ԳԼՈՒԽ 2
Ի՞նչ վատ բան կա գաղտնի ընկերություն անելու մեջ
Ջեսիկան չգիտեր՝ ինչ աներ։ Նրա դասընկերներից մեկը՝ Ջերեմին, սկսել էր հետաքրքրվել իրենով։ «Նա շատ համակրելի տղա էր,— պատմում է Ջեսիկան։— Ընկերուհիներս ասում էին, որ նրա պես լավ տղա չեմ գտնի։ Շատ աղջիկներ էին նրան առաջարկություն արել, բայց նա մերժել էր։ Նրան միայն ես էի դուր գալիս»։
Որոշ ժամանակ անց Ջերեմին Ջեսիկային առաջարկեց ժամադրվել։ Աղջիկը պատմում է. «Ես ասացի նրան, որ Եհովայի վկա եմ, ուստի ծնողներս ինձ թույլ չեն տա հանդիպել մեկի հետ, ով իմ հավատակիցը չէ։ Ջերեմին ելք առաջարկեց. «Արի գաղտնի հանդիպենք»»։
ԻՆՉՊԵ՞Ս կարձագանքեիր, եթե քեզ դուր եկած անձնավորությունը նման առաջարկություն աներ։ Գուցե զարմանաս, բայց Ջեսիկան համաձայնվեց։ «Ես համոզված էի, որ եթե հանդիպեմ նրա հետ, կսովորեցնեմ նրան սիրել Եհովային»,— ասում է նա։ Ի՞նչ եղավ հետո։ Այդ մասին կիմանանք ավելի ուշ։ Իսկ հիմա պարզենք, թե ինչպես են ոմանք ընկնում գաղտնի ընկերություն անելու ծուղակը։
Ինչու են գաղտնի հանդիպում
Ինչո՞ւ են որոշ պատանիներ սկսում գաղտնի ընկերություն անել։ Դեյվիդ անունով մի պատանի ասում է. «Նրանք գիտեն, որ ծնողները հավանություն չեն տա, դրա համար էլ չեն ասում»։ Ջեյնը այլ պատճառ է նշում. «Գաղտնի հանդիպելով՝ նրանք ուզում են ապացուցել իրենց անկախությունը։ Երբ տեսնում են, որ իրենց չեն վերաբերվում ինչպես չափահաս անհատի (ինչպիսին որ իրենք են իրենց համարում), որոշում են անել իրենց ուզածը և հաշվետու չլինել ծնողներին»։
Կարո՞ղ ես նշել այլ պատճառներ, թե ինչու են որոշ պատանիներ գաղտնի ընկերություն անում։ Գրի առ ներքևում։
․․․․․
Դու գիտես, որ Աստվածաշունչը քեզ պատվիրում է հնազանդվել ծնողներիդ (Եփեսացիներ 6։1)։ Եթե ծնողներդ դեմ են, որ դու ընկերություն անես, ուրեմն նրանք հիմնավոր պատճառներ ունեն։ Այդուհանդերձ, զարմանալի չէ, եթե քո մեջ այսպիսի մտքեր առաջանան։
● Ինձ անտեսված եմ զգում, քանի որ բոլորը, բացի ինձնից, ընկեր ունեն։
● Ինձ դուր է գալիս մի անհատ, որն իմ հավատակիցը չէ։
● Ճիշտ է, ամուսնանալու համար դեռ փոքր եմ, բայց կուզեի ընկերություն անել հավատակցիս հետ։
Դու հավանաբար գիտես, թե ծնողներդ ինչ կասեն այս մտքերի հետ կապված, և սրտիդ խորքում հասկանում ես, որ նրանք ճիշտ են։ Այդուհանդերձ, թերևս համաձայն կլինես Մանամի անունով մի աղջկա հետ, որն ասում է. «Մտերմություն անելու ցանկությունն այնքան մեծ է, որ երբեմն հազիվ եմ դիմանում։ Ոչ մեկի մտքով չի անցնում ընկերություն չանել։ Բացի այդ, մենակ այդքան էլ հետաքրքիր չէ»։ Այդ իսկ պատճառով ոմանք սկսում են ծնողներից գաղտնի ժամադրվել։ Ինչպե՞ս։
«Մեզ ասել էին, որ գաղտնի պահենք»
«Գաղտնի» բառն արդեն ենթադրում է, որ դրա մեջ որոշ չափով խաբեություն կա։ Ուստի եթե որոշել ես գաղտնի հանդիպել, առանց խաբելու չի ստացվի։ Ոմանք գաղտնի են պահում իրենց մտերմությունը՝ հիմնականում հաղորդակցվելով հեռախոսով կամ ինտերնետով։ Մարդկանց շրջապատում նրանք պարզապես ընկերներ են, մինչդեռ նրանց էլեկտրոնային նամակները, հաղորդագրություններն ու հեռախոսազանգերը բոլորովին այլ բան են ասում։
Մեկ ուրիշ խորամանկ միջոց է հավաքույթ կազմակերպելը, որպեսզի հետո զույգերով առանձնանան։ Ջեյմսը ասում է. «Մի անգամ մեզ հրավիրեցին հավաքույթի, և հետո պարզվեց, որ այդ ամենն արվել էր ընդամենը նրա համար, որ այդ խմբից երկու հոգի կարողանային իրար հանդիպել։ Մեզ ասել էին, որ գաղտնի պահենք»։
