Հետևի՛ր ոգուն և ապրիր
«Հոգու խորհուրդը կեանք [է]» (Հռովմայեցիս 8։6, ԱԹ)։
1, 2. Ըստ Աստվածաշնչի՝ ինչպիսի՞ հակադրություն գոյություն ունի «մարմնի» և «ոգու» միջև։
ՀԵՇՏ չէ Աստծո առջև բարոյական մաքրություն պահպանել՝ ապրելով մի այնպիսի այլասերված հասարակության մեջ, որը ջատագովում է մարմնական ցանկությունների բավարարումը։ Այնուհանդերձ, Գրությունները իրար հակադրում են «մարմին» և «ոգի» հասկացությունները՝ հստակորեն սահմանազատման գիծ դնելով մեղավոր մարմնի ցանկություններին անձնատուր լինելու սարսափելի հետևանքների ու Աստծո սուրբ ոգու ազդեցությամբ ձեռք բերված երջանկաբեր արդյունքների միջև։
2 Օրինակ՝ Հիսուս Քրիստոսն ասաց. «Հոգին է կենդանարար. մարմինը ոչ մի բան չի կարող անել։ Այն խօսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է եւ կեանք» (Յովհաննէս 6։64)։ Պողոս առաքյալը գաղատացի քրիստոնյաներին գրեց. «Մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին՝ մարմնի հակառակը.... քանի որ սրանք միմեանց հակառակ են» (Գաղատացիս 5։17)։ Պողոսը նաև ասաց. «Ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կը հնձի ապականութիւն. իսկ ով Հոգու համար է սերմանում, այդ Հոգուց էլ կը հնձի յաւիտենական կեանք» (Գաղատացիս 6։8)։
3. Ի՞նչ է անհրաժեշտ սխալ ցանկություններից ու հակումներից ազատվելու համար։
3 Եհովայի սուրբ ոգին՝ նրա գործուն ուժը, կարող է հաջողությամբ արմատախիլ անել անմաքուր «մարմնաւոր ցանկութիւնները» ու վերացնել մեր մեղավոր մարմնի կործանարար իշխանությունը (Ա Պետրոս 2։11)։ Սխալ հակումների կապանքներից ազատվելու համար կենսականորեն կարևոր է Աստծո ոգու օգնությունն ունենալը, քանզի Պողոսը գրեց. «Մարմնի խորհուրդը մահ է. եւ հոգու խորհուրդը՝ կեանք եւ խաղաղութիւն» (Հռովմայեցիս 8։6, ԱԹ)։ Ի՞նչ է նշանակում «հոգու խորհուրդ» արտահայտությունը։
«Հոգու խորհուրդը»
4. Ի՞նչ է նշանակում «հոգու խորհուրդ» արտահայտությունը։
4 «Հոգու խորհուրդի» մասին գրելիս Պողոսն օգտագործեց մի հունարեն բառ, որը նշանակում է՝ «մտածելու կերպ, խելք (մտքի հակվածություն), նպատակ, ձգտում, նկրտում»։ Այդ բառի արմատից կազմված բայը նշանակում է «մտածել, որոշակի ձևով դատել»։ Ուրեմն, «հոգու խորհուրդ» արտահայտությունը նշանակում է կառավարվել, առաջնորդվել ու մղված լինել Եհովայի գործուն ուժի կողմից։ Դա նշանակում է, որ մենք պատրաստակամորեն թույլ ենք տալիս, որ մեր մտածողությունը, հակումներն ու ձգտումները լիովին գտնվեն Աստծո սուրբ ոգու ազդեցության ներքո։
5. Ի՞նչ չափով պետք է ենթարկվենք սուրբ ոգու ազդեցությանը։
5 Ոգուն ծառա լինելու մասին խոսելիս Պողոսն ընդգծեց, թե ինչ չափով է հարկավոր ենթարկվել սուրբ ոգու ազդեցությանը (Հռովմայեցիս 7։6)։ Հիսուսի քավիչ զոհաբերությանը հավատ ընծայելու հիման վրա քրիստոնյաները ազատված են մեղքի տիրապետությունից։ Այսպիսով, որպես մեղքի ծառաներ, նրանք «մեռած» են իրենց նախկին վիճակի առնչությամբ (Հռովմայեցիս 6։2, 11)։ Փոխաբերական իմաստով նրանք մահացել են, սակայն կենդանի են ֆիզիկապես և այժմ ազատ են՝ հետևելու Քրիստոսին՝ որպես «ծառաներ արդարութեան» (Հռովմայեցիս 6։18–20)։
