«Չ’թողենք մեր իրար հետ ժողովուիլը»
«Չ’թողենք մեր իրար հետ ժողովուիլը, ինչպէս ոմանց սովորութիւն է, — ասում է Աստվածաշունչը. — բայց իրար յորդորենք, եւ այնքան աւելի՝ որքան տեսնում էք որ օրը մօտեցած է» (Եբրայեցիս 10։25)։ Այս խոսքերից պարզ երևում է, որ ճշմարիտ երկրպագուները պետք է հավաքվեն մեկտեղ, որպեսզի «հոգ տան[են] միմեանց՝ սիրոյ և բարի գործերի յորդորելով» (Եբրայեցիս 10։24, ԷԹ)։
ՊՈՂՈՍ առաքյալն այս խոսքերը գրեց մեր թվարկության առաջին դարում. այդ ժամանակ Երուսաղեմի շքեղ տաճարը հրեաների համար ծառայում էր որպես երկրպագության վայր։ Հրեաներն ունեին նաև ժողովարաններ։ Հիսուսը «սովորեցր[եց] ժողովարանումը եւ տաճարումը, որտեղ ամեն տեղից Հրէաները ժողովվում [էին]» (Յովհաննէս 18։20)։
Պողոսը հորդորում էր քրիստոնյաներին հավաքվել մեկտեղ՝ իրար հորդորելու համար։ Բայց ըստ նրա՝ որտե՞ղ պետք է անցկացվեին այդ հանդիպումները։ Արդյո՞ք քրիստոնեական աշխարհի շքեղ կառույցները իրենց նախատիպն են գտնում Երուսաղեմի տաճարի մեջ։ Ե՞րբ են իրենց քրիստոնյա համարող մարդիկ առաջին անգամ սկսել կառուցել այդպիսի հսկայական շենքեր։
‘Տուն՝ Աստծո անվան համար’
Աստվածաշնչում Աստծուն երկրպագելու վայրի վերաբերյալ առաջին ցուցումները հայտնվում են «Ելից» գրքում։ Եհովա Աստված հրահանգեց իր ընտրյալ ժողովրդին՝ իսրայելացիներին, կառուցել «խորան» (կամ «ժողովքի վրան»)։ Այստեղ պետք է պահվեին ուխտի տապանակը և զանազան սուրբ «գործիքներ»։ Մ.թ.ա. 1512 թ.–ին ավարտվեց խորանի շինարարությունը, և «Եհովայի փառքը լցրեց խորանը»։ Ավելի քան չորս հարյուր տարի այս շարժական վրանը կենտրոնական տեղ էր գրավում Աստծո երկրպագության մեջ (Ելից 25–27 գլուխներ, 40։33–38)։ Աստվածաշունչը այս վրանն անվանում է նաև «Տիրոջ տուն» և «Տիրոջ տաճար» (Ա Թագաւորաց 1։9, 24)։
Ավելի ուշ Դավիթը, որ թագավոր էր Երուսաղեմում, փափագեց Եհովային փառաբանելու համար մշտական տուն կառուցել։ Բայց քանի որ նա պատերազմի մարդ էր, Եհովան նրան ասաց. «Դու պիտի տուն չ’շինես իմ անուան համար»։ Դավթի փոխարեն Եհովան նրա որդուն՝ Սողոմոնին ընտրեց, որ կառուցի այդ տաճարը (Ա Մնացորդաց 22։6–10)։ Տաճարի շինարարությունը տևեց յոթ ու կես տարի, և մ.թ.ա. 1026–ին Սողոմոնը նրա հանդիսավոր բացումը կատարեց։ Եհովան հավանություն տվեց այս կառույցին՝ ասելով. «Սրբեցի այս տունը որ դու շինեցիր իմ անունը յաւիտեան այնտեղ դնելու համար, եւ իմ աչքերն ու իմ սիրտը այնտեղ պիտի լինեն ամեն ժամանակ» (Գ Թագաւորաց 9։3)։ Եթե իսրայելացիները հավատարիմ մնային Եհովային, ապա նա բարեհաճորեն էր նայելու իր տանը։ Բայց եթե նրանք շեղվեին ճշմարիտ ճանապարհից, ապա Եհովան այլևս չէր հաճի այդ վայրին, և այդ տունը ավերակների կույտ կդառնար (Գ Թագաւորաց 9։4–9; Բ Մնացորդաց 7։16, 19, 20)։
