ԳԼՈՒԽ 2
«Իմ վկաները կլինեք»
Հիսուսն իր առաքյալներին պատրաստում է շարունակելու քարոզչական գործը
1-3. Հիսուսն ինչպե՞ս բաժանվեց իր առաքյալներից, և ի՞նչ հարցեր են ծագում։
ՀԻՍՈՒՍԸ հարություն է առել։ Արդեն 40 օր է, ինչ նա հայտնվում է իր հետևորդներին, կրթում ու քաջալերում նրանց։ Առաքյալների հուսալքությունը վերածվել է ցնծության։ Չէ՞ որ նորից տեսնում են իրենց Ուսուցչին։ Նրանք չեն ուզում, որ այդ օրերը վերջանան։ Բայց ավա՜ղ, դրանք ավարտին են մոտենում։
2 Առաքյալները հավաքվել են Ձիթենյաց լեռան վրա։ Նրանք լսում են Հիսուսի վերջին պատվերները՝ չցանկանալով բաց թողնել և ոչ մի բառ։ Առաքյալներն այնքան կլանված են, որ չեն զգում, թե ինչպես է թռչում ժամանակը։ Հիսուսն ավարտում է իր խոսքը, բարձրացնում ձեռքերը և օրհնում նրանց։ Ապա նրանց աչքի առաջ երկինք է բարձրանում։ Ի վերջո ամպը ծածկում է Հիսուսին։ Բայց առաքյալները կանգնած են մնում՝ աչքերը երկինք հառած (Ղուկ. 24։50; Գործ. 1։9, 10)։
3 Այս դեպքը շրջադարձային էր առաքյալների կյանքում։ Ի՞նչ էին նրանք անելու իրենց Ուսուցչի՝ երկինք համբարձվելուց հետո։ Իհարկե, նա աշակերտներին նախապատրաստել էր շարունակելու իր կարևոր գործը։ Ինչպե՞ս էր Հիսուսը դա արել։ Ինչպե՞ս արձագանքեցին աշակերտները։ Եվ ի՞նչ դասեր ենք քաղում դրանից։ «Գործեր» գրքի առաջին գլուխը ոգևորիչ պատասխաններ է տալիս։
«Հիմնավոր շատ ապացույցներ» (Գործեր 1։1-5)
4. Ղուկասն ինչպե՞ս է սկսում «Գործեր» գիրքը։
4 Թե՛ իր Ավետարանի, թե՛ «Գործեր» գրքի սկզբում Ղուկասը դիմում է ոմն Թեոֆիլոսի։a Ցույց տալով, որ երկրորդ գիրքը առաջինի շարունակությունն է՝ նա «Գործեր»-ի սկզբում մի քանի խոսքով ամփոփում է իր Ավետարանի վերջում հիշատակվող իրադարձությունները՝ մի փոքր փոխելով բառերն ու ընդգրկելով նոր մանրամասներ։
5-6. ա) Ի՞նչն էր օգնելու Հիսուսի աշակերտներին իրենց հավատը ամուր պահել։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ ճշմարիտ քրիստոնյաները ամուր հավատի հիմք ունեն նաև այսօր։
5 Ի՞նչն էր օգնելու Հիսուսի հետևորդներին իրենց հավատը ամուր պահել։ Գործեր 1։3-ում Հիսուսի մասին հետևյալն ենք կարդում. «Նա հիմնավոր շատ ապացույցների միջոցով նրանց փաստեց, որ կենդանի է»։ «Հիմնավոր ապացույցներ» արտահայտությունը Աստվածաշնչում գործածում է միայն «սիրելի բժիշկ» Ղուկասը (Կող. 4։14)։ Այդ արտահայտությունն օգտագործվում էր բժշկական աշխատություններում և ցույց էր տալիս տվյալ փաստի ստույգ, հիմնավոր ու վստահելի լինելը։ Հիսուսը հենց այդպիսի փաստեր ներկայացրեց։ Հարություն առնելուց հետո նա բազմիցս հայտնվեց իր հետևորդներին. երբեմն՝ մեկ-երկու հոգու, երբեմն էլ՝ բոլոր առաքյալներին։ Իսկ մի առիթով նա երևաց ավելի քան 500 մարդու (1 Կորնթ. 15։3-6)։ Անխոս, սրանք հիմնավոր ապացույցներ էին։
