«Նրա ժամանակը դեռ չէր հասել»
«Ոչ ոք նրա վրայ ձեռք չդրեց, որովհետեւ նրա ժամանակը դեռ չէր հասել» (Յովհաննէս 7։30)։
1. Ի՞նչ երկու հանգամանքներով էր թելադրված Հիսուսի գործունեության ընթացքը։
«ՄԱՐԴՈՒ որդին չեկաւ ծառայութիւնն ընդունելու, այլ ծառայելու եւ իր անձը տալու որպէս փրկանք շատերի փոխարէն»,— ասաց Հիսուս Քրիստոսն իր առաքյալներին (Մատթէոս 20։28)։ Իսկ հռոմեացի կուսակալ Պոնտացի Պիղատոսին նա դիմեց հետևյալ խոսքերով. «Ես դրա համար իսկ ծնուել եմ եւ դրա համար իսկ եկել եմ աշխարհ, որպէսզի ճշմարտութեան համար վկայեմ» (Յովհաննէս 18։37)։ Հիսուսը հաստատապես գիտեր, թե ինչի համար էր մահանալու և թե դրանից առաջ ինչ գործ պետք է կատարեր։ Նա տեղյակ էր նաև, թե իրեն տրված հանձնարարությունը կատարելու համար իր տրամադրության տակ որքան ժամանակ ուներ. երկրի վրա Մեսիայի ծառայությունը պետք է տևեր ընդամենը երեքուկես տարի։ Այն սկսվեց Գրությունների միջոցով նախապես հայտնված 70–րդ խորհրդանշական յոթնյակի սկզբին (մ.թ. 29 թ.) Հորդանան գետի ջրերում նրա մկրտությամբ և ավարտվեց նույն յոթնյակի կեսին՝ (մ.թ. 33 թ.) տառապանքի սյան վրա նրա մահով (Դանիէլ 9։24–27; Մատթէոս 3։16, 17; 20։17–19)։ Այսպիսով, երկրի վրա Հիսուսի գործունեության ընթացքը, սկզբից մինչև վերջ, թելադրված էր հիմնականում երկու հանգամանքով՝ իր գալստյան նպատակով և իր տրամադրության տակ ունեցած ժամանակի ճիշտ գնահատմամբ։
2. Ինչպե՞ս է Ավետարաններում մեզ ներկայանում Հիսուս Քրիստոսը, և ինչպե՞ս է նա ցույց տվել, որ գիտակցում է իր ստացած հանձնարարության կարևորությունը։
2 Ըստ Ավետարաններում ամփոփված տեղեկությունների՝ Հիսուսը ներկայանում է մեզ որպես գործունյա մի անձնավորություն, որը շրջում էր Պաղեստինի երկրով մեկ՝ Աստծո Թագավորության բարի լուրը հռչակելով և բազում զորավոր գործեր կատարելով։ Գործունեությամբ հարուստ նրա ծառայության սկզբի մասին պատմելիս՝ Գրություններն ասում են. «Նրա ժամանակը դեռ չէր հասել»։ Հիսուսն ինքն էլ ասել էր. «Իմ ժամանակը դեռ չի լրացել»։ Իսկ երբ նրա ծառայությունն արդեն մոտենում էր ավարտին, նա ասաց. «Հասաւ ժամը» (Յովհաննէս 7։8, 30; 12։23)։ Իր «ժամի», այսինքն՝ իրեն հանձնարարված գործի (ներառյալ իր զոհաբերական մահը) ժամկետի գիտակցումը պետք է որ միանգամայն որոշակի ազդեցություն թողած լիներ Հիսուսի խոսքերի ու գործերի վրա։ Ջանալով հասկանալ այդ կապը՝ մենք կկարողանանք ներթափանցել նրա անձնավորության մեջ և ըմբռնել նրա մտածելակերպը, ինչն էլ կօգնի առավել հարազատ մնալ նրա թողած «հետքերին» (Ա Պետրոս 2։21)։
