ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ
Երբ ամուսնությունը քայքայման եզրին է
1, 2. Ի՞նչ հարցի շուրջ կարելի է խորհրդածել, եթե ամուսնությունը քայքայման եզրին է։
ՀԱԶԱՐ ինը հարյուր ութսունութ թվականն էր։ Լուչիա անունով իտալացի մի կին ծանր հուսահատության մեջ էր։a Տասը տարվա համատեղ կյանքից հետո նրա ամուսնությունը քայքայման եզրին էր։ Մինչ այդ՝ մեկ անգամ չէ, որ փորձել էր հաշտվել ամուսնու հետ, սակայն ոչինչ չէր ստացվել։ Այժմ իր և ամուսնու բնավորությունների անհամատեղելիության պատճառով հեռացել էր նրանից և ստիպված էր միայնակ դաստիարակել իր երկու աղջիկներին։ «Համոզված էի,— պատմում է Լուչիան,— որ այլևս ոչինչ չի կարող փրկել մեր ամուսնությունը»։
2 Եթե ամուսնական կյանքում դուք էլ խնդիրներ ունեք, ապա թերևս հասկանաք Լուչիայի ապրումները։ Միգուցե ձեր համատեղ կյանքում ամեն բան չէ, որ հարթ է ընթանում, ու երևի թե մտածում եք՝ մի՞թե հնարավոր է այն շարունակել։ Եթե իրավիճակն իրոք այդպիսին է, ապա օգտակար կլիներ խորհրդածել՝ հետևե՞լ եմ Աստվածաշնչի իմաստուն խորհուրդներին, որ Աստված տվել է մարդկանց որպես օգնություն՝ ամուսնական կյանքում հաջողության հասնելու (Սաղմոս 119։105)։
3. Չնայած ամուսնալուծությունն այսօր խիստ տարածված երևույթ է, սակայն ինչպե՞ս է այն անդրադառնում ամուսնալուծվածների և նրանց ընտանիքի անդամների վրա։
3 Երբ կնոջ և ամուսնու հարաբերություններում լուրջ լարվածություն է առաջանում, թվում է, թե այդ վիճակից դուրս գալու ամենահեշտ ելքը ամուսնալուծվելն է։ Չնայած շատ երկրներում ամուսնալուծության կտրուկ աճ է նկատվում, հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ ամուսնալուծված կանանց և տղամարդկանց մեծ մասը զղջում է իր կատարած քայլի համար։ Ի տարբերություն նրանց, ովքեր ունեն կողակիցներ, ամուսնալուծվածների մեջ գնալով ավելանում է ֆիզիկական և հոգեկան հիվանդություններով տառապողների թիվը։ Իսկ երեխաները դեռ երկար ժամանակ իրենց շփոթված ու ճնշված են զգում։ Ամուսնալուծությունը ծանր են տանում նաև ամուսնալուծվող անհատների ծնողներն ու ընկերները։ Իսկ ինչպե՞ս է դրան վերաբերվում ամուսնության Հիմնադիրը՝ Աստված։
4. Ինչպե՞ս կարելի է լուծել ամուսնական հարաբերություններում առաջ եկած խնդիրները։
4 Նախորդ գլուխներում արդեն խոսվեց այն մասին, որ Աստծո նպատակն էր, որ ամուսնական միությունը լիներ հարատև (Ծննդոց 2։24)։ Այդ դեպքում, ինչո՞ւ են այսքան շատ ամուսնություններ քայքայվում։ Ոչ մի բան հանկարծակի տեղի չի ունենում. սովորաբար նախազգուշացնող նշաններ են լինում։ Ամուսնական հարաբերություններում ծագող աննշան խնդիրները երբեմն կարող են աճել ու աճել, մինչև որ սկսեն ուղղակի անհաղթահարելի թվալ։ Սակայն եթե ճիշտ ժամանակին այդ խնդիրները լուծվեն Աստվածաշնչի օգնությամբ, ապա հնարավոր է՝ շատ ամուսնալուծություններ կանխվեն։
