Հիշողություններ Հիսուսի երկրային կյանքի վերջին օրերից
ՄԵՐ ԹՎԱՐԿՈՒԹՅԱՆ 33 թ. հրեական նիսան ամսվա յոթերորդ օրն է։ Պատկերացրու, որ դիտում ես Հռոմի պրովինցիաներից մեկում՝ Հուդայում տեղի ունեցող իրադարձությունները։ Թողնելով Երիքով քաղաքն իր փարթամ բնությամբ՝ Հիսուս Քրիստոսն ու իր աշակերտները դեպի վեր բարձրացող, հոգնեցուցիչ, փոշոտ ու ոլորապտույտ ճանապարհին են գտնվում։ Ուրիշները ևս դեպի Երուսաղեմ տանող այդ ճանապարհին են, որպեսզի ներկա գտնվեն Պասեքի տարեկան տոնակատարությանը։ Բայց Քրիստոսի աշակերտների մտահոգությունը ոչ միայն այդ դժվարին բարձունքը հաղթահարելն է, այլև մի ուրիշ բան։
Հրեաները ծարավի մեծ զգացումով էին սպասում Օծյալին, որպեսզի իրենց ազատագրեր հռոմեական լծից։ Այժմ շատերը հավատում են, որ Հիսուս նազարեթցին երկար սպասված Փրկիչն է։ Շուրջ երեք ու կես տարի նա խոսել է Աստծո Թագավորության մասին, բժշկել հիվանդներին ու կերակրել սովածներին։ Այո, նա մխիթարել է մարդկանց։ Իսկ կրոնական առաջնորդները, Հիսուսի բացահայտ քողազերծումից բորբոքված, նրան սպանելու կատաղի մոլուցքով են լցված։ Այնուամենայնիվ, Հիսուսը նպատակադրված գնում է իր աշակերտների առջևից (Մարկոս 10։32)։
Երբ արևն արդեն թեքվում էր Ձիթենյաց սարի ետևը, Հիսուսն ու իր ուղեկիցները հասնում են Բեթանիա, որտեղ անց են կացնելու հաջորդ վեց գիշերները։ Այնտեղ նրանց դիմավորում են հարազատ ընկերները՝ Ղազարոսը, Մարիամը և Մարթան։ Երկար ճանապարհորդությունից շոգած և հոգնած տեղ հասնելով՝ երեկոն նրանց պարուրում է իր զովությամբ և սկիզբ տալիս նիսանի ութերորդ՝ հրեաների շաբաթ օրվան (Յովհաննէս 12։1, 2)։
Նիսանի 9
Շաբաթ օրվանից հետո Երուսաղեմն աշխուժության մեջ է։ Հազարավոր այցելուներ արդեն ժողովվել են քաղաքում՝ մասնակցելու Պասեքի տոնակատարությանը։ Բայց այս անգամ աղմկոտ իրարանցումն ավելի շատ է, քան սովորաբար լինում է ամեն տարի այդ ժամանակ։ Հետաքրքրասեր բազմությունը նեղ փողոցներով, մեծ դժվարությամբ իջնում է դեպի քաղաքի բակամուտքը։ Ի՜նչ տեսարան է բացվում նրանց առջև, երբ հրմշտոցով դուրս են գալիս դարպասներից։ Մի մեծ բազմություն ցնծալով իջնում է Ձիթենյաց սարից՝ Բեթփագեից եկող ճանապարհով (Ղուկաս 19։37)։ Ի՞նչ է նշանակում այս ամենը։
Տե՛ս։ Նազարեթցի Հիսուսը գալիս է էշի մտրուկի վրա նստած։ Ոմանք նրա առաջ հագուստներ են փռում։ Ուրիշները թափահարում են հենց նոր կտրված արմավենիների ճյուղերը և ուրախությամբ բացականչում. «Օրհնեա՜լ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով, ո՛վ թագաւոր Իսրայէլի» (Յովհաննէս 12։12—15)։
