ԳԼՈՒԽ 16
Երկրպագիր Աստծուն ճիշտ ձևով
1, 2. Ի՞նչ հարց պետք է տաս ինքդ քեզ, և ինչո՞ւ։
ՆԱԽՈՐԴ գլխից իմացանք, որ բազմաթիվ կրոններ, որոնք ասում են, թե երկրպագում են Աստծուն, իրականում այնպիսի բաներ են անում ու սովորեցնում, որ Աստված ատում է (2 Կորնթացիներ 6։17)։ Ահա թե ինչու է Եհովան պատվիրում դուրս գալ «Մեծ Բաբելոնից» (Հայտնություն 18։2, 4)։ Իսկ ինչպե՞ս կվարվես դու։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն հարցնի. «Ուզո՞ւմ եմ երկրպագել Աստծուն նրան հաճելի ձևով, թե՞ ուզում եմ շարունակել երկրպագել նրան իմ նախկին ձևով»։
2 Եթե արդեն հրաժարվել ես կեղծ կրոնից, դա շատ լավ է։ Բայց գուցե լինեն դրա հետ կապված որոշ սովորույթներ ու տոներ, որոնք սրտիդ խորքում դեռ շարունակում ես սիրել։ Արի տեսնենք, թե որոնք են այդ սովորույթներից ու տոներից մի քանիսը, և թե ինչու է շատ կարևոր իմանալ, թե Եհովան ինչ է մտածում դրանց մասին։
ՍՐԲԱՊԱՏԿԵՐՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼԸ ԵՎ ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻՆ ԵՐԿՐՊԱԳԵԼԸ
3. ա) Ինչո՞ւ ոմանց համար գուցե դժվար լինի առանց սրբապատկերների երկրպագել Աստծուն։ բ) Ի՞նչ է ասվում Աստվածաշնչում սրբապատկերներ օգտագործելու վերաբերյալ։
3 Որոշ մարդիկ իրենց տանը սրբի անկյուն կամ սրբապատկերներ ունեն ու երկար տարիներ դրանց միջոցով են երկրպագում Աստծուն։ Եթե դու էլ ես միշտ այդպես վարվել, ապա քեզ համար գուցե տարօրինակ և նույնիսկ սխալ թվա Աստծուն առանց սրբապատկերների երկրպագելը։ Սակայն Եհովան սովորեցնում է, թե որն է իրեն երկրպագելու ճիշտ ձևը։ Աստվածաշնչում նա հստակ ասում է, որ չի ցանկանում, որ իրեն երկրպագելիս սրբապատկերներ օգտագործենք (կարդա Ելք 20։4, 5; Սաղմոս 115։4–8; Եսայիա 42։8; 1 Հովհաննես 5։21)։
4. ա) Ինչո՞ւ չպետք է երկրպագենք մահացածներին։ բ) Ինչո՞ւ էր Եհովան իսրայելացիներին պատվիրել, որ չփորձեին հաղորդակցվել մահացածների հետ։
4 Կան մարդիկ, որ շատ ժամանակ, ուժ և փող են ծախսում իրենց մահացած հարազատներին գոհացնելու համար։ Ոմանք նույնիսկ երկրպագում են նրանց։ Բայց ինչպես արդեն իմացանք, նրանք, ովքեր մահացել են, չեն կարող օգնել կամ վնասել մեզ։ Նրանք այլևս գոյություն չունեն։ Եվ երբ փորձում ենք կապ հաստատել մահացածների հետ, իրականում ոչ թե նրանց հետ ենք հաղորդակցվում, այլ դևերի, ինչը շատ վտանգավոր է։ Դրա համար Եհովան պատվիրել էր իսրայելացիներին, որ չփորձեին խոսել մահացածների հետ։ Նրանք չպետք է կապ ունենային ոգեհարցության որևէ ձևի հետ (2 Օրենք 18։10–12, տես Ծանոթագրություններ 26 և 31)։
