«Հայր մեր» աղոթքը ինչ նշանակություն ունի ձեզ համար
ԼԵՌԱՆ քարոզում Հիսուս Քրիստոսի կողմից ասված «Հայր մեր» աղոթքը գտնվում է Աստվածաշնչի Մատթէոս Ավետարանի 6–րդ գլխի 9–13 համարներում։ Այս աղոթքը ներկայացնելուց առաջ Հիսուսն ասաց. «Աղօթք անելիս շատախօս մի՛ լինիք [«մի՛ կրկնեք միևնույն բանը», ՆԱ] ինչպէս հեթանոսները, որովհետեւ նորանք կարծում են, թէ իրանց շատ խօսելու համար կ’լսուին» (Մատթէոս 6։7)։
Հետևաբար պարզ է, որ Հիսուսն ի նկատի չուներ, որ Տերունական աղոթքը հարկավոր է բառ առ բառ կրկնել։ Ճիշտ է, նա ավելի ուշ կրկնեց այս աղոթքը այլ ունկնդիրների համար (Ղուկաս 11։2–4)։ Սակայն Մատթէոսի և Ղուկասի Ավետարաններում արձանագրված այս աղոթքի բառերը փոքր–ինչ տարբերվում են իրարից։ Ավելին՝ թե՛ Հիսուսը և թե՛ նրա աշակերտները հետագայում այս տիպար աղոթքի բառերը ամենայն ճշգրտությամբ չեն կրկնել իրենց աղոթքներում։
Ինչո՞ւ է «Հայր մեր» աղոթքը Աստվածաշնչում արձանագրվել։ Այս տիպար աղոթքի միջոցով Հիսուսը մեզ սովորեցնում է, թե ինչպես աղոթենք, որ մեր աղոթքը ընդունելի լինի Աստծուն։ Այս աղոթքում մենք նաև կարող ենք կյանքին առնչվող որոշ հիմնական հարցերի պատասխանները գտնել։ Ուստի եկեք խորհենք Տերունական աղոթքի յուրաքանչյուր մտքի շուրջ։
Ի՞նչ է Աստծո անունը
«Մեր Հայր, որ երկնքումն ես. սուրբ լինի քո անունը» (Մատթէոս 6։9)։ Տիպար աղոթքի այս առաջին խոսքերը մեզ օգնում են մոտենալ Աստծուն՝ դիմելով նրան որպես «Մեր Հայր»։ Մենք կարող ենք մոտենալ մեր երկնային Հորը՝ վստահ լինելով, որ նա ցանկանում է մեզ լսել, ինչպես փոքրիկ երեխան է անկաշկանդ մոտենում իր սիրող ու հոգատար ծնողին։ Դավիթ թագավորը երգում էր. «Դու լսում ես աղօթք. ամեն մարմին քեզ մօտ է գալիս» (Սաղմոս 65։2)։
Հիսուսը մեզ սովորեցնում է աղոթել այն մասին, որ սրբացվի Աստծո անունը։ Բայց ի՞նչ է Աստծո անունը։ Աստվածաշունչը այս հարցին պատասխանում է հետևյալ խոսքերով. «Քո անունը Եհովայ է. դու մինակ Բարձրեալ ես բոլոր երկրի վերայ» (Սաղմոս 83։18)։ Աստվածաշնչում երբևէ կարդացե՞լ եք Եհովայի անունը։
Իրականում Աստծո Եհովա անունը Աստվածաշնչի հին ձեռագրերում հանդիպում է մոտ 7 000 անգամ։ Սակայն որոշ թարգմանիչներ Աստվածաշնչի իրենց թարգմանություններից նույնիսկ հանել են այն։ Հետևաբար հիմքեր ունենք աղոթելու մեր Արարչին, որ սրբացնի իր անունը (Եզեկիէլ 36։23)։ Նման խնդրանքին ներդաշնակ վարվելու կերպերից մեկն այն է, որ Աստծուն աղոթելիս օգտագործենք նրա Եհովա անունը։
Պատրիսիա անունով մի կին մեծացել էր կաթոլիկների ընտանիքում և շատ լավ գիտեր Տերունական աղոթքը։ Իսկ ինչպե՞ս նա արձագանքեց, երբ Եհովայի վկաներից մեկը Աստվածաշնչում նրան ցույց տվեց Աստծո անունը։ «Աչքերիս չէի հավատում,— պատմում է նա,— ուստի իմ անձնական Աստվածաշնչում նայեցի ու այնտեղ էլ նույնը տեսա։ Այնուհետև Վկան ինձ ցույց տվեց Մատթէոս 6։9, 10 համարները և բացատրեց, որ հենց Տերունական աղոթքը մատնանշում է, որ Աստված անուն ունի։ Դա ինձ անչափ հուզեց։ Ես նրան խնդրեցի, որ ինձ հետ Աստվածաշունչ ուսումնասիրի»։
