ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ
Հաշտվել նշանակում է վերականգնել համերաշխ, ընկերական փոխհարաբերությունները, նաև շտկել կամ լուծել ինչ-որ բան, օրինակ՝ վերջ դնել տարաձայնություններին։ Հաշտության հետ կապ ունեցող հունարեն բառերը ծագել են ալլասսո բայից, որը հիմնականում նշանակում է «փոխել», «փոփոխման ենթարկել» (Գրծ 6:14; Գղ 4:20)։
Դրանից կազմված կատալլասսո բառը, որի հիմնական նշանակությունն է «փոխանակել», ժամանակի ընթացքում ձեռք է բերել «հաշտվել» իմաստը (Հռ 5:10)։ Պողոսն այս բայը գործածեց, երբ ասաց, որ եթե կինը հեռանա ամուսնուց, պետք է առանց ամուսնանալու մնա կամ հաշտվի նրա հետ (1Կթ 7:11)։ Նույնարմատ դիալլասսոմայ բառը հանդիպում է Մատթեոս 5:24-ում, որտեղ Հիսուսը բացատրում է, որ անհատը պետք է նախ հաշտվի իր եղբոր հետ և հետո մատուցի իր ընծան զոհասեղանի վրա։
Հաշտություն Աստծու հետ։ «Հռոմեացիներ» նամակում, ինչպես նաև այլ նամակներում Պողոսը գործածում է կատալլասսո և ապոկատալլասսո (սաստկական ձև) բառերը, երբ խոսում է այն մասին, որ մարդը Հիսուս Քրիստոսի զոհի հիման վրա հաշտվում է Աստծու հետ։
Աստծու հետ անհրաժեշտ է հաշտվել այն պատճառով, որ մարդու և Աստծու միջև գոյություն ունի օտարացում, բաժանություն, նրանց միջև այլևս չկա ներդաշնակություն և ընկերական փոխհարաբերություններ, ավելին, նրանց միջև թշնամություն կա։ Այդ ամենի պատճառը առաջին մարդ Ադամի գործած մեղքն է և դրա հետևանքով առաջ եկած մեղավոր վիճակն ու անկատարությունը, որ ժառանգել են նրա բոլոր հետնորդները (Հռ 5:12; հմմտ. Ես 43:27)։ Ահա թե ինչու Պողոս առաքյալը ասաց. «Մարմնավոր բաների մասին մտածելը թշնամություն է Աստծու դեմ, քանի որ մարմինը չի հպատակվում Աստծու օրենքին և չի էլ կարող [ժառանգած մեղքի և անկատարության պատճառով]։ Ուստի ովքեր մարմնավոր են, չեն կարող հաճեցնել Աստծուն» (Հռ 8:7, 8)։ Այդ թշնամությունը գոյություն ունի այն պատճառով, որ Աստված հավանություն չի տալիս մեղքին և չի հանդուրժում այն, քանի որ վարվում է իր կատարյալ չափանիշներին ներդաշնակ (Սղ 5:4; 89:14)։ Նրա Որդու մասին, որն արտացոլում է Հոր կատարյալ հատկությունները, գրված է. «Դու սիրեցիր արդարությունը և ատեցիր անօրենությունը» (Եբ 1:9)։ Հետևաբար թեև «Աստված սեր է», և նա «այնքան շատ սիրեց աշխարհը [մարդկությանը], որ իր միածին Որդուն տվեց» մարդկանց համար, սակայն հարկավոր է հիշել, որ ընդհանուր առմամբ մարդկությունը թշնամության մեջ է Աստծու հետ, և Աստված, մարդկանց հանդեպ սեր դրսևորելով, իրականում թշնամիների հանդեպ է սեր դրսևորում, սեր, որը հիմնված է սկզբունքների (հուն.՝ ագապե), ոչ թե կապվածության կամ ընկերության (հուն.՝ ֆիլիա) վրա (1Հվ 4:16; Հվ 3:16; հմմտ. Հկ 4:4)։
