհովան ինչո՞ւ է դատաստան ասում Հուդայի և Իսրայելի դեմ։
8 Դատաստան Հուդայի և Իսրայելի դեմ (2։4–16)։ Եհովան իր բարկությունը հետ չի դարձնի նաև Հուդայից։ Նրանք մեղք են գործել՝ «մերժելով Եհովայի օրենքը» (2։4)։ Իսկ Իսրայելը՞։ Եհովան նրա համար ոչնչացրել է ամորհացիներին և տվել նրան այդ լավ երկիրը։ Նա ուխտավորներ ու մարգարեներ է նշանակել իսրայելացիներից, բայց նրանք ստիպել են ուխտավորներին խախտել իրենց երդումը, իսկ մարգարեներին պատվիրել են. «Մի՛ մարգարեացեք» (2։12)։ Ուստի Եհովան նրանց հիմքը կերերացնի՝ նոր հնձած հացահատիկով լի սայլակառքի պես, իսկ նրանց ուժեղ մարդիկ մերկ կփախչեն։
9. Ի՞նչն է փաստում, որ Եհովան է խոսել, և հատկապես ո՞ւմ դեմ է մարգարեանում Ամոսը։
9 Հաշվեհարդար Իսրայելի հետ (3։1–6։14)։ Գործածելով դիպուկ օրինակներ՝ Ամոսն ընդգծում է, որ իր մարգարեանալը փաստում է, որ Եհովան է ինչ-որ բան ասել։ «Գերիշխան Տեր Եհովան ոչինչ չի անի, մինչև իր գաղտնիքը չհայտնի իր ծառաներին՝ մարգարեներին.... Գերիշխան Տեր Եհովան խոսել է, ո՞վ չի մարգարեանա» (3։7, 8)։ Ամոսը հատկապես մարգարեանում է շքեղություն սիրող կողոպտիչների դեմ, որոնք բնակվում են Սամարիայում։ Եհովան կխլի նրանց իրենց շքեղ մահիճներից, և նրանց փղոսկրե տները բնաջինջ կլինեն։
10. Ինչի՞ մասին է Եհովան հիշեցնում Իսրայելին, և ի՞նչ վայերի օր է գալու։
10 Եհովան պատմում է, թե ինչպես է պատժել և ուղղել Իսրայելին։ Հինգ անգամ նա հիշեցնում է նրանց. «Դուք չվերադարձաք ինձ մոտ»։ Ուստի, ո՛վ Իսրայել, «պատրա՛ստ եղիր դիմավորելու քո Աստծուն» (4։6–12)։ Ամոսը մարգարեական ողբերգ է ասում. «Ընկավ կույս Իսրայելը, չի կարող վեր կենալ։ Նրան լքել են իր իսկ երկրում, ոչ ոք նրան չի վեր կացնում» (5։2)։ Սակայն Եհովան, որը երկնքում ու երկրի վրա հրաշալի բաների Ստեղծողն է, շարունակում է հորդորել Իսրայելին, որ փնտրի իրեն ու ողջ մնա։ Այո՛, «բարի՛ն փնտրեք և ոչ թե չարը, որ ողջ մնաք» (5։4, 6, 14)։ Բայց ի՞նչ է Եհովայի օրը նշանակելու նրանց համար։ Այն վայերի օր է լինելու։ Հեղեղի նման՝ այդ օրը Դամասկոսից էլ այն կողմ աքսորի կքշի նրանց, և փղոսկրե տները, որտեղ անցնում են նրանց խրախճանքները, ավերակների ու փլատակների կվերածվեն։
11. Ի՞նչ իշխանությամբ է Ամոսը մարգարեանում Իսրայելի դեմ։
11 Ամոսը մարգարեանում է՝ չնայած հակառակությանը (7։1–17)։ Եհովան իր մարգարեին մի ուղղալար է ցույց տալիս, որը կախված է Իսրայել ժողովրդի մեջ։ Այլևս ներում չի լինելու։ Նա ավերելու է Իսրայելի սրբարանները և սրով դուրս է գալու Հերոբովամ II-ի տան դեմ։ Բեթելի քահանա Ամասիան Հերոբովամի մոտ մարդ է ուղարկում՝ ասելով. «Ամոսը քո դեմ դավադրություն է կազմակերպել» (7։10)։ Ամասիան պատվիրում է Ամոսին, որ գնա Հուդա և այնտեղ մարգարեանա։ Ամոսը հստակ ասում է, թե որտեղից է իր իշխանությունը. «Եհովան վերցրեց ինձ հոտից, և Եհովան ասաց ինձ. «Գնա՛, մարգարեացի՛ր իմ Իսրայել ժողովրդին»» (7։15)։ Այնուհետև Ամոսը աղետ է կանխագուշակում Ամասիայի ու նրա տան համար։
