Կենսագրություն
Եհովայի ծառայության մեջ անցկացրած հարուստ կյանք
Պատմում է Ռասել Կուրզենը
Ես լույս աշխարհ եկա 1907 թ. սեպտեմբերի 22–ին. այսինքն՝ յոթ տարի առաջ այն նշանակալից ժամանակաշրջանից, որը սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումով։ Մեր ընտանիքը «մեծ հարստության» տեր էր։ Կարծում եմ՝ երբ ծանոթանաք մեր պատմության որոշ մանրամասնություններին, կհամաձայնվեք ինձ հետ։
ԴԵՌ փոքր տարիքից իմ Կուրզեն տատիկը փնտրում էր ճշմարտությունն Աստծո մասին։ Նա դեռ անչափահաս էր, բայց արդեն հասցրել էր այցելել մի քանի եկեղեցիներ իր գեղատեսիլ ծննդավայրում՝ Շվից քաղաքում (Շվեյցարիա)։ 1887 թ.–ին՝ ամուսնությունից մի քանի տարի հետո, Կուրզենների ընտանիքը Միացյալ Նահանգներ գաղթող էմիգրանտների հոսանքին միացավ։
Նրանք հասատատվեցին Օհայոյում, որտեղ մոտ 1900 թ.–ին տատիկս գտավ այն գանձը, որն այդքան փնտրել էր. գտավ Չարլզ Թեյզ Ռասելի «Ժամանակը մոտ է» գրքի էջերում՝ գերմաներեն լեզվով։ Կարդալով այդ գիրքը՝ նա միանգամից հասկացավ, որ այն աստվածաշնչային ճշմարտության լույսն է պարունակում։ Ու թեև տատիկս հազիվ էր կարդում անգլերեն, այնուամենայնիվ բաժանորդագրվեց այդ լեզվով «Դիտարան» պարբերագրին։ Այսպես նա, բացի աստվածաշնչային ճշմարտություններից, սովորեց նաև անգլերեն լեզուն։ Ի տարբերություն իր կնոջ՝ պապիկս երբեք հոգևոր հարցերի նկատմամբ նման հետաքրքրություն չէր ցուցաբերում։
Կուրզեն տատիկի 11 երեխաներից 2–ը՝ Ջոնը (երկուսից ավագը) և Ադոլֆը, գնահատեցին այն հոգևոր գանձը, որը նա գտել էր։ Ջոնն իմ հայրն էր։ Նա մկրտվեց 1904 թ.–ին Սենտ Լուիսում (Միսսուրի նահանգ) տեղի ունեցած համաժողովի ժամանակ, որն անց էին կացնում Աստվածաշունչն ուսումնասիրողները (Եհովայի վկաները այն ժամանակ հայտնի էին այս անվանմամբ)։ Քանի որ Աստվածաշունչն ուսումնասիրողների մեծամասնությունը համեստ միջոցների տեր մարդիկ էին, համաժողովը կազմակերպվեց այն ժամանակ, երբ Սենտ Լուիսում համաշխարհային ցուցահանդես էր բացվել, որպեսզի նրանք կարողանային օգտվել գնացքի տոմսերի արժեքների համար սահմանված հատուկ զեղչից։ Ավելի ուշ՝ 1907 թ.–ին, մկրտվեց իմ հորեղբայր Ադոլֆը Նիագարա Ֆոլսում (Նյու Յորք) կազմակերպված համաժողովում։ Հայրս ու հորեղբայրս նախանձախնդրորեն քարոզում էին այն, ինչ սովորել էին Աստվածաշնչից, և ի վերջո երկուսն էլ դարձան լիաժամ ծառայողներ (այժմ կոչվում են ռահվիրաներ)։