Քանի որ Աստծու արդարության չափանիշը շատ բարձր է, նա չի կարող խրախուսել մեղքը կամ հավանություն տալ դրան. մեղքը հակառակ է նրա հստակ արտահայտված կամքին։ Աստված «գթառատ է ու ողորմած», «հարուստ է ողորմությամբ» (Սղ 145:8, 9; Եփ 2:4), սակայն նա չի անտեսի արդարությունը՝ ողորմածություն դրսևորելու համար։ Ինչպես նշված է Մակ-Քլինտոկի և Ստրոնգի հանրագիտարանում, Աստծու և մեղավոր մարդու փոխհարաբերությունները «իրավական բնույթ են կրում, ինչպես որ այն փոխհարաբերությունները, որ գոյություն ունեն որպես դատավոր հանդես եկող միապետի ու հանցագործի միջև, որը խախտել է նրա օրենքները և դուրս եկել նրա իշխանության դեմ, և որի հետ դրա հետևանքով վերաբերվում են որպես թշնամու» (J. M’Clintock, J. Strong, Cyclopædia, 1894, Vol. VIII, p. 958)։ Հենց այդպիսի իրավիճակում հայտնվեցին մարդիկ իրենց նախահայր Ադամից ժառանգած մեղքի պատճառով։
Հաշտության համար հիմք։ Աստծու հետ լիակատար հաշտությունը հնարավոր է միայն Հիսուս Քրիստոսի քավիչ զոհի միջոցով. նա է «ճանապարհը», և ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ նրա միջոցով (Հվ 14:6)։ Հիսուսի մահը «հաշտության զոհ էր [հուն.՝ հիլասմոն] մեր մեղքերի համար» (1Հվ 2:2; 4:10)։ Հիլասմոս բառը նշանակում է «խաղաղեցնելու միջոց», «քավություն»։ Հստակ է, որ Հիսուս Քրիստոսի զոհը «խաղաղեցնելու միջոց» չէր այն իմաստով, որ մեղմում էր Աստծուն պատճառած ցավը, քանի որ նրա սիրելի Որդու մահն, ինչ խոսք, այդպիսի ազդեցություն չէր ունենա։ Այդ զոհը «խաղաղեցնելու միջոց» էր այն իմաստով, որ բավարարում էր Աստծու կատարյալ արդարության պահանջները՝ իրավական հիմք լինելով մեղքերի ներման համար, որպեսզի Աստված «արդար լինի նույնիսկ այն ժամանակ, երբ արդար կհայտարարի նրան [ի ծնե մեղավոր մարդուն], ով հավատում է Հիսուսին» (Հռ 3:24–26)։ Լինելով մեղքերի և անօրեն գործերի համար քավության միջոց՝ հաշտության զոհը նպաստեց այն բանին, որ մարդը կարողանա վերականգնել իր փոխհարաբերությունները Գերիշխան Աստծու հետ (Եփ 1:7; Եբ 2:17; տես ՓՐԿԱՆՔ)։
Փաստորեն, Աստված այնպես արեց, որ Քրիստոսի միջոցով «նորից իր հետ հաշտեցնի մնացած բոլորին՝ տանջանքի ցցի վրա նրա [Հիսուսի] թափած արյամբ խաղաղություն հաստատելով»։ Դրա շնորհիվ մարդիկ, որոնք «մի ժամանակ օտարացած էին Աստծուց և թշնամի էին նրան» այն պատճառով, որ չար գործերի մասին էին մտածում, կարող էին հաշտվել «այդ մեկի ֆիզիկական մարմնի միջոցով, նրա մահով, որպեսզի [նա նրանց] իր առջև ներկայացնի սուրբ, անարատ և առանց մեղադրանքի» (Կղ 1:19–22)։ Այդուհետ Եհովա Աստված կարող էր արդար հայտարարել նրանց, ում ընտրել էր, որպեսզի դառնային իր հոգևոր որդիները. նրանց դեմ ոչ ոք չէր կարող մեղադրանք ներկայացնել, քանի որ նրանք լիովին հաշտվել էին Աստծու հետ և նրա հետ խաղաղ փոխհարաբերություններ ունեին (հմմտ. Գրծ 13:38, 39; Հռ 5:9, 10; 8:33)։
