ԳԼՈՒԽ 7
Ինչպես էր հռչակվում «Հիսուսի մասին բարի լուրը»
Փիլիպոսը ավետարանչի հիանալի օրինակ է թողնում
1-2. Առաջին դարում քարոզչական գործին վերջ դնելու ջանքերն ի՞նչ արդյունք բերեցին։
ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ դեմ հալածանքի մեծ ալիք է բարձրանում։ Սողոսը սկսում է «դաժանորեն խոշտանգել»՝ վայրագորեն հետապնդել Հիսուսի աշակերտներին (Գործ. 8։3)։ Նրանք փախուստի են դիմում և հեռանում են Երուսաղեմից։ Թվում է՝ Սողոսը հասել է իր նպատակին և շուտով արմատախիլ կանի քրիստոնեությունը։ Սակայն այս ամենը բոլորովին այլ արդյունք է բերում, ընդ որում՝ միանգամայն անսպասելի։
2 Երուսաղեմից հեռացող քրիստոնյաները սկսում են «Աստծու խոսքի բարի լուրը հռչակել» բոլոր այն վայրերում, ուր գնում են (Գործ. 8։4)։ Փաստորեն, հալածանքը վերջ չի դնում քարոզչական գործին։ Ընդհակառակը, հալածողները, ստիպելով աշակերտներին փախուստի դիմել, իրականում նպաստում են բարի լուրի տարածմանը հեռավոր վայրերում։ Ինչպես կտեսնենք, նման բաներ տեղի են ունեցել նաև մեր օրերում։
«Ովքեր ցիրուցան էին եղել» (Գործեր 8։4-8)
3. ա) Ո՞վ էր Փիլիպոսը։ բ) Սամարացիների մեծ մասը ինչո՞ւ չէր լսել բարի լուրը, սակայն ի՞նչ էր կանխագուշակել Հիսուսը։
3 Երուսաղեմից «ցիրուցան եղած» քրիստոնյաների թվում էր Փիլիպոսըa (Գործ. 8։4; տես «Փիլիպոս «ավետարանիչը»» շրջանակը)։ Նա գնաց Սամարիա՝ մի քաղաք, որի բնակիչները հիմնականում չէին լսել բարի լուրը։ Դրա պատճառն այն էր, որ Հիսուսը մի ժամանակ իր առաքյալներին պատվիրել էր. «Մի՛ գնացեք այլազգի մարդկանց մոտ և մի՛ մտեք սամարացիների որևէ քաղաք, այլ գնացեք Իսրայելի տան կորած ոչխարների մոտ» (Մատթ. 10։5, 6)։ Սակայն Հիսուսը գիտեր, որ կգա ժամանակ, երբ Սամարիայում նույնպես հիմնովին վկայություն կտրվի։ Երկինք համբարձվելուց առաջ նա ասել էր. «Դուք.... իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում, Սամարիայում և մինչև աշխարհի ծայրերը» (Գործ. 1։8)։
4. Սամարացիներն ինչպե՞ս արձագանքեցին Փիլիպոսի քարոզչությանը, և հավանաբար ի՞նչը նպաստեց դրան։
4 Փիլիպոսը տեսավ, որ Սամարիան, այսպես ասած, «սպիտակել է հնձի համար» (Հովհ. 4։35)։ Նա սկսեց քարոզել բարի լուրը, ինչը մաքուր օդի պես թարմություն բերեց այնտեղի բնակիչներին։ Ինչո՞ւ։ Մի պարզ պատճառով։ Հրեաները բացարձակ չէին շփվում սամարացիների հետ, հաճախ նույնիսկ արհամարհում էին նրանց։ Ի հակադրություն դրան՝ Սամարացիները տեսան, որ բարի լուրը բոլորի համար է և վարակված չէ փարիսեցիների կողմնակալ ոգով։ Փիլիպոսը տարբերություն չէր դնում մարդկանց միջև և եռանդորեն վկայություն էր տալիս բոլորին անխտիր։ Որքա՜ն էր նա տարբերվում նեղմիտ փարիսեցիներից։ Զարմանալի չէ, որ բազմաթիվ սամարացիներ «միաբան ուշադրություն էին դարձնում» Փիլիպոսի հայտնած լուրին (Գործ. 8։6)։
5-7. Պատմիր օրինակներ այն մասին, թե ինչպես է հալածանքը նպաստել բարի լուրի տարածմանը։