ԵՂԵՔ ԻՐԱՏԵՍ
5. Ո՞ր ռեալ իրավիճակին պետք է սթափ նայել ամուսնական կյանքում։
5 Երբեմն խնդրո առարկա կարող են դառնալ ամուսիններից մեկի կամ միաժամանակ երկուսի անիրականալի սպասումները։ Սիրավեպերը, հանրաճանաչ պարբերագրերը, հեռուստահաղորդումներն ու կինոնկարները մարդկանց մեջ հույսեր ու երազանքներ են ծնում, որոնք շատ հեռու են իրական կյանքից։ Երբ այդ երազանքներն այդպես էլ անիրագործելի են մնում, անհատն իրեն զգում է խաբված, չբավարարված և նույնիսկ դառնացած։ Հետևաբար ինչպե՞ս կարող են երկու անկատար մարդիկ երջանկություն գտնել իրենց համատեղ կյանքում։ Լավ փոխհարաբերություններ ձեռք բերելու համար ջանքեր են պահանջվում։
6. ա) Ի՞նչ հավասարակշռված տեսակետ է առաջարկում Աստվածաշունչը ամուսնության վերաբերյալ։ բ) Որո՞նք են ամուսնական կյանքում առաջ եկող տարաձայնությունների որոշ պատճառները։
6 Աստվածաշունչը գործնական գիրք է։ Այն համամիտ է, որ ամուսնական կյանքում մարդիկ իրոք ուրախություն են գտնում, սակայն նաև նախազգուշացնում է, որ ամուսնացողները «մարմնի նեղութիւն կ’ունենան» (Ա Կորնթացիս 7։28)։ Ինչպես արդեն նշվեց, թե՛ ամուսինը և թե՛ կինը անկատար են ու մեղանչելու հակում ունեն։ Երկուսն էլ մտավոր և էմոցիոնալ առումով իրարից տարբեր են և տարբեր դաստիարակություն են ստացել։ Նրանց միջև կարող են տարաձայնություններ առաջ գալ՝ կապված դրամի հետ, ինչպես նաև երեխաներին կամ էլ իրենց հարազատներին վերաբերող հարցերում։ Եթե ամուսինները միասին քիչ ժամանակ են անցկացնում կամ պրոբլեմներ ունեն սեռական կյանքում, ապա դրանք ևս կոնֆլիկտների պատճառ կարող են դառնալ։b Այս ամենը հաղթահարելու համար ժամանակ է հարկավոր, սակայն պետք չէ հուսահատվել։ Ամուսնական զույգերի մեծ մասն ի վիճակի է նման խնդիրներ դիմագրավելու և այնպիսի լուծումներ գտնելու, որ բավարարեն թե՛ մեկին, թե՛ մյուսին։
ՔՆՆԱՐԿԵՔ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7, 8. Եթե ամուսինների միջև տարաձայնություններ են առաջացել, կամ նրանց մեջ վիրավորված զգացմունքներն են խոսում, ապա ինչպե՞ս կարող են նրանք Աստվածաշնչի օգնությամբ հարթել այդ խնդիրները։
7 Շատերի համար դժվար է հանգստություն պահպանել, երբ խոսում են իրենց վիրավորված զգացմունքների, տարաձայնությունների արդյունքում առաջ եկած թյուրիմացությունների կամ էլ իրենց կատարած սխալների մասին։ Փոխանակ ասելու՝ ինձ թվում է՝ դու ինձ չհասկացար, անհատը կարող է վրդովվել ու խնդիրն ավելի բարդացնել։ «Միայն ք՛ո մասին ես մտածում։ Դու ինձ չե՛ս սիրում»,— ասում են շատերը։ Չցանկանալով վեճն ավելի բորբոքել՝ մյուս կողակիցը գուցե պարզապես լռում է։
