«Արթուն կացէք». դատաստանի ժամը եկավ
Ուսումնասիրության այս հոդվածը հիմնված է «Արթո՛ւն կացեք» գրքույկի վրա, որը լույս է տեսել 2004–2005 թթ.–ին աշխարհի տարբեր ծայրերում անցկացված մարզային համաժողովների ժամանակ։
«Արթուն կացէք. որ չ’գիտէք թէ ո՞ր ժամում ձեր Տէրը կ’գայ» (ՄԱՏԹԷՈՍ 24։42)։
1, 2. Հիսուսն իր գալուստը ինչի՞ նմանեցրեց։
ԵԹԵ իմանաք, որ ձեր բնակավայրում գող է հայտնվել, որը հարմար առիթի է սպասում տներ կողոպտելու համար, ի՞նչ կանեք։ Ձեր հարազատներին, ինչպես նաև արժեքավոր իրերը պաշտպանելու համար դուք անշուշտ արթուն կմնաք։ Չէ՞ որ գողը նամակ չի ուղարկում, որ հայտնի, թե երբ է գալու։ Ընդհակառակը՝ նա գալիս է գաղտագողի և անսպասելիորեն։
2 Ավելի քան մեկ անգամ Հիսուսը օրինակ է բերել գողի վարվելակերպի վերաբերյալ (Ղուկաս 10։30; Յովհաննէս 10։10)։ Խոսելով այն իրադարձությունների մասին, որ տեղի էին ունենալու վերջին ժամանակում և ի վերջո հանգեցնելու էին դատաստանի՝ Հիսուսը հետևյալ զգուշացումը տվեց. «Արդ՝ արթուն կացէք. որ չ’գիտէք թէ ո՞ր ժամում ձեր Տէրը կ’գայ։ Բայց այս իմացէք, որ եթէ տան տէրը գիտենար թէ որ պահում կ’գայ գողը, արթուն կ’կենար եւ թող չէր տայ որ իր տունը ծակեն» (Մատթէոս 24։42, 43)։ Այսպիսով, Հիսուսը իր գալուստը նմանեցրեց գողի գալուն. այն անսպասելի էր լինելու։
3, 4. ա) Ի՞նչ է նշանակում լուրջ վերաբերվել Հիսուսի նախազգուշացմանը։ բ) Ի՞նչ հարցեր են առաջ գալիս։
3 Այս օրինակը շատ տեղին էր, քանի որ Հիսուսի գալու ճշգրիտ ժամը հայտնի չէր լինելու։ Այդ նույն մարգարեության սկզբում Հիսուսն ասել էր. «Այն օրուայ եւ ժամի համար ոչ ով չ’գիտէ, ոչ էլ երկնքի հրեշտակները, բայց միայն իմ Հայրը» (Մատթէոս 24։36)։ Ուստի նա իր ունկնդիրներին հորդորեց. «Պատրաստ կացէք» (Մատթէոս 24։44)։ Հիսուսի նախազգուշացմանը լուրջ վերաբերվող մարդիկ պատրաստ վիճակում կլինեին և պատշաճ վարք կդրսևորեին՝ անկախ այն բանից, թե նա երբ կգար՝ ի գործ դնելու Եհովայի դատաստանը։
4 Հետևաբար կարևոր հարցեր են առաջ գալիս. «Արդյո՞ք Հիսուսի նախազգուշացումը վերաբերում է միայն աշխարհի մարդկանց, թե՞ ճշմարիտ քրիստոնյաները նույնպես կարիք ունեն ‘արթուն մնալու’։ Ինչո՞ւ է կարևոր ‘արթուն մնալ’, և ի՞նչ է դա նշանակում»։
Նախազգուշացում. ո՞ւմ համար
5. Որտեղի՞ց գիտենք, որ «արթուն կացէք» հորդորը վերաբերում է ճշմարիտ քրիստոնյաներին։
