Կառուցեք հոգևորապես ամուր ընտանիք
«Մեծացրէ՛ք նրանց Տիրոջ խրատով եւ ուսումով» (Եփեսացիս 6։4)։
1. Ի՞նչ էր Աստված նախատեսել ընտանիքի համար, բայց փոխարենը ի՞նչ պատահեց։
«ԱՃԵՑԷՔ եւ շատացէք, եւ լցրէք երկիրը» (Ծննդոց 1։28)։ Ադամին ու Եվային ուղղված ահա այս խոսքերով Եհովա Աստված մարդկային ընտանիքի հիմքը դրեց (Եփեսացիս 3։14, 15)։ Հայացք նետելով դեպի ապագան՝ առաջին ամուսնական զույգը կարող էր պատկերացնել երկիրը՝ իրենց սերունդներով լեցուն. կատարյալ մարդկանց մի մեծ ընտանիք, որի անդամներն ուրախ ապրում են երկրային դրախտում և միակամ երկրպագում իրենց Մեծ Ստեղծիչին։ Բայց Ադամն ու Եվան մեղք գործեցին, և երկիրը չլցվեց արդար, աստվածավախ մարդկանցով (Հռովմայեցիս 5։12)։ Ընտանեկան հարաբերությունները արագորեն քայքայվեցին. ատելությունը, բռնությունը, բնական կապվածության բացակայությունը սկսեցին տիրապետել՝ հատկապես այս «վերջին օրերում» (Բ Տիմոթէոս 3։1–5; Ծննդոց 4։8, 23; 6։5, 11, 12)։
2. Ադամի զավակներն ի՞նչ կարողություններ ունեին, և ի՞նչ էր անհրաժեշտ հոգևորապես ամուր ընտանիք կառուցելու համար։
2 Ադամն ու Եվան Աստծո պատկերով էին ստեղծվել։ Թեպետ Ադամը մեղանչեց՝ Եհովան թույլ տվեց նրան երեխաներ ունենալ (Ծննդոց 1։27; 5։1–4)։ Իրենց հոր՝ Ադամի պես, նրա զավակները բարոյական կարողությամբ էին օժտված և կարող էին սովորել իրարից զանազանել բարին ու չարը։ Ըստ էության, նրանց տեղյակ էր պահվել, թե ինչպես երկրպագել իրենց Ստեղծիչին և ցույց էր տրվել նրան ամբողջ սրտով, հոգով, մտքով ու զորությամբ սիրելու կարևորությունը (Մարկոս 12։30; Յովհաննէս 4։24; Յակոբոս 1։27)։ Բացի դրանից, նրանք կարող էին սովորել «իրաւունք ընել, ողորմութիւն սիրել ու խոնարհութիւնով.... Աստուծոյ հետ քալել» (Միքիա 6։8, Արևմտ. Աստ.)։ Թեև նրանք մեղավորներ էին, այնուամենայնիվ, պետք է մեծ ուշադրություն դարձնեին հոգևորապես ամուր ընտանիք կառուցելուն։
«Գնեցէք ժամանակը»
3. Ծնողներն ինչպե՞ս կարող են ‘գնել ժամանակը’՝ քրիստոնյա երեխաներ դաստիարակելու համար։
3 Այս ծանր, ճգնաժամային օրերում մեծ ջանքեր են հարկավոր երեխաներին դաստիարակելու այնպես, որ նրանք սիրեն Եհովային, որն ատում է չարը (Սաղմոս 97։10)։ Իմաստուն ծնողները պիտի ‘գնեն ժամանակը’ (ԱԹ), որպեսզի կարողանան այս դժվար խնդիրը լուծել (Եփեսացիս 5։15–17)։ Եթե ծնող եք, ապա ինչպե՞ս կարող եք դա անել։ Առաջինը՝ նախընտրություններ դրեք՝ ուշադրություն դարձնելով ավելի կարևոր բաներին, ներառյալ՝ երեխաներին ուսուցանելն ու դաստիարակելը (Փիլիպպեցիս 1։10, 11)։ Երկրորդ՝ պարզեցրեք ձեր ապրելակերպը։ Կարելի է մի կողմ դնել այն զբաղմունքները, որոնք իրականում անհրաժեշտ չեն։ Կամ կարող եք ազատվել ոչ պետքական իրերից, որոնց պահպանումը ժամանակ է խլում։ Որպես քրիստոնյա ծնող՝ դուք երբեք չեք ափսոսա, որ աստվածավախ երեխաներ դաստիարակելու համար ջանք եք թափել (Առակաց 29։15, 17)։
