«Տիրոջ երկիւղն է իմաստութիւնը»
«ԲՈԼՈՐ խօսքի վախճանը լսենք. Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր. որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար» (Ժողովող 12։13)։ Աստծու ներշնչանքով ի՜նչ խորիմաստ եզրակացության հանգեց հին Իսրայելի Սողոմոն թագավորը։ Հոբ նահապետը նույնպես գիտեր աստվածավախության արժեքը, քանզի ասել է. «Ահա Տիրոջ երկիւղն է իմաստութիւնը, եւ չարութիւնից հեռանալը հանճար է» (Յոբ 28։28)։
Աստվածաշունչը մեծ կարևորություն է տալիս Եհովայից վախենալուն։ Ինչո՞ւ է իմաստուն մեր մեջ զարգացնել ակնածալից վախ Աստծու հանդեպ։ Ինչպե՞ս է աստվածավախությունն օգուտ տալիս մեզ՝ թե՛ որպես անհատների և թե՛ որպես ճշմարիտ երկրպագուների խմբի։ «Առակաց» գրքի 14–րդ գլխի 26–35 համարները պատասխանում են այս հարցերին։a
‘Զորեղ վստահության’ աղբյուր
«Տիրոջ վախումը զօրեղ վստահութիւն կայ,— ասում է Սողոմոնը.— եւ նորա որդկանց համար ապաւէն պիտի լինի» (Առակաց 14։26)։ Աստվածավախ մարդու վստահության աղբյուրը ոչ այլ ոք է, եթե ոչ նվիրված և ամենակարող Աստվածը՝ Եհովան։ Ուստի զարմանալի չէ, որ այդպիսի մարդը ‘զորեղ վստահությամբ’ է նայում ապագային։ Նա երջանիկ ու բազում տարիներով լի ապագա կունենա։
Իսկ ի՞նչ կարելի է ասել այն մարդկանց ապագայի մասին, ովքեր վստահում են աշխարհին՝ նրա ծրագրերին, կազմակերպություններին, գաղափարախոսություններին և նյութական բարիքներին։ Ինչպիսի ապագա էլ որ նրանք ցանկանան ունենալ, այն տևական չի լինի, որովհետև Աստվածաշնչում ասվում է. «Աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան» (Ա Յովհաննէս 2։17)։ Ուրեմն կա՞ որևէ պատճառ ‘սիրելու աշխարհը և նրանում եղած բաները’ (Ա Յովհաննէս 2։15, 16ա)։
Ի՞նչ միջոցներ կարող են ձեռնարկել աստվածավախ ծնողները, որպեսզի վստահ լինեն, որ իրենց երեխաներն «ապաւէն պիտի ունենան» (ԱԱ)։ «Եկէք, որդիք, լսեցէք ինձ,— երգեց սաղմոսերգուն.— ես Տիրոջը երկիւղը սովորեցնեմ ձեզ» (Սաղմոս 34։11)։ Եթե ծնողները իրենց օրինակով և տված ուսուցումով երեխաների մեջ ներարկում են աստվածավախություն, ապա շատ ավելի հավանական է, որ նրանք, երբ արդեն չափահաս դառնան, «զօրեղ վստահութիւն» ունենան Եհովայի հանդեպ (Առակաց 22։6)։
Սողոմոնը շարունակում է. «Տիրոջ երկիւղը կենաց աղբիւր է մահուան որոգայթներիցը խոյս տալու համար» (Առակաց 14։27)։ Եհովայի հանդեպ վախը «կենաց [այսինքն՝ կյանքի] աղբիւր է», քանի որ ճշմարիտ Աստվածը «կենաց ջրի աղբիւր[ն]» է (Երեմիա 2։13)։ Եհովայի և Հիսուս Քրիստոսի մասին գիտելիքներ ձեռք բերելը կարող է մեր առջև հավիտենական կյանքի դուռ բացել (Յովհաննէս 17։3)։ Աստվածավախությունը նաև մեզ օգնում է խույս տալ մահվան որոգայթներից։ Ինչպե՞ս։ Առակաց 13։14–ում գրված է. «Իմաստունին օրէնքը կենաց աղբիւր է, մահուան որոգայթներիցը խոյս տալու համար»։ Մի՞թե զերծ չենք լինի վաղաժամ մահվան տանող վնասակար սովորություններից և հույզերից, եթե վախենանք Եհովայից, հնազանդվենք նրա օրենքին և թույլ տանք, որ նրա Խոսքը ուղղություն տա մեր քայլերին։