6 Այսօր նույնպես ճշմարիտ քրիստոնյաների հավատը «շատ ապացույցների» վրա է հիմնված։ Ի՞նչ ապացույցներ կան, որ Հիսուսն ապրել է երկրի վրա, մահացել է մեր մեղքերի համար և հարություն է առել։ Այդ ամենի հիմքը Աստվածաշնչում ականատեսների արձանագրածն է։ Ուսումնասիրելով այդ արձանագրությունները և աղոթքով խորհելով դրանց մասին՝ մեծապես կամրացնենք մեր հավատը։ Հիշենք, որ տարբերություն կա հավաստի փաստերի վրա հիմնված հավատի և կույր հավատի միջև։ Եթե ցանկանում ենք հավիտենական կյանք ստանալ, պետք է իսկական հավատ ունենանք (Հովհ. 3։16)։
7. Քարոզելու և ուսուցանելու հարցում Հիսուսն ի՞նչ օրինակ թողեց իր հետևորդներին։
7 Հիսուսը նաև «խոսում էր Աստծու թագավորության մասին»։ Օրինակ՝ նա բացատրում էր այն մարգարեությունները, որոնցում կանխագուշակվել էր Մեսիայի տառապանքն ու մահը (Ղուկ. 24։13-32, 46, 47)։ Երբ Հիսուսը ցույց էր տալիս, որ ինքն է Մեսիան, ուշադրություն էր հրավիրում Թագավորության վրա. չէ՞ որ նա էր նշանակված Թագավորը։ Նրա քարոզչության գլխավոր թեման Աստծու Թագավորությունն էր, ուստի նրա հետևորդներն այսօր նույն բանի մասին են քարոզում (Մատթ. 24։14; Ղուկ. 4։43)։
«Մինչև աշխարհի ծայրերը» (Գործեր 1։6-12)
8-9. ա) Ի՞նչ երկու սխալ տեսակետ ունեին առաքյալները։ բ) Հիսուսն ինչպե՞ս ուղղեց առաքյալների տեսակետը, և ի՞նչ դաս ենք քաղում դրանից։
8 Ձիթենյաց լեռան վրա Հիսուսի հետ իրենց վերջին հանդիպման ժամանակ առաքյալները մեծ հետաքրքրությամբ հարցրին. «Տե՛ր, Իսրայելի համար թագավորությունը հիմա՞ ես վերականգնելու» (Գործ. 1։6)։ Առաքյալների այս հարցը ցույց տվեց, որ նրանք սխալ տեսակետ ունեին երկու բանի վերաբերյալ։ Առաջին՝ առաքյալները կարծում էին, թե Աստծու Թագավորությունը վերականգնվելու է Իսրայելում։ Երկրորդ՝ նրանք ակնկալում էին, որ այն սկսելու է իշխել հենց այդ ժամանակ։ Հիսուսն ինչպե՞ս ուղղեց նրանց տեսակետը։
9 Հիսուսը հավանաբար գիտեր, որ կարճ ժամանակ անց առաջին հարցի վերաբերյալ առաքյալների տեսակետը ինքնաբերաբար փոխվելու էր։ Չէ՞ որ շատ շուտով՝ ընդամենը 10 օր հետո, Աստված վերջնականապես խզելու էր կապը Իսրայել ազգի հետ, և աշակերտները դառնալու էին նոր ազգի՝ հոգևոր Իսրայելի ծննդյան ականատեսը։ Այդ պատճառով Հիսուսը փորձեց ուղղել նրանց երկրո՛րդ սխալ տեսակետը՝ ասելով. «Ձեզ տրված չէ ժամանակները կամ ժամանակահատվածները իմանալ, որոնք Հայրը իր իշխանության տակ է պահում» (Գործ. 1։7)։ Այո՛, Եհովան է ժամանակի Տիրակալը։ Նախքան մահանալը Հիսուսն ասաց, որ անգամ ինքը՝ Որդին, այդ ժամանակ «օրվա և ժամի մասին» տեղյակ չէր, «միայն Հայրը» գիտեր (Մատթ. 24։36)։ Ուստի եթե այսօր քրիստոնյան սկսում է չափից շատ մտահոգվել, թե երբ է գալու այս աշխարհի վերջը, ապա, ըստ էության, նա անհանգստանում է մի բանի համար, որն իրեն չի վերաբերում։
