ԳԼՈՒԽ 121
«Քա՛ջ եղեք, ես հաղթեցի աշխարհին»
ՇՈՒՏՈՎ ԱՌԱՔՅԱԼՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ՏԵՍՆԻ ՀԻՍՈՒՍԻՆ
ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ ՏՐՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ԿՎԵՐԱԾՎԻ
Հիսուսն ու իր առաքյալները պատրաստվում են հեռանալ վերնասենյակից, որտեղ նշել են Պասեքը։ Հիսուսը նրանց կարևոր հորդորներ է տվել։ Այժմ նա ասում է. «Այս բաները ասացի ձեզ, որ չգայթակղվեք»։ Ինչո՞ւ են նման զգուշացումներն անհրաժեշտ։ Հիսուսը շարունակում է. «Ձեզ կվտարեն ժողովարանից։ Եվ գալիս է ժամը, երբ ով որ ձեզ սպանի, պիտի կարծի, թե սուրբ ծառայություն է մատուցում Աստծուն» (Հովհաննես 16։1, 2)։
Առաքյալները թերևս մտահոգվում են՝ լսելով այդ խոսքերը։ Թեև Հիսուսը նախկինում ասել էր, որ աշխարհը ատելու է նրանց, բայց երբեք ուղղակիորեն չէր ասել, որ նրանց կսպանեն։ Ինչո՞ւ։ Հիսուսը բացատրում է. «Այս ամենը, սակայն, սկզբում չասացի ձեզ, քանի որ ձեզ հետ էի» (Հովհաննես 16։4)։ Իսկ այժմ իր հեռանալուց առաջ նա զգուշացնում է իր առաքյալներին գալիք դժվարությունների մասին։ Դա կօգնի նրանց, որ հետագայում, երբ բախվեն փորձությունների, չգայթակղվեն։
Հիսուսը շարունակում է. «Գնում եմ ինձ ուղարկողի մոտ, մինչդեռ ձեզանից ոչ մեկը չի հարցնում, թե՝ «ո՞ւր ես գնում»»։ Այդ երեկո առաքյալները հարցրել էին նրան, թե ուր է նա գնում (Հովհաննես 13։36; 14։5; 16։5)։ Սակայն այժմ լսելով իրենց սպասվող հալածանքների մասին՝ նրանք շփոթվում են և մտահոգվում։ Այդ պատճառով նրանք հարց չեն տալիս Հիսուսին այն մասին, թե ինչ փառքի է նա արժանանալու, կամ թե դա ինչպես է անդրադառնալու Աստծու ճշմարիտ երկրպագուների վրա։ Ուստի Հիսուսն ասում է. «Քանի որ այս բաները ձեզ ասացի, ձեր սրտերը տրտմեցին» (Հովհաննես 16։6)։
Ապա Հիսուսը ավելացնում է. «Ձեր օգտի համար է, որ ես գնում եմ, որովհետև եթե չգնամ, օգնականը չի գա ձեզ մոտ, բայց եթե գնամ, նրան ձեզ մոտ կուղարկեմ» (Հովհաննես 16։7)։ Հիսուսի աշակերտները կարող են ստանալ սուրբ ոգին միայն այն դեպքում, եթե Հիսուսը մահանա ու գնա երկինք։ Նա այդ ոգին կուղարկի որպես օգնական իր հետևորդների համար, որտեղ էլ որ նրանք լինեն։
Սուրբ ոգին «աշխարհին համոզիչ ապացույցներ կբերի մեղքի, արդարության և դատաստանի մասին» (Հովհաննես 16։8)։ Այո՛, այդ ոգու շնորհիվ ակնհայտ կդառնա, որ աշխարհը հավատ չի ցուցաբերել Աստծու Որդու հանդեպ։ Երբ Հիսուսը երկինք համբարձվի, դրանով կփաստվի նրա արդարությունը և հստակ կդառնա, թե ինչու է «այս աշխարհի իշխանը» արժանի դատապարտության (Հովհաննես 16։11)։
Հիսուսը շարունակում է. «Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց հիմա դուք ի վիճակի չեք դրանք հասկանալու»։ Երբ նա առաքյալներին ուղարկի սուրբ ոգին, նրանք այդ ոգու օգնությամբ կկարողանան հասկանալ «ողջ ճշմարտությունը» և կկարողանան ապրել այդ ճշմարտության համաձայն (Հովհաննես 16։12, 13)։