4. Ընտանիքն ինչպե՞ս կարող է միասնական լինել։
4 Ծնողների իրենց երեխաների հետ անցկացրած ժամանակը, հատկապես երբ հոգևորին է ուշադրություն դարձվում, միանգամայն իրեն արդարացնում է։ Դա ընտանիքը միասնական պահելու լավագույն կերպերից մեկն է, ինչը, սակայն, չպետք է դեպքից դեպք լինի։ Միասին լինելու կոնկրետ ժամանակ որոշեցեք։ Դա չի նշանակում պարզապես գտնվել միևնույն տան մեջ, որտեղ ամեն մեկն իր գործով է զբաղված։ Երեխաների վրա շատ լավ ազդեցություն է թողնում ամեն օր նրանց անհատական ուշադրություն դարձնելը։ Որքան հնարավոր է՝ սեր և հոգատարություն ցույց տվեք։ Ամուսինները նախքան երեխաներ ունենալու որոշում կայացնելն արդեն պետք է լրջորեն մոտենան այս կարևոր պատասխանատվությանը (Ղուկաս 14։28)։ Այդ դեպքում նրանք երեխաներ դաստիարակելը ծանր պարտականություն չեն համարի, այլ ընդհակառակը՝ հրաշալի առանձնաշնորհում (Ծննդոց 33։5; Սաղմոս 127։3)։
Սովորեցրեք խոսքով և գործով
5. ա) Ի՞նչ է հարկավոր, որպեսզի երեխաները սիրեն Եհովային։ բ) Ի՞նչ խորհուրդ է տրվում ծնողներին Բ Օրինաց 6։5–7-ում։
5 Որպեսզի ձեր երեխաները սիրեն Եհովային, հարկավոր է, որ դուք ինքներդ սիրեք նրան։ Աստծո հանդեպ ուժգին սերը կմղի ձեզ հավատարմորեն հետևել նրա բոլոր հրահանգներին։ Սա իր մեջ ներառում է երեխաներին «Տիրոջ խրատով եւ ուսումով» մեծացնելը (Եփեսացիս 6։4)։ Աստված խորհուրդ է տալիս ծնողներին օրինակ լինել իրենց երեխաներին, հաղորդակցվել նրանց հետ և սովորեցնել։ Բ Օրինաց 6։5–7–ում ասվում է. «Սիրիր քո Եհովայ Աստուծուն բոլոր սրտովդ, բոլոր հոգիովդ եւ բոլոր զօրութիւնովդ։ Եւ այս խօսքերը, որ ես այսօր քեզ պատուիրեցի, քո սրտի մէջ լինեն։ Եւ կրկնիր նորանք քո որդկանցը, խօսիր նորանց վերայ քո տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պառկելիս եւ վեր կենալիս»։ Հաճախակի հորդորներ տալով և կրկնելով դրանք՝ դուք կարող եք Աստծո պատվիրանները արմատավորել ձեր երեխաների սրտում։ Այդպիսով՝ ձեր զավակները կտեսնեն ձեր սերը Եհովայի հանդեպ և, իրենց հերթին, կցանկանան մտերիմ հարաբերություններ զարգացնել նրա հետ (Առակաց 20։7)։
6. Ինչպե՞ս կարող են ծնողներն օգտվել այն իրողությունից, որ երեխաներն ընդօրինակելու հակում ունեն։
6 Երեխաները ծարավ են սովորելու։ Նրանք սուր ականջ և սուր աչք ունեն ու արագ են ձեզ ընդօրինակելու մեջ։ Տեսնելով, որ նյութապաշտ չեք՝ նրանք սովորում են, թե ինչպես հետևել Հիսուսի խորհրդին։ Դուք սովորեցնում եք նրանց շատ չմտահոգվել նյութականի մասին, այլ նախևառաջ փնտրել Աստծո Թագավորությունը (Մատթէոս 6։25–33)։ Երեխաների հետ առողջ, շինիչ զրույցներ վարելով Աստվածաշնչի ճշմարտության, Աստծո ժողովի և նշանակված երեցների մասին՝ դուք կսովորեցնեք նրանց հարգել Եհովային ու գնահատել նրա տրամադրած հոգևոր միջոցները։ Քանի որ երեխաներն իսկույն նկատում են գործի և խոսքի հակասությունը, բանավոր ուսում տալը պետք է իր արձագանքը գտնի ձեր վարվելակերպի և դիրքորոշման մեջ, որոնցում արտացոլվում է նաև ձեր գնահատանքը հոգևորի հանդեպ։ Ծնողների համար ի՜նչ մեծ օրհնություն է տեսնել, որ իրենց լավ օրինակը մղել է երեխաներին սրտանց սիրել Եհովային (Առակաց 23։24, 25)։
