Դուք էլ Աբրահամի նման հավատ ունե՞ք
«Երբ մարդու Որդին գայ, արդեօք երկրի վրայ հաւատ կը գտնի՞» (Ղուկաս 18։8)։
1. Ինչո՞ւ այսօր մարդկանց համար դժվար է ամուր հավատ պահելը։
ԱՅՍՕՐ մարդկանց համար դժվար է ամուր հավատ պահելը։ Աշխարհը մեծ ճնշում է բանեցնում քրիստոնյաների վրա նրանց ուշադրությունը հոգևոր հարցերից շեղելու նպատակով (Ղուկաս 21։34; Ա Յովհաննէս 2։15, 16)։ Շատերը ստիպված են պայքարել, որպեսզի վերապրեն պատերազմներից, սովից ու աղետներից (Ղուկաս 21։10, 11)։ Մի շարք ազգեր ավանդապահ մշակույթ ունեն, և իրենց հավատի համաձայն ապրողներին համարում են անխոհեմ մարդիկ, նույնիսկ մոլեռանդներ։ Բացի այդ, շատ քրիստոնյաներ հալածվում են իրենց հավատի համար (Մատթէոս 24։9)։ Մոտավորապես 2000 տարի առաջ Հիսուսի բարձրացրած հարցը իսկապես որ ժամանակահարմար է. «Երբ մարդու Որդին գայ, արդեօք երկրի վրայ հաւատ կը գտնի՞» (Ղուկաս 18։8)։
2. ա) Ինչո՞ւ ամուր հավատ ունենալը կարևոր է քրիստոնյայի համար։ բ) Հավատի ո՞ւմ օրինակը լավ կլիներ քննարկել։
2 Ինչևիցե, իրականում ամուր հավատ ունենալը կարևոր է, եթե ցանկանում ենք այսօր բարեհաջող կյանքով ապրել, իսկ ապագայում՝ ստանալ խոստացված հավիտենական կյանքը։ Պողոս առաքյալը, մեջբերելով Եհովայի՝ Ամբակումին ուղղված խոսքերը, գրում է. «Արդ՝ իմ արդարը պիտի ապրի հաւատով. և եթէ մէկը երկմիտ է, իմ հոգին նրան չպիտի հաւանի։ ....Առանց հաւատի անհնար է հաճելի լինել Աստծուն» (Եբրայեցիս 10։38—11։6)։ Պողոսը գրեց Տիմոթեոսին. «Հաւատի բարի մա՛րտը մղիր եւ պի՛նդ կառչիր յաւիտենական կեանքից, որին կանչուեցիր եւ բարի դաւանութիւնը դաւանեցիր բազում վկաների առաջ» (Ա Տիմոթէոս 6։12)։ Հետևաբար, ինչպե՞ս է հնարավոր ամուր հավատ ունենալ։ Այս հարցը պարզաբանելու համար եկեք անդրադառնանք մոտավորապես 4 000 տարի առաջ ապրած մի մարդու, որի հավատը մինչև օրս էլ բավականին աչքառու տեղ է գրավում երեք հիմնական կրոնների՝ հուդայականության, մահմեդականության և քրիստոնեության մեջ։ Այդ մարդն Աբրահամն է։ Իսկ ինչո՞ւ էր նրա հավատն այդքան աչքառու։ Կարո՞ղ ենք ընդօրինակել նրան այսօր։
Հնազանդություն Աստծո առաջնորդությանը
3, 4. Ինչո՞ւ Թարան իր ընտանիքով Ուր քաղաքից տեղափոխվեց Խառան։
3 Աբրահամի անունը (որ նախապես Աբրամ էր) հիշատակվում է Աստվածաշնչի առաջին էջերում։ Ծննդոց 11։26–ում կարդում ենք. «Թարան յոթանասուն տարի ապրեց, եւ ծնեց Աբրամին, Նաքովրին եւ Առանին»։ Թարան և իր ընտանիքը ապրում էին քաղդեացիների Ուր քաղաքում, որը հարավային Միջագետքի բարգավաճ քաղաքներից մեկն էր։ Սակայն նրանք այնտեղ չմնացին։ «Թարան առաւ իր որդի Աբրամին եւ իր թոռը Առանի որդի Ղովտին եւ իր որդի Աբրամի կին՝ իր հարսը՝ Սարային, եւ նորանց հետ Քաղդէացիների Ուր քաղաքիցը դուրս եկաւ Քանանի երկիրը գնալու համար. եւ եկան մինչեւ Խառան, եւ այնտեղ բնակուեցան» (Ծննդոց 11։31)։ Աբրահամի եղբայր Նաքովրը նույնպես ընտանիքով տեղափոխվեց Խառան (Ծննդոց 24։10, 15; 28։1, 2; 29։4)։ Բայց ինչո՞վ բացատրել Թարայի՝ բարգավաճող Ուր քաղաքից հեռավոր Խառան տեղափոխվելը։