5. Ի՞նչը կարող է օգնել, որ այլևս չօգտագործես սրբապատկերներ և չերկրպագես մահացածներին։
5 Իսկ ի՞նչը կարող է օգնել, որ այլևս չօգտագործես սրբապատկերներ և չերկրպագես մահացածներին։ Հարկավոր է կարդալ Աստվածաշունչը և խորությամբ մտածել այն մասին, թե ինչպես է Եհովան վերաբերվում այդ ամենին։ Աստծու համար նման բաները «գարշելի» են, կամ՝ զզվելի (2 Օրենք 27։15)։ Ամեն օր աղոթիր Եհովային, որ նա օգնի քեզ իր տեսակետն ունենալ տարբեր հարցերի վերաբերյալ և երկրպագել իրեն այնպես, ինչպես ինքն է ուզում (Եսայիա 55։9)։ Համոզված եղիր, որ Եհովան կտա քեզ անհրաժեշտ ուժը, որ կարողանաս ձերբազատվել այն ամենից, ինչը կապ ունի կեղծ երկրպագության հետ։
ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ ՏՈՆԵԼԸ ՃԻ՞ՇՏ Է
6. Ինչո՞ւ որոշվեց Հիսուսի ծնունդը նշել դեկտեմբերի 25-ին։
6 Ողջ աշխարհում Սուրբ Ծնունդը ամենահայտնի տոներից մեկն է։ Շատերը կարծում են, թե դա Հիսուսի ծննդյան տոնն է։ Բայց Սուրբ Ծնունդը իրականում կապ ունի կեղծ կրոնի հետ։ Մի հանրագիտարանում ասվում է, որ հեթանոս հռոմեացիները դեկտեմբերի 25-ին նշում էին արևի ծնունդը։ Ու քանի որ եկեղեցու առաջնորդները ցանկանում էին, որ ավելի շատ հեթանոսներ դառնան քրիստոնյա, որոշեցին այդ օրը՝ դեկտեմբերի 25-ը,a դարձնել Հիսուսի ծննդյան տոն, թեև Հիսուսը այդ օրը չէր ծնվել (Ղուկաս 2։8–12)։ Սակայն Հիսուսի աշակերտները չեն նշել Սուրբ Ծնունդը։ Ինչպես ասվում է մի գրքում, Հիսուսի ծնունդից հետո մոտ 200 տարի շարունակ «ոչ ոք չգիտեր, թե նա կոնկրետ երբ է ծնվել, և շատ քչերին էր դա հետաքրքրում» (Sacred Origins of Profound Things)։ Հիսուսի ծնունդից մոտ երեք հարյուր տարի հետո էր միայն, որ սկսեցին տոնել Սուրբ Ծնունդը։
7. Ինչո՞ւ ճշմարիտ քրիստոնյաները չեն տոնում Սուրբ Ծնունդը։
7 Շատերին է հայտնի, որ Սուրբ Ծնունդը և դրա հետ կապված սովորույթները, ինչպիսիք են՝ խնջույք անելը և իրար նվերներ տալը, եկել են հեթանոսությունից։ Այդ պատճառով, օրինակ, Անգլիայում և Ամերիկայի որոշ մասերում մի ժամանակ արգելված էր տոնել Սուրբ Ծնունդը։ Այդ տոնը նշողները պատժվում էին։ Բայց ավելի ուշ մարդիկ կրկին սկսեցին տոնել այն։ Իսկ ինչո՞ւ ճշմարիտ քրիստոնյաները չեն տոնում Սուրբ Ծնունդը։ Քանի որ նրանք ցանկանում են ամեն հարցում Աստծուն հաճելի ձևով վարվել։
ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ՆՇԵԼԸ ՃԻ՞ՇՏ Է
8, 9. Ինչո՞ւ վաղ շրջանի քրիստոնյաները ծննդյան տարեդարձ չէին նշում։