Տպավորիչ փոփոխություն
6. Ինչպե՞ս է փոխվում նրանց կյանքը, ովքեր դառնում են «արդարութեան ծառա»։
6 Իրոք, տպավորիչ է այն փոփոխությունը, երբ մարդը «մեղքի ծառա» լինելուց անցնում է Աստծուն ծառայելուն՝ որպես ‘արդարության ծառա’։ Պողոսն այդպիսի փոփոխություն կրածների մասին գրել է. «Դուք.... լուացուեցիք, մաքրուեցիք, արդարացուեցիք մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով եւ մեր Աստծու Հոգով» (Հռովմայեցիս 6։17, 18; Ա Կորնթացիս 6։11)։
7. Ինչո՞ւ է կարևոր մտածել այնպես, ինչպես՝ Եհովան։
7 Այսպիսի ուշագրավ փոփոխություն կատարելու համար, նախևառաջ, պետք է իմանանք, թե ինչ է մտածում Եհովան այս կամ այն հարցի մասին։ Դարեր առաջ սաղմոսերգու Դավիթը ջերմեռանդորեն խնդրեց Աստծուն. «Ցոյց տուր ինձ, ով Տէր, քո ճանապարհները.... Առաջնորդիր ինձ քո ճշմարտութիւնումը, եւ սովորեցրու ինձ» (Սաղմոս 25։4, 5)։ Ինչպես այն ժամանակ Եհովան լսեց Դավթի աղոթքը, այնպես էլ այսօր նա կարող է պատասխանել իր ժամանակակից ծառաների աղոթքներին։ Քանի որ Աստծո ճանապարհներն ու նրա ճշմարտությունը մաքուր և սուրբ են, ապա դրանց շուրջ խորհրդածելը կօգնի մեզ, երբ անմաքուր մարմնական ցանկությունները բավարարելու գայթակղություն ենք ունենում։
Աստծո Խոսքի կենսական դերը
8. Ինչո՞ւ է այդքան ստիպողական Աստվածաշունչ ուսումնասիրելը։
8 Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը, նրա ոգու արդյունքն է։ Ուստի, որպեսզի թույլ տանք ոգուն ներգործել մեզ վրա, հույժ կարևոր միջոցներից է Աստվածաշունչ կարդալն ու ուսումնասիրելը, հնարավորության դեպքում՝ ամեն օր (Ա Կորնթացիս 2։10, 11; Եփեսացիս 5։18)։ Լցնելով մեր միտքն ու սիրտը աստվածաշնչյան ճշմարտությամբ ու սկզբունքներով՝ կկարողանանք պահպանել մեր հոգևոր վիճակը։ Այո՛, երբ անբարոյականության տանող փորձության մեջ ենք ընկնում, Աստծո ոգին կարող է մեր միտքը բերել սուրբգրային այն հիշեցումներն ու առաջնորդող սկզբունքները, որոնք կամրապնդեն մեր վճռականությունը Աստծո կամքին ներդաշնակ գործելու մեջ (Սաղմոս 119։1, 2, [99, ՆԱ]; Յովհաննէս 14։26)։ Ուստի, չենք մոլորվի և սխալ ընթացք չենք բռնի (Բ Կորնթացիս 11։3)։
9. Ինչպե՞ս է Աստվածաշնչի ուսումնասիրությունը ամրապնդում մեր վճռականությունը՝ պահպանելու Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները։
9 Քանի դեռ անկեղծորեն և փութաջանությամբ ուսումնասիրում ենք Աստվածաշունչը սուրբգրային գրականության միջոցով, Աստծո ոգին կներգործի մեր մտքի և սրտի վրա՝ խորացնելով Եհովայի չափանիշների հանդեպ ունեցած գնահատանքը։ Մեր փոխհարաբերությունները Աստծո հետ դառնում են ամենակարևոր իրողությունը կյանքում։ Իսկ երբ փորձության մեջ ենք ընկնում, ապա մեր մտքով չի էլ անցնում, թե ինչ հաճույք կարող էր պատճառել սխալ գործելը։ Ընդհակառակը, այդպիսի պահերին մեր միակ հոգսը Եհովայի նկատմամբ անարատություն պահելն է։ Փայփայելով Աստծո հետ ունեցած մեր փոխհարաբերությունները՝ թույլ չենք տա, որ մեր մեջ եղած որևէ հակում վնասի կամ խզի այդ կապը։
