Հիշո՞ւմ եք
Հավանաբար մեծ բավականություն եք ստացել «Դիտարան» պարբերագրի վերջին համարները կարդալուց, այնպես չէ՞։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանաք արդյոք պատասխանել հետևյալ հարցերին.
• Ի՞նչ է կարեկցանքը, և ինչո՞ւ պիտի քրիստոնյան զարգացնի այդ հատկությունը։
Դա մեզ ուրիշի փոխարեն պատկերացնելու ունակությունն է, ուրիշի ցավը զգալու կարողությունը։ Քրիստոնյաներին խորհուրդ է տրվում լինել «կարեկից, եղբայրասէր, ազնուագութ» (Ա Պետրոս 3։8)։ Կարեկցանք ցուցաբերելու հարցում մեզ համար լավ օրինակ է հանդիսանում Եհովան (Սաղմոս 103։14; Զաքարիա 2։8)։ Կարեկցելու մեր ունակությունը կարող ենք զարգացնել լսելու, դիտելու և երևակայությունը գործի դնելու միջոցով (15.04, էջ 24–26)։
• Ինչո՞ւ ֆիզիկական արատներից ազատվելուն պիտի նախորդի հոգևոր բուժումը, որպեսզի մարդիկ հասնեն իսկական երջանկության։
Ֆիզիկապես առողջ շատ մարդիկ այսօր դժբախտ են և հոգսերից ընկճված։ Մինչդեռ ֆիզիկական արատներ ունեցող շատ քրիստոնյաներ, Եհովային ծառայելով, երջանկություն են գտել։ Հոգևոր բուժումից օգուտ քաղող անհատները նոր աշխարհում հնարավորություն կունենան ֆիզիկական արատներից ազատվելու (01.05, էջ 6, 7)։
• Ինչո՞ւ է Եբրայեցիս 12։16–ում Եսավը հավասարեցվում պոռնիկի։
Աստվածաշնչից երևում է, որ Եսավը իր ցանկություններին անմիջապես բավարարում տալու հակվածություն ուներ։ Բացի այդ, նա հարգանք չէր ցուցաբերում սուրբ բաների նկատմամբ։ Նման մտածելակերպը կարող է դրդել լուրջ մեղքի, օրինակ՝ պոռնկության (01.05, էջ 10, 11)։
• Ո՞վ է Տերտուլիանոսը և ինչո՞վ է հայտնի։
Տերտուլիանոսը, որ ապրել է մ.թ. երկրորդ–երրորդ դարերում, գրող էր և աստվածաբան։ Նա հայտնի է մի շարք գործերով՝ գրված ի պաշտպանություն «քրիստոնեության»։ Սակայն քրիստոնեությունը պաշտպանելով հանդերձ՝ նա առաջ է քաշել այնպիսի մտքեր ու փիլիսոփայական գաղափարներ, որոնք նպաստել են ճշմարիտ ուսմունքների աղավաղմանը, օրինակ՝ երրորդության գաղափարի ստեղծմանը (15.05, էջ 29–31)։
• Ինչո՞ւ չի կարելի ասել, որ հիվանդությունները, մահը և մարդու վարքագիծը ամբողջովին պայմանավորված են գեներով։
Գիտնականների կարծիքով՝ գեները որոշակի դեր խաղում են տարբեր հիվանդությունների առաջացման հարցում։ Ոմանք էլ հավատում են, որ գեներով է պայմանավորված նաև մարդու վարքագիծը։ Պետք է նշել, որ մարդկության ծագման, ինչպես նաև մեղքի և անկատարության առաջացման ու մարդկանց վրա դրանց թողած վնասակար ազդեցության մասին տեղեկություններ կարելի է գտնել Աստվածաշնչում։ Թեև անհատի ձևավորման վրա գեները որոշակի ազդեցություն թողնում են, այդ հարցում մեծ դեր են խաղում նաև անկատար լինելու գործոնն ու միջավայրը (01.06, էջ 9–11)։