8 Մինչդեռ շատ ավելի իմաստուն կլինի հետևել աստվածաշնչյան խորհրդին. «Եթէ բարկանաք՝ մեղք մի՛ գործէք, արեւը ձեր բարկութեանը վրայ մարը թող չմտնէ» (Եփեսացիս 4։26, ԱԱ)։ Վաթսուն տարի համատեղ կյանք վարած մի զույգի հարց տվեցին, թե ո՞րն է արդյոք նրանց երջանիկ ամուսնության գաղտնիքը։ Ահա թե ինչ պատասխանեց ամուսինը. «Մեզ համար սովորություն է դարձել անկողին չմտնել, քանի դեռ չենք հարթել մեր տարաձայնությունը՝ անկախ այն բանից՝ մանրուք է այն, թե՝ ոչ»։
9. ա) Ըստ Աստվածաշնչի՝ ի՞նչն է անչափ կարևոր հաղորդակցվելիս։ բ) Հաճախ ինչպե՞ս պետք է վարվեն ամուսինները, նույնիսկ եթե դրա համար քաջություն և խոնարհություն է պահանջվում։
9 Երբ ամուսինները համակարծիք չեն, յուրաքանչյուրը պետք է «շուտ լինի լսելու համար, եւ ծանր՝ խօսելու համար, եւ ծանր՝ բարկանալու համար» (Յակոբոս 1։19)։ Միմյանց ուշադրությամբ լսելուց հետո երկուսն էլ պետք է հասկանան, որ հարկավոր է ներողություն խնդրել (Յակոբոս 5։16)։ Խոնարհություն և քաջություն է պահանջվում անկեղծորեն ասելու՝ ներիր, որ քեզ ցավ պատճառեցի։ Նման ճանապարհով խնդիրներ հարթելը միմիայն նրանց օգտին է ծառայում, քանզի օգնում է ոչ միայն լուծել խնդիրները, այլև ջերմ ու մտերիմ փոխհարաբերություններ զարգացնել, որոնք թույլ կտան նրանց հաճույքով վայելելու միմյանց ընկերակցությունը։
ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
10. Կորնթացի քրիստոնյաներին ուղղած՝ Պողոս առաքյալի ո՞ր խորհուրդը կարող է պաշտպանիչ դեր խաղալ մեր օրերի քրիստոնյաների համար։
10 Կորնթացիներին ուղղած իր նամակում Պողոս առաքյալը խորհուրդ էր տվել ամուսնանալ, ‘որպեսզի պոռնկության մեջ չընկնել’ (Ա Կորնթացիս 7։2, ԱՆԹ)։ Ներկայիս աշխարհի բարքերն այսօր նույնքան, եթե ոչ ավելի, ապականված են, որքան հին Կորնթոսում էր։ Ամենուրեք բացահայտորեն քննարկվող անպարկեշտ թեմաները, անհամեստ հագուկապը, պարբերագրերում ու գրքերում, հեռուստածրագրերում ու ֆիլմերում ներկայացվող հեշտասիրական պատմությունները՝ բոլորն էլ ուղղված են այն բանին, որ մարդկանց մեջ անթույլատրելի սեռական ցանկություններ արթնացնեն։ Համանման պայմաններում ապրող կորնթացիներին Պողոս առաքյալը գրել է. «Լաւ է ամուսնանալ, քան կրքով այրուել» (Ա Կորնթացիս 7։9, ԷԹ)։
11, 12. ա) Ի՞նչ պարտք ունեն կատարելու ամուսիններն իրար նկատմամբ, և ինչպե՞ս պետք է դրան վերաբերվեն։ բ) Ինչպե՞ս ճիշտ կլինի վարվել, եթե ամուսնական պարտքի կատարումը ժամանակավորապես հետաձգվում է։
