Վարժվեք հնազանդության, մինչ վերջը մոտենում է
«[Սելովինն] է ժողովուրդների հնազանդութիւնը» (ԾՆՆԴՈՑ 49։10)։
1. ա) Անցյալում հաճախ ի՞նչ էր իր մեջ ներառում Եհովային հնազանդվելը։ բ) Հնազանդության վերաբերյալ ի՞նչ էր մարգարեացել Հակոբը։
ՀՆԱԶԱՆԴՎԵԼ Եհովային՝ հաճախ նշանակում է հնազանդություն ցուցաբերել նրա ներկայացուցիչների հանդեպ, որոնց թվում եղել են՝ հրեշտակները, նահապետները, դատավորները, քահանաները, մարգարեները, թագավորները։ Իսրայելի թագավորների գահը անգամ կոչվել է Եհովայի ‘աթոռ’ (Ա Մնացորդաց 29։23)։ Ցավոք, Իսրայելի ղեկավարներից շատերը հնազանդություն չեն ցուցաբերել Աստծո հանդեպ՝ ի վնաս իրենց ու իրենց հպատակների։ Սակայն իրեն հավատարիմ մարդկանց Եհովան առանց հույսի չէր թողել. նա մխիթարում էր այդ անհատներին՝ խոստանալով, որ մի անկաշառ Թագավոր է նշանակելու, որին հնազանդվելը բերկրանք կպատճառի արդարներին (Եսայիա 9։6, 7)։ Նահապետ Հակոբը իր մահից առաջ մարգարեացավ այդ ապագա ղեկավարի մասին՝ ասելով. «Չ’պակասէ իշխողութիւնը Յուդայից, եւ օրէնսդիրը, նորա ոտքերի մէջ տեղից. Մինչեւ որ Սելովը գայ. եւ նորանն է ժողովուրդների հնազանդութիւնը» (Ծննդոց 49։10)։
2. Ի՞նչ է նշանակում «Սելով» բառը, և ո՞ւմ վրա էր տարածվելու նրա իշխանությունը։
2 Եբրայերեն «Սելով» բառը նշանակում է՝ «նա, ումն է» կամ «նա, որին պատկանում է»։ Այո՛, վերոհիշյալ մարգարեության համաձայն՝ Սելովը ժառանգելու էր ոչ այլ ինչ, քան իշխելու իրավունք և տիրապետելու զորություն։ Դեռ ավելին՝ նրա իշխանությունը տարածվելու էր ոչ միայն Հակոբի սերնդի, այլև բոլոր «ժողովուրդների» վրա։ Սա համապատասխանում է այն խոստմանը, որ Եհովան տվել էր Աբրահամին. «Քո սերունդը իր թշնամիների դուռը կ’ժառանգէ. եւ երկրի բոլոր ազգերը քո սերունդովը կ’օրհնուին» (Ծննդոց 22։17, 18)։ Եհովան ցույց տվեց, թե ով էր այդ «սերունդը», երբ մ.թ. 29 թ.–ին սուրբ ոգով օծեց Հիսուս Նազովրեցուն (Ղուկաս 3։21–23, 34; Գաղատացիս 3։16, Արևմտ. Աստ.)։
Հիսուսի առաջին թագավորությունը
3. Ինչպիսի՞ իշխանություն ձեռք բերեց Հիսուսը, երբ համբարձվեց երկինք։
3 Երբ Հիսուսը երկինք համբարձվեց, միանգամից իշխանություն չստացավ աշխարհի ժողովուրդների վրա (Սաղմոս 110։1)։ Սակայն նա ստացավ թագավորություն այն իմաստով, որ իշխանություն ձեռք բերեց իրեն հնազանդվող մարդկանց նկատմամբ։ Պողոս առաքյալը այդ թագավորությունը նկատի ուներ, երբ ասում էր հետևյալը. «[Աստված] փրկեց մեզ [սուրբ ոգով օծված քրիստոնյաներին] խաւարի իշխանութիւնիցը, եւ փոխադրեց մեզ իր սիրելի Որդու արքայութեան մէջ» (Կողոսացիս 1։13)։ Այդ փրկությունը սկսվեց մ.թ. 33 թ. Պենտեկոստեին, երբ Հիսուսի հավատարիմ հետևորդների վրա թափվեց սուրբ ոգին (Գործք 2։1–4; Ա Պետրոս 2։9)։
4. Հիսուսի առաջին աշակերտները ինչպե՞ս ցույց տվեցին իրենց հնազանդությունը, և ինչպե՞ս Հիսուսը անվանեց նրանց խումբը։
