Ինչո՞ւ է պետք մկրտված լինել
«Գնացէ՛ք.... աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք» (ՄԱՏԹԷՈՍ 28։19)։
1, 2. ա) Ի՞նչ հանգամանքներում են կատարվել որոշ մկրտություններ։ բ) Ինչպիսի՞ հարցեր են ծագում՝ մկրտության հետ կապված։
ՍԱՔՍՈՆՆԵՐԻ նկատմամբ հաղթանակ տարած ֆրանկների թագավոր Կարլոս Մեծը 775–777 թթ. նրանց մասսայական մկրտության ենթարկեց։ «Նա ստիպեց սաքսոններին դավանափոխ լինել և ընդունել այսպես կոչված քրիստոնեությունը»,— գրում է պատմաբան Ջոն Լորդը։ 987 թ.–ին ռուս իշխան Վլադիմիր I–ը, ամուսնանալով հույն արքայադստեր հետ, որն ուղղափառ էր, նույնպես որոշեց իր հպատակներին «քրիստոնյա» դարձնել։ Նա հրաման արձակեց՝ ժողովրդին մասսայական մկրտության ենթարկելու, հարկ եղած դեպքում՝ մահվան սպառնալիքով։
2 Սակայն, տեղի՞ն էին արդյոք նման մկրտությունները։ Մի՞ թե իրականում դրանք իմաստ ունեն։ Արդյո՞ք ամեն մեկը կարող է մկրտվել։
Մկրտություն. ինչպե՞ս
3, 4. Ինչո՞ւ մարդու վրա ջուր շաղ տալը կամ նրա գլխին ջուր լցնելը քրիստոնեական մկրտության ճիշտ ձևերը չեն։
3 Ստիպելով մարդկանց մկրտվել՝ Կարլոս Մեծն ու Վլադիմիր I–ը գործում էին Աստծո Խոսքին հակառակ։ Ի դեպ, ոչ մի իմաստ չկա աստվածաշնչյան ճշմարտությունը չսովորած անհատին մկրտելու մեջ՝ ինչպես էլ դա կատարվի՝ նրա վրա ջուր շաղ տալով, գլխին ջուր լցնելով, թե նրան ամբողջովին ջրի մեջ ընկղմելով։
4 Եկեք քննենք, թե ինչ տեղի ունեցավ, երբ մ.թ. 29 թ.–ին Նազովրեցի Հիսուսը գնաց Հովհաննես Մկրտչի մոտ։ Վերջինս Հորդանան գետում մկրտում էր մարդկանց. նրանք իրենց կամքով էին գալիս մկրտվելու։ Արդյո՞ք Հովհաննեսը մարդկանց պարզապես կանգնեցնում էր գետի մեջ և ապա մի քիչ ջուր լցնում նրանց գլխին կամ շաղ տալիս նրանց վրա։ Ինչպե՞ս տեղի ունեցավ Հիսուսի մկրտությունը։ Ըստ Մաթևոսի խոսքերի՝ մկրտվելուց հետո «Յիսուս.... իսկոյն ջրից դուրս ելաւ». նրան խորասուզեցին՝ ընկղմեցին Հորդանանի ջրի մեջ (Մատթէոս 3։16)։ Նմանապես՝ բարեպաշտ եթովպացի ներքինին մկրտվեց «ջրի [ավազանի]» մեջ։ Նման ավազանը անհրաժեշտ էր, քանի որ թե՛ Հիսուսը և թե՛ նրա աշակերտները ջրի մեջ ամբողջովին ընկղմվելով էին մկրտվել (Գործք 8։36)։
5. Ինչպե՞ս են առաջին քրիստոնյաները մկրտել մարդկանց։
5 «Մկրտվել», «մկրտություն» և նման ձևով թարգմանված այլ բառեր հունարենում ունեն ընկղմելու, խորասուզելու կամ ջրի մեջ ամբողջովին մտցնելու իմաստ։ «Սմիթի աստվածաշնչյան բառարանում» (անգլ.) ասվում է. ««Մկրտություն» բառացի նշանակում է ընկղմում, և դա տեղին է»։ Այդ պատճառով Աստվածաշնչի որոշ թարգմանություններում Հովհաննես Մկրտիչը կոչվում է «Հովհաննես Ընկղմող» կամ «Հովհաննես Խորասուզող» (Մատթէոս 