4 Աբրահամի օրերից մոտավորապես 2 000 տարի անց հավատարիմ ծառա Ստեփանոսը, հրեական ատյանի առջև կանգնած, Թարայի ընտանիքի անսպասելի տեղափոխության պատճառը հետևյալ կերպ մեկնաբանեց. «Փառքի Աստուածը երեւաց մեր հօրը՝ Աբրահամին, մինչ նա դեռ Միջագետքում էր, եւ նրան Խառանում դեռ չէր բնակեցրել, ու ասաց նրան. «Դո՛ւրս ել քո երկրից եւ քո տոհմից ու արի՛ այն երկիրը, որ քեզ ցոյց կը տամ»։ Այն ժամանակ Աբրահամը ելնելով քաղդէացիների երկրից՝ բնակուեց Խառանում» (Գործք 7։2—4)։ Թարան հնազանդվեց Եհովայի կամքին, որն առնչություն ուներ Աբրահամի հետ և իր հարազատների հետ միասին տեղափոխվեց Խառան։
5. Աբրահամը ո՞ւր գնաց իր հոր մահից հետո և ինչո՞ւ։
5 Թարայի ընտանիքը հաստատվեց նոր քաղաքում։ Տարիներ անց, երբ Աբրահամը «իմ երկիր» էր ասում, ի նկատի ուներ Խառանի տարածքը և ոչ թե Ուր քաղաքը (Ծննդոց 24։4)։ Այնուամենայնիվ, Խառանը Աբրահամի մշտական բնակավայրը չդարձավ։ Ինչպես Ստեփանոսն ասաց. «[Աբրահամի] հօր մահից յետոյ այնտեղից Աստուած փոխադրեց պանդխտեցրեց նրան այս երկիրը, ուր դուք այժմ բնակւում էք» (Գործք 7։4)։ Հնազանդվելով Եհովայի առաջնորդությանը՝ Աբրահամը Ղովտի ուղեկցությամբ Եփրատ գետով անցավ դեպի Քանանի երկիր։a
6. Եհովան ի՞նչ խոստացավ Աբրահամին։
6 Եհովան ինչո՞ւ ցանկացավ, որ Աբրահամը տեղափոխվի Քանան։ Պատճառն այն էր, որ Եհովան այդ հավատարիմ մարդու հետ կապված նպատակներ ուներ։ Նա պատվիրել էր Աբրահամին. «Գնա քո երկրիցը, եւ քո ազգականներիցը, եւ քո հօր տանիցն այն երկիրը, որ ես քեզ ցոյց կ’տամ։ Եւ ես քեզ մեծ ազգ պիտի շինեմ, եւ քեզ օրհնեմ, եւ քո անունը մեծացնեմ եւ դու օրհնեալ կ’լինիս։ Եւ քեզ օրհնողներին կ’օրհնեմ եւ քեզ անիծողներին կ’անիծեմ. եւ երկրի բոլոր ազգերը քեզանով կ’օրհնուին» (Ծննդոց 12։1—3)։ Աբրահամը դառնալու էր մի մեծ ազգի հայր, որը վայելելու էր Եհովայի պաշտպանությունը և տիրելու էր Քանանի երկրին։ Ի՜նչ սքանչելի խոստում։ Բայց Խոստացյալ երկիրը ժառանգելու համար Աբրահամն արմատական փոփոխություններ պետք է մտցներ իր կյանքում։
7. Աբրահամը ի՞նչ փոփոխություններ անելու պատրաստ պիտի լիներ Եհովայի խոստացած երկիրը ժառանգելու համար։
