«Ժամանակը ծախու առնենք» ընթերցանության և ուսումնասիրության համար
«Ժամանակը ծախու առէք, վասն զի օրերս չար են» (Եփեսացիս 5։16, Արևմտ. Աստ.)։
1. Ինչո՞ւ կարելի է ասել, որ մեր կողմից իմաստնություն է ժամանակը պլանավորելը, և ի՞նչ կարող է մեր մասին ասել այն, թե ինչպես ենք օգտագործում մեր ժամանակը։
ԱՍՈՒՄ են, թե «ժամանակ ընտրելը, ժամանակը փրկել է նշանակում»։ Նա, ով հաշվարկում և ժամանակ է հատկացնում անհրաժեշտ գործերին, ավելի արդյունավետությամբ է օգտագործում ժամանակը։ Սողոմոն իմաստուն թագավորը գրել է. «Ամեն բանի ժամանակ կայ. եւ ժամանակ՝ երկնքի տակի բոլոր ձեռնարկութեան» (Ժողովող 3։1)։ Բոլորս միևնույն չափի ժամանակ ունենք մեր տրամադրության տակ, իսկ թե ինչպես կծախսենք այն, կախված է մեզանից։ Այն, թե ինչին ենք առաջնահերթություն տալիս և թե ինչպես ենք օգտագործում մեր ժամանակը, ցույց է տալիս, թե ինչն է մեզ համար ավելի հաճելի ու հարազատ (Մատթէոս 6։21)։
2. ա) Ի՞նչ է Հիսուսը Լեռան քարոզի ժամանակ ասել մեր հոգևորի կարիքի վերաբերյալ։ բ) Ինչի՞ մասին տեղին կլիներ անձամբ խորհել։
2 Մենք պարտավոր ենք ժամանակ հատկացնել մեր ֆիզիկական կարիքները բավարարելուն՝ ուտելու և քնելու համար։ Սակայն ի՞նչ կարելի է ասել մեր հոգևոր կարիքների մասին։ Գիտենք, որ դրանք ևս պետք է բավարարել։ Իր Լեռան քարոզում Հիսուսն ասել է. «Երանի նրանց, ովքեր հոգևորի կարիք են զգում» (Մատթէոս 5։3, ՆԱ)։ Ահա թե ինչու է «հաւատարիմ եւ իմաստուն ծառան» կանոնավորաբար մեզ հիշեցնում Աստվածաշնչի ընթերցանությանը և ուսումնասիրությանը ժամանակ հատկացնելու անհրաժեշտության մասին (Մատթէոս 24։45)։ Թերևս գիտակցում եք դրա կարևորությունը, սակայն կարող է թվալ, թե ընդհանրապես ժամանակ չկա՝ Աստվածաշունչն ուսումնասիրելու կամ ընթերցելու։ Եթե այդպես է, եկեք մտածենք, թե ինչպես կարելի է մեր կյանքում տեղ ու ժամանակ գտնել Աստծո Խոսքը կարդալու, ուսումնասիրելու, և կարդացածի շուրջ խորհելու համար։
Ժամանակ գտնել Աստվածաշունչը կարդալու և ուսումնասիրելու համար
3, 4. ա) Պողոս առաքյալը ի՞նչ խորհուրդ է տալիս ժամանակի օգտագործման վերաբերյալ, և ի՞նչ է դա իր մեջ ընդգրկում։ բ) Ի՞նչ նկատի ուներ Պողոսը՝ գրելով «հարմար ժամանակը ծախու առէք»։