Իսկ ի՞նչ կարելի է ասել այն մարդկանց մասին, ովքեր ծառայել են Աստծուն նախքան Քրիստոսի մահանալը։ Նրանց թվում են Աբելը, որը «վկայություն ստացավ իր մասին, որ արդար է, երբ Աստված վկայեց, որ ընդունել է նրա ընծաները», Ենոքը, որը «վկայություն էր ստացել, որ հաճեցրել է Աստծուն», Աբրահամը, որը «կոչվեց «Եհովայի ընկերը»», Մովսեսը, Հեսուն, Սամուելը, Դավիթը, Դանիելը, Հովհաննես Մկրտիչը և Քրիստոսի աշակերտները (որոնց նա իր մահից առաջ ասաց. «Հայրը ինքն է սիրում ձեզ») (Եբ 11:4, 5; Հկ 2:23; Դն 9:23; Հվ 16:27)։ Եհովան հարաբերվում էր այդ բոլոր մարդկանց հետ և օրհնում էր նրանց։ Այդ դեպքում ինչո՞ւ կարիք կար, որ նրանք հաշտվեին Աստծու հետ Քրիստոսի մահվան միջոցով։
Անկասկած, այդ մարդիկ արդեն որոշ չափով հաշտվել էին Աստծու հետ։ Այնուամենայնիվ, նրանք, ինչպես և մնացած բոլոր մարդիկ ի ծնե մեղավոր էին և ընդունում էին իրենց մեղավոր լինելը, քանի որ կենդանական զոհեր էին մատուցում (Հռ 3:9, 22, 23; Եբ 10:1, 2)։ Ինչ խոսք, որոշ մարդիկ ավելի ծանր ու ամոթալի մեղքերի էին գործում, քան ուրիշները, ու երբեմն նույնիսկ բացահայտ ըմբոստ ոգի էին դրսևորում։ Սակայն մեղքը միշտ մեղք է մնում՝ անկախ իր աստիճանից կամ ծանրությունից։ Լինելով Ադամի հետնորդները՝ բոլոր մարդիկ մեղավոր են, հետևաբար բոլորը, առանց բացառության, կարիք ունեն հաշտվելու Աստծու հետ, ինչը հնարավոր է նրա Որդու զոհաբերության շնորհիվ։
Աստված կարող էր մտերիմ հարաբերություններ ունենալ վերոնշյալ մարդկանց հետ նրանց հավատի հիման վրա, հավատ այն բանի հանդեպ, որ Աստված իր նշանակած ժամանակին մեղքից լիովին ազատվելու համար միջոց կտա (հմմտ. Եբ 11:1, 2, 39, 40; Հվ 1:29; 8:56; Գրծ 2:29–31)։ Փաստորեն, Աստծու հետ նրանց՝ որոշ չափով հաշտված լինելը հնարավոր էր այն բանի շնորհիվ, որ ապագայում Աստված փրկանք էր տրամադրելու։ Ինչպես ցույց է տրված ԱՐԴԱՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ հոդվածում, Աստված այդ մարդկանց արդար համարեց՝ դիտեց, նրանց հավատի համար և դրա հիման վրա։ Հաստատ իմանալով, որ տրամադրելու է փրկանքը՝ նա կարող էր ընկերական փոխհարաբերություններ ունենալ նրանց հետ և միևնույն ժամանակ չխախտել արդարության իր կատարյալ չափանիշները (Հռ 4:3, 9, 10; նաև հմմտ. Հռ 3:25, 26; 4:17)։ Այդուհանդերձ, հարկավոր էր, որ նրա արդարության տեղին պահանջները բավարարվեին, և մարդիկ արդար համարվեին պահանջված փրկագնի փաստացի վճարման հիման վրա։ Այդ ամենն ընդգծում է Քրիստոսի կարևոր դերը Աստծու նպատակներում և ցույց է տալիս, որ եթե չլիներ Հիսուս Քրիստոսը, ոչ մի մարդ չէր կարող կանգնել Աստծու առաջ՝ հիմնվելով իր արդարության վրա (հմմտ. Ես 64:6; Հռ 7:18, 21–25; 1Կթ 1:30, 31; 1Հվ 1:8–10)։
