ՍԵԴԵԿԻԱ
[«Եհովան արդարություն է»]։
1. «Քանանայի որդին», կեղծ մարգարե, որը Աքաաբ թագավորին վստահեցրեց, որ վերջինս ասորիների ձեռքից կկարողանա վերցնել Ռամոթ-Գաղաադը։ Սեդեկիան «իր համար երկաթե եղջյուրներ սարքեց», որպեսզի ակնառու կերպով ցույց տա, թե ինչպես Աքաաբը պիտի հարվածի ասորիներին այնքան, մինչև որ բնաջինջ անի նրանց։ Իսկ երբ Եհովայի ճշմարիտ մարգարեն՝ Միքիան, կանխագուշակեց, որ Աքաաբին չարիք է սպասում, Սեդեկիան հարվածեց նրա այտին (1Թգ 22:11, 23, 24; 2Տգ 18:10, 22, 23)։
2. Իշխան, Հովակիմ թագավորի ժամանակակիցը (Եր 36:12)։
3. «Մաասիայի որդին», ստախոս և շնություն գործող մարգարե, որն ապրում էր Բաբելոն գերեվարվածների մեջ։ Երեմիան՝ Եհովայի մարգարեն, կանխագուշակեց, որ Նաբուգոդոնոսոր թագավորը կրակի մեջ պիտի խորովեր Սեդեկիային ու նրա համախոհ Աքաաբին (Եր 29:21–23)։
4. Հովսիայի որդին, որին ծնել էր նրա կինը՝ Ամիտալը։ Երուսաղեմում իշխող Հուդայի վերջին թագավորը։ Այն բանից հետո, երբ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը նրան իրեն ենթակա թագավոր նշանակեց, նրա՝ Մաթանիա անունը փոխեց և նրան անվանեց Սեդեկիա։ 11 տարվա իշխանության ընթացքում Սեդեկիան «չարիք գործեց Եհովայի աչքում» (2Թգ 24:17–19; 2Տգ 36:10–12; Եր 37:1; 52:1, 2)։
Թեև 1 Տարեգրություն 3:15-ում նշված է, որ Սեդեկիան Հովսիայի երրորդ որդին էր, սակայն իրականում նա չորրորդն էր (հմմտ. 2Թգ 23:30, 31; 24:18; Եր 22:11)։ Այս համարում նրա անունը հավանաբար գրվել է իր հարազատ եղբայր (նույն հորից և նույն մորից) Սեղումի (Հովաքազի) անունից առաջ, քանի որ նա շատ ավելի երկար է թագավորել։
Նրա հայրը՝ Հովսիա թագավորը, մահացու վիրավորվեց Մեգիդոյում, երբ փորձում էր հետ մղել եգիպտական զորքը, որին գլխավորում էր Նեքաո փարավոնը (մ.թ.ա. մոտ 629 թ.)։ Այդ ժամանակ Սեդեկիան մոտ ինը տարեկան էր, այսինքն՝ իր եղբորորդի Հովաքինից մոտ երեք տարի մեծ էր։ Ժողովուրդը թագավոր նշանակեց Սեդեկիայի հարազատ եղբորը՝ 23-ամյա Հովաքազին։ Վերջինս թագավորեց ընդամենը երեք ամիս, քանի որ Նեքաո փարավոնը գահընկեց արեց նրան և թագավոր նշանակեց նրա եղբայր Եղիակիմին (որի անունը փոխեց և դրեց Հովակիմ)՝ Հովաքազի ու Սեդեկիայի 25-ամյա եղբորը (նույն հորից, բայց տարբեր մայրերից)։ Հովակիմի մահից հետո սկսեց թագավորել նրա որդի Հովաքինը։ Ըստ երևույթին, այդ ժամանակ բաբելոնացիների զորքը Նաբուգոդոնոսոր թագավորի գլխավորությամբ պաշարման մեջ էր պահում Երուսաղեմը։ Երեք ամիս և տասը օր թագավորելուց հետո Հովաքինը մ.թ.ա. 617 թ.-ին հանձնվեց Բաբելոնի թագավորին (2Թգ 23:29–24:12; 2Տգ 35:20–36:10)։