3 Հաշվի առնելով այն, թե ինչ ժամանակներում ենք ապրում, մեզանից յուրաքանչյուրին հարկավոր է ականջ դնել Պողոս առաքյալի հետևյալ խոսքերին. «Տեսէք, թէ ինչպիսի զգուշութեամբ պէտք է ընթանաք. ոչ թէ ինչպէս անմիտներ, այլ՝ ինչպէս իմաստուններ. ժամանակն օգտագործեցէ՛ք [«ժամանակը [«հարմար ժամանակը», ՆԱ] ծախու առէք», Արևմտ. Աստ.], քանզի օրերը չար են. դրա համար անմիտ մի՛ եղէք, այլ իմացէ՛ք, թէ ի՛նչ է Տիրոջ կամքը» (Եփեսացիս 5։15–17)։ Ինչ խոսք, այս խորհուրդը վերաբերում է մեր՝ քրիստոնյաներիս կյանքի բոլոր ոլորտներին՝ ընդգրկելով աղոթքի, ուսումնասիրության, հանդիպումների, ինչպես նաև «արքայութեան աւետարանը» հռչակելուն հնարավորության սահմաններում լիովին մասնակցելու համար ժամանակ գտնելը (Մատթէոս 24։14; 28։19, 20)։
4 Երևում է, որ Եհովայի ծառաներից շատերն այսօր դժվարանում են Աստվածաշնչի ընթերցանության և խորը ուսումնասիրության համար ժամանակ գտնել։ Պարզ է, որ լրացուցիչ ժամ հնարավոր չէ ավելացնել մեր օրվան, ուստի Պողոսի խորհուրդը այլ իմաստ է կրում։ Հունարենում «ժամանակը» կամ տվյալ դեպքում «հարմար ժամանակը ծախու առեք» արտահայտությունը նշանակում է ծախու առնել որևէ այլ բանի հաշվին։ Ու. Վայնի «Բացատրական բառարանում» (անգլ.) այդ արտահայտությունը հետևյալ կերպ է սահմանված՝ «առիթը բաց չթողնել, լավագույնս օգտագործել ստեղծված հնարավորությունը, քանի որ այն այլևս հնարավոր չի լինի ետ բերել»։ Ինչի՞ց և որտեղի՞ց կարելի է հարմար ժամանակ ծախու առնել Աստվածաշնչի ընթերցանության և ուսումնասիրության համար։
Հարկավոր է առաջնահերթություններ դնել
5. Ինչո՞ւ է հարկավոր և ինչպե՞ս է հնարավոր ‘լավագույնն ընտրել’։
5 Մեր առօրյա պարտականություններից բացի, հոգևոր բնույթի շատ հարցեր կան, որոնց պետք է ուշադրություն դարձնել։ Որպես Եհովային նվիրված ծառաներ՝ մենք «Տիրոջ գործի մէջ» շատ բան ունենք անելու (Ա Կորնթացիս 15։58)։ Այդ իսկ պատճառով, Պողոսը փիլիպպեցի քրիստոնյաներին հորդորեց ‘լավագույնն ընտրել’ (Փիլիպպեցիս 1։10, ԱԹ)։ Դա նշանակում է, որ հարկավոր է առաջնահերթություններ դնել։ Հոգևորը միշտ պետք է նախընտրելի լինի մնացած բաներից (Մատթէոս 6։31–33)։ Սակայն հոգևոր պարտականությունները կատարելիս հարկ է նաև հավասարակշռություն պահպանել։ Ինչպե՞ս ենք բաշխում մեր ժամանակը քրիստոնեական կյանքի տարբեր բնագավառներում։ Շրջագայող վերակացուները հայտնում են, որ «լավագույնը», որի մասին պետք է հոգ տանի քրիստոնյան՝ անձնական ուսումնասիրությունը և Աստվածաշնչի ընթերցանությունը, շատ անգամ անտեսվում է։
6. Ի՞նչ է նշանակում ժամանակը ծախու առնել, երբ խոսքը աշխատանքի և տնային գործերի մասին է։