3։1, «Rotherham»; «Diaglott», տող. ծան.) Ավգուստոս Նեանդերի «Քրիստոնեական կրոնի և եկեղեցու պատմությունը առաջին երեք դարերի ընթացքում» աշխատության մեջ ասվում է. «Սկզբնական շրջանում մկրտությունը կատարվում էր ջրի մեջ ընկղմելով»։ Իսկ լայն ճանաչում գտած «Լառուսը 20–րդ դարում» (Փարիզ, 1928 թ., անգլ.) աշխատության մեջ տրվում է հետևյալ մեկնաբանությունը. «Առաջին քրիստոնյաները ջրի մեջ ընկղմվելով էին մկրտվում և դա կարող էին անել ցանկացած այնպիսի վայրում, որտեղ ջուր կար»։ Իսկ «Նոր կաթոլիկական հանրագիտարանում» ասվում է. «Ակնհայտ է, որ եկեղեցու պատմության վաղ շրջանում մկրտությունը կատարվում էր ջրի մեջ ընկղմելով» (1967 թ., հ. II, էջ 56, անգլ.)։ Այդ պատճառով Եհովայի վկաների մկրտությունը, որը կամավոր քայլ է, այսօր նույնպես կատարվում է անհատին ջրի մեջ ամբողջովին ընկղմելով։
Մկրտվելու նոր պատճառ
6, 7. ա) Ո՞րն էր Հովհաննեսի կատարած մկրտության նպատակը։ բ) Հիսուսի հետևորդների մկրտությունը ի՞նչ նոր նպատակով էր կատարվում։
6 Հովհաննեսի և Հիսուսի հետևորդների կատարած մկրտությունների նպատակը տարբեր էր (Յովհաննէս 4։1, 2)։ Հովհաննեսը մարդկանց մկրտում էր՝ ի նշան այն բանի, որ նրանք զղջում են Մովսիսական օրենքի դեմ գործած իրենց մեղքերըa (Ղուկաս 3։3)։ Սակայն Հիսուսի հետևորդների մկրտությունը նոր նպատակ ուներ։ Մ.թ. 33 թ.–ի Պենտեկոստեին Պետրոս առաքյալը իր ունկնդիրներին տվեց հետևյալ հորդորը. «Ապաշխարեցէ՛ք, եւ ձեզանից իւրաքանչիւրը թող մկրտուի Տէր Յիսուս Քրիստոսի անունով՝ մեղքերի թողութեան համար» (Գործք 2։37–41)։ Պետրոսի խոսքերն ուղղված էին հրեաներին ու պրոզելիտներին։ Այս անգամ, սակայն, նա չէր խոսում այն մկրտությունների մասին, որ կատարվում էին ի նշան Մովսիսական օրենքի դեմ գործած մեղքերը զղջալու։ Նա չէր ուզում ասել նաև, որ Հիսուսի անունով մկրտվելով՝ կարելի է մաքրվել մեղքերից (Գործք 2։10, 11 ա)։
7 Այդ օրը Պետրոսն օգտագործեց «արքայութեան բանալիներից» առաջինը։ Ի՞նչ նպատակով։ Իր ունկնդիրներին Երկնքի արքայություն մտնելու հնարավորությունը բացահայտելու (Մատթէոս 16։19)։ Քանի որ հրեաները մերժել էին Հիսուսին որպես Մեսիա, ապաշխարելն ու նրա հանդեպ հավատ ցուցաբերելը նոր և շատ կարևոր մի գործոն էր Աստծուց թողություն գտնելու հարցում։ Նրանք կարող էին հրապարակայնորեն ցույց տալ իրենց հավատը՝ Հիսուս Քրիստոսի անունով ջրում մկրտվելով։ Այդպես նրանք կխորհրդանշեին այն, որ անձամբ նվիրվում են Աստծուն Քրիստոսի միջոցով։ Բոլոր նրանք, ովքեր հիմա ցանկանում են ստանալ Աստծո հավանությունը, նույնպես պետք է նման հավատ ցուցաբերեն, իրենք իրենց նվիրեն Եհովային և ընդունեն քրիստոնեական մկրտություն՝ ի նշան իրենց անմնացորդ նվիրման առ Բարձրյալը՝ Աստված։