Աստծո կամքը՝ երկրի վրա
«Գայ քո արքայութիւնը, լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ» (Մատթէոս 6։10)։ Ինչպե՞ս է իրականանալու Հիսուսի տիպար աղոթքի այս մասը։ Շատ մարդիկ այն պատկերացումն ունեն, որ երկինքը խաղաղության ու երանության մի ոլորտ է։ Գրությունները երկինքը ներկայացնում են որպես Եհովայի «սուրբ եւ փառաւոր բնակարան» (Եսայիա 63։15)։ Ահա թե ինչու ենք աղոթում, որ Աստծո կամքը լինի երկրի վրա, «ինչպէս երկնքումն» է։ Բայց դա երբևէ կիրականանա՞։
Եհովայի մարգարեն՝ Դանիելը, կանխագուշակեց. «Երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր [երկրային] թագաւորութիւնները. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս» (Դանիէլ 2։44)։ Այս երկնային Թագավորությունը, կամ կառավարությունը շուտով գործի կանցնի՝ արդար կառավարման ներքո համընդհանուր խաղաղություն հաստատելու համար (Բ Պետրոս 3։13)։
Աղոթելով, որ գա Աստծո Թագավորությունը և Աստծո կամքը լինի երկրի վրա, մենք արտահայտում ենք մեր հավատը, որը մեզ հուսախաբ չի անի։ Քրիստոնյա Հովհաննես առաքյալը գրեց. «Մի մեծ ձայն լսեցի երկնքիցը, որ ասում էր. Ահա Աստուծոյ խորանը մարդկանց հետ, եւ նա կ’բնակուէ նորանց հետ, եւ նորանք կ’լինին նորան ժողովուրդ, եւ ինքն Աստուած նորանց հետ կ’լինի նորանց Աստուած։ Եւ կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան»։ Այնուհետև Հովհաննեսն ավելացրեց. «Եւ աթոռի վերայ նստողն ասեց. .... Գրիր. որ այս խօսքերը ճշմարիտ եւ հաւատարիմ են» (Յայտնութիւն 21։3–5)։
Աղոթքը և մեր ֆիզիկական կարիքները
Հիսուսն իր տիպար աղոթքի առաջին խոսքերով ցույց տվեց, որ մեզ առավելապես պետք է հետաքրքրի այն ամենը, ինչը կապված է Աստծո անվան և նրա կամքի հետ։ Սակայն տիպար աղոթքի հաջորդ խոսքերն ընդգրկում են անձնական խնդրանքներ, որոնք պատշաճ կերպով ուղղված են Եհովային։
Առաջին խնդրանքը հետևյալն է. «Մեր ամեն օրուայ հացը տուր մեզ այսօր» (Մատթէոս 6։11)։ Այս խոսքերով մենք նյութական հարստություն չենք խնդրում։ Հիսուսը մեզ հորդորեց աղոթել ‘մեր ամեն օրվա հացը օրեցօր տալու’ մասին (Ղուկաս 11։3)։ Տերունական աղոթքին ներդաշնակ՝ մենք կարող ենք աղոթել Աստծուն, հավատալով, որ նա կհոգա մեր օրվա կարիքների մասին, եթե մենք սիրում ու հնազանդվում ենք նրան։