6 Ինչպես արդեն ասվեց, հարմար ժամանակը ծախու առնելն իր մեջ ընդգրկում է «առիթը բաց չթողնել, լավագույնս օգտագործել ստեղծված հնարավորությունը»։ Ուստի, եթե Աստվածաշնչի մեր ընթերցանությունն ու ուսումնասիրությունը իրենց պատշաճ տեղում չեն գտնվում, լավ կլինի, որ ինքներս մեզ քննենք՝ տեսնելու, թե ինչպես է օգտագործվում մեր ժամանակը։ Եթե մեր աշխատանքը չափից դուրս շատ ժամանակ ու եռանդ է խլում մեզանից, ապա պետք է այդ մասին աղոթքով դիմել Եհովային (Սաղմոս 55։22)։ Թերևս կարողանանք որոշ փոփոխություններ մտցնել մեր առօրյայում, ինչը հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ հատկացնել Եհովայի երկրպագությանը, այդ թվում նաև ուսումնասիրությանն ու Աստվածաշնչի ընթերցանությանը։ «Տան գործը վերջ չունի» ասում է ժողովրդական առածը։ Ուստի, քրիստոնյա կանայք նույնպես պետք է առաջնահերթություններ դնեն և որոշակի ժամանակ հատկացնեն Աստվածաշնչի ընթերցանությանն ու լուրջ ուսումնասիրությանը։
7, 8. ա) Ի՞նչ գործերից հաճախ կարելի է կարդալու և ուսումնասիրելու համար ժամանակ ծախու առնել։ բ) Ո՞րն է հանգստի նպատակը, և ինչպե՞ս կարող է այդ մասին հիշելը օգնել մեզ առաջնահերթություններ դնելու։
7 Մեծամասնությանս համար, ընդհանուր առմամբ, դժվար չէ ոչ էական գործերի հաշվին ուսումնասիրության համար ժամանակ գտնել։ Թերևս մտածենք. «Որքա՞ն ժամանակ եմ անցկացնում տարբեր ամսագրեր կամ լրագրեր ընթերցելու, հեռուստացույց դիտելու, երաժշտություն լսելու կամ տեսախաղեր խաղալու վրա։ Ինչի՞ վրա եմ ավելի շատ ժամանակ ծախսում, համակարգչի էկրանի առջև նստելո՞ւ, թե՞ Աստվածաշունչը կարդալու»։ Պողոսն ասում է. «Անմիտ մի՛ եղէք, այլ իմացէ՛ք, թէ ի՛նչ է Տիրոջ կամքը» (Եփեսացիս 5։17)։ Հեռուստացույցի առջև չափից դուրս շատ ժամանակի վատնումը, ամենայն հավանականությամբ, հիմնական պատճառն է, թե ինչու Վկաներից շատերը բավական ժամանակ չեն գտնում իրենց անձնական ուսումնասիրության ու Աստվածաշնչի ընթերցանության համար (Սաղմոս 101։3; 119։37, 47, 48)։
8 Գուցե մտածեք, որ հնարավոր չէ ամբողջ ժամանակը ուսումնասիրությանը նվիրել, որ հարկավոր է նաև հանգստին ժամանակ տրամադրել։ Իհարկե այդպես է, սակայն լավ կլինի նկատի առնել նաև, թե որքան ժամանակ է հատկացվում հանգստին, և դա համեմատել Աստվածաշնչի ընթերցանությանն ու ուսումնասիրությանը հատկացված ժամանակի հետ։ Այդ համեմատության արդյունքները ձեզ թերևս զարմացնեն։ Հանգիստն ու զվարճությունները, ինչ խոսք, անհրաժեշտ են, սակայն դրանք պետք է իրենց պատշաճ տեղում լինեն։ Հանգստանալու, զվարճանալու նպատակը թարմանալն է և մեզ հերթական հոգևոր գործունեությանը պատրաստելը։ Հեռուստատեսային շատ ծրագրեր ու տեսախաղեր մարդուն ուղղակի հյուծում են, իսկ Աստծո Խոսքի ընթերցանությունն ու ուսումնասիրությունը թարմացնում և ուժ են տալիս (Սաղմոս 19։7, 8)։
Ինչպես են ոմանք ժամանակ գտնում ուսումնասիրության համար
9. Ի՞նչ օգուտներ կարելի է քաղել՝ հետևելով «Գրությունները քննենք ամեն օր» գրքույկի 1999 թ. նախաբանում բերված խորհրդին։