7 Տեղափոխվելով Ուրից՝ Աբրահամը մի հարուստ քաղաք թողեց իր ետևում և, հավանաբար, իր հայրական բազմանդամ ընտանիքը. այդ նահապետական ժամանակներում սրանք համարվում էին ապահովության երկու կարևոր գործոններ։ Հեռանալով Խառանից՝ նա կտրվեց իր հայրական տնից, այդ թվում նաև իր եղբոր՝ Նաքովրի ընտանիքից ու տեղափոխվեց իրեն անծանոթ մի երկիր։ Քանանի երկրում նա ապահովության համար չձգտեց բնակվել պարսպապատ քաղաքում։ Իսկ ինչո՞ւ։ Խոստացյալ երկիրը մտնելուց կարճ ժամանակ անց Եհովան ասել էր նրան. «Վեր կաց այդ երկրումը ման եկ նորա երկայնութեան եւ լայնութեան համեմատ, որովհետեւ քեզ եմ տալու այն» (Ծննդոց 13։17)։ Յոթանասունհինգամյա Աբրահամը և նրա վաթսունհինգամյա կինը՝ Սառան, հետևեցին այս կարգադրությանը։ «Հաւատո՛վ նա պանդուխտ դարձաւ աւետեաց երկրում, ինչպէս օտարութեան մէջ, վրանների տակ բնակուեց Իսահակի եւ Յակոբի հետ միասին, որոնք ժառանգակից էին նոյն խոստման» (Եբրայեցիս 11։9; Ծննդոց 12։4)։
Աբրահամի հավատի զուգահեռն այսօր
8. Ի՞նչ է անհրաժեշտ մշակել, եթե անդրադառնանք Աբրահամի և անցյալում ապրող մյուս վկաների օրինակին։
8 Աբրահամի և նրա ընտանիքի անդամների անունները մեզ հանդիպում են «Եբրայեցիս» 11–րդ գլխում հիշատակված նախաքրիստոնեական ժամանակներում ապրած մեծ «վկաներու բազմութեան» ցուցակում։ Անդրադառնալով Աստծո նախկին ծառաների հավատին՝ Պողոսը քաջալերում է քրիստոնյաներին. «Ամէն ծանրութիւն մեր վրայէն մէկդի ձգենք եւ մեզ դիւրաւ պաշարող մեղքը [անհավատությունը] (Եբրայեցիս 12։1, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։ Այո՛, անհավատությունը կարող է ‘հեշտությամբ պաշարել մեզ’։ Սակայն ինչպես Պողոսի, այնպես էլ մեր օրերի ճշմարիտ քրիստոնյաները կարողացել են մշակել Աբրահամի և անցյալում ապրող մյուս անհատների ունեցած հավատի նման ամուր հավատ։ Իր և իր հավատակիցների մասին խոսելով՝ Պողոսն ասում է. «Մենք ետ քաշուողներիցը չենք որ կորչենք. այլ հաւատքիցն ենք որ մեր հոգիները փրկուին» (Եբրայեցիս 10։39, ԱԹ)։
9, 10. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ շատերն այսօր էլ Աբրահամի նման հավատ են ցուցաբերում։
9 Ճիշտ է, Աբրահամի օրերից հետո աշխարհը փոխվել է։ Սակայն մենք դեռ ծառայում ենք նույն՝ «Աբրահամի Աստծուն», իսկ նա անփոփոխ է (Գործք 3։13; Մաղաքիա 3։6)։ Ինչպես Աբրահամի օրերում, այնպես էլ այսօր Եհովան արժանի է երկրպագության (Յայտնութիւն 4։11)։ Շատերն ամբողջությամբ նվիրվում են Աստծուն և Աբրահամի նման նրա կամքը կատարելու համար իրենց կյանքերի մեջ համապատասխան փոփոխություններ են մտցնում։ Անցյալ տարի 316 092 մարդ իր նվիրումը ցույց տվեց հանրային վկայությամբ՝ մկրտվելով «Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով» (Մատթէոս 28։19)։
