ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ
Ինչպես նախապատրաստվել երջանիկ ամուսնության
1, 2. ա) Ինչպե՞ս Հիսուսը շեշտեց նախօրոք պլանավորելու կարևորությունը։ բ) Մասնավորապես ո՞ր հարցում է կարևոր ամեն բան նախօրոք պլանավորել։
ՍՈՎՈՐԱԲԱՐ տուն կառուցելու համար հարկավոր է ամեն բան խնամքով նախապատրաստել։ Նախքան հիմքը գցելը՝ անհրաժեշտ է հողակտոր ձեռք բերել և նախագիծ կազմել։ Սակայն մի բան ևս կարևոր է։ Հիսուսն ասաց. «Ձեզանից ով է, որ կամենայ աշտարակ շինել, եւ առաջ չը նստի եւ ծախսը հաշուէ թէ աւարտելու համար բաւական բան ունի՞» (Ղուկաս 14։28)։
2 Այն, ինչը վերաբերում է տուն կառուցելուն, վերաբերում է նաև հաջող ընտանիք ստեղծելուն։ Շատերն են ասում՝ ուզում եմ ամուսնանալ։ Սակայն նրանցից քանի՞սն են մի պահ կանգ առնում ու մտածում դրա «ծախսի» մասին։ Թեև Աստվածաշունչը դրականորեն է արձագանքում ամուսնության հարցին, սակայն միևնույն ժամանակ հիշեցնում է նաև ամուսնության հետ առաջ եկող դժվարությունների մասին (Առակաց 18։22; Ա Կորնթացիս 7։28)։ Ուստի նրանք, ովքեր մտադիր են ընտանիք կազմել, պետք է իրական պատկերացում ունենան ամուսնական կյանքի թե՛ օրհնությունների և թե՛ դժվարությունների մասին։
3. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ այս հարցում Աստվածաշունչը անգնահատելի օգնություն է մատուցում նրանց, ովքեր ամուսնանալու մտադրություն ունեն, և ո՞ր երեք հարցերին է այն օգնում պատասխանել։
3 Այս հարցում մեզ օգնության է հասնում Աստվածաշունչը։ Խորհուրդը, որ նա պարունակում է, ներշնչված է ամուսնական կառույցի Հեղինակի՝ Եհովա Աստծո կողմից (Եփեսացիս 3։14, 15, ԷԹ; Բ Տիմոթէոս 3։16)։ Օգտվելով այս հնագույն, բայցև անչափ ժամանակահարմար գրքում տեղ գտած սկզբունքներից՝ եկեք պարզաբանենք՝ 1) ինչպե՞ս կարող է անհատը որոշել՝ պատրա՞ստ է արդյոք ամուսնության, թե՝ ոչ, 2) ի՞նչ հատկություններ պետք է փնտրել ապագա կողակցի մեջ, և 3) ինչպե՞ս կարելի է մտերմության շրջանում բարոյական մաքրություն պահպանել։
ԱՐԴՅՈՔ ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՍ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ
4. Ի՞նչն է կարևոր դեր խաղում հաջող ամուսնական կյանք ունենալու հարցում և ինչո՞ւ։
4 Տան շինարարության համար հսկայական գումար կարող է պահանջվել, և որպեսզի տարիների ընթացքում այդ տունը լավ վիճակում մնա, նույնպես մեծ ծախսերի կարիք կա։ Նույնը կարելի է ասել ամուսնության մասին։ Թվում է, թե ամուսնանալն ինքնին արդեն մեծ ջանքեր է պահանջում, սակայն պետք է հաշվի առնել նաև ամուսնությունից հետո ջերմ փոխհարաբերությունները երկար տարիներ պահպանելու կարևորությունը։ Ի՞նչ է դա նշանակում։ Այստեղ խիստ կարևոր դեր է խաղում ամուսնական հավատարմության խոստումը սրտանց կատարելը։ Ահա թե ինչ է Աստվածաշունչն ասում ամուսնական փոխհարաբերությունների