10. Ի՞նչ մտավիճակ ունեին առաքյալները, և ինչո՞ւ պետք է ընդօրինակենք նրանց։
10 Այդուհանդերձ, մենք չպետք է վատ կարծիք կազմենք առաքյալների մասին։ Նրանք մեծ հավատի տեր մարդիկ էին և խոնարհաբար ընդունեցին իրենց սխալը։ Բացի այդ՝ առաքյալները ճիշտ մտավիճակ ունեին, թեպետ իրենց հարցից երևում էր, որ որոշ բաներ սխալ էին հասկանում։ Իրականում նրանք հետևում էին այն հորդորին, որը մի քանի անգամ տվել էր Հիսուսը՝ «արթո՛ւն եղեք» (Մատթ. 24։42; 25։13; 26։41)։ Առաքյալները հոգևորապես արթուն էին և մեծ խանդավառությամբ ուզում էին իմանալ, թե Եհովան ինչ է անելու։ Մենք նույն մտավիճակը պետք է ունենանք։ Ընդ որում՝ մեզ համար դա ավելի հրատապ է, քանի որ ապրում ենք «վերջին օրերում» (2 Տիմոթ. 3։1-5)։
11-12. ա) Ի՞նչ հանձնարարեց Հիսուսն իր աշակերտներին։ բ) Քարոզելու պատվերը տալուց առաջ Հիսուսն ինչո՞ւ հիշատակեց սուրբ ոգին։
11 Հիսուսն առաքյալներին նաև հիշեցրեց, թե որն էր լինելու նրանց գլխավոր գործը. «Դուք զորություն կստանաք, երբ սուրբ ոգին գա ձեզ վրա, և իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և մինչև աշխարհի ծայրերը» (Գործ. 1։8)։ Հիսուսի հարության մասին լուրը նախևառաջ պետք է հռչակվեր Երուսաղեմում, որտեղ նրան սպանել էին։ Երուսաղեմից այդ լուրը տարածվելու էր ողջ Հրեաստանում, հասնելու էր Սամարիա և ապա հռչակվելու էր աշխարհով մեկ։
12 Ուշագրավ է, որ Հիսուսը քարոզելու առաջադրանքը տվեց այն բանից հետո, երբ կրկին խոստացավ ուղարկել սուրբ ոգին՝ առաքյալներին օգնելու համար։ «Գործեր» գրքում Աստծու գործուն ուժը հիշատակվում է ավելի քան 40 անգամ։ Աստվածաշնչի այս գրքում բազմիցս շեշտվում է այն միտքը, որ առանց սուրբ ոգու օգնության՝ մենք չենք կարող կատարել Եհովայի կամքը։ Ուստի անչափ կարևոր է, որ կանոնավորաբար աղոթենք Աստծուն և սուրբ ոգի խնդրենք (Ղուկ. 11։13)։ Այժմ մենք դրա կարիքն ունենք առավել, քան երբևէ։
13. Որքա՞ն մեծ է Աստծու ժողովրդի քարոզչական տարածքը, և ինչո՞ւ պետք է նախանձախնդրորեն ծառայենք։
13 Ի տարբերություն առաքյալների՝ այսօր մենք բոլորովին այլ կերպ ենք ընկալում «մինչև աշխարհի ծայրերը» արտահայտությունը։ Բայց ինչպես նշվեց նախորդ գլխում, անծայրածիր քարոզչական տարածքը խոչընդոտ չէ Եհովայի վկաների համար։ Նրանք մեծ եռանդով ձեռնամուխ են եղել քարոզչական գործին՝ հասկանալով, որ Աստված ուզում է՝ ամեն տեսակ մարդիկ լսեն Թագավորության բարի լուրը (1 Տիմոթ. 2։3, 4)։ Իսկ դու նախանձախնդրորեն մասնակցո՞ւմ ես կյանքեր փրկող այդ գործին։ Իրականում ավելի իմաստալից ու գոհացուցիչ աշխատանք գոյություն չունի։ Եհովան կզորացնի քեզ, որպեսզի կարողանաս այն կատարել։ Իսկ «Գործեր» գիրքը կօգնի հմուտ քարոզիչ լինել, քանի որ այն շատ տեղեկություններ է պարունակում արդյունավետ քարոզչական մեթոդների և ճիշտ մտավիճակ ունենալու մասին։