Հաշտության համար անհրաժեշտ քայլեր։ Քանի որ մարդն է խախտել Աստծու օրենքը և խախտում է մինչ օրս, նա՛ պետք է հաշտվի Աստծու հետ, և ոչ թե Աստված՝ մարդու հետ (Սղ 51:1–4)։ Մարդը Աստծուն հավասար իրավունքներ չի կարող ունենալ։ Բացի այդ, Աստծու վերաբերմունքը այն բանի հանդեպ, ինչը ճիշտ է, ենթակա չէ փոփոխության, շտկման կամ ճշգրտման (Ես 55:6–11; Մղք 3:6; հմմտ. Հկ 1:17)։ Ուստի հաշտության համար նրա դրած պայմանները քննարկման ենթակա չեն, և դրանք հնարավոր չէ մեղմել (հմմտ. Հոբ 40:1, 2, 6–8; Ես 40:13, 14)։ Թեև շատ թարգմանություններում Եսայիա 1:18 համարը հնչում է հետևյալ կերպ՝ «եկեք երկու կողմից քննենք հարցը [KJ; AT; JP; RS]», ավելի ճշգրիտ ու հետևողական թարգմանությունը կհնչի այսպես. «Եկեք պարզենք մեր հարաբերությունները,— ասում է Եհովան»։ Այն բանում, որ Աստծու և մարդու միջև խաթարվել է ներդաշնակությունը, միանգամայն մարդն է մեղավոր, ոչ թե Աստված (հմմտ. Եզկ 18:25, 29–32)։
Այնուամենայնիվ, Աստված ողորմություն դրսևորեց և ընդառաջեց մարդկանց՝ նրանց համար հաշտության ճանապարհ հարթելով։ Այդ ճանապարհը նա հարթեց իր Որդու միջոցով։ Պողոս առաքյալը գրեց. «Երբ մենք դեռ տկար էինք, Քրիստոսը նշանակված ժամանակին մահացավ ամբարիշտների համար։ Դժվար թե որևէ մեկը մահանա արդարի համար, մինչդեռ բարի մարդու համար ինչ-որ մեկը միգուցե համարձակվի մահանալ։ Բայց Աստված իր սերն է [ագապեն] դրսևորում մեր հանդեպ նրանով, որ Քրիստոսը մահացավ մեզ համար, երբ մենք դեռ մեղավորներ էինք։ Ուրեմն որքա՜ն առավել հիմա, որ արդար ենք հայտարարվել նրա արյունով, նրա միջոցով կփրկվենք ցասումից։ Եթե մենք, որ թշնամիներ էինք, հաշտվեցինք Աստծու հետ նրա Որդու մահով, ապա որքա՜ն առավել հիմա, որ արդեն հաշտվել ենք, կփրկվենք նրա կյանքով։ Մենք նաև ցնծում ենք Աստծով մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որի միջոցով էլ այժմ ստացել ենք հաշտությունը» (Հռ 5:6–11)։ Հիսուսին, որը «երբեք մեղք չգործեց, Աստված մեղքի ընծա դարձրեց», որպեսզի մարդկանց ազատի մեղքի համար պատասխանատվություն կրելուց։ Մարդիկ, ազատված լինելով այդ պատասխանատվությունից, կարող են Հիսուսի միջոցով «արդար դառնալ Աստծու աչքում», այսինքն՝ «Աստուծոյ արդարութիւնը լինել [ԱԹ]» (2Կթ 5:18, 21)։
Աստված իր ողորմությունն ու սերը դրսևորում է նաև նրանով, որ մեղավոր մարդկանց մոտ դեսպաններ է ուղարկում։ Հին ժամանակներում դեսպանները գլխավորապես ուղարկվում էին այն դեպքում, երբ կողմերի միջև ոչ թե խաղաղություն կար, այլ թշնամանք (հմմտ. Ղկ 19:14)։ Հաճախ նրանց առաքելությունը հնարավորության դեպքում պատերազմը կանխելն էր կամ պատերազմական դրությանը վերջ դնելը (Ես 33:7; Ղկ 14:31, 32; տես ԴԵՍՊԱՆ)։ Աստված իր դեսպաններին ուղարկում է մարդկանց մոտ, որպեսզի նրանք