մասին. «Մարդը կ’թողնէ իր հայրը եւ իր մայրը, եւ կ’յարի իր կնոջը. եւ մէկ մարմին կ’լինին» (Ծննդոց 2։24)։ Հիսուս Քրիստոսը նշել է ամուսնալուծվելու այն միակ պատճառը, որի հիման վրա մարդ կարող է նորից ամուսնանալ։ Դա պոռնկությունն է, այսինքն՝ ամուսնական կապերից դուրս ապօրինի կենակցությունը (Մատթէոս 19։9)։ Ամուսնանալու մտադրություն ունեցող յուրաքանչյուր անհատ պետք է միշտ իր մտքում պահի աստվածաշնչյան այս չափանիշները։ Եթե կարծում ես, որ պատրաստ չես ամենայն լրջությամբ վերաբերվելու հավատարմության այս խոստումին, ուրեմն դեռ պատրաստ չես ամուսնության (Բ Օրինաց 23։21; Ժողովող 5։4, 5)։
5. Ինչո՞ւ պետք է ամուսնանալու մտադրություն ունեցողները բարձր գնահատեն ամուսնական հավատարմության խոստումը, թեև ոմանց այն վախեցնում է։
5 Հավատարմության խոստում տալու գաղափարը շատերին է վախեցնում։ «Գիտակցելով, որ կյանքս հավիտյան կապել եմ կնոջս հետ՝ ինձ զգում էի այնպես, ասես մի անկյուն քշված և սենյակում բանալիով կողպված բանտարկյալ լինեի»,— խոստովանում է մի երիտասարդ։ Սակայն, եթե իրոք սիրում ես այն անձնավորությանը, ում հետ մտադիր ես ամուսնանալ, ապա ամուսնական հավատարմության խոստումը քեզ բեռ չի թվա։ Ընդհակառակը՝ այն կարող է ապահովության զգացում առաջ բերել։ Ամուսնական խոստումը կատարելու հանդեպ պատասխանատվության զգացումը կարող է օգնել, որ կողակիցները միասին լինեն կյանքի թե՛ ուրախ և թե՛ տխուր պահերին ու չլքեն միմյանց՝ ինչ էլ որ պատահի։ Ինչպես գրել է Պողոս առաքյալը, իսկական սերը «ամեն բանի դիմանում է» և «ամեն բանի համբերում» (Ա Կորնթացիս 13։4, 7)։ «Ամուսնական հավատարմության խոստումը տալուց հետո ես ինձ ավելի ապահով եմ զգում,— ասում է մի կին,— ինձ դուր է գալիս հանգստությունը, որ ձեռք եմ բերել այն բանից հետո, երբ ես ու ամուսինս միմյանց, նաև մյուս մարդկանց առջև բարձրաձայն հաստատեցինք, որ մտադիր ենք միասին ապրել» (Ժողովող 4։9–12)։
6. Ինչո՞ւ է նախընտրելի երիտասարդ տարիքում ամուսնության հարցում չշտապել։
6 Այս խոստման համաձայն ապրելու համար հասունություն է պահանջվում։ Այդ պատճառով էլ Պողոս առաքյալը խորհուրդ է տալիս քրիստոնյաներին սպասել մինչև «անցնի երիտասարդության ծաղկուն շրջանը»՝ այն ժամանակաշրջանը, երբ սեռական հակումը գերակշռող տեղում է և կարող է մթագնել մարդու դատողությունը (Ա Կորնթացիս 7։36, ՆԱ)։ Մեծանալու հետ զուգընթաց՝ երիտասարդները կարող են արագորեն փոխվել։ Վաղ տարիքում ամուսնացողներից շատերն ընդամենը մի քանի տարի հետո գալիս են այն եզրակացության, որ իրենց, ինչպես նաև իրենց կողակցի ցանկություններն ու կարիքներն այլևս այն չեն, ինչ որ առաջ էին։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ երիտասարդ տարիքում ամուսնացածներն ավելի դժբախտ են և հաճախ են ամուսնալուծվում, քան նրանք, ովքեր այդ հարցում մի փոքր համբերություն են