11 Ուստի Աստվածաշունչն ամուսնացած քրիստոնյաներին հորդորում է. «Մարդը թող իր կնկայ պարտքը վճարէ. եւ այնպէս էլ կինն իր մարդին» (Ա Կորնթացիս 7։3)։ Ուշադրություն դարձրեք այն բանին, որ այստեղ շեշտը դրված է ոչ թե պահանջելու, այլ տալու վրա։ Ամուսնական հարաբերություններում ֆիզիկական մերձեցումն իսկական բավարարություն է պատճառում միայն այն դեպքում, եթե կողակիցներից յուրաքանչյուրը մտածում է մյուսի բարօրության մասին։ Աստվածաշունչն, օրինակ, հորդորում է ամուսիններին «իմաստութիւնով» վարվել իրենց կանանց հետ (Ա Պետրոս 3։7)։ Սա հատկապես կարևոր է ամուսնական պարտքը տալու և ստանալու հարցում։ Եթե կինը ամուսնու կողմից նուրբ վերաբերմունք չի տեսնում, ապա դժվար թե ամուսնական հարաբերությունների այս ոլորտում նա ուրախություն գտնի։
12 Երբեմն կողակիցները ստիպված են լինում ամուսնական պարտքի կատարման հարցում մերժել իրար։ Այդպես է վարվում կինը ամսվա որոշակի օրերին կամ էլ երբ շատ հոգնած է լինում (համեմատի՛ր Ղեւտացոց 18։19)։ Միգուցե այդպես է վարվում նաև ամուսինը, երբ աշխատանքի վայրում անախորժություններ է ունեցել ու հոգեպես ընկճված է։ Երբ հարկ է լինում այս առումով ժամանակավորապես հեռու մնալ իրարից, ապա լավագույն միջոցը այդ մասին անկեղծորեն խոսելն է, որպեսզի ամեն բան լինի «փոխադարձ համաձայնությամբ» (Ա Կորնթացիս 7։5, ԱՆԹ)։ Դա թույլ չի տա, որ ամուսինները հապճեպ եզրակացություններ անեն։ Սակայն եթե կինը համառորեն մերժում է ամուսնուն, կամ եթե ամուսինը դիտավորյալ չի ցանկանում սիրով կատարել իր ամուսնական պարտքը, ապա առիթի դեպքում նրանց դժվար կլինի դեմ կանգնել գայթակղությանը։ Նման իրավիճակում պրոբլեմներն անխուսափելի են։
13. Ի՞նչ կարող են անել քրիստոնյաներն իրենց միտքը մաքուր պահելու համար։
13 Ինչպես և բոլոր քրիստոնյաները, Աստծո ամուսնացած ծառաները ևս պետք է հեռու մնան պոռնկագրությունից, որն անմաքուր ու անբնական ցանկություններ կարող է առաջ բերել նրանց մեջ (Կողոսացիս 3։5)։ Նրանք պետք է հսկեն նաև իրենց մտքերն ու վարվելակերպը հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելիս։ Հիսուսը նախազգուշացրել է. «Ամեն ով որ մի կնկայ վերայ մտիկ տայ նորան ցանկանալու համար, նա արդէն շնացավ նորա հետ իր սրտի մէջ» (Մատթէոս 5։28)։ Կիրառելով սեռական հարաբերությունների վերաբերյալ սուրբգրային խորհուրդները՝ ամուսնացած զույգերը կկարողանան դեմ կանգնել գայթակղություններին և խուսափել շնություն գործելուց։ Նրանք կարող են շարունակել վայելել ամուսնական կյանքի այս ինտիմ հարաբերությունները և ընդունել դա որպես օգտակար նվեր՝ տրված ամուսնության Հիմնադրի՝ Եհովա Աստծո կողմից (Առակաց 5։15–19)։
ԱՊԱՀԱՐԶԱՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԻՄՔԸ
14. Ի՞նչ տխուր կացության մեջ են երբեմն հայտնվում քրիստոնյաները։ Ինչո՞ւ։
14 Ուրախալի է, որ քրիստոնյա ամուսիններին հիմնականում հաջողվում է լուծել ընտանեկան խնդիրները։ Սակայն պատահում է և հակառակը։ Քանի որ մարդիկ անկատար են և ապրում են Սատանայի իշխանության տակ գտնվող այս մեղավոր աշխարհում, ամուսնությունները երբեմն հայտնվում են կործանման շեմին (Ա Յովհաննէս 5։19)։ Ինչպե՞ս վարվեն քրիստոնյաները նման ծանր կացության մեջ հայտնվելիս։