«Թագաւորի պատիւը»
Սողոմոն թագավորը իր գահակալման տարիների մեծ մասի ընթացքում վախեցավ Եհովայից ու հնազանդվեց նրան։ Արդյունքում նրա կառավարումը հաջող դարձավ։ Ի՞նչն է որոշում, թե թագավորը որքան լավ է ղեկավարում։ Առակաց 14։28–ը պատասխանում է այս հարցին. «Ժողովրդի բազմութեան մէջ է թագաւորի պատիւը, բայց ժողովրդի նուազութիւնը իշխանի կործանումն է»։ Թագավորի հաջողությունը չափվում է նրա հպատակների բարեկեցությամբ։ Եթե շատ ‘ժողովրդի բազմությունը’ ցանկանում է մնալ նրա իշխանության տակ, ուրեմն նա լավ թագավոր է։ Սողոմոնը «տիրապետ[ում էր] [Կարմիր] ծովիցը մինչեւ [Միջերկրական] ծովը. եւ [Եփրատ] Գետիցը մինչեւ երկրի ծայրերը» (Սաղմոս 72։6–8)։ Նրա կառավարումը բնորոշվեց աննախադեպ խաղաղությամբ և ժողովրդի բարեկեցությամբ (Գ Թագաւորաց 4։24, 25)։ Սողոմոնը հաջողությամբ իշխեց։ Այնինչ, եթե ժողովուրդը չի հավանում ‘իշխանին’, ապա դա նրան պատիվ չի բերում։
Այս առումով ի՞նչ կարելի է ասել Մեծ Սողոմոնի՝ Մեսիական Թագավոր Հիսուս Քրիստոսի ունեցած փառքի մասին։ Նկատի առնենք նրա հպատակներին, որ նա ունի արդեն այսօր։ Երկրի մի ծայրից մյուսը ավելի քան վեց միլիոն տղամարդիկ ու կանայք արդեն իսկ գերադասում են ապրել Քրիստոսի իշխանության ներքո։ Նրանք հավատ են ընծայում Հիսուսին և միավորված են կենդանի Աստծու ճշմարիտ երկրպագության մեջ (Յովհաննէս 14։1)։ Հազարամյա Իշխանության վերջում Աստծու հիշողության մեջ գտնված բոլոր մարդիկ հարություն առած կլինեն։ Այն ժամանակ դրախտային երկիրը լի կլինի երջանիկ ու արդար մարդկանցով, որոնք երախտագիտության զգացում են ունենալու իրենց Թագավորի նկատմամբ։ Քրիստոսի հաջող կառավարման ինչպիսի՜ վկայություն է դա լինելու։ Եկեք վառ պահենք Թագավորության մեր չքնաղ հույսը։
Հոգևոր և ֆիզիկական օգուտներ
Աստծու հանդեպ ակնածալից վախը կարող է մեզ պարգևել սրտի խաղաղություն և հոգեկան անդորր։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ իմաստության շատ երեսակներ ներառում են առողջ դատողություն և խոհեմություն։ «Երկայնամիտ [«Բարկանալու չշտապող», ՆԱ] մարդը շատ խոհեմ է, բայց կարճամիտը [«անհամբերը», ՆԱ] յիմարութիւն է հանում» (Առակաց 14։29)։ Խոհեմությունն օգնում է գիտակցել, որ չկառավարվող բարկությունը վնասում է մեր հոգևոր առողջությունը։ «Թշնամութիւններ, կռիւներ, նախանձներ, բարկութիւններ, հակառակութիւններ». սրանք այն գործերի թվում են, որոնք կարող են խանգարել մեզ ‘ժառանգել Աստծու արքայությունը’ (Գաղատացիս 5։19–21)։ Մեզ խորհուրդ է տրվում չբարկանալ անգամ այն դեպքում, երբ այդ բարկությունը հիմնավոր է (Եփեսացիս 4։26, 27)։ Իսկ անհամբերությունը կարող է տանել անմիտ խոսքերի և գործերի, որոնց համար ավելի ուշ կզղջանք։