դրսևորել։ Ուստի մի՛ շտապիր ամուսնանալ։ Երիտասարդությանդ այն տարիները, որ անցկացնում ես որպես չափահաս և դեռ ընտանիք չկազմած անձնավորություն, կարող են անգնահատելի փորձ լինել քեզ համար, ինչը հետագայում կօգնի քեզ ավելի հասուն ու պատրաստված կողակից լինել։ Ամուսնության հարցում շտապողականություն չցուցաբերելով՝ հնարավորություն կունենաս ավելի լավ ճանաչելու ինքդ քեզ, ինչը անհրաժեշտ է ընտանիքում ջերմ փոխհարաբերություններ զարգացնելու համար։
ՆԱԽ՝ ՃԱՆԱՉԻՐ ԻՆՔԴ ՔԵԶ
7. Ինչո՞ւ պետք է ամուսնանալու մտադրություն ունեցողը նախ ինքն իրեն ճանաչի։
7 Հեշտությա՞մբ ես թվարկում այն հատկությունները, որոնք կուզեիր տեսնել քո ապագա կողակցի մեջ։ Շատերի համար դա դժվարություն չի ներկայացնում։ Բայց ի՞նչ կարելի է ասել քո՛ մասին։ Քո ո՞ր հատկությունները կարող են նպաստել, որ ապագայում հաջող ընտանիք կազմես։ Ինչպիսի՞ ամուսին կամ կին կլինես դու։ Օրինակ՝ հեշտությա՞մբ ես ընդունում սխալդ, թե՞ միշտ պատրաստ ես արդարանալու, երբ դրա հետ կապված քեզ խորհուրդ են տալիս։ Ընդհանուր առմամբ ինչպիսի՞ անձնավորություն ես՝ կենսուրախ ու լավատե՞ս, թե՞ միշտ մռայլ ու ամեն ինչից դժգոհ (Առակաց 8։33; 15։15)։ Հիշի՛ր, ամուսնությունը չի կարող փոխել քո բնավորությունը։ Եթե մինչև ամուսնանալը հպարտ, չափից դուրս զգայուն և ամեն բան գորշ գույներով տեսնող անձնավորություն ես եղել, ապա նույնը կլինես նաև ամուսնանալուց հետո։ Դժվար է սեփական անձին նայել ուրիշի աչքերով, ուստի արժե խնդրել ծնողներիդ կամ մտերիմներիցդ որևէ մեկին անկեղծորեն իրենց կարծիքն արտահայտել ու խորհուրդ տալ։ Եթե զգաս, որ այս կամ այն հարցում փոփոխություն մտցնելու կարիք ունես, գործի անցիր նախքան ամուսնանալու որոշում կայացնելը։
8-10. Ի՞նչ խորհուրդներ է պարունակում Աստվածաշունչը, որոնք կարող են օգնել անհատին նախապատրաստվելու ամուսնությանը։
8 Աստվածաշունչը հորդորում է մեզ թույլ տալ, որ Աստծո սուրբ ոգին գործի մեր մեջ՝ մշակելով այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ ‘սերը, ուրախությունը, խաղաղությունը, երկայնամտությունը, քաղցրությունը, բարությունը, հավատը, հեզությունը և ժուժկալությունը’։ Այն նաև ասում է. «Ձեր մտքի հոգովը նորոգուէք։ Հագէ՛ք նոր մարդը, որ ստեղծուած է ըստ Աստծու՝ արդարութեամբ եւ ճշմարիտ սրբութեամբ» (Գաղատացիս 5։22, 23; Եփեսացիս 4։23, 24, ԷԹ)։ Քանի դեռ ամուսնացած չես, կիրառի՛ր այս խորհուրդները։ Դա նման կլինի բանկում գումար ետ գցելուն. մի բան, որը շատ անհրաժեշտ կլինի քո ապագա ընտանիքի համար։
