«Զօրացէք Տէրով»
«Զօրացէք Տէրով եւ նորա զօրութեան կարողութիւնովը» (ԵՓԵՍԱՑԻՍ 6։10)։
1. ա) Արտասովոր ի՞նչ մարտ տեղի ունեցավ մոտ 3 000 տարի առաջ։ բ) Ինչո՞ւ Դավիթը հաղթող դուրս եկավ։
ՄՈՏ 3 000 տարի առաջ պատերազմի դաշտում հանդիպած երկու թշնամական բանակների առջև կռվի բռնվեցին երկու մարտիկներ։ Մեկը, որ ավելի երիտասարդ էր, մի հովիվ էր՝ Դավիթ անունով։ Նրա հակառակորդը Գողիաթն էր՝ արտասովոր ուժի տեր մի հսկա։ Վերջինիս զրահը կշռում էր գրեթե 57 կիլոգրամ։ Նա մի վիթխարի նիզակ էր կրում ու մի մեծ թուր։ Մինչդեռ Դավիթը որևէ սպառազինություն չուներ։ Նրա միակ զենքը մի պարսատիկ էր։ Փղշտացի հսկայի ինքնասիրությունը վիրավորված էր այն բանից, որ իր իսրայելացի հակառակորդը մի պատանի է (Ա Թագաւորաց 17։42–44)։ Ելքը կարծես պարզ էր բոլոր ներկաներին։ Սակայն միշտ չէ, որ զորավորներն են հաղթանակ տանողները (Ժողովող 9։11, ԱԱ)։ Մարտում հաղթող դուրս եկավ Դավիթը, քանի որ նրան զորացնողը Եհովան էր։ «Պատերազմը Տիրոջն է»,— ասաց նա։ Ինչպես պատմում է Աստվածաշունչը, «Դաւիթը պարսով եւ քարով Փղշտացիին յաղթեց» (Ա Թագաւորաց 17։47, 50)։
2. Ինչպիսի՞ պատերազմ են մղում քրիստոնյաները։
2 Քրիստոնյաները բառացի պատերազմների չեն մասնակցում։ Սակայն, բոլոր մարդկանց հետ խաղաղություն պահպանելով հանդերձ, նրանք հոգևոր պատերազմ են մղում ընդդեմ շատ հզոր հակառակորդների (Հռովմայեցիս 12։18)։ Եփեսացիներին ուղղված իր նամակի վերջին գլխում Պողոս առաքյալը խոսեց այն պատերազմի մասին, որին մասնակցում է յուրաքանչյուր քրիստոնյա։ Նա գրեց. «Մեր պատերազմը արիւնի եւ մարմնի հետ չէ, այլ իշխանութիւնների եւ պետութիւնների հետ, այս աշխարհի խաւարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ որ երկնաւորների մէջ են» (Եփեսացիս 6։12)։
3. Ըստ Եփեսացիս 6։10–ի՝ ի՞նչ է անհրաժեշտ մեր հաղթանակը երաշխավորելու համար։
3 Վերևում հիշատակվող չար ոգիներն են Սատանան ու նրա դևերը, որոնք ցանկանում են վերջ դնել Եհովա Աստծո հետ մեր փոխհարաբերություններին։ Քանի որ նրանք մեզանից անհամեմատ զորեղ են, մեր իրավիճակը նման է Դավիթի իրավիճակին. մենք չենք կարող հաղթանակ տանել, եթե չապավինենք Աստծո զորությանը։ Ուստի Պողոսը քաջալերում է. «Զօրացէք Տէրով եւ նորա զօրութեան կարողութիւնովը» (Եփեսացիս 6։10)։ Այդ խորհուրդը տալուց հետո առաքյալը բացատրում է, թե որ հոգևոր միջոցները և որ քրիստոնեական հատկությունները կօգնեն մեզ հաղթանակով դուրս գալ պայքարից (Եփեսացիս 6։11–17)։
4. Ի՞նչ երկու գլխավոր մտքեր ենք քննարկելու այս հոդվածում։
4 Եկեք այժմ քննարկենք, թե ինչ են հայտնում Գրությունները մեր թշնամու ուժերի և մարտավարական մեթոդների վերաբերյալ։ Այնուհետև կխոսենք այն մասին, թե ինչ միջոցներ պետք է ձեռք առնենք պաշտպանվելու համար։ Եթե հետևենք Եհովայի հրահանգներին, կարող ենք վստահ լինել, որ թշնամիները մեր նկատմամբ առավելություն չեն ունենա։