Հետևաբար, երբ ես ծնվեցի՝ 1907 թ.–ին, իմ ընտանիքն արդեն հոգևոր առումով հարուստ էր (Առակաց 10։22)։ 1908 թ.–ին, երբ ես դեռ մանկիկ էի, ծնողներս՝ Ջոնն ու Աիդան, ինձ տարան Փութ–Ին–Բեյում (Օհայո նահանգ) անցկացվող համաժողովը՝ «Առաջ՝ դեպի հաղթանակ» խորագրով։ Համաժողովի նախագահողն էր Ջոզեֆ Ռադերֆորդը, որն այն ժամանակ ծառայում էր իբրև շրջագայող վերակացու։ Դրանից մի քանի շաբաթ առաջ նա եղել էր Դալտոնում (Օհայո) և այցելելով մեր տուն՝ դասախոսություններ կարդացել տեղի՝ Աստվածաշունչն ուսումնասիրողների համար։
Իհարկե, ես անձամբ չեմ հիշում այդ իրադարձությունները, բայց հիշում եմ Մաունթին Լեյք Փարքում (Մերիլենդ նահանգ) 1911 թ.–ին տեղի ունեցած համաժողովը։ Այնտեղ իմ կրտսեր քույր Էստերը և ես հանդիպեցինք Չարլզ Թեյզ Ռասելին, որն այն ժամանակ վերահսկում էր Աստվածաշունչն ուսումնասիրողների համաշխարհային քարոզչական գործը։
1914 թ. հունիսի 28–ին՝ այն օրը, երբ Սարաևոյում էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի և նրա կնոջ սպանությամբ աշխարհը ներքաշվեց պատերազմի մեջ, մենք ընտանիքով մասնակցում էինք մի խաղաղ համաժողովի, որն անց էր կացվում Կոլումբուսում (Օհայո)։ Այսպիսով՝ դեռ փոքրուց Եհովայի ժողովրդի բազմաթիվ համաժողովներին մասնակցելու առանձնաշնորհումն եմ ունեցել։ Դրանցից մի քանիսը մոտ հարյուր հոգուց բաղկացած հավաքույթներ էին, մյուսները՝ մեծ հավաքույթներ՝ աշխարհի ամենամեծ ստադիոններում։
Մեր տունը՝ գործունեության կենտրոնում
1908–1918 թթ. ընթացքում Դալտոնի մեր տունը, որը գտնվում էր Պիտսբուրգի (Փենսիլվանիա նահանգ) և Կլիվլենդի (Օհայո նահանգ) միջև ընկած ճանապարհի կեսին, օթևան էր տալիս Աստվածաշունչն ուսումնասիրողների մի փոքր ժողովի՝ հանդիպումներն անցկացնելու համար։ Մեր տան դռները բաց էին ելույթներ ներկայացնող բազմաթիվ շրջագայող եղբայրների առջև։ Իրենց ձիերն ու սայլակները ախոռի հետևում կապելուց հետո նրանք այնտեղ հավաքվածներին պատմում էին ոգևորիչ դեպքեր և խոսում ուրիշ հոգևոր ճշմարտություններից։ Ի՜նչ քաջալերական ժամանակներ էին դրանք։
Հայրս ուսուցիչ էր, բայց ամբողջ սրտով մեծագույն ուսուցչական գործին էր նվիրված. դա քրիստոնեական ծառայությունն էր։ Նա նպատակասլաց կերպով իր տան անդամներին սովորեցնում էր Եհովայի մասին, և ամեն երեկո մենք ընտանիքով աղոթում էինք։ 1919 թ. գարնանը հայրս վաճառեց մեր ձին ու սայլակը և 175 դոլարով գնեց 1914 թ. «Ֆորդ» ավտոմեքենա, որպեսզի հնարավորություն ունենար ավելի շատ մարդկանց քարոզելու։ 1919 և 1922 թթ.–ին այդ մեքենայով մենք գնացինք Սիդար Փոյնթում (Օհայո) Աստվածաշունչն ուսումնասիրողների՝ մեծ նշանակություն ունեցող այդ համաժողովներին մասնակցելու։
