Ընթերցողների հարցերը
Ինչո՞ւ է «Դիտարանի» 2002 թ. ապրիլի 1–ի համարում (էջ 11, պարբերություն 7) նշվում, որ մ.թ. 33–ի Պենտեկոստեին հրեա նորահավատները մկրտվեցին ջրում՝ ի նշան այն բանի, որ «անձամբ նվիրվում են Աստծուն Քրիստոսի միջոցով», այնինչ այս հարցի վերաբերյալ ավելի վաղ կար տեսակետ, թե մ.թ. 33–ից մինչև 36 թվականն ընկած ժամանակահատվածում մկրտվելու համար հրեաներից չէր պահանջվում անձամբ նվիրվել Աստծուն։
Մ.թ.ա. 1513 թ.–ին Եհովա Աստված իսրայելացիներին հնարավորություն տվեց դառնալու իր սուրբ ազգը, պայմանով, որ նրանք ‘իր ձայնին լսեն և իր ուխտը պահեն’։ Ի պատասխան՝ իսրայելացիներն ասացին. «Եհովայի բոլոր ասածները կ’անենք» (Ելից 19։3–8; 24։1–8)։
Համաձայնվելով պահել Մովսիսական օրենքի ուխտը՝ իսրայելացիները նվիրվեցին Աստծուն։ Նրանց հետագա սերունդները ծնվում էին արդեն որպես Աստծուն նվիրված ազգի անդամներ։ Բայցևայնպես, Հիսուս Քրիստոսի հետևորդներ դարձած հրեաների մկրտությունը՝ սկսած մ.թ. 33–ի Պենտեկոստեից, ավելին էր բովանդակում, քան իրենց անձերը Աստծուն ներկայացնելը՝ որպես նվիրված ազգի անդամներ։ Դա խորհրդանշում էր նրանց նվիրումը Եհովա Աստծուն՝ նոր հարաբերությունների հաստատում Նրա հետ Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ինչպե՞ս է սա բացատրվում։
Մ.թ. 33–ի Պենտեկոստեին Երուսաղեմի վերնատներից մեկում հավաքված մոտ 120 աշակերտների վրա սուրբ ոգու թափվելուց հետո Պետրոս առաքյալը վեր կացավ ու սկսեց քարոզել հրեաների ու պրոզելիտների բազմությանը, որ եկել էր տեսնելու, թե ինչ է պատահել։ Հիմնովին վկայություն տալուց հետո նա հրեաներին, որ խղճի խայթ էին զգում, ասաց. «Ապաշխարեցէք՝ եւ ձեզանից ամեն մէկը թող մկրտուի Յիսուս Քրիստոսի անունովը՝ մեղքերի թողութեան համար»։ Ի պատասխան Պետրոսի հորդորի՝ «նորանք որ նորա խօսքը յօժարութեամբ ընդունեցին՝ մկրտուեցան. եւ այն օրը երեք հազարի չափ հոգիք աւելացան» (Գործք 2։1–41)։
Մի՞թե այդ հրեաները, որ մկրտվեցին Պետրոսի հորդորանքից հետո, արդեն չէին հանդիսանում որպես Աստծուն նվիրված ազգի անդամներ։ Մի՞թե նրանք չէին վայելում հարաբերություններ, որոնք հիմնված էին նվիրման վրա։ Ոչ։ Պողոս առաքյալը գրեց, որ Աստված ‘վեր առավ Օրենքը մեջտեղից և խաչափայտի վրա բևեռեց’ (Կողոսացիս 2։14)։ Մ.թ. 33–ին Քրիստոսի մահվան հիման վրա Եհովա Աստված վերացրեց Օրենքի ուխտը՝ հենց այն, ինչի հիման վրա իսրայելացիները նվիրված էին համարվում Աստծուն։ Ազգը, որ մերժեց Աստծո Որդուն, այժմ մերժվեց հենց Աստծո կողմից։ ‘Մարմնավոր Իսրայելը’ այլևս չէր կարող պնդել, որ Աստծուն նվիրված ազգ է (Ա Կորնթացիս 10։18; Մատթէոս 21։43)։