Աստծո կամքը կատարելու վճռականությամբ լի
3, 4. ա) Նկարագրեցեք Կանայի հարսանեկան խնջույքում պատահածը։ բ) Գինին սպառվելու վերաբերյալ Մարիամի ակնարկը ինչո՞ւ է Աստծո Որդու առարկությանը արժանանում, և ի՞նչ կարող ենք մենք դրանից սովորել։
3 Մ.թ. 29 թվականն է։ Ընդամենը մի քանի օր առաջ Հիսուսն անձամբ ընտրեց իր առաջին աշակերտներին։ Այժմ նրանք բոլորը միասին գտնվում են Գալիլեայի Կանա քաղաքում, որտեղ հրավիրված են մասնակցելու մի հարսանեկան խնջույքի։ Հիսուսի մայրը՝ Մարիամը, նույնպես այստեղ է։ Նկատելով, որ գինին արդեն սպառվում է, Մարիամը, կարծես հուշելով, դիմում է որդուն. «Գինի չունին»։ Սակայն Հիսուսը պատասխանում է. «Ո՜վ կին, դուն ինծի հետ ի՞նչ բան ունիս. իմ ժամանակս դեռ հասած չէ» (Յովհաննէս 1։35–51; 2։1–4, Արևմտ. Աստ.)։
4 Հիսուսի օգտագործած «Ո՜վ կին, դուն ինծի հետ ի՞նչ բան ունիս» արտահայտությունը հարցադրման հին ձև է, որը գործածվում էր որպես առարկություն՝ առաջարկված կամ ներկայացված մտքին։ Իսկ ինչո՞ւ է Հիսուսը առարկում Մարիամի խոսքերին։ Այսպես ուրեմն՝ նա այժմ երեսուն տարեկան է։ Մի քանի շաբաթ առաջ նա մկրտվեց, ապա օծվեց սուրբ ոգով, իսկ Հովհաննես Մկրտիչը նրան ներկայացրեց որպես «Գառն Աստուծոյ, որ վերացնում է աշխարհի մեղքը» (Յովհաննէս 1։29–34; Ղուկաս 3։21–23)։ Այժմ նա պետք է ուղղություն ստանա իրեն երկիր ուղարկած Գերագույն Իշխանից (Ա Կորնթացիս 11։3)։ Ոչ ոքի, նույնիսկ իր ընտանիքի անդամներին, նա թույլ չի տալու խոչընդոտ հանդիսանալ այն գործում, որի համար նա եկել է երկիր։ Հոր կամքը կատարելու ինչպիսի՛ վճռականություն է արտահայտում Մարիամին ուղղված նրա պատասխանը։ Թող որ մենք էլ այդպես վճռական լինենք՝ մեր «բոլոր պարտականութիւնը» Աստծո առջև կատարելիս (Ժողովող 12։13, Արևմտ. Աստ.)։
5. Ի՞նչ հրաշք է գործում Հիսուս Քրիստոսը Կանայում, և ի՞նչ ազդեցություն է դա թողնում ականատեսների վրա։
5 Ըմբռնելով որդու խոսքերի իմաստը՝ Մարիամն անմիջապես ետ է քաշվում ու դիմում է սպասավորներին. «Ինչ որ ձեզ ասի, արէ՛ք»։ Հիսուսն անցնում է խնդրի լուծմանը։ Սկզբում նա սպասավորներին պատվիրում է ջրով լցնել ամանները, և ապա այդ ջուրը անուշահամ գինու է վերածում։ Այս դեպքը նշանավորում է Հիսուսի՝ հրաշքներ գործելու կարողության սկիզբը՝ փաստելով, որ Աստծո ոգին նրա վրա է։ Իսկ այդ հրաշքի շնորհիվ ամրապնդվում է նրա նոր աշակերտների հավատը (Յովհաննէս 2։5–11)։
Եհովայի տան հանդեպ ունեցած նախանձախնդրությունը