Հաճախ, ինչպես Ջեյմսն է նշում, գաղտնի մտերմությունը հնարավոր է լինում ընկերների աջակցությամբ։ Քերոլն ասում է. «Ընկերներից առնվազն մեկը տեղյակ է լինում այդ մասին, բայց ոչ մեկին չի ասում, քանի որ չի ուզում հայտնի լինել որպես բացբերան»։ Երբեմն պատանիները դիմում են բացարձակ ստի։ 17-ամյա Բեթն ասում է. «Շատերը խաբում են իրենց ծնողներին՝ ճիշտ չասելով, թե ուր են գնում»։ 19-ամյա Մեսակին խոստովանում է, որ ինքը հենց այդպես էր վարվում։ Նա պատմում է. «Ես պատմություններ էի հորինում, իսկ մյուս բոլոր հարցերում ճիշտ էի խոսում, որ չկորցնեի ծնողներիս վստահությունը»։
Գաղտնի ընկերություն անելու ծուղակները
Եթե փորձում ես գաղտնի ընկերություն անել կամ արդեն անում ես, լավ կլինի մտածես հետևյալ երկու հարցերի շուրջ։
Ինչի՞ կհասնեմ խաբելով։ Մոտ ժամանակներս մտադի՞ր ես ամուսնանալ այդ անհատի հետ։ 20-ամյա Էվանը ասում է. «Առանց ամուսնանալու մտադրության ժամադրվելը նման է ապրանք գովազդելուն, որը վաճառելու նպատակ չունես»։ Արդյո՞ւնքը։ Առակներ 13։12-ում ասվում է. «Ձգձգվող ակնկալիքը հիվանդացնում է սիրտը»։ Ուզո՞ւմ ես, որ քո հավանած անհատի սիրտը «հիվանդանա»։ Նաև մտածիր. գաղտնի ընկերություն անելով՝ դու քեզ կզրկես ծնողներիդ և այլ մարդկանց սիրալիր օգնությունից և հոգատարությունից։ Բացի այդ, հավանականությունը մեծ է, որ կընկնես անբարոյություն գործելու ծուղակը (Գաղատացիներ 6։7)։
Ի՞նչ կմտածի Եհովան իմ մասին։ Աստվածաշունչն ասում է. «Բոլոր բաները մերկ և բացահայտ են նրա աչքերի առաջ, որին մենք պետք է հաշիվ տանք» (Եբրայեցիներ 4։13)։ Ուստի եթե թաքցնում ես քո կամ ընկերոջդ ընկերությունը, հիշիր, որ Եհովան, միևնույնն է, գիտի այդ մասին։ Իսկ եթե դա անում ես՝ դիմելով խաբեության, ապա անհանգստանալու լուրջ պատճառ ունես։ Եհովա Աստված խստորեն դատապարտում է ստախոսությունը։ «Ստախոս լեզուն» այն բաների թվում է, որոնցից նա զզվում է (Առակներ 6։16–19)։
Վերջ դիր գաղտնի ընկերությանը
Անշուշտ, լավ կլինի՝ խոսես ծնողներիդ կամ որևէ հասուն քրիստոնյայի հետ այն մասին, որ գաղտնի ընկերություն ես անում։ Իսկ եթե ունես ընկեր, ով գաղտնի հանդիպում է, մասնակից մի՛ եղիր նրա գործերին՝ օգնելով գաղտնի պահելու իր ընկերությունը (1 Տիմոթեոս 5։22)։ Մի պահ մտածիր. ի՞նչ կզգաս, եթե այդ ընկերությունը վատ հետևանքներ ունենա։ Մի՞թե ինչ-որ չափով մեղավոր չես լինի։
Ենթադրենք՝ ընկերդ շաքարախտով հիվանդ է, սակայն թաքուն քաղցրավենիք է ուտում։ Ի՞նչ կանես, եթե իմանաս այդ մասին, բայց ընկերդ խնդրի քեզ ոչ ոքի չասել։ Ի՞նչը կլինի քո գլխավոր մտահոգությունը՝ նրա արածը ծածկե՞լը, թե՞ նրա կյանքը փրկելու համար քայլեր ձեռնարկելը։
Պարագան նույնն է, երբ գիտես, որ ընկերդ գաղտնի ժամադրվում է։ Մի՛ մտածիր, թե մեկընդմիշտ կկորցնես նրան։ Ժամանակի ընթացքում իսկական ընկերը կհասկանա, որ դու ամեն բան նրա օգտի համար էիր անում (Սաղմոս 141։5)։
Գաղտնի ընկերությո՞ւն, թե՞ անձնական կյանք
Ինչ խոսք, միշտ չէ, որ ընկերության հետ կապված ամեն գաղտնի բան խաբեություն է։ Ենթադրենք՝ աղջիկն ու տղան ցանկանում են ավելի լավ ճանաչել իրար, բայց ուզում են, որ որոշ ժամանակ այդ մասին շատերը չիմանան։ Հնարավոր է՝ նրանք, ինչպես նշում է Թոմաս անունով մի երիտասարդ, «չեն ուզում այսպիսի հարցեր լսել՝ «ե՞րբ եք ամուսնանալու»»։
