Ուրախություն գտեք տալո՛ւ մեջ
«Երանելի՜ է մանաւանդ տալը, քան առնելը» (Գործք 20։35)։
1. Ինչպե՞ս է Եհովան ուրախություն գտնում տալու մեջ։
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ճանաչելու ուրախությունը և դրա շնորհիվ ստացված օգուտները Աստծուց տրված թանկագին նվերներ են։ Եհովային ճանաչողները ուրախանալու շատ հիմքեր ունեն։ Ճիշտ է, նվեր ստանալը ուրախացնում է մարդուն, բայց ուրախություն կա նաև տալու մեջ։ Եհովան «ամէն բարի շնորհ եւ ամէն կատարեալ պարգեւ» Տվողն է. նա ուրախ Աստված է (Յակոբոս 1։17; Ա Տիմոթէոս 1։11)։ Եհովայի ուսուցումները օգտակար են, և նա սովորեցնում է բոլոր նրանց, ովքեր ունկնդրում են իրեն։ Աստծուն հաճելի է այդպիսի մարդկանց հնազանդությունը, ճիշտ ինչպես որ ծնողներն են ուրախանում, երբ երեխաները արձագանքում են իրենց սիրառատ դաստիարակությանը (Առակաց 27։11)։
2. ա) Ի՞նչ է ասել Հիսուսը տալու մասին։ բ) Ո՞րն է այն ուրախությունը, որ ստանում ենք ուրիշներին աստվածաշնչյան ճշմարտությունը սովորեցնելով։
2 Նմանապես, երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը ուրախ էր տեսնելու, թե ինչպես են մարդիկ դրականորեն արձագանքում իր ուսուցումներին։ Պողոս առաքյալը մեջ է բերում Հիսուսի խոսքերը. «Երանելի՜ է մանաւանդ տալը, քան առնելը» (Գործք 20։35)։ Երբ ուրիշներին աստվածաշնչյան ճշմարտություններ ենք սովորեցնում, ապա դրանից ստացվող ուրախությունը չի կայանում միայն այն բավականությունը ստանալու մեջ, երբ որևէ մեկը համաձայնվում է մեր կրոնական համոզմունքների հետ։ Այդ ուրախությունը դրանից շատ ավելին է իր մեջ պարփակում. մենք գիտակցում ենք, որ մեր տվածը արժեքավոր է և մնայուն։ Հոգևոր առումով տալով՝ մարդկանց կօգնենք օգուտներ քաղել թե՛ հիմա և թե՛ ողջ հավիտենության մեջ (Ա Տիմոթէոս 4։8, Արևմտ. Աստ.)։
Տալը ուրախություն է բերում
3. ա) Ինչպե՞ս են Պողոս և Հովհաննես առաքյալներն արտահայտել իրենց ուրախությունը ուրիշներին հոգևոր օգնություն ցույց տալիս։ բ) Ինչո՞ւ է աստվածաշնչյան ճշմարտությունը մեր երեխաների մեջ ներարկելը սիրո արտահայտություն։
3 Այո՛, ճիշտ ինչպես Եհովան ու Հիսուսը, քրիստոնյաները ուրախանում են հոգևոր նվերներ տալով։ Պողոս առաքյալին ուրախություն էր պատճառում այն միտքը, որ ինքն օգնում էր ուրիշներին իմանալ Աստծո Խոսքի ճշմարտությունը։ Թեսաղոնիկեի ժողովին նա գրեց. «Ո՞վ է մեր յոյսը կամ ուրախութիւնը կամ մեր պարծանքի պսակը, եթէ ոչ՝ դո՛ւք ի Տէր, Յիսուս Քրիստոսի առաջ, նրա գալստեան ժամանակ.... դո՛ւք էք մեր փառքը եւ ուրախութիւնը» (Ա Թեսաղոնիկեցիս 2։19, 20)։ Նման ձևով Հովհաննես առաքյալը, դիմելով իր հոգևոր որդիներին, գրեց. «Չունեմ աւելի մեծ ուրախութիւն, քան այն, երբ լսում եմ, թէ իմ որդիները