Երբ ժողովուրդը մոտենում է Երուսաղեմին, Հիսուսը մի հայացք է նետում քաղաքի վրա և խորապես հուզվում։ Նա սգում է և կանխագուշակում քաղաքի մոտալուտ կործանումը։ Կարճ ժամանակ անց մտնելով տաճար՝ Հիսուսը սկսում է սովորեցնել այնտեղ ներկա գտնվողներին և բժշկել իր մոտ եկող կույրերին ու հաշմանդամներին (Մատթէոս 21։14; Ղուկաս 19։41—44, 47)։
Այս ամենը քահանայապետերի ու դպիրների աչքից չի վրիպում։ Որքա՜ն մեծ է նրանց զայրույթը՝ տեսնելով Հիսուսի հրաշալի գործերն ու ամբոխի ցնծությունը։ Անկարող լինելով թաքցնել իրենց վրդովմունքը՝ փարիսեցիները պահանջում են. «Վարդապե՛տ, սաստի՛ր քո աշակերտներին»։ «Ասում եմ ձեզ,— պատասխանում է Հիսուսը,— որ եթէ դրանք լռեն էլ, այդ քարերը կ’աղաղակեն»։ Հեռանալուց առաջ Հիսուսի ուշադրությունը գրավում է տաճարում կատարվող ակտիվ առևտուրը (Ղուկաս 19։39, 40; Մատթէոս 21։15, 16; Մարկոս 11։11)։
Նիսանի 10
Հիսուսը վաղ առավոտյան գալիս է տաճար։ Թեև նախորդ օրը նրան բարկացրել էր իր Հոր՝ Եհովա Աստծու պաշտամունքին խառնված անվայել առևտրի տեսարանը, նա չէր արտահայտել իր զայրույթը։ Հետևաբար, նա նախանձախնդրությամբ տաճարից վռնդում է առուծախ անողներին, շրջում ագահ դրամափոխների ու աղավնիներ վաճառողների սեղանները։ «Գրուած է՝,— բացականչում է Հիսուսը,— իմ տունը աղօթքի տուն պիտի կոչուի, իսկ դուք աւազակների որջ էք արել այդ» (Մատթէոս 21։12, 13)։
Քահանայապետերը, օրենսգետներն ու ժողովրդի գլխավորները չեն կարողանում հանդուրժել Հիսուսի գործողություններն ու նրա տված հանրային ուսուցումը։ Որքա՜ն են նրանք տենչում սպանել Հիսուսին. սակայն, ժողովրդից վախենալով, անելանելի դրության մեջ են, որովհետև մարդիկ ապշած են Հիսուսի ուսուցման վրա և ‘նրանով տարուած, լսում են նրան’ (Ղուկաս 19։47, 48)։ Քանի որ երեկոն մոտենում է, Հիսուսն ու իր ուղեկիցները ուրախությամբ վերադառնում են Բեթանիա՝ գիշերային հանգիստն անցկացնելու։
Նիսանի 11
Վաղ առավոտյան արդեն Հիսուսն ու իր աշակերտները Ձիթենյաց սարի վրայով դեպի Երուսաղեմ տանող ճանապարհին են։ Երբ նրանք գալիս են տաճար, քահանայապետերն ու ժողովրդի ծերերն անմիջապես հակառակվում են Հիսուսին։ Նրանց մտքում դեռևս թարմ է մնացել Հիսուսի՝ տաճարում գտնվող դրամափոխներին և առևտրականներին ուղղված արարքը։ Նրա հակառակորդները թունոտ հարց են տալիս. «Ի՞նչ իշխանութեամբ ես այդ անում, եւ ո՞վ տուեց քեզ այդ իշխանութիւնը»։ «Ես էլ ձեզ մի բան հարցնեմ,— ետ է մղում Հիսուսը,— եթէ ինձ ասէք, ես էլ ձե՛զ կ’ասեմ, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում։ Յովհաննէսի մկրտութիւնը որտեղի՞ց էր՝ երկնքի՞ց, թէ՞՝ մարդկանցից»։ Միասին խմբվելով՝ հակառակորդները