ՍԻՐՏ
Կարևոր օրգան, որի գլխավոր ֆունկցիան արյունը մղելն է, որպեսզի մարմնի բջիջները մատակարարվեն սննդարար նյութերով (Ղև 17:14)։
Աստվածաշնչում մեծ կարևորություն է տրվում սրտին։ Այն մոտ հազար անգամ հիշատակվում է Սուրբ Գրքում։ Եբրայերեն լեվ, լեվավ և հունարեն կարդիա բառերը, որոնք նշանակում են «սիրտ», Աստվածաշնչում գործածվել են և՛ բառացի, և՛ փոխաբերական իմաստներով։
Բառացի սիրտ։ Աստվածաշունչը գրողները համեմատաբար քիչ են անդրադարձել սրտին որպես օրգանի։ Նման մի օրինակ է այն արձանագրությունը, որում ասվում է, որ երբ Հեուն քաշեց աղեղն ու հարվածեց Հովրամի թիակների մեջտեղը, «նետը անցավ նրա սրտի միջով» (2Թգ 9:24; տես նաև Ելք 28:30)։
Փոխաբերական սիրտ։ Սուրբ Գրքում «սիրտ» բառը մեծ մասամբ գործածվում է փոխաբերական իմաստով։ Մի աշխատության մեջ սրտի մասին ասվում է, որ այն ներկայացնում է «կարևորագույն բանը մարդու մեջ, այն, ինչ ներսում է, հետևաբար մարդու ներքին էությունը, որը դրսևորվում է նրա բոլոր գործողություններում, ցանկություններում, կապվածություններում, զգացմունքներում, կրքերում, նպատակներում, մտքերում, նրա ընկալման, երևակայության, իմաստության, գիտելիքների, հմտությունների, հավատալիքների և դատողությունների, նրա հիշողության և գիտակցության մեջ» (Journal of the Society of Biblical Literature and Exegesis, 1882, p. 67)։
Այսպիսով՝ փոխաբերական սիրտը Սուրբ Գրքում չի ներկայացվում միայն որպես զգացմունքների ու մղումների օջախ, և այն պարզապես բանականությունը չէ։ «Սեմիտները.... սրտին էին վերագրում այն ամենը, ինչ բնորոշ է մարդուն՝ զգացմունքները, բանականությունը և կամքը»։ Այն «մարդու ողջ ներքին էությունն է, որը հակադրվում է մարմնին՝ արտաքին, շոշափելի մարդուն» (E. Dhorme, The Metaphorical Use of the Names of Parts of the Body in Hebrew and in Akkadian, Paris, 1963, pp. 113, 114, 128 (ֆրանս.))։
Աստծու համար, որը քննում է սրտերը, իրականում կարևոր է ոչ թե մարդու արտաքինը, այլ նրա ներքին էությունը (Առ 17:3; 24:12; Սղ 17:3; 1Սմ 16:7)։ Ուստի Աստվածաշնչում խորհուրդ է տրվում. «Այն ամենից առավել, ինչը պետք է պահպանվի, քո սիրտը [մարդու ողջ ներքին անձնավորությունը] պահպանիր, որովհետև դրանից են կյանքի աղբյուրները» (Առ 4:23)։ Իսկ քրիստոնյա կանանց հորդոր է տրվում առաջնային կարևորություն չտալ արտաքին զարդարանքին, այլ կարևոր համարել «սրտի ծածուկ մարդը՝ հանդարտ ու մեղմ ոգու անապականելի հագուստը հագած, ինչը և մեծ արժեք ունի Աստծու աչքում» (1Պտ 3:3, 4)։