6. Ինչո՞ւ է Հիսուսին վրդովմունք պատճառում Երուսաղեմի տաճարում իր տեսածը, և ի՞նչ քայլեր է նա ձեռնարկում։
6 Մոտենում է ահա մ.թ. 30 թ. գարունը. Հիսուսն իր ընկերակիցների հետ ուղևորվում է Երուսաղեմ՝ Պասեքը տոնելու։ Այստեղ նրա աշակերտները ականատես են դառնում իրենց Առաջնորդի մի արտասովոր արարքի։ Հրեա ագահ առևտրականները, ովքեր շատ բարձր գնով զոհաբերության թռչուններ ու անասուններ էին վաճառում տաճար եկող հրեա հավատարիմ երկրպագուներին՝ տեղավորվել են անմիջապես տաճարի ներսում։ Խիստ վրդովված՝ Հիսուսը գործի է անցնում։ Ձեռքն առնելով մի քանի պարաններ՝ որպես մի խարազան, նա վաճառողներին դուրս է հանում տաճարից, ցիրուցան է անում դրամափոխների պղնձադրամները ու շուռ տալիս նրանց սեղանները։ «Վերցրէ՛ք դրանք այստեղից»,— հրամայում է նա աղավնի վաճառողներին։ Տեսնելով Հիսուսի այդ աստիճանի տաքարյուն վերաբերմունքը՝ աշակերտները մտաբերում են Աստծո Որդու մասին արձանագրված մի մարգարեություն՝ «քո տան նկատմամբ իմ նախանձախնդրութիւնը ինձ պիտի ուտի» (Յովհաննէս 2։13–17; Սաղմոս 69։9)։ Մենք նույնպես պետք է նախանձախնդրություն հանդես բերենք՝ հետևելով, որ աշխարհիկ հակումները չապականեն մեր երկրպագությունը։
7. ա) Նիկոդեմոսը ինչի՞ց մղված է վճռում այցելել Մեսիային։ բ) Ի՞նչ ենք սովորում սամարուհուն տված Հիսուսի վկայությունից։
7 Երուսաղեմում գտնվելու ընթացքում շատերը սկսում են հավատալ Հիսուսին՝ տեսնելով նրա զարմանահրաշ գործերը։ Նույնիսկ հրեական գերագույն ատյանի անդամ Նիկոդեմոսի տպավորվածությունն այնքան մեծ է լինում, որ նա գիշերով գալիս է Հիսուսի մոտ՝ ավելին սովորելու։ Հիսուսն ու իր աշակերտները մոտավորապես ութ ամիս մնում են «Հրէաստանի երկրում», քարոզում ու աշակերտներ պատրաստում։ Սակայն Հովհաննես Մկրտչի բանտարկության լուրը լսելուց հետո թողնում են Հրեաստանը և ուղղություն վերցնում դեպի Գալիլեա։ Սամարիայի միջով անցնելիս Հիսուսն օգտվում է առիթից և մանրակրկիտ վկայություն է տալիս մի սամարացի կնոջ։ Այդ քարոզի շնորհիվ հետագայում շատ սամարացիներ սկսում են հավատալ։ Եկեք մենք ևս աշխատենք բաց չթողնել մարդկանց հետ Թագավորության մասին խոսելու առիթները (Յովհաննէս 2։23; 3։1–22; 4։1–42; Մարկոս 1։14)։
Համատարած ուսուցանություն Գալիլեայում
8. Ի՞նչ գործ է Հիսուսը ձեռնարկում Գալիլեայում։
