ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Օրինական կարգով ամուսնության դադարեցումը, որի հետևանքով լուծարվում է կողակիցների ամուսնական միությունը։ «Ամուսնալուծվել», «բաժանվել» թարգմանված տարբեր բնագրային բառեր բառացի նշանակում են «արձակել» (2Օր 22։19, ԱԹ; Մթ 1։19, ԱԹ), «ուղարկել», «ազատել», «վռնդել», «կտրել» (հմմտ. 2Օր 24։1, 3, որտեղ «ամուսնալուծության վկայական» արտահայտությունը բառացի նշանակում է «կտրելու վերաբերյալ գիրք»)։
Ադամին ու Եվային ամուսնական կապով միավորելիս Եհովան ամուսնալուծություն չէր նախատեսել։ Հիսուս Քրիստոսը դա հստակ ցույց տվեց, երբ պատասխանեց փարիսեցիների հետևյալ հարցին. «Մարդը կարո՞ղ է ցանկացած պատճառով բաժանվել իր կնոջից»։ Քրիստոսն ասաց, որ համաձայն Աստծու նպատակի՝ տղամարդը պետք է թողնի իր հորն ու մորը, միանա իր կնոջը, և երկուսը մեկ մարմին պետք է լինեն։ Ապա նա ավելացրեց. «Այնպես որ նրանք այլևս երկուսը չեն, այլ մեկ մարմին են։ Ուրեմն ինչ որ Աստված միավորեց, թող մարդը չբաժանի» (Մթ 19։3-6; հմմտ. Ծն 2։22-24)։ Այնուհետև փարիսեցիները հարցրին. «Այդ դեպքում Մովսեսն ինչո՞ւ է ասել, որ մարդը կարող է ամուսնալուծության վկայական տալ կնոջը ու բաժանվել նրանից»։ Ի պատասխան՝ Քրիստոսն ասաց. «Ձեր սիրտը համառ է, այդ պատճառով էլ Մովսեսը թույլ տվեց բաժանվել ձեր կանանցից, մինչդեռ սկզբում այդպիսի բան չի եղել» (Մթ 19։7, 8)։
Թեև Եհովա Աստված իսրայելացիներին թույլ էր տվել ամուսնալուծվել տարբեր պատճառներով, սակայն ինքնահոսի չէր թողել այդ հարցը և Մովսեսի միջոցով տրված իր Օրենքում հստակ ցուցումներ էր տվել դրա վերաբերյալ։ 2 Օրենք 24։1-ում գրված է. «Եթե տղամարդն ամուսնանա մի կնոջ հետ, բայց հետո նրա վարքում անվայել բան նկատի, ու կինն իր աչքից ընկնի, ապա պետք է ամուսնալուծության վկայական կազմի, տա նրա ձեռքը և ասի, որ հեռանա իր տնից»։ Թե ինչ էր այդ «անվայել բանը [բռց.՝ «ինչ-որ բանի մերկությունը»]», կոնկրետ նշված չէր։ Սակայն հստակ է, որ խոսքը ամուսնական դավաճանության մասին չէր, քանի որ Իսրայելին տրված Աստծու օրենքի համաձայն՝ այդ մեղքը գործած մարդուն հարկավոր էր սպանել և ոչ թե պարզապես նրանից ամուսնալուծվել (2Օր 22։22-24)։ Ամուսնուն բաժանվելու հիմք տվող «անվայել բանը», անշուշտ, ի սկզբանե վերաբերում էր լուրջ սխալներին, օրինակ՝ ամուսնու հանդեպ կնոջ խիստ անհարգալից վերաբերմունքին կամ այնպիսի վարքին, որով նա խայտառակում էր իրենց ընտանիքը։ Օրենքում կոնկրետ ասվում էր՝ «Սիրեք ձեր դրացուն ձեր անձի պես», ուստի տրամաբանական չէ ենթադրել, որ ամուսինը կարող էր կնոջ փոքր թերացումները որպես պատճառ բերել նրանից ամուսնալուծվելու համար և անպատիժ մնալ (Ղև 19։18)։