• Ինչպե՞ս է Ոկսիրինքոսում (Եգիպտոս) գտնված պապիրուսի մի հատված լույս սփռում Աստծո անվան օգտագործմանն առնչվող հարցերի վրա։
Այդ հատվածում գրված Յոբի 42։11, 12 խոսքերում, որ վերցված են հունարեն «Յոթանասնից» թարգմանությունից, օգտագործվում է քառագիրը (Աստծո անունը կազմող չորս եբրայերեն տառերը)։ Սա ևս մի ապացույց է այն բանի, որ Աստծո անունը հանդիպել է «Յոթանասնից» թարգմանության մեջ, որից այդքան հաճախ են մեջբերումներ արել Քրիստոնեական Հունարեն Գրությունները գրի առած անհատները (01.06, էջ 30)։
• Ժամանակակից ո՞ր սպորտաձևերի հետ կարելի է համեմատել Հռոմեական կայսրության արյունահեղ գլադիատորական մարտերը։
Վերջերս Կոլիզեումում (Հռոմ) տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ կարելի էր տեսնել գլադիատորական մարտերի ժամանակակից տարբերակներ։ Ցուցադրման ընթացքում ներկայացվեցին տեսահոլովակներ ցլամարտի, բռնցքամարտի, ավտոմոբիլային ու մոտոցիկլետային մրցարշավների մասին, ինչպես նաև՝ մրցումների ժամանակ երկրպագուների միջև տեղի ունեցող կռիվների։ Առաջին քրիստոնյաները ամենայն լրջությամբ էին վերաբերվում այն փաստին, որ Եհովան չի սիրում ոչ բռնություն, ոչ էլ բռնություն գործողներին։ Նույնը պետք է անեն նաև ժամանակակից քրիստոնյաները (Սաղմոս 11։5, Արևմտ. Աստ.), (15.06, էջ 29)։
• Ի՞նչ կարող ենք սովորել Եզրասի օրինակից, եթե ձգտում ենք դառնալ լավ ուսուցիչներ։
Համաձայն Եզրաս 7։10–ի՝ մենք կարող ենք ընդօրինակել նրան չորս հարցերում. «Եզրասը [1] պատրաստել էր իր սիրտը որ Տիրոջ օրէնքը [2] խնդրէ եւ [3] կատարէ, եւ Իսրայէլի մէջ [4] սովորեցնէ օրէնք եւ դատաստան» (01.07, էջ 20)։
• Գործունեության ո՞ր երկու ոլորտներում կարող է անհրաժեշտություն առաջանալ, որ քրիստոնյա կինը ծածկի իր գլուխը։
Առաջին՝ այն իրավիճակներում, որ կարող են ստեղծվել տանը։ Իր գլուխը ծածկելով՝ կինը ցույց կտա, որ ճանաչում է այն սկզբունքը, համաձայն որի՝ իր ամուսինն է պատասխանատու ընտանիքի անդամներին աստվածաշնչյան կրթություն տալու և նրանց աղոթքով ներկայացնելու հարցում։ Երկրորդ՝ ժողովում որոշակի պարտականություններ կատարելիս։ Գլուխը ծածկելով՝ նա ցույց կտա, որ համաձայն է աստվածաշնչյան այն պատվերին, ըստ որի՝ ժողովի անդամներին կրթելը և առաջնորդություն ցույց տալը մկտրված տղամարդու պարտականությունն է (Ա Կորնթացիս 11։3–10), (15.07, էջ 26, 27)։
• Ինչո՞ւ են քրիստոնյաները գտնում, որ յոգան զուտ մարմնամարզություն չէ և իրենից վտանգ է ներկայացնում։
Դաստիարակման ձև հանդիսացող յոգայի նպատակն է գերբնական ոգու հետ ձուլվելը։ Յոգան իր մեջ ներառում է մտածելու ունակության դադարեցում, ինչը հակասում է Աստծո կողմից տրված խորհրդին (Հռովմայեցիս 12։1, 2)։ Այն նաև ոգեհարցության թակարդն ընկնելու վտանգ է ներկայացնում (Բ Օրինաց 18։10, 11), (01.08, էջ 20–22)։