Կառավարման առաջին տարիները։ Նաբուգոդոնոսորը Երուսաղեմում թագավոր նշանակեց Սեդեկիային և նրան Եհովայի անունով երդվել տվեց, որ նա հավատարիմ կլինի իրեն՝ որպես ենթակա թագավոր (2Տգ 36:10, 11; Եզկ 17:12–14; հմմտ. 2Տգ 36:13)։
Ակներևաբար Սեդեկիայի կառավարման սկզբում էր, որ Եդոմից, Մովաբից, Ամմոնից, Տյուրոսից ու Սիդոնից նրա մոտ պատգամաբերներ եկան, որպեսզի թերևս դրդեն նրան միանալու Նաբուգոդոնոսորի դեմ իրենց կազմած դաշինքին (Եր 27:1–3; 1-ին համարում արտագրողը հավանաբար սխալմամբ «Սեդեկիա» անվան փոխարեն գրել է «Հովակիմ»։ Տես ՆԱ-ի ծնթ.)։ Աստվածաշնչում չի ասվում, թե արդյոք այդ պատգամաբերները հասան իրենց նպատակին։ Հնարավոր է՝ նրանք հաջողության չհասան, քանի որ Երեմիան Սեդեկիային և նրա հպատակներին հորդորում էր շարունակել ենթարկվել Բաբելոնի թագավորին։ Նա նաև լուծեր տվեց պատգամաբերներին՝ ի նշան այն բանի, որ նրանց ուղարկած ազգերը նույնպես պետք է ենթարկվեն Նաբուգոդոնոսորին (Եր 27:2–22)։
Իր կառավարման սկզբում էր, որ Սեդեկիան Ելասային և Գամարիային Բաբելոն ուղարկեց (պատճառը Աստվածաշնչում նշված չէ)։ Եթե այդ իրադարձությունը նշված է ժամանակագրական հաջորդականությամբ, ապա այն տեղի է ունեցել Սեդեկիայի թագավորության չորրորդ տարում (Եր 28:1, 16, 17; 29:1–3)։
Իր իշխանության չորրորդ տարում Սեդեկիան անձամբ գնաց Բաբելոն հավանաբար այն պատճառով, որ Նաբուգոդոնոսորին վճարի տուրքը և այդպիսով վստահեցնի, որ շարունակում է որպես ենթակա թագավոր՝ հավատարիմ մնալ նրան։ Այդ ժամանակ Սեդեկիայի հետ գնաց նաև Սարայիա սենեկապետը, որին Երեմիա մարգարեն վստահել էր մի գիրք, որում գրված էր Բաբելոնի դեմ ուղղված Եհովայի դատաստանը (Եր 51:59–64)։
Մոտ մեկ տարի անց Բաբելոնում գտնվող հրեա գերիների մեջ որպես մարգարե սկսեց ծառայել Եզեկիելը (Եզկ 1:1–3; հմմտ. 2Թգ 24:12, 17)։ Սեդեկիայի իշխանության վեցերորդ տարվա (մ.թ.ա. 612 թ.) վեցերորդ ամսում Եզեկիելին մի տեսիլք տրվեց, որում նա տեսավ, որ Երուսաղեմում մարդիկ կռապաշտությամբ էին զբաղվում, այդ թվում՝ երկրպագում էին Թամուզ աստծուն և արևին (Եզկ 8:1–17)։
Ապստամբում է Նաբուգոդոնոսորի դեմ։ Մոտ երեք տարի անց (մ.թ.ա. մոտ 609 թ.) Սեդեկիան ապստամբեց Նաբուգոդոնոսորի դեմ և պատգամաբերներ ուղարկեց Եգիպտոս՝ ռազմական օգնություն ստանալու համար։ Այդպիսով նա հակառակ վարվեց Երեմիայի միջոցով Եհովայի տված պատվերին և խախտեց Եհովայի անունով իր տված երդումը (2Թգ 24:20; 2Տգ 36:13; Եր 52:3; Եզկ 17:15)։ Արդյունքում բաբելոնացիների զորքը Նաբուգոդոնոսորի գլխավորությամբ դուրս եկավ Երուսաղեմի դեմ։ Քաղաքի պաշարումը սկսվեց «իններորդ տարվա տասներորդ ամսում՝ ամսվա տասներորդ օրը» (Եզկ 24:1–6)։