Պատերազմ չար ոգիների դեմ
5. Եփեսացիս 6։12–ի բնագիր տեքստը ինչպե՞ս է մեզ օգնում հասկանալ Սատանայի մարտավարական տակտիկան։
5 Պողոսը բացատրում է, որ «մեր պատերազմը.... այն չար հոգիների [դեմ է] որ երկնաւորների մէջ են»։ Չար ոգիներից ամենագլխավորը, իհարկե, «դեւերի իշխան» Բանսարկու Սատանան է (Մատթէոս 12։24–26)։ Աստվածաշնչի բնագրային լեզվում մեր այս պայքարը համեմատվում է ըմբշամարտի՝ ձեռնակռվի հետ։ Հին Հունաստանում ըմբշամարտի մրցումների ժամանակ մարտիկներից յուրաքանչյուրը փորձում էր հավասարակշռությունից հանել իր հակառակորդին՝ նրան գետինը տապալելու նպատակով։ Նույնը և Սատանան. նա ցանկանում է, որ կորցնենք մեր հոգևոր հավասարակշռությունը։ Ինչպե՞ս նա կարող է հասնել դրան։
6. Գրությունների օգնությամբ ցույց տուր, թե Սատանան ինչպես կարող է գործի դնել տարբեր միջոցներ՝ մեր հավատը թուլացնելու նպատակով։
6 Բանսարկուն կարող է գործել օձի, մռնչող առյուծի և անգամ լույսի հրեշտակի նման (Բ Կորնթացիս 11։3, 14; Ա Պետրոս 5։8, ԱԱ)։ Նա կարող է մարդկանց միջոցով հալածանքների ենթարկել կամ վհատություն պատճառել մեզ (Յայտնութիւն 2։10)։ Քանի որ Սատանայի իշխանության տակ է գտնվում ողջ աշխարհը, նա կարող է աշխարհի ցանկությունների ու գայթակղությունների միջոցով փորձել մեզ ծուղակը գցել (Բ Տիմոթէոս 2։26; Ա Յովհաննէս 2։16; 5։19)։ Մեզ մոլորության մեջ գցելու նպատակով նա կարող է կիրառել աշխարհային գաղափարներ կամ հավատուրաց մտքեր, ինչպես որ արեց Եվայի դեպքում (Ա Տիմոթէոս 2։14)։
7. Ի՞նչ առումով են դևերի հնարավորությունները սահմանափակ, և ինչպիսի՞ առավելություններ ունենք մենք։
7 Թեպետ Սատանայի և նրա դևերի զենքերն ու զորությունը գուցե անհաղթահարելի թվան, նրանց հնարավորությունները սահմանափակ են։ Այդ չար ոգիները չեն կարող ստիպել մեզ անել վատ բաներ, որոնք տհաճ են մեր երկնային Հորը։ Մենք ստեղծված ենք կամքի ազատությամբ և կարող ենք վերահսկել մեր մտքերն ու գործողությունները։ Ավելին, այս պայքարում մենք մենակ չենք։ Ինչպես որ Եղիայի օրերում էր, այսօր «մեզ հետ եղողները [ավելի] շատ են քան թէ նորանց հետ եղողները» (Դ Թագաւորաց 6։16)։ Աստվածաշունչը հավաստիացնում է, որ եթե հնազանդվենք Աստծուն և հակառակվենք Սատանային, նա կփախչի մեզանից (Յակոբոս 4։7)։
Իմացեք Սատանայի խարդավանքները
8, 9. Սատանան ի՞նչ փորձանքներ բերեց Հոբին՝ նրա անարատությունը կոտրելու նպատակով, և հոգևոր ի՞նչ վտանգների առջև ենք մենք կանգնում այսօր։
