Գալիլեայի ծովում
ՄԱՐԿՈՍ 4։35–40 խոսքերում պատմվում է, որ Հիսուսն ու իր աշակերտները նավ նստեցին, որպեսզի անցնեն Գալիլեայի ծովի հակառակ կողմը։ Արձանագրության մեջ կարդում ենք. «Եւ քամիի մեծ փոթորիկ [եղավ], եւ ալիքները թափում էր նաւի մէջ, մինչեւ որ համարեա արդէն լցվում էր։ Եւ ինքը [Հիսուսը] նաւի ետի կողմումը բարձի վերայ քնած էր»։
Գրություններում սա միակ տեղն է, որտեղ օգտագործվում է հունարեն «բարձ» բառը։ Թերևս դա է պատճառը, որ Աստվածաշնչի վերլուծաբանները վստահությամբ չեն կարող ասել, թե կոնկրետ ինչ իմաստով է այն գործածվել այստեղ։ Աստվածաշնչի թարգմանությունների մեծ մասում այս բառը թարգմանվում է իբրև «բարձ»։ Իսկ ի՞նչ «բարձ» էր դա։ Բնագրում Մարկոսն այս բառը գրել է որոշյալ հոդով։ Ուստի կարելի է ենթադրել, որ «բարձը» նավի պիտույքներից մեկն էր։ Թե ինչ իմաստով էր Մարկոսն օգտագործել հունարեն այս բառը, որոշ չափով պարզ դարձավ 1986 թ.–ին, երբ Գալիլեայի ծովի մոտակայքում մի նավ հայտնաբերվեց։
Հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ 8 մետր երկարությամբ այդ նավը շարժվում էր առագաստի և թիակների օգնությամբ։ Դա ձկնորսական նավ էր, որի ետնամասի տախտակամածի վրա պահում էին ծանր ու մեծ ձկնորսական ցանցը։ Նավի մնացուկները վերագրվում են մ.թ.ա. 100–մ.թ. 70 թվերին։ Հնարավոր է, որ Հիսուսն ու իր աշակերտները այդպիսի նավով են ճանապարհորդել։ Շելի Վոխսմանը, որը մասնակցել է պեղումներին, այդ հայտնագործության մասին մի գիրք է գրել («The Sea of Galilee Boat—An Extraordinary 2000 Year Old Discovery»)։ Նրա կարծիքով՝ այն «բարձը», որի վրա քնել էր Հիսուսը, ավազով լի պարկ էր։ Նման պարկերը օգտագործում էին բալաստի համար։ Յաֆֆայում ապրող մի փորձառու ձկնորս ասում է. «Երբ երիտասարդ էի, Միջերկրական ծով էինք դուրս գալիս այնպիսի նավերով, որոնց վրա միշտ ավազով լցված մեկ–երկու պարկ էր լինում։ .... Դրանք դնում էին տախտակամածի վրա՝ նավը հավասարակշռության մեջ պահելու համար։ Եթե այդ պարկերը պետք չէին գալիս, մենք դրանք տեղավորում էինք տախտակամածի տակ։ Իսկ երբ որևէ մեկը հոգնած էր, կարող էր ներս սողոսկել և քնել պարկերի վրա՝ դրանք օգտագործելով բարձի փոխարեն»։
Գիտնականներից շատերի կարծիքով՝ Մարկոսի խոսքերից երևում է, որ Հիսուսը քուն է մտել ավազով լի պարկի վրա՝ տախտակամածի տակ։ Իսկ դա ալեկոծության մեջ գտնվող նավի ամենաապահով մասն է։ Ինչպիսի «բարձի» վրա էլ որ քնած լիներ Հիսուսը՝ ամենաուշագրավն այն է, թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո։ Աստծու աջակցությամբ և զորությամբ նա հանդարտեցրեց փոթորկալից ծովը։ Այնպես որ անգամ աշակերտները սկսեցին հարցնել իրար. «Սա ո՞վ է արդեօք. որ քամին էլ ծովն էլ հնազանդվում են սորան»։