ԳԼՈՒԽ 12
Հիսուսը սովորեցնում է աղոթել
Զրուցո՞ւմ ես Եհովա Աստծո հետ։ ~ Նա ուզում է, որ դու զրուցես իր հետ։ Աստծո հետ զրույցը կոչվում է աղոթք։ Հիսուսը հաճախ էր աղոթում իր երկնային Հորը։ Երբեմն նա ցանկանում էր աղոթելիս մենակ լինել։ Աստվածաշունչը պատմում է, որ մի անգամ նա «բարձրացավ սարը՝ առանձին աղոթելու, և երբ իրիկուն եղավ, միայն ինքն էր այնտեղ» (Մատթէոս 14։23)։
Որտե՞ղ կարող ես առանձնանալ Եհովային աղոթելու համար։ ~ Երեկոյան՝ քնելուց առաջ, կարող ես առանձնանալ քո սենյակում։ Հիսուսն ասաց. «Երբ աղոթելու լինես, մտիր քո սենյակը և դուռը փակած աղոթք արա դեպի քո Հայրը» (Մատթէոս 6։6)։ Աղոթո՞ւմ ես Եհովային ամեն գիշեր՝ քնելուց առաջ։ ~ Լավ կլինի, որ այդպես անես։
Հիսուսը աղոթում էր նաև ուրիշ մարդկանց ներկայությամբ։ Երբ իր ընկեր Ղազարոսը մահացել էր, նա ուրիշների ներկայությամբ աղոթեց Աստծուն Ղազարոսի գերեզմանի մոտ (Յովհաննէս 11։41, 42)։ Իր աշակերտների հետ հանդիպումների ժամանակ Հիսուսը նույնպես աղոթում էր։ Դու ներկա լինո՞ւմ ես այնպիսի հանդիպումների, որտեղ աղոթք է ասվում։ ~ Նման հանդիպումների ժամանակ սովորաբար աղոթում է մեծերից որևէ մեկը։ Երբ նա աղոթում է, ուշադիր լսիր նրա խոսքերը, քանի որ նա քեզ համար էլ է խնդրում Աստծուն։ Ուշադիր լսելուց հետո վերջում կարող ես ասել «ամեն»։ Գիտե՞ս, թե ինչ է նշանակում այդ բառը։ ~ «Ամեն» ասելով՝ ցույց ես տալիս, որ համաձայն ես աղոթքի խոսքերին և ուզում ես, որ այդպես լինի։
Հիսուսը աղոթում էր նաև ուտելուց առաջ։ Նա շնորհակալություն էր հայտնում Աստծուն ուտելիքի համար։ Իսկ դու ուտելուց առաջ աղոթո՞ւմ ես։ ~ Լավ սովորություն է ուտելիքի համար Եհովային միշտ շնորհակալություն հայտնելը։ Եթե սեղանի շուրջ մեծեր կան, գուցե նրանցից մեկը աղոթի բոլորի անունից։ Բայց ինչպե՞ս կվարվես, եթե մենակ ճաշելու լինես, կամ՝ եթե սեղանի շուրջ նստած լինեն այնպիսի մարդիկ, ովքեր Եհովային շնորհակալություն չեն հայտնում։ ~ Նման դեպքերում դու ինքդ պետք է աղոթես։
Պարտադի՞ր է միշտ բարձրաձայն աղոթել։ Եհովան կլսի՞ քեզ, եթե մտքում աղոթես։ ~ Պատասխանը իմանալու համար քննենք մի դեպք, որ պատահել է Նեեմիայի հետ։ Նեեմիան Եհովայի երկրպագուներից էր և ծառայում էր պարսիկների թագավոր Արտաշեսի պալատում։ Մի օր նա շատ տխուր էր, քանի որ իմացել էր, որ իր երկրի մայրաքաղաքի՝ Երուսաղեմի պարիսպները քարուքանդ վիճակում են։
Երբ թագավորը հարցրեց Նեեմիային, թե ինչու է նա տխուր, մինչև պատասխանելը Նեեմիան լուռ աղոթեց Աստծուն։ Այնուհետև նա ասաց թագավորին իր տխրության պատճառը և խնդրեց, որ թույլ տա իրեն գնալ Երուսաղեմ՝ վերակառուցելու քաղաքի պարիսպները։ Ի՞նչ տեղի ունեցավ հետո։ ~
Աստված պատասխանեց Նեեմիայի աղոթքին. թագավորը թույլ տվեց նրան գնալ Երուսաղեմ։ Նա նույնիսկ շա՜տ–շա՜տ փայտ տվեց նրան՝ պարիսպների վերակառուցման համար։ Աստված պատասխանում է մեր աղոթքներին, նույնիսկ երբ դրանք մտքում ենք ասում (Նէեմիա 1։2, 3; 2։4–8)։