5 Իհարկե, Տիրոջ գալուստը գողի գալստի նման է լինելու աշխարհի մարդկանց համար, ովքեր մերժում են լսել մոտալուտ կործանման մասին նախազգուշացումը (Բ Պետրոս 3։3–7)։ Իսկ ինչպիսի՞ն է այն լինելու ճշմարիտ քրիստոնյաների համար։ Պողոս առաքյալն իր հավատակիցներին գրեց. «Դուք ինքներդ հաստատ գիտէք, թէ Տիրոջ օրը ինչպէս գիշերուայ գող՝ այնպէս կ’հասնէ» (Ա Թեսաղոնիկեցիս 5։2)։ Մենք ոչ մի կասկած չունենք, որ «Տիրոջ օրը» գալիս է։ Սակայն արդյո՞ք սա նշանակում է, որ կարիք չկա արթուն մնալ։ Ուշադրություն դարձրեք. Հիսուսը իր աշակերտներին էր, որ ասաց. «Այն ժամին, որ դուք չէք կարծում, մարդի Որդին կ’գայ» (Մատթէոս 24։44)։ Դրանից առաջ, երբ նա հորդորում էր իր աշակերտներին շարունակաբար փնտրել Թագավորությունը, զգուշացրեց. «Դուք էլ պատրաստ եղէք, որովհետեւ այն ժամին, որ չէք կարծում, մարդի Որդին կ’գայ» (Ղուկաս 12։31, 40)։ Պարզ չէ՞, որ Հիսուսը իր հետևորդներին նկատի ուներ, երբ ասաց. «Արթուն կացէք»։
6. Ինչո՞ւ պետք է ‘արթուն մնանք’։
6 Ինչո՞ւ կարիք ունենք ‘արթուն մնալու’ և ‘պատրաստ լինելու’։ Հիսուսը բացատրեց. «Երկու հոգի կ’լինին արտումը. մէկը կ’առնուի՝ եւ մէկը կ’թողուի։ Եւ երկու հոգի մի ջաղացում կ’աղան՝ մէկը կ’առնուի եւ մէկը կ’թողուի» (Մատթէոս 24։40, 41)։ Նրանք, ովքեր պատրաստ կլինեն, «կ’առնուի[ն]», կամ՝ կփրկվեն, երբ այս անաստված աշխարհը կործանվի։ Մյուսները «կ’թողուի[ն]», քանի որ իրենց կյանքում առաջնորդվել են եսասիրական նպատակներով։ Այդ մարդկանց թվում են նրանք, ովքեր, իմանալով հանդերձ ճշմարտությունը, արթուն չեն մնացել։
7. Կործանման ճշգրիտ ժամը չիմանալը ի՞նչ անելու հնարավորություն է տալիս մեզ։
7 Այս համակարգի կործանման ճշգրիտ ժամը չիմանալը մեզ հնարավորություն է տալիս փաստելու, որ անկեղծ մղումներով ենք ծառայում Աստծուն։ Ինչպե՞ս։ Գուցե մեզ թվա, թե վերջը ուշանում է։ Ցավոք, որոշ քրիստոնյաներ, ովքեր այսպես են մտածում, թույլ են տվել, որ Եհովայի ծառայության մեջ ունեցած իրենց եռանդը սառչի։ Մինչդեռ նվիրվելով Եհովային՝ մենք մեր անձը անվերապահորեն տվել ենք նրան։ Նրանք, ովքեր ճանաչում են Աստծուն, գիտեն, որ վերջին պահին դրսևորած իրենց եռանդը չի տպավորի Եհովային։ Նա տեսնում է մեր սիրտը (Ա Թագաւորաց 16։7)։
8. Եհովայի հանդեպ սերը ինչպե՞ս է մղում մեզ արթուն մնալ։
8 Մենք մեծ բավականություն ենք ստանում Աստծու կամքը կատարելուց, քանի որ իսկապես սիրում ենք Եհովային (Սաղմոս 40։8; Մատթէոս 26։39)։ Մենք ուզում ենք ծառայել Եհովային հավիտյան։ Այս հեռանկարը պակաս արժեքավոր չի դառնում զուտ այն պատճառով, որ ստիպված ենք ավելի երկար սպասել, քան ակնկալում էինք։ Բացի այդ, մենք արթուն ենք մնում, քանզի անձկագին սպասում ենք Եհովայի օրվան, որը կարևոր իրադարձություն կլինի իր նպատակի իրագործման մեջ։ Աստծուն հաճեցնելու սրտանց ցանկությունը մղում է մեզ կիրառել նրա Խոսքում գտնվող խորհուրդները և Թագավորությունը առաջին տեղում դնել մեր կյանքում (Մատթէոս 6։33; Ա Յովհաննէս 5։3)։ Եկեք քննարկենք, թե արթուն մնալը ինչպես պետք է անդրադառնա մեր որոշումների և ապրելակերպի վրա։
