ԴԱՍ 3
Բարի լուրը իսկապե՞ս Աստծուց է
1. Ո՞վ է Աստվածաշնչի հեղինակը։
Բարի լուրն այն մասին, որ մարդիկ հավիտյան ապրելու են երկրի վրա, գրված է Սուրբ Գրքում (Սաղմոս 37։29)։ Աստվածաշունչը բաղկացած է 66 առանձին գրքերից, որոնք գրվել են մոտ 40 հավատարիմ մարդկանց միջոցով։ Առաջին հինգ գրքերը գրել է Մովսեսը մոտ 3500 տարի առաջ։ Իսկ վերջին գիրքը գրել է Հովհաննես առաքյալը ավելի քան 1900 տարի առաջ։ Ո՞ւմ մտքերն են արձանագրել Աստվածաշունչը գրողները։ Աստված հաղորդակցվում էր այդ մարդկանց հետ իր սուրբ ոգու միջոցով (2 Սամուել 23։2)։ Նրանք գրում էին Աստծու մտքերը, ոչ թե իրենցը։ Հետևաբար Եհովան է Աստվածաշնչի Հեղինակը։ Կարդա՛ 2 Տիմոթեոս 3։16; 2 Պետրոս 1։20, 21։
Դիտեք «Ո՞վ է Աստվածաշնչի հեղինակը» տեսանյութը։
2. Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Աստվածաշնչի խոսքերը ճշգրիտ են։
Մենք գիտենք, որ Սուրբ Գիրքը Աստծուց է, քանի որ այն կանխագուշակում է ապագան ամենայն մանրամասնությամբ։ Ոչ մի մարդ չի կարող դա անել (Հեսու 23։14)։ Միայն Ամենակալ Աստվածը կարող է ճշգրտորեն կանխատեսել մարդկության ապագան։ Կարդա՛ Եսայիա 42։9; 46։10։
Մենք ակնկալում ենք, որ այն գիրքը, որն Աստծուց է, պետք է անզուգական լինի, և այդպես էլ կա։ Ամբողջ աշխարհում Աստվածաշնչի միլիարդավոր օրինակներ կան հարյուրավոր լեզուներով։ Թեև այն հնագույն գիրք է, սակայն ներդաշնակ է գիտական փաստերին։ Հետաքրքրական է, որ 40 գրողները չեն հակասել իրարa։ Ավելին, Աստվածաշնչի ամեն մի էջի վրա ասես դրված է Աստծու սիրո ամուր կնիքը, և այդ գիրքն առայսօր ի զորու է փոխելու մարդկանց կյանքերը։ Այս փաստերի հիման վրա միլիոնավոր մարդիկ համոզված են, որ Աստվածաշունչը Աստծու Խոսքն է։ Կարդա՛ 1 Թեսաղոնիկեցիներ 2։13։
Դիտեք «Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Աստվածաշունչը ճշգրիտ է» տեսանյութը։
3. Ինչի՞ մասին է Աստվածաշունչը։
Աստվածաշունչը հիմնականում բարի լուր է հայտնում և խոսում է այն մասին, որ Աստված սիրառատ նպատակ ունի մարդկության առնչությամբ։ Սուրբ Գիրքը պատմում է, թե ինչպես մարդկության պատմության հենց սկզբից մարդիկ կորցրին դրախտ-երկրի վրա ապրելու առանձնաշնորհումը, սակայն նաև բացատրում է թե ինչպես է հնարավոր վերագտնել այն։ Կարդա՛ Հայտնություն 21։4, 5։
Աստծու Խոսքում կան նաև օրենքներ, սկզբունքներ և խորհուրդներ։ Դեռ ավելին, Սուրբ Գիրքը հայտնում է, թե ինչպես է Աստված վերաբերվել մարդկանց։ Այդ պատմությունները բացահայտում են Աստծու էությունը։ Ուստի Աստվածաշունչը կարող է օգնել քեզ ճանաչելու Աստծուն և դառնալու նրա ընկերը։ Կարդա՛ Սաղմոս 19։7, 11; Հակոբոս 2։23; 4։8։
4. Ինչպե՞ս կարող ես հասկանալ Աստվածաշունչը։
Այս գրքույկը կօգնի քեզ հասկանալու Աստվածաշունչը՝ հետևելով այն նույն մեթոդին, որը կիրառում էր Հիսուսը։ Աստվածաշնչյան տարբեր համարների միջոցով նա բացատրում էր «Գրքերի իմաստը»։ Կարդա՛ Ղուկաս 24։27, 45։
Քիչ են այն բաները, որ այնքան գրավիչ են, որքան բարի լուրը։ Սակայն որոշ մարդիկ անտարբեր են մնում այդ լուրին, իսկ ոմանց էլ այն նույնիսկ զայրացնում է։ Բայց սա թող չհուսահատեցնի քեզ։ Դու կարող ես ունենալ հավիտենական կյանքի հույս, եթե ճանաչես Աստծուն։ Կարդա՛ Հովհաննես 17։3։
a Տե՛ս «Գիրք բոլորի համար» գրքույկը։