14-15. ա) Ի՞նչ ասացին հրեշտակները Հիսուսի վերադարձի վերաբերյալ, և ի՞նչ էր դա նշանակում (տես նաև ծանոթագրությունը)։ բ) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հիսուսը վերադարձավ այն «նույն ձևով», որով հեռացել էր։
14 Ինչպես նշվեց գլխի սկզբում, երբ ամպը ծածկեց Հիսուսին իր 11 առաքյալների տեսադաշտից, նրանք մնացին կանգնած՝ ապշահար նայելով դեպի վեր։ Հանկարծ հայտնվեցին երկու հրեշտակներ և ասացին. «Ո՛վ գալիլեացի մարդիկ, ինչո՞ւ եք կանգնել ու նայում երկնքին։ Այս Հիսուսը, որ երկինք բարձրացվեց, նույն ձևով պիտի գա, ինչպես տեսաք նրան երկինք գնալիս» (Գործ. 1։11)։ Ի՞նչ նկատի ունեին հրեշտակները։ Արդյոք Հիսուսը նույն մարմնո՞վ էր վերադառնալու, ինչպես պնդում են որոշ կրոնավորներ։ Ո՛չ։ Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել դրանում։
15 Հրեշտակներն ասացին, որ Հիսուսը ոչ թե նույն մարմնով էր վերադառնալու, այլ «նույն ձևով»։b Իսկ ի՞նչ ձևով նա երկինք համբարձվեց։ Երբ հրեշտակները խոսեցին առաքյալների հետ, Հիսուսն արդեն չէր երևում։ Միայն առաքյալները տեսան ու հասկացան, որ նա թողեց երկրային ոլորտն ու գնաց իր Հոր մոտ։ Նմանապես, երբ Հիսուսը վերադարձավ որպես երկնային Թագավոր, միայն հոգևոր տեսողություն ունեցող անհատները հասկացան դա (Ղուկ. 17։20)։ Այսօր մենք էլ պետք է ջանք թափենք տեսնելու նրա ներկայության ապացույցը և ուրիշներին պատմելու այդ մասին, որպեսզի նրանք էլ իմանան, թե ինչ վճռորոշ ժամանակաշրջանում ենք ապրում։
«Ցույց տուր, թե.... որ մեկին ես ընտրել» (Գործեր 1։13-26)
16-18. ա) Գործեր 1։13, 14-ից ի՞նչ ենք սովորում քրիստոնեական հանդիպումների մասին։ բ) Ի՞նչ դաս ենք քաղում Հիսուսի մոր՝ Մարիամի օրինակից։ գ) Ինչո՞ւ է կարևոր հաճախել ժողովի հանդիպումներին։
16 Առաքյալները «մեծ ուրախությամբ վերադարձան Երուսաղեմ» (Ղուկ. 24։52)։ Նրանք պատրաստակամորեն արձագանքեցին Քրիստոսի առաջնորդությանը։ Գործեր 1։13, 14-ում կարդում ենք, որ նրանք հավաքվեցին մի «վերնասենյակում»։ Այդ ժամանակ Պաղեստինում տները հաճախ ունեին այդպիսի սենյակներ, ուր կարելի էր մտնել դրսի սանդուղքով։ Հնարավո՞ր է, որ այդ վերնասենյակը գտնվում էր Մարկոսի մոր տանը, որի մասին նշված է Գործեր 12։12-ում։ Հաստատ չգիտենք, բայց ըստ երևույթին՝ այն հավաքույթների անցկացման համար համեստ, հարմար վայր էր։ Իսկ ովքե՞ր էին ներկա այդ հանդիպմանը, և ի՞նչ էին նրանք անում։