9 Օրինակ՝ եթե դու կին ես, սովորիր ավելի շատ ուշադրություն դարձնել ոչ թե քո արտաքին տեսքին, այլ ‘սրտի ծածուկ մարդուն’ (Ա Պետրոս 3։3, 4)։ Համեստությունն ու ողջամտությունը կօգնեն քեզ իմաստություն ձեռք բերել՝ իրոք որ մի «գեղեցիկ պսակ» (Առակաց 4։9; 31։10, 30; Ա Տիմոթէոս 2։9, 10)։ Իսկ եթե տղամարդ ես, սովորիր բարի ու հարգալից վերաբերմունք ցուցաբերել կանանց հանդեպ (Ա Տիմոթէոս 5։1, 2)։ Սովորելով որոշումներ կայացնել ու պատասխանատվություններ վերցնել՝ միևնույն ժամանակ սովորիր լինել համեստ ու խոնարհ։ Բռնատիրական վերաբերմունքը մեծ խնդիրներ առաջ կբերի ընտանիքում (Առակաց 29։23; Միքիա 6։8; Եփեսացիս 5։28, 29)։
10 Թեպետ այս հարցում իրականում այնքան էլ հեշտ չէ փոխել բնավորության գծերը, սակայն բոլոր քրիստոնյաներն էլ անխտիր՝ կարիք ունեն իրենց վրա աշխատելու։ Դա կօգնի քեզ հետագայում ավելի լավ կողակից լինել ամուսնական կյանքում։
Ի՞ՆՉ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՆՏՐԵԼ ԱՊԱԳԱ ԿՈՂԱԿՑԻ ՄԵՋ
11, 12. Ինչպե՞ս կարող են երկու անհատ որոշել՝ համապատասխանո՞ւմ են արդյոք իրար, թե՝ ոչ։
11 Արդյոք քո ապրած վայրում ընդունվա՞ծ է, որ անհատն ինքն ընտրի իր ապագա կողակցին։ Եթե այո, ապա ինչպե՞ս պետք է վարվես, երբ քեզ ինչ–որ մեկը դուր է գալիս։ Նախ ինքդ քեզ հարցրու՝ իսկապե՞ս ուզում եմ ամուսնանալ։ Ուրիշի զգացմունքների հետ խաղալով՝ նրա մեջ զուր սպասելիքներ արթնացնելը, իրոք որ դաժան է (Առակաց 13։12)։ Այնուհետև մտածիր. «Արդյոք կարո՞ղ եմ ամուսնանալ»։ Եթե այս երկու հարցերին դրական պատասխան տաս, ապա քո հետագա քայլերը կախված կլինեն տեղի սովորույթներից։ Կան երկրներ, որտեղ կարելի է ինչ–որ մեկին որոշ ժամանակ հեռվից դիտել, այնուհետև մոտենալ և առաջարկել նրան ավելի մոտիկից ծանոթանալ։ Եթե քեզ մերժեն, մի փորձիր համառել ձանձրացնելու աստիճան։ Հիշիր, որ դիմացինդ նույնպես իրավունք ունի այդ հարցում որոշում կայացնելու։ Իսկ եթե դրական պատասխան ստանաս, ապա կարող ես հոգ տանել, որ միասին ժամանակ անցկացնեք՝ որևէ օգտակար զբաղմունք ընտրելով։ Դա քեզ հնարավորություն կտա տեսնելու՝ արդյոք իմաստո՞ւն է ընտանիք կազմել այդ անձնավորության հետ։a Ինչի՞ վրա արժե ուշադրություն դարձնել այդ ժամանակ։
12 Այս հարցին պատասխանելու համար պատկերացրու երկու երաժշտական գործիք, ասենք՝ դաշնամուր և կիթառ։ Եթե երկուսն էլ լավ են լարած, ապա թե՛ դաշնամուրի և թե՛ կիթառի վրա, առանձին վերցրած, կարելի է գեղեցիկ մեղեդի նվագել։ Սակայն ի՞նչ պետք է ակնկալել, երբ այդ երկու գործիքների վրա նվագեն միաժամանակ։ Պետք է, որ դրանք համահունչ լինեն։ Նույնն է պարագան նաև քո և քո ընտրյալի դեպքում։ Երկուսդ էլ գուցե անհատապես լավ աշխատել եք ձեր բնավորության գծերի վրա՝ ջանալով «լարել» դրանք։ Սակայն հարցն այն է՝ համահո՞ւնչ եք արդյոք իրար հետ։ Այլ խոսքերով ասած՝ համապատասխանո՞ւմ եք իրար։
13. Ինչո՞ւ է ծայրաստիճան անհեռատեսություն մտերմություն անել մեկի հետ, ով չի կիսում քո կրոնական համոզմունքները։
