«Մահը պիտի կործանուի»
«Վերջին թշնամին, որ պիտի կործանուի, մահն է» (Ա Կորնթացիս 15։26)։
1, 2. ա) Պողոս առաքյալն ի՞նչ հույս հայտնեց մահկանացուների համար։ բ) Նա հարությանը վերաբերող ի՞նչ հարց ուղղեց կորնթացիներին։
«ՀԱՎԱՏԱՄՔ... յարութեան մարմնոց ի մեռելոց և զկենացն յաւիտենականաց»։ Այսպես է ասում առաքյալների հավատո հանգանակը։ Այս խոսքերը պարտքի նույն գիտակցությամբ կրկնում են կաթոլիկներն ու բողոքականները՝ հազիվ թե գիտակցելով, որ իրենց համոզմունքներն ավելի մոտ են հունական փիլիսոփայությանը, քան թե այն ուսմունքներին, որոնց հավատում էին առաքյալները։ Պողոս առաքյալը մերժում էր հունական փիլիսոփայությունը և չէր հավատում հոգու անմահությանը։ Սակայն նա հաստատապես հավատում էր ապագա կյանքին և Աստծու ներշնչմամբ գրեց. «Վերջին թշնամին, որ պիտի կործանուի, մահն է» (Ա Կորնթացիս 15։26)։ Սա ի՞նչ է նշանակում մահկանացուների համար։
2 Այս հարցին պատասխանելու համար եկեք անդրադառնանք կորնթացիներին ուղղված առաջին նամակի տասնհինգերորդ գլխին, որտեղ Պողոսը մեկնաբանում է հարության հարցը։ Հավանաբար հիշում եք, որ Պողոսը ներածական խոսքերում հարությունը սահմանեց որպես քրիստոնեական ուսմունքի կարևորագույն մասերից մեկը։ Իսկ հիմա նա դիմում է նրանց առանձնահատուկ մի հարցով. «Բայց մէկը կ’ասի՝ ինչպէ՞ս են յարութիւն առնում մեռելները. կամ՝ ի՞նչ մարմնով պիտի գան» (Ա Կորնթացիս 15։35)։
Ինչպիսի՞ մարմնով
3. Ինչո՞ւ շատերը մերժեցին հարության գաղափարը։
3 Այս հարցը բարձրացնելով՝ Պողոսը, հավանաբար, ուզում էր վերացնել Պլատոնի փիլիսոփայության ազդեցությունը։ Վերջինս սովորեցնում էր, թե մարդն անմահ հոգի ունի, որը մարմնի մահից հետո շարունակում է ապրել։ Նրանք, ովքեր դաստիարակվել էին այս հասկացողությամբ, հարության վերաբերյալ քրիստոնեական ուսմունքն, ինչ խոսք, ավելորդ էին համարում։ Եթե հոգին վերապրում է մահից, այդ դեպքում ո՞րն է հարության իմաստը։ Հետևաբար, հարությունն անտրամաբանական էր թվում։ Եթե մարմինը հող է դառնում, ինչպե՞ս կարող է հարություն առնել։ Աստվածաշնչի մեկնաբան Հայնրիխ Մեյերն այն կարծիքին է, որ քրիստոնյաներից շատերի հակառակությունը, ըստ երեվույթին, հիմնվում էր «փիլիսոփայական այն հիմնական տեսակետի վրա, ըստ որի՝ մարմինը չի կարող վերականգնվել»։
4, 5. ա) Անհավատների առարկություններն ինչո՞ւ էին իմաստազուրկ։ բ) Պարզաբանեք «մերկ հատիկի» մասին Պողոսի բերած օրինակը։ գ) Աստված ինչպիսի՞ մարմիններ է տալիս հարություն առած օծյալ քրիստոնյաներին։
4 Պողոսը ցույց տվեց, որ նրանց դատողությունն իմաստազուրկ էր. «Անմի՛տ, ինչ որ դու սերմանում ես, չի կենդանանայ, եթէ չմեռնի։ Եւ ինչ որ սերմանում ես, սերմանուածը այն նոյն մարմինը չէ, որ ծնուելու է, այլ՝ մի մերկ հատիկ, լինի ցորենի թէ այլ սերմերի։ Եւ Աստուած նրան մարմին է տալիս, ինչպէս որ կամենում է. եւ սերմերից իւրաքանչիւրին՝ իր մարմինը» (Ա Կորնթացիս 15։36—38)։ Աստված չի պատրաստվում վերականգնել հենց այն մարմինները, որոնք ունեին մարդիկ երկրի վրա ապրած ժամանակ։ Ավելի ճիշտ, դրանք կվերափոխվեն։