ճշմարտութեամբ են ընթանում» (Գ Յովհաննէս 4)։ Իսկ պատկերացրեք, թե ինչպիսի ուրախություն է հենց մե՛ր զավակներին օգնելը՝ դառնալու մեր հոգևոր որդիները։ Երեխաներին «Տիրոջ խրատով եւ ուսումով» մեծացնելը սիրո դրսևորում է ծնողների կողմից (Եփեսացիս 6։4)։ Դրանով իսկ ծնողները ցույց են տալիս, որ իրենք հետաքրքրված են իրենց զավակների հավիտենական բարօրությամբ։ Եվ երբ երեխաները արձագանքում են ծնողների դաստիարակությանը, վերջիններս մեծ ուրախություն և բավականություն են ստանում։
4. Կյանքի ո՞ր օրինակից է երևում, որ հոգևորապես տալը ուրախություն է պատճառում։
4 Դելը ընդհանուր ռահվիրա է, և, բացի այդ, հինգ երեխաների մայր։ Նա ասում է. «Ես շատ լավ եմ հասկանում Հովհաննես առաքյալի խոսքերը, քանի որ անչափ ուրախ եմ, որ երեխաներիցս չորսը «ճշմարտութեամբ են ընթանում»։ Գիտեմ, որ երբ ամբողջ ընտանիքը գտնվում է ճշմարիտ երկրպագության մեջ, դա փառք ու պատիվ է բերում Եհովային։ Ես մեծ բավարարվածություն եմ զգում՝ տեսնելով, որ նա օրհնում է երեխաներիս մեջ ճշմարտությունը արմատավորելու իմ ջանքերը։ Ընտանիքիս հետ դրախտային անվերջ կյանքը վայելելու հրաշալի հեռանկարը սիրտս հույսով է լցնում և ինձ ուժ է տալիս՝ տոկալու դժվարություններին և խոչընդոտներին»։ Ցավոք, Դելի դուստրերից մեկը զրկվել էր ժողովի ընկերակցությունից ոչ քրիստոնեական վարքի պատճառով։ Այդուհանդերձ, Դելը ջանում է դրական տրամադրվածություն պահպանել։ «Հույս եմ փայփայում, որ աղջիկս մի օր կխոնարհվի և մաքուր սրտով կվերադառնա դեպի Եհովան,— ասում է նա։— Բայց երախտապարտ եմ Աստծուն, որ մնացած երեխաներս հավատարմորեն ծառայում են իրեն։ Այն ուրախությունը, որ ես զգում եմ, անշուշտ, իմ զորության աղբյուրն է» (Նէեմիա 8։10)։
Հավիտյան բարեկամներ ձեռք բերենք
5. Երբ տրվում ենք աշակերտներ պատրաստելու գործին, ինչի՞ մասին իմանալն է մեզ բավականություն պատճառում։
5 Հիսուսը պատվիրեց իր հետևորդներին քրիստոնյա աշակերտներ պատրաստել՝ սովորեցնելով նրանց Եհովայի ու նրա պահանջների մասին (Մատթէոս 28։19, 20)։ Եհովան ու Հիսուսը անշահախնդրորեն օգնել են մարդկանց իմանալ ճշմարտության ճանապարհը։ Տրվելով աշակերտներ պատրաստելու գործին և իմանալով, որ մեր այդ գործունեությամբ վաղ քրիստոնյաների նման ընդօրինակում ենք Եհովային ու Հիսուսին՝ մենք բավականություն ենք զգում (Ա Կորնթացիս 11։1)։ Համագործակցելով Ամենակարող Աստծո և նրա սիրելի Որդու հետ՝ մենք մեր կյանքին իրական իմաստ ենք հաղորդում։ Ինչպիսի՜ օրհնություն է «Աստծու գործակիցների» թվում լինելը (Ա Կորնթացիս 3։9)։ Եվ մի՞թե մեզ չի հուզում այն, որ հրեշտակներն էլ են մասնակցում բարի լուրի քարոզչությանը (Յայտնութիւն 14։6, 7)։
6. Հոգևորապես տալով՝ ո՞ւմ բարեկամությունն ենք ձեռք բերում։