17 Վերոհիշյալ համարներից երևում է, որ հավաքույթին ներկա էին ոչ միայն առաքյալները, այլև ուրիշ տղամարդիկ ու «մի քանի կանայք», այդ թվում՝ Հիսուսի մայրը։ Աստվածաշնչում Մարիամը վերջին անգամ հենց այս համատեքստում է հիշատակվում։ Ի՞նչ կարող ենք սովորել նրա օրինակից։ Մարիամը առանձնահատուկ պատվի չէր ձգտում, այլ իր հոգևոր եղբայրների ու քույրերի հետ խոնարհաբար մասնակցում էր հավաքույթներին և երկրպագություն մատուցում Աստծուն։ Նրա համար թերևս շատ մխիթարական էր, որ իր մյուս չորս որդիները այդ հանդիպմանն իր կողքին էին, չնայած Հիսուսի երկրային կյանքի ընթացքում չէին հավատացել նրան (Մատթ. 13։55; Հովհ. 7։5)։ Ակներևաբար իրենց եղբոր մահից ու հարությունից հետո նրանք փոխվել էին (1 Կորնթ. 15։7)։
18 Իսկ ինչո՞ւ էին աշակերտները հավաքվել. «Նրանք բոլորը միասնաբար հարատևում էին աղոթքում» (Գործ. 1։14)։ Առ այսօր քրիստոնեական հանդիպումները մեծ դեր են խաղում Հիսուսի հետևորդների մատուցած երկրպագության մեջ։ Հանդիպումների ժամանակ մենք քաջալերում ենք միմյանց, խորհուրդներ ու առաջնորդություն ենք ստանում և, ամենակարևորը, միասին պաշտում ենք մեր երկնային Հորը՝ Եհովային։ Մեր աղոթքներն ու փառաբանական երգերը շատ հաճելի են մեր Աստծուն ու կենսական են մեզ համար։ Թող որ երբեք բաց չթողնենք այս սուրբ և կերտիչ հավաքույթները (Եբր. 10։24, 25)։
19-21. ա) Պետրոսի օրինակը ինչո՞ւ է մխիթարական մեզ համար։ բ) Ինչո՞ւ էր հարկավոր նոր առաքյալ ընտրել, և ի՞նչ ենք սովորում այն բանից, թե հարցին ինչպես լուծում տրվեց։
19 Բայց մի կարևոր կազմակերպչական հարց կար, որն անհրաժեշտ էր լուծել։ Դա արվեց Պետրոսի նախաձեռնությամբ (Գործ. 1։15-26)։ Որքա՜ն մխիթարական է, որ Պետրոսը Եհովայի ձեռքում կրկին գործիք դարձավ՝ չնայած այն բանին, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ երեք անգամ ուրացել էր իր Տիրոջը (Մարկ. 14։72)։ Մենք բոլորս անկատար ենք և հակված ենք մեղքի։ Այնուամենայնիվ, Եհովան բարի է անկեղծորեն զղջացողների հանդեպ ու պատրաստ է ներելու նրանց (Սաղ. 86։5)։
20 Պետրոսը հասկացավ, որ հարկավոր էր մատնիչ Հուդայի փոխարեն նոր առաքյալ ընտրել։ Բայց ո՞ւմ։ Նոր առաքյալը պետք է ընտրվեր այն մարդկանց միջից, ովքեր ուղեկցել էին Հիսուսին նրա ծառայության ժամանակ ու եղել էին նրա հարության ականատեսները (Գործ. 1։21, 22)։ Այս միտքը համահունչ էր Հիսուսի հետևյալ խոսքերին. «Դուք.... որ հետևեցիք ինձ, կնստեք տասներկու գահերին ու կդատեք Իսրայելի տասներկու ցեղերին» (Մատթ. 19։28)։ Ակներևաբար Եհովայի նպատակն էր, որ Հիսուսը ունենար տասներկու առաքյալներ, ովքեր կհետևեին նրան երկրային ծառայության ընթացքում և հետագայում կդառնային Նոր Երուսաղեմի «տասներկու հիմնաքարերը» (Հայտն. 21։2, 14)։ Փաստորեն, Աստծու օգնությամբ Պետրոսը հասկացավ, որ հետևյալ մարգարեական խոսքերը վերաբերում էին Հուդային. «Նրա վերակացության պատասխանատվությունը թող ուրիշը վերցնի» (Սաղ. 109։8)։