Մաղաքիայի օրերում շատ հրեա ամուսիններ, անհավատարմությամբ վարվելով, ցանկացած պատճառով ամուսնալուծվում էին իրենց կանանցից, որոնց հետ երիտասարդ տարիքից ամուսնացած էին եղել։ Հավանաբար, նրանք դա անում էին այլազգի ավելի երիտասարդ կանանց հետ ամուսնանալու նպատակով։ Իսկ քահանաները, փոխանակ խրախուսեին պահել Աստծու օրենքը, հանդուրժում էին այդ ամենը և այդպիսով բորբոքում Եհովայի բարկությունը (Մղք 2։10-16)։ Այն, որ Հիսուս Քրիստոսի ժամանակներում հրեա տղամարդիկ բազմաթիվ պատճառներով բաժանվում էին իրենց կանանցից, երևում է փարիսեցիների տված հարցից. «Մարդը կարո՞ղ է ցանկացած պատճառով բաժանվել իր կնոջից» (Մթ 19։3)։
Իսրայելում ընդունված էր, որ տղամարդը հարսնագին վճարեր իր ապագա կնոջ համար, ինչից հետո վերջինս համարվում էր նրա սեփականությունը։ Թեև ամուսնացած կինը բազմաթիվ օրհնություններ և առավելություններ ուներ, սակայն նա ենթակա էր իր ամուսնուն։ Դա է վկայում, օրինակ, 2 Օրենք 24։1-4-ը, որտեղից երևում է, որ ամուսինը կարող էր բաժանվել իր կնոջից, բայց այդ համարներում ոչինչ չի ասվում, որ կինը կարող էր իր նախաձեռնությամբ ամուսնալուծվել։ Նա չէր կարող բաժանվել ամուսնուց, քանի որ համարվում էր նրա սեփականությունը։ Պատմական աղբյուրներում արձանագրված առաջին դեպքը, երբ Իսրայելում կինը փորձել է ամուսնալուծվել, Հերովդես թագավորի քրոջ՝ Սալոմեի դեպքն է, որն իր ամուսնուն՝ Իդումեայի կառավարչին, ամուսնալուծության վկայական էր ուղարկել (Jewish Antiquities, XV, 259 [vii, 10])։ Այն, որ Հիսուսի օրերում կանայք սկսել էին ամուսնալուծվել, կամ որ նա կանխատեսում էր դա, երևում է նրա հետևյալ խոսքերից. «Եթե մի կին բաժանվում է իր ամուսնուց և ուրիշի հետ է ամուսնանում, ամուսնական դավաճանություն է գործում» (Մկ 10։12)։
Ամուսնալուծության վկայական։ Հետագայում իսրայելացիները սկսեցին չարաշահել ամուսնալուծվելու թույլտվությունը, բայց դա բոլորովին չի նշանակում, որ Մովսիսական օրենքով հեշտ էր կողակցից բաժանվելը։ Ամուսնալուծության համար որոշակի ընթացակարգ գոյություն ուներ։ Ամուսինը պետք է կազմեր մի փաստաթուղթ՝ «ամուսնալուծության վկայական», ապա «տար [կնոջ] ձեռքը և ասեր, որ հեռանա իր տնից» (2Օր 24։1)։ Թեև Աստվածաշնչում տվյալ ընթացակարգի մասին հավելյալ մանրամասներ գրված չեն, սակայն այդ իրավական քայլն անելու համար ըստ ամենայնի պահանջվում էր, որ տղամարդը դիմեր իրավասու անձանց, ովքեր թերևս նախ փորձեին հաշտեցնել կողակիցներին։ Վկայականը պատրաստելու և ամուսնալուծությունը վավերական դարձնելու համար ժամանակ էր պահանջվում, ինչը ամուսնուն հնարավորություն էր տալիս վերանայելու իր որոշումը։ Ամուսնալուծության համար ծանրակշիռ հիմք էր պետք, ու եթե վերոնշյալ ընթացակարգը պատշաճորեն կիրառվեր, դա կկանխեր հապճեպ ամուսնալուծությունները։ Այդպիսով կնոջ իրավունքներն ու շահերը պաշտպանված կլինեին։ «Ամուսնալուծության վկայականի» բովանդակությունը Աստվածաշնչում գրված չէ։