Մեր ընտանիքի բոլոր անդամները՝ մայրս, հայրս, Էստերը, իմ փոքր եղբայր Ջոնը և ես, մեր մասնակցությունն էինք բերում հանրային քարոզչական գործում։ Չեմ մոռանում տանտերերից մեկի՝ ինձ տրված առաջին աստվածաշնչային հարցը։ Այդ ժամանակ ես մոտ յոթ տարեկան էի։ «Փոքրի՛կ, Արմագեդոնն ի՞նչ է»,— հարցրեց այդ մարդը։ Հայրս ինձ մի փոքր օգնեց, և ես կարողացա Աստվածաշնչից նրան պատասխան տալ։
Սկսում եմ լիաժամ ծառայությունը
1931 թ.–ին մեր ընտանիքը մասնակցեց Կոլումբուսում (Օհայո) տեղի ունեցած համաժողովին, որտեղ մենք մեծ հուզմունքով ընդունեցինք «Եհովայի վկաներ» նոր անունը։ Ջոնը շատ էր ոգևորված։ Նա որոշեց, որ ինքն ու ես պետք է ռահվիրայական ծառայություն սկսենք։a Մենք այդպես էլ արեցինք. այդ քայլին հետևեցին նաև մայրս, հայրս ու Էստերը։ Ինչպիսի՜ գանձ ունեինք մենք. ընտանիք, որը միավորված էր Աստծո Թագավորության բարի լուրը քարոզելու՝ ուրախություն պարգևող գործով։ Ես երբեք չեմ ձանձրանում Եհովային այս օրհնության համար շնորհակալություն հայտնելուց։ Մենք արդեն մեզ շատ երջանիկ էինք զգում, սակայն առջևում մեզ ավելի շատ ուրախություններ էին սպասում։
1934 թ. փետրվարին սկսեցի ծառայել Եհովայի վկաների գլխավոր վարչությունում (Բրուքլին, Նյու Յորք), որը կոչվում է Բեթել։ Մի քանի շաբաթ հետո ինձ այնտեղ միացավ նաև Ջոնը։ Մինչև 1953 թ., երբ նա ամուսնացավ իր թանկագին կնոջ՝ Ջեսիի հետ, մենք ապրում էինք նույն սենյակում։
Իմ և Ջոնի Բեթել գալուց հետո մեր ծնողները երկրի տարբեր մասերում ռահվիրա ծառայելու նշանակում ստացան, իսկ Էստերը իր ամուսնու՝ Ջորջ Ռիդի հետ ուղեկցում էր նրանց։ Մեր ծնողները շարունակեցին իրենց ռահվիրայական ծառայությունը մինչև իրենց երկրային կյանքի վերջը՝ 1963 թ.–ը։ Էստերն ու իր ամուսինը մի լավ ընտանիք մեծացրեցին, և ես ինձ օրհնված եմ համարում քրոջս բազմաթիվ զավակներով, թոռներով ու թոռնուհիներով և նրանց կողակիցներով, որոնց քնքշորեն սիրում եմ։
Աշխատանքն ու ընկերակցությունը Բեթելում
Բեթելում Ջոնը գործի դրեց իր տեխնիկական ընդունակությունները. նա ուրիշ ծառայողների հետ աշխատում էր այնպիսի նախագծերի վրա, ինչպիսին է, օրինակ, շարժական պատեֆոնների արտադրությունը։ Հազարավոր Եհովայի վկաներ օգտագործում էին դրանք տնետուն ծառայության մեջ։ Ջոնը օգնում էր նաև անհատ բաժանորդներին առաքվող ամսագրերը փաթեթավորող և մակնիշը փակցնող մեքենաների գծագրման ու պատրաստման գործին։
Բեթելում ծառայությունս սկսեցի կազմարարական արհեստանոցում։ Այն ժամանակ տպարանում աշխատում էին նաև ուրիշ երիտասարդներ, որոնք մինչև այժմ էլ հավատարմորեն ծառայում են Եհովային Բեթելում։ Նրանցից են՝ Քերի Բարբերը և Ռոբերտ Հատսֆելդը։ Նրանց մեջ կային նաև այնպիսիները, ովքեր արդեն մահացել են, սակայն ում ես սիրով եմ հիշում. դրանք են՝ Նաթան Նորը, Կարլ Քլեյնը, Լայման Սուինգլը, Կլաուս