Տնտեսական խնդիրների հետ կապված՝ չափազանց մտահոգությունները կարող են պատճառ դառնալ, որ անտեսենք մեր հոգևոր կարիքները և, հետևաբար, թերանանք անել այն, ինչ Աստված մեզանից ակնկալում է։ Սակայն եթե Աստծուն ուղղված մեր երկրպագությունը կյանքում առաջնային ենք համարում, կարող ենք վստահ լինել, որ նյութականի, այսինքն՝ սննդի ու հագուստի հետ կապված մեր խնդրանքները նա սիրով կլսի։ Հիսուսն ասաց. «Առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք. եւ այդ ամենքը կ’տրուի ձեզ» (Մատթէոս 6։26–33)։ Հեշտ չէ խնդրել, կամ որոնել Աստծո արդարությունը, քանի որ բոլորս էլ մեղավոր ենք և ներման կարիք ունենք (Հռովմայեցիս 5։12)։ Տերունական աղոթքն ընդգրկում է նաև այս հարցի հետ կապված մտքեր։
Մեր աղոթքներն ու ներում ստանալը
«Թող մեզ մեր պարտքերը, ինչպէս մենք էլ թողում ենք մեր պարտականներին» (Մատթէոս 6։12)։ Այս համարում օգտագործված «պարտքեր» բառը Ղուկասի Ավետարանում արձանագրված Տերունական աղոթքում արտահայտված է «մեղքեր» բառով (Ղուկաս 11։4)։ Եհովա Աստված իրո՞ք կների մեր մեղքերը։
Թեև հին Իսրայելի Դավիթ թագավորը լուրջ մեղքեր գործեց, նա զղջաց ու վստահությամբ աղոթեց. «Դու, Տէր, բարի ես եւ ներող, եւ ողորմութիւնով հարուստ բոլոր քեզ կանչողներին» (Սաղմոս 86։5)։ Ինչպիսի՜ մխիթարական խոսքեր։ Մեր երկնային Հայրը պատրաստ է ներելու նրանց մեղքերը, ովքեր զղջում են ու նրան ‘կանչում’։ Ճիշտ ինչպես որ պարտքը կարող է ամբողջությամբ չեղյալ համարվել, այնպես էլ մեր մեղքերը կարող են ամբողջությամբ ներվել Եհովա Աստծո կողմից։
Սակայն Հիսուսը հիշատակեց մի պայման. Աստծուց ներում ստանալու համար նախ ինքներս պետք է ներենք մյուսներին (Մատթէոս 6։14, 15)։ Չնայած այն բանին, որ արդար Հոբի երեք ընկերները նրա նկատմամբ վատ վերաբերմունք ցույց տվեցին, նա ներեց նրանց և նույնիսկ աղոթեց նրանց համար (Յոբ 42։10)։ Եթե մենք ներում ենք մեր դեմ մեղք գործողներին, ուրեմն կհաճեցնենք Աստծուն ու նրա ողորմությանը կարժանանանք։
Աստծո՝ մեր խնդրանքները լսելու պատրաստակամությունը պետք է մղի մեզ հաճեցնելու նրան։ Իսկ մենք կարող ենք դա անել, չնայած որ անկատար ենք (Մատթէոս 26։41)։ Այս հարցում էլ Եհովան մեզ օգնության ձեռք է մեկնում, ինչպես և Հիսուսն ընդգծեց՝ տիպար աղոթքը եզրափակելով անչափ կարևոր մի խնդրանքով։
Օգնություն՝ ճիշտ ուղով ընթանալու համար
«Մի տանիր մեզ փորձութեան մէջ. այլ ազատիր մեզ չարիցը» (Մատթէոս 6։13)։ Եհովան մեզ անօգնական չի թողնում, որ միայնակ տոկանք փորձությանը, ոչ էլ պատճառ է հանդիսանում, որ ընկնենք մեղքի մեջ։ Նրա Խոսքում ասվում է. «Աստուած չար բաներով չէ փորձվում. ինքն էլ ոչ մէկին չէ փորձում» (Յակոբոս 1։13)։ Թեև Աստված թույլ է տալիս, որ մենք փորձվենք, սակայն նա կարող է ‘ազատել’ մեծ Փորձիչից՝ «չարից», որ Բանսարկու Սատանա է կոչվում։
Պետրոս առաքյալը իր քրիստոնյա հավատակիցներին հորդորեց. «Արթուն եղէք, հսկում արէք. որովհետեւ ձեր ոսոխ թշնամին՝ սատանան՝ գոռոզ առիւծի պէս ման է գալիս եւ որոնում է թէ որին կուլ տայ» (Ա Պետրոս 5։8)։ Սատանան նույնիսկ կատարյալ մարդ Հիսուս Քրիստոսին փորձության ենթարկեց։ Ո՞րն էր Բանսարկուի նպատակը։ Նա ձգտում էր հեռացնել Հիսուսին Եհովա Աստծուն մատուցվող մաքուր երկրպագությունից (Մատթէոս 4։1–11)։ Եթե դուք ցանկանում եք ծառայել Աստծուն, ապա Սատանան ձեզ նույնպես կձգտի ‘կուլ տալ’։