Նախկին կողակիցների վերամուսնությունը։ Ամուսնալուծված կնոջ մասին 2 Օրենք 24։1-4-ում ասվում է. «Կինը նրա տնից հեռանալուց հետո կարող է ուրիշի հետ ամուսնանալ»։ Փաստորեն, կինը իրավունք ուներ վերամուսնանալու։ Այնտեղ նաև նշվում է. «Եթե այդ մարդն էլ հրաժարվի նրանից, ամուսնալուծության վկայական կազմի, նրա ձեռքը տա և դուրս անի իր տնից, կամ եթե այդ երկրորդ ամուսինը մահանա, ապա առաջին ամուսինը չի կարող նորից կնության առնել նրան, քանի որ նա անմաքուր է իր համար. դա գարշելի է Եհովայի աչքին: Այդպիսի մեղքերով չպղծեք այն երկիրը, որը ձեր Աստված Եհովան տալու է ձեզ որպես ժառանգություն»։ Նախկին ամուսինը իրավունք չուներ կրկին ամուսնանալու այն կնոջ հետ, որից բաժանվել էր։ Հավանաբար, այդ արգելքը դրվել էր, որպեսզի նախկին կողակիցները չկարողանային դավադրություն ծրագրել, այսինքն՝ իրար հետ նորից ամուսնանալու նպատակով այնպես չանեին, որ կինը բաժանվեր իր երկրորդ ամուսնուց, կամ չկազմակերպեին վերջինիս մահը։ Նրանց վերամուսնությունը անմաքրություն կլիներ Աստծու աչքում, և քանի որ առաջին ամուսինը բաժանվել էր իր կնոջից նրա վարքում «անվայել բան» նկատելու պատճառով, նա իրեն ծաղրի առարկա կդարձներ, եթե նորից կնության առներ այդ կնոջը, որը օրինականորեն ամուսնացած էր եղել այլ տղամարդու հետ։
Այն, որ տղամարդը իր կնոջից բաժանվելուց հետո չէր կարողանալու կրկին ամուսնանալ նրա հետ, երբ վերջինս ուրիշի կինը դառնար (անգամ եթե այդ մարդը բաժանվեր նրանից կամ մահանար), նախքան ամուսնալուծվելը նրան, անկասկած, լուրջ մտածելու տեղիք էր տալիս (Եր 3։1)։ Սակայն Աստվածաշնչում ոչինչ չի ասվում այն մասին, որ ամուսինը չէր կարող նորից կնության առնել իր նախկին կնոջը, եթե վերջինս պաշտոնապես ամուսնալուծվելուց հետո կրկին չէր ամուսնացել։
Կեղծ աստվածների պաշտող կանանցից ամուսնալուծվելը։ Նախքան իսրայելացիները կմտնեին Խոստացված երկիր, նրանց պատվեր էր տրվել չամուսնանալ այնտեղի կռապաշտ բնակիչների հետ (2Օր 7։3, 4, ծնթ.)։ Այդուհանդերձ, Եզրասի օրերում հրեաները ամուսնացել էին օտարազգի կանանց հետ, և Աստծուն ուղղած իր աղոթքում Եզրասն ընդունեց նրանց մեղավորությունը այդ հարցում։ Ի վերջո իսրայելացի տղամարդիկ, արձագանքելով նրա հորդորներին և ընդունելով իրենց սխալը, հետ ուղարկեցին իրենց օտարազգի կանանց «նրանց ծնած զավակների հետ» (Եզր 9։10-10։44)։
