Ընթերցողների հարցերը
Հաշվի առնելով արյան պատշաճ գործածության վերաբերյալ Աստվածաշնչի պատվիրանները՝ ինչպե՞ս են Եհովայի վկաները վերաբերվում բժշկական այն պրոցեդուրաներին, որոնց հիմքում ընկած է սեփական արյան օգտագործումը։
Յուրաքանչյուր քրիստոնյա զուտ անձնական նախընտրության կամ բժշկի տված խորհրդի վրա հիմնվելով որոշում կայացնելու փոխարեն՝ պարտավոր է ամենայն լրջությամբ նկատի առնել Աստվածաշնչի տված առաջնորդությունը։ Դա Եհովայի և այդ անձնավորության փոխհարաբերությանը առնչվող խնդիր է։
Եհովան, ում մենք պարտական ենք մեր կյանքի համար, ժամանակին պատվիրել էր, որ արյունը կերակրի մեջ չօգտագործվի (Ծննդոց 9։3, 4)։ Եվ քանի որ արյունը ներկայացնում է կյանքը, հին Իսրայելին տված իր Օրենքում նա սահմանափակել էր արյան գործածությունը։ «Մարմնի հոգին [կամ կյանքը] արիւնումն է,— ասել է նա,— եւ ես ձեզ տուի այն, որ սեղանի վերայ ձեր հոգիների համար քաւութիւն անէք»։ Իսկ եթե մարդ կենդանի էր մորթում ուտելո՞ւ համար։ Աստված ասել էր. «Նորա արիւնը թափէ, եւ հողով ծածկէ նորան»a (Ղեւտացոց 17։11, 13)։ Եհովան իր այս պատվերը կրկնել է նորից ու նորից (Բ Օրինաց 12։16, 24; 15։23)։ Ահա թե ինչ է ասվում հրեական մի աղբյուրում. «Արյունը չպետք է պահել, այլ օգտագործման համար անպիտան դարձնել՝ թափելով գետնին» («Soncino Chumash»)։ Իսրայելացիներից ոչ ոք ուրիշ արարածի (որի կյանքը պատկանում է Աստծուն) արյունը չէր կարող իրեն վերցնել, պահել ու օգտագործել։
Մովսիսական օրենքը պահելու պարտականությունը վերջ գտավ Մեսիայի մահով։ Սակայն արյան սրբության հանդեպ Աստծո տեսակետը մնաց անփոփոխ։ Աստծո սուրբ ոգով առաջնորդված՝ առաքյալները քրիստոնյաներին հրահանգ տվեցին «հեռու մնալ.... արիւնից»։ Այս հրահանգին հարկավոր էր ամենայն լրջությամբ վերաբերվել։ Դա նույնքան կարևոր էր, որքան սեռային անբարոյականությունից և կռապաշտությունից հեռու մնալը (Գործք 15։28, 29; 21։25)։ Երբ 20–րդ դարում տարածում գտավ արյուն տալը և արյան փոխներարկումը, Եհովայի վկաները հասկացան, որ դա հակասում է Աստծո Խոսքին։b
Երբեմն պատահում է, որ բժիշկը համոզում է հիվանդին՝ թույլ տալ վիրահատությունից շաբաթներ առաջ հավաքել սեփական արյունը (предоперационный забор аутокрови կամ ПЗА), որպեսզի անհրաժեշտության դեպքում նրան ներարկվի իր իսկ պահված արյունը։ Սակայն, արյան այսպիսի հավաքումը, պահածոյացումը և ներարկումը ուղղակիորեն հակասում է «Ղևտացոց» և «Բ Օրինաց» գրքերում բովանդակված տեղեկությանը։ Արյունը չի կարելի հավաքել. այն պետք է թափել, այսպես ասած՝ Աստծուն վերադարձնել։ Ճիշտ է, Մովսիսական օրենքն այսօր արդեն ուժի մեջ չէ, բայցևայնպես, Եհովայի վկաները հարգում են այդ Օրենքում ամփոփված Աստծո սկզբունքները և մտադիր են ‘հեռու մնալ արյունից’։ Ուստի՝ մենք արյուն չենք տալիս, ոչ էլ ներարկման համար թույլ ենք տալիս պահել մեր արյունը, որն, իրականում, պետք է ‘թափվի’։ Արյան այդպիսի գործածումը հակասում է Աստծո օրենքին։
Ախտորոշման համար հիվանդից վերցված արյան օգտագործման հետ կապված այլ պրոցեդուրաները ուղղակիորեն չեն խախտում Աստծո արձանագրված սկզբունքները։ Օրինակ՝ քրիստոնյաներից շատերը արյուն են հանձնում որոշ փորձերի ու ախտորոշումների համար, որից հետո այդ արյան նմուշները դեն են նետվում։ Բժիշկները երբեմն առաջարկում են նույն եղանակի՝ սակայն ավելի բարդ պրոցեդուրաներ, որոնք նույնպես ընդգրկում են մարդու սեփական արյունը։