Ճշգրիտ գիտությունը շատ կարևոր է
8. Ինչո՞ւ բոլորը չէ, որ կարող են մկտրվել։
8 Բոլորը չէ, որ կարող են մկրտվել։ Հիսուսը պատվիրեց իր հետևորդներին. «Գնացէ՛ք.... աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի» (Մատթէոս 28։19, 20)։ Ուրեմն՝ մկրտվելուց առաջ մարդուն պետք է ‘ուսուցանել՝ պահել այն ամենը, ինչ Հիսուսը պատվիրել էր իր աշակերտներին’։ Այնպես որ՝ Աստծո Խոսքի ճշգրիտ գիտության վրա հիմնված հավատ չունեցողին մկրտելն անիմաստ է և հակառակ է այն պատվերին, որ Հիսուսը տվել էր իր ճշմարիտ հետևորդներին (Եբրայեցիս 11։6)։
9. Ի՞նչ է նշանակում՝ մկրտվել «Հօր անունով»։
9 Սակայն, ի՞նչ է նշանակում՝ մկրտվել «Հօր անունով»։ Դա նշանակում է, որ մկրտության թեկնածուն ճանաչում է մեր երկնային Հոր դիրքն ու իշխանությունը՝ այսպիսով ընդունելով, որ Եհովա Աստված մեր Արարիչն է, ‘Բարձրյալը բոլոր երկրի վրա’ և տիեզերքի Գերիշխանը (Սաղմոս 83։18; Եսայիա 40։28; Գործք 4։24)։
10. «Որդու անունով» մկրտվելը ի՞նչ է նշանակում։
10 Մկրտվել «Որդու անունով» նշանակում է՝ ճանաչել այն դիրքն ու իշխանությունը, որ Հիսուս Քրիստոսն ունի որպես Աստծո միածին որդի (Ա Յովհաննէս 4։9)։ Մկրտության չափանիշներին համապատասխանող անհատը ընդունում է, որ Հիսուսն է նա, ում Աստված տվեց «որպէս փրկանք շատերի փոխարէն» (Մատթէոս 20։28; Ա Տիմոթէոս 2։5, 6)։ Նա նաև պետք է ճանաչի այն ‘խիստ բարձր’ դիրքը, որին Աստված արժանացրել է իր Որդուն (Փիլիպպեցիս 2։8–11; Յայտնություն 19։16)։
11. Ի՞նչ է նշանակում՝ մկրտվել «Սուրբ Հոգու անունով»։
11 Իսկ ի՞նչ է նշանակում՝ մկրտվել «Սուրբ Հոգու անունով»։ Դա նշանակում է, որ մկրտության թեկնածուն ընդունում է, որ սուրբ ոգին Եհովայի գործող ուժն է, և Աստված տարբեր ձևերով օգտագործում է այն՝ իր նպատակին ներդաշնակ (Ծննդոց 1։2; Բ Թագաւորաց 23։1, 2; Բ Պետրոս 1։21)։ Նրանք նաև գիտեն, որ սուրբ ոգին օգնում է հասկանալ «Աստծու խորունկ ծրագրերը», կատարել Թագավորության լուրը քարոզելու գործը, ինչպես նաև ցուցաբերել ոգու պտուղները, որոնք են՝ «սէր, խնդութիւն, խաղաղութիւն, համբերութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատարմութիւն, հեզութիւն, ժուժկալութիւն» (Ա Կորնթացիս 2։10; Գաղատացիս 5։22, 23; Յովէլ 2։28, 29)։
Ապաշխարելու և ընթացքը փոխելու կարևորությունը
12. Ի՞նչ կապ ունի քրիստոնեական մկրտությունը ապաշխարության հետ։