12. Ի՞նչ սով է կանխագուշակվում Իսրայելի համար, սակայն ի՞նչ փառավոր խոստումով է ավարտվում մարգարեությունը։
12 Հարստահարում, պատիժ և վերականգնում (8։1–9։15)։ Եհովան Ամոսին ամառային պտուղներով մի զամբյուղ է ցույց տալիս։ Նա հանդիմանում է իսրայելացիներին, որ հարստահարում են աղքատին, ու երդվում են «Հակոբի Մեծավայելչությամբ», որ նրանք կսգան իրենց չար գործերի պատճառով։ «Ահա օրեր են գալիս,— ասում է Գերիշխան Տեր Եհովան,— երբ ես սով կուղարկեմ երկրի վրա, ոչ թե հացի սով և ոչ թե ջրի ծարավ, այլ Եհովայի խոսքը լսելու սով» (8։7, 11)։ Նրանք կընկնեն ու այլևս վեր չեն կենա։ Եթե գետինը փորեն, որ գերեզմանում թաքնվեն կամ երկինք բարձրանան, Եհովայի ձեռքը դուրս կբերի նրանց։ Նրա ժողովրդի մեղավորները սրով կմեռնեն։ Այնուհետև փառավոր խոստում է տրվում. «Այդ օրը ես կբարձրացնեմ Դավթի ընկած տաղավարը ու կնորոգեմ նրա ճեղքերը.... Կշինեմ այն, ինչպես վաղեմի օրերում» (9։11) Գերությունից վերադարձած իսրայելացիները կօրհնվեն այնպիսի առատ բերքով, որ հնձվորը չի հասցնի հավաքել այն նախքան հերկողի հաջորդ գալուստը։ Եհովայի տված այս օրհնությունները հարատև կլինեն։
ԻՆՉՈՎ Է ՕԳՏԱԿԱՐ
13. Ինչպե՞ս կարող ենք այսօր օգուտներ քաղել Ամոսի նախազգուշացումներից։
13 Այսօր Աստվածաշունչ ընթերցողները մեծ օգուտներ կարող են քաղել՝ ուշադրություն դարձնելով, թե ինչու էր Ամոսը նախազգուշական ազդարարություններ անում Իսրայելին, Հուդային և հարևան ժողովուրդներին։ Եհովային տհաճ են նրանք, ովքեր մերժում են իր օրենքը, խաբում ու հարստահարում են աղքատին, ագահ են, բարոյազուրկ ու կռապաշտ։ Սակայն Եհովան ներում ու ողորմում է նրանց, ովքեր զղջում են ու դադարում են այդպես վարվելուց։ Խելամիտ կլինի հեռու մնալ այս չար աշխարհի ապականիչ ազդեցությունից և ականջ դնել Եհովայի հետևյալ հորդորին. «Փնտրե՛ք ինձ և ողջ կմնաք» (5։4, 6, 14)։
14. Արդյո՞ք Ամոսի հիշեցումները ազդեցին Ստեփանոսի ժամանակների հրեաների վրա։
14 Իր նահատակությունից առաջ Ստեփանոսը մեջբերում արեց Ամոսի մարգարեությունից։ Նա հիշեցրեց հրեաներին, որ օտար աստվածներին՝ Մողոքին ու Հռեմփային պաշտամունք մատուցելու պատճառով էր, որ Իսրայելը գերեվարվեց։ Արդյո՞ք Ամոսի մարգարեությունից ասված այդ խոսքերը հրեաների վրա որևէ ազդեցություն թողեցին։ Ո՛չ։ Զայրացած՝ նրանք քարկոծեցին Ստեփանոսին՝ դրանով իսկ ցույց տալով, որ արժանի են կործանման, որը տեղի ունեցավ մ.թ. 70թ.-ին՝ Երուսաղեմի ավերման ժամանակ (Ամոս 5։25–27; Գործ. 7։42, 43)։