Ո՞ւր է ընթանում ձեր կյանքը
9. Ինչո՞ւ է անչափ կարևոր, որ մարդիկ հասկանան մեր ժամանակների նշանակությունը։
9 Բազմաթիվ մարդիկ գիտակցում են, որ լուրջ խնդիրները և ցնցող իրադարձությունները դարձել են մեր առօրյայի մի մասը։ Նրանց նույնիսկ կարող է դուր չգալ այն, թե ինչպես է ընթանում իրենց կյանքը։ Սակայն արդյո՞ք նրանք գիտեն աշխարհում տիրող այս իրավիճակների իսկական նշանակությունը։ Գիտակցո՞ւմ են, որ մենք ապրում ենք «աշխարհքիս վերջ[ում]» (Մատթէոս 24։3)։ Գիտե՞ն արդյոք, որ եսասիրական, բռնի, նույնիսկ անաստված վարքը ցույց է տալիս, որ սրանք «վերջին օրեր[ն]» են (Բ Տիմոթէոս 3։1, ԱԱ, 2–5)։ Անչափ կարևոր է, որ նրանք հասկանան այս ամենի նշանակությունը և խորհեն, թե ուր է ընթանում իրենց կյանքը։
10. Ի՞նչ պետք է անենք հավաստիանալու համար, որ արթուն ենք մնում։
10 Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Ամեն օր մենք պետք է որոշումներ կայացնենք մեր աշխատանքի, առողջության, ընտանիքի և երկրպագության վերաբերյալ։ Մենք գիտենք, թե այս ամենի մասին Աստվածաշունչն ինչ է ասում, և ձգտում ենք կիրառել դա։ Ուստի լավ կլինի հարցնենք ինքներս մեզ. «Արդյո՞ք կյանքի հոգսերը դրդում են, որ շեղվեմ հոգևոր նպատակներից։ Արդյո՞ք թույլ եմ տալիս, որ աշխարհի փիլիսոփայական մտքերը, նրա մտածելակերպը ազդեն իմ կատարած ընտրությունների վրա» (Ղուկաս 21։34–36; Կողոսացիս 2։8)։ Մենք պետք է շարունակենք ցույց տալ, որ ապավինում ենք Եհովային ամբողջ սրտով և չենք վստահում մեր սեփական հասկացողությանը (Առակաց 3։5)։ Այդպիսով ‘ձեռք կբերենք ճշմարիտ կյանք’՝ հավիտենական կյանք, Աստծու նոր աշխարհում (Ա Տիմոթէոս 6։12, 19, ԷԹ)։
11–13. Ի՞նչ կարող ենք սովորել այն դեպքերից, որ տեղի են ունեցել՝ ա) Նոյի օրերում, բ) Ղովտի օրերում։
11 Աստվածաշունչը բազմաթիվ նախազգուշական օրինակներ է պարունակում, որոնք կարող են օգնել մեզ արթուն մնալ։ Քննարկենք, թե ինչ տեղի ունեցավ Նոյի օրերում։ Նախքան քայլեր ձեռնարկելը Եհովան հոգ տարավ, որ մարդիկ նախազգուշացում ստանան։ Սակայն Նոյից և իր ընտանիքից բացի, ոչ ոք ուշադրություն չդարձրեց նախազգուշացմանը (Բ Պետրոս 2։5)։ Նկատի ունենալով այդ ժամանակները՝ Հիսուսն ասաց. «Ինչպէս Նոյի օրերն, այնպէս կ’լինի եւ մարդի Որդու գալուստը։ Որովհետեւ ինչպէս որ էին ջրհեղեղից առաջ եղած օրերը, ուտում էին եւ խմում էին, կին էին առնում եւ մարդի էին գնում, մինչեւ այն օրն, որ Նոյը մտաւ տապանը. Եւ չ’գիտացին, մինչեւ որ ջրհեղեղն եկաւ, եւ ամենքը վեր առաւ, այնպէս կ’լինի եւ մարդի Որդու գալուստը» (Մատթէոս 24։37–39)։ Ի՞նչ կարող ենք սովորել։ Եթե մեզանից որևէ մեկը թույլ է տալիս, որ առօրյա հոգսերը, նույնիսկ սովորական գործերը ետ մղեն հոգևոր գործերը, որոնք Աստված հորդորում է դնել առաջին տեղում, ուրեմն պետք է լրջորեն խորհենք մեր վիճակի մասին (Հռովմայեցիս 14։17)։
12 Մտածիր նաև Ղովտի օրերի մասին։ Սոդոմը, որտեղ ապրում էին Ղովտն ու իր ընտանիքը, նյութապես բարգավաճող, սակայն բարոյապես ապականված քաղաք էր։ Եհովան ուղարկեց իր հրեշտակներին, որպեսզի նրանք կործանեն այն։ Հրեշտակները հորդորեցին Ղովտին և իր ընտանիքին փախչել Սոդոմից ու ետ չնայել։ Հետևելով հրեշտակների հորդորին՝ նրանք հեռացան քաղաքից։ Սակայն Ղովտի կինը, ակներևաբար, չդադարեց մտածել Սոդոմում գտնվող իր տան մասին։ Անհնազանդություն դրսևորելով՝ նա ետ նայեց և դրա համար վճարեց իր կյանքով (Ծննդոց 19։15–26)։ Հիսուսը մարգարեացավ մեր օրերի մասին՝ զգուշացնելով. «Յիշեցէք Ղովտի կինը» (Ղուկաս 17։32)։
13 Նրանք, ովքեր լուրջ վերաբերվեցին Աստծու նախազգուշացումներին, փրկվեցին։ Դա ճշմարիտ էր ինչպես Նոյի և իր ընտանիքի, այնպես էլ Ղովտի ու իր աղջիկների պարագայում (Բ Պետրոս 2։9)։ Մենք քաջալերվում ենք, երբ խորհում ենք այս նախազգուշական օրինակների շուրջ, որ փրկության պատգամ են պարունակում արդարությունը սիրողների համար։ Այդպիսով հաստատուն հույս ենք ունենում, որ Աստծու խոստումը «նոր երկնքի եւ նոր երկրի [մասին].... որոնցում արդարութիւն է բնակվում», կկատարվի (Բ Պետրոս 3։13)։
«Դատաստանի ժամը եկաւ»
14, 15. ա) Ի՞նչ է ընդգրկում «դատաստանի ժամը»։ բ) Ի՞նչ է նշանակում ‘Աստծուց վախենալ և նրան փառք տալ’ արտահայտությունը։
14 Քանի դեռ հոգևորապես արթուն ենք մնում, ի՞նչ կարող ենք ակնկալել։ «Յայտնութիւն» գիրքը նկարագրում է, թե ինչպես է աստիճանաբար իրականանալու Աստծու նպատակը։ Եթե ուզում ենք պատրաստ լինել, կարևոր է, որ վարվենք այնտեղ գրվածին համապատասխան։ Մարգարեությունը վառ կերպով նկարագրում է այն իրադարձությունները, որ տեղի էին ունենալու «Տիրոջ օրը», որը սկսվել է 1914 թ.–ին, երբ Քրիստոսը երկնքում նշանակվեց որպես Թագավոր (Յայտնութիւն 1։10, ԱՆԹ, ծնթ.)։ «Յայտնութիւն» գիրքը մեր ուշադրությունը հրավիրում է մի հրեշտակի վրա, որին վստահվել էր «յաւիտենական աւետիք» հռչակելու գործը։ Նա բարձր ձայնով ավետում էր. «Վախեցէք Աստուածանից, եւ փառք տուէք նորան. որովհետեւ նորա դատաստանի ժամը եկաւ» (Յայտնութիւն 14։6, 7)։ Դատաստանի «ժամը» կարճ ժամանակահատված է. այն ընդգրկում է թե՛ դատաստանի ազդարարումը և թե՛ գործադրումը, որ նկարագրված են այդ մարգարեության մեջ։ Հիմա մենք ապրում ենք այդ ժամանակամիջոցում։