Ջենսենը, Գրանտ Սյութերը, Ջորջ Գանգասը, Օրին Հիբարդը, Ջոն Սայրասը, Ռոբերտ Փեյնը, Չարլզ Ֆեկելը, Բենո Բուրքիկը և Ջոն Փերին։ Նրանք տարիներ շարունակ անտրտունջ աշխատում էին՝ առանց «պաշտոնի բարձրացման» որևէ ակնկալիքի։ Թեև, երբ կազմակերպությունը աճեց, այս նվիրված օծյալ քրիստոնյաներից շատերը ավելի մեծ պատասխանատվություններ ստացան։ Նրանցից ոմանք նույնիսկ ծառայում էին որպես Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամներ։
Աշխատելով այս անձնազոհ եղբայրների հետ՝ ես մի կարևոր դաս քաղեցի։ Աշխարհում մարդիկ իրենց կատարած աշխատանքի դիմաց աշխատավարձ են ստանում։ Դա է նրանց պարգևը։ Իսկ Բեթելում ծառայելը մեծ հոգևոր օրհնություններ է բերում, և միայն հոգևորապես տրամադրված անհատներն են հասկանում ու գնահատում այդ պարգևները (Ա Կորնթացիս 2։6–16)։
Նաթան Նորը, որը Բեթել էր եկել 1923 թ.–ին՝ պատանի հասակում, 1930–ականներին տպարանի վերակացուն էր։ Նա ամեն օր անցնում էր տպարանով և առանձին–առանձին բարևում աշխատողներին։ Բեթել եկած նորեկները շատ էին գնահատում իրենց նկատմամբ ցուցաբերվող այս անձնական հետաքրքրվածությունը։ 1936 թ.–ին մենք Գերմանիայից նոր տպագրահաստոց ստացանք, և երիտասարդ եղբայրներից մի քանիսը սկսեցին այն հավաքել։ Աշխատանքը ծանր էր։ Ի՞նչ արեց եղբայր Նորը։ Նա հագավ աշխատանքային շալվարը և նրանց հետ աշխատեց ավելի քան մեկ ամիս՝ մինչև մեքենայի գործարկվելը։
Եղբայր Նորը այնքան եռանդուն աշխատող էր, որ մեզանից շատերը հազիվ էին կարողանում իր հետևից հասցնել։ Բայց նա նաև հանգստանալ գիտեր։ Նույնիսկ այն բանից հետո, երբ 1942 թ. հունվարին նա ստացավ Եհովայի վկաների համաշխարհային քարոզչական գործի վերահսկման պատասխանատվությունը, երբեմն բեյսբոլ էր խաղում Բեթելի ընտանիքի անդամների և «Գաղաադ» միսիոներական դպրոցի ուսանողների հետ Սաութ Լանսինգում (Նյու Յորք)։
1950 թ. ապրիլին Բեթելի ընտանիքը տեղափոխվեց Կոլումբիա Հայթս 124 հասցեում (Բրուքլին, Նյու Յորք) գտնվող մեզ պատկանող բնակելի շենքի տաս հարկանի նորակառույց մասնաշենքը։ Նոր ճաշարանը մեզ բոլորիս միասին ճաշելու հնարավորություն տվեց։ Այդ շենքի շինարարության ընթացքում ՝ մոտ երեք տարի, մենք չէինք կարողանում անցկացնել առավոտյան երկրպագության ծրագիրը։ Որքա՜ն ուրախ էինք, որ այդ ծրագիրը վերսկսելու հնարավորություն էր ստեղծվել։ Եղբայր Նորը ինձ նշանակեց նախագահող եղբոր սեղանի մոտ՝ իր կողքին նստելու, որպեսզի ես կարողանամ օգնել իրեն՝ հիշելու մեր ընտանիքի նոր անդամների անունները։ Այս տեղում ես նստել եմ մոտ 50 տարի՝ մասնակցելով առավոտյան երկրպագությանն ու նախաճաշին։ Հետագայում՝ 2000 թ. օգոստոսի 4–ին, այդ ճաշարանը փակվեց, իսկ ինձ տեղափոխեցին նախկին «Թաուեր» հյուրանոցի վերանորոգված ճաշարաններից մեկը։