9 «Գրությունները քննենք ամեն օր» գրքույկի 1999 թ. հրատարակության նախաբանում ասվում է հետևյալը. «Առաւելութիւնները շատ աւելի են, եթէ այս գրքոյկէն օրուան համարը եւ անոր մեկնաբանութիւնը առաւօտո՛ւն նկատի առնէք։ Այդ տպաւորութիւնը պիտի ունենաք որ Եհովա՝ Մեծ Ուսուցիչը, ձեզ կ’արթնցնէ իր հրահանգներով։ Յիսուս Քրիստոսի մասին մարգարէաբար ըսուած է որ ամէն առաւօտ Եհովայի հրահանգներէն կ’օգտուի. «[Եհովա] ամէն առտու զիս կ’արթնցնէ, անիկա իմ ականջս կը բանայ. որպէս զի աշակերտներու պէս լսեմ»։ Այսպիսի հրահանգներ «իմաստուններու լեզու» տուին Յիսուսի, որպէսզի ‘կարենայ խօսքով օգնել յոգնածին’ (Եսայ. 30։20. 50։4. Մատթ. 11։28–30)։ Ամէն առաւօտ Աստուծոյ Խօսքէն այժմէական խրատ ստանալու համար արթննալը, այլեւ ձեզ պիտի զինէ «իմաստուններու լեզու»ով ուրիշներուն օգնելու»։a
10. Ինչպե՞ս են ոմանք ժամանակ գտնում Աստվածաշնչի ընթերցանության և ուսումնասիրության համար, և ի՞նչ օգուտ են նրանք քաղում։
10 Շատ քրիստոնյաներ հետևում են այս խորհրդին և ամեն օր՝ վաղ առավոտյան, կարդում օրվա խոսքը ու դրա տակ բերված մեկնաբանությունը, ընթերցում են Աստվածաշունչը կամ ուսումնասիրություն կատարում։ Ֆրանսիայում ապրող մի ռահվիրա ամեն առավոտ վաղ է արթնանում ու երեսուն րոպե հատկացնում է Աստվածաշնչի ընթերցանությանը։ Ի՞նչն է նրան օգնում տարիներ շարունակ հավատարիմ մնալու իր այդ սովորությանը։ «Խորը մղումներ ունեմ,— ասում է այդ քույրը,— և ամեն կերպ, ինչ էլ որ պատահի, աշխատում եմ չշեղվել իմ գրաֆիկից»։ Օրվա որ ժամն էլ որ ընտրած լինենք ընթերցանության համար, կարևորն այն է, որ կառչած մնանք մեր ընտրած գրաֆիկին։ Ռենե Միկան, որը ավելի քան քառասուն տարի է, ինչ ռահվիրա է ծառայում Եվրոպայում ու Հյուսիսային Աֆրիկայում, ասում է. «1950–ից ի վեր նպատակ եմ դրել ամեն տարի ընթերցել Աստվածաշունչն ամբողջությամբ, և արդեն քառասունինն անգամ կարդացել եմ այն։ Զգում եմ, որ իմ Արարչի հետ մտերիմ փոխհարաբերություններ պահպանելու համար դա ինձ համար անչափ կարևոր է։ Աստծո Խոսքի շուրջ խորհելն օգնում է ինձ ավելի լավ հասկանալ նրա արդարությունը և մյուս հատկությունները։ Աստվածաշունչը անսպառ ուժի աղբյուր է ինձ համար»։b
«Ժամանակի՛ն կերակուր տալ»
11, 12. ա) Ի՞նչ հոգևոր «կերակուր» է մատակարարում «հավատարիմ տնտեսը»։ բ) Ինչպե՞ս է այդ «կերակուրը» մատակարարվում ժամանակին։