13 Կարևոր է, որ երկուսդ էլ միևնույն համոզմունքներն ու սկզբունքներն ունենաք։ Պողոս առաքյալը գրել է. «Անհաւատների հետ այլախառն լծակից մի լինիք» (Բ Կորնթացիս 6։14; Ա Կորնթացիս 7։39)։ Ամուսնությունն այնպիսի մեկի հետ, ով չունի միևնույն կրոնական համոզմունքները, շատ ավելի հավանական է, որ լուրջ տարաձայնություններ առաջ բերի։ Բայց եթե երկուսդ էլ Եհովային եք նվիրված, ապա հենց դա էլ կլինի միասնության ամենակայուն հիմքը։ Եհովայի ցանկությունն է, որ դուք երջանիկ լինեք, և որ ձեր միությունը որքան հնարավոր է անխախտ լինի։ Նա ցանկանում է, որ ձեր սիրո կապը իր, ինչպես նաև երկուսիդ միջև երեքպատիկ կապված պարանի պես ամուր լինի (Ժողովող 4։12)։
14, 15. Արդյո՞ք ամուսնական կյանքում միաբան լինելու համար բավական է միայն այն, որ երկուսն էլ միևնույն կրոնական համոզմունքներն ունեն։ Բացատրեք։
14 Աստծուն երկուսով միասին երկրպագություն մատուցելը միության ամենակարևոր, բայցև միակ ազդակը չէ։ Ընդհանուր լեզու գտնելու համար դու և քո ապագա կողակիցը պետք է միանման նպատակներ ունենաք։ Ուստի ի՞նչ նպատակներ ունեք դուք։ Ի՞նչ կարծիքի եք, օրինակ, երեխաներ ունենալու վերաբերյալ։ Ի՞նչն եք կյանքում առաջնահերթ համարումb (Մատթէոս 6։33)։ Իսկապես երջանիկ ընտանիքում ամուսինները լավ ընկերներ են և սիրով վայելում են միմյանց ընկերակցությունը (Առակաց 17։17)։ Իսկ դրա համար հարկավոր է ընդհանուր հետաքրքրություններ ունենալ։ Դժվար է պահպանել ընկերությունը, առավել ևս ամուսնությունը, եթե չկան ընդհանուր հետաքրքրություններ։ Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ եթե ձեզանից մեկը սիրում է, ասենք, զբոսնել, իսկ մյուսը՝ ոչ, ուրեմն դուք չեք կարող ամուսնանալ։ Անպայման չէ։ Գուցե դուք ուրիշ ավելի կարևոր, ընդհանուր հետաքրքրություններ ունեք։ Բացի այդ, կարող ես ուրախություն պատճառել ապագա կողակցիդ՝ մասնակցելով օգտակար զբաղմունքների լոկ այն պատճառով, որ դա հաճելի է նրան (Գործք 20։35)։
15 Իհարկե, իրար համապատասխան լինել կամ չլինելը մեծ մասամբ կախված է ոչ թե այն բանից, թե որքանով եք իրար նման, այլ թե որքանով եք կարողանում հարմարվել իրար։ «Արդյոք համամի՞տ ենք բոլոր հարցերում» մտածելու փոխարեն՝ լավ կլիներ հետևյալ հարցերի շուրջ խորհել. «Ի՞նչ է տեղի ունենում, երբ մեր կարծիքներն իրար հետ չեն համընկնում։ Կարողանո՞ւմ ենք հանդարտորեն քննարկել խնդիրը՝ փոխադարձ հարգանք պահպանելով և դիմացինի արժանապատվությունը հաշվի առնելով, թե՞ մեր տարաձայնությունները հեշտությամբ վերածվում են բուռն վեճերի» (Եփեսացիս 4։29, 31)։ Եթե մտադիր ես ամուսնանալ, զգույշ մնա գոռոզ և համառ անձնավորությունից, որ երբեք չի զիջում, շարունակ ինչ–որ բան է պահանջում և կերպեր է փնտրում, որ ամեն բան իր ասածով լինի։
ՊԱՐԶԻՐ ՆԱԽՕՐՈՔ
16, 17. Ի՞նչ հատկությունների վրա կարող են ուշադրություն դարձնել տղամարդն ու կինը ապագա կողակից ընտրելիս։