5 Մեր օրերում նույնպես հալածանքը չի կարողանում լռեցնել Աստծու ծառաներին։ Հալածանքի պատճառով քրիստոնյաները երբեմն բանտ են ընկել կամ փախել ուրիշ երկրներ։ Բայց դա միայն նպաստել է Թագավորության գործի առաջխաղացմանը, քանի որ այլ վայրերում ապրող մարդկանց հնարավորություն է ընձեռվել լսելու բարի լուրը։ Օրինակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Եհովայի վկաները կարողացան հիանալի վկայություն տալ նացիստական համակենտրոնացման ճամբարներում։ Ահա թե ինչ է պատմում մի հրեա, ով նույնպես համակենտրոնացման ճամբարում է եղել. «Եհովայի վկա բանտարկյալների հաստատակամությունն ինձ օգնեց հասկանալու, որ նրանց հավատը հիմնված է Աստվածաշնչի վրա, և ես որոշեցի Վկա դառնալ»։
6 Որոշ դեպքերում նույնիսկ հալածողներին է վկայություն տրվել և նրանք դրականորեն են արձագանքել։ Օրինակ՝ երբ Ֆրանց Դեշ անունով մի Վկայի տեղափոխեցին Գուզենի համակենտրոնացման ճամբար (Ավստրիա), նա այնտեղ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեց մի էսէսականի հետ։ Պատկերացնո՞ւմ ես, թե նրանք ինչ ուրախություն ապրեցին, երբ տարիներ անց հանդիպեցին մի համաժողովի ժամանակ։ Այժմ երկուսն էլ բարի լուրի քարոզիչներ էին։
7 Նմանատիպ բան էր տեղի ունենում նաև այն ժամանակ, երբ հալածանքը ստիպում էր քրիստոնյաներին մի երկրից մյուսը փախչել։ Օրինակ՝ 1970-ականներին ուժեղ հալածանք սկսվեց Մալավիում, և բազմաթիվ Վկաներ ստիպված հեռացան Մոզամբիկ։ Դրա շնորհիվ այդ երկրում հիանալի վկայություն տրվեց։ Հետագայում Մոզամբիկում ևս հալածանք սկսվեց, սակայն դա չկանգնեցրեց քարոզչական գործը։ Դեպքերի ականատես Ֆրանցիսկո Կոանան պատմում է. «Քարոզելու համար մեզնից ոմանց մի քանի անգամ ձերբակալեցին։ Բայց բարի լուրը ընդունողների թիվն օրեցօր շատանում էր, ինչն ապացույց էր, որ Եհովան օգնում էր մեզ այնպես, ինչպես առաջին դարի քրիստոնյաներին»։
8. Քաղաքական և տնտեսական փոփոխություններն ի՞նչ ազդեցություն են ունեցել քարոզչական գործի վրա։
8 Ինչ խոսք, հալածանքը միակ գործոնը չէ, որ նպաստում է տարբեր վայրերում ճշմարիտ քրիստոնեության տարածմանը։ Վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած քաղաքական ու տնտեսական փոփոխությունները նույնպես հնարավորություն են տվել Թագավորության լուրը քարոզելու բազմաթիվ ազգերի ու ժողովուրդների։ Ոմանք պատերազմից կամ տնտեսական խնդիրներից խուսափելու նպատակով տեղափոխվել են առավել ապահով երկրներ, որտեղ էլ սկսել են ուսումնասիրել Աստվածաշունչը։ Փախստականների թվի աճը նպաստել է, որ օտարախոս դաշտն ընդլայնվի։ Իսկ դու ջանք թափո՞ւմ ես քարոզելու քո տարածքում ապրող «բոլոր ազգերի, ցեղերի, ժողովուրդների և լեզուների» մարդկանց (Հայտն. 7։9)։
«Ինձ էլ տվեք այս իշխանությունը» (Գործեր 8։9-25)
9. Ո՞վ էր Սիմոնը, և հավանաբար ի՞նչը մղեց նրան ընդունելու Փիլիպոսի հայտնած լուրը։