15. ա) Ո՞րն է ամուսնալուծվելու և հետագայում կրկին ամուսնանալու աստվածաշնչյան միակ հիմքը։ բ) Ինչո՞ւ են ոմանք որոշում պահպանել իրենց ամուսնությունը՝ չնայած կողակցի անհավատարմությանը։
15 Ինչպես արդեն նշվեց մեր գրքի երկրորդ գլխում, ըստ Աստվածաշնչի՝ ամուսնալուծության միակ պատճառը, որ մարդուն նաև թույլ է տալիս կրկին ամուսնանալու, պոռնկությունն էc (Մատթէոս 19։9)։ Եթե կողակցիդ անհավատարմության մասին հստակ ապացույցներ ունես, ապա դժվար որոշում կայացնելու առջև ես կանգնած. շարունակե՞լ համատեղ կյանքը, թե՞ բաժանվել։ Այստեղ սահմանված կանոններ չկան։ Որոշ քրիստոնյաներ ամբողջությամբ ներել են անկեղծորեն զղջացող իրենց կողակցին, և իրենց պահպանված ամուսնությունը հետագայում ուրախություն է բերել։ Ուրիշներն էլ որոշել են պահպանել ամուսնությունը հանուն երեխաների։
16. ա) Ի՞նչ պատճառներից ելնելով են ոմանք որոշում ամուսնալուծվել իրենց մեղք գործած կողակցից։ բ) Ինչո՞ւ ոչ ոք իրավունք չունի քննադատելու անմեղ կողմին, երբ վերջինս որոշում է ամուսնալուծվել կամ էլ շարունակել ապրել կողակցի հետ։
16 Մյուս կողմից՝ մեղավոր արարքը գուցե հղիության կամ էլ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդության պատճառ է դարձել։ Կամ գուցե երեխաներին է պետք պաշտպանել մանկապիղծ ծնողից։ Պարզ է, որ, նախքան որոշում կայացնելը, պետք է շատ բան հաշվի առնել։ Սակայն, եթե կողակցիդ դավաճանության մասին իմանալով հանդերձ, վերականգնում ես նրա հետ սեռական հարաբերությունները, ապա դրանով ցույց ես տալիս, որ ներում ես նրան և ցանկանում ես շարունակել ձեր համատեղ կյանքը։ Այս դեպքում արդեն ամուսնալուծվելու և կրկին ամուսնանալու վերաբերյալ աստվածաշնչյան հիմքը այլևս չի գործում։ Ոչ ոք չպետք է հետաքրքրասիրություն դրսևորի և փորձի որևէ կերպով ազդեցություն գործել քո որոշման վրա և ոչ ոք իրավունք չունի քննադատելու քո կայացրած որոշումը։ Դու ինքդ ես որոշում կայացրել և ինքդ էլ պետք է կրես դրա հետևանքները։ «Ամեն մէկն իր բեռը պիտի վեր առնէ» (Գաղատացիս 6։5)։
ԻՐԱՐԻՑ ԱՆՋԱՏ ԱՊՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ
17. Եթե պոռնկություն չի գործվել, ի՞նչ պայմաններ է առաջ քաշում Աստվածաշունչը անջատ ապրելու կամ ամուսնալուծության վերաբերյալ։
17 Կա՞ն արդյոք դեպքեր, երբ կարելի է արդարացնել անջատ ապրելը, գուցե նաև ամուսնալուծվելը, նույնիսկ եթե կողակիցը պոռնկություն չի գործել։ Այո, այդպիսի դեպքեր կան, սակայն նման դեպքերում քրիստոնյան ազատ չէ՝ իր համար նոր կողակից փնտրելու (Մատթէոս 5։32)։ Չնայած Աստվածաշունչը թույլ է տալիս անջատ ապրել, բայց և միաժամանակ պայման է դնում, որ հեռացող կողմը «առանց ամուսնանալու մնայ՝ կամ իր մարդին հետ հաշտուի» (Ա Կորնթացիս 7։11)։ Ո՞ր ծայրահեղ դեպքերում կարող է անջատ ապրելու որոշումը ողջամիտ քայլ համարվել։