7, 8. Ո՞ր օրինակից է երևում, որ կարևոր է երեխաներին վաղ հասակից դաստիարակել, և ո՞ւմ շնորհիվ է այդ հաջողությունը ձեռք բերվում։
7 Թե որքան կարևոր է երեխաներին վաղ հասակից դաստիարակելը, կարելի է տեսնել Վենեսուելայում ապրող երիտասարդ ամուսիններ Ֆելիքսի և Մայերլինի օրինակից (Բ Տիմոթէոս 3։15)։ Նրանք ռահվիրաներ են։ Երբ ծնվեց Ֆելիտոն՝ նրանց որդին, նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի իրենց երեխան Եհովայի երկրպագու դառնա։ Մայերլինը Ֆելիտոյի համար բարձրաձայն կարդում էր Եհովայի վկաների կողմից հրատարակված «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքը։ Երբ փոքր–ինչ մեծացել էր, Ֆելիտոն, կարելի է ասել, արդեն ճանաչում էր Մովսեսին և այդ գրքում պատկերված մյուս մարդկանց։
8 Չնայած բավական փոքր տարիքին՝ Ֆելիտոն սկսեց ինքնուրույն քարոզել։ Նա ցանկանում էր Թագավորության քարոզիչ դառնալ և դարձավ, իսկ ավելի ուշ՝ մկրտվեց։ Ժամանակի ընթացքում Ֆելիտոն սկսեց ծառայել որպես ընդհանուր ռահվիրա։ Ահա թե ինչ են ասում նրա ծնողները. «Տեսնելով մեր որդու առաջադիմությունը՝ մենք հասկանում ենք, որ դրա համար պարտական ենք Եհովային ու նրա տված ուսուցմանը»։
Օգնեք երեխաներին հոգևորապես աճել
9. Ինչո՞ւ պետք է շնորհակալ լինենք այն հոգևոր ուսուցման համար, որը ստանում ենք հավատարիմ և իմաստուն ծառայի միջոցով։
9 Բազմաթիվ հանդեսներում, հարյուրավոր գրքերում և Ինտերնետի հազարավոր էջերում խորհուրդներ են տրվում, թե ինչպես դաստիարակել երեխաներին։ Շատ հաճախ «ինֆորմացիան հակասական է», նշվում է «Նյուսուիք» հանդեսի՝ երեխաներին նվիրված հատուկ համարում։ «Նույնիսկ ավելի մեծ շփոթության մեջ ես ընկնում, երբ այն ինֆորմացիան, որը կարծում ես՝ կօգնի, միանգամայն սխալ է դուրս գալիս»։ Որքա՜ն ենք շնորհակալ, որ Եհովան ամեն ինչով ապահովել է ընտանիքներին՝ նրանց ուսուցման և հոգևոր բարգավաճման համար։ Արդյոք լիովին օգտվո՞ւմ եք հավատարիմ և իմաստուն ծառայի տրամադրած բոլոր միջոցներից (Մատթէոս 24։45–47)։
10. Ի՞նչ օգուտ է տալիս արդյունավետ ընտանեկան ուսումնասիրությունը ծնողներին և երեխաներին։
10 Շատ կարևոր է նաև Աստվածաշնչի կանոնավոր և հետևողական ընտանեկան ուսումնասիրությունը, որն անց է կացվում անբռնազբոսիկ մթնոլորտում։ Որպեսզի այն ուսանելի, հաճելի և խրախուսիչ լինի, հարկավոր է լավ պատրաստվել։ Երեխաներին տրամադրելով խոսակցության՝ ծնողները կարող են իմանալ, թե ինչ կա նրանց սրտում։ Ընտանեկան ուսումնասիրության արդյունավետությունը, օրինակ, կարելի է որոշել՝ հետևելով, թե արդյոք ընտանիքի բոլոր անդամներն են հաճույքով սպասում դրան։