9 Փիլիպոսը Սամարիայում բազմաթիվ հրաշքներ էր գործում՝ բուժում էր հիվանդներին և նույնիսկ չար ոգիներ հանում (Գործ. 8։6-8)։ Նրա այդ հրաշքները հատկապես տպավորեցին Սիմոնին՝ մոգությամբ զբաղվող մի մարդու։ Նա մեծ հարգանք էր վայելում, և ժողովուրդը նրա մասին ասում էր. «Այս մարդը Աստծու Զորությունն է»։ Բայց երբ Սիմոնը ականատես եղավ Փիլիպոսի կատարած հրաշքներին, հասկացավ, թե որն է Աստծու իսկական զորությունը, և հավատացյալ դարձավ (Գործ. 8։9-13)։ Որոշ ժամանակ անց տեղի ունեցավ մի բան, որը բացահայտեց նրա իրական մղումները։
10. ա) Պետրոսն ու Հովհաննեսը ի՞նչ արեցին Սամարիայում։ բ) Ի՞նչ արեց Սիմոնը, երբ տեսավ, որ նոր աշակերտները սուրբ ոգի ստացան։
10 Երբ առաքյալներն իմացան Սամարիայում տեղի ունեցած աճի մասին, այնտեղ ուղարկեցին Պետրոսին ու Հովհաննեսին (տես «Պետրոսը գործածում է «Թագավորության բանալիները»» շրջանակը)։ Սամարիայում առաքյալներն իրենց ձեռքերը դրեցին նոր աշակերտների վրա, և նրանցից յուրաքանչյուրը սուրբ ոգի ստացավ։b Սա տեսնելով՝ Սիմոնը զարմացավ և առաքյալներին խնդրեց. «Ինձ էլ տվեք այս իշխանությունը, որ ում վրա ձեռքերս դնեմ, սուրբ ոգի ստանա»։ Նա անգամ փող առաջարկեց այդ աստվածատուր ունակությունը ստանալու համար (Գործ. 8։14-19)։
11. Պետրոսն ի՞նչ խրատ տվեց Սիմոնին, և վերջինս ինչպե՞ս արձագանքեց։
11 Պետրոսը խիստ պատասխան տվեց։ Նա ասաց. «Քո արծաթը թող կորչի քեզ հետ, որովհետև մտածեցիր Աստծու ձրի պարգևը փողով ձեռք բերել։ Դու բաժին և վիճակ չունես այս գործում, որովհետև քո սիրտը Աստծու առաջ ուղիղ չէ»։ Ապա առաքյալը Սիմոնին ասաց, որ զղջա և Եհովայի ներողամտությունը հայցի։ Նա ասաց. «Աղաչիր Եհովային, որ եթե հնարավոր է, ներվի քո սրտի դիտավորությունը»։ Ակներևաբար Սիմոնը չար մարդ չէր։ Նա ուզում էր ճիշտն անել, պարզապես այդ պահին տրվել էր իր սխալ ցանկություններին։ Ուստիև առաքյալներին խնդրեց. «Դուք ինձ համար աղաչանք արեք Եհովային, որպեսզի ձեր ասածներից ոչինչ չպատահի ինձ» (Գործ. 8։20-24)։
12. Ի՞նչ է սիմոնականությունը, և որքանո՞վ է այն տարածված քրիստոնեական աշխարհում։
12 Պետրոսի այս խոսքերը լուրջ նախազգուշացում են մերօրյա քրիստոնյաների համար։ Ուշագրավ է, որ այս միջադեպից է առաջացել «սիմոնականություն» բառը։ Այդպես է կոչվում կրոնական պաշտոնը կաշառքով ստանալու կամ առաջարկելու երևույթը։ Իրականում հավատուրաց քրիստոնեական աշխարհի պատմությունը լի է նման դեպքերով։ Ահա թե ինչ է գրված «Բրիտանական հանրագիտարանի» 9-րդ հատորում. «Կոնկլավի՝ կարդինալների խորհրդի պատմության ուսումնասիրությունը պարզ ցույց է տալիս, որ Հռոմի պապերի ընտրությունը երբեք չի կատարվել առանց սիմոնականության։ Ընդ որում դա մեծ մասամբ տեղի է ունեցել ամենաբացահայտ, ամենագռեհիկ և ամենախայտառակ ձևով» (The Encyclopædia Britannica, 1878 թ.)։
13. Քրիստոնյաներն ինչպե՞ս կարող են խուսափել սիմոնականությունից։
