Արդյոք Եհովան նկատո՞ւմ է, թե դու ինչ ես անում
ԻՆՉՊԵ՞Ս կպատասխանեիր այս հարցին։ Շատերը կարող են ասել. «Ես հավատում եմ, որ Աստված տեսնում էր Մովսեսի, Գեդեոնի և Դավիթի նման մարդկանց կատարած մեծ գործերը, բայց կասկածում եմ, թե նրան հետաքրքրում են իմ արածները։ Անշուշտ, ես չեմ կարող համեմատվել ո՛չ Մովսեսի, ո՛չ Գեդեոնի և ո՛չ էլ Դավիթի հետ»։
Ճշմարիտ է, որ աստվածաշնչյան ժամանակներում որոշ հավատարիմ մարդիկ բացառիկ գործեր են կատարել, որոնք ցույց են տվել նրանց հավատը։ Նրանք «թագաւորութիւնների յաղթեցին.... առիւծների բերաններ խցկեցին. Կրակի զօրութիւն անցրին. սրի բերանից պրծան» (Եբրայեցիս 11։33, 34)։ Մյուսների հավատը թեպետ չդրսևորվեց նման արտահայտիչ կերպով, այնուհանդերձ, Աստվածաշունչը հավաստիացնում է մեզ, որ Աստված նրանց հավատի գործերը նույնպես տեսնում էր։ Որպեսզի լավ պատկերացնես այդ ամենը, քննարկենք Սուրբ Գրքում հիշատակված հովվի, մարգարեի և որբևայրի կնոջ օրինակները։
Հովիվը զոհ է մատուցում
Ի՞նչ ես հիշում Ադամի ու Եվայի երկրորդ որդու՝ Աբելի մասին։ Երևի այն, որ նա դաժանորեն սպանվեց, ինչը հավանաբար մեզանից միայն քչերի հետ կարող է պատահել։ Բայց առաջին հերթին Աստված Աբելի վրա ուշադրություն դարձրեց մեկ ուրիշ պատճառով։
Մի օր Աբելը վերցրեց իր հոտի լավագույն կենդանիներից մի քանիսը ու Աստծուն զոհ մատուցեց։ Նրա ընծան մեր օրերում կարող է համեմատաբար աննշան մի բան համարվել, սակայն Եհովան նկատեց դա և ցույց տվեց իր հավանությունը։ Դեռ ավելին, այդ դեպքից մոտավորապես չորս հազար տարի անց Եհովան ներշնչեց Պողոս առաքյալին՝ այդ մասին գրելու եբրայեցիներին ուղղված նամակում։ Այդքան երկար տարիներ հետո անգամ Աստված չէր մոռացել այդ համեստ ընծան (Եբրայեցիս 6։10; 11։4)։
Իսկ ինչպե՞ս Աբելը որոշեց, թե ինչ տեսակ զոհ մատուցի։ Ճիշտ է, Աստվածաշունչը այդ մասին ոչինչ չի ասում, բայց հավանաբար Աբելը լրջորեն խորհել էր դրա շուրջ։ Նա հովիվ էր, ուստի զարմանալի չէր, որ նա իր հոտի կենդանիներից զոհաբերեց։ Ուշադրություն դարձրու, սակայն, որ Աբելը զոհաբերեց լավագույնը՝ «պարարտներիցը» (Ծննդոց 4։4)։ Հնարավոր է նաև, որ նա խորհել էր այն խոսքերի շուրջ, որ Եհովան ասել էր օձին Եդեմի պարտեզում. «Եւ ես թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ մէջտեղը, եւ քո սերունդի եւ նորա սերունդի մէջտեղը. նա քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես» (Ծննդոց 3։15; Յայտնութիւն 12։9)։ Չնայած այն բանին, որ Աբելի համար անհասկանալի էր, թե իրականում ով է ‘կինը’ և նրա ‘սերունդը’, այնուամենայնիվ, հնարավոր է նա հասկացել էր, որ կնոջ ‘գարշապարը խայթելը’ իր մեջ արյուն թափելու գաղափար է պարունակում։ Նա, անշուշտ, գիտակցում էր, որ ոչինչ չէր կարող ավելի արժեքավոր համարվել, քան կենդանի արարածը։ Ամեն դեպքում, նրա մատուցած զոհը իսկապես տեղին էր։