Հիսուսի հաջորդ խոսքերը զարմացնում են առաքյալներին։ Նա ասում է. «Մի քիչ ժամանակ էլ, և այլևս ինձ չեք տեսնի, բայց մի կարճ ժամանակ հետո նորից կտեսնեք ինձ»։ Առաքյալները իրար հարցնում են, թե ինչ նկատի ունի նա։ Հիսուսը հասկանում է, որ նրանք ուզում են հարց տալ իր ասածի վերաբերյալ, ուստի բացատրում է. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. դուք լաց կլինեք ու կողբաք, բայց աշխարհը կուրախանա, դուք կտրտմեք, բայց ձեր տրտմությունը ուրախության կվերածվի» (Հովհաննես 16։16, 20)։ Երբ հաջորդ օրը՝ կեսօրին, Հիսուսին մահվան են մատնում, կրոնական առաջնորդներն ուրախանում են, իսկ աշակերտները՝ տրտմում։ Բայց երբ Հիսուսը հարություն է առնում, աշակերտների տրտմությունը փոխվում է ուրախության։ Եվ նրանց ուրախությունն ավելանում է, երբ Հիսուսը Աստծու սուրբ ոգին թափում է նրանց վրա։
Հիսուսը առաքյալների իրավիճակը համեմատում է ծննդաբերության ցավերի մեջ եղող կնոջ վիճակի հետ։ Նա ասում է. «Կինը ծննդաբերելիս ցավ է քաշում, որովհետև նրա ծննդաբերության ժամը եկել է, բայց երբ մանկանը ծնում է, իր նեղությունն այլևս չի հիշում, որովհետև ուրախանում է, որ մի մարդ լույս աշխարհ եկավ»։ Ապա Հիսուսը քաջալերում է առաքյալներին՝ ասելով. «Դուք էլ եք հիմա տրտմած, բայց ես ձեզ նորից կտեսնեմ։ Ձեր սրտերը կուրախանան, և ձեր ուրախությունը ոչ ոք չի խլի ձեզանից» (Հովհաննես 16։21, 22)։
Մինչև հիմա առաքյալները երբեք Հիսուսի անունով Աստծուց որևէ բան չեն խնդրել։ Այժմ Հիսուսն ասում է. «Այդ օրը իմ անունով դուք կխնդրեք Հորը»։ Մի՞թե դա նշանակում է, որ Աստված չի ցանկանում պատասխանել նրանց խնդրանքներին։ Հիսուսն ասում է. «Հայրը ինքն է սիրում ձեզ, որովհետև դուք սիրում եք ինձ ու հավատացիք, որ ես Հոր կողմից եկա» (Հովհաննես 16։26, 27)։
Թերևս համարձակությամբ լցվելով Հիսուսի քաջալերական խոսքերից՝ առաքյալներն ասում են. «Դրա համար էլ հավատում ենք, որ դու Աստծուց եկար»։ Բայց նրանց հավատը շուտով փորձվելու է։ Հիսուսը ասում է, թե ինչ է լինելու շուտով. «Ահա ժամը գալիս է և արդեն եկել է, երբ դուք կցրվեք՝ ամեն մեկդ իր տունը, ու ինձ մենակ կթողնեք»։ Սակայն նա քաջալերում է առաքյալներին՝ ասելով. «Այս բաները ձեզ ասացի, որ իմ միջոցով խաղաղություն ունենաք։ Աշխարհում դուք նեղություն կունենաք, բայց քա՛ջ եղեք, ես հաղթեցի աշխարհին» (Հովհաննես 16։30–33)։ Հիսուսը չի լքելու նրանց։ Նա համոզված է, որ իր հետևորդները նույնպես կարող են հաղթել աշխարհին, եթե հավատարմորեն կատարեն Աստծու կամքը՝ անկախ այն բանից, թե Սատանան և նրա աշխարհը ինչ ջանքեր կգործադրեն նրանց անարատությունը պղծելու համար։