Ժամանակի ընթացքում իսրայելացիներն իրոք որ հեռացան ճշմարիտ երկրպագությունից (Դ Թագաւորաց 21։1–5)։ Եհովան «նորանց վերայ բերաւ Քաղդէացիների թագաւորին.... Եւ այրեցին Աստուծոյ տունը, եւ քանդեցին Երուսաղէմի պարիսպը, եւ նորա ամեն պալատները կրակով այրեցին, եւ նորա բոլոր ազնիւ բաները փչացրին։ Իսկ սուրից մնացածներին գերի տարաւ Բաբիլոն, եւ նորանք նորա ու նորա որդկանցը ծառաներ եղան»։ Աստվածաշունչն ասում է, որ սա պատահեց մ.թ.ա. 607–ին (Բ Մնացորդաց 36։15–21; Երեմիա 52։12–14)։
Ինչպես մարգարեացել էր Եսայիան, Աստված ոտքի հանեց Պարսկաստանի Կյուրոս թագավորին՝ հրեաներին ազատելու Բաբելոնի տիրապետությունից (Եսայիա 45։1)։ Հրեաները, 70 տարի մնալով գերության մեջ, մ.թ.ա. 537–ին վերադարձան Երուսաղեմ՝ տաճարը վերականգնելու նպատակով (Եզրաս 1։1–6; 2։1, 2; Երեմիա 29։10)։ Չնայած ձգձգումներին՝ շինարարությունն ավարտվեց մ.թ.ա. 515–ին, և մաքուր երկրպագությունը վերահաստատվեց։ Թեև այս տաճարը Սողոմոնի կառուցած տաճարի պես փառահեղ չէր, այնուամենայնիվ այն մոտ 600 տարի կանգուն մնաց։ Բայց երբ իսրայելացիները սկսեցին անտեսել Եհովայի երկրպագությունը, տաճարը հայտնվեց անմխիթար վիճակում։ Երբ Հիսուս Քրիստոսը եկավ երկիր, այն ինտենսիվ կերպով վերակառուցվում էր Հերովդես թագավորի կողմից։ Ի՞նչ էր սպասում այս տաճարին։
«Քար քարի վերայ չի թողուիլ»
Երուսաղեմի տաճարի վերաբերյալ Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Այդտեղ քար քարի վերայ չի թողուիլ որ չ’քանդուի» (Մատթէոս 24։1, 2)։ Նրա խոսքերը կատարվեցին. այն տեղը, որ դարեր ի վեր հայտնի էր որպես Աստծո երկրպագության կենտրոն, 70 թ.–ին ավերակների վերածվեց հռոմեական զորքերի կողմից, որոնք եկել էին ճնշելու հրեաների ապստամբությունը։a Այդ տաճարն այլևս չվերականգնվեց։ Յոթերորդ դարում հրեական նախկին երկրպագության վայրի տեղում կառուցվեց մուսուլմանական մի մզկիթ՝ Ժայռագմբեթը, որը մինչև օրս գործում է։
Իսկ ի՞նչ ձևով էին իրենց երկրպագությունը մատուցելու Հիսուսի հետևորդները։ Պե՞տք է հրեական ծագում ունեցող քրիստոնյաները շարունակեին երկրպագել Աստծուն մի տաճարում, որը շուտով կործանվելու էր։ Իսկ որտե՞ղ էին երկրպագելու ոչ հրեա քրիստոնյաները։ Արդյո՞ք տաճարին պետք է փոխարինելու գային քրիստոնեական աշխարհի կրոնական կառույցները։ Այս հարցերի վրա լույս է սփռում սամարացի կնոջ հետ Հիսուսի ունեցած զրույցը։
Դարեր շարունակ սամարացիները Աստծուն երկրպագում էին մի մեծ տաճարում, որը կառուցված էր Սամարիայի Գարիզին լեռան վրա։ «Մեր հայրերը այս սարումը երկրպագութիւն արին, — ասաց սամարացի կինը Հիսուսին. — եւ դուք ասում էք, թէ Երուսաղէմումն է այն տեղն, ուր պէտք է երկրպագութիւն անել»։ Ի պատասխան՝ Հիսուսն ասաց. «Կին, հաւատա ինձ, որ ժամանակ կ’գայ, որ այն ժամանակ ոչ այս սարումը կ’երկըրպագէք Հօրը, եւ ոչ էլ Երուսաղէմումը»։ Եհովային երկրպագելու համար նյութեղեն տաճարի կարիք այլևս չէր լինելու, քանզի Հիսուսը բացատրեց, որ «Աստուած Հոգի է, եւ նորան երկրպագողները պէտք է հոգով եւ ճշմարտութիւնով երկրպագեն» (Յովհաննէս 4։20, 21, 24)։ Իսկ Պողոս առաքյալն այս դեպքից ավելի ուշ աթենացիներին ասաց. «Այն Աստուածը որ աշխարհքս եւ ամեն բան՝ որ նորանում կայ՝ արաւ, նա երկնքի եւ երկրիս Տէրը լինելով ձեռագործ տաճարներում չէ բնակվում» (Գործք 17։24)։