12 Մկրտությունը Աստծո հավանությունն ունեցող խորհրդանշական մի քայլ է, որը կապ ունի ապաշխարության հետ (սա չի վերաբերում Հիսուսի մկրտությանը, քանի որ վերջինս զերծ էր մեղքից)։ Ապաշխարելիս մենք խորապես ցավում ենք՝ անկեղծորեն զղջում ինչ–որ բան արած լինելու կամ արած չլինելու համար։ Աստծուն հաճեցնել ցանկացող այն հրեաները, որ ապրում էին առաջին դարում, պետք է զղջային Քրիստոսի դեմ գործած մեղքերը (Գործք 3։11–19)։ Իսկ Կորնթոսում ապրող որոշ հավատացյալներ զղջացին այնպիսի լուրջ մեղքեր, ինչպիսիք են՝ պոռնկությունը, կռապաշտությունը, գողությունը և այլն։ Դրա շնորհիվ՝ նրանք «լուացուեցին» Հիսուսի արյունով, «մաքրուեցին», կամ առանձնացվեցին Աստծուն ծառայելու համար և «արդարացուեցին» Քրիստոսի անունով և Աստծո ոգով (Ա Կորնթացիս 6։9–11)։ Ուրեմն՝ ապաշխարելը շատ կարևոր քայլ է մաքուր խիղճ ձեռք բերելու և Աստծո օգնությամբ մեղքերից ու հանցանքներից ազատվելու ճանապարհին (Ա Պետրոս 3։21)։
13. Մկրտության հետ կապված՝ ինչ է իր մեջ ներառում ընթացքը փոխելը։
13 Որպես Եհովայի վկա մկրտվելուց առաջ պետք է փոխենք մեր ընթացքը։ Դա կամավոր մի քայլ է, որը կարող են կատարել այն մարդիկ, ովքեր ամբողջ սրտով որոշել են հետևել Հիսուս Քրիստոսին։ Այդ անհատները հրաժարվում են իրենց նախկին ընթացքից և վճռում են անել այն, ինչ ճիշտ է Աստծո տեսանկյունից։ «Ընթացքը փոխել» արտահայտության համար օգտագործված բայերը Եբրայերեն և Հունարեն գրություններում կրում են ետ դառնալու, ամբողջովին փոխվելու իմաստ։ Այս քայլը կատարել՝ նշանակում է սխալ ճանապարհից Աստծուն դառնալ (Գ Թագաւորաց 8։33, 34)։ Ընթացքը փոխելու համար «ապաշխարութեան արժանի գործեր» են հարկավոր (Գործք 26։20)։ Այսինքն՝ մենք պետք է մերժենք կեղծ երկրպագությունը, գործենք Աստծո պատվիրաններին ներդաշնակ և Եհովայի հանդեպ բացարձակ նվիրվածություն ցուցաբերենք (Բ Օրինաց 30։2, 8–10; Ա Թագաւորաց 7։3)։ Ընթացքի փոփոխությունը մեր մտածելակերպի, նպատակների և անձնավորության փոփոխման հետևանք է (Եզեկիէլ 18։31)։ Մենք ‘դարձի ենք գալիս’՝ Աստծուն ոչ հաճելի հատկությունները մեր միջից վերացնելով և նոր անձնավորություն մշակելով (Գործք 3։19; Եփեսացիս 4։20–24; Կողոսացիս 3։5–14)։
Սրտանց նվիրվելը շատ կարևոր է
14. Ի՞նչ է խորհրդանշում Հիսուսի հետևորդների նվիրումը։
14 Մկրտվելուց առաջ Հիսուսի հետևորդները պետք է նաև ամբողջ սրտով նվիրվեն Աստծուն։ Նվիրվելը սրբազան նպատակով առանձնացվելու խորհրդանիշ է։ Այս քայլը չափազանց կարևոր է. ուստի՝ մենք պետք է Եհովային աղոթքով հայտնենք հավիտյան իր հանդեպ բացարձակ նվիրվածություն ցուցաբերելու մեր որոշման մասին (Բ Օրինաց 5։9)։ Իհարկե, մենք ոչ թե ինչ–որ գործի կամ մարդու ենք նվիրվում, այլ՝ հենց Աստծուն։
15. Ինչո՞ւ են մկրտության թեկնածուները ջրի մկրտություն ընդունում։