6 Փաստորեն, մեր լուման ներդնելով հոգևորապես տալու այս գործի մեջ՝ կարող ենք Աստծուն գործակից դառնալուց ավելին լինել. կարող ենք հավիտյան նրան բարեկամ դառնալ։ Իր ցուցաբերած հավատի շնորհիվ Աբրահամը Եհովայի բարեկամ կոչվեց (Յակոբոս 2։23)։ Եթե աշխատենք կատարել Աստծո կամքը, մենք նույնպես նրա բարեկամը կդառնանք։ Նաև Հիսուսի բարեկամները կլինենք։ Նա ասաց իր աշակերտներին. «Ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետեւ այն բոլորը, ինչ իմ Հօրից լսեցի, յայտնեցի ձեզ» (Յովհաննէս 15։15)։ Շատերն ուրախանում են ազդեցիկ անձնավորությունների կամ բարձրաստիճան պաշտոնյաների բարեկամներ համարվելով, բայց մենք կարող ենք ողջ Տիեզերքի երկու մեծագո՛ւյն անձնավորությունների բարեկամներ կոչվել։
7. ա) Ինչպե՞ս է մի կին իսկական բարեկամ գտել։ բ) Ունեցե՞լ եք արդյոք իսկական բարեկամ։
7 Բացի այդ, երբ օգնում ենք մարդկանց ճանաչել Աստծուն, դրանով իսկ նրանք էլ են դառնում մեր բարեկամները՝ մեծ ուրախություն պատճառելով մեզ։ ԱՄՆ–ում ապրող Ջոանը Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեց Թելմա անունով մի կնոջ հետ։ Թեև Թելման ընտանիքի կողմից հակառակության էր հանդիպում, այնուամենայնիվ, շարունակեց ուսումնասիրությունը և մեկ տարի անց մկրտվեց։ Ջոանը գրում է. «Մեր կապը չվերջացավ դրանով. ավելին, այն վերաճեց բարեկամության, որն ահա 35 տարի է, ինչ շարունակվում է։ Հաճախ ենք միասին գնացել ծառայության և համաժողովների։ Հետո ես տեղափոխվեցի իմ նոր բնակարանը, նախորդից 800 կմ հեռու։ Բայց Թելման շարունակում է ինձ ուղարկել անչափ սիրաշունչ և հոգեպարար նամակներ։ Այդ նամակներում նա իր ջերմ սերն է արտահայտում իմ հանդեպ, շնորհակալություն է հայտնում, որ իր ընկերուհին եմ և իրեն օրինակ եմ ծառայել, նաև, որ սովորեցրել եմ աստվածաշնչյան ճշմարտությունը։ Այսպիսի սրտակից և թանկագին ընկերուհի ունենալը մի չքնաղ պարգև է այն ջանքերի դիմաց, որ արել եմ՝ օգնելու նրան իմանալ Եհովայի մասին»։
8. Ո՞ր դրական մտայնությունը կօգնի մեզ ծառայության մեջ։
8 Հասկանալով, որ հնարավոր է գտնենք մեկին, որը ցանկանում է իմանալ ճշմարտությունը՝ մենք համբերելու ուժ ենք ձեռք բերում՝ նույնիսկ այն դեպքում, երբ մարդկանց հետ խոսելիս տեսնում ենք, որ նրանք շատ քիչ կամ ընդհանրապես հետաքրքրություն չեն ցուցաբերում Եհովայի Խոսքի հանդեպ։ Նրանց այդպիսի անտարբերությունը կարող է վտանգի ենթարկել մեր հավատն ու տոկունությունը։ Բայց դրական մտայնություն ունենալը կօգնի մեզ մեր գործում։ Ֆաուստոն, որը գվատեմալացի է, ասում է. «Երբ քարոզում եմ ուրիշներին, մտածում եմ, թե ինչքան լավ կլիներ, որ այն տղամարդը կամ կինը, ում հետ զրուցում եմ, դառնար մեր հոգևոր եղբայրը կամ քույրը։ Ես այսպես եմ դատում. «Ինձ հանդիպած մարդկանցից գոնե մեկը վերջիվերջո կընդունի Աստծո Խոսքում պարփակված ճշմարտությունը»։ Այդպես մտածելն օգնում է ինձ շարունակել քարոզել և սիրտս ուրախությամբ է լցնում»։