«Ո՜րքան եմ սիրում քո օրէնքը»
10. Ոգուն հետևելու մեջ ինչո՞ւ է անհրաժեշտ հնազանդվել Եհովայի օրենքներին։
10 Եթե ցանկանում ենք ոգուն հետևել, ապա բավական չէ միայն գիտելիքներ ձեռք բերել Աստծո Խոսքից։ Սողոմոն թագավորը շատ լավ էր հասկանում Եհովայի չափանիշները, սակայն իր կյանքի վերջում դրանց համապատասխան չապրեց (Գ Թագաւորաց 4։29, 30; 11։1–6)։ Եթե մենք հոգևորապես ենք մտածում, ապա կհասկանանք, որ հարկավոր է ոչ միայն իմանալ այն, թե ինչ է ասվում Աստվածաշնչում, այլ նաև ամբողջ սրտով հնազանդվել Աստծո օրենքներին։ Դա նշանակում է բարեխղճորեն քննել Եհովայի չափանիշները և ձգտել ջանադրաբար հետևել դրանց։ Սաղմոսերգուն այդպես էր վարվում։ Նա երգում էր. «Ո՜րքան եմ սիրում քո օրէնքը. ամեն օր նա է իմ մտածմունքը» (Սաղմոս 119։97)։ Եթե իսկապես մտածում ենք Աստծո օրենքներին հետևելու մասին, ապա ներքին մղում ենք ունենում՝ աստվածային հատկություններ դրսևորելու (Եփեսացիս 5։1, 2)։ Սխալը կատարելու ցանկության դեմ անզոր գտնվելու փոխարեն՝ մենք դրսևորում ենք ոգու պտուղները, և Եհովային հաճեցնելու ցանկությունը ետ է պահում մեզ «մարմնի [գարշելի] գործերից» (Գաղատացիս 5։16, 19–23; Սաղմոս 15։1, 2)։
11. Ինչպե՞ս կբացատրեիք, որ Եհովան պոռնկությունը արգելող օրենքը սահմանել է ի նպաստ մեր պաշտպանության։
11 Ինչպե՞ս կարող ենք խորը հարգանք և սեր մշակել Եհովայի օրենքների նկատմամբ։ Միջոցներից մեկն այն է, որ ուշադրությամբ քննենք, թե ինչով են դրանք օգտակար։ Քննարկենք Աստծո այն օրենքը, որը սեռական հարաբերությունները սահմանափակում է ամուսնությամբ և արգելում է պոռնկությունն ու շնությունը (Եբրայեցիս 13։4)։ Մի՞թե այս օրենքին հնազանդվելը զրկում է մեզ մի ինչ–որ լավ բանից։ Կամ կստեղծե՞ր արդյոք սիրող երկնային Հայրն այդպիսի օրենք։ Անշուշտ, ո՛չ։ Նայեցեք, թե ինչ է կատարվում նրանց հետ, ովքեր չեն ապրում Եհովայի բարոյական չափանիշներին ներդաշնակ։ Անցանկալի հղիությունը հաճախ վերջանում է արհեստական վիժմամբ կամ էլ գուցե վաղաժամ և դժբախտ ամուսնությամբ։ Շատերը ստիպված են լինում երեխա մեծացնել միայնակ՝ առանց կողակցի։ Բացի այդ, պոռնկություն գործողները սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությամբ վարակվելու վտանգի տակ են գտնվում (Ա Կորնթացիս 6։18)։ Իսկ երբ Եհովայի ծառան է պոռնկություն գործում, զգացական հետևանքները կարող են անտանելի լինել։ Անմաքուր դարձած խղճի ձայնը լռեցնելու փորձը կարող է անքուն գիշերների և հոգեկան տառապանքի պատճառ դառնալ (Սաղմոս 32։3, 4; 51։3)։ Մի՞թե ակնհայտ չէ, որ Եհովան պոռնկությունը արգելող օրենքը սահմանել է ի նպաստ մեր պաշտպանության։ Այո՛, բարոյական անաղարտություն պահելն իսկապես մեծ օգուտներ է բերում։
Եհովային աղոթեցեք օգնության համար
12, 13. Ինչո՞ւ է տեղին աղոթելը, երբ համակված ենք լինում մեղավոր ցանկություններով։