8 Հիսուսը բավականին գործ ունի անելու իր Հոր ծառայության մեջ, քանի դեռ չի հասել իր մահվան «ժամը»։ Գալիլեայում նա ավելի լայն գործունեություն է ծավալում՝ համեմատած Հրեաստանում ու Երուսաղեմում կատարածի հետ։ Հիսուսը շրջում է «բոլոր Գալիլեայումը՝ սովորեցնելով նորանց ժողովարաններումը եւ քարոզելով արքայութեան Աւետարանը, եւ ժողովրդի մէջ եղած ամեն հիւանդութիւն եւ ամեն ցաւ բժշկելով» (Մատթէոս 4։23, ԱԹ)։ Ամբողջ շրջանում լսվում է նրա կոչը. «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է» (Մատթէոս 4։17)։ Մի քանի ամիս անց, երբ նրա մոտ են գալիս Հովհաննես Մկրտչի աշակերտները, որպեսզի անձամբ Հիսուսից տեղեկանան իր ով լինելու մասին, վերջինս նրանց ասում է. «Գնացէք պատմեցէ՛ք Յովհաննէսին, ինչ որ դուք տեսաք եւ լսեցիք. որ կոյրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները մաքրւում են, խուլերը՝ լսում, մեռելները յարութիւն են առնում, աղքատները Բարի լուրն են լսում. եւ երանի՜ նրան, որ իմ պատճառով չի գայթակղուի» (Ղուկաս 7։22, 23)։
9. Ինչո՞ւ էր ժողովուրդը խմբվում Հիսուս Քրիստոսի շուրջը, և ի՞նչ դաս կարելի է այդ իրողությունից քաղել։
9 Հիսուսի համբավը ‘տարածվում է գավառի բոլոր կողմերում’, և Գալիլեայից, Դեկապոլսից, Երուսաղեմից, Հրեաստանից ու Հորդանան գետի մյուս կողմից մեծ բազմություն է նրա մոտ հավաքվում (Ղուկաս 4։14, 15; Մատթէոս 4։24, 25)։ Այդ մարդկանց գրավում են ոչ միայն Հիսուսի հրաշք–բուժումները, այլ նրանք գալիս են նաև լսելու նրա հիանալի ուսուցումները։ Նրանք բավականություն ու քաջալերանք են ստանում Հիսուսի ասածներից (Մատթէոս 5։1–7։27)։ Դրանք «շնորհալի» խոսքեր են (Ղուկաս 4։22)։ Ժողովուրդը «զարմանում [է] նրա վարդապետութեան վրայ», որովհետև Գրությունների վրա հիմնված նրա խոսքը լի է հեղինակությամբ (Մատթէոս 7։28, 29; Ղուկաս 4։32)։ Ո՞վ չէր ուզի գտնվել այդպիսի անձնավորության կողքին։ Եկեք մե՛նք էլ այնպես զարգացնենք ուսուցանելու արվեստը, որ մեզ լսող ազնվասիրտ մարդիկ փափագ զգան դեպի ճշմարտությունը։
10. Նազարեթցիները ինչո՞ւ են փորձում սպանել Հիսուսին, և ինչո՞ւ դա նրանց չի հաջողվում։
10 Սակայն Հիսուսի խոսքերը ոչ բոլորի սրտում էին արձագանք գտնում։ Դեռևս իր ծառայության սկզբներին, հայրենի Նազարեթ քաղաքի ժողովարանում ուսուցանելիս, Հիսուսին փորձում են սպանել։ Նազարեթցիները, թեև զարմացած էին նրա «շնորհալի խօսքերի» վրա, սակայն ուզում էին հրաշքներ տեսնել։ Իսկ Հիսուսը, զորավոր շատ գործեր ցուցադրելու փոխարեն, նրանց մատնացույց է անում իրենց իսկ եսասիրությունն ու թերհավատությունը։ Ժողովարանում գտնվողները գազազած ոտքի են ելնում, բռնում նրան, ու դուրս հանելով ժողովարանից՝ բերում են, որ ցած նետեն անդունդի եզրից։ Սակայն Հիսուսը դուրս է պրծնում նրանց ձեռքից ու փախչում. նրա մահվան «ժամը» դեռ չէր հասել (Ղուկաս 4։16–30)։