8 Սատանայի խարդավանքները մեզ անհայտ չեն, քանի որ Գրությունները բացահայտում են նրա հիմնական մարտավարական մեթոդները (Բ Կորնթացիս 2։11)։ Օրինակ՝ Բանսարկուն տնտեսական մեծ խնդիրների առջև կանգնեցրեց Հոբ անունով մի արդար մարդու, մահ բերեց նրա հարազատներին, խնդիրներ ստեղծեց ընտանիքում, ֆիզիկական տառապանք պատճառեց նրան և այնպես արեց, որ Հոբը ենթարկվի իր կեղծ ընկերների անհիմն քննադատությանը։ Հոբը խիստ վհատվեց։ Նա այնպիսի զգացում ուներ, թե Աստված լքել է իրեն (Յոբ 10։1, 2)։ Թեպետ այսօր Սատանան գուցե ուղղակիորեն այդպիսի խնդիրներ չառաջացնի, սակայն քանի որ շատ քրիստոնյաներ բախվում են նման դժվարությունների, Բանսարկուն կարող է այդ առիթներն օգտագործել իր օգտի համար։
9 Այս վերջին օրերում հոգևոր վտանգները անչափ շատացել են։ Մենք ապրում ենք այնպիսի աշխարհում, որտեղ նյութական ձգտումները դուրս են մղում հոգևոր նպատակները։ Անօրինական սեքսը լրատվական միջոցներով անդադար ներկայացվում է իբրև երջանկության հասնելու միջոց և ոչ թե ցավ պատճառող երևույթ։ Մարդկանց մեծամասնությունը դարձել է «աւելի ցանկասէր քան թէ աստուածասէր» (Բ Տիմոթէոս 3։1–5)։ Եթե չպայքարենք մեր հավատի համար, ապա նման մտածելակերպը կարող է հանել մեզ հոգևոր հավասարակշռությունից (Յուդա 3, ԷԹ)։
10–12. ա) Ո՞րն է այն նախազգուշացումներից մեկը, որ Հիսուսը տվեց սերմնացանի մասին իր առակում։ բ) Օրինակի օգնությամբ ցույց տուր, թե ինչպես է հնարավոր, որ հոգևոր արժեքները «շնչահեղձ» արվեն։
10 Սատանայի ամենահաջող խարդավանքներից մեկն այն է, որ դրդի մեզ ամբողջությամբ տարվել այս աշխարհով և նրա նյութապաշտական ձգտումներով։ Սերմնացանի մասին իր առակում Հիսուսը նախազգուշացրեց, որ երբեմն «այս աշխարհքի հոգսերը, եւ հարստութեան խաբեբայութիւնը խեղդում են [Թագավորության] խօսքը» (Մատթէոս 13։18, 22)։ «Խեղդել» թարգմանված հունարեն բառը փոխանցում է իսպառ շնչահեղձ անելու իմաստ։
11 Արևադարձային անտառներում կարելի է հանդիպել խեղդող ֆիկուսի։ Այն աճում է դանդաղ՝ փաթաթվելով որևէ ծառի։ Աստիճանաբար այդ բույսը ավելի ու ավելի է պաշարում տեր–ծառին, իսկ նրա արմատները ավելի ու ավելի ամուր են դառնում։ Ի վերջո, խեղդող ֆիկուսի բազմաքանակ արմատները կլանում են ծառի տակ եղող հողի սննդարար նյութերը, իսկ սաղարթները զրկում են տիրոջը լույսից։ Արդյունքում տեր–ծառը մահանում է։
12 Նմանապես, այս աշխարհի հոգսերը, ինչպես նաև հարստանալու և հարմարավետ կյանքի հասնելու ձգտումը կարող են աստիճանաբար ավելի ու ավելի շատ կլանել մեր ժամանակն ու եռանդը։ Եթե մեր ուշադրությունը շեղվի աշխարհային բաների վրա, ապա հեշտությամբ կարող ենք անտեսել Աստվածաշնչի անձնական ուսումնասիրությունը և կանոնավորապես բացակայել քրիստոնեական հանդիպումներից, ինչի հետևանքով հոգևոր սնուցումից կկտրվենք։ Նյութապաշտական նպատակները կփոխարինեն հոգևոր գործունեությանը և մենք, ի վերջո, առանց դժվարության կդառնանք Սատանայի զոհը։