Հնարավոր է՝ այս պաշարման սկզբում էր, որ Սեդեկիան Երեմիայի «մոտ ուղարկեց Մելքիայի որդի Փասուրին և Մաասիայի որդի Սոփոնիա քահանային»։ Թագավորն ուզում էր, որ մարգարեն Եհովային հարցնի, թե արդյոք Նաբուգոդոնոսորը հետ կքաշվի Երուսաղեմից։ Եհովան Երեմիայի միջոցով հայտնեց, որ քաղաքի ու նրա բնակիչների վրա բաբելոնացիների ձեռքով չարիք էր գալու (Եր 21:1–10)։ Ըստ ամենայնի, դրանից հետո Երեմիան, հնազանդվելով Աստծու պատվերին, անձամբ գնաց Սեդեկիայի մոտ, որպեսզի նախազգուշացնի նրան այն մասին, որ Երուսաղեմը կործանվելու է, իսկ թագավորը Բաբելոն է տարվելու, որտեղ և մեռնելու է խաղաղության մեջ (Եր 34:1–7)։
Երբ Երուսաղեմը պաշարման մեջ էր, Սեդեկիան և նրա իշխանները Եհովայի բարեհաճությունը շահելու նպատակով որոշեցին անել մի բան, ինչը գրված էր նրա օրենքում։ Թեև այդ տարի Հոբելյանական տարի չէր, նրանք ուխտ կապեցին, որ ամեն մեկը ազատ արձակի իր եբրայեցի ծառաներին։ Ավելի ուշ նրանք դրժեցին այդ ուխտը՝ կրկին ստրկացնելով նրանց, ում ազատ էին արձակել (Եր 34:8–22)։ Հավանաբար, դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ եգիպտական զորքը դուրս եկավ՝ պաշտպանելու Երուսաղեմը, և բաբելոնացիները նրան դիմադրելու համար ժամանակավորապես հանեցին պաշարումը (Եր 37:5)։ Ըստ երևույթին, ենթադրելով, որ բաբելոնացիները կպարտվեն և չեն կարողանա նորից պաշարել քաղաքը՝ եբրայեցի ծառաներին ազատ արձակած մարդիկ մտածեցին, որ վտանգն անցել է և կրկին ստրկացրին ազատ արձակված հայրենակիցներին։
Մոտավորապես այդ ժամանակ Սեդեկիան «Սելեմիայի որդի Հուքալին և Մաասիայի որդի Սոփոնիա քահանային ուղարկեց Երեմիա մարգարեի մոտ», որպեսզի խնդրի նրան ժողովրդի համար աղոթել Եհովային։ Հավանաբար, թագավորը ուզում էր կանխել Երուսաղեմի կանխագուշակված կործանումը։ Սակայն Երեմիայի միջոցով Եհովայի տված պատասխանը հետևյալն էր. Աստծու դատաստանը անփոփոխ էր մնալու։ Քաղդեացիները վերադառնալու էին և կործանելու էին Երուսաղեմը (Եր 37:3–10)։