Շեշտելով առողջության վրա բարկության թողած բացասական ազդեցությունը՝ Իսրայելի թագավորն ասում է. «Մարմնին կեանք է մի հանդարտ սիրտը, բայց նախանձը փտութիւն ոսկորներին» (Առակաց 14։30)։ Բարկությունն ու ցասումը կարող են առաջ բերել շնչառության հետ կապված խնդիրներ, բարձրացնել արյան ճնշումը, լյարդի խանգարում առաջացնել, վնասել ենթաստամոքսային գեղձը։ Բժիշկները նաև բարկությունն ու ցասումը դասում են այն զգացումների շարքը, որոնք խորացնում և նույնիսկ առաջ են բերում այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ խոց, եղնջացան, ասթմա, մաշկային հիվանդություններ և մարսողական խանգարումներ։ Մյուս կողմից՝ «խաղաղ սիրտը կյանք է տալիս մարմնին» (Առակաց 14։30, New International Version)։ Մենք իմաստուն կլինենք, եթե «խաղաղութեան եւ միմեանց շինութեան բաների ետեւից գնանք» (Հռովմայեցիս 14։19)։
Աստվածավախությունն օգնում է անաչառ լինել
«Աղքատին նեղողը նորա Արարչին է անարգում,— ասում է Սողոմոնը.— բայց Նորան պատուողը տնանկին կ’ողորմէ» (Առակաց 14։31)։ Աստվածավախ մարդը գիտակցում է, որ բոլոր մարդիկ մեկ Արարիչ ունեն՝ Եհովա Աստված։ Հետևաբար, աղքատը մեր մերձավորն է, և մարդկանց Ստեղծիչը անտարբեր չէ, թե ինչպես են մարդիկ վերաբերվում նրան։ Աստծուն պատվելու համար մենք պետք է արդարացի և անաչառ կերպով վարվենք ուրիշների հետ։ Չունևոր քրիստոնյաների հանդեպ չպետք է աչառություն անենք՝ անտեսելով նրանց հոգևոր կարիքները։ Մենք պետք է Աստծու Թագավորության բարի լուրը հասցնենք թե՛ աղքատ և թե՛ հարուստ մարդկանց։
Խոսելով աստվածավախության մեկ ուրիշ օգտի մասին՝ իմաստուն թագավորն ասում է. «Ամբարիշտը դուրս կ’անուի իր չարութեան համար. բայց արդարը ապաւէն ունի իր մահումը [ապաստան կգտնի իր անարատության մեջ», ՆԱ]» (Առակաց 14։32)։ Ինչպե՞ս է ամբարիշտը ‘դուրս արվում’։ Ըստ որոշ աստվածաշնչագետների՝ այստեղ միտքն այն է, որ եթե աղետը վրա է հասնում ամբարշտին, ապա նա վերականգնման ոչ մի հույս չի կարող ունենալ։ Այնինչ աստվածավախ մարդը նման դեպքերում ապաստան է գտնում՝ պահպանելով իր անարատությունը Աստծու հանդեպ։ Անգամ եթե մահը սպառնա, նա լիովին վստահ է Եհովայի վրա և դրսևորում է նույն վճռականությունը, ինչ դրսևորեց Հոբը, որն ասաց. «Մինչեւ մեռնելս չեմ ձգելու ինձանից իմ ուղղութիւնը [«անարատությունը», ՆԱ]» (Յոբ 27։5)։