խորհրդածում են. «Եթէ ասենք՝ երկնքից, մեզ կ’ասի՝ իսկ ինչո՞ւ չհաւատացիք նրան. իսկ եթէ ասենք՝ մարդկանցից, ժողովրդից վախենում ենք, որովհետեւ բոլորն էլ Յովհաննէսին որպէս մարգարէ են ընդունում»։ Անելանելի դրության մեջ ընկնելով՝ նրանք տարակուսանքով ասում են. «Չգիտենք»։ Իր հերթին Հիսուսը հանգիստ պատասխանում է. «Ես էլ ձեզ չեմ ասի, թէ ինչ իշխանութեամբ եմ այս անում» (Մատթէոս 21։23—27)։
Հիսուսի հակառակորդները փորձում են նրան ծուղակը գցել՝ ուզում են այնպիսի պատասխան ստանալ, որի հիման վրա կարողանան ձերբակալել նրան։ «Պէ՞տք է հարկ տալ կայսրին, թէ՞՝ ոչ»,— հարցնում են նրանք։ «Ինձ հարկի դահեկա՛ն ցոյց տուէք»,— ընդդիմախոսում է Հիսուսն ու հարցնում. «Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է»։ «Կայսրինը»,— պատասխանում են նրանք։ Շփոթեցնելով նրանց՝ բոլոր ունկնդիրներին լսելի ձայնով Հիսուսը ծանուցանում է. «Տուէ՛ք կայսրինը՝ կայսեր եւ Աստծունը՝ Աստծուն» (Մատթէոս 22։15—22)։
Լռեցնելով իր հակառակորդներին անհերքելի փաստարկով՝ Հիսուսը ժողովրդի և իր աշակերտների ներկայությամբ քողազերծում է նրանց կեղծավորությունը։ Լսում ենք, թե ինչպես է նա անվախորեն դատապարտում օրենսգետներին ու փարիսեցիներին. «Մի՛ արէք ըստ նրանց գործերի, քանի որ ասում են, բայց չեն անում»։ Նա համարձակորեն իրար ետևից ազդարարում է վայերի մի շարք՝ նմանեցնելով նրանց կույր առաջնորդների և կեղծավորների. «Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս պիտի փախչէք գեհենի դատապարտութիւնից» (Մատթէոս 23։1—33)։
Միևնույն ժամանակ այդ կծու քողազերծումը Հիսուսին չի կլանում այնքան, որ նա չնկատի ուրիշների բարի գործերը։ Քիչ ուշ նա դիտում է տաճարի գանձանակի մեջ դրամ գցող մարդկանց։ Որքա՜ն աչքի զարնող է կարիքավոր այրի կնոջ զոհաբերությունը՝ երկու մանրադրամ շատ փոքր արժողությամբ, որն իր ամբողջ ապրուստն էր կազմում։ Բարձր գնահատանքով Հիսուսը մատնանշում է, որ իրականում այդ կինը զոհաբերեց անհամեմատ ավելի շատ, քան բոլոր նրանք, ովքեր ձևականորեն «իրենց կուտակածներից» գցեցին առատաձեռն երևալու համար։ Այո, նուրբ կարեկցանքով Հիսուսը խորապես գնահատում է ցանկացած բան, որն անհատն ի վիճակի է անելու (Ղուկաս 21։1—4)։
Այժմ Հիսուսը հեռանում է տաճարից վերջին անգամ։ Աշակերտներից մի քանիսը նշում են, որ տաճարը հիասքանչ է՝ ‘գեղեցիկ քարերով եւ աշտարակներով զարդարուած’։ Նրանց անակնկալի է բերում Հիսուսի պատասխանը. «Պիտի գան օրեր, երբ այնտեղ չպիտի թողնուի քար քարի վրայ, որ չքանդուի» (Ղուկաս 21։5, 6)։ Առաքյալները, Հիսուսին ուղեկցելով բազմամարդ քաղաքից դուրս, ցանկանում են իմանալ, թե նա ի՞նչ ի նկատի ուներ։