16 Աստվածաշունչն ասում է, որ նրանք, ովքեր պետք է պատասխանատվություն կրեն քրիստոնեական ժողովում, նախ պետք է «փորձուին» (Ա Տիմոթէոս 3։10)։ Նույն սկզբունքը կարող եք կիրառել նաև դուք։ Օրինակ՝ ամուսնանալու մտադրություն ունեցող կինը կարող է հետևյալ հարցերի շուրջ մտածել. «Ի՞նչ հեղինակություն է վայելում այս անձնավորությունը շրջապատում, ո՞ւմ հետ է ընկերություն անում, կարողանո՞ւմ է ինքն իրեն կառավարել, ինչպե՞ս է վերաբերվում ծերերին, ի՞նչ ընտանիքից է, ինչպիսի՞ փոխհարաբերություններ ունի իր հարազատների հետ, ինչպե՞ս է վերաբերվում դրամին, չի՞ չարաշահում արդյոք ոգելից խմիչքը, արդյո՞ք շուտ բռնկվելու, գուցե նույնիսկ դաժանություն դրսևորելու հակում ունի, ի՞նչ պատասխանատվություններ է կրում ժողովում և ինչպե՞ս է դրանք կատարում, և վերջապես՝ կարո՞ղ եմ խորը հարգանք տածել նրա հանդեպ (Ղեւտացոց 19։32; Առակաց 22։29; 31։23; Եփեսացիս 5։3–5, 33; Ա Տիմոթէոս 5։8; 6։10; Տիտոս 2։6, 7)։
17 Իսկ ամուսնանալու մտադրություն ունեցող տղամարդը կարող է այսպիսի հարցերի շուրջ մտածել. «Արդյոք այս կինը սեր ու հարգանք տածո՞ւմ է Աստծո նկատմամբ։ Ինչպիսի՞ տնային տնտեսուհի կարող է լինել նա։ Ի՞նչ սպասելիքներ կունենան մեզանից նրա հարազատները։ Խելամի՞տ անձնավորություն է, աշխատասե՞ր է, խնայո՞ղ է։ Ինչի՞ց է սովորաբար խոսում։ Անկեղծորեն հոգատարություն դրսևորո՞ւմ է ուրիշների հանդեպ, թե՞ կենտրոնացած է միայն իր եսի շուրջ. կամ գուցե չափից դուրս հետաքրքրասե՞ր է և սիրում է խառնվել ուրիշների գործերին։ Վստահելի՞ է։ Պատրա՞ստ է արդյոք ենթարկվելու ամուսնու գլխավորությանը, թե՞ համառ է, գուցեև քմահաճ» (Առակաց 31։10–31; Ղուկաս 6։45; Եփեսացիս 5։22, 23; Ա Տիմոթէոս 5։13; Ա Պետրոս 4։15)։
18. Ինչի՞ մասին է հարկավոր հիշել, երբ մտերմության շրջանում ի հայտ են գալիս ձեր խառնվածքին հատուկ աննշան թերություններ։
18 Այնուհանդերձ, չմոռանաս, որ քո ընտրյալը Ադամի անկատար սերնդից է և ոչ թե սիրավեպից դուրս եկած հերոս կամ հերոսուհի։ Բոլոր մարդիկ էլ թերություններ ունեն, և դրանցից մի քանիսը, որ հատուկ են քեզ կամ քո ապագա կողակցին, արժե անտեսել (Հռովմայեցիս 3։23; Յակոբոս 3։2)։ Բացի այդ, թերությունները, եթե մարդն, իհարկե, դրանք գիտակցում է, կարող են նրան հնարավորություն տալ հոգևորապես աճելու։ Ենթադրենք՝ մտերմության շրջանում որևէ տարաձայնություն է ծագում։ Սարսափելի ոչինչ չկա. չէ՞ որ նույնիսկ իրար սիրող ու հարգող մարդիկ են երբեմն տարբեր կարծիքներ ունենում (համեմատի՛ր Ծննդոց 30։2; Գործք 15։39)։ Գուցե ձեզ երկուսիդ էլ հարկավոր է մի փոքր ավելի «զսպել [ձեր] ոգին» և սովորել ավելի խաղաղ ճանապարհով հարթել խնդիրները (Առակաց 25։28)։ Արդյո՞ք ապագա կողակիցդ ցանկություն ունի ուղղվելու։ Իսկ դո՞ւ։ Գուցե կարիք ունես սովորելու ամեն ինչ սրտիդ մոտիկ չընդունել և շուտ չվիրավորվե՞լ (Ժողովող 7։9)։ Սովորելով հարթել խնդիրները՝ կարող եք անկեղծ հաղորդակցության հիմք դնել, ինչը հատկապես կարևոր է, եթե որոշել եք ամուսնանալ (Կողոսացիս 3։13)։