Գանձեր դիզենք երկնքում
9. Ի՞նչ է ասել Հիսուսը երկնքում գանձեր դիզելու մասին, և ի՞նչ կարող ենք սովորել նրա խոսքերից։
9 Աշակերտներ պատրաստելը՝ լինեն դրանք մեր երեխաները թե ուրիշներ, միշտ չէ, որ հեշտ է։ Դա կարող է պահանջել ժամանակ, համբերություն և հաստատակամություն։ Սակայն հիշենք, որ շատերը պատրաստ են տքնաջան աշխատել, որպեսզի նյութական արժեքներ դիզեն. բաներ, որոնք սովորաբար նրանց ուրախություն չեն բերում և հավիտյան չեն մնում։ Հիսուսն ասաց իր ունկնդիրներին, որ ավելի լավ է ջանք թափել հոգևոր արժեքներ դիզելու ուղղությամբ. «Գանձեր մի՛ դիզէք ձեզ համար երկրի վրայ, ուր ցեց եւ ժանգ ոչնչացնում են, եւ ուր գողեր պատերն են ծակում ու գողանում, այլ գանձեր դիզեցէ՛ք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց եւ ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, եւ ո՛չ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում» (Մատթէոս 6։19, 20)։ Հոգևոր նպատակներ հետապնդելով, որի մեջ է մտնում աշակերտներ պատրաստելու կարևոր աշխատանքը՝ մենք բավականություն կստանանք այն բանի իմացությունից, որ կատարում ենք Աստծո կամքը և վարձահատույց կլինենք նրա կողմից։ Պողոս առաքյալը գրել է. «Աստուած անիրաւ չէ որ մոռանայ ձեր գործքը եւ այն սէրի աշխատանքը, որ նորա անունի համար ցոյց տուիք» (Եբրայեցիս 6։10, ԱԹ)։
10. ա) Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հիսուսը հոգևոր գանձեր ուներ։ բ) Ինչպե՞ս Հիսուսն իր անձը տվեց, և դա ի՞նչ մեծ օգուտներ է բերել մարդկանց։
10 Եթե ջանքեր ենք գործադրում աշակերտներ պատրաստելու ուղղությամբ, ապա, համաձայն Հիսուսի խոսքերի, մեզ համար ‘գանձեր ենք դիզում երկնքում’։ Դա մեզ այն ուրախությունն է պատճառում, որն ունենում ենք ինչ–որ բան ստանալիս։ Եթե մենք անշահախնդրորեն ենք տալիս, ապա արդյունքում ինքներս ենք հարստանում։ Ինքը Հիսուսը անհամար տարիներ հավատարմորեն ծառայել է Եհովային։ Պատկերացրեք, թե ինչքա՜ն գանձեր է նա դիզել երկնքում։ Բայցևայնպես, Հիսուսն իր սեփական շահը չէր փնտրում։ Պողոս առաքյալը գրեց. «[Հիսուսն] իր անձը տուեց մեր մեղքերի համար, որպէսզի մեզ փրկի ներկայ այս չար աշխարհից ըստ Աստծու եւ մեր Հօր կամքի» (Գաղատացիս 1։4)։ Հիսուսը ոչ միայն ծառայության մեջ անշահախնդրորեն տվեց իր անձը, այլև իր կյա՛նքը տվեց որպես փրկանք, որպեսզի մյուսներն էլ երկնքում գանձեր դիզելու հնարավորություն ունենան։
11. Ինչո՞ւ հոգևոր նվերները նախընտրելի են նյութական նվերներից։