11. ա) Ինչո՞ւ են կրոնական առաջնորդներից ոմանք գալիս Հիսուսին լսելու։ բ) Ինչո՞ւ է Հիսուսը մեղադրվում Շաբաթը չպահելու մեջ։
11 Հիսուսի քարոզներին հաճախ ներկա են լինում նաև կրոնական առաջնորդներ՝ դպիրներ, փարիսեցիներ, սադուկեցիներ և ուրիշներ, որոնցից շատերը ո՛չ թե Հիսուսին լսելու և նրանից սովորելու նպատակով, այլ՝ նրան որևէ հանցանքի մեջ բռնելու (Մատթէոս 12։38; 16։1; Ղուկաս 5։17; 6։1, 2)։ Ահա մի օրինակ. մ.թ. 31–ի Պասեքի տոնակատարության առիթով Երուսաղեմում եղած ժամանակ Հիսուսը բժշկում է արդեն երեսունութ տարի միևնույն հիվանդությամբ տառապող մի տղամարդու։ Հրեա կրոնական առաջնորդները մեղադրում են Հիսուսին Շաբաթը չպահելու մեջ։ Հիսուսը, սակայն, նրանց հետևյալ պատասխանն է տալիս. «Իմ Հայրը մինչեւ այժմ գործում է, ուրեմն ես եւս գործում եմ»։ Այդ խոսքերից հետո հրեաները նրան մեղադրում են Աստծուն անարգելու մեջ՝ որ իր մասին խոսում է որպես Աստծո Որդու՝ համարելով Աստծուն իր Հայրը։ Նրանք ուզում են սպանել Հիսուսին, սակայն Հիսուսն իր աշակերտների հետ միասին հեռանում է Երուսաղեմից ու գնում Գալիլեա։ Մենք նույնպես կարող ենք կիրառել սա. Թագավորությունը քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործում մեր ողջ եռանդը ներդնելու հետ մեկտեղ, մեր կողմից իմաստնություն կլինի, եթե խուսափենք հակառակորդների հետ անտեղի բախումներից (Յովհաննէս 5։1–18; 6։1)։
12. Ինչպիսի՞ ծառայություն է Հիսուսը ձեռնարկում Գալիլեայի տարածքում։
12 Հաջորդ՝ մոտավորապես մեկուկես տարվա ընթացքում, Հիսուսն իր ծառայությունը սահմանափակում է գլխավորաբար Գալիլեայով, իսկ Երուսաղեմ գնում է միայն հրեաների տարեկան երեք տոներին ներկա գտնվելու համար։ Ընդհանուր առմամբ, Հիսուսը քարոզչական երեք շրջագայություն է ձեռնարկում Գալիլեայում. առաջինը՝ իր չորս նոր աշակերտների հետ միասին, երկրորդը՝ իր տասներկու առաքյալների, և ընդարձակ մի շրջագայություն՝ իր արդեն նախապատրաստված առաքյալների մասնակցությամբ։ Ճշմարտության ի՜նչ վկայություն է տրվել Գալիլեայում (Մատթէոս 4։18–25; Ղուկաս 8։1–3; 9։1–6)։
Համարձակ քարոզչություն Հրեաստանում և Պիրեայում
13, 14. ա) Ո՞ր դեպքի առիթով են հրեաները փորձում բռնել Հիսուսին։ բ) Ինչո՞ւ փարիսեցիների կողմից ուղարկված սպասավորները չեն ձերբակալում Հիսուսին։