Անարատ մնալու համար հարկավոր է աստվածավախություն և իմաստություն։ Իսկ որտեղի՞ց կարելի է գտնել իմաստություն։ Առակաց 14։33–ում կարդում ենք. «Խոհեմի սրտումը իմաստութիւն կայ, բայց յիմարների սրտինը կ’իմացուի [«և հիմարների մեջ այն հայտնի է դառնում, ՆԱ]»։ Այո, խոհեմ մարդու սրտում կարելի է իմաստություն գտնել։ Սակայն ինչպե՞ս է հիմարների մեջ այն հայտնի դառնում։ Համաձայն մի աշխատության՝ «հիմարը, փափագելով իմաստուն երևալ, խոսում է բաներ, որոնք, ըստ նրա, իմաստություն են, այնինչ ի վերջո նա հիմարություն է դուրս տալիս»։
«Կ’բարձրացնէ մի ազգ»
Խոսելով այն մասին, թե ինչպես է աստվածավախությունն օգնում անհատին, Իսրայելի թագավորը մեր ուշադրությունը հրավիրում է այն բանի վրա, թե մի ամբողջ ազգ ինչ օգուտներ կարող է ստանալ՝ դրսևորելով այդ հատկությունը։ Նա ասում է. «Արդարութիւնը կ’բարձրացնէ մի ազգ, բայց մեղքը անարգանք է ժողովուրդներին» (Առակաց 14։34)։ Այս սկզբունքը շատ հստակորեն է արտահայտված Իսրայել ազգի դեպքում։ Իսրայելացիները, կառչած մնալով Աստծու վեհ չափանիշներին, հարևան ազգերից վեր բարձրացան։ Սակայն բազմիցս անհնազանդություն դրսևորելով՝ նրանք ի վերջո Եհովայի կողմից անարգանքի և վերջնական մերժման արժանացան։ Այսօր այս սկզբունքը Աստծու ժողովրդի հանդեպ նույնպես կիրառելի է։ Քրիստոնեական ժողովը տարբերվում է աշխարհից, քանի որ կառչած է մնում Աստծու արդար սկզբունքներին։ Բայց որպեսզի ժողովը այդ բարձր դիրքում մնա, յուրաքանչյուրս պետք է բարոյապես մաքուր կյանք վարի։ Շարունակաբար մեղք գործելը անարգանք կբերի անձամբ մեզ, ինչպես նաև նախատինք կբերի ժողովին և Աստծու անվանը։
Նշելով, թե ինչն է հաճելի թագավորին՝ Սողոմոնն ասում է. «Թագաւորի հաճութիւնը խոհեմ ծառայի վերան է. եւ նորա բարկութիւնը կ’լինի նախատինք բերողի վերայ» (Առակաց 14։35)։ Իսկ Առակաց 16։13–ում գրված է. «Թագաւորներին հաճելի են արդար շրթունքները, եւ ճշմարտախօսին նորանք կ’սիրեն»։ Այո, մեր Առաջնորդը և Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, շատ գոհ է, երբ մենք արդարությամբ և խոհեմությամբ ենք գործում և մեր շրթունքներն օգտագործում ենք Թագավորության քարոզչության և աշակերտներ պատրաստելու գործի մեջ։ Ուրեմն՝ եկեք զբաղված լինենք այդ գործով՝ վայելելով այն օրհնությունները, որ բերում է ճշմարիտ Աստծու հանդեպ ունեցած վախը։
[ծանոթագրություն]
a Առակաց 14։1–25-ի քննարկումը տպագրված է 2004 թ. «Դիտարանի» նոյեմբերի 15–ի համարում (էջ 26–29) և 2005 թ. հուլիսի 15–ի համարում (էջ 17–20)։
[նկար 15–րդ էջի վրա]
Աստվածավախությունը կարելի է սովորել