Մենք պետք է հաստատ կանգնենք
13, 14. Սատանայի հարձակումներին ենթարկվելիս ի՞նչ դիրք պետք է բռնենք։
13 Պողոսը հորդորեց հավատակիցներին հաստատ կանգնել ընդդեմ ‘Սատանայի հնարքների’ (Եփեսացիս 6։11)։ Մենք, իհարկե, չենք կարող պարտության մատնել Բանսարկուին և նրա դևերին։ Այդ բանը Աստված հանձնարարել է Հիսուս Քրիստոսին (Յայտնութիւն 20։1, 2)։ Սակայն քանի դեռ Սատանան չի վնասազերծվել, մենք պետք է հաստատ կանենք, որպեսզի նրա գրոհները չկոտրեն մեզ։
14 Սատանայի դեմ հաստատ կանգնելու անհրաժեշտությունը շեշտեց նաև Պետրոս առաքյալը։ «Արթուն եղէք, հսկում արէք,— գրեց նա.— որովհետեւ ձեր ոսոխ թշնամին՝ սատանան՝ գոռոզ [«մռնչող», ԱԱ] առիւծի պէս ման է գալիս եւ որոնում է թէ որին կուլ տայ։ Որին հակառակ կացէք հաւատքով հաստատուած, գիտենալով որ ձեր եղբայրներն էլ որ աշխարհքիս մէջ են նոյն չարչարանքներն են քաշում» (Ա Պետրոս 5։8, 9)։ Մեր հոգևոր եղբայրների և քույրերի աջակցությունը մեծապես օգնում է հաստատ կանգնել ընդդեմ Սատանայի, երբ նա մռնչող առյուծի պես հարձակում է գործում։
15, 16. Աստվածաշնչյան օրինակի օգնությամբ ցույց տուր, թե հավատակիցների աջակցությունը ինչպես կարող է օգնել, որ հաստատ կանգնենք։
15 Երբ աֆրիկյան սավաննայում լսվում է առյուծի մռնչյունը, այծքաղը վիթխարի արագությամբ փախչում է անվտանգ մի տեղ։ Փղերը, սակայն, փոխադարձ օգնության օրինակ են թողնում։ Նրանց մասին պատմող մի գրքում ասվում է. «Պաշտպանական այն միջոցը, որին հիմնականում դիմում է փղերի սովորական հոտը, շրջան կազմելն է. հասուն փղերը կանգնում են դեմքով դեպի դուրս՝ դիմավորելով վտանգը, իսկ ձագերը պաշտպանություն են գտնում շրջանի ներսում» («Elephants—Gentle Giants of Africa and Asia»)։ Ուժի և աջակցության նման արտահայտության հանդիպելով՝ առյուծները հազվադեպ են հարձակվում նույնիսկ երիտասարդ փղերի վրա։
16 Սատանայի և նրա դևերի հարձակման վտանգի առջև հայտնվելիս մենք նույնպես պետք է միասնաբար՝ ուս ուսի կանգնենք մեր եղբայրների հետ, որոնք հաստատ են հավատի մեջ։ Պողոսը նշում է, որ քրիստոնյա հավատակիցներից ոմանք «մխիթարութիւն եղան» իր համար, երբ նա Հռոմում բանտարկության մեջ էր (Կողոսացիս 4։10, 11)։ «Մխիթարություն» թարգմանված հունարեն բառը Քրիստոնեական Հունարեն Գրություններում գործածվել է ընդամենը մեկ անգամ։ Համաձայն Վայնի «Նոր Կտակարանի բառերի բացատրական բառարանի» (անգլ.)՝ «այդ բառի բայական ձևերից մեկը ունի բորբոքումը մեղմող դեղամիջոցի իմաստ»։ Այդպիսի դեղի նման՝ Եհովայի հասուն երկրպագուների աջակցությունը կարող է ամոքել էմոցիոնալ և ֆիզիկական ցավը։
17. Ի՞նչը կարող է օգնել մեզ հավատարիմ մնալ Աստծուն։