21 Ինչպե՞ս կատարվեց ընտրությունը։ Մի մեթոդով, որը շատ տարածված էր աստվածաշնչյան ժամանակներում՝ վիճակ գցելով (Առակ. 16։33)։ Սակայն սա վերջին աստվածաշնչյան հիշատակումն է վիճակի միջոցով որևէ բան որոշելու մասին։ Ակներևաբար սուրբ ոգու պարգևը ստանալուց հետո առաքյալները դրա կարիքն այլևս չունեցան։ Իսկ ինչո՞ւ նրանք վիճակ գցեցին։ Մինչ այդ առաքյալներն աղոթել էին. «Դու, ո՛վ Եհովա, որ գիտես բոլորի սրտերը, ցույց տուր, թե այս երկուսից որ մեկին ես ընտրել» (Գործ. 1։23, 24)։ Նրանք ուզում էին, որ Եհովա՛ն ընտրություն կատարեր, ու նա ընտրեց Մատաթիային։ Հավանաբար նա եղել էր այն 70 աշակերտների թվում, որոնց Հիսուսն ուղարկել էր քարոզելու։ Այդպիսով՝ Մատաթիան դարձավ տասներկուսից մեկըc (Գործ. 6։2)։
22-23. Ինչո՞ւ պետք է հնազանդվենք ժողովի վերակացուներին։
22 Այս դեպքն ընդգծում է, որ Եհովան ուզում է՝ իր ժողովրդի մեջ ամեն բան կազմակերպված ձևով արվի։ Այսօր նույնպես ժողովներում կան պատասխանատվություն ունեցող տղամարդիկ՝ վերակացուներ։ Ինչպե՞ս են նրանք նշանակվում։ Երեցներն ուշադրությամբ քննում են վերակացուներին առնչվող աստվածաշնչյան պահանջները և աղոթում են սուրբ ոգու առաջնորդության համար։ Ուստի ժողովն ընդունում է, որ այդ նշանակումները տրվում են սուրբ ոգով։ Մենք պետք է միշտ հնազանդվենք ու հպատակվենք առաջնորդություն վերցնող եղբայրներին։ Այդպես ժողովում համագործակցության ոգի կտիրի (Եբր. 13։17)։
23 Հարություն առած Հիսուսին մի քանի անգամ տեսնելուց, ինչպես նաև կազմակերպչական փոփոխություններից հետո առաքյալները շատ էին զորացել ու լիովին պատրաստ էին գալիք իրադարձությանը։ Այդ մասին կխոսվի հաջորդ գլխում։
a Իր Ավետարանում Ղուկասը այդ անձնավորությանն անվանում է «պատվարժան Թեոֆիլոս», ինչից կարելի է ենթադրել, որ վերջինս բարձր խավի ներկայացուցիչ էր ու դեռևս Հիսուսի հետևորդը չէր (Ղուկ. 1։3)։ Այնինչ «Գործեր»-ում Ղուկասը նույն մարդուն դիմում է պարզապես «ո՛վ Թեոֆիլոս» խոսքերով։ Որոշ աստվածաշնչագետներ ենթադրում են, որ Ղուկասի Ավետարանը կարդալուց հետո Թեոֆիլոսը քրիստոնյա է դարձել, քանի որ «Գործեր»-ում Ղուկասը նրան դիմում է որպես հոգևոր եղբոր։
b Այս համարում գործածվում է հունարեն տրո՛պոս (ձև), և ոչ թե մորֆե՛ (տեսք, կերպարանք) բառը։
c Հետագայում Պողոսը նշանակվեց «առաքյալ.... ազգերի համար»։ Սակայն նա երբեք չդարձավ տասներկուսից մեկը (Հռոմ. 11։13; 1 Կորնթ. 15։4-8)։ Պողոսը չէր կարող ստանալ այդ հատուկ նշանակումը, քանի որ Հիսուսի երկրային ծառայության ժամանակ նրա հետևորդը չէր եղել։