19. Ի՞նչ խոհեմ քայլի պետք է դիմել, եթե մտերմության շրջանում լուրջ խնդիրներ են ի հայտ գալիս։
19 Սակայն ինչպե՞ս վարվել, եթե նկատում ես այնպիսի թերություններ, որոնք քեզ մեծ մտահոգություն են պատճառում։ Սա արդեն լուրջ խորհրդածության առարկա է։ Որքան էլ սիրահարված լինես, որքան էլ մեծ լինի ամուսնանալու ցանկությունդ, պետք չէ աչք փակել լուրջ թերությունների վրա (Առակաց 22։3; Ժողովող 2։14)։ Եթե հանդիպում ես այնպիսի մեկի հետ, ում հանդեպ լուրջ կասկածներ ունես, ապա իմաստուն կլինի դադարեցնել այդ մտերմությունը, քանի դեռ հրապարակավ խոստում չես տվել և կյանքդ չես կապել այդ անձնավորության հետ։
ՄԱՔՈՒՐ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՄՏԵՐՄՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ
20. Ինչպե՞ս կարող է չամուսնացած զույգը մտերմության ընթացքում բարոյապես մաքուր վարք դրսևորել։
20 Ինչպե՞ս կարելի է մտերմության շրջանում մաքուր փոխհարաբերություններ պահպանել։ Նախ՝ համոզվիր, որ ձեր վարքը բարոյական տեսանկյունից մաքուր է։ Արդյո՞ք իրար ձեռք բռնելը, համբուրվելը կամ գրկախառնվելը ձեր բնակության վայրում պատշաճ է համարվում չամուսնացած զույգերի համար։ Նույնիսկ եթե սիրո նման արտահայտումները անհավանության չեն արժանանում, դրանք թույլատրելի են միայն այն դեպքում, երբ հարաբերությունները զարգացել են այն աստիճան, որ ամուսնությունը հաստատ պլանավորված է։ Զգույշ եղեք, որ դրանք չտանեն անմաքուր վարքի կամ նույնիսկ պոռնկության (Եփեսացիս 4։18, 19; համեմատի՛ր Երգ Երգոց 1։2; 2։6; 8։5, 9, 10)։ «Խորամանկ է սիրտը», ուստի խոհեմ կլինեք, եթե խուսափեք իրար հետ մենակ մնալուց տանը, մեքենայի մեջ կամ այլ տեղերում, որտեղ կարող են անվայել վարքի համար բարենպաստ պայմաններ ստեղծվել (Երեմիա 17։9)։ Մտերմության շրջանում բարոյապես մաքուր փոխհարաբերություններ պահելով՝ պարզորոշ ցույց կտաք, որ կարողանում եք ինքներդ ձեզ կառավարել և ուրիշի բարօրությունը մեծահոգաբար ավելի բարձր դասել սեփական ցանկություններից։ Սակայն ամենակարևորն այն է, որ մտերմության շրջանում մաքուր փոխհարաբերություններ պահպանելով՝ կուրախացնեք Եհովա Աստծուն, որն իր ծառաներին պատվիրում է հեռու մնալ անմաքուր վարքից ու պոռնկությունից (Գաղատացիս 5։19–21)։
21. Ի՞նչ առումով է անհրաժեշտ անկեղծ լինել մտերմության շրջանում, եթե ցանկանում եք մաքուր փոխհարաբերություններ պահպանել։
21 Երկրորդ՝ մաքուր փոխհարաբերություններ ունենալ՝ նշանակում է նաև անկեղծ լինել հաղորդակցվելիս։ Եթե ամեն բան լավ է ընթանում, և դուք մտադիր եք ամուսնանալ, անհրաժեշտ կլինի որոշ հարցեր անկեղծորեն քննարկել, ինչպես օրինակ՝ որտե՞ղ եք ապրելու։ Արդյո՞ք երկուսդ էլ աշխատելու եք։ Ի՞նչ եք մտածում երեխաներ ունենալու մասին։ Բացի այդ, նաև արդարացի կլիներ պատմել ձեր անցյալից այնպիսի դեպքեր, որոնք կարող են հետագայում