Փոքր անց Հիսուսն ու իր առաքյալները նստում են Ձիթենյաց սարի վրա և վայելում այնտեղ տիրող խաղաղությունն ու հանգիստը։ Քանի որ նրանց առջև Երուսաղեմի և տաճարի շքեղ տեսարանն է, Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսն ու Անդրեասը փորձում են պարզաբանել Հիսուսի ապշեցուցիչ կանխագուշակումը։ «Ասա՛ մեզ,— ասում են նրանք,— այդ ե՞րբ կը լինի, եւ կամ քո գալստեան [ներկայության, ՆԱ] ու այս աշխարհի վախճանի նշանն ի՞նչ կը լինի» (Մատթէոս 24։3; Մարկոս 13։3, 4)։
Մեծագույն ուսուցիչը նրանց ուշադրությանն է ներկայացնում հիրավի ուշագրավ մի մարգարեություն։ Նա կանխագուշակում է դաժան պատերազմներ, երկրաշարժներ, սննդամթերքի պակասություն և համաճարակներ։ Հիսուսը նաև կանխագուշակում է, որ Թագավորության բարի լուրը պիտի քարոզվի ամբողջ աշխարհում։ «Այդ ժամանակ,— նախազգուշացնում է նա,— մեծ նեղութիւն պիտի լինի, որպիսին չի եղել աշխարհի արարչագործութեան սկզբից մինչեւ այժմ եւ այլեւս չի էլ լինի» (Մատթէոս 24։7, 14, 21; Ղուկաս 21։10, 11)։
Չորս առաքյալներն ուշադրությամբ լսում են, երբ Հիսուսը քննարկում է ‘իր ներկայության նշանին’ վերաբերվող մյուս երեսակները։ Նա շեշտում է ‘արթուն մնալու’ կարևորությունը։ Ինչո՞ւ։ «Որովհետեւ,— ասում է նա,— չգիտէք, թէ ո՛ր ժամին կը գայ ձեր Տէրը» (Մատթէոս 24։42; Մարկոս 13։33, 35, 37)։
Դա անմոռանալի օր էր Հիսուսի ու նրա առաքյալների համար. փաստորեն, դա նրա հանրային ծառայության վերջին օրն էր կալանքից, դատից ու մահապատժից առաջ։ Մթնելուն պես նրանք բլրի վրայով տանող կարճ ճանապարհով վերադառնում են Բեթանիա։
Նիսանի 12 և 13
Նիսանի 12–ը Հիսուսը նվիրում է հանգստին՝ այն անցկացնելով իր աշակերտների հետ։ Նա գիտակցում է, որ կրոնական առաջնորդները ճարահատյալ փնտրում են իրեն սպանելու ցանկացած հնարավորություն և չի ուզում, որ նրանք խանգարեն իրեն նշել հաջորդ երեկոյան կայանալիք Պասեքի տոնակատարությունը (Մարկոս 14։1, 2)։ Մյուս օրը՝ նիսանի 13–ին, ժողովուրդը զբաղված է Պասեքի վերջնական պատրաստությունները տեսնելով։ Կեսօրից առաջ Հիսուսը Պետրոսին և Հովհաննեսին Երուսաղեմ է ուղարկում՝ մի տան վերին սենյակում իրենց համար Պասեքը պատրաստելու (Մարկոս 14։12—16; Ղուկաս 22։8)։ Մայրամուտից քիչ առաջ Հիսուսը և մնացած տասը առաքյալները հանդիպում են նրանց այնտեղ՝ իրենց վերջին Պասեքի տոնակատարության ժամանակ։
Նիսանի 14՝ մայրամուտից հետո