13 Մ.թ. 32–ի աշունն է, իսկ Հիսուսի «ժամը» դեռ առջևում է։ Մոտ է Տաղավարահարաց տոնը։ Հիսուսի եղբայրներն այժմ նրան ասում են. «Այստեղից անցի՛ր գնա Հրէաստան»։ Նրանք ուզում են, որ Հիսուսն իր հրաշք–զորությունը ցույց տա Երուսաղեմում տոնի կապակցությամբ հավաքված ամբողջ ժողովրդին։ Սակայն Հիսուսը տեղյակ է իրեն սպասող վտանգին, ուստի պատասխանում է. «Ես դեռ չեմ գնում այդ տօնին, որովհետեւ իմ ժամանակը դեռ լրացած չէ» (Յովհաննէս 7։1–8, ԱԹ)։
14 Որոշ ժամանակ ևս Գալիլեայում մնալուց հետո Հիսուսը ուղևորվում է Երուսաղեմ, «բայց ոչ յայտնապէս, այլ՝ թաքուն»։ Եվ իրոք, հրեաները սկսում են փնտրել նրան տոնի ժամանակ, հարցնում, թե ո՞ւր է նա։ Տոնակատարության կեսին Հիսուսը մտնում է տաճար և սկսում է համարձակ ուսուցանել։ Հրեաները ուզում են նրան բռնել՝ հավանաբար նպատակ ունենալով բանտ նստեցնել կամ սպանել տալ, սակայն դա նրանց չի հաջողվում, քանի որ «նրա ժամանակը դեռ չէր հասել»։ Շատերն են սկսում հավատ ընծայել Հիսուսին։ Նույնիսկ նրան ձերբակալելու համար փարիսեցիների ուղարկած սպասավորները ձեռնունայն են վերադառնում՝ ասելով. «Ոչ մի մարդ երբեք այնպէս չի խօսել, ինչպէս այն մարդը» (Յովհաննէս 7։9–14, 30–46)։
15. Ինչո՞ւ է հրեաների մեջ ցանկություն առաջանում քարկոծել Հիսուսին, և հետագայում ի՞նչ ընդարձակ քարոզչական գործունեություն է ծավալում Հիսուսը։
15 Տոնակատարության ընթացքում Հիսուսը տաճարում ժողովրդին ուսուցանում է իր Հոր մասին, իսկ իր և իր հակառակորդների միջև եղած բախումը շարունակվում է։ Տոնակատարության վերջին օրը, երբ Հիսուսը խոսում է իր մինչմարդկային գոյության մասին, զայրացած հրեաները քարեր են վերցնում, որպեսզի Հիսուսի վրա նետեն, սակայն Հիսուսը նրանցից խույս է տալիս ու անվնաս հեռանում (Յովհաննէս 8։12–59)։ Երուսաղեմից դուրս գտնվելով՝ Հիսուսը Հրեաստանում քարոզչական մի ընդարձակ գործունեություն է ծավալում։ Նա յոթանասուն աշակերտ է ընտրում և նրանց հրահանգներ տալուց հետո երկու–երկու ուղարկում է քարոզելու։ Աշակերտները գնում են այն վայրերն ու քաղաքները, ուր մտադիր էր ավելի ուշ գնալ ինքը՝ Հիսուսը, իր առաքյալների հետ միասին (Ղուկաս 10։1–24, ԱԹ)։
16. Ի՞նչ վտանգից է Հիսուսը կարողանում խույս տալ Նավակատիքի տոնի ժամանակ, և ո՞րն է լինում նրա հերթական ձեռնարկումը։