Որոշ դեպքերում Աստվածաշնչում «սիրտ» բառը ակներևաբար մատնացույց է անում մտածելու կարողությունը, սակայն ոչ այն իմաստով, որ այդ կարողությունը առանձնացված է մարդու ներքին անձնավորությունը կազմող մնացած բաներից։ Մովսեսը Իսրայել ազգին հորդորեց. «Դու.... սրտիդ մեջ պետք է դնես [«մտքիդ մեջ պետք է պահես», ծնթ., NW], որ Եհովան է ճշմարիտ Աստվածը»։ Ավելի ուշ նա ասաց. «Եհովան.... ձեզ չի տվել սիրտ [«միտք», ծնթ., NW], որ հասկանաք» (2Օր 4:39; 29:4)։ Այն, որ «սիրտ» բառը թե՛ Եբրայերեն Գրություններում և թե՛ Քրիստոնեական Հունարեն Գրություններում երբեմն վերաբերում է նաև բանականությանը, երևում է այն համարներից, որտեղ այդ բառը գործածվում է այնպիսի բառերի հետ, ինչպիսիք են՝ «մտածել» (Մթ 9:4), «խորհել» (Մկ 2:6), «հասկացող», «հասկանալ» (1Թգ 3:12; Գրծ 28:27) և «գիտելիք» (Առ 15:14)։
Մղումները՝ այն մղիչ ուժը, որով պայմանավորված է մարդու վարքը, «սիրտ» բառով ներկայացված նրա ներքին անձնավորության կարևոր մաս են կազմում։ Օրինակ՝ Աստվածաշունչն ասում է, որ «բոլոր նրանք, ում սիրտը մղում էր.... եկան» ու նվիրաբերություն արեցին խորանի շինարարության համար (Ելք 35:21, 26, 29; 36:2)։ Չար Համանը «հանդգնեց» (բառացի՝ «իր սիրտը լցրեց») դավ նյութել հրեաների դեմ (Եսթ 7:5, ծնթ., NW; Գրծ 5:3, ԱԹ)։ Եբրայեցիներ 4:12-ը բացատրում է, որ Աստծու խոսքը, կամ՝ նրա խոստումը նման է սուր սրի, որը «կարող է քննել սրտի մտքերն ու մտադրությունները»։ Հիսուսը նույնպես նշեց, որ սրտից է դուրս գալիս այն մղիչ ուժը, որով պայմանավորված է մեր վարքը՝ լավ կամ վատ (Մթ 15:19; Ղկ 6:45)։ Որպեսզի ճիշտ մղումներ զարգացնենք, Աստվածաշունչը մեզ նախազգուշացնում է, որ թույլ չտանք՝ շահադիտական ցանկությունները փչացնեն ուրիշների հետ ունեցած մեր փոխհարաբերությունները (Հդ 16), ինչպես նաև որ փողասիրությունն ու հարստանալու ձգտումը ազդեն մեր կյանքի ընթացքի վրա (1Տմ 6:9, 10; Առ 23:4, 5)։ Այն քաջալերում է անկեղծ սեր զարգացնել Աստծու հանդեպ, որը քրիստոնեական ծառայության հիմքն է (1Հվ 5:3; 2Օր 11:13), նաև զարգացնել անձնազոհ սեր, որով հարկավոր է առաջնորդվել հավատակիցների հետ փոխհարաբերություններում (Հվ 15:12, 13)։ Բացի այդ, Աստծու Խոսքը հորդորում է, որ սիրենք մեր մերձավորին մեր անձի պես (Ղկ 10:27–37; Գղ 6:10)։ Հստակ է, որ ճիշտ մղումներ զարգացնելու համար հարկավոր է գործի դնել մտածելու կարողությունը (Սղ 119:2, 24, 111)։
Մարդու փոխաբերական սրտի վիճակը արտահայտվում է նրա բնավորության և վերաբերմունքի մեջ. նա կարող է հպարտ կամ խոնարհ լինել (Առ 16:5; Մթ 11:29)։ Զգացմունքներն ու հույզերը նույնպես մարդու ներքին էության մաս են կազմում։ Օրինակ՝ սերը (2Օր 6:5; 1Պտ 1:22), ուրախությունը (2Օր 28:47; Հվ 16:22), ցավն ու տրտմությունը (Նեմ 2:2; Հռ 9:2), ատելությունը (Ղև 19:17)։ Սիրտը կարող է «անհանգիստ» լինել (Ես 35:4), հարստահարված լինելու պատճառով՝ «խոցված» (Սղ 109:22), դժվարությունների հանդեպ վախից՝ «թուլացած» (2Օր 20:8)։ Երբ Քրիստոնեական Հունարեն Գրություններում միտքն ու սիրտը միասին են հիշատակվում, «միտքը» վերաբերում է բանականությանը, իսկ «սիրտը»՝ մարդու ներքին անձնավորության հույզերին, ցանկություններին և զգացմունքներին։ Օրինակ՝ Հիսուսն ասաց. «Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով» (Մթ 22:37)։ Այսպիսով նա ցույց տվեց, որ Աստծու հանդեպ սերը պետք է երևա ոչ միայն անհատի ցանկություններից, զգացմունքներից և հույզերից, այլ նաև այն բանից, թե ինչպես է նա գործի դնում իր մտային կարողությունները, օրինակ՝ գիտելիքներ է ձեռք բերում Աստծու և Քրիստոսի մասին (Հվ 17:3)։