Հստակ է, որ քրիստոնեական աշխարհի կրոնական շինությունները ոչ մի առնչություն չունեն Եհովայի տաճարի հետ։ Առաջին դարի քրիստոնյաները ոչ մի հիմք չէին տեսնում նման կառույցներ ունենալու։ Բայց առաքյալների մահից հետո, ինչպես որ կանխագուշակվել էր, ճշմարիտ քրիստոնեության մեջ սկսեց սողոսկել հավատուրացությունը՝ հեռացումը ճշմարիտ ուսմունքներից (Գործք 20։29, 30)։ 313 թ.–ին նախքան Հռոմեական կայսրության կայսր Կոստանդինը քրիստոնեություն «կընդուներ», անվանական քրիստոնյաները արդեն սկսել էին շեղվել Հիսուսի ուսուցումներից։
Կոստանդինը նպաստեց, որ «քրիստոնեությունը» ձուլվի Հռոմի հեթանոսական կրոնի հետ։ «Բրիտանական հանրագիտարանում» ասվում է. «Կոստանդինն ինքը ձեռնարկեց քրիստոնեական առաջին երեք հսկայական տաճարների շինարարությունը Հռոմում, դրանք էին՝ Ս. Պետրոս, Ս. Պաոլո Ֆուորի լե Մուրա և Ս. Ջիովաննի ին Լատերանո։ Նա.... առաջ քաշեց մի նախագիծ, ըստ որի՝ շենքերի հատակագիծը պետք է խաչաձև լիներ, և ընդհուպ մինչև միջին դարերը արևմտյան Եվրոպայում եկեղեցիները այդ ոճով էին կառուցվում»։ Վերակառուցված Ս. Պետրոս տաճարը մինչև օրս համարվում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու կենտրոնը։
Պատմաբան Ուիլ Դյուրանտն ասում է, որ «Եկեղեցին որդեգրեց նախաքրիստոնեական [հեթանոսական] Հռոմում լայն տարածում գտած որոշ կրոնական սովորույթներ ու պաշտամունքի ձևեր», այդ թվում՝ «բազիլիկա ոճի ճարտարապետությունը»։ 10–15-րդ դարերում մեծ թափով եկեղեցիներ ու մայր տաճարներ էին կառուցվում, ընդ որում դրանց ճարտարապետական կողմին մեծ ուշադրություն էր դարձվում։ Այդ ժամանակներում էր, որ կառուցվեցին քրիստոնեական աշխարհի շքեղ տաճարներից մի քանիսը, որոնք այժմ համարվում են արվեստի բարձրարժեք ստեղծագործություններ։
Արդյո՞ք մարդիկ միշտ են հոգևորապես թարմանում և քաջալերվում՝ մասնակցելով եկեղեցիներում անցկացվող երկրպագությանը։ «Եկեղեցու հետ կապված ամեն ինչ ինձ ձանձրույթ էր պատճառում, — ասում է բրազիլացի Ֆրանսիսկուն։ — Անիմաստ ժամերգությունները, ամեն անգամ նույն ծիսակատարությունները ոչ մի կերպ չէին բավարարում իմ իրական կարիքները։ Ես մեծ թեթևացում էի ապրում, երբ ժամերգությունը ավարտվում էր»։ Այնուամենայնիվ ճշմարիտ հավատացյալներին պատվեր է տրված՝ միասին հավաքվել։ Հավաքույթների ինչպիսի՞ կարգ գոյություն ունի, որին նրանք պետք է հետևեն։
«Նորանց տանը լինող եկեղեցուն»