12 Ոգուն հետևելն, անտարակույս, իր մեջ բովանդակում է նաև սրտանց աղոթելը։ Տեղին է Աստծուց խնդրել նրա ոգու օգնությունը, քանի որ Հիսուսն ասաց. «Եթէ դուք.... գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը, էլ ո՞րքան աւելի երկնաւոր Հայրը Սուրբ Հոգին կ’տայ նորանց, որ ուզում են նորանից» (Ղուկաս 11։13, ԱԹ)։ Աղոթելով մենք կարող ենք ցույց տալ, որ մեր տկարությունները հաղթահարելու համար ոգու օգնության կարիքն ունենք (Հռովմայեցիս 8։26, 27)։ Եթե զգում ենք, որ մեղավոր ցանկություններ կամ հայացքներ ունենք, կամ հավատակիցն է սիրալիր կերպով մեր ուշադրությունը հրավիրում դրանց վրա, ապա խելացի կլիներ այդ խնդրի մասին աղոթել Աստծուն և խնդրել նրա աջակցությունը՝ այդ հակումները հաղթահարելու համար։
13 Եհովան կարող է օգնել մեզ կենտրոնանալ արդար, մաքուր, առաքինի և գովության արժանի բաների վրա։ Եվ որքա՜ն տեղին է ջերմեռանդորեն խնդրել նրան, որ «[իր] խաղաղութիւնը» պահպանի մեր սիրտն ու միտքը (Փիլիպպեցիս 4։6–8)։ Ուստի եկեք աղոթենք Եհովային, որ մեզ օգնի ‘գնալ արդարության, աստվածապաշտության, հավատի, սիրո, համբերության և հեզության ետևից’ (Ա Տիմոթէոս 6։11–14)։ Մեր երկնային Հոր օգնությամբ՝ հոգսերն ու փորձությունները չեն հասնի այն աստիճանի, որ այլևս հնարավոր չլինի գլուխ հանել դրանցից. ընդհակառակը, մեր կյանքը լցված կլինի աստվածատուր հանգստությամբ։
Մի տրտմեցրեք ոգին
14. Ինչո՞ւ է Աստծո ոգին մղում անարատության։
14 Եհովայի հասուն ծառաները անհատապես կիրառում են Պողոսի հետևյալ խորհուրդը. «Մի՛ հանգցրէք Հոգին» (Ա Թեսաղոնիկեցիս 5։19)։ Քանի որ Աստծո ոգին «սրբութեան Հոգի» է, ապա այն մաքուր է, անարատ, սուրբ (Հռովմայեցիս 1։4, ԱԹ)։ Մեր վրա ներգործելիս այդ ոգին մղում է մեզ սրբության, կամ անարատության։ Ոգին օգնում է մաքուր կյանքով ապրել, և այդ կյանքին բնորոշ է հնազանդությունը Աստծուն (Ա Պետրոս 1։2, ԱԹ)։ Ունենալ որևէ անմաքուր սովորություն՝ նշանակում է արհամարհել ոգին, և դա կարող է աղետալի հետևանքներ ունենալ։ Ինչպե՞ս։
15, 16. ա) Ո՞ր դեպքում կտրտմեցնենք Աստծո ոգին։ բ) Ինչպե՞ս կարող ենք խուսափել Եհովայի ոգին տրտմեցնելուց։
15 Այսպես, Պողոսը գրում է. «Մի՛ տրտմեցրէք Աստծու Սուրբ Հոգին, որով կնքուեցիք փրկութեան օրուայ համար» (Եփեսացիս 4։30)։ Գրությունները Եհովայի ոգին համեմատում են կնիքի կամ ‘ստանալիք ժառանգության գրավականի’ հետ՝ նախատեսված հավատարիմ օծյալ քրիստոնյաների համար։ Դա անմահ երկնային կյանքն է (Բ Կորնթացիս 1։22, ՆԿ–ի ՆԱԹ; Ա Կորնթացիս 15։50–57; Յայտնութիւն 2։10)։ Աստծո ոգին կարող է առաջնորդել օծյալներին և երկրային հույս ունեցող նրանց ուղեկիցներին հավատարմության ճանապարհով և օգնել նրանց՝ խուսափելու մեղավոր գործերից։