16 Բայց ահա՝ մ.թ. 32–ի ձմռանը, Հիսուսի «ժամն» արդեն մոտ էր։ Հիսուսը գալիս է Երուսաղեմ՝ Նավակատիքի տոնին։ Հրեաներն առաջվա պես մտադիր են սպանել նրան, ուստի տեսնելով տաճարի սրահում շրջելիս՝ շրջապատում են։ Կրկին մեղադրելով նրան Աստծուն անարգելու մեջ՝ նրանք ուզում են քարկոծել Հիսուսին։ Սակայն նախորդ անգամների նման, Հիսուսը խույս է տալիս նրանցից։ Շուտով ահա նա ճանապարհ ընկած ուսուցանում է Հորդանանի մյուս կողմում՝ Պիրեայի շրջանում, քաղաքից–քաղաք ու գյուղից–գյուղ գնալով։ Շատերը հավատում են նրան։ Սակայն իր սիրելի բարեկամ Ղազարոսի մասին լուրը ստիպում է նրան կրկին վերադառնալ Հրեաստան (Ղուկաս 13։33; Յովհաննէս 10։20–42)։
17. ա) Ի՞նչ շտապ տեղեկություն է ստանում Հիսուսը Պիրեայում քարոզելիս։ բ) Ինչի՞ց է երևում, որ Հիսուսը գիտակցում էր իր գործողությունների նպատակը և հաշվի էր առնում դեպքերի կատարման ժամանակը։
17 Շտապ տեղեկությունը Ղազարոսի քույրեր Մարթայից ու Մարիամից է, որոնք ապրում են Հրեաստանի Բեթանիա գյուղում։ «Տէ՛ր, ահաւասիկ նա, ում դու սիրում էիր, հիւանդացել է»,— հաղորդում է բանբերը։ «Այդ հիւանդութիւնը մահաբեր չէ,— ասում է Հիսուսը,— այլ Աստծու փառքի համար է, որպէսզի դրանով Աստծու Որդին փառաւորուի»։ Դրա համար Հիսուսը երկու օր կանխամտածված մնում է այնտեղ, որտեղ գտնվում էր։ Ապա, դիմելով իր աշակերտներին, ասում է. «Եկէ՛ք վերստին գնանք Հրէաստան»։ Իսկ նրանք կասկածանքով ասում են. «Ռաբբի՛, հրեաները դեռ նոր էին ուզում քարկոծել, եւ նորից այնտե՞ղ ես գնում»։ Սակայն Հիսուսը գիտի, որ ‘ցերեկվա ժամերին’ կամ իր երկրային ծառայությանը Աստծո հատկացրած ժամանակին շատ քիչ է մնացել, ուստի գիտի, թե ինչ պետք է անի և ինչո՛ւ (Յովհաննէս 11։1–10)։
Հրաշք, որը ոչ ոք չէր կարող անտեսել
18. Ի՞նչ իրավիճակ է տիրում Բեթանիայում, երբ Հիսուսը ժամանում է այնտեղ, ի՞նչ է տեղի ունենում նրա գալուց հետո։
18 Բեթանիայում Մարթան առաջինն է ընդառաջ գալիս Հիսուսին և ասում է. «Տէ՛ր, եթէ դու այստեղ եղած լինէիր, իմ եղբայրը մեռած չէր լինի»։ Ապա գալիս են նաև Մարիամն ու նրանց տուն եկած մարդիկ. բոլորը արտասվում են. «Ո՞ւր դրիք նրան»,— հարցնում է Հիսուսը։ «Տէ՛ր, արի՛ եւ տե՛ս»,— ասում են նրանք։ Մոտենալով գերեզմանին՝ մի քարայրի, որի մուտքը հսկայական քարով փակված է, Հիսուսը խնդրում է. «Այդ քարը մի կողմ դրէք»։ Չհասկանալով, թե Հիսուսը ի՛նչ է մտադիր անել՝ Մարթան առարկում է. «Տէ՛ր, հիմա արդէն նեխած կը լինի, քանի որ չորս օրուայ է»։ Բայց Հիսուսը պատասխանում է նրան. «Քեզ չասացի՞. եթէ հաւատաս, կը տեսնես Աստծու փառքը» (Յովհաննէս 11։17–40)։
19. Ինչո՞ւ է Հիսուսը Ղազարոսին հարություն տալուց առաջ բարձրաձայն աղոթում։