Օրենքի ուխտը վերացավ մ.թ. 33–ին, սակայն Աստված որոշ ժամանակ շարունակեց հատուկ բարեհաճություն և ուշադրություն ցույց տալ հրեաների հանդեպ։a Այդ ժամանակը տևելու էր մինչև մ.թ. 36 թվականը, երբ Պետրոսը քարոզեց աստվածավախ իտալացի Կոռնելիոսին ու նրա ընտանիքին, ինչպես նաև ուրիշ ոչ հրեաների (Գործք 10։1–48)։ Ինչո՞ւ Աստված իր բարեհաճությունը դեռ որոշ ժամանակ շարունակեց դրսևորել հրեաների նկատմամբ։
«[Մեսիան] պիտի զօրացնէ ուխտը շատերի համար մէկ եօթնեակ»,— ասվում է Դանիէլ 9։27–ում։ Դա աբրահամական ուխտն էր, որ ‘զորացավ’՝ շարունակեց ուժի մեջ մնալ յոթ տարի՝ «մէկ եօթնեակ»՝ սկսած Հիսուսի մկրտությունից ու նրա՝ որպես Մեսիայի, հանրային ծառայության սկզբից՝ մ.թ. 29 թ.–ից։ Որպեսզի անհատն Աստծո հետ այդ ուխտի միջոցով փոխհարաբերությունների մեջ լիներ, նա պարզապես պետք է լիներ որպես Աբրահամի հրեա հետնորդ։ Սակայն դա միակողմանի ուխտ էր, ուստի անհատը չէր կարող Աստծո հետ ունենալ այնպիսի հարաբերություններ, որոնք հիմնված էին անձնական նվիրման վրա։ Հետևաբար հրեա հավատացյալները, որոնք մկրտվեցին Պետրոսի՝ մ.թ. 33–ի Պենտեկոստեին ունեցած ելույթից հետո, թեև որպես այդ ազգի ներկայացուցիչներ արժանացել էին Աստծո հատուկ ուշադրությանը, այնուամենայնիվ չէին կարող պնդել, որ իրենք Աստծո հետ վայելում էին նվիրման հիման վրա հաստատված հարաբերություններ, քանի որ Օրենքի ուխտն արդեն վերացվել էր։ Նրանք անձամբ պետք է նվիրվեին Աստծուն։
Մեկ ուրիշ պատճառ էլ կա, թե ինչու էր կարևոր, որ հրեաներն ու պրոզելիտները, որոնք մ.թ. 33–ի Պենտեկոստեին ներկայացան մկրտվելու, անձամբ նվիրվեին Աստծուն։ Պետրոս առաքյալը հորդորեց իր ունկնդիրներին զղջալ ու մկրտվել Հիսուսի անունով։ Սա անելու համար նրանք պետք է հրաժարվեին աշխարհի ճանապարհներից և Հիսուսին ընդունեին որպես Մեսիայի, Քահանայապետի և մի անձնավորության, որը երկնքում նստած է Աստծո աջ կողմում։ Նրանք պետք է Քրիստոսի միջոցով կանչեին Եհովա Աստծո անունը, որպեսզի փրկվեին. իսկ դրա համար հարկավոր էր հավատ ընծայել Քրիստոսին ու ճանաչել նրան որպես իրենց Առաջնորդի։ Աստծո հետ փոխհարաբերություններ հաստատելու և մեղքերի թողություն ստանալու ողջ հիմքը արդեն փոխվել էր։ Հավատացյալ հրեաները՝ որպես առանձին անհատներ, պետք է ընդունեին այս նոր կարգը։ Ինչպե՞ս։ Նրանք պետք է նվիրվեին Աստծուն ու դա ցույց տային հրապարակային կերպով մկրտվելով՝ ընկղմվելով ջրի մեջ Հիսուս Քրիստոսի անունով։ Այս մկրտությունը խորհրդանիշ էր իրենց նվիրման առ Աստված. դրանով նրանք Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծո հետ նոր հարաբերությունների մեջ էին մտնում (Գործք 2։21, 33–36; 3։19–23)։
[ծանոթագրություն]
a Երբ Հիսուս Քրիստոսը համբարձվեց երկինք ու իր զոհաբերված մարդկային կյանքի արժեքը ներկայացրեց Եհովա Աստծուն, Մովսիսական օրենքը անվավեր համարվեց և ‘նոր ուխտի’ հիմքը դրվեց (Երեմիա 31։31–34)։