11 Մարդկանց սովորեցնելով Աստծո մասին՝ մենք նրանց օգնում ենք տեսնել, թե ինչպես իրենք էլ կարող են հավերժ մնայուն հոգևոր գանձեր դիզել։ Ի՞նչ ավելի թանկագին նվեր կարող էիք տալ նրանց։ Եթե դուք ձեր ընկերոջը նվիրեիք թանկարժեք ժամացույց, ավտոմեքենա կամ նույնիսկ տուն, ապա նա, ըստ ամենայնի, շատ ուրախ և երախտապարտ կլիներ, իսկ դուք կուրախանայիք տալով։ Բայց ի՞նչ վիճակում կլիներ այդ նվերը 20 տարի անց։ 200 տարի անց։ 2 000 տարի անց։ Մյուս կողմից՝ եթե դուք ձեր անձն եք նվիրում, որպեսզի օգնեք մարդուն ծառայել Եհովային, ապա այդ նվերը կարող է նրան առհավետ օգուտներ բերել։
Փնտրում ենք նրանց, ովքեր ճշմարտությանն են ձգտում
12. Ինչպե՞ս են շատերը նվիրվել ուրիշներին հոգևորապես օգնելու գործին։
12 Հոգևորապես տալու նպատակով Եհովայի ժողովուրդը հասել է մինչև աշխարհի ծայրերը։ Հազարավոր մարդիկ թողել են իրենց տներն ու հարազատներին, որպեսզի միսիոներական ծառայություն կատարեն այնպիսի երկրներում, որտեղ տարբեր են լեզուն և մշակույթը։ Մյուսներն էլ տեղափոխվել են իրենց երկրի այն շրջանները, որտեղ Թագավորության քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Ուրիշներն էլ օտար լեզու են սովորել, որպեսզի քարոզեն իրենց բնակավայրում ապրող ներգաղթյալներին։ Օրինակ՝ երկու զավակ մեծացնելուց հետո, որոնք այժմ ծառայում են Եհովայի վկաների գլխավոր վարչությունում, Նյու Ջերսիում (ԱՄՆ) ապրող մի ամուսնական զույգ սկսեց ռահվիրայություն անել և, միաժամանակ, չինարեն սովորել։ Երեք տարվա ընթացքում նրանք չինարեն լեզվով ուսումնասիրություն անցկացրին 74 մարդու հետ, որոնք սովորում էին մոտակա համալսարանում։ Կարո՞ղ եք այնպես ընդլայնել ձեր ծառայությունը, որ այն ավելի մեծ ուրախություն պատճառի ձեզ աշակերտներ պատրաստելու գործում։
13. Ի՞նչ կարող եք անել, եթե ցանկանում եք ձեր ծառայությունն ավելի բեղմնավոր դարձնել։
13 Գուցե փափագում եք Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել, բայց հնարավորություն չկա։ Որոշ երկրներում դժվար է հետաքրքրվողներ գտնել։ Հավանաբար, ձեզ հանդիպած մարդիկ ոչ մի հետաքրքրություն չեն ցուցաբերել Աստվածաշնչի հանդեպ։ Եթե այդպես է, ապա կարող եք դրա մասին ավելի հաճախակի հիշատակել ձեր աղոթքներում. չէ՞ որ և՛ Եհովան, և՛ Հիսուս Քրիստոսը խորապես շահագրգռված են այս գործով և կարող են առաջնորդել ձեզ դեպի «ոչխարանման» անհատները։ Ժողովում խորհրդակցեք նրանց հետ, ովքեր փորձառու են կամ՝ ավելի բեղմնավոր ծառայություն են կատարում։ Նաև օգուտներ քաղեք քրիստոնեական հանդիպումների ժամանակ հնչած մտքերից, ինչպես նաև շրջագայող վերակացուների և նրանց կանանց տված խորհուրդներից։ Իսկ ամենակարևորը՝ մի՛ հուսահատվեք։ Մի իմաստուն մարդ գրել է. «Առաւօտանց ցանիր քո սերմը, եւ իրիկունը թող չ’դադարէ քո ձեռքը, որովհետեւ չ’գիտես, թէ որն է յաջողուելու» (Ժողովող 11։6)։ Միևնույն ժամանակ հիշեք այնպիսի հավատարիմ մարդկանց, ինչպիսիք են Նոյն ու Երեմիան։ Թեև շատ քչերը դրականորեն արձագանքեցին նրանց քարոզին, այնուամենայնիվ, նրանք հաջողությամբ կատարեցին իրենց ծառայությունը։ Ամենից կարևորը՝ դա ուրախացրեց Եհովային։