8 Մարդկանց մեջ շատ տարածված է նաև ծննդյան օրը նշելու սովորությունը։ Իսկ քրիստոնյաները պե՞տք է արդյոք ծննդյան տարեդարձ նշեն։ Աստվածաշնչում խոսվում է ծննդյան տարեդարձ նշելու երկու դեպքի մասին, և երկու դեպքում էլ նշողները Եհովային չերկրպագող մարդիկ էին (Ծննդոց 40։20; Մարկոս 6։21)։ Հնում ծննդյան տարեդարձների ժամանակ մարդիկ փառաբանում էին իրենց կեղծ աստվածներին։ Այդ պատճառով վաղ շրջանի քրիստոնյաները «որևէ մեկի ծնունդ նշելը համարում էին հեթանոսական սովորույթ» (The World Book Encyclopedia)։
9 Այդ ժամանակաշրջանում հույները և հռոմեացիները հավատում էին, որ ամեն մարդու ծննդյան օր համընկնում է որևիցե աստծու ծննդյան օրվա հետ։ Նրանք կարծում էին, որ այդ աստծու հետ կապ ունեցող մի ոգի ներկա է լինում մարդու ծնվելու ժամանակ, և որպեսզի այդ ոգին պաշտպանի մարդուն նրա ողջ կյանքի ընթացքում, նա պետք է նշի իր ծննդյան օրը։
10. Ինչո՞ւ քրիստոնյաները չպետք է տոնեն ծննդյան տարեդարձներ։
10 Մի՞թե կեղծ կրոնի հետ կապված տոները կարող են հաճելի լինել Եհովային (Եսայիա 65։11, 12)։ Իհարկե ոչ։ Ուստի մենք էլ, վաղ շրջանի քրիստոնյաների պես, չպետք է տոնենք ծննդյան տարեդարձ կամ կեղծ կրոնի հետ կապ ունեցող որևէ այլ տոն։
ԿԱՐԵՎՈ՞Ր է, ԹԵ ԻՆՉ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԻ ՏՈՆԸ
11. Որոշ մարդիկ ի՞նչ են մտածում տոներ նշելու մասին։ Ի՞նչը պետք է լինի ամենակարևորը մեզ համար։
11 Ոմանք գիտեն, որ Սուրբ Ծնունդը և այլ տոներ եկել են հեթանոսությունից, բայց, միևնույնն է, նշում են դրանք։ Նրանք կարծում են, որ այդ տոները պարզապես ընտանիքի հետ հաճելի ժամանակ անցկացնելու լավ առիթ են։ Դու է՞լ ես այդպես մտածում։ Բնական է, որ ուզում ենք ժամանակ անցկացնել ընտանիքի հետ, և դրա մեջ վատ բան չկա։ Եհովան է ստեղծել ընտանիքը և ուզում է, որ լավ փոխհարաբերություններ ունենանք մեր ընտանիքի անդամների հետ (Եփեսացիներ 3։14, 15)։ Գուցե մտածես, թե նման տոներ նշելով՝ լավ փոխհարաբերություններ կպահպանես հարազատներիդ հետ, սակայն հիշիր, որ շատ ավելի կարևոր է լավ փոխհարաբերություններ ունենալ Եհովայի հետ։ Ահա թե ինչու Պողոս առաքյալն ասաց. «Շարունակեք հավաստիանալ, թե ինչն է ընդունելի Տիրոջը» (Եփեսացիներ 5։10)։
12. Ո՞ր տոները հաճելի չեն Եհովային։
12 Շատերի կարծիքով՝ կարևոր չէ, թե ինչ ծագում ունի տոնը, բայց Եհովան այդպես չի մտածում։ Նրան հաճելի չեն այն տոները, որոնք կապ ունեն կեղծ աստվածների հետ, մեծարում են մարդկանց կամ պետությանը։ Օրինակ՝ եգիպտացիները իրենց կեղծ աստվածներին նվիրված շատ տոներ ունեին։ Եգիպտոսից դուրս գալուց հետո իսրայելացիները նշեցին այդ երկրի տոներից մեկը և ասացին, թե դա «տոն է Եհովայի պատվին»։ Բայց Եհովան պատժեց նրանց դրա համար (Ելք 32։2–10)։ Աստվածաշնչում հստակ պատվեր է տրվում. «Մի՛ դիպեք ոչ մի անմաքուր բանի» (կարդա Եսայիա 52։11)։