4 Որպես «Քրիստոսի կողմից պատգամաւորութիւն» անողներ՝ սուրբ ոգով օծված աշակերտները սկսեցին հավաքել այն անհատներին, ովքեր այդ հոգևոր թագավորության մեջ կդառնային իրենց «համաքաղաքացիները» (Բ Կորնթացիս 5։20; Եփեսացիս 2։19; Գործք 1։8)։ Բացի այդ, նրանք պետք է մնային «միեւնոյն մտքի եւ միեւնոյն կարծիքի մէջ հաստատուած»՝ իրենց Թագավոր Հիսուս Քրիստոսի հավանությանն արժանանալու համար (Ա Կորնթացիս 1։10)։ Միասին նրանք կազմեցին ‘հավատարիմ և իմաստուն ծառա’ կամ ‘հավատարիմ տնտես’ դասակարգը (Մատթէոս 24։45; Ղուկաս 12։42)։
Օրհնված՝ Աստծո ‘տնտեսին’ հնազանդվելու համար
5. Հնուց ի վեր ինչպե՞ս է Եհովան կրթել իր ժողովրդին։
5 Եհովան միշտ հոգ է տարել, որ իր ժողովուրդը ուսուցիչներ ունենա։ Օրինակ՝ Բաբելոնից վերադառնալուց հետո Եզրասն ու համապատասխան որակավորում ունեցող մյուս տղամարդիկ ոչ թե պարզապես կարդում էին Աստծո օրենքը հրեաների համար, այլ «բացատրութիւն տալով հասկացնում էին կարդացածը» (Նէեմիա 8։8)։
6, 7. Ինչպե՞ս է ‘ծառա’ դասակարգը ժամանակին հոգևոր սնունդ մատակարարում իր Կառավարիչ մարմնի միջոցով, և ինչո՞ւ է տեղին հնազանդվել նրան։
6 Երբ մ. թ. 49 թ.–ին թլփատման հետ կապված խնդիր առաջացավ, ‘ծառա’ դասակարգի առաջին անդամների կառավարիչ մարմինը աղոթքով քննեց այդ հարցը և Գրությունների հիման վրա որոշում կայացրեց։ Երբ նրանք նամակով հայտնեցին, թե ինչ եզրակացության են եկել, և դրա հետ կապված՝ հրահանգներ տվեցին, ժողովները հնազանդություն ցուցաբերեցին, ինչի հետևանքով առատապես օրհնվեցին Աստծո կողմից (Գործք 15։6–15, 22–29; 16։4, 5)։ Նույնը և այսօր. հավատարիմ ծառան իր Կառավարիչ մարմնի միջոցով պարզաբանում է քրիստոնեական չեզոքության, արյան սրբության, ինչպես նաև ծխախոտի ու թմրադեղերի օգտագործման հետ կապված հարցերը (Եսայիա 2։4; Գործք 21։25; Բ Կորնթացիս 7։1)։ Եհովայի ժողովուրդը հնազանդություն է ցուցաբերում նրա Խոսքի ու հավատարիմ ծառայի հանդեպ, ինչի համար և օրհնվում է Աստծո կողմից։
7 Հնազանդվելով ծառա դասակարգին՝ Աստծո ժողովուրդը ցույց է տալիս, որ ենթարկվում է Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին։ Այդպիսի ենթակայությունը հատկապես կարևոր է մեր օրերում, քանի որ մահվան շեմին գտնվող Հակոբի մարգարեության համապատասխան՝ Հիսուսին այսօր ավելի մեծ իշխանություն է տրվել։
Սելովը դառնում է աշխարհի իշխանը
8. Ե՞րբ և ինչպե՞ս Հիսուսը ավելի մեծ իշխանություն ստացավ։
