Ոսկե օրենք. ունիվերսալ սկզբունք
«Այն ամէնը, ինչ կը կամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպէս եւ դո՛ւք արէք նրանց» (Մատթէոս 7։12)։
Այս խոսքերն ասվել են մոտ երկու հազար տարի առաջ Հիսուս Քրիստոսի կողմից իր հանրահայտ Լեռան քարոզում։ Այդ ժամանակվանից ի վեր՝ դարերի ընթացքում շատ բան է ասվել և գրվել այս պարզ հայտարարության մասին։ Օրինակի համար՝ գովասանքի արժանանալով՝ այն կոչվել է՝ «Գրությունների բուն իմաստ», «մերձավորի նկատմամբ քրիստոնյայի պարտականության համառոտ ամփոփում», «հիմնական բարոյական սկզբունք», և այնքան հանրահայտ է դարձել, որ հաճախ անվանվել է ոսկե օրենք։
Սակայն, միայն այսպես կոչված քրիստոնեական աշխարհը չէ, որ ընդունում է ոսկե օրենքը։ Հուդայականության, բուդդայականության և հունական փիլիսոփայության մեջ ևս տարբեր մեկնաբանություններ են տրվել այս հիմնական սկզբունքի վերաբերյալ։ Հեռավոր Արևելքում ապրող մարդկանց հատկապես հայտնի է Կոնֆուցիոսի պնդումը, որն իբրև մեծագույն մտածող և ուսուցիչ մեծ հարգանք է վայելում այնտեղ։ «Ծաղկաքաղում»՝ նրա չորս գրքերից երրորդում, այդ միտքը գտնում ենք երեք անգամ։ Երկու անգամ՝ երբ իր աշակերտների հարցերին պատասխանելիս Կոնֆուցիոսն ասաց. «Ինչ չեք ուզում, որ ձեր նկատմամբ արվի, դուք էլ մի արեք ուրիշներին»։ Եվ մի անգամ էլ՝ երբ իր աշակերտ Զիգոնգը պարծեցավ. «Ինչ չեմ ուզում, որ ուրիշներն անեն ինձ, չեմ ուզում նաև անել իրենց»։ Առարկելով՝ ուսուցիչը, տվեց հետևյալ սթափեցնող պատասխանը. «Այո՛, բայց դու դեռ չես կարող այդպես վարվել»։
Կարդալով այս խոսքերը՝ կարելի է նկատել, որ Կոնֆուցիոսի պնդումը ավելի ուշ Հիսուսի կողմից ասվածի պասսիվ տարբերակն է։ Հիմնական տարբերությունն այն է, որ Հիսուսի կողմից տրված ոսկե օրենքը գործնական քայլերի է մղում՝ ուրիշներին լավություն անելու։ Պատկերացնենք, մարդիկ կիրառում են Հիսուսի՝ գործողության մղող այս խորհուրդը. այսինքն՝ հոգ են տանում ուրիշների մասին և նրանց օգնություն ցույց տալու համար քայլեր ձեռնարկում՝ այս օրենքի համաձայն ամեն օր ապրելով։ Մի՞ թե այսօրվա աշխարհն ավելի լավը չէր դառնա։ Անկասկած։
Անկախ այն բանից, թե ինչ երանգով է արտահայտվում օրենքը՝ ակտիվ , պասսիվ կամ մեկ ուրիշ ձևով՝ կարևորն այն է, որ տարբեր ժամանակաշրջաններում ու վայրերում ապրող, ինչպես նաև տարբեր ծագում ունեցող մարդիկ մեծապես վստահել են այդ գաղափարին։ Սա պարզապես ցույց է տալիս, որ Լեռան քարոզում Հիսուսը ունիվերսալ սկզբունք է տվել, որը ազդել է բոլոր վայրերում և բոլոր ժամանակաշրջաններում ապրած մարդկանց կյանքի վրա։
Հարցրեք ինքներդ ձեզ. «Կցանկանայի՞, արդյոք, որ իմ նկատմամբ վարվեին հարգանքով, արդարացիորեն և ազնվորեն։ Կուզեի՞ ապրել այնպիսի մի աշխարհում, որտեղ չկան ազգային նախապաշարմունք, հանցագործություն և պատերազմ։ Կցանկանայի՞ ունենալ այնպիսի ընտանիք, որի անդամներից յուրաքանչյուրը հաշվի է առնում մյուսների զգացմունքները և հոգ տանում նրանց բարօրության մասին»։ Եվ իսկապես, ո՞վ կհրաժարվեր այսպիսի հնարավորությունից։ Սակայն դաժան իրականությունն այն է, որ քչերն են նման պայմաններ վայելում։ Մարդկանց մեծ մասը նույնիսկ չի էլ պատկերացնում, որ դա հնարավոր է։
Ոսկե օրենքը կորցնում է իր փայլը
Պատմությունն արձանագրել է մարդկության նկատմամբ կատարված հանցագործությունների դեպքեր, որոնց ժամանակ ամբողջովին ոտնահարվել են մարդկանց իրավունքները։ Դրանց մեջ են մտնում՝ Աֆրիկայից ստրուկների վաճառքը, նացիստական մահվան ճամբարները, երեխաներին ստիպողաբար աշխատեցնելը և մի շարք վայրերում կատարված վայրագ ցեղասպանությունները։ Այս սարսափելի ցուցակը կարելի է դեռ երկար շարունակել։
Գիտատեխնիկական առաջընթաց ապրող մեր այսօրվա աշխարհը եսակենտրոն է։ Քչերն են մտածում ուրիշների մասին, երբ իրենց սեփական շահերն ու կարծեցյալ իրավունքները հարվածի տակ են (Բ Տիմոթէոս 3։1–5)։ Ինչու՞ է եսասեր, դաժան, անգութ և եսակենտրոն մարդկանց թիվն այսպես շատանում։ Գուցե պատճառն այն է, որ ոսկե օրենքը, որը մինչև հիմա էլ շատ հայտնի է, մի կո՞ղմ է դրվել՝ իբրև անիրական, բարոյականության մնացուկ։ Ցավոք, դա հաճախ բնորոշ է նույնիսկ նրանց, ովքեր պնդում են, թե հավատում են Աստծուն։ Եթե այսպես շարունակվի, ապա, ամենայն հավանականությամբ, մարդիկ միայն ավելի եսակենտրոն կդառնան։
Ուստի, հարկավոր է քննել հետևյալ կարևոր հարցերը։ Ի՞նչ է նշանակում՝ ապրել ոսկե օրենքի համաձայն։ Արդյո՞ք որևիցե մեկը դեռ շարունակում է ապրել այդ օրենքով։ Երբևէ կգա այնպիսի ժամանակ, երբ ողջ մարդկությունը կկիրառի ոսկե օրենքը։ Այս հարցերի ճշմարիտ պատասխանները ստանալու համար կարդացեք հաջորդ հոդվածը։
[նկար 3–րդ էջի վրա]
Կոնֆուցիոսը և ուրիշները սովորեցնում էին ոսկե օրենքի տարբերակները