11. ա) Ծնողներն ի՞նչ նպատակներ դնելու մեջ պետք է օգնեն իրենց երեխաներին։ բ) Ի՞նչ արդյունքների բերեց այն, որ ճապոնացի աղջիկը իր առջև նպատակ դրեց։
11 Հոգևոր նպատակներ դնելը նույնպես օժանդակում է ընտանիքի հոգևոր ամրությանը։ Ծնողները պետք է օգնեն իրենց զավակներին այդ հարցում։ Կարելի է նպատակ դնել ամեն օր կարդալ Աստվածաշունչը, կանոնավորաբար քարոզել բարի լուրը և առաջադիմել մինչև նվիրում ու մկրտություն։ Մյուս նպատակներից են, օրինակ, ընդհանուր ռահվիրա, Բեթելի անդամ կամ միսիոներ ծառայելը։ Ճապոնուհի Այումին սովորում էր տարրական դպրոցում։ Նա որոշեց վկայություն տալ իրենց դասարանի բոլոր աշակերտներին։ Համադասարանցիների և ուսուցչի հետաքրքրությունը շարժելու համար Այումին թույլտվություն վերցրեց մի քանի աստվածաշնչյան հրատարակություններ տեղադրել գրադարանում։ Արդյունքում՝ դպրոցում սովորելու վեց տարիների ընթացքում նա 13 հոգու հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացրեց։ Նրանցից մեկը և վերջինիս ընտանիքից ևս մի քանի հոգի մկրտված քրիստոնյաներ դարձան։
12. Ինչպե՞ս կարող են երեխաները առավելագույնս օգուտներ քաղել քրիստոնեական հանդիպումներից։
12 Լավ հոգևոր առողջություն ունենալու համար անհրաժեշտ է նաև կանոնավորաբար հաճախել հանդիպումներին։ Պողոս առաքյալը հավատակիցներին հորդորեց ‘զանց չառնել մեկտեղ հավաքվելը, ինչպես որ սովոր են անել ոմանք’։ Թող որ մենք այդպիսի սովորություն չունենանք, քանզի, երիտասարդ թե տարեց, բոլորս էլ, կանոնավորաբար ներկա լինելով քրիստոնեական հանդիպումներին, մեծ օգուտներ ենք ստանում (Եբրայեցիս 10։24, 25; Բ Օրինաց 31։12)։ Հարկավոր է երեխաներին սովորեցնել ուշադիր լսել, ինչպես նաև նրանց նախապատրաստել հանդիպումներին, որովհետև, ակտիվորեն մեկնաբանություններ տալով, նրանք առավելագույնս օգուտներ կքաղեն։ Ճիշտ է, սկզբում երեխան գուցե մի քանի խոսք է արտաբերում կամ պատասխանը պարբերությունից կարդում, բայց ամենալավն այն կլիներ, որ նա սովորեր ինքնուրույն փնտրել պատասխանները ու սեփական բառերով արտահայտվել։ Ծնողնե՛ր, օրինակ հանդիսանո՞ւմ եք ձեր երեխաներին՝ հանդիպումներին ինքներդ ակտիվորեն մասնակցելով ու խելացի մեկնաբանություններ տալով։ Նաև լավ կլիներ, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունենա իր Աստվածաշունչը, երգարանը և այն հրատարակության օրինակը, որն անհրաժեշտ է սուրբգրային քննարկում անցկացնելու համար։
13, 14. ա) Ինչո՞ւ պետք է ծնողները երեխաների հետ միասին ծառայեն։ բ) Ի՞նչը կնպաստի, որ երեխաները ծառայությանը ուրախությամբ մասնակցեն և օգուտներ քաղեն։