16 Առաքյալը նախազգուշացնում է ստախոսության, գողության, անամոթ վարքի և այլ գործերի մասին։ Եթե մեզ թույլ տանք հրապուրվել դրանցով, ապա դեմ կգնանք ոգուց ներշնչված Աստծո Խոսքի խորհրդին (Եփեսացիս 4։17–29; 5։1–5)։ Դրանով որոշակիորեն տրտմեցրած կլինենք Աստծո ոգին, իսկ մենք, վստահաբար, չենք ցանկանում դա անել։ Եվ եթե մեզանից որևէ մեկը սկսում է արհամարհել Եհովայի Խոսքից բխող խորհուրդը, ապա, հնարավոր է, սկսենք այնպիսի բնավորության գծեր ձեռք բերել կամ հայացքներ ունենալ, որոնք կարող են հանգեցնել մտածված կերպով մեղք գործելուն և Աստծո հավանության վերջնական կորստին (Եբրայեցիս 6։4–6)։ Թեև այժմ գուցե մեղք չենք գործում, սակայն, հնարավոր է, դեպի այդ ճանապարհն ենք գնում։ Շարունակ ոգու առաջնորդությանը հակառակ գնալով՝ մենք կտրտմեցնենք այն։ Նաև դեմ կգնանք և կտրտմեցնենք Եհովային՝ սուրբ ոգու աղբյուրին։ Որպես Աստծուն սիրողներ՝ երբեք չենք ցանկանա այդպես վարվել։ Ընդհակառակը, եկեք Եհովայից օգնություն խնդրենք իր ոգին չտրտմեցնելու համար, և, մյուս կողմից, միշտ ոգուն հետևելով, պատիվ բերենք նրա սուրբ անվանը։
Շարունակ ոգուն հետևել
17. Որո՞նք են այն մի քանի նպատակները, որոնց կցանկանայինք հետամուտ լինել, և ինչո՞ւ դրանց հասնելու համար ջանք թափելը իմաստնություն է։
17 Շարունակ ոգուն հետևելու համար արդյունավետ միջոց է հանդիսանում հոգևոր նպատակներ դնելն ու դրանց հասնելու համար ջանք թափելը։ Կախված մեր կարիքներից ու հանգամանքներից՝ կարող ենք նպատակ դնել բարելավել ուսումնասիրության հետ կապված մեր սովորությունները, ավելի շատ մասնակցել քարոզչությանը, կամ ծառայության մեջ առանձնաշնորհման ձգտել, ինչպիսին է, օրինակ, ընդհանուր ռահվիրայությունը, Բեթելի կամ միսիոներական ծառայությունը։ Այսպիսի նպատակներ դնելը կօգնի մեր միտքը զբաղեցնել հոգևոր հետաքրքրություններով, պայքարել սեփական թուլությունների դեմ և խուսափել իրերի ներկա համակարգին բնորոշ նյութապաշտական նպատակներով ու ոչ սուրբգրային ցանկություններով առաջնորդվելուց։ Այդպես վարվելն, անկասկած, իմաստուն ընթացք է, քանի որ Հիսուսը հորդորեց. «Գանձեր մի՛ դիզէք ձեզ համար երկրի վրայ, ուր ցեց եւ ժանգ ոչնչացնում են, եւ ուր գողեր պատերն են ծակում ու գողանում, այլ գանձեր դիզեցէ՛ք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց եւ ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, եւ ո՛չ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում. քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ եւ ձեր սրտերը կը լինեն» (Մատթէոս 6։19–21)։
18. Ինչո՞ւ է այդքան կարևոր շարունակ ոգուն հետևել այս վերջին օրերում։
18 Ոգուն հետևելն ու աշխարհիկ ցանկությունները ճնշելը այս «վերջին օրերում», անշուշտ, իմաստնություն է (Բ Տիմոթէոս 3։1–5)։ Վերջիվերջո, «Թէ՛ այս աշխարհն է անցնում, թէ՛ («նորա», ԱԹ) ցանկութիւնը։ Իսկ ով կատարում է Աստծու կամքը, մնում է յաւիտեան» (Ա Յովհաննէս 2։15–17)։ Եթե երիտասարդ քրիստոնյան նպատակ է դրել, օրինակ, լիաժամ ծառայել, ապա դա կարող է սատարել նրան պատանեկան դժվար տարիներին և ավելի ուշ։ Փոխզիջման գնալու ճնշման տակ գտնվելիս նա հստակ պատկերացում կունենա, թե ինչ է ինքը ցանկանում անել Եհովայի ծառայության մեջ։ Այդպիսի հոգևոր անձնավորությունը