Ավելի ուշ, երբ Երեմիան որոշեց հեռանալ Երուսաղեմից, որպեսզի գնա Բենիամինի երկիր, նրան բռնեցին Բենիամինի դարպասի մոտ և սուտ մեղադրանք ներկայացրին, թե նա քաղդեացիների կողմն է ուզում անցնել։ Թեև Երեմիան հերքեց դա, սակայն Երիան՝ պահակների վերակացուն, չլսեց նրան ու տարավ իշխանների մոտ։ Արդյունքում Երեմիային բանտարկեցին Հովնաթանի տան մեջ։ Շատ օրեր անց, ըստ երևույթին, երբ բաբելոնացիները կրկին պաշարել էին Երուսաղեմը, Սեդեկիան մարդ ուղարկեց Երեմիայի հետևից։ Ի պատասխան թագավորի տված հարցերին՝ մարգարեն ասաց, որ նա Բաբելոնի թագավորի ձեռքն է մատնվելու։ Երբ Երեմիան խնդրեց, որ իրեն հետ չուղարկեն Հովնաթանի տուն, Սեդեկիան ընդառաջեց և հրաման տվեց, որ նրան բանտարկեն Պահակների գավիթում (Եր 37:11–21; 32:1–5)։
Սեդեկիան թուլամորթ ղեկավար էր։ Դա երևում է նրանից, որ, երբ իշխանները նրան խնդրեցին սպանել տալ Երեմիային այն բանի համար, որ նա իբրև թե թուլացնում է պաշարված ժողովրդի մարտական ոգին, թագավորը պատասխանեց. «Ահա նա ձեր ձեռքերում է, որովհետև թագավորը չի կարող ձեզ հակառակ որևէ բան անել»։ Սակայն հետո Սեդեկիան կատարեց Երեմիային ազատելու մասին Աբդիմելեքի խնդրանքը և հրամայեց նրան իր հետ 30 մարդ վերցնել, որպեսզի օգնեն նրան այդ բանն անելու։ Որոշ ժամանակ անց Սեդեկիան կրկին առանձին հանդիպեց Երեմիային։ Նա մարգարեին վստահեցրեց, որ ո՛չ կսպանի նրան, ո՛չ էլ կհանձնի այն մարդկանց ձեռքը, որոնք նրա մահն են ուզում։ Բայց Սեդեկիան վախենում էր, որ միգուցե քաղդեացիների կողմն անցած հրեաները դաժանորեն վարվեն իր հետ։ Այդ պատճառով չհետևեց Բաբելոնի իշխաններին հանձնվելու վերաբերյալ Երեմիայի միջոցով Աստծու տված խորհրդին։ Թագավորի վախկոտ լինելու մասին վկայում է նաև այն, որ նա Երեմիային խնդրեց կասկածամիտ իշխաններից գաղտնի պահել այն, թե ինչի մասին են իրենք զրուցել (Եր 38:1–28)։
Երուսաղեմի անկումը։ Ի վերջո, մ.թ.ա. 607 թ.-ին՝ Սեդեկիայի թագավորության «տասնմեկերորդ տարում՝ չորրորդ ամսվա իններորդ օրը», Երուսաղեմի «պարիսպը ճեղքվեց»։ Գիշերը թագավորն ու բոլոր ռազմիկները փախուստի դիմեցին։ Սեդեկիային բռնեցին Երիքովի անապատային հարթավայրերում և տարան Նաբուգոդոնոսորի մոտ՝ Ռեբլա։ Նրա որդիներին նրա աչքի առաջ սպանեցին։ Այդ ժամանակ Սեդեկիան մոտ 32 տարեկան էր, և դա նշանակում է, որ նրա որդիները շատ մեծ չէին։ Այն բանից հետո, երբ Սեդեկիան տեսավ իր որդիների մահը, նրան կուրացրին, պղնձե շղթաներով կապեցին, տարան Բաբելոն ու բանտ գցեցին, որտեղ էլ նա մահացավ (2Թգ 25:2–7; Եր 39:2–7; 44:30; 52:6–11; հմմտ. Եր 24:8–10; Եզկ 12:11–16; 21:25–27)։
5. Հեքոնիայի (Հովաքինի) որդին, սակայն, հավանաբար, ոչ այն յոթ որդիներից մեկը, որոնք ծնվեցին, երբ նա Բաբելոնում գերության մեջ էր (1Տգ 3:16–18)։
6. Քահանա կամ քահանայի նախահայր, որը այն մարդկանց թվում էր, ովքեր Նեեմիայի կառավարման օրոք կնիքով հաստատեցին «անխախտ համաձայնությունը» (Նեմ 9:38; 10:1, 8)։