13 Իմաստուն ծնողներն այնպես կանեն, որ իրենց երեխաների երիտասարդական ավյունը ուղղվի դեպի Եհովայի ծառայությունը և կօգնեն նրանց քարոզչությունը դարձնել իրենց կյանքի կարևոր մասերից մեկը (Եբրայեցիս 13։15)։ Երեխաների հետ ծառայելով միայն ծնողները կարող են համոզվել, որ իրենց զավակները անհրաժեշտ դաստիարակություն են ստանում՝ լինելու ծառայողներ, որոնք չեն ամաչում ‘ճշմարտության խոսքը ուղիղ ներկայացնելիս’ (Բ Տիմոթէոս 2։15)։ Ի՞նչ կասեք։ Եթե ծնող եք, օգնո՞ւմ եք ձեր երեխային պատրաստվել ծառայությանը։ Այդպես նրանք ուրախությամբ ու գիտակցաբար կծառայեն և հաջողությունների կհասնեն։
14 Ի՞նչ օգուտ են ստանում ծնողներն ու երեխաները՝ իրար հետ միասին ծառայելով։ Այսկերպ երեխաները կարող են հետևել իրենց ծնողների լավ օրինակին։ Ծնողներն էլ իրենց հերթին կարող են ուշադրություն դարձնել նրանց պահվածքին, շարժուձևերին և ունակություններին։ Աշխատեք ձեր երեխաներին ձեզ հետ միասին տարբեր ծառայությունների վերցնել։ Հնարավորության դեպքում ամեն մի երեխայի համար քարոզչական պայուսակ հայթայթեք և սովորեցրեք, թե ինչպես այն կոկիկ ու վայելչատես պահել։ Անընդհատ սովորելով և քաջալերվելով՝ երեխաները կսկսեն գնահատել ծառայությունը ու քարոզչությունը կհամարեն Աստծո և մերձավորի հանդեպ իրենց սերը ցուցաբերելու միջոց (Մատթէոս 22։37–39; 28։19, 20)։
Պահպանեք ընտանիքի հոգևոր առողջությունը
15. Քանի որ այդքան կարևոր է ընտանիքի հոգևոր առողջությունը պահպանելը, ի՞նչ միջոցներ կան դրա համար։
15 Ընտանիքի հոգևոր առողջությունը պահպանելը շատ կարևոր է (Սաղմոս 119։93)։ Դա անելու միջոցներից մեկն այն է, որ ցանկացած առիթի դեպքում հոգևոր թեմաների շուրջ խոսեք ընտանիքի հետ։ Քննարկո՞ւմ եք նրանց հետ օրվա աստվածաշնչյան խոսքը։ Սովորություն ունե՞ք ծառայության ժամանակ պատահած դեպքերից պատմել կամ «Դիտարան»–ի և «Արթնացե՛ք»–ի ամենաթարմ համարներից որևէ միտք շոշափել, երբ ‘ճանապարհ եք գնում’։ Չե՞ք մոռանում աղոթքով շնորհակալություն հայտնել Եհովային ամեն մի օրվա և նրա տված առատ բարիքների համար «պառկելիս եւ վեր կենալիս» (Բ Օրինաց 6։6–9)։ Երբ երեխաները տեսնեն, որ ձեր բոլոր գործերում առաջնորդվում եք Աստծո հանդեպ ունեցած սիրով, ապա դա կնպաստի, որ նրանք ճշմարտությունը իրենց սեփականը դարձնեն։
16. Երեխաներին ինքնուրույն ուսումնասիրության քաջալերելը ի՞նչ օգուտներ կարող է տալ։
16 Ժամանակ առ ժամանակ երեխաները, բարդ իրավիճակներից հաջողությամբ դուրս գալու համար, առաջնորդության կարիք են զգալու։ Ամեն անգամ նրանց հուշելու փոխարեն, թե ինչ անել, ինչո՞ւ ցույց չտալ, թե ինչպես, ինքնուրույն ուսումնասիրություն կատարելով, կարելի է իմանալ Աստծո տեսակետը։ Սովորեցնելով երեխաներին արդյունավետորեն օգտվել «հավատարիմ ծառայի» միջոցով մատուցված բոլոր գործիքներից ու հրատարակություններից՝ կօգնեք նրանց մտերիմ հարաբերություններ զարգացնել Եհովայի հետ (Ա Թագաւորաց 2։21բ)։ Եվ երբ նրանք տնեցիների հետ խոսում են Աստվածաշնչի իրենց ուսումնասիրությունից ստացված օգուտների մասին, ապա ընտանիքն ավելի հոգևոր է դառնում։