անխոհեմություն, նույնիսկ հիմարություն կհամարի հոգևոր նպատակներին հասնելը զոհել հանուն նյութապաշտական հետապնդումների կամ հանուն մեղսածին հաճույքի։ Հիշենք, որ հոգևորապես տրամադրված Մովսեսը «նախընտրեց չարչարուել Աստծու ժողովրդի հետ, քան միառժամանակ մեղապարտ հաճոյքներ վայելել» (Եբրայեցիս 11։24, 25)։ Լինենք երիտասարդ թե տարեց, մենք նույն ընտրությունն ենք կատարում, երբ շարունակում ենք ոգուն հետևել ընկած մարմնի փոխարեն։
19. Ի՞նչ օգուտներ կունենանք, եթե շարունակ ոգուն հետևենք։
19 «Մարմնի խորհուրդը Աստուծոյ դէմ թշնամութիւն է», իսկ «հոգու խորհուրդը՝ կեանք եւ խաղաղութիւն» (Հռովմայեցիս 8։6, 7, ԱԹ)։ Եթե շարունակ ոգուն ենք հետևում, ապա թանկարժեք խաղաղություն կունենանք։ Մեր սիրտն ու միտքը ավելի լավ պաշտպանված կլինեն մեր մեղավոր վիճակի ազդեցությունից։ Մենք ավելի ունակ կլինենք դիմադրելու սխալը գործելու գայթակղությանը։ Եվ Աստծո օգնությունը կունենանք, որպեսզի կարողանանք շարունակել մարմնի և ոգու միջև ընթացող պայքարը։
20. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ հնարավոր է հաղթանակած դուրս գալ մարմնի և ոգու միջև ընթացող պայքարից։
20 Շարունակելով ոգուն հետևել՝ մենք կենսականորեն անհրաժեշտ կապ ենք պահպանում Եհովայի՝ կյանքի և սուրբ ոգու աղբյուրի հետ (Սաղմոս 36։9; 51։11)։ Բանսարկու Սատանան և նրա գործակալները ամեն ինչ անում են փչացնելու համար Եհովա Աստծո հետ ունեցած մեր հարաբերությունները։ Նրանք փորձում են վերահսկել մեր միտքը, գիտենալով, որ եթե անձնատուր լինենք, ապա դա, ի վերջո, կհանգեցնի Աստծո հետ թշնամության և՝ մահվան։ Բայց մենք կարող ենք հաղթանակած դուրս գալ մարմնի և ոգու միջև ընթացող պայքարից։ Պողոսն անձամբ հաղթեց այդ պայքարում, քանզի, գրելով դրա մասին, նախ հարցրեց. «Ո՞վ կը փրկի (‘կազատի’, Արևմտ. Աստ.) ինձ այս մարմնից, որ ինձ մահուան է տանում»։ Այնուհետև, ցույց տալով, որ ազատվելը հնարավոր է, գոչեց. «Շնորհակալ եմ Աստուածանից մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը» (Հռովմայեցիս 7։21–24, [25, ԱԹ])։ Քրիստոսի միջոցով մենք նույնպես կարող ենք շնորհակալ լինել Աստծուն, որ օգնում է մարդկային թուլության դեմ պայքարելու և շարունակելու ոգուն հետևել՝ ունենալով հավիտենական կյանքի հրաշալի հույսը (Հռովմայեցիս 6։23)։
Հիշո՞ւմ եք
• Ի՞նչ է նշանակում ոգուն հետևել։
• Ինչպե՞ս կարող ենք թույլ տալ, որ Եհովայի ոգին ներգործի մեզ վրա։
• Բացատրեք, թե մեղքի դեմ պայքարում ինչու է անչափ կարևոր ուսումնասիրել Աստվածաշունչը, ենթարկվել Եհովայի օրենքներին և աղոթել նրան։
• Ինչպե՞ս է հոգևոր նպատակներ դնելն օգնում մեզ մնալ կյանքի ճանապարհում։
[նկար 16–րդ էջի վրա]
Աստվածաշունչ ուսումնասիրելով՝ կկարողանանք պահպանել մեր հոգևոր վիճակը
[նկար 17–րդ էջի վրա]
Պատշաճ է աղոթելով Եհովայից օգնություն խնդրել մեր մեղավոր ցանկությունները հաղթահարելու համար
[նկարներ 18–րդ էջի վրա]
Հոգևոր նպատակներ դնելը կարող է օգնել մեզ շարունակ ոգուն հետևել