17 Քրիստոնյա հավատակիցների քաջալերանքը կարող է ամրացնել հավատարմորեն Աստծուն ծառայելու մեր վճռականությունը։ Աջակցություն ցույց տալու հարցում հատկապես եռանդուն են քրիստոնյա երեցները (Յակոբոս 5։13–15)։ Նաև Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրությունն ու քրիստոնեական ժողովներին և համաժողովներին հաճախելը կարող է օգնել, որ պահպանենք մեր հավատարմությունը։ Մեր անձնական մտերիմ փոխհարաբերությունները Աստծո հետ ևս օգնում են, որ հավատարիմ մնանք նրան։ Իսկապես, ուտելիս լինենք թե խմելիս, թե որևէ այլ բան անելիս՝ մենք պետք է ցանկանանք ամեն բան անել Աստծո փառքի համար (Ա Կորնթացիս 10։31)։ Եվ ինչ խոսք, որպեսզի կարողանանք շարունակել աստվածահաճ մեր ճանապարհը, անչափ կարևոր է, որ աղոթքով ապավինենք Եհովային (Սաղմոս 37։5)։
18. Ինչո՞ւ չպետք է հանձնվենք, նույնիսկ երբ ծանր իրավիճակներում մեր ուժերը ջլատվում են։
18 Երբեմն Սատանան գրոհում է այն ժամանակ, երբ մեզ հոգևորապես ուժեղ չենք զգում։ Առյուծը հարձակվում է թուլացած կենդանիների վրա։ Ընտանեկան խնդիրները, տնտեսական դժվարությունները կամ հիվանդությունը կարող են ջլատել մեր հոգևոր ուժերը։ Սակայն եկեք չհանձնվենք և անենք այն, ինչ հաճելի է Աստծուն, քանի որ Պողոսն ասել է. «Երբոր տկարանում եմ, այն ժամանակ զօրանում եմ» (Բ Կորնթացիս 12։10; Գաղատացիս 6։9; Բ Թեսաղոնիկեցիս 3։13)։ Ի՞նչ նկատի ուներ նա։ Առաքյալը ուզում էր ասել, որ Աստծո զորությունը կարող է համալրել մեր մարդկային թուլությունները, եթե խնդրենք Եհովային զորացնել մեզ։ Դավիթի հաղթանակը Գողիաթի նկատմամբ ցույց է տալիս, որ Աստված կարող է զորացնել և զորացնում է իր ժողովրդին։ Մեր օրերում ապրող Եհովայի վկաները կարող են փաստել, որ ծայրահեղ իրավիճակներում զգացել են Աստծո զորացնող ձեռքը (Դանիէլ 10։19)։
19. Եհովան ինչպե՞ս կարող է զորացնել իր ծառաներին։ Բե՛ր օրինակ։
19 Ահա թե ինչ է գրում մի ամուսնական զույգ այն օգնության մասին, որ ստացել է Աստծուց. «Տարիներ շարունակ Եհովային իբրև ամուսիններ ծառայելով՝ վայելել ենք անհամար օրհնություններ և ծանոթացել ենք բազմաթիվ հրաշալի մարդկանց հետ։ Եհովան կրթել և զորացրել է մեզ, որպեսզի կարողանանք տոկալ դժվարությունների ժամանակ։ Հոբի նման՝ միշտ չէ, որ հասկացել ենք, թե ինչու են տեղի ունենում այս կամ այն դեպքերը, սակայն համոզված ենք եղել, որ Եհովան միշտ պատրաստ է օգնության հասնելու»։
20. Աստվածաշունչը ինչպե՞ս է փաստում, որ Եհովան միշտ աջակցում է իր ծառաներին։
20 Եհովայի ձեռքը կարճ չէ, որ նա չկարողանա օգնել և զորացնել իր հանդեպ հավատարիմ մարդկանց (Եսայիա 59։1)։ Սաղմոսերգու Դավիթն իր երգերից մեկում ասաց. «Տէրը հաստատում է ընկածներին, եւ կանգնեցնում է ամեն կռացածներին» (Սաղմոս 145։14)։ Եվ իրոք, մեր երկնային Հայրը «օրեցօր կրում է մեր բեռը» և տալիս է այն, ինչի կարիքն իսկապես ունենք (Սաղմոս 68։19, ՆԱ)։