1950–ականներին ես ժամանակավորապես աշխատում էի լինոտիպ մեքենայի վրա՝ պատրաստելով տպագրող մակերևույթով մետաղե միաձույլ տողեր, որոնք հավաքվում էին էջերի մեջ՝ որպես տպագրական շրջանակների պատրաստման պրոցեսի մաս։ Այդ գործն առանձնապես ինձ դուր չէր գալիս, բայց Վիլյամ Պետերսոնը, որի հսկողության տակ էին մեքենաները, այնքան բարի էր իմ նկատմամբ, որ, ամեն դեպքում, ժամանակս հաճույքով էի անցկացնում այնտեղ։ Հետագայում՝ 1960 թ.–ին, Կոլումբիա Հայթս 107–ում նոր կառուցված բնակելի շենքը ներկելու համար կամավորներ էին հարկավոր։ Ես մեծ ուրախությամբ իմ ծառայությունն առաջարկեցի՝ աջակցելու մեր Բեթելի մեծացող ընտանիքի համար այս նոր շենքի պատրաստման գործին։
Ինձ համար հաճելի անակնկալ էր, երբ Կոլումբիա Հայթս 107 շենքը ներկել–վերջացնելուց շատ չանցած՝ ես նշանակում ստացա Բեթելի ընդունարանում այցելուներին դիմավորելու և ողջունելու։ Այնտեղ ծառայած վերջին 40 տարիները նույնքան հրաշալի էին, որքան մինչ այդ Բեթելում անցկացրած ժամանակը։ Անկախ այն բանից, թե ով էր դռնով ներս մտնում՝ այցելու, թե Բեթելի ընտանիքի նոր անդամ, ես հուզվում էի Թագավորության գործի ընդարձակման համար գործադրված մեր կոլեկտիվ ջանքերի արդյունքների մասին խորհելիս։
Աստվածաշնչի եռանդուն ուսումնասիրողներ
Մեր Բեթելի ընտանիքը հոգևորապես ծաղկում է, քանի որ նրա անդամները սիրում են Աստվածաշունչը։ Երբ ես նոր էի եկել Բեթել, հարցրեցի Էմմա Համիլտոնին, որն աշխատում էր իբրև սրբագրիչ, թե քանի անգամ է կարդացել Աստվածաշունչը։ «Երեսունհինգ,– պատասխանեց նա,– դրանից հետո հաշիվս կորցրեցի»։ Անտոն Կերբերը՝ մեկ ուրիշ հավատարիմ քրիստոնյա, որը ծառայել էր Բեթելում գրեթե այնքան, որքան Էմման, սովորություն ուներ ասելու. «Աստվածաշունչը միշտ ձեռքի տակ ունեցեք»։
1916 թ.–ին՝ եղբայր Ռասելի մահից հետո, Ջոզեֆ Ֆ. Ռադերֆորդը իր վրա վերցրեց Ռասելի ուսերին դրված կազմակերպչական պատասխանատվությունները։ Ռադերֆորդը փայլուն, հմուտ հռետոր էր, և որպես իրավաբան՝ պաշտպանում էր Եհովայի վկաների դատական գործերը Միացյալ Նահանգների գերագույն դատարանում։ Ռադերֆորդի մահից հետո՝ 1942 թ.–ին, այդ պաշտոնը ստանձնած եղբայր Նորը շատ էր աշխատում իր հռետորական ունակությունները զարգացնելու ուղղությամբ։ Քանի որ իմ սենյակը գտնվում էր նրա սենյակի կողքին, ես հաճախ էի լսում, թե ինչպես էր նա վարժվում՝ նորից ու նորից կրկնելով իր ելույթները։ Այս տքնաջան աշխատանքի շնորհիվ ժամանակի ընթացքում նա լավ հռետոր դարձավ։
