ԴԱՍ 34
Գեդեոնը հաղթում է մադիանացիներին
Անցավ որոշ ժամանակ։ Իսրայելացիները նորից հեռացան Եհովայից ու սկսեցին պաշտել կեղծ աստվածների։ Այդ պատճառով Եհովան թույլ տվեց, որ մադիանացիները յոթ տարի վատ վերաբերվեն իսրայելացիներին։ Նրանք գողանում էին նրանց անասունները և ոչնչացնում երկրի բերքը։ Նրանցից ազատվելու համար Իսրայելի բնակիչները թաքնվում էին քարայրերում ու լեռներում։ Նրանք սկսեցին Եհովային օգնության կանչել, որ փրկի իրենց։ Ուստի Եհովան մի հրեշտակ ուղարկեց Գեդեոն անունով մի երիտասարդ մարդու մոտ։ Հրեշտակը նրան ասաց. «Եհովան քեզ ընտրել է, որ ուժեղ զինվոր լինես»։ Գեդեոնը հարցրեց նրան. «Բայց ինչպե՞ս կարող եմ փրկել Իսրայելին։ Չէ՞ որ ես մի աննշան մարդ եմ»։
Իսկ Գեդեոնը ինչպե՞ս էր իմանալու, որ Եհովան իր միջոցով է փրկելու Իսրայելին։ Նա մի կտոր բուրդ դրեց գետնին ու Եհովային ասաց. «Առավոտյան, եթե ցողը նստի միայն բրդի վրա, իսկ ամբողջ գետինը չոր մնա, ես կիմանամ, որ դու իմ միջոցով ես ազատելու Իսրայելին»։ Հաջորդ առավոտ նա տեսավ, որ բուրդը շատ թաց էր, իսկ գետինը՝ չոր։ Սակայն դրանից հետո Գեդեոնն Աստծուն խնդրեց, որ հաջորդ առավոտ բուրդը չոր մնա, իսկ գետինը թաց լինի։ Երբ այդպես եղավ, Գեդեոնը համոզվեց, որ Եհովան իրեն է ընտրել։ Ուստի նա հավաքեց իր զինվորներին, որ կռվեն մադիանացիների դեմ։
Եհովան ասաց Գեդեոնին. «Ես իսրայելացիներին հաղթանակ կտամ։ Բայց քանի որ քեզ հետ եղող զինվորները չափազանց շատ են, գուցե դուք մտածեք, որ ինքներդ հաղթեցիք այդ պատերազմը։ Ուստի այն մարդկանց, ովքեր վախենում են, ասա, որ տուն գնան»։ Այդպիսով՝ 22 000 զինվոր տուն գնաց, և մնաց 10 000-ը։ Հետո Եհովան ասաց Գեդեոնին. «Զինվորները դեռ չափազանց շատ են։ Տար նրանց գետի մոտ և ասա, որ ջուր խմեն։ Քեզ մոտ թող մնան միայն այն զինվորները, ովքեր ջուր խմելիս զգույշ կլինեն, որ թշնամին հանկարծ չմոտենա»։ Միայն 300 մարդ զգուշություն դրսևորեց ջուր խմելիս։ Եհովան խոստացավ, որ այդքան քիչ թվով մարդիկ պարտության կմատնեն 135 000 մադիանացի զինվորների։
Այդ գիշեր Եհովան Գեդեոնին ասաց. «Ժամանակն է, որ հարձակվես մադիանացիների վրա»։ Գեդեոնն իր մարդկանց եղջերափողեր ու մեծ սափորներ տվեց, որոնց մեջ ջահեր կային։ Նա ասաց նրանց. «Նայե՛ք, թե ես ինչ եմ անում, և դուք էլ նույնն արեք»։ Գեդեոնը փչեց իր եղջերափողը, կոտրեց սափորը, տարուբերեց իր ջահը և գոչեց. «Եհովայի և Գեդեոնի սո՛ւրը»։ Նրա հետ եղող 300 մարդիկ նույնն արեցին։ Մադիանացիները վախեցան և փախան տարբեր ուղղություններով։ Խուճապահար՝ նրանք սկսեցին իրար սպանել։ Կրկին Եհովան իսրայելացիներին օգնեց հաղթելու իրենց թշնամիներին։
«Մարդկային ուժից վեր զորություն ունենք, որը ոչ թե մեզնից է, այլ Աստծուց» (2 Կորնթացիներ 4։7)։