Երուսաղեմը պարուրվել է հաճելի մթնշաղի լույսով, քանի որ լիալուսինը Ձիթենյաց սարի վերևում է։ Կահավորված, ընդարձակ մի սենյակում Հիսուսն ու իր տասներկու առաքյալները հենվել են պատրաստ սեղանին։ «Յոյժ ցանկացայ այս պասեքի ընթրիքը ուտել ձեզ հետ, քանի դեռ չեմ չարչարուել»,— ասում է Հիսուսը (Ղուկաս 22։14, 15)։ Որոշ ժամանակ անց առաքյալները զարմանում են՝ տեսնելով, թե ինչպես է Հիսուսը վեր կենում, մի կողմ դնում իր վերնազգեստը, վերցնում սրբիչն ու ջրի ավազանը և սկսում լվանալ նրանց ոտքերը։ Նա խոնարհ ծառայության ինչպիսի՜ անմոռանալի օրինակ է ցույց տալիս (Յովհաննէս 13։2—15)։
Այնուամենայնիվ, Հիսուսը գիտի, որ այդ մարդկանցից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին, արդեն որոշել է մատնել իրեն կրոնական առաջնորդներին։ Հասկանալի է, որ նա սաստիկ վշտացած է։ «Ձեզանից մէկն ինձ մատնելու է»,— հայտարարում է նա։ Առաքյալներն անչափ վշտանում են (Մատթէոս 26։21, 22)։ Պասեքի տոնակատարությունից հետո Հիսուսն ասում է Հուդային. «Հիմա ինչ որ անելու ես, իսկոյն արա՛» (Յովհաննէս 13։27)։
Հուդայի դուրս գալուն պես Հիսուսը ներկայացնում է այն կերակուրը, որով պետք է նշվեր իր մոտալուտ մահվան հիշատակը։ Նա վերցնում է անթթխմոր հացը, աղոթքով շնորհակալություն հայտնում, կտրում այն և պատվիրում տասնմեկին ճաշակել։ «Այս է իմ մարմինը,— ասում է նա,— որ շատերի համար է տրուած. այս արէ՛ք իմ յիշատակի համար»։ Ապա վերցնում է կարմիր գինով լի բաժակը, աղոթելուց հետո հանձնում է նրանց՝ պատվիրելով, որպեսզի խմեն։ Որից հետո Հիսուսն ավելացնում է. «Այդ է նոր ուխտի իմ արիւնը, որ թափւում է շատերի համար՝ իրենց մեղքերի թողութեան համար» (Ղուկաս 22։19, 20; Մատթէոս 26։26—28)։
Այդ նշանակալից երեկոյի ընթացքում Հիսուսը շատ արժեքավոր դասեր է տալիս իր հավատարիմ առաքյալներին, այդ թվում նաև եղբայրական սիրո կարևորությունն է շեշտում (Յովհաննէս 13։34, 35)։ Նա հավաստիացնում է, որ նրանք կստանան «մխիթարիչը»՝ սուրբ հոգին, որը պետք է հիշեցներ նրանց այն ամենը, ինչ որ Հիսուսն ասել էր իրենց (Յովհաննէս 14։26)։ Ուշ երեկոյան նրանք անչափ քաջալերվում են՝ լսելով, թե իրենց մասին ինչ է ասում Հիսուսն իր սրտաշարժ աղոթքում (Յովհաննէս, գլուխ 17)։ Ավելի ուշ, գովաբանության երգեր երգելով, նրանք թողնում են վերին սենյակը և, հետևելով Հիսուսին, հայտնվում զով գիշերային մթնոլորտում։
Անցնելով Կեդրոնի ձորը՝ Հիսուսն ու իր առաքյալները ճանապարհվում են դեպի իրենց սիրած վայրը՝ Գեթսեմանի այգի (Յովհաննէս 18։1, 2)։ Մինչ առաքյալները սպասում են Հիսուսին, վերջինս առանձնանում է աղոթելու։ Անկարելի է բառերով նկարագրել նրա՝ հույզերից լարված վիճակը, երբ թախանձագին օգնություն է խնդրում Աստծուց (Ղուկաս 22։44)։ Սպասելիքները չիրականացնելու դեպքում իր սիրելի երկնային Հորն ուղղվելիք նախատինքի միտքն անգամ նրան ծայր աստիճան տանջում է։