15. Վերականգնման վերաբերյալ ո՞ր մարգարեություններն է օգտակար քննել։
15 Օգտակար է քննել, թե ինչպես են կատարվել Ամոսի բազմաթիվ մարգարեությունները, որոնք վերաբերել են Իսրայելին, Հուդային և մյուս ազգերին պատժելուն, նաև վերականգնման մասին մարգարեությունները։ Համաձայն Ամոսի միջոցով Եհովայի ասած խոսքի՝ գերեվարված իսրայելացիները մ.թ.ա. 537-ին վերադարձան հայրենիք՝ վերաշինելու ամայացած քաղաքները ու բնակվելու դրանցում, տնկելու իրենց խաղողի այգիներն ու պարտեզներ գցելու (Ամոս 9։14; Եզր. 3։1)։
16. Հակոբոսը ինչպե՞ս է ցույց տալիս, որ Ամոս 9։11, 12-ի կատարումը առնչվում է քրիստոնեական ժողովին։
16 Ամոսի մարգարեության մի փառավոր ու քաջալերական կատարում տեղի ունեցավ առաքյալների օրերում։ Խոսելով այն մասին, որ քրիստոնեական ժողովի անդամ էին դառնալու նաև ոչ իսրայելացիները, Հակոբոսը, Աստծուց ներշնչված, բացատրեց, որ այդ մասին կանխագուշակված է եղել Ամոս 9։11, 12 համարներում։ Նա ցույց տվեց, որ «Դավթի ընկած տաղավարի» վերականգնման մասին Աստծու խոստումը կատարվել է քրիստոնեական ժողովի առնչությամբ, «որպեսզի մարդկանցից մնացածները ջանադրաբար փնտրեն Եհովային բոլոր ազգերից եղող ժողովրդի հետ, ժողովուրդ, որն իմ անունով է կոչվում,— ասում է Եհովան»։ Դա, անկասկած, այն իրադարձությունների սուրբգրային հաստատումն էր, որի մասին նշեց Սիմոն Պետրոսը, այսինքն՝ այն, որ Աստված ազգերից «մի ժողովուրդ էր հանում իր անվան համար» (Գործ. 15։13–19)։
17. Ի՞նչ է Ամոսը կանխագուշակում Աստծու Թագավորության առնչությամբ։
17 Աստվածաշնչի մեկ այլ համարում քրիստոնեական ժողովի Գլուխ Հիսուս Քրիստոսը կոչվում է Դավթի որդի, որը կժառանգի իր «հոր՝ Դավթի գահը» և հավիտյան կթագավորի (Ղուկ. 1։32, 33; 3։31)։ Այսպիսով՝ Ամոսի մարգարեությունը մատնացույց է անում նաև թագավորության առնչությամբ Դավթի հետ Աստծու կապած ուխտի կատարումը։ «Ամոս» գրքի եզրափակիչ խոսքերը ոչ միայն պատկերում են այն առատությունն ու բարգավաճումը, որ կլինեն «Դավթի ընկած տաղավարի» վերականգնման ժամանակ, այլև ընդգծում են Աստծու Թագավորության հարատևությունը։ ««Ես կտնկեմ նրանց իրենց երկրում, և նրանք այլևս արմատախիլ չեն լինի այն երկրից, որը ես նրանց եմ տվել»,— ասում է քո Աստված Եհովան»։ Երբ Եհովան լիովին վերականգնի «Դավթի ընկած տաղավարը», երկիրը կլցվի անվերջանալի օրհնություններով (Ամոս 9։13–15)։
[ծանոթագրություն]
a «Encyclopedia of Archaeological Excavations in the Holy Land», 1978, Երուսաղեմ, էջ 1046։