Իր իշխանության տակ գտնվող աշխարհի միջոցով Բանսարկուն կարող է մեզ փորձության ենթարկել՝ դրդելով, որ Աստծուն տհաճություն պատճառող գործերով զբաղվենք (Ա Յովհաննէս 5։19)։ Ուստի շատ կարևոր է, որ կանոնավորաբար Աստծուց օգնություն խնդրենք, հատկապես այն ժամանակ, երբ բախվում ենք ծանր փորձության։ Իսկ եթե մենք Եհովային երկրպագում ենք նրա ներշնչված Խոսքի՝ Աստվածաշնչի համաձայն, նա ‘կազատի’ մեզ՝ օգնելով, որ դիմադրենք Բանսարկուին։ Աստվածաշնչում ասվում է. «Աստուած հաւատարիմ է, որ չի թողիլ ձեզ ձեր կարողութիւնիցը վեր փորձուելու» (Ա Կորնթացիս 10։13)։
Կենսական է հավատալ Աստծուն
Որքա՜ն սիրտ ջերմացնող է այն, որ մեր երկնային Հայրը հետաքրքրություն է ցուցաբերում մեզանից յուրաքանչյուրի հանդեպ։ Ավելին՝ նա իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով սովորեցնում է մեզ, թե ինչպես աղոթենք։ Անշուշտ, դա մեր սիրտը Եհովա Աստծուն հաճեցնելու ցանկությամբ է լցնում։ Իսկ ինչպե՞ս կարող ենք հաճեցնել նրան։
Աստվածաշնչում ասվում է. «Առանց հաւատքի անկարելի է [Աստծուն] հաճոյ լինել. որովհետեւ Աստուծուն մօտեցողը պէտք է հաւատայ, թէ նա կայ, եւ թէ իրան խնդրողներին վարձահատոյց կ’լինի» (Եբրայեցիս 11։6)։ Ինչպե՞ս կարող ենք նման հավատ կերտել։ «Հաւատքը լսելուցն է»,— ասվում է Աստվածաշնչում (Հռովմայեցիս 10։17)։ Եհովայի վկաները հաճույքով պատմում են Գրություններում գտնվող ճշմարտությունը այն մարդկանց, ովքեր ձգտում են Աստծուն ծառայել՝ նրա հանդեպ իսկական հավատ ցուցաբերելով։
Հուսով ենք, որ «Հայր մեր» աղոթքի հետ կապված այս քննարկումն ավելի խորացրեց ձեր գիտելիքները տիպար աղոթքի նշանակության վերաբերյալ։ Ավելի շատ տեղեկություններ ստանալով Եհովայի, ինչպես նաև այն մասին, որ նա «իրան խնդրողներին վարձահատոյց կ’լինի»՝ դուք կարող եք ամրացնել ձեր հավատը նրա հանդեպ։ Թող որ ավելին սովորեք Եհովայի ու նրա նպատակների մասին, որպեսզի սերտ փոխհարաբերություններ վայելեք ձեր երկնային Հոր հետ՝ հավիտյան (Յովհաննէս 17։3)։
[մեջբերում 5–րդ էջի վրա]
«Մեր Հայր, որ երկնքումն ես. սուրբ լինի քո անունը. գայ քո արքայութիւնը, լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ։ Մեր ամեն օրուայ հացը տուր մեզ այսօր։ Եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպէս մենք էլ թողում ենք մեր պարտականներին։ Եւ մի տանիր մեզ փորձութեան մէջ. այլ ազատիր մեզ չարիցը» (Մատթէոս 6։9–13)։
[նկար 7–րդ էջի վրա]
Եհովան հոգ է տանում իրեն սիրողների կարիքների մասին
[նկար 7–րդ էջի վրա]
Աստված նաև օգնում է մեզ դիմադրել Բանսարկուին
[նկար 7–րդ էջի վրա]
Եթե մենք Հոբի նման ներում ենք մեր դեմ մեղք գործողներին, ուրեմն կարող ենք Աստծո ողորմությանն արժանանալ