Հիսուսը նոր էր վերջացրել աղոթքը, երբ մոտենում է Հուդա Իսկարիովտացին թրերով, մահակներով ու լապտերներով զինված բազմության հետ։ «Ողջո՜յն, Վարդապե՛տ»,— ասում է Հուդան և համբուրում նրան։ Դա Հիսուսին ձերբակալելու նշանն է։ Բոլորի համար անսպասելի՝ Պետրոսն իր թրով արագորեն հարվածում է և կտրում քահանայապետի ծառայի ականջը։ «Քո սուրը ետ դիր իր տեղը,— բուժելով մարդու ականջը՝ դիմում է նրան Հիսուսը,— ովքեր սուր են վերցնում, սրով կ’ընկնեն» (Մատթէոս 26։47—52)։
Այդ ամենը շատ արագ է կատարվում։ Հիսուսին ձերբակալում են ու կապում։ Երկյուղած ու շփոթված՝ առաքյալները թողնում են իրենց Ուսուցչին և փախչում։ Հիսուսին տանում են նախկին քահանայապետ Աննայի, ապա ներկա քահանայապետ Կայիափայի մոտ՝ դատվելու։ Վաղ առավոտյան ատյանը Աստծուն ուղղված հայհոյանքի կեղծ մեղադրանքներ է ներկայացնում Հիսուսին։ Այնուհետև Կայիափան նրան ուղարկում է հռոմեական տիրակալ Պոնտացի Պիղատոսի մոտ, իսկ նա իր հերթին՝ Գալիլեայի կառավարիչ Հերովդես Անտիպասի մոտ. Հերովդեսն ու նրա պահակախումբը ծաղրում են Հիսուսին։ Ապա նա ետ է ուղարկվում Պիղատոսի մոտ. նրա անմեղությունը Պիղատոսի առաջ հաստատվում է։ Բայց հրեական կրոնական առաջնորդների ճնշման տակ նա տալիս է Հիսուսին մահվան դատապարտելու հրամանը։ Զգալի չափով նախատինքներ և մարմնական վիրավորանքներ ստանալուց հետո Հիսուսը տարվում է Գողգոթա, որտեղ անողորմ ձևով բևեռվում է տանջանքի ցցին և տանջամահ արվում (Մարկոս 14։50—15։39; Ղուկաս 23։4—25)։
Դա պատմության ամենամեծ ողբերգությունը կլիներ, եթե Հիսուսի մահով նրա կյանքին մեկընդմիշտ վերջ տրվեր։ Բարեբախտաբար, այդպես չպատահեց։ Մ.թ. 33–ի նիսանի 16–ին նրա աշակերտները զարմանում են՝ հասկանալով, որ նա հարություն է առել։ Մեկ ուրիշ անգամ, ավելի քան հինգ հարյուր հոգի համոզվում են, որ Հիսուսը նորից կենդանացել է։ Իր հարությունից քառասուն օր հետո հավատարիմ հետնորդների մի խումբ տեսնում է նրա երկինք համբարձվելը (Գործք 1։9—11; Ա Կորնթացիս 15։3—8)։
Հիսուսի կյանքն ու դու
Ի՞նչ ազդեցություն է գործում Հիսուսի կյանքը քեզ վրա և, առհասարակ, բոլորիս վրա։ Անկասկած, Հիսուսի ծառայությունը, մահն ու հարությունը փառավորում են Եհովա Աստծուն և վճռական դեր խաղում նրա փառահեղ նպատակի մեջ (Կողոսացիս 1։18—20)։ Դրանք կենսական նշանակություն ունեն մեզ համար, որովհետև մենք կարող ենք մեղքերի թողություն ստանալ Հիսուսի զոհաբերության հիման վրա և անձնական փոխհարաբերություններ հաստատել Եհովա Աստծու հետ (Յովհաննէս 14։6; Ա Յովհաննէս 2։1, 2)։