Լիովին ապավինեցեք Եհովային
17. Ինչո՞ւ միայնակ ծնողները չպետք է հուսահատվեն իրենց երեխաներին՝ որպես քրիստոնյաների, դաստիարակելու գործում։
17 Իսկ ի՞նչ կարելի է ասել այն ընտանիքների մասին, որտեղ միայն մեկ ծնող կա։ Միայնակ ծնողները ստիպված են լրացուցիչ դժվարություններ հաղթահարել երեխաներին դաստիարակելու գործում։ Բայցևայնպես, միայնակ ծնողներ, մի՛ հուսահատվեք։ Դուք կարո՛ղ եք հաջողության հասնել, ինչպես որ հաջողության են հասել այն բազմաթիվ միայնակ ծնողները, որոնք վստահել են Աստծուն, հնազանդորեն կիրառել նրա խորհուրդները և, արդյունքում, մեծացրել են հոգևորապես ուժեղ, հրաշալի երեխաներ (Առակաց 22։6)։ Անշուշտ, քրիստոնյա միայնակ ծնողները պետք է լիովին ապավինեն Եհովային ու հավատան, որ նա հոգ կտանի իրենց (Սաղմոս 121։1–3)։
18. Ծնողներն իրենց երեխաների մտավոր և ֆիզիկական ո՞ր կարիքները պետք է բավարարեն, սակայն ինչի՞ վրա է հարկավոր շեշտը դնել։
18 Իմաստուն ծնողները հասկանում են, որ ‘կա ծիծաղելու և պարելու ժամանակ’ (Ժողովող 3։1, 4)։ Երեխայի ֆիզիկական և մտավոր առողջության համար շատ կարևոր են հանգիստն ու հավասարակշռված, կազդուրիչ զվարճությունները։ Առողջ երաժշտությունը և հատկապես Աստծուն փառաբանող երգեր երգելը կարող են նպաստել, որ երեխան ճիշտ դիրքորոշում զարգացնի, որը կարևոր դեր է խաղում Եհովայի հետ նրա փոխհարաբերությունների ամրացման մեջ (Կողոսացիս 3։16)։ Նաև պետք է հաշվի առնել, որ պատանեկան տարիներն այն տարիներն են, երբ երեխային կարելի է նախապատրաստել աստվածավախ չափահաս դառնալուն, և, արդյունքում, նա հնարավորություն կունենա կյանքն առհավետ վայելել երկրային դրախտում (Գաղատացիս 6։8)։
19. Ծնողներն ինչո՞ւ կարող են վստահ լինել, որ Եհովան կօրհնի երեխաների դաստիարակման գործում իրենց ներդրած ջանքերը։
19 Եհովան ցանկանում է, որ բոլոր քրիստոնեական ընտանիքները հոգևորապես ամուր և միասնական լինեն։ Եթե իսկապես սիրում ենք Աստծուն և ամեն ինչ անում ենք նրա Խոսքին հնազանդվելու համար, ապա նա կօրհնի մեր ջանքերը և ուժ կտա, որպեսզի կարողանանք հետևել իր առաջնորդությանը (Եսայիա 48։17; Փիլիպպեցիս 4։13)։ Հիշեք, որ երեխաներին սովորեցնելու և դաստիարակելու ձեր այժմյան հնարավորությունը սահմանափակ է և նորից չի տրվելու։ Ամեն ինչ արեք, որպեսզի Աստծո Խոսքը կիրառեք, և Եհովան կօրհնի հոգևորապես ամուր ընտանիք կառուցելու ձեր ջանքերը։
Ի՞նչ սովորեցինք
• Երեխաներին դաստիարակելու համար ինչո՞ւ է այդքան կարևոր ‘ժամանակ գնելը’։
• Ծնողների լավ օրինակն ինչո՞ւ է անհրաժեշտ։
• Որո՞նք են այն կարևոր միջոցները, որոնք նպաստում են երեխաների հոգևոր աճին։
• Ինչպե՞ս կարելի է ընտանիքի հոգևոր առողջությունը պահպանել։
[նկարներ 24–րդ և 25–րդ էջերի վրա]
Հոգևորապես ամուր ընտանիքները կանոնավորաբար ուսումնասիրում են Աստծո Խոսքը, հաճախում են քրիստոնեական հանդիպումներին և միասին են ծառայում