15 Քրիստոսի միջոցով Աստծուն նվիրվելով՝ ցույց ենք տալիս, որ որոշել ենք մեր կյանքը օգտագործել Աստծո կամքը կատարելու նպատակով՝ այդպիսով գործելով Գրություններին համաձայն։ Ի նշան իրենց նվիրման՝ մկրտության թեկնածուները մկրտվում են ջրում՝ ճիշտ այնպես, ինչպես Հիսուսը, որը մկրտվեց Հորդանան գետում՝ իր անձը Աստծուն ներկայացնելով (Մատթէոս 3։13)։ Ուշադրության է արժանի նաև այն, որ այդ շատ կարևոր իրադարձության առիթով Հիսուսը աղոթեց (Ղուկաս 3։21, 22)։
16. Ինչպե՞ս տեղին կլինի արտահայտել մեր ուրախությունը մկրտության ժամանակ։
16 Հիսուսի մկրտությունը լուրջ իրադարձություն էր, բայց նաև՝ ուրախալի։ Նույնը կարելի է ասել այսօր կատարվող քրիստոնեական մկրտությունների մասին։ Մեր ուրախությունը այն բանի համար, որ մարդիկ խորհրդանշում են իրենց նվիրումը ջրի մկրտությամբ, կարող ենք արտահայտել հարգալից ծափահարություններով և գովասանքի ջերմ խոսքերով։ Սակայն, լավ կլինի խուսափել գոռում–գոչյուններով ուղեկցվող ծափահարություններից, սուլոցներից և նման բաներից՝ հաշվի առնելով հավատի արտահայտման այդ պահի սրբությունը։ Մեր ուրախությունը պետք է արտահայտվի արժանավայել կերպով։
17, 18. Ի՞նչն է օգնում հասականալ՝ անհատը պատրաստ է մկրտության, թե՝ ոչ։
17 Ի տարբերություն նրանց, ովքեր ջուր են շաղ տալիս երեխաների վրա կամ աստվածաշնչյան գիտություն չունեցող ամբոխին բռնի կերպով մկրտության ենթարկում՝ Եհովայի վկաները երբեք որևէ մեկի չեն ստիպում մկրտվել։ Ի դեպ, նրանք չեն մկրտում այն մարդկանց, ովքեր դրան հոգևորապես պատրաստ չեն։ Անգամ, երբ ինչ–որ մեկը ցանկանում է բարի լուրի չմկրտված քարոզիչ դառնալ, քրիստոնյա երեցները նախ հավաստիանում են, որ տվյալ անհատը հասկանում է Աստվածաշնչի հիմնական ուսմունքները, ապրում դրանց համաձայն և դրական պատասխան է տալիս հետևյալ հարցին. «Իսկապե՞ս ցանկանում ես Եհովայի վկա դառնալ»։
18 Եթե անհատը նպատակային մասնակցություն է ցուցաբերում Թագավորության բարի լուրի քարոզման գործին և արտահայտում է մկրտվելու ցանկություն, ապա քրիստոնյա երեցները զրույցներ են անցկացնում նրա հետ (բացառությամբ որոշ դեպքերի), որպեսզի տեսնեն, թե արդյոք տվյալ անձնավորությունը հավատ ունի, նվիրվել է Եհովային և պատրաստ է մկրտության (Գործք 4։4; 18։8)։ Ավելի քան հարյուր աստվածաշնչյան հարցերին տրվող անհատական պատասխաններից երեցները որոշում են՝ տվյալ անձնավորությունը համապատասխանում է մկրտվելու համար Աստվածաշնչի պահանջներին, թե՝ ոչ։ Ոմանք այդ պահանջներին չեն համապատասխանում, ուստի մկրտվելու թույլտվություն չեն ստանում։
Քեզ ինչ–որ բան ե՞տ է պահում
19. Յովհաննէս 6։44–ի համաձայն՝ ովքե՞ր են լինելու Հիսուսի ժառանգակիցները։