5 Պողոսը հարությունը համեմատում է սերմի աճման հետ։ Ցորենի փոքրիկ սերմը նման չէ այն բույսին, որը հետագայում աճելու է իրենից։ «Համաշխարհային հանրագիտարանում» («The World Book Encyclopedia») ասվում է. «Երբ սերմը սկսում է ծլել, այն մեծ քանակությամբ ջուր է կլանում, որի շնորհիվ տարբեր քիմիական ռեակցիաներ են տեղի ունենում սերմի մեջ։ Ջուրն օգնում է նաև, որպեսզի սերմի ծիլերը ձգվեն ու, ճեղքելով պատյանը, դուրս գան։ Հետևանքը լինում է այն, որ նա՝ որպես սերմ, մահանում է, և բույս է առաջանում։ «Աստուած նրան մարմին է տալիս». այսինքն՝ նա հաստատել է սերմի աճը ղեկավարող գիտական օրենքները, և յուրաքանչյուր սերմ մարմին է ստանում իր տեսակի պես (Ծննդոց 1։11)։ Նույնը կատարվում է նաև օծյալ քրիստոնյաների հետ. սկզբում նրանք մահանում են որպես մարդ, հետո՝ Աստծու կողմից որոշված ժամանակին, կյանքի են վերադառնում բոլորովին նոր մարմիններով։ Ինչպես որ Պողոսը գրեց փիլիպեցիներին. «Յիսուս Քրիստոսը.... նորոգելու է մեր խոնարհ մարմինը, որպէսզի այն կերպարանակից լինի իր փառաւոր մարմնին» (Փիլիպպեցիս 3։20, 21; Բ Կորնթացիս 5։1, 2)։ Նրանք հարություն են առնում հոգեղեն մարմիններով և ապրում հոգևոր ոլորտում (Ա Յովհաննէս 3։2)։
6. Ինչո՞ւ է տրամաբանական հավատալ, որ Աստված կարող է հարություն առած անհատներին համապատասխան հոգեղեն մարմիններ տալ։
6 Այսպիսի բանի դժվա՞ր է հավատալը։ Ո՛չ։ Պողոսը քննարկում է՝ ասելով, որ կենդանիները տարբեր տեսակի մարմիններ ունեն։ Բացի այդ, նա երկնային հրեշտակներին հակադրում է մսից և արյունից կազմված մարդկային մարմինների հետ. «Կան նաեւ երկնաւոր մարմիններ եւ երկրաւոր մարմիններ»։ Հսկայական բազմազանություն գոյություն ունի նաև անկենդան ստեղծագործությունների մեջ։ Նախքան գիտության կողմից երկնային այնպիսի մարմինների հայտնագործումը, ինչպիսին են «կապույտ աստղերը», «կարմիր հսկաները» և «սպիտակ ենթաթզուկները», Պողոսը գրել էր, որ «մի աստղ միւսից զանազանվում է փառքով» (ԱԹ)։ Սա ի նկատի ունենալով՝ տրամաբանական չէ՞ հավատալ այն բանին, որ Աստված կարող է համապատասխան հոգեղեն մարմիններ տալ հարություն առած օծյալ քրիստոնյաներին (Ա Կորնթացիս 15։39—41)։
7. Անապականություն և անմահություն ասելով՝ ի՞նչ ենք հասկանում։
