Գլուխ 106
Քողազերծում է խաղողի այգու առակով
ՀԻՍՈՒՍԸ գտնվում է տաճարում։ Քիչ առաջ նա շփոթության մեջ գցեց կրոնական առաջնորդներին, որոնք պահանջում էին իրենից, որ հայտնի, թե ինչ իշխանությամբ է անում իր գործերը։ Մինչ նրանք կսթափվեն շփոթմունքից, Հիսուսը մի առակի միջոցով ցույց է տալիս, թե իրականում ինչպիսի մարդիկ են նրանք։ Նա հարցնում է՝ «ի՞նչ եք կարծում», ապա սկսում է պատմել.
«Մի մարդ երկու զավակ ուներ։ Մոտենալով առաջինին՝ ասաց. «Զավա՛կս, գնա՛ և այսօր խաղողի այգում աշխատիր»։ Եվ սա պատասխանեց. «Կգնա՛մ, տե՛ր»։ Սակայն չգնաց։ Մոտենալով երկրորդին՝ նույն բանը նրան ասաց։ Իսկ սա ասաց. «Չե՛մ գնա»։ Սակայն հետո զղջաց ու գնաց»։
— Այս երկուսից ո՞ր մեկը կատարեց հոր կամքը,— հարցնում է Հիսուսը։
— Վերջինը,— պատասխանում են նրա հակառակորդները։
Հիսուսը բացատրում է. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, որ մաքսահավաքներն ու պոռնիկները ձեզանից առաջ կմտնեն Աստծու թագավորությունը»։ Մաքսահավաքներն ու պոռնիկները, ըստ էության, սկզբում մերժեցին ծառայել Աստծուն։ Բայց հետո երկրորդ որդու պես՝ զղջացին ու ծառայեցին նրան։ Իսկ կրոնական առաջնորդները առաջին որդու պես՝ դավանեցին, թե ծառայում են Աստծուն, սակայն վարվեցին այնպես, ինչպես Հիսուսն է նշում. «Որովհետև Հովհաննեսը [Մկրտիչը] եկավ ձեզ մոտ արդարության ճանապարհով, բայց դուք չհավատացիք նրան։ Մինչդեռ մաքսահավաքներն ու պոռնիկները հավատացին նրան, իսկ դուք, թեպետև տեսաք դա, դրանից հետո էլ չզղջացիք, որ հավատայիք նրան»։
Այնուհետև Հիսուսը ցույց է տալիս, որ այդ կրոնական առաջնորդների սխալը պարզապես նրանում չէ, որ հրաժարվում են ծառայել Աստծուն։ Նրանք իրականում չար և անօրեն մարդիկ են։ «Մի տանտեր մարդ կար,— պատմում է Հիսուսը,— որը խաղողի այգի տնկեց և շուրջբոլորը ցանկապատ քաշեց, հնձան փորեց այնտեղ ու աշտարակ կանգնեցրեց և այն թողնելով մշակներին՝ գնաց օտար երկիր։ Երբ եկավ պտղի ժամանակը, նա իր ծառաներին ուղարկեց մշակների մոտ՝ ստանալու իր պտուղները։ Սակայն մշակները բռնեցին նրա ծառաներին, մեկին ծեծեցին, մեկին սպանեցին, իսկ մյուսին քարկոծեցին։ Դարձյալ նա ուրիշ ծառաներ ուղարկեց, ավելի շատ, քան առաջին անգամ, բայց նրանց էլ նույնը արեցին»։
«Ծառաները» մարգարեներն են, որոնց «տանտերը»՝ Եհովա Աստված, ուղարկեց իր «խաղողի այգու» «մշակների» մոտ։ Այդ մշակները Իսրայել ազգի առաջնորդներն են, իսկ այդ ազգին Աստվածաշունչը ներկայացնում է որպես Աստծու «խաղողի այգի»։
Քանի որ «մշակները» դաժանությամբ են վերաբերվում «ծառաներին» և սպանում են նրանց, Հիսուսը բացատրում է. «Վերջապես [խաղողի այգու տերը] իր որդուն ուղարկեց նրանց մոտ՝ ասելով. «Կհարգեն իմ որդուն»։ Տեսնելով որդուն՝ մշակներն իրար մեջ ասացին. «Սա՛ է ժառանգը, եկեք սպանենք սրան և տիրանանք նրա ժառանգությանը»։ Ուստի բռնեցին նրան, դուրս շպրտեցին խաղողի այգուց և սպանեցին»։
Այժմ դիմելով կրոնական առաջնորդներին՝ Հիսուսը հարցնում է.
— Երբ այգու տերը գա, ի՞նչ կանի այդ մշակներին։
— Քանի որ նրանք չար են,— պատասխանում են կրոնական առաջնորդները,— նա էլ չարաչար կկործանի նրանց և իր խաղողի այգին կտա ուրիշ մշակների, որոնք պտուղները նրան կտան, երբ դրանք հասնեն։
Այդ առաջնորդները ակամա դատապարտում են իրենց, քանի որ նրանք Եհովայի «խաղողի այգու»՝ Իսրայել ազգի «մշակներից» են։ Պտուղը, որ Եհովան ակնկալում է այդ մշակներից, իր Որդու՝ ճշմարիտ Մեսիայի հանդեպ հավատն է։ Քանի որ նրանք չեն բերում այդպիսի պտուղ, Հիսուսը զգուշացնում է. «Երբեք չե՞ք կարդացել Գրություններում [Սաղմոս 118։22, 23–ում]. «Այն քարը, որ շինարարները մերժեցին, նա՛ եղավ գլխավոր անկյունաքարը։ Սա Եհովայից եղավ և սքանչելի է մեր աչքերին»։ Դրա համար ասում եմ ձեզ. Աստծու թագավորությունը ձեզանից կվերցվի և կտրվի մի ազգի, որը նրա պտուղները կբերի։ Եվ ով որ այս քարի վրա ընկնի, ջարդուփշուր կլինի։ Իսկ ում վրա որ այն ընկնի, կճզմի նրան»։
Դպիրներն ու ավագ քահանաները այժմ հասկանում են, որ Հիսուսը իրենց մասին է խոսում, և ցանկանում են սպանել նրան՝ լիիրավ «ժառանգին»։ Ուստի Աստծու Թագավորության մեջ թագավորներ լինելու առանձնաշնորհումը նրանցից՝ իբրև ազգի, կվերցվի, և կստեղծվի «խաղողի այգու մշակների» մի նոր ազգ, որը համապատասխան պտուղներ կբերի։
Վախենալով ժողովրդից, որը նրան իբրև մարգարե է ընդունում՝ կրոնական առաջնորդներն այս անգամ չեն փորձում սպանել Հիսուսին։ Մատթեոս 21։28–46; Մարկոս 12։1–12; Ղուկաս 20։9–19; Եսայիա 5։1–7։
▪ Ո՞ւմ են ներկայացնում Հիսուսի պատմած առաջին առակի երկու որդիները։
▪ Երկրորդ առակում ո՞ւմ են ներկայացնում «տանտերը», «խաղողի այգին», «մշակները», «ծառաները» և «ժառանգը»։
▪ Ի՞նչ կպատահի «խաղողի այգու մշակներին», և ո՞վ կփոխարինի նրանց։