Արեք այն, ինչ կարող եք
14. Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում նրանց, ովքեր մինչև ծերություն ծառայել են իրեն։
14 Հնարավոր է, որ ձեր հանգամանքները թույլ չեն տալիս ծառայության մեջ անելու այնքան, ինչքան որ դուք կցանկանայիք։ Օրինակ՝ ծերությունը գուցե սահմանափակում է Եհովային ծառայելու ձեր հնարավորությունները։ Բայց հիշեք, թե ինչ է գրել մի իմաստուն. ‘Փառաց պսակ է ալևորությունը. [եթե] արդարության ճանապարհում է գտնվում’ (Առակաց 16։31)։ Եհովային հաճելի է, եթե մեր կյանքն անց ենք կացրել նրան ծառայելով։ Գրություններում Եհովան ասում է. «Մինչև ձեր ծերութիւնը ես նոյնն եմ, մինչեւ ձեր ալեւորութիւնը ե՛ս ձեզ պիտի կրեմ. ե՛ս ստեղծեցի ու ե՛ս պիտի վերցնեմ, ե՛ս պիտի կրեմ ու պիտի ազատեմ» (Եսայիա 46։4, Արևմտ. Աստ.)։ Մեր սիրալիր երկնային Հայրը խոստանում է պաշտպանել և նեցուկ լինել իրեն հավատարիմ մարդկանց։
15. Հավատո՞ւմ եք, որ Եհովան հասկանում է, թե ինչ հանգամանքներում եք դուք գտնվում։ Ինչո՞ւ։
15 Գուցե ձեզ տանջում է հիվանդությունը, հակառակության եք հանդիպում անհավատ կողակցի կողմից, ծանր ընտանեկան պարտականություններ կամ մի ինչ–որ խրթին պրոբլեմ ունեք։ Եհովան գիտի մեր սահմանափակումների և հանգամանքների մասին, և դրանով հանդերձ սիրում է մեզ, որովհետև մենք ամեն ինչ անում ենք իրեն ծառայելու համար։ Դա այդպես է նույնիսկ այն դեպքում, եթե ավելի քիչ ենք ծառայում, քան ուրիշները (Գաղատացիս 6։4)։ Եհովան հասկանում է, որ մենք անկատար ենք, և մեր նկատմամբ ունեցած ակնկալիքների մեջ նա իրատես է (Սաղմոս 147։11)։ Եթե անում ենք այն, ինչ կարող ենք, ապա կարող ենք վստահ լինել, որ թանկագին ենք Եհովայի աչքում, և նա չի մոռանա մեր հավատի գործերը (Ղուկաս 21։1–4)։
16. Ինչպե՞ս է ամբողջ ժողովը մասնակցում աշակերտներ պատրաստելու գործին։
16 Նաև հիշեցեք, որ աշակերտներ պատրաստելու գործը միասնական ջանքեր պահանջող աշխատանք է։ Ինչպես անձրևի մի կաթիլով բույսը չի ջրվում, այնպես էլ միայնակ հնարավոր չէ աշակերտ պատրաստել։ Այո, Վկան ինքը կարող է հետաքրքրվող գտնել և Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել։ Բայց հենց որ այդ նորեկը գալիս է Թագավորության սրահ, ողջ ժողովն է օգնում նրան՝ ընդունելու ճշմարտությունը։ Եղբայրների ջերմությունը վկայում է Աստծո