13 Ճշմարիտ քրիստոնյաները պետք է զգուշանան սիմոնականությունից։ Օրինակ՝ նրանք չպետք է փորձեն թանկ նվերների կամ շողոքորթության միջոցով սիրաշահել այն անհատներին, ովքեր կարող են ժողովում հատուկ նշանակումներ տալ իրենց։ Իսկ այն եղբայրները, ովքեր նշանակումներ տալու իրավասություն ունեն, չպետք է կողմնակալ լինեն և հատուկ ուշադրության արժանացնեն ունևոր քրիստոնյաներին։ Երկու դեպքերն էլ սիմոնականության դրսևորում են։ Աստծու բոլոր ծառաները պետք է լինեն «փոքրի պես»՝ սպասելով, մինչև Եհովան իր ոգու միջոցով նշանակում տա իրենց (Ղուկ. 9։48)։ Աստծու կազմակերպության մեջ տեղ չունեն այն մարդիկ, ովքեր «իրենց սեփական փառքն են փնտրում» (Առակ. 25։27)։
«Հասկանո՞ւմ ես, ինչ որ կարդում ես» (Գործեր 8։26-40)
14-15. ա) Ո՞վ էր «եթովպացի ներքինին», և Փիլիպոսն ինչպե՞ս հանդիպեց նրան։ բ) Եթովպացին ինչպե՞ս արձագանքեց Փիլիպոսի հայտնած լուրին, և ինչո՞ւ կարող ենք ասել, որ նա չմկրտվեց պահի ազդեցության տակ (տես ծանոթագրությունը)։
14 Եհովայի հրեշտակը պատվիրեց Փիլիպոսին Երուսաղեմից Գազա տանող ճանապարհ դուրս գալ։ Վերջինս գուցե սկզբում չհասկացավ, թե ինչու է նման հրահանգ ստացել։ Սակայն շատ շուտով ամեն ինչ պարզ դարձավ։ Ճանապարհին Փիլիպոսը տեսավ եթովպացի մի ներքինու, որն իր կառքի մեջ նստած՝ «բարձրաձայն Եսայիա մարգարեի գիրքն էր կարդում» (տես «Ներքինի. ի՞նչ իմաստով» շրջանակը)։ Սուրբ ոգուց մղված՝ Փիլիպոսը հասավ կառքին և դրա կողքով վազելով՝ հարցրեց. «Հասկանո՞ւմ ես, ինչ որ կարդում ես»։ Եթովպացին ասաց. «Ինչպե՞ս կկարողանամ հասկանալ, եթե մեկը չառաջնորդի ինձ» (Գործ. 8։26-31)։
15 Եթովպացի ներքինին խնդրեց Փիլիպոսին կառք բարձրանալ։ Ապա հետաքրքիր զրույց սկսվեց։ Փիլիպոսը ներքինուն բացատրեց մի բան, որը երկար ժամանակ գաղտնիք էր եղել։ Նա հայտնեց, թե ով էր Եսայիայի մարգարեության մեջ հիշատակված «ոչխարը», կամ՝ «ծառան» (Ես. 53։1-12)։ Մինչ նրանք շարունակում էին ճանապարհը, Փիլիպոսը բացատրեց, որ այդ մարգարեությունը կատարվել է Հիսուս Քրիստոսի վրա։ Եվ ներքինին, որը պրոզելիտ էր, միանգամից հասկացավ, թե ինչ պետք է անի, ճիշտ ինչպես մ. թ. 33 թ. Պենտեկոստեի ժամանակ մկրտվածները։ Նա ասաց. «Ահա ջուր, ի՞նչն է ինձ խանգարում, որ մկրտվեմ»։ Եվ Փիլիպոսն առանց հապաղելու մկրտեց եթովպացունc (տես «Մկրտություն ջրում» շրջանակը)։ Դրանից հետո Եհովայի ոգին Փիլիպոսին տարավ նոր նշանակման վայր՝ Ազոտոս, որտեղ նա շարունակեց քարոզել բարի լուրը (Գործ. 8։32-40)։
16-17. Մեր օրերում հրեշտակներն ինչպե՞ս են մասնակցում քարոզչական գործին։
16 Այսօր քրիստոնյաները պատիվ ունեն մասնակցելու այն նույն գործին, որը կատարում էր Փիլիպոսը։ Շատ դեպքերում նրանց հաջողվում է ոչ պաշտոնական վկայություն տալ տարբեր իրավիճակներում, օրինակ՝ ճանապարհորդելիս։ Ազնվասիրտ մարդկանց գտնելիս Վկաները հաճախ համոզվում են, որ այդ հանդիպումը պատահականություն չէր, և որ իրենց հետ տեղի է ունեցել այն, ինչ գրված է Աստվածաշնչում։ Այնտեղ ասվում է, որ քարոզչական գործը կատարվում է հրեշտակների առաջնորդությամբ, որպեսզի բարի լուրը հասնի «ամեն ազգի, ցեղի, լեզվի ու ժողովրդի» (Հայտն. 