Այն, թե որտեղ քրիստոնյաները պետք է անցկացնեն իրենց հանդիպումները, կարելի է իմանալ՝ քննելով, թե որտեղ էին առաջին դարի քրիստոնյաներն անցկացնում իրենց հանդիպումները։ Գրությունները նշում են, որ նրանք սովորաբար հավաքվում էին մասնավոր տներում։ Պողոս առաքյալը, օրինակ, գրեց. «Բարեւ տուէք Պրիսկիղային եւ Ակիւղասին՝ իմ գործընկերներին Քրիստոս Յիսուսումը.... եւ նորանց տանը լինող եկեղեցուն» (Հռովմայեցիս 16։3, 5; Կողոսացիս 4։15; Փիլիմոն 2)։ Այստեղ «եկեղեցի» բառով թարգմանված է հունարեն էքլեսիա բառը։ Բայց այս բառը վերաբերում է ոչ թե ինչ–որ կառույցի, այլ մարդկանց խմբի, որոնք հավաքվել են ընդհանուր նպատակով (Գործք 8։1; 13։1)։ Ճշմարիտ երկրպագության համար չի պահանջվում ունենալ շքեղ կրոնական շենքեր։
Ինչպե՞ս էին առաջին դարում անցկացվում քրիստոնեական հանդիպումները։ Հունարեն բնագրում Հակոբոս աշակերտն օգտագործում է հունարեն սինագոգի բառի մի ձև՝ քրիստոնեական հանդիպմանը վերաբերող միտք արտահայտելու համար (Յակոբոս 2։2)։ Այս հունարեն բառը նշանակում է «մեկտեղ բերել» և օգտագործվում է էքլեսիա բառին զուգահեռ։ Ժամանակի ընթացքում այդ բառով սկսեցին անվանել այն տեղը կամ շենքը, որտեղ անցկացվում էին հավաքույթները։ Առաջին հրեա քրիստոնյաները գիտեին, թե ինչ է տեղի ունենում սինագոգում։b
Ամեն տարի անցկացվող տոներին մասնակցելու համար հրեաները հավաքվում էին Երուսաղեմի տաճարում։ Մնացած օրերին նրանք հավաքվում էին տեղական սինագոգներում, որտեղ սովորում էին Եհովայի ու Մովսիսական օրենքի մասին։ Սինագոգներում, ըստ ամենայնի, աղոթք էին անում, կարդում էին Գրություններից, մանրամասնորեն բացատրում էին ընթերցվածը, ինչպես նաև ներկաներին հորդորանք տալիս։ Երբ Պողոսն իր ընկերակիցների հետ գտնվում էր Անտիոքի սինագոգում, «ժողովրդապետները նորանց մօտ ուղարկեցին եւ ասեցին. Մարդիկ եղբարք, եթէ դուք այդ ժողովրդին համար յորդորական խօսքեր ունիք՝ խօսեցէք» (Գործք 13։15)։ Երբ հրեա առաջին քրիստոնյաները սկսեցին հանդիպումներ անցկացնել մասնավոր տներում, նրանք, անկասկած, հետևեցին այս օրինակին՝ իրենց հանդիպումներին քննելով Գրությունները և միմյանց հոգևորապես զորացնելով։
Ժողովներ, որտեղ կարելի է քաջալերանք գտնել
Ինչպես վաղ քրիստոնյաները, այնպես էլ այսօր Եհովայի վկաները հավաքվում են իրենց երկրպագության վայրերում, որոնք աչքի են ընկնում պարզությամբ։ Նրանք այստեղ գիտելիքներ են ստանում Աստվածաշնչից ու վայելում են առողջ ընկերակցություն։ Երկար տարիներ Վկաները հանդիպում էին միայն մասնավոր տներում, և մինչև այժմ էլ որոշ վայրերում այդպես է։ Ներկայումս նրանց ժողովների թիվն անցնում է 90 000–ից, իսկ հանդիպման հիմնական վայրերը կոչվում են Թագավորության սրահներ։ Այս կառույցները ցուցադրական շենքեր չեն և ոչ էլ նման են եկեղեցիների։ Դրանք համեստ տեսք ունեն ու նախատեսված են գործնական նպատակների համար։ Այս սրահներում ամեն շաբաթ կարող են հավաքվել 100–200 հոգանոց ժողովներ՝ Աստծո Խոսքը լսելու և սովորելու նպատակով։