Այս բոլոր առանձնահատկությունները, ունակությունները, զգացմունքներն ու հատկությունները վերաբերում են ոչ թե բառացի, այլ փոխաբերական սրտին, որը ներկայացնում է մարդու ողջ ներքին էությունը։
Սիրտը կարող է «նենգավոր» լինել։ Թեև Ադամը կատարյալ էր, բայց թույլ տվեց, որ իր սիրտը հրապուրվի. նա մերժեց ճշմարտությունը ու երես թեքեց Աստծուց (տես Հկ 1:14, 15)։ Հետևանքը եղավ այն, որ բոլոր մարդիկ՝ մեղավոր Ադամի սերունդները, բեղմնավորման պահից սկսած՝ մեղքի մեջ են և անօրենությամբ են ծնվել (Սղ 51:5)։ Ջրհեղեղից հետո Աստված մեղավոր մարդկության մասին ասաց. «Մարդու սիրտն իր մանկությունից հակված է դեպի չարը» (Ծն 8:21)։
Աստված Հուդայի ըմբոստ ժողովրդին ասաց. «Նենգավոր է սիրտը ամեն բանից առավել և անհուսալի» (Եր 17:9)։ Այս խոսքերը լուրջ նախազգուշացում են պարունակում. բոլոր նրանք, ովքեր ուզում են հաճեցնել Աստծուն, պետք է ոչ միայն ուշադրություն դարձնեն այն բանին, թե ինչ կարծիք ունեն ուրիշներն իրենց մասին, այլև այն բանին, թե ինչպիսի անձնավորություն են իրենք իրականում՝ իրենց ներքին էությանը։ Մարդ կարող է երկար տարիների քրիստոնյա լինել, լավ իմանալ Աստվածաշունչը և վստահ լինել, որ կարող է հաջողությամբ հաղթահարել ցանկացած դժվարություն, սակայն այն մտքերն ու ցանկությունները, որ նա թաքուն զարգացրել է իր մեջ, կարող են հրապուրել նրան և մեղքի դրդել, թեև նա շատ լավ գիտի, որ տվյալ արարքը սխալ է և միանշանակ դատապարտվում է Աստծու օրենքով։
Ուստի թեպետ քրիստոնյան գիտի ճշմարտությունը ու թերևս իրեն հասուն է համարում, պետք է հիշի, որ իր սիրտը նենգավոր է, և շատ զգույշ լինի, որ չտրվի գայթակղությանը (Մթ 6:13; 1Կթ 10:8–12)։
Ծառայել «լիակատար սրտով»։ Ի տարբերություն բառացի սրտի՝ փոխաբերական սիրտը կարող է կիսված լինել։ Դավիթն աղոթեց. «Միավորի՛ր իմ սիրտը, որ վախենամ քո անունից»։ Այս խոսքերից երևում է, որ մարդու սիրտը որևէ բան սիրելու կամ որևէ բանից վախենալու հարցում կարող է կիսված լինել (Սղ 86:11)։ Այդպիսի մարդը գուցե «կես սիրտ» ունենա՝ «գոլ» լինի Աստծուն երկրպագելու հարցում, այսինքն՝ ծառայի նրան առանց եռանդի (Սղ 119:113; Հտն 3:16)։ Նաև անհատը կարող է «երկու սիրտ» ունենալ (բառացի՝ «սիրտ և սիրտ»), եթե փորձում է ծառայել երկու տիրոջ կամ խաբել ուրիշներին՝ ասելով մի բան, բայց մտածելով մեկ ուրիշ բան (1Տգ 12:33, NW; Սղ 12:2, ծնթ.)։ Հիսուսը խստորեն դատապարտեց նման կեղծավորությունը, քանի որ դա վկայում է, որ անհատը երկու սիրտ ունի (Մթ 15:7, 8)։