11 Ինչպես կանոնավորաբար սնվելու սովորությունն է նպաստում ֆիզիկապես առողջ լինելուն, այնպես էլ Աստվածաշնչի ընթերցանության և ուսումնասիրության կանոնավոր գրաֆիկին հետևելն է օգնում հոգևոր առողջ վիճակում մնալուն։ Ղուկասի ավետարանում կարդում ենք Հիսուսի հետևյալ խոսքերը. «Ո՞վ է այն հաւատարիմ եւ իմաստուն տնտեսը, որին իր տէրը իր ծառաների վրայ վերակացու կարգեց՝ ժամանակի՛ն կերակուր տալու համար» (Ղուկաս 12։42)։ Արդեն ավելի քան հարյուր քսան տարի է, ինչ «Դիտարան» պարբերագրում և Աստվածաշնչի վրա հիմնված այլ հրատարակություններում «ժամանակին կերակուր» է տրվում։
12 Ուշադրություն դարձնենք «ժամանակին» բառի վրա։ Ներկայումս մեր «Մեծ Խրատողը» (ՆԱ)՝ Եհովան, իր Որդու և ծառա դասակարգի միջոցով ուսմունքներին և վարքին վերաբերող հարցերում առաջնորդում է իր ժողովրդին։ Դա նման է նրան, կարծես մենք բոլորս մեր ետևում լսում ենք մի ձայն՝ ասելիս. «Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք, երբոր աջ կողմը պէտք է գնաք եւ երբոր ձախ կողմը պէտք է գնաք» (Եսայիա 30։20, 21)։ Բացի այդ, Աստվածաշունչը կամ աստվածաշնչյան այլ գրականություն ուշադրությամբ կարդալիս հաճախ մարդ այնպիսի զգացում է ունենում, որ այնտեղ ամփոփված որոշակի մտքեր ուղղված են հենց իրեն։ Իսկապե՛ս, Աստծո տված առաջնորդությունն ու նրա խորհուրդները գալիս են ճիշտ ժամանակին, օգնում են մեզ դիմադրել զանազան փորձություններին և իմաստուն որոշումներ կայացնել։
Սնվելու լավ սովորություն մշակեք
13. Որո՞նք են հոգևորապես վատ սնվելու սովորություններից մի քանիսը։
13 Ժամանակին մատակարարվող այս «կերակուրից» լիարժեք օգուտ ստանալու համար հարկավոր է սնվելու լավ սովորություն ունենալ։ Կարևոր է Աստվածաշնչի ընթերցանության և անձնական ուսումնասիրության կանոնավոր գրաֆիկ ունենալ և միշտ հետևել այդ գրաֆիկին։ Հոգևորապես լավ սնվելու սովորություն ունե՞ք։ Կանոնավորաբար զբաղվո՞ւմ եք անձնական խորը ուսումնասիրությամբ, թե՞ թռուցիկ աչքի եք անցկացնում հոգատարությամբ ձեզ համար պատրաստված նյութը՝ այնպիսի արագությամբ, ասես դրանք կուլ տալիս լինեք, իսկ կերակրատեսակներից մի քանիսն էլ՝ ընդհանրապես բաց թողնում։ Հոգևորապես վատ սնվելու սովորությունը ոմանց համար պատճառ է դարձել, որ թուլանան հավատով, և նույնիսկ, ետ կանգնեն իրենց հավատից (Ա Տիմոթէոս 1։19; 4։15, 16)։
14. Ինչո՞ւ է օգտակար ուշադրությամբ ընթերցել մեզ արդեն ծանոթ թվացող նյութերը։