7 Ապա Պողոսը շարունակում է. «Այսպէս է նաեւ մեռելների յարութիւնը. սերմանւում է ապականութեամբ եւ յարութիւն է առնում առանց ապականութեան» (Ա Կորնթացիս 15։42)։ Նույնիսկ կատարյալ, մարդկային մարմինը կարող է քայքայվել. այն հնարավոր է ոչնչացնել։ Օրինակ՝ Պողոսն ասաց, որ հարություն առած Հիսուսն ‘այլեւս ապականութեան չէր դառնալու’ (Գործք 13։34)։ Նա երբեք կյանքի չի վերադառնալու ապականվելու ենթակա, նույնիսկ կատարյալ մարդկային մարմնով։ Այն մարմինները, որոնք Աստված տալիս է հարություն առած օծյալ քրիստոնյաներին, չեն փտելու, մահից ու քայքայումից զերծ են մնալու։ Պողոսը շարունակում է. «Սերմանւում է անարգութեամբ եւ յարութիւն է առնում փառքով. սերմանւում է տկարութեամբ եւ յարութիւն է առնում զօրութեամբ. սերմանւում է շնչաւոր [«ֆիզիկական», ՆԱ] մարմին եւ յարութիւն է առնում հոգեւոր մարմին» (Ա Կորնթացիս 15։43, 44)։ Այնուհետև նա գրում է. ‘Վասնզի պէտք է որ մահկանացուն հագնէ անմահութիւնը’ (Ա Կորնթացիս 15։53, ԱԹ; Եբրայեցիս 7։16)։ Անմահություն նշանակում է անվերջ, անխորտակելի կյանք։ Այս ձևով հարություն առածները կրում են Հիսուսի՝ «երկնաւորի պատկերը», որը հնարավոր դարձրեց նրանց հարությունը (Ա Կորնթացիս 15։45—49)։
8. ա) Ինչի՞ց գիտենք, որ հարություն առածները նույն անհատներն են լինելու, ինչ որ էին երկրի վրա ապրած ժամանակ։ բ) Երբ հարությունը տեղի ունենա, ո՞ր մարգարեությունները կկատարվեն։
8 Անկախ այս վերափոխումից՝ հարություն ստացածները ճիշտ նույն անձնավորություններն են լինելու, ինչ որ էին մահից առաջ։ Նրանք հարություն են առնելու նույն հիշողություններով և նույն քրիստոնեական բարձր չափանիշներին համապատասխանող հատկություններով (Մաղաքիա 3։3; Յայտնութիւն 21։10, 18)։ Այս կերպով նրանք նմանվում են Քրիստոսին։ Նա, հոգևոր կերպարանքը փոխելով, մարդկային կերպարանք ստացավ, հետո մահացավ և հարություն առավ որպես ոգի։ Այո՛, «Յիսուս Քրիստոս նոյնն է երէկ, այսօր եւ յաւիտեան» (Եբրայեցիս 13։8)։ Ի՜նչ փառավոր առանձնաշնորհում ունեն օծյալ քրիստոնյաները։ Պողոսն ասում է. «Երբ այս մահկանացու գոյութիւնը հագնի անմահութիւն, եւ այս ապականացու մարմինը՝ անապականութիւն, այն ժամանակ կը կատարուի այն խօսքը, որ գրուեց. «Մահը կուլ գնաց յաղթութեան։ Ո՞ւր է, մա՛հ, քո յաղթութիւնը, ո՞ւր է գերեզման, քո խայթոցը» » (Ա Կորնթացիս 15։54, 55; Եսայիա 25։8; Ովսէէ 13։14)։
Հարություն երկրի՞ վրա
9, 10. ա) Ելնելով Ա Կորնթացիս 15։24–ի համատեքստից՝ ի՞նչ է «վախճանը», և դրա հետ կապված ի՞նչ դեպքեր են տեղի ունենալու։ բ) Մահը վերացնելու համար ի՞նչ պիտի կատարվի։
9 Արդյոք գոյություն ունի՞ որևէ հեռանկար միլիոնավոր այն մարդկանց համար, ովքեր չունեն երկնքում որպես անմահ հոգիներ ապրելու հույսը։ Այո՛, անշուշտ։ Բացատրելով, որ երկնային հարությունը տեղի է ունենում Քրիստոսի ներկայության ընթացքում, Պողոսը շարունակում է հաջորդաբար նկարագրել դեպքերը. «Ապա գալու է վախճանը, երբ որ նա տայ թագավորութիւնը Աստծու եւ Հօր ձեռքը, երբ որ կործանած լինի բոլոր իշխանութիւնները եւ ամէն պետութիւն եւ զօրութիւն» (Ա Կորնթացիս 15։23, 24)։