Ինչպես այն օրերում Աբելը, այնպես էլ այսօր քրիստոնյաները զոհ են մատուցում Աստծուն։ Նրանք ոչ թե հոտի առաջնեկներին են մատուցում, այլ տալիս են «օրհնութեան պատարագ [«գովաբանության զոհ» ՆԱ].... այսինքն նորա [Աստծո] անունը դաւանող շրթունքների պտուղ» (Եբրայեցիս 13։15)։ Մեր շրթունքները ‘դավանում են’ այն դեպքում, երբ մեր հավատի մասին ուրիշներին ենք պատմում։
Չէի՞ր ուզենա արդյոք բարելավել քո զոհաբերության որակը։ Եթե այո, ապա լրջորեն խորհիր քո տարածքում ապրող մարդկանց կարիքների մասին։ Ի՞նչ մտահոգություններ ունեն նրանք. իսկ ինչ հետաքրքրություննե՞ր։ Աստվածաշնչյան լուրի հետ կապված ի՞նչը կհրապուրի նրանց։ Ամեն անգամ վկայություն տալիս մտովի վերլուծիր այցելություններիդ արդյունքները՝ նպատակ հետապնդելով բարձրացնել ծառայությանդ արդյունավետությունը։ Իսկ երբ խոսում ես Եհովայի մասին, համոզվածությամբ դա արա, ամբողջ սրտով։ Քո զոհը դարձրու իսկական գովաբանության զոհ։
Մարգարեն քարոզում է շրջապատի մարդկանց, որոնք չեն լսում իրեն
Այժմ քննարկենք Ենովք մարգարեի օրինակը։ Հնարավոր է, որ նա իր շրջապատում միակ մարդն էր, որ վկայում էր Եհովա Աստծո մասին։ Ենովքի նման, դո՞ւ էլ՝ որպես Եհովայի հավատարիմ ծառա, ձեր ընտանիքում միակն ես։ Կամ գուցե դասարանում միակ աշակե՞րտն ես, կամ էլ աշխատանքի վայրում միակ աշխատո՞ղը, որ ապրում է Աստվածաշնչի սկզբունքներով։ Եթե այդպես է, ապա հավանաբար հակառակությունների կհանդիպես։ Ընկերներդ, հարազատներդ, դասընկերներդ կամ էլ աշխատակիցներդ գուցե փորձեն համոզել քեզ խախտել Աստծո օրենքները։ «Ոչ ոք երբեք չի իմանա, թե դու ինչ ես արել,—կարող են ասել նրանք։— Մենք այդ մասին ոչ ոքի չենք ասի»։ Նրանք կարող են պնդել, թե անմտություն է Աստվածաշնչի բարոյական չափանիշները պահպանելը մտահոգության առարկա դարձնելը, քանի որ Աստծո հոգը չէ, թե դու ինչ ես անում։ Վրդովվելով, որ դու չես մտածում ու գործում այնպես, ինչպես իրենք՝ նրանք կարող են իրենց ուժերից եկած հնարավոր ամեն բան անել՝ կոտրելու քո հաստատակամությունը։
Ինչ խոսք, դժվար է դիմադրել այդպիսի ճնշմանը, բայց դա անհնարին չէ։ Մտածիր Ենովքի մասին, որ Ադամի սերնդից եկող յոթերորդ մարդն էր (Յուդա 14)։ Այն ժամանակ, երբ Ենովքը ծնվեց, մարդկանց մեծամասնությունը բարոյական առումով անկում էր ապրում։ Նրանց խոսքերն անպարկեշտ էին, իսկ գործերը՝ «ամբարիշտ» (Յուդա 15)։ Նրանք այնպիսի վարք էին դրսևորում, ինչպես մեր օրերում ապրող շատ մարդիկ։
Ինչպե՞ս Ենովքը հաղթահարեց այդ իրավիճակը։ Այս հարցի պատասխանը մեզ էլ է այսօր հետաքրքրում։ Չնայած Ենովքը, հնարավոր է, այն օրերում Եհովայի միակ երկրպագուն էր երկրի վրա, սակայն իրականում նա միայնակ չէր։ Ենովքը Աստծո հետ էր քայլում (Ծննդոց 5։22, Արևմտ. Աստ.)։
Աստծո հավանությանն արժանանալը Ենովքի կյանքում առաջնային էր։ Նա գիտեր, որ Աստծո հետ քայլելը ավելին է նշանակում, քան սոսկ մաքուր, բարոյական կյանքով ապրելը։ Եհովան ակնկալում էր, որ նա քարոզեր (Յուդա 14, 15)։ Մարդկանց պետք էր զգուշացնել, որ նրանց ոչ աստվածահաճո գործերը աննկատ չեն մնում։ Ենովքը շարունակեց քայլել Աստծո հետ ավելի քան 300 տարի՝ անհամեմատ ավելի երկար, քան մեզանից որևէ մեկը։ Մինչև իր մահը նա չխոտորվեց այդ ճանապարհից (Ծննդոց 5։23, 24)։