ԵՂԻՐ ՆՐԲԱՆԿԱՏ
13. Ի՞նչ հարցեր գուցե առաջանան, երբ որոշես այլևս տոներ չնշել։
13 Երբ որոշես այլևս տոներ չնշել, գուցե տարբեր իրավիճակների հետ կապված որոշ հարցեր առաջանան քո մեջ։ Օրինակ՝ ի՞նչ կպատասխանեմ, երբ աշխատակիցներս հարցնեն, թե ինչու չեմ նշում Սուրբ Ծնունդը։ Ի՞նչ պետք է անեմ, երբ ինձ որևէ տոնի հետ կապված նվեր տան։ Կամ ի՞նչ անեմ, եթե կողակիցս ցանկանա, որ մասնակցեմ որևէ տոնի։ Իսկ ի՞նչ կարող եմ անել, որ երեխաներս չտխրեն տոներ չնշելու պատճառով։
14, 15. Ի՞նչ կարող ես անել, երբ քեզ շնորհավորում են որևէ տոնի առթիվ կամ նվեր են տալիս։
14 Իրավիճակները տարբեր են։ Ուստի շատ կարևոր է, որ յուրաքանչյուր իրավիճակում խորությամբ մտածես, թե ինչպես ճիշտ կլինի վարվել։ Օրինակ՝ երբ մարդիկ քեզ շնորհավորում են որևէ տոնի առթիվ, չպետք է արհամարհես նրանց։ Կարող ես պարզապես շնորհակալություն հայտնել։ Իսկ եթե ինչ-որ մեկը ցանկանա իմանալ, թե դու ինչու չես նշում տվյալ տոնը, գուցե հարմար գտնես բացատրել նրան։ Բայց եղիր նրբանկատ ու հարգալից։ Աստվածաշունչն ասում է. «Թող ձեր խոսքը միշտ վայելուչ լինի, աղով համեմված, որպեսզի իմանաք, թե ինչպես պատասխան տաք ամեն մեկին» (Կողոսացիներ 4։6)։ Գուցե ասես, որ դու էլ ես սիրում հաճելի ժամանակ անցկացնել մարդկանց հետ և նվերներ տալ, բայց ոչ նման տոների առթիվ։
15 Իսկ ի՞նչ կանես, երբ տոնի առթիվ քեզ նվեր տան։ Թեև Աստվածաշունչը յուրաքանչյուր իրավիճակի համար կանոններ չի սահմանում, բայց այն հորդորում է այնպես վարվել, որ մաքուր խիղճ ունենանք (1 Տիմոթեոս 1։18, 19)։ Գուցե անհատը քեզ նվեր է տալիս՝ չիմանալով, որ դու չես նշում այդ տոնը։ Կամ գուցե ասում է. «Ես գիտեմ, որ այս տոնը չես նշում, բայց ուզում եմ սա քեզ նվիրել»։ Նման դեպքերում դու ես որոշում վերցնել նվերը, թե ոչ։ Սակայն ինչ որոշում էլ կայացնես, պետք է համոզված լինես, որ խիղճդ մաքուր է։ Մենք չենք ուզում այնպիսի բան անել, որ փչացնենք Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները։
ԻՆՉՊԵ՞Ս ՎԱՐՎԵԼ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ
16. Ի՞նչ կարող ես անել, եթե ընտանիքիդ անդամներն ուզում են տոներ նշել։
16 Ի՞նչ կարելի է անել, երբ ընտանիքիդ անդամներն ուզում են որևէ տոն նշել։ Մի՛ վիճիր նրանց հետ։ Հիշիր, որ նրանք իրավունք ունեն որոշելու, թե ինչ անեն։ Բարեհամբույր եղիր և հարգիր նրանց որոշումը, ինչպես որ ուզում ես՝ նրանք քոնը հարգեն (կարդա Մատթեոս 7։12)։ Իսկ ինչպե՞ս կարող ես վարվել, եթե նրանք ցանկանան, որ դու իրենց հետ լինես այդ տոնի ժամանակ։ Նախքան կորոշես՝ ինչ անել, աղոթիր Եհովային, որ օգնի՝ ճիշտ որոշում կայացնես։ Մտածիր այդ իրավիճակի մասին և փնտրտուքներ արա։ Հիշիր՝ ամենակարևորը Եհովայի սիրտը ուրախացնելն է։