10 «Վախճանը» Քրիստոսի Հազարամյա Թագավորության վերջն է, երբ Հիսուսը Թագավորությունը հնազանդորեն ու հավատարմորեն կհանձնի իր Աստծու և Հոր ձեռքը (Յայտնութիւն 20։4)։ Իրագործվելու է Աստծու այն նպատակը, որ ‘ամէն ինչ Քրիստոսով պիտի բովանդակուի’ (Եփեսացիս 1։9, 10)։ Սկզբում Քրիստոսը կոչնչացնի «բոլոր իշխանութիւնները եւ ամէն պետութիւն եւ զօրութիւն», որոնք հակառակվում են Ամենակարող Աստծու կամքին։ Բայց դա չի սահմանափակվելու միայն Արմագեդոնի պատերազմով (Յայտնութիւն 16։16; 19։11—21)։ Պողոսն ասում է. «[Քրիստոսը] պէտք է թագաւորի, մինչեւ որ բոլոր թշնամիներին դնի իր ոտքերի տակ։ Վերջին թշնամին, որ պիտի կործանուի, մահն է» (Ա Կորնթացիս 15։25, 26)։ Այո՛, ադամական մեղքի և մահվան բոլոր հետքերն անհետացած կլինեն։ Հետո, անպայման, Աստված կդատարկի «գերեզմանները»՝ կյանքի վերադարձնելով մահացածներին (Յովհաննէս 5։28)։
11. ա) Ինչպե՞ս ենք իմանում, որ Աստված կարող է վերստեղծել մեռած մարդկանց։ բ) Երկրի վրա հարություն առած մարդիկ ինչպիսի՞ մարմիններ են ստանալու։
11 Սա նշանակում է, որ մարդիկ վերստեղծվելու են։ Կարծում եք անհնա՞ր է. ո՛չ, անհնար չէ։ Սաղմոս 104։29, 30–ի խոսքերը հավաստիացնում են մեզ, որ Աստված ի զորու է դա անելու. «Երբոր վեր ես առնում նորանց հոգին՝ մեռնում են, եւ իրանց հողին են դառնում։ Հոգիդ ուղարկում ես՝ ստեղծվում են»։ Թեև հարություն առածները նույն անձնավորություններն են լինելու, ինչ որ մահից առաջ էին, բայց նրանք նախկինում ունեցած մարմինները չեն ստանալու։ Ինչպես որ երկնային հարություն ստացածների պարագայում էր, այս դեպքում էլ Աստված տալու է նրանց այնպիսի մարմին, ինչպիսին որ ինքն է կամենում։ Անկասկած, նրանց նոր մարմիններն առողջ են լինելու և տրամաբանական է, որ դրանք նման են լինելու իրենց նախկին մարմիններին այնպես, որ նրանց սիրելիները կարողանան ճանաչել իրենց։
12. Ե՞րբ է տեղի ունենալու երկրային հարությունը։
12 Ե՞րբ է տեղի ունենալու երկրային հարությունը։ Մարթան իր մահացած եղբոր՝ Ղազարոսի մասին հետևյալն ասաց. «Գիտեմ, որ յարութեան ժամանակ վերջին օրը յարութիւն կ’առնի» (Յովհաննէս 11։24)։ Նա այդ մասին որտեղի՞ց գիտեր։ Մարթայի ապրած օրերում հարության հարցը վիճաբանության խնդիր էր դարձել, քանի որ փարիսեցիները հավատում էին հարությանը, իսկ սադուկեցիները՝ մերժում (Գործք 23։8)։ Դեռ ավելին, Մարթան հավանաբար գիտեր նախաքրիստոնեական շրջանի այն վկաների մասին, ովքեր հարության հույսն ունեին (Եբրայեցիս 11։35)։ Նաև, Դանիէլ 12։13–ի խոսքերից նա կարող էր կռահել, որ հարությունը տեղի է ունենալու վերջին օրը։ Հավանաբար Մարթան այդ մասին լսել էր նաև հենց Հիսուսից (Յովհաննէս 6։39)։ Այդ «վերջին օրը» Հիսուսի Հազարամյա Թագավորությունն է (Յայտնութիւն 20։6)։ Պատկերացրեք այդ «օրը», երբ կսկսվի հարության հոյակապ արարողությունը (համեմատեք Ղուկաս 24։41)։