որոշ ազդեցություն թողնել ամուսնության վրա։ Դրանք կարող են լինել մեծ պարտքերը կամ ինչ–որ մեկի հանդեպ պարտականությունները, առողջության հետ կապված խնդիրները, ասենք՝ ծանր հիվանդությունը, որով գուցե տառապում եք։ Քանի որ ՄԻԱՎ–ով (ՁԻԱՀ առաջացնող վիրուս) վարակվածների մոտ ախտանշանները միանգամից չէ, որ ի հայտ են գալիս, ապա ավելորդ չի լինի, եթե ամուսնացողը կամ հոգատար ծնողները խնդրեն ապագա կողակցին, որն անցյալում անկանոն սեռական կյանք է վարել կամ էլ ներերակային թմրադեղեր է ընդունել, ՁԻԱՀ–ի արյան անալիզ հանձնել։ Ախտորոշման դրական պատասխանի դեպքում վարակված անհատը չպետք է պնդի, որ փոխհարաբերությունները շարունակվեն, եթե նրա ընտրյալը այլևս չի ցանկանում դա։ Անշուշտ լավ կլինի, եթե նախկինում վտանգավոր կյանք վարած անձնավորությունը, նախքան որևէ մեկի հետ ամուսնության նպատակով մտերմություն անելը, սեփական նախաձեռնությամբ ՁԻԱՀ–ի անալիզ հանձնի։
ՀԱՐՍԱՆԻՔԸ ՄԻԱՅՆ ՍԿԻԶԲՆ Է
22, 23. ա) Ինչպե՞ս է հնարավոր հարսանիքին պատրաստվելիս հավասարակշռությունը կորցնել։ բ) Ո՞ր հավասարակշռված տեսակետին պետք է հետևել հարսանեկան արարողության և ամուսնական կյանքի մասին մտածելիս։
22 Հարսանիքին նախորդող մի քանի ամիսներին երկուսդ էլ, ամենայն հավանականությամբ, զբաղված կլինեք հարսանեկան նախապատրաստություններով։ Լարվածությունը կարելի է նվազեցնել, եթե փոքր–ինչ համեստ լինեք այդ հարցում։ Ճոխ հարսանիքը թերևս կուրախացնի ձեր բարեկամներին ու ընկերներին, սակայն նորապսակներին և նրանց ընտանիքներին այն կարող է ֆիզիկական և ֆինանսական առումով մեծ վնաս հասցնել։ Խելամիտ է տեղի սովորույթների համաձայն վարվելը, սակայն երբ սկսում են դրանց կուրորեն հետևել կամ էլ մրցակցության ոգի ցուցաբերել, արդյունքում՝ նախ միջոցառումն է կորցնում իր բուն նշանակությունը, ապա դուք եք զրկվում այն ուրախությունից, որ պետք է ունենայիք։ Ու թեև կարևոր է հաշվի առնել ուրիշների զգացումները, սակայն հարսանեկան խնջույքի համար առաջին հերթին պատասխանատվություն պետք է կրի փեսացուն (Յովհաննէս 2։9)։
23 Հիշեք, որ հարսանիքը միայն մեկ օրվա արարողություն է, իսկ ձեր ամուսնությունը տևելու է երկար տարիներ՝ ձեր ողջ կյանքի ընթացքում։ Աշխատեք չափից դուրս չկենտրոնանալ ամուսնության բուն արարողության վրա։ Փոխարենը՝ փնտրեցեք Եհովա Աստծո առաջնորդությունը և մտածեք ընտանեկան կյանքի ապագայի մասին։ Այդժամ պատրաստված կլինեք երջանիկ ամուսնության։
a Սա վերաբերում է այն երկրներին, որտեղ քրիստոնյաների համար ընդունելի է ժամադրվելը։
b Նույնիսկ քրիստոնեական ժողովում կարող են լինել այնպիսի անհատներ, ովքեր շատ քիչ մասնակցություն են բերում ժողովի գործունեության մեջ։ Աստծուն սրտանց ծառայելու փոխարեն՝ նրանք թերևս ենթարկվում են այս աշխարհին հատուկ մտածելակերպի և վարքագծի ազդեցությանը (Յովհաննէս 17։16; Յակոբոս 4։4)։