ոգու ներգործության մասին (Ա Կորնթացիս 14։24, 25)։ Երեխաների ու պատանիների ոգևորիչ մեկնաբանությունների շնորհիվ նորեկը հասկանում է, որ մեր երիտասարդությունը տարբերվում է աշխարհի երիտասարդությունից։ Իսկ ժողովի հիվանդ, տկար և ծեր անդամները սովորեցնում են նորեկներին, թե ինչ ասել է տոկունություն։ Անկախ տարիքից և սահմանափակումներից, բոլորս էլ զգալի ներդրում ենք ունենում նորեկներին օգնելու մեջ, որպեսզի նրանք ավելի շատ սիրեն աստվածաշնչյան ճշմարտությունը և առաջանան դեպի մկրտություն։ Ծառայության մեջ անցկացրած յուրաքանչյուր ժամը, ամեն մի այցը, Թագավորության սրահում հետաքրքրվողի հետ ամեն մի զրույցը կարող են ինքնին աննշան թվալ, բայց դրանք մաս են կազմում այն վիթխարի գործին, որ Եհովան է կատարում։
17, 18. ա) Ի լրումն աշակերտներ պատրաստելու գործում զբաղված լինելուն՝ ինչպե՞ս կարող ենք ուրախություն գտնել տալու մեջ։ բ) Ուրախություն գտնելով տալու մեջ՝ ո՞ւմ ենք ընդօրինակում։
17 Անտարակույս, բացի աշակերտներ պատրաստելու կարևոր գործի մեջ բաժին ունենալուց, մենք՝ որպես քրիստոնյաներ, ուրախություն ենք գտնում նաև տալու մյուս ձևերի մեջ։ Կարող ենք մի որոշ գումար մի կողմ դնել մաքուր երկրպագությանն աջակցելու և կարիքավորներին օգնելու նպատակով (Ղուկաս 16։9; Ա Կորնթացիս 16։1, 2)։ Կարող ենք առիթներ որոնել՝ հյուրասիրություն ցուցաբերելու համար, ինչպես նաև ձգտել «բարին գործել բոլորի հանդէպ, մանաւանդ հաւատի մէջ մեր հարազատների հանդէպ» (Հռովմայեցիս 12։13; Գաղատացիս 6։10)։ Եվ, վերջապես, կարող ենք նամակ գրել, հեռաձայնել, ինչ–որ բան նվիրել, օգնության ձեռք մեկնել, քաջալերանքի խոսք ասել։ Այս ամենը հասարակ՝ բայց կարևոր բաներ են։
18 Տալով մենք ցույց ենք տալիս, որ ընդօրինակում ենք մեր երկնային Հորը։ Նաև դրսևորում ենք մեր եղբայրական սերը՝ ճշմարիտ քրիստոնյաներին բնորոշող նշանը (Յովհաննէս 13։35)։ Այս ամենը հիշելը կօգնի մեզ ուրախություն գտնել տալու մեջ։
Կարո՞ղ եք բացատրել
• Ինչպե՞ս են Եհովան և Հիսուսը օրինակ թողել հոգևորապես տալու մեջ։
• Ինչպե՞ս կարող ենք հավիտենական բարեկամներ ձեռք բերել։
• Ի՞նչ քայլեր կարող ենք կատարել, որպեսզի մեր ծառայությունն ավելի արդյունավետ դարձնենք։
• Ինչպե՞ս կարող են ժողովի բոլոր անդամները ուրախություն գտնել տալու մեջ։
[նկարներ 13–րդ էջի վրա]
Երբ երեխաները արձագանքում են ծնողների դաստիարակությանը, վերջիններս մեծ ուրախություն և բավականություն են ստանում
[նկար 15–րդ էջի վրա]
Աշակերտներ պատրաստելով՝ մենք կարող ենք իսկական բարեկամներ ձեռք բերել
[նկար 16–րդ էջի վրա]
Երբ ծերանում ենք, Եհովան «կրում» է մեզ
[նկարներ 17–րդ էջի վրա]
Հասարակ՝ բայց կարևոր բաներով մենք ուրախություն ենք գտնում տալու մեջ