10 Այս նոր քրիստոնյաների մեծ մասը իրենց նվիրումը ցույց տալու համար ստիպված չեն եղել ճանապարհորդել հեռավոր, օտար երկրներ։ Սակայն, հոգևոր առումով, նրանցից շատերը զգալի ճանապարհ են անցել։ Օրինակ՝ Մավրիկիոսում ապրող Էլսին վհուկ էր, ու բոլորը վախենում էին նրանից։ Հատուկ ռահվիրաներից մեկը Էլսիի դստեր հետ Աստվածաշնչի ուսուցում սկսեց, և դա առիթ հանդիսացավ, որ Էլսին ‘խաւարից դեպի լույսին դառնա’։ Ի ուրախություն իր դստեր՝ Էլսին համաձայնվեց ուսումնասիրել «Աստուածաշունչի պատմութիւններու հավաքածոյ» գիրքը։ Ուսուցումն անց էր կացվում շաբաթական երեք անգամ, քանի որ նա քաջալերության կարիք էր զգում. իր խորհրդավոր գործերը երջանկություն չէին բերել իրեն և անձնական կյանքում բազում պրոբլեմներ էին առաջացրել։ Սակայն, վերջիվերջո, Էլսիին հաջողվեց անցնել դիվապաշտությունից դեպի ճշմարիտ պաշտամունքն ընկած երկար ճանապարհը։ Երբ մարդիկ դիմում էին նրա օգնությանը, նա բացատրում էր, որ միայն Եհովան կարող է պաշտպանել նրանց չարիքից։ Այսօր Էլսին մկրտված Վկա է, իսկ նրա ընտանիքի անդամներից և ծանոթներից տասնչորս հոգի ընդունել են ճշմարտությունը։
11. Եհովային նվիրված անհատները իրենց կյանքում ի՞նչ փոփոխություններ կատարելու են պատրաստ։
11 Անցյալ տարի Աստծուն նվիրված անհատների մեծամասնության համար հարկ չեղավ այսպիսի արմատական փոփոխություններ կատարել։ Սակայն բոլորն էլ հոգևոր առումով մեռած վիճակից կենդանացան (Եփեսացիս 2։1)։ Թեև ֆիզիկապես դեռ աշխարհում են գտնվում, բայց նրա մասն այլևս չեն կազմում (Յովհաննէս 17։15, 16)։ Օծյալ քրիստոնյաների նման, որոնց «քաղաքացիութիւնը երկնքում է», նրանք էլ «պանդուխտների ու օտարականների» են նմանվում (Փիլիպպեցիս 3։20; Ա Պետրոս 2։11)։ Այդ անհատները իրենց կյանքերը ներդաշնակեցրել են Աստծո սկզբունքների հետ՝ նախ և առաջ Աստծո և իրենց ընկերոջ հանդեպ ունեցած սիրուց մղված (Մատթէոս 22։37—39)։ Նրանք եսասիրական, նյութապաշտական նպատակներ չեն հետապնդում և չեն ակնկալում, որ իրենց նպատակները կիրականանան այս աշխարհում, այլ սպասում են «նոր երկնքի եւ նոր երկրի, որոնցում արդարութիւնն է բնակւում» (Բ Պետրոս 3։13; Բ Կորնթացիս 4։18)։
12. Անցյալ տարվա ո՞ր տեղեկագրությունն է ապացուցում, որ Հիսուսն իր ներկայության ընթացքում գտել է «հաւատ երկրի վրայ»։
12 Երբ Աբրահամը տեղափոխվեց Քանան, նա և իր ընտանիքը մենակ էին այնտեղ, և Եհովայից բացի նրանց աջակցող ու պաշտպանող ոչ մեկը չկար։ Սակայն վերոհիշյալ 316 092 նոր մկրտված քրիստոնյաները բոլորովին էլ միայնակ չեն։ Ճիշտ է, Եհովան կրկին աջակցում ու պաշտպանում է նրանց իր սուրբ հոգով, ինչպես որ արեց Աբրահամին (Առակաց 18։10)։ Սակայն, բացի դրանից, նա պաշտպանում է նրանց մի զորեղ, միջազգային ժողովրդի միջոցով, որն ավելի բազմամարդ է, քան այսօր աշխարհում գոյություն ունեցող որոշ ազգեր (Եսայիա 66։8)։ Անցած տարի այդ ժողովրդի անդամների բարձրագույն թիվը հասավ 5 888 650–ի, որը նրանց գործուն հավատի վկայությունն էր՝ պատմել իրենց ծանոթներին Աստծո խոստումների մասին (Մարկոս 13։10)։ Հետաքրքրվող անհատներ փնտրելու գործին նրանք տրամադրեցին 1 186 666 708 ժամ։ Արդյունքում 4 302 852 Աստվածաշնչի ուսուցումներ անցկացվեցին նրանց հետ, ովքեր ցանկացան հավատ մշակել իրենց մեջ։ Իրենց գործունեությունն ավելի ակտիվորեն շարունակելով՝ այս ժողովրդից 698 781 հոգի լիաժամ կամ մեկ և ավել ամսով մասնակցեցին ռահվիրայական ծառայությանը։ Եհովայի վկաների անցյալ տարվա ծառայողական հաշվետվության մասին տեսեք 28—31 էջերը։ Այս հրաշալի վիճակագրությունը դրական, գործնական պատասխանն է Հիսուսի այն հարցի, թե «երբ մարդու Որդին գայ, արդեօք երկրի վրայ հաւատ կը գտնի՞»։
Հավատարիմ՝ չնայած փորձություններին
13, 14. Նկարագրեք այն դժվարություններից մի քանիսը, որ ունեցան Աբրահամն ու իր ընտանիքի անդամները Քանանում։
13 Քանանում Աբրահամն ու իր տնեցիները շատ հաճախ դժվարին կացության մեջ էին ընկնում։ Մի առիթով, սաստիկ սովի պատճառով նա Քանանից հասավ Եգիպտոս։ Բացի այդ, թե՛ Եգիպտոսի փարավոնը, և թե՛ Գերարի (գտնվում է Գազայի մոտ) կառավարիչը փորձեցին կնության վերցնել Աբրահամի կնոջը (Ծննդոց 12։10—20; 20։1—18)։ Նաև Աբրահամի ու Ղովտի հովիվները ընդհարվեցին և դրա պատճառով երկու ընտանիքները բաժանվեցին իրարից։ Աբրահամը բնակության վայրն ընտրելու հնարավորությունը սիրով Ղովտին հանձնեց, և վերջինս ընտրեց Հորդանան գետի շրջակայքը, որն իր գեղեցկությամբ ու պտղաբերությամբ նման էր Եդեմի պարտեզին (Ծննդոց 13։5—13)։
14 Ավելի ուշ Ղովտը Սիդդիմ ձորում հեռավոր Ելիասարի թագավորի ու նրա դաշնակիցների և հինգ քաղաքների թագավորների միջև տեղի ունեցած պատերազմի մեջ ներգրավվեց։ Օտարերկրյա թագավորները հաղթեցին տեղացի թագավորներին ու բավականաչափ ավար վերցրին, այդ թվում նաև Ղովտին ու նրա ողջ ունեցվածքը։ Երբ Աբրահամը տեղեկացավ պատահածի մասին, խիզախորեն հետապնդեց օտարերկրյա թագավորներին ու կարողացավ ետ վերցնել Ղովտին իր տան անդամների հետ միասին, ինչպես նաև տեղացի թագավորների ստացվածքը (Ծննդոց 14։1—16)։ Սակայն դա Քանանում Ղովտի հետ պատահած ամենավատ դեպքը չէր։ Մի շարք պատճառներով նա բնակվեց Սոդոմում, չնայած որ այն անբարո քաղաքի համբավ ուներb (Բ Պետրոս 2։6—8)։ Երբ երկու հրեշտակները նախազգուշացրին քաղաքի կործանման մասին, նա իր կնոջ ու դուստրերի հետ փախավ այնտեղից։ Սակայն Ղովտի կինն արհամարհեց հրեշտակների տված կոնկրետ հրահանգները, որի հետևանքով աղի արձան դարձավ։ Ղովտն իր աղջիկների հետ որոշ ժամանակ ապրեցին Սեգովր քաղաքի մոտ գտնվող մի քարանձավում (Ծննդոց 19։1—30)։ Այս իրադարձությունները Աբրահամին պետք է որ չափազանց մտահոգեին, քանի որ Ղովտը Քանան էր եկել որպես Աբրահամի տան անդամներից մեկը։
15. Վրաններում ապրելիս՝ դժվարություններ կրելու պահերին, Աբրահամը ո՞ր սխալ մտածելակերպից խուսափեց։
