Գլուխ 57
Կարեկցանք վշտահարների հանդեպ
ԱՅՆ բանից հետո, երբ Հիսուսը դատապարտում է փարիսեցիներին իրենց շահերին ծառայող ավանդույթների համար, նա իր աշակերտների հետ միասին հեռանում է։ Թերևս հիշում ես, որ դրանից ոչ շատ առաջ նրանք փորձել էին մի փոքր հանգստանալ, բայց դա չէր հաջողվել, քանի որ ժողովուրդը գտել էր նրանց։ Այժմ Հիսուսն իր աշակերտների հետ մեկնում է դեպի հյուսիս՝ բավականին հեռու գտնվող Տյուրոսի և Սիդոնի շրջանները։ Սա, ակներևաբար, Հիսուսի միակ ճանապարհորդությունն է, որ նա կատարում է աշակերտների հետ Իսրայելի սահմաններից դուրս։
Կացարան գտնելուց հետո Հիսուսն ասում է, որ չի ուզում՝ իր գտնվելու վայրի մասին որևէ մեկը իմանա։ Սակայն նույնիսկ ոչ հրեա մարդկանցով բնակեցված այս տարածքում նա չի կարողանում աննկատ մնալ։ Մի հույն կին՝ ծնված Ասորիքի Փյունիկիայում, գտնում է Հիսուսին և աղերսելով ասում. «Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, Դավթի՛ Որդի։ Աղջիկս սաստիկ դիվահարված է»։ Բայց Հիսուսը մի բառ անգամ չի պատասխանում։
Ի վերջո աշակերտներն ասում են Հիսուսին. «Արձակի՛ր նրան, որովհետև շարունակ աղաղակում է մեր հետևից»։ Բացատրելով, թե ինչու ուշադրություն չի դարձնում նրա վրա՝ Հիսուսն ասում է. «Իսրայելի տան կորած ոչխարներից բացի՝ ես ուրիշ ոչ ոքի մոտ չեմ ուղարկվել»։
Սակայն կինը չի հանձնվում։ Նա մոտենում է Հիսուսին և նրա առջև ծնկի գալով՝ աղերսում է. «Տե՛ր, օգնի՛ր ինձ»։
Որքա՜ն պետք է որ մորմոքեին կնոջ աղերսական խոսքերը Հիսուսի սիրտը։ Սակայն նա դարձյալ շեշտում է, որ իր գլխավոր պարտականությունը Աստծու ժողովրդին՝ իսրայելացիներին ծառայելն է։ Միևնույն ժամանակ, թերևս ցանկանալով փորձել նրա հավատը, Հիսուսը ցույց է տալիս ուրիշ ազգերի ներկայացուցիչների հանդեպ հրեաների ունեցած նախապաշարումը՝ ասելով. «Ճիշտ չէ երեխաների հացը վերցնել և շնիկների առաջ գցել»։
Անկասկած, այն կարեկցանքը, որ երևում է նրա ձայնի երանգից և դեմքի արտահայտությունից, բացահայտում է, թե ինչպիսի ջերմ զգացմունքներ ունի Հիսուսը ոչ հրեաների հանդեպ։ Նա նույնիսկ մեղմացնում է համեմատությունը՝ այլազգիներին անվանելով ոչ թե շներ, այլ «շնիկներ»։ Հիսուսից վիրավորվելու փոխարեն՝ կինը, օգտվելով նրա ակնարկից, որը վերաբերում է հրեաների ունեցած նախապաշարմանը, խոնարհաբար պատասխանում է.
— Այո, Տե՛ր, բայց շնիկներն էլ իրենց տերերի սեղանից թափվող փշրանքներից են ուտում։
— Ո՛վ կին, մեծ է քո հավատը,— պատասխանում է Հիսուսը.— թող լինի այնպես, ինչպես որ դու ես ուզում։
Եվ նրա աղջիկը բուժվում է։ Երբ կինը վերադառնում է տուն, աղջկան գտնում է լիովին առողջ վիճակում։
Սիդոնի ծովամերձ շրջանից Հիսուսն ու իր աշակերտները ուղղվում են դեպի Հորդանան գետի ակունքը։ Նրանք, ակներևաբար, Գալիլեայի ծովի վերևի մասից անցնում են գետի մյուս կողմը և գնում ծովի արևելյան մասում գտնվող Դեկապոլիսը։ Այստեղ նրանք մի լեռ են բարձրանում, բայց ժողովուրդը գտնում է նրանց և Հիսուսի մոտ բերում իրենց կաղերին, անդամալույծներին, կույրերին, համրերին և ուրիշ շատ հիվանդների ու խեղվածների։ Մարդիկ բառի բուն իմաստով գցում են այդ հիվանդներին Հիսուսի ոտքերի առջև, ու նա բուժում է նրանց։ Ժողովուրդը զարմանում է՝ տեսնելով, որ համրերը խոսում են, կաղերը քայլում են, կույրերը տեսնում են, և բոլորը սկսում են փառաբանել Իսրայելի Աստծուն։
Հիսուսը հատուկ ուշադրություն է դարձնում մի մարդու վրա, որը խուլ է և դժվարախոս։ Խուլերը հաճախ են իրենց շփոթված զգում, հատկապես երբ մարդկանց բազմության մեջ են։ Հիսուսը նկատում է, որ այս մարդը նյարդայնացած է։ Հասկանալով նրա վիճակը՝ կարեկցաբար ամբոխի միջից դուրս է հանում նրան։ Երբ մենակ են մնում, Հիսուսը ցույց է տալիս, թե ինչ է մտադիր անել. նա մատները մտցնում է մարդու ականջների մեջ, թքում է և դիպչում նրա լեզվին, ապա դեպի երկինք նայելով՝ հոգոց է հանում և ասում. «Բացվի՛ր»։ Մարդու լսողությունն անմիջապես վերականգնվում է, և նա կարողանում է պարզ խոսել։
Երբ Հիսուսը վերջացնում է այս բազմաթիվ բուժումները, մարդիկ՝ երախտագիտությամբ լցված, ասում են. «Նա ամեն բան լավ արեց։ Նույնիսկ խուլերին է լսել տալիս և համրերին խոսել»։ Մատթեոս 15։21–31; Մարկոս 7։24–37։
▪ Հիսուսն ինչո՞ւ անմիջապես չի բուժում հույն կնոջ երեխային։
▪ Հիսուսն ո՞ւր է գնում իր աշակերտների հետ։
▪ Ինչպե՞ս է Հիսուսը խուլ ու դժվարախոս մարդու հանդեպ կարեկցանք դրսևորում։