8 Համաձայն Հակոբի մարգարեության՝ Սելովին պատկանելու էր «ժողովուրդների հնազանդութիւնը»։ Պարզ է ուրեմն, որ Քրիստոսի իշխանությունը տարածվելու էր ոչ միայն հոգևոր Իսրայելի վրա։ Իսկ էլ ո՞ւմ վրա էր այն տարածվելու։ Պատասխանը տրվում է Յայտնութիւն 11։15–ում (ԱՆԹ). «Ամբողջ աշխարհի թագավորությունն այլևս պատկանում է մեր Տիրոջը և նրա Օծյալին, որ թագավորելու է հավիտյանս հավիտենից»։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Հիսուսը ստացել է այդ իշխանությունը մարգարեական ‘յոթ ժամանակների’՝ «հեթանոսների ժամանակներ[ի]» վերջում, այսինքն՝ 1914 թ.–ինa (Դանիէլ 4։16, 17; Ղուկաս 21։24)։ Այդ տարվանից սկսվեց Քրիստոսի՝ Մեսիական Թագավորի ներկայության, ինչպես նաև ‘թշնամիների մեջ [նրա] տիրապետելու’ ժամանակը (Մատթէոս 24։3, ՆԱ; Սաղմոս 110։2)։
9. Ի՞նչ քայլ կատարեց Հիսուսը իր Թագավորությունը ստանալուն պես, ու ինչպե՞ս դա անդրադարձավ մարդկության և հատկապես նրա աշակերտների վրա։
9 Իշխանություն ստանալուց հետո Հիսուսի առաջին քայլը եղավ անհնազանդության մարմնացում հանդիսացող Սատանային ու նրա դևերին «երկրի վերայ» գցելը։ Այդ ժամանակվանից ի վեր ոգեղեն չար էակները իրենց նախադեպը չունեցող աղետների պատճառ են դարձել։ Բացի այդ, նրանց ազդեցության պատճառով Եհովայի հանդեպ հնազանդություն ցուցաբերելը մեծ դժվարություն է ներկայացում մարդկանց համար (Յայտնութիւն 12։7–12; Բ Տիմոթէոս 3։1–5)։ Այդ հոգևոր պատերազմում Սատանայի գլխավոր թիրախն են հանդիսանում Եհովայի օծյալները, «որ Աստուծոյ պատուիրանքները պահում են, եւ Յիսուսի վկայութիւնն ունին», ինչպես նաև՝ նրանց գործակիցները՝ «ուրիշ ոչխարներ[ը]» (Յայտնութիւն 12։17; Յովհաննէս 10։16)։
10. Աստվածաշնչյան ո՞ր մարգարեությունների իրականացումն է փաստում, որ Սատանան պարտություն է կրելու ճշմարիտ քրիստոնյաների դեմ մղվող իր պայքարում։
10 Բայց Սատանան պարտություն է կրելու, քանի որ սա Տիրոջ օրն է, և ոչինչ չի կարող խանգարել Հիսուսին, որ նա ավարտին հասցնի իր հաղթանակը (Յայտնութիւն 1։10, ԱՆԹ, տող. ծան.; 6։2)։ Նա հոգ է տանելու, որ 144 000 հոգևոր իսրայելացիները ստանան իրենց վերջնական «կնիքը»։ Նա նաև պաշտպանելու է մեծ բազմության անդամներին, որոնց «ոչ ով [չի] կարող համարել, ամեն ազգից եւ ցեղերից եւ ժողովուրդներից եւ լեզուներից» (Յայտնութիւն 7։1–4, 9, 14–16)։ Ի տարբերություն իրենց օծյալ գործակիցների, այդ հնազանդ անհատները դառնալու են Հիսուսի երկրային հպատակները (Դանիէլ 7։13, 14)։ Մարդկանց այդ խմբի գոյությունը արդեն իսկ ապացույցն է այն բանի, որ Սելովն իսկապես ‘աշխարհի թագավորության’ Իշխանն է (Յայտնութիւն 11։15, ԱՆԹ)։
Ժամանակն է ‘ավետարանին հնազանդվելու’
11, 12. ա) Միայն ինչպիսի՞ մարդիկ փրկություն կստանան ներկա համակարգի վախճանի ժամանակ։ բ) Բնավորության ինչպիսի՞ գծեր են ձեռք բերում այն անհատները, ովքեր տրվում են ‘աշխարհի ոգուն’։
11 Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հավիտենական կյանք ստանալ, պետք է վարժվեն հնազանդության, քանի որ ըստ Աստվածաշնչի՝ այն անհատները, ովքեր «Աստուծուն չեն ճանաչում, եւ չեն հնազանդում մեր Տէր Յիսուսի աւետարանին», փրկություն չեն ստանա Աստծո վրիժառության օրը (Բ Թեսաղոնիկեցիս 1։8)։ Պետք է նշել սակայն, որ այսօր աշխարհում տիրող չարությունը և ըմբոստության ոգին, որ հակառակ են աստվածաշնչյան օրենքներին ու սկզբունքներին, դժվարացնում են ‘ավետարանին’՝ բարի լուրին հնազանդվելու գործը։
12 Աստվածընդդեմ այս ընթացքը Աստվածաշունչն անվանում է ‘աշխարհի ոգի’ (Ա Կորնթացիս 2։12)։ Ցույց տալով, թե ինչ ազդեցություն դա կարող է գործել մարդկանց վրա՝ Պողոս առաքյալը առաջին դարում ապրող եփեսացի քրիստոնյաներին գրեց հետևյալը. «[Դուք] մի ժամանակ գնում էիք այս աշխարհքի սովորութեան պէս՝ օդի իշխանութեան իշխանի պէս, այն հոգու պէս՝ որ հիմա ներգործում է ապստամբութեան որդիների մէջ. Որոնց մէջ մենք ամենս էլ մի ժամանակ ման էինք գալիս մեր մարմնի ցանկութիւններումը՝ մարմնի եւ մտքի կամքը կատարելով, եւ բնութեամբ բարկութեան որդիք էինք ինչպէս ուրիշներն էլ» (Եփեսացիս 2։2, 3)։
13. Ի՞նչը կօգնի, որ քրիստոնյաները կարողանան դիմադրել աշխարհի ոգուն, և ի՞նչ լավ արդյունքների կբերի դա։
13 Բարեբախտաբար, եփեսացի քրիստոնյաները չմնացին որպես անհնազանդության ‘ծառաներ’։ Փոխարենը՝ նրանք դարձան Աստծո հնազանդ որդիներ՝ իր ոգու ազդեցությանը ենթարկվելով ու դրա առատ և օգտակար պտուղները քաղելով (Գաղատացիս 5։22, 23)։ Նույնը և այսօր. Աստծո ոգին՝ տիեզերքի ամենահզոր ուժը, օգնում է միլիոնավոր անհատների հնազանդություն ցուցաբերել Եհովայի հանդեպ։ Իսկ դրա շնորհիվ նրանց «յոյսը հաստատ [կ]մնայ մինչեւ վերջը» (Եբրայեցիս 6։11; Զաքարիա 4։6)։
14. Ինչպե՞ս էր Հիսուսը նախազգուշացրել վերջին օրերում ապրող քրիստոնյաներին այն մասին, թե հատկապես ինչ դժվարությունների միջոցով է փորձվելու նրանց հնազանդությունը։
14 Չմոռանանք նաև, որ մեզ թիկունք է կանգնում Սելովը՝ մի հզոր անձնավորություն, որն իր Հոր հետ միասին թույլ չի տա ոչ մի թշնամու՝ լինի դա մարդ թե ոգեղեն էակ, այնպիսի ուժեղ փորձության ենթարկել մեզ, որ ի վիճակի չլինենք հնազանդություն ցուցաբերել (Ա Կորնթացիս 10։13)։ Ի դեպ, հոգևոր այս պատերազմում մեզ օգնելու համար Հիսուսը վերջին օրերին հատուկ մի շարք պրոբլեմներ է նշել։ Նա արել է դա յոթ նամակների միջոցով, որ տեսիլքի մեջ տրվել էին Հովհաննեսին (Յայտնութիւն 1։10, 11)։ Նրանք, իհարկե, կարևոր խորհուրդներ էին պարունակում այն օրերում ապրող քրիստոնյաների համար։ Բայց այդ խորհուրդները հատկապես կերևոր են հիմա՝ Տիրոջ օրը, որ սկսել է1914 թ.–ից։ Որքան ուրեմն տեղին կլինի ուշադրություն դարձնել այդ լուրերին։b
Խուսափեք անտարբերությունից, անբարոյականությունից, նյութապաշտությունից
15. Ինչո՞ւ պետք է զգուշանանք այն պրոբլեմից, որ առաջացել էր Եփեսոսի ժողովում, և ինչպե՞ս կարող ենք անել դա (Բ Պետրոս 1։5–8)։