Հիսուսի կյանքն ազդեցություն ունի նույնիսկ մահացածների վրա։ Նրա հարությունը Աստծո խոստացված դրախտ–երկրում կյանքի ետ բերելու ճանապարհը բացեց (Ա Կորնթացիս 15։20—22)։ Եթե դուք ցանկանում եք նման թեմաների մասին ավելին իմանալ, հրավիրում ենք ձեզ 1998 թվականի ապրիլի 11–ին ներկա գտնվելու ձեր տարածքում գտնվող Եհովայի վկաների Թագավորության սրահներից մեկում անցկացվելիք Քրիստոսի մահվան հիշատակի երեկոյին։
[շրջանակ 6–րդ էջի վրա]
«Աւազակների որջը»
ՀԻՍՈՒՍԸ միանգամայն հիմնավոր պատճառ ուներ ագահ առևտրականներին ասելու, որ նրանք Աստծո տաճարը վեր էին ածել «աւազակների որջի» (Մատթէոս 21։12, 13)։ Տաճարի հարկը վճարելու համար հրեաները և այլ երկրներից եկած նորադարձները պետք է փոխանակեին իրենց օտարերկրյա դրամը վալյուտայի թույլատրելի կուրսով։ Իր՝ «Հիսուսի կյանքը և Մեսիա եղած ժամանակները» գրքում, Ալֆրեդ Էդերշիմը բացատրում է, որ դրամ փոխանակողներն իրենց առևտրական գործունեությունը գավառներում սովորաբար սկսում էին պասեքին նախորդող ադար ամսվա 15–ին։ Ադարի 25–ը սկսվելուն պես նրանք շարժվում էին դեպի Երուսաղեմի տաճարի մերձակայքը այնտեղ հոսող հրեաների և նորահավատների հսկայական ամբոխից շահույթ ստանալու նպատակով։ Առևտրականները շահութաբեր գործարքներ էին կատարում՝ փոխանակված դրամի ամեն մի կոպեկի դիմաց հավելավճար վերցնելով։ Հիսուսի՝ նրանց ուղղած վկայակոչումը՝ որպես ավազակներ, ակնարկում է այն մասին, որ նրանց վերցրած հավելավճարները չափազանց մեծ գումարներ էին կազմում, որը նաև աղքատներից դրամ կորզելու հետևանքն էր։
Ոմանք չէին կարողանում բերել զոհաբերության համար իրենց սեփական անասունները։ Այդպիսի դեպքերում կենդանիները պետք է նախօրոք ստուգված լինեին տաճարի վերակացուի կողմից՝ վարձավճարով։ Չցանկանալով ռիսկի դիմել՝ հեռու տեղերից իրենց հետ կենդանիներ բերելու և հետո անպիտան դուրս գալու՝ շատերը հենց տեղում՝ տաճարում, կաշառված առևտրականներից գնում էին ղևտացիների կողմից «հավանություն գտած» կենդանիներ։ «Շատ աղքատ գյուղացիներ ապրանքի դիմաց մեծ գումարներ էին վճարում»,— գրում է մի գիտնական։
Փաստեր կան, որ նախկին քահանայապետ Աննան և իր ընտանիքը շահ են ունեցել տաճարի առևտրականներից։ Ռաբբունական գրությունները խոսում են «Աննայի որդիների շուկայի մասին [տաճարում]»։ Դրամափոխներից և կենդանիների առևտրից ստացված եկամուտը տաճարի ներսում նրանց եկամտի գլխավոր աղբյուրներից մեկն էր։ Մի գիտնական գրում է, որ Հիսուսի կողմից առևտրականներին դուրս վռնդելը «դիպչում էր ոչ միայն քահանաների հեղինակությանը, այլև նրանց քսակներին՝ եկամտի աղբյուրին»։ Ինչ էլ որ նա աներ, Հիսուսի թշնամիները, ամեն դեպքում, ցանկանում էին ազատվել նրանից (Ղուկաս 19։45—48)։