17. Ի՞նչ կարող ես անել, որ երեխաներդ չտխրեն տոներ չնշելու պատճառով։
17 Իսկ ի՞նչ կարող ես անել, որ երեխաներդ չտխրեն՝ տեսնելով, որ ուրիշները տոներ են նշում, իսկ իրենք ոչ։ Կարելի է ժամանակ առ ժամանակ հետաքրքիր մի բան կազմակերպել նրանց համար, նաև անակնկալ նվերներ տալ։ Բայց լավագույն նվերը, որ կարող ես տալ երեխաներիդ, քո ժամանակն ու սերն են։
ԳՈՐԾԵՐՈՎ ՑՈՒՅՑ ՏՈՒՐ, ՈՐ ՃՇՄԱՐԻՏ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆ ԵՍ
18. Ինչո՞ւ պետք է հաճախենք ժողովի հանդիպումներին։
18 Եթե ուզում ենք, որ Եհովան ընդունի մեր երկրպագությունը, պետք է հրաժարվենք կեղծ կրոնից, ինչպես նաև դրա հետ կապված բոլոր սովորույթներից և տոներից։ Բայց դա բավարար չէ, հարկավոր է նաև երկրպագել Աստծուն ճիշտ ձևով։ Ինչպե՞ս։ Օրինակ՝ հարկավոր է կանոնավորաբար հաճախել ժողովի հանդիպումներին (կարդա Եբրայեցիներ 10։24, 25)։ Ժողովի հանդիպումները ճշմարիտ երկրպագության կարևոր մաս են կազմում (Սաղմոս 22։22; 122։1)։ Այդ հանդիպումներին հաճախելով՝ մենք կարող ենք քաջալերել միմյանց (Հռոմեացիներ 1։12)։
19. Ինչո՞ւ է կարևոր, որ ուրիշներին պատմես քո սովորածը։
19 Աստծուն ճիշտ ձևով երկրպագելու համար անհրաժեշտ է նաև պատմել ուրիշներին այն ամենի մասին, ինչ սովորել ենք Աստվածաշնչից։ Շատ մարդիկ հուսահատված են աշխարհում տեղի ունեցող վատ բաների պատճառով։ Հնարավոր է՝ ճանաչում ես մեկին, ով այդպիսի վիճակում է։ Պատմիր նրան այն հիանալի ապագայի մասին, որ խոստանում է Աստված։ Եթե հաճախես ժողովի հանդիպումներին և պատմես ուրիշներին այն, ինչ իմացել ես Աստվածաշնչից, ժամանակի ընթացքում կզգաս, որ այլևս չես ցանկանում որևէ կապ ունենալ կեղծ կրոնի հետ և մասնակցել կեղծ կրոնական տոների։ Վստահ եղիր, որ եթե որոշես Աստծուն երկրպագել ճիշտ ձևով, նա կօրհնի քո ջանքերը, և դու անպայման երջանիկ կլինես (Մաղաքիա 3։10)։
a Հայաստանում Սուրբ Ծնունդը նշվում է հունվարի 6-ին։ Սակայն, իրականում, Հիսուսը ո՛չ դեկտեմբերին է ծնվել, ո՛չ էլ հունվարին։ Աստվածաշնչում ասվում է, որ երբ Հիսուսը ծնվեց, «այդ տեղանքում հովիվներ կային, որոնք դաշտում էին ապրում և գիշերը իրենց հոտերին պահակություն էին անում» (Ղուկաս 2։8–11)։ Սա ցույց է տալիս, որ Հիսուսը չի ծնվել ձմռանը, քանի որ Բեթլեհեմում ձմռանը անձրևներ և ձյուն էր լինում, ու հովիվները չէին կարող դաշտերում ապրել տարվա այդ ժամանակ։