15 Հիսուսի առաջին նամակը ուղղված էր Եփեսոսի ժողովին։ Համբերություն ցուցաբերելու համար ժողովին գովելուց հետո Հիսուսն ասաց. «Բայց քեզ դէմ այս ունիմ, որ քո առաջին սէրը թողել ես» (Յայտնութիւն 2։1–4)։ Այսօր ևս կան այնպիսի քրիստոնյաներ, որ մի ժամանակ եռանդուն են եղել, սակայն հետո կորցրել են իրենց սերը Աստծո հանդեպ։ Նման բանը կարող է թուլացնել Աստծո հետ ունեցած մեր փոխհարաբերությունները. ուստի այդ դեպքում անհապաղ հարկավոր է միջոցներ ձեռնարկել։ Ինչպե՞ս կարելի է վերականգնել այդ սերը։ Աստվածաշունչը կանոնավորապես ուսումնասիրելով, խորհրդածելով, ժողովների հաճախելով և աղոթելով (Ա Յովհաննէս 5։3)։ Ինչ խոսք, դրան հասնելու համար հարկավոր է ‘ջանք անել’, սակայն արժե՛ այդպես վարվել (Բ Պետրոս 1։5–8)։ Եթե ազնվորեն ինքնաքննություն կատարելով տեսնում եք, որ ձեր սերը սառել է, անհապաղ միջոցներ ձեռնարկեք՝ իրավիճակը շտկելու։ Այդպես վարվելով՝ ցույց կտաք, որ հնազանդվում եք Հիսուսի հետևյալ խորհրդին. «Յիշիր, թէ որտեղից վայր ընկար, եւ զղջա, եւ առաջի գործերն արա» (Յայտնութիւն 2։5)։
16. Ի՞նչ վնասակար ազդեցություն էր տարածվում Պերգամոնի և Թիատիրի ժողովներում, և ինչո՞ւ են նրանց ուղղված Հիսուսի խոսքերը այժմեական։
16 Պերգամոնի և Թիատիրի քրիստոնյաները գովասանքի արժանացան իրենց անարատության, համբերության ու եռանդի համար (Յայտնութիւն 2։12, 13, 18, 19)։ Սակայն նրանցից ոմանք փորձում էին ազդել մյուսների վրա՝ ցուցաբերելով Բաղաամի ու Հեզաբելի չար ոգին։ Վերջիններս սեռական անբարոյության ու Բահաղի պաշտամունքի միջոցով մեծ վնաս էին հասցրել հնում ապրած իսրայելացիներին (Թուոց 31։16; Գ Թագաւորաց 16։30, 31; Յայտնութիւն 2։14, 16, 20–23)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր օրերի՝ Տիրոջ օրվա մասին։ Նկատելի՞ են արդյոք նման վնասակար ազդեցություններ։ Այո՛, քանի որ հիմնականում անբարոյականության պատճառով են մարդիկ հաճախ զրկվում ընկերակցությունից։ Որքան ուրեմն կարևոր է, որ ժողովից դուրս թե նրա ներսում խուսափենք ընկերակցել այնպիսի անհատների հետ, ովքեր բարոյական առումով վատ ազդեցություն կարող են գործել մեզ վրա (Ա Կորնթացիս 5։9–11; 15։33)։ Այն անհատները, ովքեր ցանկանում են լինել Սելովի հնազանդ հպատակները, կխուսափեն նաև զվարճության անբարո ձևերից, կասկածելի գրականությունից և ինտերնետի պոռնկագրական էջերից (Ամովս 5։15; Մատթէոս 5։28, 29)։
17. Ինչպե՞ս էր Սարդեսի ու Լավոդիկիայի ժողովների անդամների տեսակետն ու տրամադրվածությունը տարբերվում այն տեսակետից, որ ուներ Հիսուսը նրանց հոգևոր վիճակի մասին։
