Հիշո՞ւմ եք
Ուշադի՞ր եք կարդացել «Դիտարանի» վերջին համարները։ Այդ դեպքում փորձեք պատասխանել հետևյալ հարցերին.
• Գերմանիայի Ֆեդերալ սահմանադրական դատարանը կրոնին առնչվող ի՞նչ իրավաբանական հաղթանակի նպաստեց։
Այդ դատարանը չեղյալ համարեց մեկ այլ դատարանի ընդունած որոշումը, որով մերժվել էր ճանաչել Եհովայի վկաներին որպես հանրային–իրավական կորպորացիա։ Վերջնական որոշման մեջ նշվեց, որ անհատը կարող է ավելի ‘հնազանդվել հավատի դրույթներին’, քան պետության պահանջներին՝ ելնելով կրոնական ազատության իր իրավունքից (15.8, էջ 8)։
• Որքա՞ն տևեց Հոբի տառապանքը։
«Յոբ» գիրքը չի նշում, թե նա տառապել է երկար տարիներ։ Հոբի տառապանքը տևել է մի քանի ամիս, կամ միգուցե մեկ տարուց քիչ պակաս (15.8, էջ 31)։
• Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Բանսարկուն ավելին է, քան պարզապես երևակայության արդյունք։
Հիսուս Քրիստոսը գիտեր, որ Բանսարկուն իրոք գոյություն ունի։ Հիսուսը փորձվեց իրական անձնավորության կողմից, ոչ թե իր ներսում գտնվող ինչ–որ չար ուժի (Մատթէոս 4։1–11; Յովհաննէս 8։44; 14։30) (1.9, էջ 5, 6)։
• Առակաց 10։15–ն ասում է. «Հարուստի ճոխութիւնն իր զօրութեան քաղաքն է, իսկ աղքատների չքաւորութիւնն իրանց կործանումն է»։ Ինչո՞ւմ է կայանում այս խոսքի ճշմարիտ լինելը։
Երբ մարդու կյանքում անսպասելի դեպքեր են տեղի ունենում, հարստությունը կարող է որպես պաշտպանություն ծառայել, ինչպես ամուր քաղաքն է որոշ չափով ապահովություն տալիս իր բնակիչներին, մինչդեռ աղքատությունը կարող է կործանարար դեր խաղալ (15.9, էջ 24)։
• Ի՞նչ առումով «սկսուեցաւ Եհովայի անունը կանչ[վ]ելը» Ենովսի օրերում (Ծննդոց 4։26)։
Աստծո անունը օգտագործվել է մարդկության պատմության հենց սկզբից։ Սակայն Ենովսի օրերում Եհովայի անունը հավատով չէին կանչում։ Հավանաբար մարդիկ Եհովայի անունով իրենք իրենց կամ ուրիշ մարդկանց են անվանել՝ հավակնություն ունենալով նրանց միջոցով երկրպագության մեջ մոտենալ Աստծուն (15.9, էջ 29)։
• Ըստ Աստվածաշնչի՝ ի՞նչ է նշանակում «դաստիարակություն» բառը։
Այս բառը չի նշանակում կոպիտ վերաբերմունք կամ դաժանություն (Առակաց 4։13; 22։15)։ Հունարեն լեզվում այս բառը գլխավորապես նշանակում է ուսուցում, կրթություն, ուղղում և երբեմն էլ՝ խիստ, բայց սիրուց մղված պատիժ։ Այս հարցում ծնողները կարող են ընդօրինակել Եհովային՝ ձգտելով իրենց երեխաների հետ հաղորդակցության ուղիները բաց պահել (Եբրայեցիս 12։7–10) (1.10, էջ 8, 10)։
• Ինչպե՞ս են այսօր ճշմարիտ քրիստոնյաները ցույց տալիս, որ նրանք Աստծո իշխանության կողմնակիցներ են։
Լինելով Աստծո Թագավորության կողմնակիցներ՝ Եհովայի վկաները չեն խառնվում քաղաքականությանը և խռովություն չեն բորբոքում, նույնիսկ այն երկրներում, որտեղ նրանց գործունեությունը արգելված է (Տիտոս 3։1)։ Հիսուսի և առաջին դարի նրա աշակերտների նման նրանք էլ հոգևոր բնույթի աջակցություն են ցույց տալիս մարդկանց և ջանում են օգնել նրանց յուրացնել աստվածաշնչային այնպիսի արժեքներ, ինչպիսին են՝ ազնվությունը, բարոյական մաքրությունը և աշխատանքային կարգապահությունը (15.10, էջ 6)։
• Ինչպե՞ս են կյանք պարգևող ջրերը հոսում Անդերում։
Եհովայի վկաները ջանքեր են գործադրում, որպեսզի Անդերում Աստվածաշնչի ճշմարտությունը մարդկանց հասնի տեղի երկու՝ կեչուա և այմարա լեզուներով։ Վկաները այցելում են Տիտիկակա լճի կղզիներում, այդ թվում նաև՝ լճի ծանծաղուտում աճող եղեգներից պատրաստված «լողացող» կղզիներում բնակվող մարդկանց։ (15.10, էջ 8–10)։
• Ի՞նչ է Աստված տվել մարդուն առաջնորդվելու համար, որը կարելի է նմանեցնել ժամանակակից օդանավերի ղեկավարման համակարգին։
Աստված մարդուն օժտել է բարոյապես առաջնորդվելու ընդունակությամբ, բնածին բարոյական զգացումով։ Դա մեր ժառանգած խիղճն է (Հռովմայեցիս 2։14, 15) (1.11, էջ 3, 4)։
• Ինչո՞ւ Հիսուսի մահը մեծ արժեք ունի։
Երբ կատարյալ մարդ Ադամը մեղք գործեց, նա և իր սերունդը կորցրեցին հավիտյան ապրելու հնարավորությունը (Հռովմայեցիս 5։12)։ Լինելով կատարյալ մարդ՝ Հիսուսը զոհաբերեց իր կյանքը, տալով այն որպես փրկանք, ինչը հնարավոր դարձրեց հավատարիմ մարդկանց ձեռք բերել հավիտենական կյանք (15.11, էջ 5, 6)։
• Ովքե՞ր էին սկյութները՝ հիշատակված Կողոսացիս 3։11 խոսքում։
Սկյութները քոչվոր ցեղեր էին, որոնք մ.թ.ա. 700–300 թթ. իշխում էին Եվրասիայի տափաստաններում։ Նրանք ահազդու ձիավորներ ու զինվորներ են եղել։ Սակայն Կողոսացիս 3։11–ում հավանաբար խոսվում է ոչ թե ազգային պատկանելիության, այլ՝ քաղաքակրթությունից հեռու լինելու մասին։ (15.11, էջ 24, 25)։
• Ինչո՞ւ կարող ենք ասել, որ ոսկե օրենքը արժանի է մեր մշտական ուշադրությանը։
Էթիկայի այս հիմնական սկզբունքի վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ են տրված եղել հուդայականության, բուդդայականության, հունական փիլիսոփայության և կոնֆուցիականության մեջ։ Սակայն այն, ինչ ասվել է Հիսուսի կողմից Լեռան քարոզում, գործնական քայլերի է մղում և ազդել է բոլոր վայրերում և բոլոր ժամանակաշրջաններում ապրած մարդկանց կյանքի վրա (Մատթէոս 7։12) (1.12, էջ 3)։