Սակայն քրիստոնյաները, որոնք տարբեր ազգերից էին (Մթ 28։19), չպետք է ամուսնալուծվեին իրենց կողակցից այն պատճառով, որ նա չէր երկրպագում Եհովային։ Ավելին, ինչպես երևում է Պողոսի՝ Աստծու ներշնչմամբ գրած խորհրդից, անգամ կողակցից առանձնանալն էր անցանկալի (1Կթ 7։10-28)։ Իսկ ինչ վերաբերում է ամուսնանալուն, քրիստոնյաներին խորհուրդ էր տրվում ամուսնանալ «միայն Տիրոջ հետևորդի հետ» (1Կթ 7։39)։
Հովսեփի՝ ամուսնալուծվելու մտադրությունը։ Հովսեփը նշանված էր Մարիամի հետ, և նախքան նրանք կամուսնանային, պարզվեց, որ իր ապագա կինը սուրբ ոգու շնորհիվ հղիացել է։ Աստվածաշնչում ասվում է. «Մարիամի ամուսինը՝ Հովսեփը, արդար մարդ էր և չէր ցանկանում նրան հանրության առաջ խայտառակել, ուստի մտադրվեց գաղտնաբար բաժանվել նրանից» (Մթ 1։18, 19)։ Այստեղ «բաժանվել» բառը տեղին է գործածված, քանի որ այդ ժամանակներում հրեաները նշանադրությունը ամուսնությանը հավասարազոր քայլ էին համարում։
Եթե պարզվեր, որ նշանված աղջիկը ինքնակամ սեռական հարաբերություն է ունեցել մեկ ուրիշ տղամարդու հետ, նրան պետք է քարկոծեին, ինչպես որ ամուսնուն դավաճանած կնոջն էին անում (2Օր 22։22-29)։ Նախքան որևէ մեկին քարկոծելը հարկավոր էր, որ երկու վկա հաստատեին նրա մեղավորությունը (2Օր 17։6, 7)։ Ինչ խոսք, ոչ մի վկա չկար, որ ցուցմունք տար Մարիամի դեմ։ Հովսեփը լիովին չէր հասկանում, թե Մարիամն ինչպես էր հղիացել, մինչև որ Եհովայի հրեշտակը ամեն ինչ բացատրեց նրան (Մթ 1։20, 21)։ Աստվածաշունչը ոչինչ չի հայտնում այն մասին, թե արդյոք Հովսեփը մտադիր էր ամուսնալուծության վկայական տալ Մարիամին, երբ պատրաստվում էր «գաղտնաբար բաժանվել» նրանից։ Սակայն, ամենայն հավանականությամբ, նա որոշել էր վարվել 2 Օրենք 24։1-4-ում արձանագրված սկզբունքների համաձայն և պարզապես երկու վկայի ներկայությամբ բաժանվել Մարիամից, որպեսզի հարցը օրինական կերպով լուծվեր՝ առանց նրան անտեղի խայտառակ անելու։ Թեև Մատթեոսը չի հայտնում բոլոր մանրամասները, թե Հովսեփը ինչ էր պատրաստվում անել, սակայն նրա խոսքերից երևում է, որ Հովսեփն ուզում էր գթասիրտ լինել Մարիամի հանդեպ։ Մատթեոսը Հովսեփին չի ներկայացնում վատ լույսի ներքո այդպիսի մտադրություն ունենալու համար, ընդհակառակը՝ նա ասում է, որ «Հովսեփը արդար մարդ էր և չէր ցանկանում [Մարիամին] հանրության առաջ խայտառակել, ուստի մտադրվեց գաղտնաբար բաժանվել նրանից» (Մթ 1։19)։