19 Երբ մի կողմ է տարվում Ղազարոսի գերեզմանի մուտքը փակող քարը, Հիսուսը բարձրաձայն աղոթում է, որպեսզի ներկա գտնվող մարդիկ հասկանան՝ այն, ինչ շուտով տեղի կունենա, լինելու է Աստծո զորությամբ։ Ապա նա բացականչում է. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»։ Ղազարոսը դուրս է գալիս՝ ձեռքերն ու ոտքերը փաթաթանների մեջ և երեսը թաշկինակով ծածկված։ «Արձակեցէ՛ք.... եւ թողէ՛ք, որ գնայ»,— պատվիրում է Հիսուսը (Յովհաննէս 11։41–44)։
20. Ինչպիսի՞ արձագանքներ են լինում Ղազարոսի հարության ականատեսների կողմից։
20 Մարթային ու Մարիամին մխիթարելու եկած հրեաներից շատերը այս հրաշքին ականատես դառնալուց հետո սկսում են հավատալ Հիսուսին։ Ուրիշներն էլ գնում են պատահածի մասին պատմելու փարիսեցիներին։ Փարիսեցիներն անմիջապես քահանայապետների հետ միասին ատյանի արտակարգ ժողով են հրավիրում։ Խուճապի մատնված՝ նրանք ասում են. «Ի՞նչ անենք, քանի որ այդ մարդը բազում նշաններ է անում։ Եթէ նրան այնպէս թողնենք, ամէնքը կը հաւատան նրան, եւ հռոմէացիները կը գան ու կը վերացնեն մեր ազգն ու սրբավայրը»։ Բայց քահանայապետ Կայիափան ասում է. «Դուք ոչինչ չգիտէք, ոչ իսկ խորհել էք, թէ մեզ համար աւելի լաւ է, որ մէկ մարդ մեռնի ժողովրդի համար, քան թէ ամբողջ ազգը կորչի»։ Ուստի, այդ օրվանից միտք են անում սպանել Հիսուսին (Յովհաննէս 11։45–53)։
21. Ղազարոսի հարության հրաշքը ի՞նչ հարցում շրջադարձային կետ հանդիսացավ։
21 Այսպիսով՝ դեպի Բեթանիա իր ճանապարհորդությունը հետաձգելու շնորհիվ Հիսուսին հաջողվում է գործել մի այնպիսի հրաշք, որը ոչ ոք չի կարող անտեսել։ Աստծո զորությամբ Հիսուսը հարություն է տալիս մի մարդու, որն արդեն չորս օրվա մահացած էր։ Նույնիսկ հրեական հեղինակավոր ատյանը ստիպված է լինում ուշադրություն դարձնել դրա վրա և արդյունքում՝ մահվան դատավճիռ կայացնել այդ հրաշագործ մարդու դեմ։ Ուստի այս դեպքը շրջադարձային կետ հանդիսացավ Հիսուսի ծառայության մեջ, որով ավարտվեց այն ժամանակահատվածը, որի վերաբերյալ կարելի է օգտագործել «նրա ժամանակը դեռ չէր հասել» արտահայտությունը և սկսվեց մի նոր փուլ՝ «հասել է իր ժամը»։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ինչպե՞ս է Հիսուսը ցույց տվել, որ գիտակցում է իր ստացած հանձնարարության կարևորությունը։
• Ինչո՞ւ է Հիսուսն առարկությամբ դիմավորում գինու մասին իր մոր հուշածը։
• Հիսուսի վերաբերմունքը իր հակառակորդների նկատմամբ ի՞նչ դաս կարող է լինել մեզ համար։
• Ինչո՞ւ Հիսուսը չի շտապում արձագանքել Ղազարոսի հիվանդության լուրին։
[նկարներ 12–րդ էջի վրա]
Հիսուսն իր ողջ եռանդը ներդնում էր՝ կատարելու Աստծուց ստացած իր պարտականությունները։