[Աղյուսակ 4–րդ էջի վրա]
Հիսուսի մարդկային կյանքի վերջին օրերը
Մ.թ. 33 թ. նիսան Իրադարձություններ Մեծագույն մարդը*
7 ուրբաթ Հիսուսը և իր աշակերտները 101, պար. 1
ճանապարհորդում են Երիքովից
դեպի Երուսաղեմ
(նիսանի 7–ը համապատասխանում
է 1998 թ. ապրիլի 5–ի՝ կիրակի
օրվա հետ, չնայած հրեական օրը
տևում էր երեկոյից
մինչև հաջորդ օրվա երեկոն
8 ուրբաթ Հիսուսն իր աշակերտների 101, պար. 2—4
երեկոյան հետ միասին ժամանում է
Բեթանիա. հրեաների շաբաթը
սկսվում է
շաբաթ հրեաների շաբաթ (1998 թ.,
ապրիլի 6, երկուշաբթի) 101, պար. 4
9 շաբաթ հացկերույթ բորոտ Սիմոնի տանը. 101, պար. 5—9
երեկոյան Մարիամը նարդոսի յուղով
օծում է Հիսուսին.
շատերը գալիս են
Երուսաղեմից՝ Հիսուսին
տեսնելու և լսելու
կիրակի հաղթական մուտքը Երուսաղեմ. 102
տաճարում սովորեցնում է
10 երկուշաբթի վաղ ճամփորդությունը Երուսաղեմ. 103, 104
մաքրում է տաճարը.
Եհովան խոսում է երկնքից
11 երեքշաբթի Երուսաղեմի տաճարում 105—112, պար. 1
սովորեցնում է՝ օրինակներ
գործածելով. դատապարտում է
փարիսեցիներին. նկատում
այրի կնոջ նվիրատվությունը.
տալիս է իր ապագա
ներկայության նշանը
12 չորեքշաբթի աշակերտների հետ հանգստի օր 112, պար. 2—4
Բեթանիայում. Հուդան
պայմանավորվում է
մատնության համար
13 հինգշաբթի Պետրոսը և Հովհաննեսը 112, պար. 5–ից
Երուսաղեմում մինչև 113, պար. 1
նախապատրաստվում են
Պասեքը տոնելու. կեսօրից
հետո Հիսուսը և մնացած
տասը առաքյալները հետևում են
նրանց (1998 թ., ապրիլի 11,
շաբաթ)
14 հինգշաբթի Պասեքի տոնակատարությունը. 113, պար. 2–ից
երեկոյան Հիսուսը լվանում է մինչև 117
իր աշակերտների ոտքերը.
Հուդան դուրս է գալիս
Հիսուսին մատնելու.
Քրիստոսը հաստատում է
իր մահը հիշելու օրը
(արևամուտից հետո, 1998 թ.,
ապրիլի 11, շաբաթ)
կեսգիշերից մատնությունը և ձերբակալությունը 118—120
հետո Գեթսեմանիի պարտեզում.
աշակերտների փախուստը.
հարցաքննությունը
քահանայապետերի և ատյանի առջև.
Պետրոսն ուրանում է Հիսուսին
ուրբաթ նորից ատյանի առջև. Պիղատոսի, 121—127,
արևածագից ապա Հերովդեսի առջև, պար. 7
մինչև այնուհետև նորից Պիղատոսի մոտ.
արևամուտ դատապարտվում է մահվան.
խոցվում է և թաղվում
15 շաբաթ հրեաների շաբաթը. Պիղատոսը 127,
թույլատրում է պահակախմբին պար. 8—10
հսկել Հիսուսի գերեզմանը
16 կիրակի Հիսուսը հարություն առավ 128
* Մեջբերված թվերը «Երբևիցե ապրած մեծագույն մարդը» գրքի գլուխների համարներն են՝ հրատարակված «Դիտարան» ընկերության կողմից։