Ովքե՞ր են հարություն առնում
13. Յայտնութիւն 20։12—14–ում հարության մասին ի՞նչ տեսիլք է նկարագրվում։
13 Յայտնութիւն 20։12—14 խոսքերում նկարագրվում է երկրային հարության վերաբերյալ Հովհաննես առաքյալին տրված տեսիլքը. «Տեսայ մեռելներ, մեծ ու փոքր, որոնք կանգնել էին գահի առաջ. եւ բաց արուեցին գրքեր. բացուեց նաեւ մի այլ գիրք՝ կեանքի գիրքը։ Եւ մեռելները դատուեցին ըստ գրուածքների՝ իրենց գործերի համաձայն։ Ծովը տուեց իր մեռելներին, մահն ու դժոխքն էլ՝ իրենց մեռելներին. եւ իւրաքանչիւրը դատուեց ըստ իր գործերի։ Մահը եւ դժոխքը նետուեցին կրակէ լճի մէջ»։
14. Ովքե՞ր են լինելու հարություն առնողների մեջ։
14 Հարություն առած անհատների մեջ լինելու են ‘մեծեր ու փոքրեր’, թե՛ ճանաչված դեմքեր, և թե՛ հասարակ մարդիկ, ովքեր ժամանակի ընթացքում ապրել են ու մահացել–գնացել։ Հարություն են առնելու նաև երեխաները (Երեմիա 31։15, 16)։ Գործքի 24։15–ում բացահայտվում է մի այլ կարևոր մանրամասնություն. «Յարութիւն է լինելու արդարների եւ մեղաւորների»։ Ճանաչված «արդարների» մեջ են լինելու հին ժամանակներում ապրած, հավատարիմ այնպիսի անհատներ, ինչպիսին էին Աբելը, Ենովքը, Նոյը, Աբրահամը, Սարրան և Ռախաբը (Եբրայեցիս 11։1—40)։ Պատկերացրեք, որ հնարավորություն ենք ունենալու զրուցել այս մարդկանց հետ և տեղեկանալ վաղուց ի վեր կատարված Աստվածաշնչի դեպքերի մանրամասնությունների մասին, որոնց ականատեսներն են եղել նրանք։ «Արդարների» մեջ են լինելու նաև հազարավոր աստվածավախ մարդիկ, ովքեր մահացել են վերջին տարիներին և չեն ունեցել երկնային կյանքի հարության հույսը։ Միգուցե նրանց մեջ է ձեր ընտանիքի մի անդա՞մը կամ ձեզ համար սիրելի անձնավորությո՞ւնը։ Ի՜նչ մխիթարական է իմանալ, որ հնարավորություն ունեք կրկին հանդիպելու նրանց հետ։ Իսկ ովքե՞ր են այն «մեղաւորները», որոնք նույնպես հարություն պիտի առնեն։ Նրանք միլիոնավոր, գուցե միլիարդավոր այն անհատներն են, ովքեր մահացել են ու Աստվածաշնչի ճշմարտությունը սովորելու և կիրառելու հնարավորությունը չեն ունեցել։
15. Ի՞նչ են նշանակում հարություն ստացածները «դատուելու են ըստ գրուածքների՝ իրենց գործերի համաձայն» խոսքերը։
15 Կյանքի վերադարձած այս մարդիկ ինչպե՞ս են ‘դատուելու ըստ գրուածքների՝ իրենց գործերի համաձայն’։ Այս գրքերում չեն արձանագրվել անցյալում նրանց կատարած գործերը, քանի որ մահանալով՝ նրանք ազատվել են իրենց կյանքի ընթացքում կատարած մեղքերից (Հռովմայեցիս 6։7, 23)։ Սակայն հարություն ստացածները որոշ ժամանակ ադամական մեղքի ազդեցության տակ են մնալու։ Ուրեմն գրվածքները, հավանաբար, բացատրելու են աստվածային հրահանգները, որոնց