Եհովայի վկաները սովորաբար իրենց հանդիպումներն անցկացնում են շաբաթական երեք անգամ։ Դրանցից մեկը հանրային ելույթն է՝ որևէ ժամանակահարմար թեմայով։ Այս հանդիպմանը հաջորդում է մեկ ուրիշը, որտեղ «Դիտարան» պարբերագրի միջոցով ուսումնասիրություն է կատարվում աստվածաշնչյան որևէ թեմայի կամ մարգարեության վերաբերյալ։ Մյուս հանդիպումն իրենից ներկայացնում է դպրոց, որտեղ մարդիկ կարող են սովորել, թե ինչպես մատուցել Աստվածաշնչի պատգամը։ Սրան հաջորդում է մեկ այլ հանդիպում, որտեղ գլխավորապես գործնական խորհուրդներ են տրվում քրիստոնեական կյանքի ու ծառայության վերաբերյալ։ Շաբաթական մեկ անգամ Վկաները Աստվածաշունչն ուսումնասիրելու համար հավաքվում են նաև փոքր խմբերով՝ մասնավոր տներում։ Այս բոլոր հանդիպումները դռնբաց են, և փող չի հավաքվում։
Ֆրանսիսկուն, որի մասին հիշատակվեց վերևում, կարծում է, որ Թագավորության սրահներում անցկացվող հանդիպումները շատ մեծ օգուտներ են տալիս։ Նա ասում է. «Իմ գնացած առաջին հանդիպումն անցկացվում էր քաղաքի կենտրոնում գտնվող մի հարմարավետ շենքում։ Հանդիպումն ինձ վրա լավ տպավորություն թողեց։ Ներկաները բարյացակամորեն էին տրամադրված իմ հանդեպ. տեսնում էի, որ նրանց մեջ սեր կա։ Ես անհամբեր սպասում էի, թե երբ պիտի հաջորդ անգամ էլ գնամ այնտեղ։ Այդ ժամանակվանից ոչ մի հանդիպում բաց չեմ թողել։ Քրիստոնեական այս հանդիպումները կենդանի ու աշխույժ են անցնում և բավարարում են իմ հոգևոր կարիքները։ Իսկ եթե ինչ–որ պատճառով ինձ վհատված եմ զգում, գնում եմ Թագավորության սրահ՝ վստահ, որ այնտեղից կվերադառնամ բարձր տրամադրությամբ»։
Եհովայի վկաների քրիստոնեական հանդիպումներում դուք կարող եք նաև ստանալ աստվածաշնչային կրթություն, վայելել հաճելի ու օգտակար ընկերակցություն, ինչպես նաև փառաբանել Աստծուն։ Մենք սրտանց հրավիրում ենք ձեզ այցելելու մոտակա Թագավորության սրահը։ Դուք ուրախ կլինեք, որ եկաք այդ հանդիպմանը։
[ծանոթագրություններ]
a Տաճարը հիմնահատակ ավերվեց հռոմեացիների կողմից։ Լացի պատը, որի մոտ հեռավոր վայրերից գալիս են հրեաները, այդ տաճարի մաս չի կազմում։ Այն ընդամենը տաճարի բակի պարսպից մնացած մի հատված է։
b Ըստ երևույթին, սինագոգները հիմնադրվել են կա՛մ այն ժամանակ, երբ հրեաները 70 տարով Բաբելոնի գերության տակ էին և երկրպագության համար տաճար չունեին, կա՛մ էլ գերությունից վերադառնալուց կարճ ժամանակ անց՝ տաճարի վերակառուցման ընթացքում։ Արդեն առաջին դարում Պաղեստինի ամեն մի քաղաք ուներ իր սինագոգը, իսկ մեծ քաղաքներում կային մի քանի սինագոգներ։
[նկարներ 4–րդ և 5–րդ էջերի վրա]
Խորանը, հետագայում՝ տաճարները ծառայեցին որպես Եհովայի երկրպագության հրաշալի կենտրոններ
[նկար 6–րդ էջի վրա]
Ս. Պետրոս տաճարը Հռոմում
[նկար 7–րդ էջի վրա]
Վաղ քրիստոնյաները հավաքվում էին մասնավոր տներում
[նկարներ 8–րդ և 9–րդ էջերի վրա]
Եհովայի վկաները քրիստոնեական հանդիպումներն անցկացնում են մասնավոր տներում և Թագավորության սրահներում