իմանան հաշտության իր պայմանների մասին և կատարեն դրանք։ Պողոս առաքյալը գրում է. «Հետևաբար, մենք Քրիստոսին փոխարինող դեսպաններ ենք, ասես թե Աստված խնդրելիս լինի մեր միջոցով։ Որպես Քրիստոսին փոխարինողներ՝ մենք աղերսում ենք. «Հաշտվե՛ք Աստծու հետ»» (2Կթ 5:20)։ Այս կոչը չի վկայում Աստծու իշխանության թուլացման կամ չարագործության հանդեպ նրա վերաբերմունքի մեղմացման մասին։ Այն ողորմությամբ լի հորդոր է օրինախախտներին, որ խաղաղություն փնտրեն նրա հետ, որպեսզի չկրեն նրա արդարացի բարկության անխուսափելի հետևանքները, որը նա կթափի այն բոլոր մարդկանց վրա, ովքեր համառորեն հակառակվում են նրա սուրբ կամքին. այդպիսի մարդիկ կկործանվեն (հմմտ. Եզկ 33:11)։ Ինչպես հետո ցույց է տալիս առաքյալը, նույնիսկ քրիստոնյաները պետք է զգույշ լինեն, որ «ընդունելով Աստծու անզուգական բարությունը՝ աչքաթող չանեն դրա նպատակը». նրանք պետք է շարունակ փնտրեն նրա բարեհաճությունը «ընդունելի ժամանակ»՝ «փրկության օրը», որը Աստված ողորմածաբար նշանակել է մարդկանց համար (2Կթ 6:1, 2)։
Եթե մարդը հասկանում է հաշտության անհրաժեշտությունն ու ընդունում է այն, ինչ Աստված նախատեսել է դրա համար, այսինքն՝ նրա Որդու զոհը, ապա պետք է զղջա իր մեղքերի համար, դարձի գա և այլևս չընթանա սխալ ճանապարհով, այսինքն՝ այն ճանապարհով, որով ընթանում է մեղավոր մարդկությունը։ Քրիստոսի տված փրկանքի հիման վրա դիմելով Աստծուն՝ նա կարող է մեղքերի ներում ստանալ ու հաշտվել նրա հետ։ Այդ ժամանակ «Եհովան թարմություն կբերի» նրան (Գրծ 3:18, 19)։ Բացի դրանից, նա կունենա մտքի ու սրտի խաղաղություն (Փպ 4:6, 7)։ Նա այլևս Աստծու թշնամին չի լինի, որն իր վրա կրում է նրա բարկությունը, նա «մահից կանցնի դեպի կյանք» (Հվ 3:16; 5:24)։ Դրանից հետո այդ անհատը պետք է ջանք թափի, որ չկորցնի Աստծու բարեհաճությունը՝ «ճշմարտությամբ կանչելով» նրան, «հարատևելով հավատի մեջ» և չշեղվելով «բարի լուրի հույսից» (Սղ 145:18; Փպ 4:9; Կղ 1:22, 23)։
Ի՞նչ իմաստով Աստված «աշխարհն իր հետ հաշտեցրեց»
Պողոս առաքյալը նշում է, որ «Աստված Քրիստոսի միջոցով աշխարհն իր հետ հաշտեցրեց՝ հաշվի չառնելով նրանց հանցանքները» (2Կթ 5:19)։ Այս համարից չի կարելի եզրակացնել, որ Հիսուսի զոհի միջոցով բոլոր մարդիկ ինքնըստինքյան հաշտված են Աստծու հետ, քանի որ այդ խոսքերից անմիջապես հետո առաքյալն ասում է, որ դեսպանները աղերսում են. «Հաշտվե՛ք Աստծու հետ» (2Կթ 5:20)։ Իրականում, Աստծու հետ հաշտվելու հնարավորությունը տրված է բոլոր ցանկացողներին։ Հիսուսը եկավ, որ «իր կյանքը փրկանք տա շատերի փոխարեն», և միայն նա, «ով հավատում է Որդուն, հավիտենական կյանք ունի», իսկ «ով չի հնազանդվում Որդուն, կյանքը չի տեսնի, այլ Աստծու զայրույթը մնում է նրա վրա» (Մթ 20:28; Հվ 3:36; հմմտ. Հռ 5:18, 19; 2Թղ 1:7, 8)։