19 Մասսայական մկրտության ենթարկվածներից շատերին ըստ երևույթին հավաստիացրել են, թե մահվանից հետո նրանք երկինք են գնալու։ Մինչդեռ, հիշատակելով իր հետևորդներին՝ Հիսուսն ասել է. «Ոչ ոք չի կարող գալ դէպի ինձ, եթէ նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց» (Յովհաննէս 6։44)։ Եհովան դեպի Հիսուսն է «ձգել» 144 000 հոգու, որոնք երկնային Թագավորության մեջ լինելու են Հիսուսի ժառանգակիցները։ Ստիպողաբար կատարված մկրտությունները երբեք չեն կարող սրբացնել որևէ մեկի, որպեսզի վերջինս արժանանա այդ փառահեղ դիրքին (Հռովմայեցիս 8։14–17; Բ Թեսաղոնիկեցիս 2։12; Յայտնութիւն 14։1)։
20. Ի՞նչը կարող է օգնել ոմանց, ովքեր դեռ չեն մկրտվել, կատարել այդ քայլը։
20 Սկսած հատկապես 1930–ականների կեսերից՝ ‘մեծ նեղությունից’ փրկվելու և երկրի վրա հավիտյան ապրելու հույս ունեցող մարդիկ սկսեցին միանալ Հիսուսի «այլ ոչխարների» խմբին (Յայտնություն 7։9, 14; Յովհաննէս 10։16)։ Մկրտությանը պատրաստ լինելը այդ անհատները ցույց են տվել նրանով, որ համապատասխանեցրել են իրենց կյանքը Աստծո Խոսքում գրված չափանիշներին։ Նրանք նաև սիրում են Աստծուն ‘ամբողջ սրտով, հոգով, զորությամբ և մտքով’ (Ղուկաս 10։25–28)։ Սակայն, թեև ոմանք հասկանում են, որ Եհովայի վկաները ‘երկրպագում են Աստծուն ոգով և ճշմարտությամբ’, այնուամենայնիվ չեն հետևում Հիսուսի օրինակին և չեն մկրտվում՝ հրապարակայնորեն ցույց չտալով իրենց անկեղծ սերն ու բացարձակ նվիրվածությունը Եհովա Աստծո հանդեպ (Յովհաննէս 4։23, 24; Բ Օրինաց 4։24; Մարկոս 1։9–11)։ Անկեղծ աղոթքը այս շատ կարևոր քայլի մասին կոգևորի նրանց և կմղի լիարժեք կերպով իրենց կյանքը Աստծո Խոսքում գրված պահանջներին համապատասխանեցնելու, անվերապահորեն Աստծուն նվիրվելու և մկրտվելու։
21, 22. Ի՞նչ պատճառներով են ոմանք խուսափում նվիրվելուց ու մկրտվելուց։
21 Իսկ ոմանք խուսափում են նվիրվելուց ու մկրտվելուց այն պատճառով, որ տարվելով աշխարհիկ գործերով կամ հարստանալու ձգտումներով՝ հոգևոր բաների համար քիչ ժամանակ են ունենում (Մատթէոս 13։22; Ա Յովհաննէս 2։15–17)։ Ինչպիսի՜ երջանկություն կգտնեն նրանք, եթե փոխեն իրենց տեսակետներն ու նպատակները։ Եհովայի հետ մտերմանալը նրանց հոգևորապես կհարստացնի, կօգնի ազատվել բազում հոգսերից և կբերի այնպիսի խաղաղություն ու բավարարվածություն, որը գալիս է Աստծո կամքը կատարելուց (Սաղմոս 16։11; 40։8; Առակաց 10։22; Փիլիպպեցիս 4։6, 7)։