Իրավիճակներ, որոնց դեպքում ամուսնալուծվելը արգելված էր։ Համաձայն Իսրայելին տրված Աստծու օրենքի՝ որոշ դեպքերում չէր թույլատրվում ամուսնալուծվել։ Հնարավոր է՝ այնպես լիներ, որ տղամարդը ամուսնանալուց և իր կնոջ հետ հարաբերություն ունենալուց հետո ատելությամբ լցվեր նրա հանդեպ։ Ամուսինը գուցե կեղծ մեղադրանք ներկայացներ՝ պնդելով, թե կինը ամուսնանալիս կույս չի եղել, ինչը կնշանակեր, որ նա անարդարացիորեն մեղադրում էր կնոջը ամոթալի վարք ունենալու մեջ ու այդպիսով վարկաբեկում նրան։ Եթե այդ աղջկա ծնողները ապացուցեին, որ նա ամուսնանալիս կույս է եղել, քաղաքի երեցները պետք է պատժեին նրա ամուսնուն, որը կեղծ մեղադրանք էր ներկայացրել, տուգանեին 100 սիկղ արծաթով (220 դոլար), փողը տային աղջկա հորը, և ինչպես նշվում էր Օրենքում, «աղջիկը կմնար նրա կինը, և այդ մարդն իր ողջ կյանքում չէր կարող բաժանվել նրանից» (2Օր 22։13-19)։ Եթե բացահայտվեր, որ տղամարդը բռնի ուժով կենակցել է չնշանված կույս աղջկա հետ, ապա այսպես էր հարկավոր վարվել. «Աղջկա հետ կենակցող տղամարդը պետք է նրա հորը 50 սիկղ [110 դոլար] արծաթ տա, և աղջիկը նրա կինը պետք է դառնա: Քանի որ նա պատվազրկել է աղջկան, իր ողջ կյանքում չի կարող բաժանվել նրանից» (2Օր 22։28, 29)։
Քրիստոնյաների համար ո՞րն է ամուսնալուծվելու աստվածաշնչյան միակ հիմքը
Լեռան քարոզում Հիսուս Քրիստոսը նշեց. «Նաև ասվել է. «Ով իր կնոջից բաժանվի, թող ամուսնալուծության վկայական տա նրան»։ Բայց ես ասում եմ ձեզ. ով բաժանվում է իր կնոջից, սակայն ոչ անբարոյականության պատճառով, նրան դրդում է շնության, և ով ամուսնանում է այս ձևով բաժանված կնոջ հետ, շնություն է գործում» (Մթ 5։31, 32)։ Իսկ երբ Հիսուսը փարիսեցիներին բացատրեց, որ Մովսիսական օրենքով սահմանված ամուսնալուծության թույլտվությունը «սկզբում» նախատեսված չէր եղել, նաև ասաց հետևյալ խոսքերը. «Ասում եմ ձեզ. ով որ բաժանվում է իր կնոջից, սակայն ոչ անբարոյականության պատճառով, և ուրիշի հետ է ամուսնանում, ամուսնական դավաճանություն է գործում» (Մթ 19։8, 9)։ Այսօր «անբարոյական» և «շնացող» (կամ՝ ամուսնական դավաճանություն գործող) բառերը սովորաբար տարբերվում են իրենց նշանակությամբ։ Անբարոյական անվանում են այն մարդուն, ով, լինելով չամուսնացած, ինքնակամ սեռական հարաբերություն է ունենում հակառակ սեռի անհատի հետ։ Իսկ շնացողը նա է, ով, լինելով ամուսնացած, ինքնակամ սեռական հարաբերություն է ունենում հակառակ սեռի անհատի հետ, որն իր կողակիցը չէ։ Սակայն ինչպես ցույց է տրվում ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ հոդվածում, «անբարոյականություն» բառը թարգմանված է հունարեն պոռնեյա բառից, որը վերաբերում է Աստվածաշնչի տեսանկյունից օրինական համարվող ամուսնությունից դուրս սեռական հարաբերությունների բոլոր ձևերին։ Հետևաբար Հիսուս Քրիստոսի խոսքերը՝ արձանագրված Մատթեոս 5։32-ում և 19։9-ում, ցույց են տալիս, որ ամուսնալուծվելու միակ հիմքը, որը խզում է ամուսնական կապը, կողակիցներից մեկի գործած անբարոյականությունն է՝ պոռնեյա-ն։ Այդ դեպքում քրիստոնյան կարող է ամուսնալուծվել, եթե ցանկանա, և դրանից հետո նա ազատ կլինի ամուսնանալու, սակայն պետք է հաշվի առնի «Տիրոջ հետևորդի» հետ ամուսնանալու աստվածաշնչյան հորդորը (1Կթ 7։39)։