Մեզ անհրաժեշտ է «Աստուծոյ սպառազինութիւնը»
21. Պողոսն ինչպե՞ս ընդգծեց հոգևոր սպառազինության կարիքը։
21 Մենք ծանոթացանք Սատանայի գործելակերպերից մի քանիսին և տեսանք, որ պետք է հաստատ կանգնենք նրա գրոհներին ենթարկվելիս։ Այժմ հարկավոր է քննարկել մեկ ուրիշ շատ կարևոր միջոց, որի շնորհիվ կկարողանանք հաջողությամբ պաշտպանել մեր հավատը։ Եփեսացիներին ուղղված իր նամակում Պողոս առաքյալը երկու անգամ խոսեց մի շատ կարևոր գործոնի մասին, որն օգնում է հաստատ կանգնել ընդդեմ Սատանայի խարդավանքների և հաղթանակ տանել չար ոգիների դեմ մեր պատերազմում։ Պողոսը գրեց. «Աստուծոյ սպառազինութիւնը հագէք, որ կարող լինիք սատանայի հնարքներին հակառակ կենալ։ ....Աստուծոյ սպառազինութիւնն առէք, որ կարող լինիք հակառակ կենալ չարութեան օրումը, եւ ամենը կատարելով հաստատ կանգնել» (Եփեսացիս 6։11, 13)։
22, 23. ա) Ի՞նչ է ներառում մեր հոգևոր սպառազինությունը։ բ) Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։
22 Այո, մենք կարիք ունենք կրելու Աստծո կողմից տրված սպառազինությունը՝ բոլոր զենքերը։ Երբ Պողոսը գրեց Եփեսացիներին ուղղված իր նամակը, նա գտնվում էր հռոմեացի զինվորի հսկողության տակ, որն, ըստ երևույթին, երբեմն կրում էր բոլոր զենքերը։ Սակայն հոգևոր սպառազինության մասին առաքյալը գրեց ոչ թե դրանից մղված, այլ Աստծո ներշնչանքով։ Այդ սպառազինությունը անչափ անհրաժեշտ է Եհովայի ծառաներից յուրաքանչյուրին։
23 Աստծո կողմից տրված սպառազինությունը ներառում է այն հատկությունները, որ պետք է ունենա քրիստոնյան, և այն հոգևոր միջոցները, որ տրամադրել է Եհովան։ Հաջորդ հոդվածում կքննարկենք հոգևոր սպառազինության յուրաքանչյուր մասը։ Դա կօգնի մեզ պարզել, թե ինչ չափով ենք զինված մեր հոգևոր պատերազմը մղելու համար։ Միևնույն ժամանակ, մենք կտեսնենք, թե Բանսարկու Սատանային հաջողությամբ դիմակայելու հարցում ինչպես է մեզ օգնում Հիսուս Քրիստոսի հրաշալի օրինակը։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ի՞նչ պատերազմ են մղում բոլոր քրիստոնյաները։
• Ներկայացրու Սատանայի գործելակերպերից մի քանիսը։
• Հավատակիցների աջակցությունը ինչպե՞ս կարող է զորացնել մեզ։
• Ո՞ւմ զորությանը պետք է ապավինենք և ինչո՞ւ։
[նկարներ 11–րդ էջի վրա]
Քրիստոնյաները պատերազմում են չար ոգիների դեմ
[նկար 12–րդ էջի վրա]
Այս աշխարհի հոգսերը կարող են խեղդել Թագավորության խոսքը
[նկար 13–րդ էջի վրա]
Քրիստոնյա հավատակիցները կարող են «մխիթարութիւն» լինել մեզ համար
[նկար 14–րդ էջի վրա]
Խնդրո՞ւմ ես Աստծուն զորացնել քեզ