Նա, ով ուզում է հաճեցնել Աստծուն, չպետք է կես սրտով կամ երկու սրտով անի դա, այլ պետք է ծառայի նրան լիակատար սրտով (1Տգ 28:9)։ Դրա համար մեծ ջանքեր են պահանջվում, քանի որ սիրտը անհուսալի է և հակված է դեպի չարը (Եր 17:9, 10; Ծն 8:21)։ Լիակատար սիրտ պահպանելու համար օգնում են անկեղծ աղոթքները (Սղ 119:145; Ողբ 3:41), Աստծու Խոսքի կանոնավոր ուսումնասիրությունը (Եզր 7:10; Առ 15:28), բարի լուրի քարոզչությանը նախանձախնդրությամբ մասնակցելը (համեմատիր Եր 20:9) և այնպիսի մարդկանց հետ ընկերակցելը, ովքեր լիակատար սրտով Եհովայի հետ են (համեմատիր 2Թգ 10:15, 16)։
Ի՞նչ է նշանակում «խոհեմ սիրտ չունենալ» արտահայտությունը
Աստվածաշնչում մի քանի անգամ նշվում է «խոհեմ սիրտ չունեցող» մարդկանց մասին։ Բառարանագիրներ Քյոլերն ու Բաումգարտները նշում են, որ այդ արտահայտությունը նշանակում է «առանց խելքի» (Lexicon in Veteris Testamenti Libros, Leiden, 1958, p. 470)։ Մեկ ուրիշ բառարանում ասվում է, որ այդպիսի մարդը «հասկացողությունից զուրկ է» (William Gesenius, A Hebrew and English Lexicon of the Old Testament, tr. E. Robinson, 1836, p. 517)։ «Խոհեմ սիրտ չունեցող» արտահայտությունը վերաբերում է այն անձնավորությանը, ով չունի ճիշտ դատողություն և խորաթափանցություն։ Այդպիսով՝ «խոհեմ սիրտ» չունենալը հակադրվում է հասկացողություն (Առ 10:13) և խորաթափանցություն ունենալուն (Առ 11:12; 15:21)։ Այլ դեպքերում «խոհեմ սիրտ չունեցողի» մասին ասվում է, որ «անփորձ է», «հիմար», այսինքն՝ զուրկ է իմաստությունից (Առ 7:7; 9:1–9, 16; 10:21)։ Այն, որ այս համարներում օգտագործված է «սիրտ» բառը, ցույց է տալիս, որ մարդու ողջ ներքին անձնավորությունը չունի բավարար չափով դրական հատկություններ։
«Խոհեմ սիրտ չունենալ» արտահայտությունը փոխանցում է ճիշտ դատողություն կամ խորաթափանցություն չունենալու միտք, և դա երևում է նրանից, թե Աստվածաշնչում ինչ համատեքստերում է այն օգտագործվում։ Առակներ 6։32-ում իմաստուն մարդն ասում է, որ նա, ով շնություն է գործում, «խոհեմ սիրտ չունի»։ Այլ թարգմանություններում գրված է՝ «անմիտ է» (ԱԹ), «խելքը պակաս է» (ԱԱ), «խելք չունի» (RS, JB), «դատողություն չունի» (NIV), «անմիտ հիմար է» (NE)։ Շնություն գործողը «անմիտ հիմար է», այդ պատճառով քաղում է սեռական անբարոյության դառը պտուղները (Առ 1:2–4; 6:23–35; 7:7, 21–27)։ Արտաքինից նա կարող է հարգելի մարդ թվալ, բայց նրա ներքին անձնավորությունը բարելավման խիստ կարիք ունի։
Մեկ ուրիշ առակ ասում է. «Խոհեմ սիրտ չունեցող [«պակասամիտ», ԱԹ] մարդը ձեռք է սեղմում [ի նշան համաձայնագրի հաստատման] և լիովին երաշխավոր լինում իր ընկերոջ առաջ» (Առ 17:18)։ Այդպիսի մարդը հնարավոր է՝ զգացմունքների ազդեցության տակ համաձայնագիր կնքի, ինչի հետևանքով գուցե կորցնի փողը կամ տնտեսական դժվարություններ ունենա։ Թեպետ նա հնարավոր է՝ լավ կամ գովելի մղումներով անի դա, սակայն այդպես վարվելը ցույց կտա, որ նա ճիշտ դատողություն չունի։