1942 թ. փետրվարին եղբայր Նորի օգնությամբ մի ծրագիր հաստատվեց, որը օգնում էր Բեթելի բոլոր եղբայրներին զարգացնելու իրենց ուսուցչական ու հռետորական ընդունակությունները։ Դպրոցում ուշադրությունը կենտրոնացված էր Աստվածաշնչի հետազոտության և հանրային ելույթի վրա։ Սկզբում մեզանից յուրաքանչյուրին հանձնարարվեց կարճ ելույթով աստվածաշնչային որևէ կերպար ներկայացնել։ Իմ առաջին ելույթը Մովսեսի մասին էր։ 1943 թ.–ին համանման դասընթացներ սկսվեցին Եհովայի վկաների ժողովներում, և մինչև օրս էլ դրանք շարունակվում են։ Բեթելում մինչև հիմա էլ մեծ կարևորություն է տրվում աստվածաշնչային գիտելիքների ձեռք բերմանն ու արդյունավետ ուսուցչական մեթոդների զարգացմանը։
1943 թ. փետրվարին սկսվեցին միսիոներական «Գաղաադ» դպրոցի առաջին դասարանի դասընթացները։ Իսկ հիմա արդեն «Գաղաադի» 111–րդ դասարանն է ավարտվել։ Ավելի քան 58–ամյա գործունեության ընթացքում դպրոցը պատրաստել է ավելի քան 7 000 միսիոներ՝ աշխարհի տարբեր մասերում ծառայելու համար։ Ուշագրավ է, որ 1943–ին, երբ դպրոցը բացվեց, ամբողջ աշխարհում միայն 100 000 Եհովայի վկա կար։ Այժմ ավելի քան 6 000 000 մարդ է մասնակցում Աստծո Թագավորության բարի լուրի քարոզմանը։
Երախտապարտ՝ իմ հոգևոր ժառանգության համար
Նախքան «Գաղաադի» հիմնադրումը Բեթելի ծառայողներից երեքին, այդ թվում նաև ինձ, նշանակեցին Միացյալ Նահանգների ժողովներն այցելելու։ Մենք մեկ կամ մի քանի օր, իսկ երբեմն էլ նույնիսկ մեկ շաբաթ մնում էինք այդ ժողովներում՝ դրանք հոգևորապես ամրացնելու նպատակով։ Մենք կոչվեցինք եղբայրներին ծառայողներ. մի անուն, որը հետագայում փոխվեց շրջագայող ծառայի, կամ շրջագայող վերակացուի։ Այնուամենայնիվ, շուտով՝ «Գաղաադ» դպրոցի բացվելուց հետո, ինձ խնդրեցին վերադառնալ և դասավանդել մի քանի կուրսերում։ Ես ուսուցանում էի 2–5–րդ դասարաններում, նաև 14–րդ դասարանում փոխարինում էի ուսուցիչներից մեկին։ Հնարավորություն ունենալով ուսանողների հետ քննել Եհովայի կազմակերպության ժամանակակից պատմության վաղ իրադարձությունները, որոնցից շատերի մասին կարող էի իմ անձնական փորձից պատմել՝ ես է՛լ ավելի գնահատեցի իմ հոգևոր ժառանգությունը։
Տարիների ընթացքում ես մեծ ուրախություն էի ստանում ինձ բաժին ընկած մեկ ուրիշ հիանալի հնարավորությունից ևս. դա Եհովայի ժողովրդի միջազգային համաժողովներին մասնակցելն էր։ 1963 թ.–ին ես ճանապարհորդեցի աշխարհով մեկ «Հավիտենական ավետիս» խորագրով համաժողովի ավելի քան 500 պատվիրակների հետ։ Իմ այցելած մյուս պատմական համաժողովներն էին՝ 1989 թ.–ին՝ Վարշավայում, 1990 թ.–ին՝ Բեռլինում, 1993 թ.–ին՝ Մոսկվայում կայացածները։ Յուրաքանչյուր համաժողովում ես հնարավորություն ունեցա հանդիպելու մեր թանկագին եղբայրներին ու քույրերին, որոնք տասնամյակներ շարունակ դիմացել էին նացիստական, կոմունիստական ռեժիմներին, կամ էլ՝ և՛ մեկին, և՛ մյուսին։ Հավատն ամրապնդող ի՜նչ հրաշալի օրինակներ էին այդ մարդիկ։