17 Բացառությամբ մի քանի հոգու՝ Սարդեսի ժողովն ընդհանուր առմամբ ոչ մի գովասանքի չարժանացավ։ Այն ‘անունով’ կամ արտաքնապես կենդանի էր, բայց հոգևորի հանդեպ անտարբերությունը այնքան էր ներթափանցել ժողովի մեջ, որ Հիսուսի համար այն «մեռած» էր։ Բարի լուրի հանդեպ իրենց հնազանդությունը նրանք ցուցաբերում էին մեխանիկորեն ու մակերեսային ձևով։ Դատապարտական ինչպիսի՜ խոսքերի արժանացան նրանք (Յայտնութիւն 3։1–3)։ Նույն վիճակում էր նաև Լավոդիկիայի ժողովը։ Այն հպարտանում էր՝ ասելով. «Ես հարուստ եմ»։ Բայց Քրիստոսի համար այն «թշուառ [էր], եւ ողորմելի, եւ աղքատ, եւ կոյր, եւ մերկ» (Յայտնութիւն 3։14–17)։
18. Ինչպե՞ս կարող ենք խուսափել հոգևոր առումով գաղջ դառնալուց։
18 Այսօր նույնպես պատահում է, որ մի ժամանակ հավատարիմ քրիստոնյան ընկնում է անհնազանդության նույն ծուղակի մեջ։ Ըստ երևույթին, նա թույլ է տալիս, որ աշխարհի ոգին խեղդի իր մեջ հրատապության զգացումը, ինչի հետևանքով նրա վերաբերմունքը Աստվածաշնչի ուսումնասիրության, աղոթքների, քրիստոնեական հանդիպումների ու ծառայության հանդեպ դառնում է հոգևոր առումով գաղջ (Բ Պետրոս 3։3, 4, 11, 12)։ Որքա՜ն կարևոր է, որ նման անհատները ձգտեն հոգևոր հարստության՝ «կրակում փորձուած ոսկի առ[նեն]» Քրիստոսից (Յայտնութիւն 3։18)։ Այդ իսկական հարստության մեջ է մտնում «բարի գործերով հարստանա[լը], առատաձեռն եւ կարօտներին հաղորդող լինե[լը]»։ Նման հարստություն ձեռք բերելով՝ մենք ‘կամբարենք մի գանձ, որով բարի հիմք կդնենք ճշմարիտ կյանքը ձեռք բերելու համար’ (Ա Տիմոթէոս 6։17, 18, 19 ԱՆԹ)։
Հնազանդության համար գովասանքի արժանացած
19. Գովասանքի և քաջալերության ի՞նչ խոսքեր ասաց Հիսուսը Զմյուռնիայի ու Փիլադելփիայի քրիստոնյաներին։
19 Զմյուռնիայի ու Փիլադելփիայի ժողովները հնազանդության հրաշալի օրինակ են ծառայում. այդ ժողովներին ուղղված իր նամակներում Հիսուսը ոչ մի հանդիմանություն չի անում։ Զմյուռնիայում գտնվողներին նա ասում է. «Գիտեմ քո գործերը եւ նեղութիւնը եւ աղքատութիւնը. բայց դու հարուստ ես» (Յայտնութիւն 2։9)։ Որքա՜ն էին նրանք տարբերվում Լավոդիկիայի ժողովի անդամներից, որոնք պարծենում էին աշխարհում ունեցած իրենց հարստությամբ, բայց որոնք իրականում չքավոր էին։ Իհարկե, Սատանային հաճելի չէ տեսնել, որ ինչ–որ մեկը հավատարմություն ու հնազանդություն է ցուցաբերում Քրիստոսի հանդեպ։ Ուստի Հիսուսը նրանց տալիս է հետևյալ նախազգուշացումը. «Մի վախենար այն բաներիցը որ կրելու ես. ահա բանսարկուն ձեզանից բանտի մէջ է գցելու, որ փորձուիք, եւ նեղութիւն կ’ունենաք տասն օր. հաւատարիմ եղիր մինչեւ ի մահ, եւ կեանքի պսակը կ’տամ քեզ» (Յայտնութիւն 2։10)։ Հիսուսը գովեց նաև Փիլադելփիայի ժողովի անդամներին՝ ասելով. «Իմ խօսքը պահեցիր [ինձ հնազանդվեցիր], եւ իմ անունը չ’ուրացար։ Ահա ես գալիս եմ շուտով, պահիր այն որ ունիս, որ ոչ ով չ’առնէ քո պսակը» (Յայտնութիւն 3։8, 11)։
20. Ինչպե՞ս են այսօր միլիոնավոր մարդիկ պահում Հիսուսի խոսքը՝ անկախ իրենց հանգամանքներից։