Եհովա Աստված նպատակ ունի «ամեն ինչ նորից համախմբել Քրիստոսում՝ երկնքում եղողները և երկրի վրա եղողները» (Եփ 1:10)։ Այդ պատճառով բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում Եհովա Աստծու հետ «պարզել» իրենց հարաբերությունները (Ես 1:18), պետք է կործանվեն։ Արդյունքում ողջ տիեզերքում ամեն բան ներդաշնակ կլինի Աստծու կամքին, մարդկությունը կրկին ընկերական փոխհարաբերություններ կունենա նրա հետ և կվայելի առատ օրհնություններ, ինչպես որ ամենասկզբում Եդեմի պարտեզում էր (Հտն 21:1–4)։
Եհովան Իսրայել ազգի հետ կապած ուխտը անվավեր դարձրեց, քանի որ այդ ազգը անհավատարիմ եղավ իրեն ու մերժեց իր Որդուն (Մթ 21:42, 43; Եբ 8:7–13)։ Ակներևաբար Պողոսը հենց դա նկատի ուներ, երբ հրեաների մասին ասաց, որ «նրանց մերժվելը հաշտություն է նշանակում աշխարհի համար» (Հռ 11:15), քանի որ, ինչպես երևում է համատեքստից, այն մարդկանց համար, ովքեր չէին պատկանում հրեա ազգին, կամ՝ ժողովին, այդպիսով ճանապարհ բացվեց հաշտության համար։ Այլ կերպ ասած՝ այլազգիները հնարավորություն ստացան միանալու հավատարիմ հրեա մնացորդին, մտնելու նոր ուխտի մեջ և կազմելու Աստծու նոր ազգը՝ հոգևոր Իսրայելը (հմմտ. Հռ 11:5, 7, 11, 12, 15, 25)։
Լինելով մի ժողովուրդ, որն Աստծու հետ ուխտի մեջ է և նրա «հատուկ սեփականությունն» է (Ելք 19:5, 6; 1Թգ 8:53; Սղ 135:4)՝ հրեաները որոշ չափով հաշտության մեջ էին Աստծու հետ, թեև դեռ նրա հետ լիովին հաշտվելու կարիք ունեին կանխագուշակված Փրկչի՝ Մեսիայի միջոցով (Ես 53:5–7, 11, 12; Դն 9:24–26)։ Իսկ այլազգիները «օտարացած էին Իսրայելի ժողովրդից և օտար՝ խոստման ուխտերին, չունեին հույս և առանց Աստծու էին աշխարհում», քանի որ չունեին նրա հավանությունը (Եփ 2:11, 12)։ Սակայն համաձայն Սերնդի մասին սրբազան գաղտնիքի՝ Աստված նպատակ ուներ օրհնելու «երկրի բոլոր ազգերին» (Ծն 22:15–18)։ Դա անելու միջոցը՝ Հիսուս Քրիստոսի զոհը, ճանապարհ բացեց այն մարդկանց համար, ովքեր ոչ թե Իսրայել ազգից էին, այլ Աստծուց օտարացած ազգերից, որպեսզի նրանք «Քրիստոսի արյունով մոտենան» Աստծուն (Եփ 2:13)։ Բացի դրանից, այդ զոհը քանդեց հրեաների ու ոչ հրեաների միջև եղած բաժանության պատը, քանի որ կատարեց Օրենքի ուխտի նպատակը ու վերացրեց այն։ Այսպիսով՝ Քրիստոսը կարողացավ «տանջանքի ցցի միջոցով այս երկու կողմերին մեկ մարմնի մեջ ամբողջությամբ հաշտեցնել Աստծու հետ, քանի որ իր անձով ոչնչացրեց թշնամությունը [Օրենքի ուխտի պատճառով առաջացած բաժանությունը]»։ Այդուհետ թե՛ հրեաները, թե՛ ոչ հրեաները կարող էին մոտենալ Աստծուն Հիսուս Քրիստոսի միջոցով, և ժամանակի ընթացքում ոչ հրեաները մտան նոր ուխտի մեջ՝ որպես Քրիստոսի հետ Թագավորության ժառանգներ (Եփ 2:14–22; Հռ 8:16, 17; Եբ 9:15)։