Եհովայի ծառայության մեջ անցկացրած իմ կյանքը իսկապես հոգևորապես հարուստ է եղել։ Հոգևոր օրհնությունները երբեք չեն դադարել։ Ի տարբերություն նյութական հարստության՝ որքան ավելի շատ ենք կիսվում այդ հոգևոր գանձերով, այնքան դրանք ավելանում են։ Երբեմն լսում եմ, թե ինչպես են ոմանք ասում, որ չէին ուզենա մեծացած լինել Եհովայի վկաների ընտանիքում։ Նրանց կարծիքով՝ իրենք ավելի շատ կգնահատեին ճշմարտությունը, եթե սկզբում Եհովայի կազմակերպությունից դուրս եղող կյանքը ճաշակած լինեին։
Ես միշտ էլ անհանգստանում եմ, երբ երիտասարդներից նման բաներ եմ լսում, քանի որ իրականում իրենց ասածից հետևում է, որ Եհովայի գիտության մեջ մեծանալը լավագույն բանը չէ։ Այդ դեպքում մտածեք, թե ինչ վատ սովորություններից ու ապականված մտածելակերպից պիտի ետ վարժվեն այն անձնավորությունները, ովքեր իրենց կյանքում ավելի ուշ են գտնում աստվածաշնչյան ճշմարտությունը։ Ես միշտ էլ խորապես երախտապարտ եմ եղել, որ իմ ծնողները մեծացրել են իրենց երեք երեխաներին ճշմարտության ճանապարհով։ Ջոնը շարունակեց հավատարմորեն ծառայել Եհովային մինչև իր կյանքի վերջը՝ 1980 թ. հուլիսը, իսկ Էստերը մինչև օրս էլ հավատարիմ Վկա է։
Ես անսահման սիրով եմ հիշում այն բազմաթիվ հավատարիմ քրիստոնյա եղբայրներին ու քույրերին, որոնց ընկերակցությունից մեծ ուրախություն եմ ստացել։ Ես արդեն ավելի քան 67 հրաշալի տարիներ եմ անցկացրել Բեթելում, ու թեև երբեք չեմ ամուսնացել, այնուամենայնիվ ունեմ շատ հոգևոր որդիներ ու դստրեր, ինչպես նաև հոգևոր թոռներ։ Նաև ինձ մեծ ուրախություն է պատճառում մեր համաշխարհային հոգևոր ընտանիքի բոլոր նոր ու շատ սիրելի անդամների մասին մտածելը, որոնց դեռ շարունակում եմ դիմավորել. նրանցից յուրաքանչյուրն էլ թանկ է։ Որքան ճշմարիտ են հետևյալ խոսքերը. «Տէրոջ օրհնութիւնն է, որ հարստութիւն կու տայ» (Առակաց 10։22, Արևմտ. Աստ.)։
[ծանոթագրություն]
a Ես մկրտվեցի 1932 թ. մարտի 8–ին, փաստորեն, ռահվիրա դառնալու որոշումն ընդունելուց հետո։
[նկար 20–րդ էջի վրա]
Ձախից աջ՝ հայրս՝ Ջոնին ծնկներին դրած, Էստերը, ես ու մայրս
[նկարներ 23–րդ էջի վրա]
1945 թ.–ին «Գաղաադում» դասավանդելիս
Վերևում աջից՝ «Գաղաադ» դպրոցի ուսուցիչներ էդուարդո Կելլերը, Ֆրեդ Ֆրենցը, ես և Ալբերտ Շրյոդերը
[նկար 24–րդ էջի վրա]
Եհովայի ծառայության մեջ անցկացրած իմ հարուստ կյանքի մասին խորհելիս