14 Ոմանք կարող են մտածել, որ հրատարակվող հոդվածների մի մասը իրենցից նոր բան չեն ներկայացնում, իսկ իրենք արդեն ծանոթ են Աստվածաշնչի հիմնական ուսուցումներին, ուստիև գտնում են, որ սիստեմատիկ ուսումնասիրություններ կատարելն ու հանդիպումներին հաճախելը այնքան էլ կարևոր չէ։ Սակայն Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մեր սովորածը հարկավոր է մեզ կրկին հիշեցնել (Սաղմոս 119։95, 99, ՆԱ; Բ Պետրոս 3։1; Յուդա 5)։ Ճիշտ այնպես, ինչպես լավ խոհարարն է միևնույն հիմնական բաղադրամասերից տարբեր համեղ կերակուրներ պատրաստում, այնպես էլ ծառա դասակարգն է հոգևոր սննդարար կերակուրը զանազան ձևով մատուցում։ Նույնիսկ հաճախակի քննարկվող թեմաներ ընդգրկող հոդվածներում այնքան լավ մտքեր կան, որոնք չէինք ցանկանա բաց թողնել։ Մի բան ակնհայտ է՝ թե ի՛նչ կքաղենք մեր կարդացած նյութից, հիմնականում կախված է նրանից, թե որքան ժամանակ ու ջանք կներդնենք տվյալ նյութը ուսումնասիրելու համար։
Հոգևոր օգուտներ ընթերցանությունից և ուսումնասիրությունից
15. Ինչպե՞ս են Աստվածաշնչի ընթերցանությունն ու ուսումնասիրությունը նպաստում Աստծո Խոսքի ավելի լավ սպասավորներ լինելուն։
15 Օգուտները, որոնք կարելի է քաղել Աստվածաշնչի ընթերցանությունից և ուսումնասիրությունից, վերջ չունեն։ Այս ամենն օգնում է պատրաստ լինել մեր ուսերին կրելու քրիստոնյայի հիմնական պարտականությունները, հատկապես այն, որ յուրաքանչյուրը դառնա «մի մշակ, որ ամօթով չի մնում, ճշմարտութեան խօսքը ուղիղ ներկայացնող» (Բ Տիմոթէոս 2։15)։ Որքան շատ ենք կարդում, ուսումնասիրում Աստվածաշունչը, այնքան ավելի ենք լցվում Աստծո մտքերով։ Շնորհիվ դրա, մենք էլ Պողոսի նման կարող կլինենք մարդկանց հետ ‘խոսել Գրքերից’՝ բացատրելով և ‘ապացուցելով’ Եհովայի նպատակների մասին հրաշալի ճշմարտությունները (Գործք 17։2, 3)։ Մենք ավելի հմուտ ուսուցիչներ կլինենք, իսկ մեր վարած զրույցները, տված խորհուրդները կլինեն հոգևորապես ավելի կազդուրիչ (Առակաց 1։5)։
16. Անհատապես ի՞նչ օգուտներ ենք քաղում Աստծո Խոսքի ընթերցանության և ուսումնասիրության շնորհիվ։
16 Սա դեռ վերջը չէ. Աստծո Խոսքին ժամանակ հատկացնելը հնարավորություն է տալիս մեր կյանքն ու ապրելակերպը Եհովայի կամքի հետ ներդաշնակեցնելու (Սաղմոս 25։4; 119։9, 10; Առակաց 6։20–23)։ Դա մեր մեջ ավելի է արմատավորում հոգևոր այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ խոնարհությունը, հավատարմությունը և ուրախությունը (Բ Օրինաց 17։19, 20; Յայտնութիւն 1։3)։ Կիրառելով Աստվածաշնչի ընթերցանության և ուսումնասիրության շնորհիվ ձեռք բերված գիտությունը՝ մենք զգում ենք, թե ինչպես է Աստծո ոգին աշխուժորեն գործում մեր կյանքում, և ամեն բանում, ինչ որ անում ենք, առկա է նրա ոգու պտուղը (Գաղատացիս 5։22, 23)։
17. Ինչպե՞ս է Աստվածաշնչի ընթերցանության և ուսումնասիրության չափն ու որակը ազդում Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերության վրա։