Օրինակ՝ որոշ վիրահատությունների ժամանակ որոշակի քանակությամբ արյան հոսքի ուղղությունը փոխվում է, իսկ հիվանդի օրգանիզմում մնացած արյունը՝ ջրիկացվում։ Հետագայում արյունը արտամարմնային շրջանառությամբ վերադարձնում են հիվանդի օրգանիզմ, ինչը թույլ է տալիս, որ արյան անալիզը լինի նորմայի սահմաններում։ Նմանապես, վերքից հոսող արյունը կարելի է հավաքել և ֆիլտրել, որպեսզի կարմիր գնդիկները հնարավոր լինի վերադարձնել հիվանդին։ Այս մեթոդը կոչվում է բջիջների տնտեսում։ Այլ դեպքում, արյան հոսքը կարելի է ուղղել դեպի հատուկ ապարատ, որը ժամանակավորապես մարմնի օրգաններից մեկի դերն է կատարում (օրինակ՝ սրտի, թոքերի կամ երիկամների)։ Հետո արյունն այդ ապարատից վերադառնում է հիվանդին։ Կան նաև այլ միջոցներ, երբ արյունը հավաքվում է սեպարատորի (ցենտրիֆուգի) մեջ, որպեսզի հեռացվեն արյան վնասակար կամ կեղտոտված մասերը։ Կամ՝ թերևս նպատակը լինի արյան որոշ բաղադրամասեր անջատելը՝ օրգանիզմի այլ մասերում օգտագործելու համար։ Երբեմն նաև այնպիսի փորձեր են անցկացվում, որոնց ժամանակ որոշակի չափով արյուն է հավաքվում, որպեսզի նրա վրա նշան դրվի կամ դեղորայքի հետ խառնվի. հետո այն վերադարձվում է հիվանդին։
Մանրամասնություններն իհարկե տարբեր են, իսկ ժամանակի ընթացքում, ինչ խոսք, նորանոր պրոցեդուրաներ, մեթոդներ և փորձեր առաջ կգան։ Մենք չենք ձգտում քննել դրանցից յուրաքանչյուրը և որոշակի եզրակացությունների հանգել։ Յուրաքանչյուր քրիստոնյա ինքը պետք է որոշի, թե ինչպես է իր արյունը օգտագործվելու վիրահատության, բժշկական փորձերի և ընթացիկ բուժման ժամանակ։ Դրա համար նա պետք է նախապես բժշկից կամ լաբորանտից տեղեկանա, թե ինչպես է ամբողջ բուժման ընթացքում օգտագործվելու իր արյունը։ Այնուհետև, անձամբ որոշում պետք է կայացնի՝ հիմնվելով սեփական խղճի վրա (տեսեք շրջանակը)։
Քրիստոնյաները չպետք է մոռանան, որ նվիրվել են Աստծուն և պետք է սիրեն նրան «ամբողջ սրտով.... ամբողջ հոգով.... ամբողջ զօրութեամբ եւ.... ամբողջ մտքով» (Ղուկաս 10։27)։ Ի տարբերություն մյուսների՝ Եհովայի վկաները բարձր են գնահատում Աստծո հետ ունեցած իրենց լավ փոխհարաբերությունները։ Կյանք Տվողը հորդորում է բոլորին վստահել Հիսուսի թափած արյանը։ «Նրանո՛վ [Հիսուս Քրիստոսով] է, որ ունենք փրկութիւն, նրա արեան միջոցով՝ մեղքերի թողութիւն» (Եփեսացիս 1։7)։
[ծանոթագրություններ]
a Պրոֆեսոր–աստվածաբան Ֆրանկ Գորմանը գրել է. «Արյունը գետնին թափելը ակնածանքի արտահայտում է, որով մարդն իր հարգանքն է ցույց տալիս հանդեպ կենդանու կյանքի, ուստիև հանդեպ Աստծո, որ ստեղծել է այդ կյանքը և շարունակում է հոգ տանել դրա մասին»։
b «Դիտարանի» 1951 թ. հուլիսի 1–ի համարը (անգլ.) պատասխանել էր այս թեմայի շուրջ հարուցվող հիմնական հարցերին՝ ցույց տալով, թե ինչու է սխալ արյան փոխներարկումը։
[31–րդ էջի վրայի շրջանակը]
Ինչի՞ մասին պետք է մտածել
Եթե արյանս որոշ մասը հեռացվի իմ օրգանիզմից և այդ հոսքը, թերևս, ժամանակավորապես կանգ առնի, արդյո՞ք իմ խիղճը ինձ թույլ կտա այդ արյունը մարմնիս մի մասը համարել, որի համար չի պահանջվի, որ այն ‘թափվի գետնին’։
Արդյո՞ք աստվածաշնչյան սկզբունքներով դաստիարակված խիղճս ինձ չի անհանգստացնի, եթե ախտորոշման կամ բժշկական ժամանակ արյանս մի մասը վերցվի, փոխակերպվի և կրկին վերադարձվի օրգանիզմիս մեջ։