Եթե ամուսնացած կինը կամ տղամարդը սեռական հարաբերություն է ունենում իր սեռի մարդու հետ (զբաղվում է համասեռամոլությամբ), դա գարշելի է ու նողկալի։ Ովքեր չեն զղջում այդ արարքը գործելու համար, չեն ժառանգի Աստծու թագավորությունը։ Աստվածաշունչը դատապարտում է նաև անասնապղծությունը (Ղև 18։22, 23; Հռ 1։24-27; 1Կթ 6։9, 10)։ Այդ բոլոր զազրելի արարքները համարվում են պոռնեյա, որը լայն հասկացություն է։ Ուշագրավ է, որ համասեռամոլությամբ ու անասնապղծությամբ զբաղվելու համար Մովսիսական օրենքով մահապատիժ էր սահմանված։ Տվյալ պարագայում անմեղ կողակիցը վերամուսնանալու հնարավորություն ուներ (Ղև 20։13, 15, 16)։
Հիսուս Քրիստոսն ասաց, որ «ով շարունակ այնպես նայի որևէ կնոջ, որ իր մեջ կրքեր արթնանան նրա հանդեպ, նա արդեն իսկ շնացած կլինի նրա հետ իր սրտում» (Մթ 5։28)։ Սակայն նա չասաց, որ սրտում եղածը, որը գործերի չի վերածվել, հիմք է հանդիսանում ամուսնալուծվելու համար։ Քրիստոսի խոսքերը ցույց են տալիս, որ հարկավոր է սիրտը մաքուր պահել և հեռու վանել անվայել մտքերն ու ցանկությունները (Փպ 4։8; Հկ 1։14, 15)։
Հրեական ռաբունական օրենքը մեծ շեշտ էր դնում ամուսնական պարտքը կատարելու վրա և ամուսնուն թույլ էր տալիս բաժանվել իր կնոջից, եթե վերջինս չէր կարողանում երեխաներ ունենալ։ Սակայն Աստվածաշունչը քրիստոնյաներին թույլ չի տալիս բաժանվել այդ պատճառով։ Թեև Սառան, Ռեբեկան, Ռաքելն ու Եղիսաբեթը երկար տարիներ ամուլ էին, դա պատճառ չեղավ, որ նրանց ամուսինները՝ Աբրահամը, Իսահակը, Հակոբը և Զաքարիան, ամուսնալուծվեն նրանցից (Ծն 11։30; 17։17; 25։19-26; 29։31; 30։1, 2, 22-25; Ղկ 1։5-7, 18, 24, 57)։
Աստվածաշնչում չի ասվում, որ քրիստոնյան կարող է ամուսնալուծվել, եթե կողակիցը ֆիզիկապես ի վիճակի չէ կատարելու ամուսնական պարտքը, եթե հոգեկան հիվանդ է դարձել և եթե ձեռք է բերել անբուժելի կամ զզվելի հիվանդություն։ Սերը կմղի քրիստոնյային գթասրտորեն հոգ տանելու իր կողակցին և ոչ թե բաժանվելու նրանից (Եփ 5։28-31)։ Աստվածաշունչը ամուսնալուծվելու իրավունք չի տալիս նաև այն քրիստոնյային, որի կողակիցը այլ կրոն է դավանում։ Ընդհակառակը՝ այնտեղ ասվում է, որ մնալով իր հավատը չկիսող կողակցի հետ՝ նա կարող է «շահել» նրան՝ մղել ընթանալու ճշմարտության ճանապարհով (1Կթ 7։12-16; 1Պտ 3։1-7)։