պետք է հետևեն բոլոր մարդիկ, որպեսզի լիովին օգուտներ քաղեն Հիսուս Քրիստոսի փրկանքից։ Երբ ադամական մեղքի վերջին հետքերն անհետանան, ‘մահը պիտի կործանուի’ բառի բուն իմաստով։ Հազարամյակի ավարտին Աստված կլինի «ամէն ինչ ամենքի մեջ» (Ա Կորնթացիս 15։28)։ Մարդիկ այլևս երբեք Քահանայապետի կամ Փրկչի միջնորդության կարիքը չեն զգա։ Ողջ մարդկությունը կվերադառնա այն կատարյալ վիճակին, որը նախկինում վայելում էր Ադամը։
Հարության հաջորդականությունը
16. ա) Ինչո՞ւ է տրամաբանական ենթադրել, որ հարությունը տեղի կունենա հաջորդաբար։ բ) Ովքե՞ր կլինեն վաղ շրջանում հարություն առնողները։
16 Քանի որ երկնային հարությունը տեղի է ունենում հաջորդականությամբ՝ «իւրաքանչիւրն իր հերթին», հասկանալի է, որ երկրային հարությունն էլ տեղի կունենա կազմակերպված ձևով (Ա Կորնթացիս 15։23)։ Պարզ է նաև, որ մարդիկ հարություն ստանալուց հետո հոգատարության կարիքը կզգան (համեմատեք Ղուկաս 8։55)։ Նրանք ֆիզիկական սննդի և, որն ավելի կարևոր է, հոգևոր սննդի, այն է՝ Եհովա Աստծու և Հիսուս Քրիստոսի մասին կենսատու գիտությունը ստանալու կարիքն են ունենալու (Յովհաննէս 17։3)։ Եթե բոլոր մարդիկ միաժամանակ կյանքի վերադառնան, անհնարին կլինի բոլորին համապատասխան խնամք տանել։ Տրամաբանական է ենթադրել, որ հարությունը տեղի կունենա աստիճանաբար. այն քրիստոնյաները, ովքեր մահացել են Սատանայի համակարգի ավարտից անմիջապես առաջ, հավանաբար առաջինները կլինեն հարություն առնողների մեջ։ Կարող ենք նաև ենթադրել, որ անցյալում ապրած հավատարիմները կգտնվեն վաղ հարություն առնողների մեջ, որոնք կծառայեն որպես «իշխաններ» (Սաղմոս 45։16)։
17. Որո՞նք են հարության վերաբերյալ այն հարցերը, որոնց մասին Աստվածաշունչը լռում է, և քրիստոնյաներն ինչո՞ւ չափից դուրս չպիտի մտահոգվեն այսպիսի հարցերով։
17 Այնուամենայնիվ, այսպիսի հարցերում դոգմատիկ չպիտի լինենք։ Վիճելի շատ հարցերում Աստվածաշունչը լռում է։ Այն չի պարզաբանում նման մանրամասնություններ, թե ինչպե՞ս, ե՞րբ կամ որտե՞ղ են հարություն առնելու մարդիկ։ Այն չի հայտնում, թե ինչպես են նրանք բնակեցվելու, սնվելու և հագնվելու։ Ոչ էլ կարող ենք ճշգրտորեն ասել, թե Եհովան ինչպես է լուծելու հարություն առած երեխաների դաստիարակության ու խնամքի հարցերը, ինչպես նաև որոշ իրավիճակներում մեր ընկերների և սիրած անձնավորությունների հետ կապված հարցերը։ Նման մանրամասնություններին տեղյակ լինելը բնական ցանկություն է, բայց ներկայումս անիմաստ է ավելորդ ժամանակ վատնել այն հարցերի վրա, որոնց պատասխանները դեռ հայտնի չեն։ Մեր նպատակը պիտի լինի Եհովային հավատարմորեն ծառայելը և հավիտենական կյանքը շահելը։ Օծյալ քրիստոնյաները հաստատ են պահում երկնային հարության փառավոր հույսը (Բ Պետրոս 1։10, 11)։ Իսկ «այլ ոչխարները» հավիտենական ժառանգության հույս ունեն Աստծու Թագավորության երկրային ոլորտում (Յովհաննէս 10։16; Մատթէոս 25։33, 34)։ Ինչ վերաբերում է հարության մասին բազմաթիվ մանրամասնությունների անհայտ մնալուն, ապա կարող ենք ասել, որ պարզապես վստահում ենք Եհովային։ Մեր ապագա երջանկությունը գտնվում է այնպիսի անձնավորության ձեռքում, որը կարող է գոհացնել «ամէն կենդանիի փափագը» (Սաղմոս 145։16, Արևմտահայերեն Աստվածաշունչ; Երեմիա 17։7)։
18. ա) Պողոսն ի՞նչ հաղթանակ աչքառու դարձրեց։ բ) Ինչո՞ւ ենք առանց կասկածի վստահում հարության հույսին։
18 Պողոսը եզրափակում է իր քննարկումը՝ բացականչելով. «Գոհութիւն Աստծու, որ տուեց մեզ յաղթութիւնը մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի միջոցով» (Ա Կորնթացիս 15։57)։ Այո՛, ադամական մեղքին հաղթում ենք Հիսուս Քրիստոսի զոհաբերական փրկանքի միջոցով, որի մեջ բաժին ունեն և՛ օծյալները, և՛ «այլ ոչխարները»։ Իհարկե, այսօր կենդանի եղող «այլ ոչխարները» առանձնահատուկ հույս ունեն, որը յուրահատուկ է միայն այս սերնդին։ Աստիճանաբար աճող «մեծ բազմութեան» մի մասը լինելով՝ նրանք հնարավորություն ունեն վերապրել գալիք «մեծ նեղութիւնից» և երբեք չմահանալ (Յայտնութիւն 7։9, 14)։ Այնուամենայնիվ, «ժամանակի ու դիպուածի» պատճառով կամ Սատանայի գործակալների ձեռքով մահացողների համար հարության անսասան հույսը գոյություն ունի (Ժողովող 9։11)։
19. Այսօր ո՞ր հորդորին պետք է ուշադրություն դարձնեն բոլոր քրիստոնյաները։
19 Հետևաբար, անհամբերությամբ սպասում ենք այն փառավոր օրվան, երբ մահը ոչնչացված կլինի։ Եթե հարության մասին Եհովայի խոստումների հանդեպ անխախտ վստահություն ունենանք, ապա հարցերին կարող ենք ռեալ մոտենալ։ Ինչ էլ որ պատահի մեզ այս կյանքում, նույնիսկ մահը չի կարող խլել մեզանից այն պարգևը, որը Եհովան է խոստացել։ Ուստի կորնթացիներին ուղղված Պողոսի եզրափակիչ հորդորն այսօր նույնքան տեղին է, որքան երկու հազար տարի առաջ. «Ուրեմն, եղբայրնե՛ր իմ սիրելի, հաստատո՛ւն մնացէ՛ք, անշա՛րժ եղէք, ամէն ժամ աւելի՛ն եղէք Տիրոջ գործի մէջ. իմացէ՛ք, որ ձեր վաստակը ի զուր չէ Տիրոջ առաջ» (Ա Կորնթացիս 15։58)։
Կարո՞ղ եք բացատրել
◻ Պողոսն ինչպե՞ս բացատրեց այն հարցը, թե օծյալներն ինչպիսի մարմնով են հարություն առնելու
◻ Ե՞րբ և ինչպե՞ս է մահը լիովին ոչնչանալու
◻ Ովքե՞ր են լինելու երկրային հարություն առնողների մեջ
◻ Ինչպե՞ս պետք է վերաբերվենք այն հարցերին, որոնց մասին Աստվածաշունչը լռում է
[նկար 28–րդ էջի վրա]
Սերմը ‘մեռնում է’՝ ենթարկվելով աչքառու փոփոխությունների
[նկարներ 31–րդ էջի վրա]
Հին ժամանակներում ապրած հավատարիմ այնպիսի կանայք ու տղամարդիկ, ինչպիսին էին Աբելը, Ենովքը, Նոյը, Աբրահամը, Սարրան և Ռախաբը, լինելու են հարություն առնողների մեջ