Ենովքի նման, մեզ նույնպես հանձնարարված է քարոզել (Մատթէոս 24։14)։ Բացի այն, որ վկայություն ենք տալիս տնից տուն, մենք նաև ձգտում ենք բարի լուրը հասցնել մեր հարազատներին, գործընկերներին և համադասարանցիներին։ Երբեմն գուցե վարանում ենք համարձակորեն վկայել։ Դո՞ւ էլ ունես այդ խնդիրը։ Եթե այո, ապա մի հուսահատվիր։ Հետևիր վաղ քրիստոնյաների օրինակին և աղոթիր Աստծուն, որ քեզ համարձակություն տա (Գործք 4։29)։ Միշտ հիշիր, որ քանի դեռ դու քայլում ես Աստծո հետ, երբեք միայնակ չես։
Այրին կերակուր է պատրաստում
Պատկերացրու՝ մի այրի կին, որի անունը Աստվածաշնչում չի նշվում, երկու անգամ օրհնվեց միայն այն բանի համար, որ պարզ ու համեստ կերակուր պատրաստեց։ Ազգությամբ նա իսրայելացի չէր, օտարազգի մի կին էր և ապրում էր Սարեփթա քաղաքում մ.թ.ա. տասներորդ դարում։ Երաշտի ու սովի երկար տարիներն արդեն մոտ էին իրենց ավարտին, և այրի կնոջ մթերքի պաշարը գրեթե սպառվել էր։ Մնացել էր ընդամենը մի բուռ այլուր ու մի քիչ յուղ, որը կբավականացներ միայն վերջին անգամ իր ու իր որդու համար մի կտոր հաց թխելուն։
Հենց այդ ժամանակ այրի կնոջ տուն մի օտարական եկավ։ Դա Աստծո մարգարե Եղիան էր։ Վերջինս խնդրեց իրեն էլ մի փոքր բաժին հանել այդ աղքատիկ կերակրից։ Այրին այնքան քիչ մթերք ուներ, որ հազիվ իրեն ու որդուն բավարարեր, ուստի կարելի է ասել՝ իրականում նա ոչինչ չուներ այցելուին տալու։ Բայց Եղիան վստահեցրեց նրան, որ եթե այրին ուտելիքը կիսի իր հետ, ապա, ինչպես որ Եհովան ասել էր, նա ու իր որդին սովից չէին մահանա։ Հավատ էր պետք ունենալ վստահ լինելու համար, որ Իսրայելի Աստվածը ուշադրություն կդարձներ օտարազգի մի որբևայրու վրա։ Կինը հավատաց Եղիային, ու Եհովան օրհնեց նրան։ «Սափորիցն ալիւրը չէր վերջանում, եւ կուժիցը իւղը չէր պակասում Տիրոջ այն խօսքի պէս, որ ասեց Եղիայի ձեռովը»։ Այրին ու իր որդին մշտական սնունդ ունեին մինչև սովի վերջանալը։ (Գ Թագաւորաց 17։8–16)։
Այս կնոջը, սակայն, մեկ ուրիշ օրհնություն էլ էր սպասում։ Վերոհիշյալ հրաշքից որոշ ժամանակ հետո նրա սիրասուն որդին հիվանդացավ ու մահացավ։ Խղճահարությունից մղված՝ Եղիան աղաչեց Եհովային կյանքի վերադարձնել տղային (Գ Թագաւորաց 17։17–24)։ Պետք է հրաշք տեղի ունենար, որի նմանը մինչ այդ չէր եղել։ Ոչ մի արձանագրություն չկա այն մասին, որ դրանից առաջ որևէ մեկը հարություն էր առել։ Արդյո՞ք Եհովան կրկին ողորմածություն կդրսևորեր այս օտարազգի կնոջ հանդեպ։ Այո՛։ Եհովան զորություն տվեց Եղիային՝ կյանքի ետ բերելու տղային։ Ավելի ուշ Հիսուսը պատվի արժանացած այս կնոջ համար հետևյալն ասաց. «Իսրայէլի մէջ շատ որբեւայրիներ կային.... [Բայց Եղիան ուղարկվեց] Սիդոնացիների Սարեփթան՝ մի որբեւայրի կնոջ մօտ» (Ղուկաս 4։25, 26)։
Անգամ զարգացած արդյունաբերություն ունեցող երկրների տնտեսական վիճակն այսօր հեռու է կայուն լինելուց։ Որոշ խոշոր ձեռնարկություններում կրճատման պատճառով աշխատանքից ազատվել են այնպիսի մարդիկ, ովքեր տասնամյակներ շարունակ եղել են նվիրված աշխատողներ։ Գործազրկության վտանգն իր աչքի առաջ ունենալով՝ քրիստոնյան կարող է ավելի շատ ժամանակ անցկացնել աշխատանքի վայրում՝ հույս ունենալով, որ ղեկավարությունը աշխատանքից չի ազատի իրեն։ Այսպես նրան արդեն քիչ ժամանակ կմնա ժողովի հանդիպումներին հաճախելու, քարոզչական ծառայությանը մասնակցելու կամ էլ իր ընտանիքի էմոցիոնալ ու հոգևոր կարիքները հոգալու համար։ Չնայած դրան՝ նա կարող է մտածել, որ պետք է ամեն գնով պահպանի իր աշխատանքը։
Տնտեսապես նման դժվարին իրավիճակում գտնվող քրիստոնյան, ինչ խոսք, անհանգստանալու պատճառ ունի։ Մեր օրերում դժվար է աշխատանք գտնելը։ Ճիշտ է, մեզանից շատերը հարստության չեն ձգտում, բայց և սարեփթացի այրու նման իրենք էլ են ուզում իրենց հանապազօրյա հացն ունենալ։ Պողոս առաքյալը, սակայն, հիշեցրեց մեզ, թե Աստված ինչում է մեզ հավաստիացնում. «Չեմ թողիլ քեզ եւ երեսից չեմ գցիլ»։ Այնպես որ վստահ կարող ենք ասել.«Տէրն է իմ օգնականը, եւ ես չեմ վախենալ, ի՞նչ կ’անէ ինձ մարդը» (Եբրայեցիս 13։5, 6)։ Պողոսն անվերապահորեն վստահում էր այդ խոստմանը, և Եհովան միշտ հոգ էր տանում նրա մասին։ Աստված նույնը կանի նաև մեզ, եթե չթողնենք նրան։
Գուցե մտածենք, որ մենք երբեք չենք կարող այնպիսի նշանավոր գործեր կատարել, ինչպես Մովսեսի, Գեդեոնի ու Դավիթի նման հոգևոր անձնավորությունները։ Բայց կարող ենք ընդօրինակել նրանց հավատը։ Նաև կարող ենք հիշել Աբելի, Ենովքի ու սարեփթացի այրու հավատի մասին վկայող պարզ գործերը։ Եհովան նկատում է հավատի բոլոր, նույնիսկ աննշան գործերը։ Երբ աստվածավախ ուսանողը մերժում է ընդունել ընկերոջ առաջարկած թմրադեղը, քրիստոնյա ծառայողը մերժում է աշխատանքի վայրում իրեն արված անբարո առաջարկը, կամ երբ տարեց Վկան, անտեսելով իր հոգնածությունն ու ֆիզիկական տկարությունը, հավատարմորեն բաց չի թողնում ժողովի հանդիպումները, Եհովան տեսնում է այդ ամենը և ուրախանում (Առակաց 27։11)։
Իսկ դու նկատո՞ւմ ես, թե ինչ են անում ուրիշները
Այո, Եհովան նկատում է մեր գործերը։ Ուստի, ընդօրինակելով Աստծուն, մենք պետք է ուշադիր լինենք և նկատենք ուրիշների գործադրած ջանքերը (Եփեսացիս 5։1)։ Ինչու չփորձես ավելի մոտիկից շփվել ու տեղեկանալ այն դժվարությունների մասին, որ ունեն քո հավատակիցները՝ կապված ժողովի հանդիպումներին հաճախելու, քարոզչական ծառայությանը մասնակցելու, նույնիսկ իրենց առօրյա գործերի հետ։
Ուրեմն թող Եհովայի՝ քո հավատակից երկրպագուներն իմանան, որ դու բարձր ես գնահատում իրենց ջանքերը։ Նրանք ուրախ կլինեն, որ դու նկատում ես դրանք, և քո ուշադրությամբ կարող ես վստահեցնել նրանց, որ Եհովան նույնպես նկատում է իրենց գործերը։