Լեռան քարոզում Հիսուսն ասաց. «Ով բաժանվում է իր կնոջից, սակայն ոչ անբարոյականության պատճառով, նրան դրդում է շնության, և ով ամուսնանում է այս ձևով բաժանված կնոջ հետ, շնություն է գործում» (Մթ 5։32)։ Այս խոսքերով Քրիստոսը ցույց տվեց, որ եթե ամուսինը իր կնոջից բաժանվում է, «սակայն ոչ անբարոյականության [պոռնեյա] պատճառով», նրան կանգնեցնում է ապագայում շնություն գործելու վտանգի առաջ։ Ինչո՞ւ։ Քանի որ կինը ամուսնական դավաճանություն, կամ՝ շնություն չի գործել, կողակիցների ամուսնական կապը լիովին չի խզվում, հետևաբար կինը իրավունք չունի ամուսնանալու և կենակցելու ուրիշի հետ։ Իսկ երբ Քրիստոսն ասաց՝ «Ով ամուսնանում է.... բաժանված կնոջ հետ, շնություն է գործում», նկատի ուներ ամուսնությունը այն կնոջ հետ, որն իր ամուսնուց բաժանվել է, «սակայն ոչ անբարոյականության [պոռնեյա] պատճառով»։ Թեև այդ կինը օրենքի տեսանկյունից ամուսնալուծված է, սակայն Աստվածաշնչի տեսանկյունից՝ ոչ։
Մատթեոսի պես (Մթ 19։3-9)՝ Մարկոսն էլ է արձանագրել ամուսնալուծության մասին փարիսեցիներին Քրիստոսի ասած խոսքերը. «Ով որ բաժանվում է իր կնոջից և ուրիշի հետ է ամուսնանում, ամուսնական դավաճանություն է գործում նրա հանդեպ» (Մկ 10։11, 12)։ Նմանատիպ խոսքեր կարդում ենք նաև Ղուկաս 16։18-ում. «Ով բաժանվում է իր կնոջից և ուրիշի հետ է ամուսնանում, շնություն է գործում, և ով ամուսնուց բաժանված կնոջ հետ է ամուսնանում, շնություն է գործում»։ Այս համարները առանձին կարդալիս գուցե այնպիսի տպավորություն ստեղծվի, թե Քրիստոսի հետևորդները ոչ մի դեպքում իրավունք չունեն ամուսնալուծվելու, կամ էլ գուցե հասկացվի, որ ամուսնալուծված անհատը իրավունք չունի վերամուսնանալու, մինչև որ իր նախկին կողակիցը չմահանա։ Սակայն Մարկոսի և Ղուկասի արձանագրությունները հարկավոր է հասկանալ Մատթեոսի կողմից արված ավելի մանրամասն արձանագրության լույսի ներքո։ Վերջինս ավելացրել է «սակայն ոչ անբարոյականության պատճառով» արտահայտությունը (Մթ 19։9; տես նաև Մթ 5։32), ինչը ցույց է տալիս, որ ամուսնալուծության վերաբերյալ Հիսուսի խոսքերը, որոնք գրի են առել Մարկոսն ու Ղուկասը, վերաբերում են այն դեպքերին, երբ որևէ մեկը ցանկանում է ամուսնալուծվել, բայց ոչ «անբարոյականության» (պոռնեյա) պատճառով։
Սակայն Աստվածաշունչը չի պարտավորեցնում ամուսնալուծվել, եթե ամուսնական հավատարմությունը խախտած կողակիցը զղջում է։ Այդ դեպքում քրիստոնյա ամուսինը կամ կինը կարող է գթասիրտ լինել, ինչպես Օսեեն, որը հետ ընդունեց իրեն դավաճանած կնոջը՝ Գոմերին, և ինչպես Եհովան, ով գթասիրտ եղավ Իսրայելի հանդեպ, երբ վերջինս հոգևոր առումով ամուսնական դավաճանություն գործելուց հետո զղջաց (Օս, գլ. 3)։