15 Արդյոք Աբրահամի մտքով անցա՞վ, թե ինչու ինքն ու Ղովտը իր հայրական բազմանդամ ընտանիքի հետ անվտանգության համար չմնացին Ուր քաղաքում կամ էլ եղբոր՝ Նաքովրի հետ՝ Խառանում։ Նա երբևէ արտահայտե՞ց այն միտքը, թե ինքը վրաններում ապրելու փոխարեն կարող էր բնակվելիս լինել ապահով ու պարսպապատ քաղաքում։ Մի՞թե նա վարանեց այն հարցում, թե իր կողմից իմաստուն էր օտար երկրում պանդուխտ լինելու իր արած քայլը։ Խոսելով Աբրահամի ու նրա ընտանիքի մասին՝ Պողոս առաքյալը նշեց. «Եթէ յիշէին այն երկիրը, որտեղից իրենք ելան, ժամանակ ունէին նորից դառնալու այնտեղ» (Եբրայեցիս 11։15)։ Բայց նրանք ետ չդարձան։ Չվախենալով դժվարություններից՝ նրանք մնացին այնտեղ, որտեղ Եհովան էր կամենում։
Համբերատարությունն այսօր
16, 17. ա) Շատ քրիստոնյաներ այսօր ի՞նչ դժվարություններ են դիմագրավում։ բ) Քրիստոնյաները ո՞ր հարցերում են դրական մտածելակերպ դրսևորում և ինչո՞ւ։
16 Նման համբերատարություն դրսևորվում է նաև այսօրվա քրիստոնյաների կողմից։ Թեև իրենց կյանքում Աստծուն ծառայելը մեծ ուրախություն է, բայց ճշմարիտ քրիստոնյաների համար հեշտ չէ ապրել այս աշխարհում (Եսայիա 11։6—9; 66։8)։ Թեպետ նրանք հոգևոր դրախտում են գտնվում, բայց միևնույն տնտեսական դժվարություններն են դիմագրավում, ինչ որ նրանց հարևանները։ Ոմանք զոհվել են ազգամիջյան պատերազմներում, իսկ ոմանք էլ ոչ իրենց մեղքով ծայրահեղ աղքատության են հասել։ Բացի այդ, տվյալ երկրում նրանք դիմագրավում են փոքրամասնություն լինելու խնդիրը։ Շատ երկրներում նրանք քարոզում են՝ հանդիպելով մեծամասնության անտարբերությանը։ Քրիստոնյաներից ոմանք տառապում են այն մարդկանց հարձակումներից, ովքեր ‘օրենքի դեմ չարիք են պատրաստում’ և ‘անմեղ արյունն են դատապարտում’ (Սաղմոս 94։20, 21, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։ Նույնիսկ այն երկրներում, որտեղ քրիստոնյաներին չեն ճնշում և որտեղ նրանց գովաբանում են իրենց ցուցաբերած բարձր չափանիշների համար, նրանք տարբերվում են իրենց դասընկերներից ու գործընկերներից. ավելի ճիշտ, նմանվում են Աբրահամին, որն ապրում էր վրաններում, մինչդեռ իր շրջապատում շատերը քաղաքներում էին բնակվում։ Այո՛, դժվար է ապրել աշխարհում, բայց չլինել «աշխարհից» (Յովհաննէս 17։14)։
17 Իսկ փոշմանո՞ւմ ենք, որ նվիրվել ենք Աստծուն։ Մտածո՞ւմ ենք, թե լավ կլիներ մենք էլ բոլորի նման ապրեինք։ Արդյոք ափսոսո՞ւմ ենք Եհովային ծառայելու մեջ մեր արած զոհագործությունների համար։ Բնավ երբե՛ք։ Տենչանքով ետ նայելու փոխարեն՝ մենք գիտակցում ենք, որ մեր զոհաբերածներից ոչ մեկը իրական արժեք չունի համեմատած այն օրհնությունների հետ, որ ունենք հիմա, և որոնք վայելելու ենք ապագայում (Ղուկաս 9։62; Փիլիպպեցիս 