18, 19. Ո՞ր ծայրահեղ դեպքերում անհատը կարող է ողջամիտ համարել անջատ ապրելու օրինական իրավունք ստանալը կամ ամուսնալուծվելը՝ չնայած այն բանին, որ չի կարող նորից ամուսնանալ։
18 Ընտանիքը կարող է գոյության միջոցներից զրկվել ամուսնու բացահայտ ծուլության կամ վնասակար հակումների պատճառով։d Գուցե նա մոլեխաղերում վատնում է ընտանիքի եկամուտը կամ այն ծախսում է թմրանյութերի ու ոգելից խմիչքների վրա։ Աստվածաշունչն ասում է. «Եթէ մէկը.... [«իր ընտանիքին», ԱԱ] համար խնամք չ’տանի, նա հաւատքիցն ուրացած է եւ անհաւատից էլ չար է» (Ա Տիմոթէոս 5։8)։ Եթե նման անձնավորությունը չի կամենում փոխվել և իր ցանկությունները բավարարելու համար գուցե նույնիսկ վատնում է կնոջ աշխատած գումարը, ապա կինը՝ ի նպաստ իր և երեխաների բարօրության, կարող է նախընտրել անջատ ապրել կամ օրենքով սահմանված կարգով անջատ ապրելու իրավունք ձեռք բերել։
19 Այս օրինական քայլի մասին կարելի է մտածել նաև այն դեպքում, երբ ամուսինը ծայրահեղ դաժանությամբ է վերաբերվում կողակցին, հաճախակի ծեծում է ու ֆիզիկական վնասվածքներ պատճառում, որի հետևանքով կնոջ առողջությունը, գուցեև կյանքը վտանգի է ենթարկվում։ Բացի այդ, եթե ամուսիններից մեկը անդադար փորձում է դրդել մյուսին այս կամ այն ձևով խախտելու Աստծո պատվիրանները, ապա այս դեպքում ևս կարելի է մտածել առանձնանալու մասին, հատկապես երբ դեպքերն այնպես են զարգանում, որ տուժող կողմի հոգևոր առողջությունը հայտնվում է վտանգի տակ։ Վտանգի տակ գտնվող անհատը կարող է գալ այն եզրակացության, որ առավել «Աստուծոյ.... քան թէ մարդկանց» հնազանդվելու միակ հնարավորությունը օրենքով սահմանված կարգով անջատ ապրելու իրավունք ստանալն է (Գործք 5։29)։
20. ա) Ի՞նչ կարող են առաջարկել հասուն քրիստոնյա ընկերներն ու երեցները և ի՞նչ անելուց պետք է խուսափեն, եթե ընտանիքը քայքայման եզրին է։ բ) Անջատ ապրելու և ամուսնալուծության վերաբերյալ Աստվածաշնչի պարունակած տեղեկությունը ի՞նչ բանի պատրվակ չպետք է դառնա ամուսնացած անհատների համար։
20 Կողակցի կողմից ինչ աստիճան դաժան վերաբերմունքի էլ որ արժանանա անհատը, ոչ ոք իրավունք չունի ստիպելու նրան լքել կողակցին կամ հակառակը՝ շարունակել նրա հետ համատեղ ապրել։ Ու թեև հասուն քրիստոնյա ընկերներն ու երեցները կարող են օգնություն և Աստվածաշնչի վրա հիմնված խորհուրդ առաջարկել, միևնույն է, նրանք չեն կարող մանրամասնորեն տեղյակ լինել այն ամենին, ինչ տեղի է ունենում կնոջ և ամուսնու միջև։ Դա կարող է իմանալ միայն Եհովան։ Իհարկե, եթե