Վերադարձ Աստծու սկզբնական չափանիշին։ Հիսուս Քրիստոսի խոսքերը հստակ ցույց էին տալիս, որ նրա աշակերտները պետք է ապրեին ամուսնության վերաբերյալ Եհովա Աստծու ի սկզբանե սահմանած բարձր չափանիշի համաձայն։ Թեև Քրիստոսի ժամանակներում Մովսիսական օրենքը դեռ ուժի մեջ էր, Հիսուսի աշակերտները, որոնք կատարում էին նրա Հոր կամքը և վարվում էին նրա խոսքերի համաձայն (Մթ 7։21-29), այլևս չպետք է օգտվեին ամուսնալուծվելու հնարավորությունից, որ տալիս էր այդ Օրենքը, և չպետք է երես թեքեին իրենց կողակիցներից, ինչպես որ անում էին համառ իսրայելացիները (Մթ 19։8)։ Քրիստոսի աշակերտները չպետք է խախտեին ամուսնության վերաբերյալ Աստծու կողմից ի սկզբանե հաստատված սկզբունքները և չպետք է ամուսնալուծվեին, եթե չկար այն միակ հիմքը՝ «անբարոյականությունը» (պոռնեյա), որի մասին նշել էր Հիսուսը։
Եթե ամուրին անբարոյականություն է գործում մարմնավաճառի հետ, նրա հետ «մեկ մարմին» է դառնում։ Նմանապես՝ ամուսնական դավաճանություն գործողը «մեկ մարմին» է դառնում ոչ թե իր կնոջ հետ, այլ այն անբարո անհատի, ում հետ սեռական հարաբերություն է ունենում։ Այդպիսով նա ոչ միայն «իր իսկ մարմնի դեմ է մեղք գործում», այլև իր օրինական կնոջ դեմ, որը մինչ այդ իր հետ «մեկ մարմին» է եղել (1Կթ 6։16-18, ծնթ.)։ Այդ պատճառով ամուսնական դավաճանությունը ծանրակշիռ հիմք է ամուսնական կապը Աստծու սկզբունքներին ներդաշնակ խզելու համար։ Եթե այդ հիմքը կա, պաշտոնապես ամուսնալուծվելը վերջնականապես լուծարում է ամուսնական միությունը և անմեղ կողակցին իրավունք է տալիս մաքուր խղճով վերամուսնանալու (Եբ 13։4)։
Փոխաբերական գործածություն։ Ամուսնություն (Ես 54։1, 5, 6; 62։1-6) և ամուսնալուծություն հասկացությունները (Եր 3։8) Աստվածաշնչում երբեմն օգտագործվում են խորհրդանշական իմաստով։
Մ.թ.ա. 607 թ.-ին բաբելոնացիները տապալեցին Հուդայի թագավորությունը, կործանեցին Երուսաղեմը և գերեվարեցին բնակիչներին։ Դրանից տարիներ առաջ այն հրեաներին, որոնք գերության էին տարվելու, Եհովան այս մարգարեական խոսքերն էր ասել. «Մի՞թե ես ձեր մորը դուրս անելիս ամուսնալուծության վկայական եմ տվել» (Ես 50։1)։ Եհովան արդարությամբ վարվեց, երբ դուրս արեց նրանց «մորը»՝ Իսրայելի ազգին. այդ ազգն էր դրժել Օրենքի ուխտը և ոչ թե Եհովան էր անվավեր դարձրել այն և ամուսնալուծության գործընթաց սկսել։ Սակայն ողջ մնացած իսրայելացիները զղջացին ու սկսեցին աղոթել, որ Եհովան իրենց վերադարձնի հայրենիք և փոխաբերական իմաստով կրկին Իսրայելի ազգի ամուսինը լինի։ Մ.թ.ա. 537 թ.-ին՝ այն բանից հետո, երբ երկիրը 70 տարի ամայի մնաց, Եհովան, հանուն իր անվան, իր ժողովրդին վերադարձրեց հայրենիք, ինչպես որ խոստացել էր (Սղ 137։1-9; տես ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ)։