3։8)։ Բացի այդ, արդյո՞ք մարդիկ իրենց երջանիկ են զգում աշխարհում։ Իրականությունն այն է, որ նրանք փնտրում են այն հարցերի բացատրությունները, որոնց պատասխանները մենք արդեն գիտենք։ Նրանք տառապում են, քանի որ չունեն այն առաջնորդությունը, որն ունենք մենք և որը ստանում ենք Աստծուց Աստվածաշնչի օգնությամբ (Սաղմոս 119։105)։ Նրանցից շատերը ձգտում են ունենալ մեր հավատակիցների վայելած քրիստոնեական ընկերակցության նման հոյակապ փոխհարաբերություններ (Սաղմոս 133։1; Կողոսացիս 3։14)։
18. Երբ քրիստոնյաները Աբրահամի պես հավատ են ցուցաբերում, վերջնական արդյունքն ինչպիսի՞ն է լինում։
18 Ճիշտ է, երբեմն մենք էլ պետք է Աբրահամի պես քաջ լինենք, երբ նա հետապնդում էր Ղովտին գերի տանողներին։ Իսկ քաջություն ցուցաբերելիս՝ Եհովան արդյունքում օրհնում է մեզ։ Օրինակ՝ Հյուսիսային Իռլանդիայում կրոնական երկպառակությունների պատճառով ատելությունը խստացավ և չեզոք դիրքում մնալու համար քաջություն էր պահանջվում։ Հավատարիմ քրիստոնյաները հետևեցին Հեսուի միջոցով տրված Եհովայի խոսքերին. «Զօրացիր եւ քաջ եղիր, մի վախենար եւ մի զարհուրիր. որովհետեւ քո Տէր Աստուածը քեզ հետ է ամէն տեղ ուր որ գնաս» (Յեսու 1։9; Սաղմոս 27։14)։ Տարիներ շարունակ իրենց վճռական գործելակերպի շնորհիվ նրանք հարգանքի են արժանացել և այսօր հնարավորություն ունեն ազատ քարոզելու իրենց երկրի ողջ բնակչությանը։
19. Քրիստոնյաները որտե՞ղ են ուրախ գտնվելու և, Եհովայի առաջնորդությանը հետևելով, նրանք համոզվածությամբ ի՞նչ են ակնկալում։
19 Ինչ իրավիճակում էլ որ գտնվելիս լինենք, երբեք չպետք է կասկածենք, որ երբ հետևում ենք Եհովայի հրահանգներին, վերջնական արդյունքը կլինի Եհովայի փառաբանվելը, իսկ մեզ համար՝ հարատև օգուտներ քաղելը։ Չնայած մեզանից պահանջվող զոհագործություններին ու մեզ հանդիպող դժվարություններին՝ Եհովային ծառայելու մեջ մնալուց ավելի լավ բան չկա. այնտեղ է, որ վայելում ենք մեր քրիստոնյա եղբայրների ընկերակցությունը և համոզվածությամբ ակնկալում Աստծո խոստացած հավիտենական ապագային։
[ծանոթագրություն]
a Աբրահամը հավանաբար որդեգրել էր իր եղբորորդի Ղովտին նրա հոր մահից հետո (Ծննդոց 11։27, 28; 12։5)։
b Ոմանք ենթադրում են, թե չորս թագավորների հետ կապված դեպքից հետո Ղովտն ավելի ապահով լինելու համար տեղափոխվեց քաղաք։
Հիշո՞ւմ եք
◻ Ամուր հավատ ունենալն ինչո՞ւ է կարևոր։
◻ Աբրահամն ինչպե՞ս ցույց տվեց, որ ամուր հավատ ուներ։
◻ Ինչո՞ւ է նվիրումը փոփոխություններով ուղեկցվում անհատի կյանքում։
◻ Չնայած մեր դիմագրաված դժվարություններին՝ ինչո՞ւ ենք ուրախ, որ Աստծուն ենք ծառայում։
[նկար 21–րդ էջի վրա]
Խոստումը ժառանգելու համար Աբրահամը պատրաստ էր մեծ փոփոխություններ մտցնելու իր կյանքում։