քրիստոնյա կինը, որևէ պատրվակ բռնելով, դիմի ամուսնալուծության, ապա դրանով նա ցույց կտա իր անհարգալից վերաբերմունքը Աստծո սահմանած ամուսնության կարգադրության հանդեպ։ Սակայն, եթե տվյալ անձնավորության հետ համատեղ կյանքը շարունակելը ծայրաստիճան վտանգավոր է, ոչ ոք իրավունք չունի քննադատելու կնոջը՝ ամուսնուց հեռանալու համար։ Անշուշտ նույնը վերաբերում է նաև կնոջից անջատ ապրելու ընտրություն կատարող քրիստոնյա տղամարդուն։ «Ամենս Քրիստոսի [«Աստծո», ՆԱ] ատեանի առաջին պիտի կանգնենք» (Հռովմայեցիս 14։10)։
ԻՆՉՊԵՍ ՓՐԿՎԵՑ ՄԻ ՔԱՅՔԱՅՎԱԾ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ
21. Ո՞ր դեպքն է ցույց տալիս, որ ամուսնության վերաբերյալ Աստվածաշնչի խորհուրդները գործնականում կիրառելի են։
21 Մեր թեմայի սկզբում հիշատակված Լուչիան ամուսնուն լքելուց երեք ամիս անց հանդիպեց Եհովայի վկաներին և նրանց հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեց։ «Ի զարմանս ինձ՝ Աստվածաշնչում ես գտա իմ խնդիրների ամենագործնական լուծումները։ Ուսումնասիրությունս սկսելուց ուղիղ մեկ շաբաթ հետո մեջս ցանկություն առաջացավ հաշտվել ամուսնուս հետ։ Այսօր կարող եմ վստահորեն ասել, որ Եհովան գիտի՝ ինչպես փրկել քայքայման եզրին կանգնած ամուսնությունները, քանի որ նրա ուսուցումները օգնում են ամուսիններին հարգել միմյանց։ Ճիշտ չէ, ինչպես ոմանք են պնդում, որ Եհովայի վկաները քայքայում են ընտանիքները։ Իմ պարագայում ամեն ինչ ճիշտ հակառակն է եղել»։ Լուչիան սովորել էր աստվածաշնչյան սկզբունքները կիրառել կյանքում։
22. Ո՞ր աղբյուրին կարող են վստահել ամուսնացած զույգերը։
22 Լուչիան միակը չէ։ Ամուսնությունը պետք է օրհնություն լինի, ոչ թե՝ բեռ։ Դրա համար Եհովան տվել է իր թանկագին Խոսքը՝ ամուսնության կառույցի վերաբերյալ գրի առնված խորհուրդների լավագույն աղբյուրը։ Աստվածաշունչն «իմաստուն է անում պարզամիտին» (Սաղմոս 19։7–11)։ Այն փրկել է քայքայման եզրին կանգնած բազում ընտանիքներ և օգնել է շատ ընտանիքների, որտեղ լուրջ խնդիրներ կան, բարելավելու իրենց վիճակը։ Թող որ բոլոր ամուսնացած զույգերը ամբողջությամբ վստահեն Եհովա Աստծո տված խորհուրդներին։ Այդ խորհուրդներն իրոք որ օգտակար են։
a Անունը փոխված է։
b Այս հարցերի մի մասն արդեն քննարկվել է նախորդ գլուխներում։
c «Պոռնկություն» թարգմանված աստվածաշնչյան տերմինը ընդգրկում է ամուսնական հավատարմության խախտում, միասեռականություն, անասնապղծություն և սեռական օրգաններն ընդգրկող ցանկացած անթույլատրելի և գիտակցաբար գործած արարք։
d Սա չի վերաբերում այն դեպքերին, երբ ամուսինը ուզում է, բայց ի վիճակի չէ ապահովելու ընտանիքը իրենից անկախ հանգամանքների պատճառով, օրինակ՝ եթե նա հիվանդ է կամ չի կարողանում աշխատանք գտնել։