Այժմ պարզենք մեկ այլ հարց։ Քո կարծիքով՝ ի՞նչ դիրքով է հարկավոր աղոթել՝ գլուխը խոնարհա՞ծ, թե՞ գուցե ծնկի եկած... ~ Երբեմն Հիսուսը ծնկի եկած էր աղոթում, երբեմն՝ կանգնած։ Իսկ երբեմն էլ աղոթելիս գլուխը վեր էր բարձրացնում դեպի երկինք, ինչպես որ արեց Ղազարոսի գերեզմանի մոտ։
Ի՞նչ կարող ենք սրանից եզրակացնել։ ~ Փաստորեն՝ աղոթելիս դիրքը կարևոր դեր չի խաղում։ Երբեմն հարմար է լինում գլուխը խոնարհել և աչքերը փակել։ Ուրիշ անգամ գուցե ցանկություն ունենաս ծնկի եկած աղոթել։ Հիշիր, որ Աստծուն կարող ենք աղոթել ցանկացած ժամանակ. գիշեր լինի թե ցերեկ՝ նա լսում է մեզ։ Ամենակարևորն այն է, որ հավատանք, որ Եհովա Աստված լսում է մեզ։ Հավատո՞ւմ ես, որ Եհովան լսում է քո աղոթքները։ ~
Ի՞նչ կարող ենք ասել Եհովային մեր աղոթքներում։ ~ Երբ աղոթում ես Աստծուն, ինչի՞ մասին ես խոսում նրա հետ։ ~ Եհովա Աստված մեզ համար այնքա՜ն լավ բաներ է արել։ Եվ մենք ճիշտ կանենք, եթե շնորհակալություն հայտնենք նրան այդ ամենի համար, այդպես չէ՞։ ~ Կարող ենք շնորհակալություն հայտնել, օրինակ, ուտելիքի համար։ Իսկ երբևէ շնորհակալություն հայտնե՞լ ես նրան կապույտ երկնքի, կանաչ խոտի ու երփներանգ ծաղիկների համար։ ~ Չէ՞ որ նա է ստեղծել այդ ամենը։
Մի անգամ Հիսուսի աշակերտները խնդրեցին նրան, որ իրենց աղոթել սովորեցնի։ Մեծ Ուսուցիչը սովորեցրեց, թե ինչ կարևոր բաների մասին կարելի է աղոթել։ Իսկ դու գիտե՞ս։ ~ Վերցնենք Աստվածաշունչը և բացենք Մատթէոս 6–րդ գլուխը։ Այստեղ՝ 9–13 համարներում, գրված է այն աղոթքը, որ շատերն անվանում են «Հայր մեր» կամ «Տերունական աղոթք»։ Կարդանք այն։
Ինչպես տեսնում ենք, Հիսուսը սովորեցնում է առաջին հերթին աղոթել Աստծո անվան մասին։ Մենք պետք է աղոթենք, որ Աստծո անունը սուրբ լինի։ Ի՞նչ է Աստծո անունը։ ~ Այո, Եհովա է։ Նրա անունը պետք է թանկ լինի մեզ համար։
Հիսուսը նաև սովորեցրեց խնդրել, որ Աստծո Թագավորությունը գա։ Այդ Թագավորությունը կարևոր է, որովհետև խաղաղություն է հաստատելու երկրի վրա և այն դրախտի է վերածելու։
Մեծ Ուսուցիչը սովորեցրեց աղոթել, որ Աստծո կամքը կատարվի երկրի վրա այնպես, ինչպես կատարվել է երկնքում։ Եթե խնդրում ենք դրա մասին, ապա մենք ինքներս պետք է վարվենք Աստծո կամքի համաձայն։
Հիսուսը սովորեցրեց խնդրել Աստծուն ուտելիքի համար։ Նաև ասաց, որ նրանից ներողություն խնդրենք մեր կատարած սխալ գործերի համար։ Բայց որպեսզի Աստված մեզ ների, մենք էլ պետք է ներենք նրանց, ովքեր նեղացրել են մեզ։ Կարողանո՞ւմ ես ներել ուրիշներին։ ~
Վերջում Հիսուսը ասաց, որ խնդրենք Եհովա Աստծուն, որ մեզ պաշտպանի չարից՝ Բանսարկու Սատանայից։ Ահա թե ինչ բաների մասին լավ կլինի աղոթել։
Մենք պետք է հավատանք, որ Եհովան լսում է մեր աղոթքները։ Օգնություն խնդրելու հետ մեկտեղ՝ պետք է միշտ շնորհակալություն հայտնենք նրան։ Նա ուրախանում է, երբ անկեղծ սրտով զրուցում ենք նրա հետ ու մեր աղոթքում ճիշտ բաներ խնդրում։ Նա կտա մեզ այն ամենը, ինչ խնդրում ենք։ Հավատո՞ւմ ես դրան։ ~
Աղոթելու մասին օգտակար խորհուրդներ կարող ենք գտնել նաև Հռովմայեցիս 12։12; Ա Պետրոս 3։12 և Ա Յովհաննէս 5։14 համարներում։