«Առակներ» գրքում ասվում է նաև, որ անհատը կարող է «իմաստուն սիրտ ձեռք բերել»։ Առակներ 19։8-ում գրված է. «Նա, ով իմաստուն սիրտ է ձեռք բերում, սիրում է իր հոգին։ Նա, ով խորաթափանցություն է պահպանում, բարիք կգտնի»։ Այդպիսի մարդը լուրջ ուշադրություն է դարձնում այն բանին, թե իրականում ինչպիսին է ինքը ներքուստ։ Նա գործի է դնում իր միտքը, որպեսզի ճշգրիտ գիտելիքներ ձեռք բերի Աստծու և նրա ճանապարհների մասին։ Նա խորհրդածում է դրանց շուրջ և ձգտում է կիրառել իր սովորածը։ Նա համապատասխանեցնում է իր ցանկությունները, նախասիրությունները, զգացմունքները և կյանքի նպատակները այն բանին, ինչին՝ նա գիտի, որ Աստված հավանություն է տալիս։ Դա անելով՝ այդ անհատը օգուտ է բերում ինքն իրեն և ցույց է տալիս, որ «սիրում է իր հոգին»։ Այդպես կերտելով իր ներքին անձնավորությունը՝ նա «խորաթափանցություն է պահպանում», քանի որ ուշադրություն է դարձնում այն ամենին, ինչը զորեղ ազդեցություն է ունենում իր սթափ մտածելու և իմաստնորեն գործելու կարողության վրա։
Աստծու սիրտը։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Եհովան «սիրտ» ունի։ Այդպիսով Աստված բացահայտում է, որ կարող է կապվածություն զգալ և ունի զգացմունքներ։ Ջրհեղեղից առաջ նա «ցավ զգաց իր սրտում»՝ ափսոսաց, որ մարդը մերժել է իր արդար իշխանությունը, ինչի պատճառով նա ստիպված էր դադարել նրանց բարիք անելուց և կործանել նրանց (Ծն 6:6)։ Սակայն Աստծու «սիրտը» ուրախանում է, երբ տեսնում է, որ իր ծառաները հավատարիմ են իրեն (Առ 27:11)։ Աստծու մտքով [բնագրում՝ «սրտով»] երբեք չեն անցել այնպիսի դաժան արարքներ, ինչպիսին էր, օրինակ, մարդկանց ողջակիզելը, ինչը անում էին որոշ հավատուրաց իսրայելացիներ, և դա ցույց է տալիս, որ նա այնպիսի Աստված չէ, որ հավիտենական չարչարանքների ենթարկի մարդկանց (Եր 7:31; 19:5)։
Մի բանի կենտրոն։ Քանի որ բառացի սիրտը մարմնի կենտրոնում է գտնվում, «սիրտ» բառը երբեմն վերաբերում է որևէ բանի կենտրոնին, օրինակ՝ ասվում է «երկրի սիրտ» (Մթ 12:40), «ծովի սիրտ» (Ելք 15:8; Հվն 2:3), իսկ 2 Սամուել 18։14-ում «ծառի ճյուղերի մեջ» թարգմանված արտահայտությունը բառացի նշանակում է «ծառի սրտում»։ 2 Օրենք 4:11-ում «երկինք» թարգմանված բառը բառացի նշանակում է «երկնքի սիրտ» (տես ծնթ.)։
Մարգարեական նշանակություն։ Դանիել 7:4 համարի մարգարեության մեջ «սիրտ» բառը խորհրդանշական իմաստ ունի։ Այնտեղ ասվում է, որ Բաբելոնի թագավորությունը ներկայացնող առյուծի նման գազանը երկու ոտքի վրա կանգնեցվեց և «նրան մարդու սիրտ տրվեց», այսինքն՝ նա այլևս քաջ սիրտ՝ «առյուծի սիրտ» չուներ (2Սմ 17:10)։ Նրան հաղթեց խորհրդանշական «արջը»՝ Մարա-Պարսկաստանը (Դն 7:5; տես ԳԱԶԱՆՆԵՐ (ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ))։