17 Իսկ ինչն ամենակարևորն է՝ Աստծո Խոսքի ընթերցանության և ուսումնասիրության համար այլ գործերից ծախու առած ժամանակը առատ վարձատրություններ կբերի, ինչ վերաբերում է Աստծո հետ ունեցած մեր փոխհարաբերությանը։ Պողոսն աղոթել էր այն մասին, որ իր հավատակիցները ‘լցվեն Աստծո կամքի գիտությամբ՝ ունենալով կատարյալ իմաստություն և հոգևոր իմացություն՝ ապրելու համար Եհովային արժանի և ամեն ինչում նրան հաճելի ձևով’ (Կողոսացիս 1։9, 10)։ Որպեսզի մենք էլ ‘Եհովային արժանի կերպով ապրենք’, պետք է ‘լցվենք նրա կամքի գիտությամբ և հոգևոր հասկացողությամբ’։ Պարզ է, որ Եհովայի օրհնությունն ու հաճությունը ստանալը մեծամասամբ կախված է այն բանից, թե որքան և ինչպես ենք ընթերցում ու ուսումնասիրում Աստվածաշունչը։
18. Ի՞նչ օրհնությունների կարժանանանք՝ հետևելով Յովհաննէս 17։3–ում արձանագրված Հիսուսի խոսքերին։
18 «Յաւիտենական կեանքը այս է. որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստուած, նաեւ Յիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր» (Յովհաննէս 17։3)։ Սա Աստվածաշնչի այն համարներից մեկն է, որը լայնորեն գործածվում է Եհովայի վկաների կողմից՝ օգնելու մարդկանց գնահատել Աստծո Խոսքն ուսումնասիրելու կարևորությունը։ Ինչ խոսք, դա քիչ կարևոր չէ նաև մեզանից յուրաքանչյուրի համար։ Հավիտյան ապրելու մեր հույսը կախված է Եհովայի և իր Որդի Հիսուս Քրիստոսի մասին գիտության մեջ հասունանալուց։ Միայն պատկերացրեք, թե ի՛նչ է դա նշանակում. երբեք չի լինի այնպիսի ժամանակ, երբ այլևս ոչինչ չենք սովորի Եհովայի մասին, և միշտ կլինի ժամանակ՝ նրա մասին նորը իմանալու (Ժողովող 3։11; Հռովմայեցիս 11։33)։
[ծանոթագրություններ]
a Հրատարակված է «Դիտարան» ընկերության կողմից։
b Տե՛ս 1995 թ. մայիսի 1–ի «Դիտարանը», «Ե՞րբ են նրանք կարդում Աստվածաշունչը և ի՞նչ օգուտ են քաղում» հոդվածը (ռուս.), էջ 20, 21։
Կրկնողության հարցեր
• Ի՞նչ կարող է մեր մասին ասել այն, թե ինչպես ենք օգտագործում մեր ժամանակը։
• Ի՞նչ գործերից կարելի է Աստվածաշնչի ընթերցանության և ուսումնասիրության համար ժամանակ ծախու առնել։
• Ինչո՞ւ է անհրաժեշտ հետևել, թե ինչպես ենք հոգևորապես սնվում։
• Ի՞նչ օգուտներ է բերում Աստվածաշնչի ընթերցանությունն ու ուսումնասիրությունը։
[նկարներ 20–րդ, 21–րդ էջերի վրա]
Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանությունն ու ուսումնասիրությունը կօգնի մեզ «ճշմարտութեան խօսքը ուղիղ» ներկայացնել։
[նկարներ 23–րդ էջի վրա]
Մեր զբաղված կյանքում հոգևոր նպատակների հետ մեր գործերի հավասարակշռումը առատ վարձատրություններ է բերում։