14։6)։ Այդ մասին մարգարեացել էր նաև Հիսուսը։ Ցորենի և որոմների մասին առակում նա բացատրեց, որ «հունձը աշխարհի վախճանն է, իսկ հնձվորները հրեշտակներն են»։ Հիսուսը նաև ասաց, որ այդ ոգեղեն էակները «իր թագավորության միջից կհավաքեն բոլոր նրանց, ովքեր մարդկանց մեղքի են դրդում և ովքեր անօրենություն են գործում» (Մատթ. 13։37-41)։ Միևնույն ժամանակ նրանք հավաքում են Հիսուսի ապագա թագավորակիցներին, ինչպես նաև «ուրիշ ոչխարների» մաս կազմող «մեծ բազմությանը», որոնց Եհովան ցանկանում է ձգել դեպի իր կազմակերպություն (Հայտն. 7։9; Հովհ. 6։44, 65; 10։16)։
17 Այն, որ հրեշտակներն են առաջնորդում քարոզչական գործը, կարելի է փաստել մեզ հետ տեղի ունեցող բազմաթիվ դեպքերով։ Ծառայության ժամանակ հաճախ ենք հանդիպում այնպիսի անհատների, ովքեր մեր գալուց առաջ աղոթել են Աստծուն և օգնություն խնդրել։ Ահա մի օրինակ։ Մի առավոտ երկու քարոզիչներ փոքր երեխայի հետ գնացին տնից տուն։ Նրանք քարոզեցին մինչև կեսօր ու որոշեցին ավարտել իրենց ծառայությունը։ Բայց երեխան, չգիտես ինչու, շատ էր ուզում, որ նրանք թակեն նաև հաջորդ տան դուռը, և անսպասելիորեն անձամբ գնաց ու արեց դա։ Դուռը բացեց երիտասարդ մի կին։ Երբ քարոզիչները տեսան նրան, մոտեցան, որ խոսեն։ Որքա՜ն զարմացան Վկաները, երբ կինն ասաց, որ հենց այդ պահին աղոթում էր, որ Աստված որևէ մեկի միջոցով օգնի իրեն հասկանալու Աստվածաշունչը։ Արդյունքում ուսումնասիրություն սկսվեց։
18. Ինչո՞ւ երբեք չպետք է մատների արանքով նայենք մեր ծառայությանը։
18 Լինելով քրիստոնեական ժողովի մի մասնիկը՝ դու պատիվ ունես համագործակցելու հրեշտակների հետ քարոզչական գործում, որն այսօր աննախադեպ մասշտաբով առաջ է ընթանում։ Երբեք մատների արանքով մի՛ նայիր այդ հանձնարարությանը։ Շարունակիր քարոզել «Հիսուսի մասին բարի լուրը» և մեծ ուրախություն վայելիր (Գործ. 8։35)։
a Խոսքը ոչ թե Փիլիպոս առաքյալի մասին է, այլ այս գրքի 5-րդ գլխում հիշատակված Փիլիպոսի։ Վերջինս «բարի համբավ ունեցող» այն յոթ եղբայրներից էր, ովքեր նշանակվել էին մթերք բաժանելու հունախոս և հրեախոս քրիստոնյա այրիներին (Գործ. 6։1-6)։
b Առաջին դարում նոր աշակերտները սովորաբար մկրտվելիս էին օծվում սուրբ ոգով, այսինքն՝ ստանում այն։ Դրա շնորհիվ նրանք երկնային թագավորներ ու քահանաներ դառնալու հույս էին ստանում (2 Կորնթ. 1։21, 22; Հայտն. 5։9, 10; 20։6)։ Բայց այս դեպքում աշակերտները մկրտության ժամանակ սուրբ ոգով չօծվեցին։ Նոր մկրտված այդ քրիստոնյաները սուրբ ոգին և դրա պարգևները ստացան միայն այն բանից հետո, երբ Պետրոսն ու Հովհաննեսն իրենց ձեռքերը դրեցին նրանց վրա։
c Ներքինին չմկրտվեց զգացմունքների ազդեցության տակ։ Նա պրոզելիտ էր, ուստի սուրբգրային գիտելիքներ ուներ և ծանոթ էր Մեսիային վերաբերող մարգարեություններին։ Իմանալով, թե Հիսուսը ինչ դեր է խաղացել Աստծու նպատակի իրագործման մեջ՝ նա կարող էր առանց հապաղելու մկրտվել։