Ուրիշների գործադրած ճնշումը կարող է վնասակար լինել (Երգերի Երգ 2։7)։ Ուստի որոշ զույգեր սկզբնական շրջանում գուցե չցանկանան մյուսներին տեղյակ պահել իրենց մտերմության մասին (Առակներ 10։19)։ 20-ամյա Աննան ասում է. «Դա զույգերին ժամանակ է տալիս պարզելու, թե արդյոք իրենք ցանկանում են ավելի խոր փոխհարաբերություններ հաստատել։ Եթե այո, ապա միայն դրանից հետո են մյուսներին ասում իրենց ընկերության մասին»։
Սակայն սխալ կլիներ թաքցնել ձեր մտերմությունը նրանցից, ովքեր իրավունք ունեն իմանալու այդ մասին, օրինակ՝ քո կամ նրա ծնողներից։ Եթե դժվարանում ես անկեղծորեն պատմել ամեն բան, ինքդ քեզ հարցրու՝ ինչո՞ւ։ Կարծում ես, որ ծնողներդ առարկելու հիմնավոր պատճա՞ռ կունենան։
«Հասկացա, թե ինչ պետք է անեմ»
Հոդվածի սկզբում հիշատակված Ջեսիկան որոշեց հրաժարվել գաղտնի ընկերությունից, երբ լսեց մեկ ուրիշ քրիստոնյայի մասին, որը հայտնվել էր նման իրավիճակում։ «Երբ լսեցի, թե ինչպես նա վերջ դրեց իր ընկերությանը, հասկացա, թե ինչ պետք է անեմ»,— ասում է նա։ Հե՞շտ էր գնալ այդ քայլին։ Ո՛չ։ Ջեսիկան ասում է. «Նա միակ տղան էր, որին երբևէ հավանել էի։ Մի քանի շաբաթ ամեն օր լաց էի լինում»։
Սակայն Ջեսիկան սիրում էր Եհովային։ Ու թեև շեղվել էր ճիշտ ուղուց, այնուամենայնիվ, սրտանց ցանկանում էր ճիշտն անել։ Ժամանակի ընթացքում բաժանման ցավն անցավ։ Ջեսիկան ասում է. «Այժմ Եհովայի հետ շատ մտերիմ փոխհարաբերություններ ունեմ։ Ես այնքա՜ն շնորհակալ եմ նրան, որ առաջնորդություն է տալիս հենց այն ժամանակ, երբ դրա կարիքն ունենք»։
Դու արդեն պատրաստ ես ընկերություն անելու և հանդիպել ես մեկին, ում հավանում ես։ Բայց ինչպե՞ս իմանաս, թե արդյոք հենց նա է քեզ համապատասխան անձնավորությունը։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ
«Ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբրայեցիներ 13։18)։
ԱՌԱՋԱՐԿ
Կարիք չկա, որ քո փոխհարաբերությունների մասին ամենուրեք հայտարարես։ Այդ մասին ասա այն մարդկանց, ովքեր իրավունք ունեն իմանալու՝ ծնողներիդ։
ԳԻՏԵԻ՞Ր
Ամուր փոխհարաբերությունների հիմքը վստահությունն է։ Գաղտնի ժամադրվելով՝ դու կկորցնես ծնողներիդ վստահությունը և կխարխլես ապագա կողակցիդ հետ փոխհարաբերությունների հիմքը։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ
Եթե գաղտնի ընկերություն եմ անում հավատակիցներից մեկի հետ, ես ․․․․․
Եթե ընկերս է գաղտնի ընկերություն անում, ես ․․․․․
Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․
Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ
● Եվս մեկ անգամ մտածիր 22-րդ էջի թավատառերով գրված երեք իրավիճակների մասին։ Երբևէ ունեցե՞լ ես այդ զգացումներից որևէ մեկը։
● Ինչպե՞ս կարող ես խնդիրը լուծել՝ առանց գաղտնի ընկերություն անելու։
● Եթե իմանայիր, որ ընկերդ գաղտնի ընկերություն է անում, ի՞նչ կանեիր և ինչո՞ւ։
[մեջբերում 27-րդ էջի վրա]
«Ես դադարեցի գաղտնի ընկերություն անելուց։ Ինչ խոսք, ամեն օր այդ տղային դպրոցում տեսնելը հեշտ չէր։ Բայց Եհովան մեզնից ավելի շատ բան է տեսնում։ Մենք պարզապես պետք է նրան վստահենք» (Ջեսիկա)։
[նկար 25-րդ էջի վրա]
Լռել այն մասին, որ ընկերդ գաղտնի ընկերություն է անում, նույնն է, ինչ չասել, որ շաքարախտով հիվանդը թաքուն քաղցրավենիք է ուտում