20 Տիրոջ օրվա ընթացքում, որ սկսվել է 1914 թ.–ից, հավատարիմ օծյալ մնացորդը ու այսօր միլիոնների հասնող նրանց ուղեկիցները՝ ուրիշ ոչխարները, նույնպես պահում են Հիսուսի խոսքը՝ եռանդուն կերպով ծառայելով ու իրենց անարատությունը ամուր պահելով։ Առաջին դարում ապրած իրենց եղբայրների նման նրանցից ոմանք տառապանք են կրել Քրիստոսի հանդեպ հնազանդություն ցուցաբերելու համար, նույնիսկ բանտ են ընկել, կամ՝ համակենտրոնացման ճամբար։ Ուրիշներն էլ հնազանդ են Հիսուսի խոսքին իրենց «աչքը պարզ» պահելով, չնայած որ իրենց շուրջ տիրում է ագահության ոգին և նյութական բարգավաճման հասնելու հնարավորություններ կան (Մատթէոս 6։22, 23)։ Անկախ իրենց հանգամանքներից՝ ճշմարիտ քրիստոնյաները շարունակում են ուրախացնել Եհովայի սիրտը՝ նրան հնազանդվելով (Առակաց 27։11)։
21. ա) Հոգևոր ո՞ր պարտականությունն է շարունակելու կատարել ‘ծառա’ դասակարգը։ բ) Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ իսկապես ցանկանում ենք հնազանդվել Սելովին։
21 Մոտենում է մեծ նեղությունը։ «Հաւատարիմ եւ իմաստուն ծառան» շարունակում է պահպանել Տիրոջը՝ Քրիստոսին, հավատարիմ մնալու իր վճռականությունը։ Նա անում է այդ, օրինակ՝ Աստծո «տան անդամների» համար ժամանակին հոգևոր սնունդ պատրաստելով։ Ուրեմն՝ եկեք պահպանենք մեր երախտագիտությունը Եհովայի հրաշալի կազմակերպության ու այդ աստվածապետական կառույցի միջոցով տրվող բաների նկատմամբ։ Այդպես վարվելով՝ մենք ցույց կտանք, որ հպատակվում ենք Սելովին, որն իր հանդեպ հնազանդություն ցուցաբերող բոլոր մարդկանց կտա հավիտենական կյանքի պարգևը (Մատթէոս 24։45–47; 25։40; Յովհաննէս 5։22–24)։
[ծանոթագրություններ]
a ‘Յոթ ժամանակների’ մասին ավելի մանրամասն տեղեկություններ ձեռք բերելու համար տե՛ս Եհովայի վկաների կողմից հրատարակված «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը, գլուխ 10։
b Այդ յոթ նամակների մասին մանրամասն իմանալու համար տե՛ս Եհովայի վկաների կողմից հրատարակված «Յայտնութիւն— անոր հոյակապ յանգումը մօտ է» գիրքը՝ սկսած էջ 33–ից։
Հիշո՞ւմ եք
• Ի՞նչ դեր պետք է կատարեր Հիսուսը՝ համաձայն մահվան մահճում գտնվող Հակոբի մարգարեության։
• Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ Հիսուսին ընդունում ենք որպես Սելով, և ինչպիսի՞ ոգի մենք չպետք է ցուցաբերենք։
• Ի՞նչ այժմեական խորհուրդներ են պարունակում «Յայտնություն» գրքի յոթ ժողովներին ուղղված նամակները։
• Ո՞ր հարցերում կարող ենք ընդօրինակել հին Զմյուռնիայի և Փիլադելփիայի ժողովների անդամներին։
[նկարներ 18–րդ էջի վրա]
Եհովան օրհնում է իր ժողովրդին՝ հավատարիմ ‘տնտեսին’ հնազանդվելու համար
[նկար 19–րդ էջի վրա]
Սատանայի ազդեցությունը դժվարացնում է Աստծո հանդեպ հնազանդություն ցուցաբերելը
[նկարներ 21–րդ էջի վրա]
Եհովայի հանդեպ հնազանդություն ցուցաբերելու հարցում մեզ կօգնի նրա հետ լավ փոխհարաբերություններ ունենալը