22 Ոմանք էլ, թեև ասում են, որ սիրում են Եհովային, չեն նվիրվում նրան ու չեն մկրտվում՝ այդպիսով, իրենց կարծիքով, խուսափելով պատասխանատվությունից։ Սակայն մեզանից յուրաքանչյուրն էլ հաշիվ է տալու Աստծուն։ Իսկ պատասխանատվությունը մեզ վրա ընկնում է այն պահից, երբ լսում ենք Եհովայի խոսքը (Եզեկիէլ 33։7–9; Հռովմայեցիս 14։12)։ Լինելով ‘ընտրված ժողովուրդ’՝ հնում հրեաները ծնվում էին որպես Եհովային նվիրված ազգի անդամներ և, հետևաբար, պարտավոր էին, Աստծո պատվիրանները կատարելով, հավատարմորեն ծառայել նրան (Բ Օրինաց 7։6, 11)։ Այսօր, սակայն, ոչ ոք չի ծնվում որպես Եհովայի նվիրված ծառա։ Այնուամենայնիվ, եթե ստացել ենք աստվածաշնչյան ճշգրիտ գիտությունը, ապա պետք է հավատով կիրառենք այն։
23, 24. Ի՞նչ մտավախություններ չպետք է անհատին ետ պահեն մկրտվելուց։
23 Մկրտությունից անհատին կարող է ետ պահել նաև այն մտավախությունը, թե նա բավարար գիտելիքներ չունի։ Սակայն, մենք բոլորս էլ դեռ շատ բան ունենք սովորելու, քանի որ «մարդս չէ կարող ըմբռնել Աստուծոյ արած գործքը գլխիցը մինչեւ ծայրը» (Ժողովող 3։11)։ Քննենք եթովպացի ներքինու օրինակը։ Որպես պրոզելիտ՝ նա Գրություններից որոշ գիտելիքներ ուներ, բայց Աստծո նպատակների հետ կապված բոլոր հարցերի պատասխանները չգիտեր։ Այնուամենայնիվ, լսելով Հիսուսի քավիչ զոհաբերության միջոցով փրկություն ստանալու Եհովայի կարգադրության մասին՝ ներքինին առանց հապաղելու մկրտվեց (Գործք 8։26–38)։
24 Ոմանք էլ վարանում են նվիրվել Աստծուն՝ վախենալով, որ գուցե մինչև վերջ չկարողանան պահպանել իրենց հավատարմությունը։ 17–ամյա Մոնիկան ասում է. «Ես խուսափում եմ մկրտվելուց, քանի որ վախենում եմ, թե չկարողանամ ապրել իմ նվիրման համաձայն»։ Սակայն, եթե ամբողջ սրտով վստահում ենք Եհովային, նա ‘կուղղի մեր ճանապարհները’։ Նա կօգնի մեզ՝ ‘ճշմարտությամբ ընթանալ’ որպես հավատարիմ, նվիրված ծառաներ (Առակաց 3։5, 6; Գ Յովհաննէս 4)։
25. Ո՞ր հարցը արժե քննարկել։
25 Եհովայի հանդեպ խոր վստահությունը և ուժեղ սերը ամեն տարի հազարավոր մարդկանց մղում են նվիրման ու մկրտության։ Անկասկած, Աստծո բոլոր նվիրված ծառաներն էլ ցանկանում են հավատարիմ մնալ նրան։ Սակայն մենք ապրում ենք դժվար ժամանակներում և բախվում հավատի տարբեր փորձությունների հետ (Բ Տիմոթէոս 3։1–5)։ Ի՞նչ կարող ենք անել մեր նվիրման համաձայն ապրելու համար։ Այս հարցը կքննարկվի հաջորդ հոդվածում։
[ծանոթագրություն]
a Քանի որ Հիսուսը անմեղ էր, նրա մկրտությունը ոչ թե ապաշխարության խորհրդանիշ էր, այլ նշան էր այն բանի, որ նա ներկայացնում է իրեն՝ Իր Հոր՝ Աստծո կամքը կատարելու (Եբրայեցիս 7։26; 10։5–10)։
Հիշո՞ւմ եք
• Ինչպե՞ս է կատարվում քրիստոնեական մկրտությունը։
• Մկրտվելու համար ի՞նչ գիտելիքներ է պետք է ունենալ։
• Ո՞ր քայլերն են առաջնորդում ճշմարիտ քրիստոնյաներին դեպի մկրտություն։
• Ի՞նչն է ոմանց ետ պահում մկրտությունից, և ի՞նչը կարող է օգնել նրանց։
[նկարներ 14–րդ էջի վրա]
Գիտե՞ք, թե ինչ է նշանակում՝ մկրտված լինել ‘Հոր, Որդու և սուրբ ոգու անունով’