Ինչո՞ւ ենք մահանում
«Գիշերն իջավ անշշունջ՝ կատարներին լեռների,
Ու չի լսվում ոչ մի շունչ՝ սաղարթներից ծառերի.
Լուռ են հավքերն, անմրմունջ՝ անտառներում մոտակա.
Կաց մի քիչ էլ, լուռ ու մունջ, հանգստյան ժամդ էլ կգա»։ (Յոհան Վոլֆգանգ Գյոթե)
1, 2. ա) Ի՞նչ փափագով են ստեղծվել մարդիկ։ բ) Ինչպիսի՞ կյանք էր վայելում մարդկային առաջին զույգը։
ԱՍՏՎԱԾ ստեղծել է մարդկանց հավիտյան ապրելու փափագով։ Աստվածաշնչում ասվում է, որ նա «յաւիտենականութիւնը դրել է նորանց սրտումը» (Ժողովող 3։11)։ Սակայն Աստված հավիտյան ապրելու ցանկությամբ մարդկանց օժտելուց բացի ավելին է արել։ Նա նաև հավիտյան ապրելու հնարավորություն է տվել նրանց։
2 Մեր նախածնողները՝ Ադամն ու Եվան, ստեղծված էին կատարյալ՝ մտավոր կամ մարմնական որևէ թերությունից զերծ (Երկրորդ Օրինաց 32։4)։ Միայն պատկերացրե՛ք՝ նրանք չէին տառապում ոչ մի հիվանդությամբ, ոչնչից խուճապահար չէին լինում, և ոչ մի բան նրանց չէր անհանգստացնում։ Բացի այդ, Աստված նրանց բնակեցրել էր դրախտանման մի չքնաղ վայրում։ Աստծո նպատակն էր, որ մարդն ապրի հավիտյան, և որ ժամանակի ընթացքում Երկիրը լցվի նրա կատարյալ սերնդով (Ծննդոց 1։31; 2։15)։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ ենք մահանում։
Անհնազանդությունը հանգեցրեց մահվան
3. Ինչի՞ց էր կախված Ադամի ու Եվայի հավիտենական կյանքը։
3 Աստված պատվիրել էր Ադամին. «Պարտէզի ամեն ծառիցը համարձակ կեր. բայց բարիի եւ չարի գիտութեան ծառիցը մի ուտիր. որովհետեւ նորանից կերած օրդ մահով պիտի մեռնիս» (Ծննդոց 2։16, 17)։ Ինչպես տեսնում ենք, Ադամի ու Եվայի հավիտենական կյանքը երաշխավորված էր միայն մեկ որոշակի պայմանի դեպքում. այն կախված էր Աստծո հանդեպ նրանց հնազանդությունից։
4. Ինչո՞ւ մեղանչելուց հետո Ադամն ու Եվան կորցրին Դրախտում հավիտյան ապրելու հեռանկարը։
4 Ցավալի է, բայց Ադամն ու Եվան արհամարհեցին Աստծո հրահանգը (Ծննդոց 3։1–6)։ Իրենց արարքի պատճառով նրանք մեղավորներ դարձան, քանի որ «մեղքը ինքնին անօրինութիւն է» (Ա Յովհաննէս 3։4)։ Դրա հետևանքով՝ Ադամն ու Եվան կորցրին հավիտյան ապրելու հեռանկարը։ Ինչո՞ւ։ «Քանի որ մեղքի վարձը մահն է» (Հռովմայեցիս 6։23)։ Ուստի՝ Աստված Ադամի ու Եվայի հանդեպ դատավճիռ կայացրեց՝ ասելով. «Հող էիր դու, եւ դէպի հողը դառնաս»։ Մեր առաջին նախածնողները դուրս վտարվեցին իրենց Դրախտ–բնակավայրից։ Մեղանչած օրից սկսած՝ նրանք մտան մահվան դանդաղ, բայց կայուն ընթացքի մեջ (Ծննդոց 3։19, 23, 24)։
«Մահն ամեն մարդկանց վերայ տարածուեցաւ»
5. Մահն ինչպե՞ս տարածվեց ողջ մարդկության վրա։
5 Այժմ Ադամն ու Եվան մեղավորներ էին և մեղքը խոր հետք էր թողել նրանց գեներում։ Հետևաբար նրանք չէին կարող կատարյալ սերունդ տալ, այնպես ինչպես՝ հնարավոր չէ որակով ձուլվածք հանել անպետք կաղապարից (Յոբ 14։4)։ Իրոք, մարդկային ծնունդներն ապացուցում են, որ մեր առաջին նախածնողները կորցրել են կատարյալ առողջությունը, ինչպես նաև իրենց և իրենց սերունդների համար հավիտենական կյանքի հեռանկարը։ Պողոս առաքյալը գրել է. «Ինչպէս որ մէկ մարդով մեղքը աշխարհ մտաւ, եւ մեղքով էլ՝ մահը, այնպէս էլ բոլոր մարդկանց մէջ տարածուեց մահը, որովհետեւ բոլորն էլ մեղանչեցին» (Հռովմայեցիս 5։12; համեմատեք Սաղմոս 51։5)։
6. Ինչո՞ւ են մարդիկ մահանում։
6 Այսօր գիտնականները չեն կարողանում ստույգ ասել, թե ինչո՛ւ են մարդիկ ծերանում և մահանում։ Սակայն Աստվածաշունչը բացատրում է, որ մենք մահանում ենք, որովհետև ծնվում ենք որպես մեղավորներ՝ մեր նախածնողներից մեղք ժառանգած։ Բայց ի՞նչ է տեղի ունենում մահանալիս։