15 Այսօր, քանի դեռ չի ավարտվել «դատաստանի ժամը», մեզ հորդոր է տրվում. «Վախեցէք Աստուածանից, եւ փառք տուէք նորան»։ Ի՞նչ է դա նշանակում։ Աստծու հանդեպ պատշաճ վախը պետք է մղի մեզ հեռու մնալ չար գործերից (Առակաց 8։13)։ Եթե մենք հարգում ենք Աստծուն, ապա խոր ակնածանքով կլսենք նրան։ Մենք այնքան զբաղված չենք լինի, որ չկարողանանք կանոնավորաբար ընթերցել նրա Խոսքը՝ Աստվածաշունչը։ Մենք չենք անտեսի քրիստոնեական հանդիպումների հաճախելու վերաբերյալ նրա տված խորհուրդը (Եբրայեցիս 10։24, 25)։ Մենք թանկ կգնահատենք Աստծու Մեսիական Թագավորության մասին բարի լուրը հռչակելու առանձնաշնորհումը և նախանձախնդրորեն մասնակցություն կբերենք դրանում։ Մենք ամեն ժամանակ և ամբողջ սրտով կվստահենք Եհովային (Սաղմոս 62։8)։ Մենք գիտակցում ենք, որ Եհովան Տիեզերքի Գերիշխանն է և պատվում ենք նրան՝ կյանքում պատրաստակամորեն հնազանդվելով նրա իշխանությանը։ Իսկ դու վախենո՞ւմ ես Աստուց և փառք տալի՞ս ես նրան այս բոլոր բնագավառներում։
16. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Յայտնութիւն 14։8–ում մարգարեացված դատաստանը Մեծ Բաբելոնի դեմ արդեն իրագործվել է։
16 «Յայտնութիւն» գրքի 14–րդ գլուխը շարունակում է նկարագրել այն իրադարձությունները, որ տեղի են ունենալու ‘դատաստանի ժամին’։ Առաջին հերթին հիշատակվում է Մեծ Բաբելոնը՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունը. «Մի ուրիշ հրեշտակ եկաւ նորա ետեւից ասելով. Ընկա՜ւ, ընկա՜ւ Բաբիլոն մեծ քաղաքը» (Յայտնութիւն 14։8)։ Այո՛, Աստծու տեսանկյունից Մեծ Բաբելոնն արդեն ընկել է։ 1919 թ.–ին Եհովայի օծյալ ծառաները ազատվեցին բաբելական ուսմունքների ու սովորույթների գերությունից. ուսմունքներ, որ արդեն հազարամյակներ է, ինչ իշխում են ժողովուրդների և ազգերի վրա (Յայտնութիւն 17։1, 15)։ Ուստի նրանք կարողացան նվիրվել ճշմարիտ երկրպագությունը առաջ տանելու գործին։ Սկսած այդ ժամանակվանից՝ Աստծու Թագավորության բարի լուրը քարոզվում է համաշխարհային մասշտաբով (Մատթէոս 24։14)։
17. Ի՞նչ է նշանակում ամբողջովին դուրս գալ Մեծ Բաբելոնից։
17 Սակայն Մեծ Բաբելոնի դատաստանը դրանով չի սահմանափակվում։ Այն շուտով վերջնականապես կկործանվի (Յայտնութիւն 18։21)։ Հիմնավոր պատճառներ ունենալով՝ Աստվածաշունչը ամենուր բոլորին հայտնում է. «Դուրս եկէք դորանից, ով իմ ժողովուրդ, որ մասնակից չ’լինիք դորա մեղքերին» (Յայտնութիւն 18։4, 5)։ Ի՞նչ է նշանակում դուրս գալ Մեծ Բաբելոնից։ Դա ավելին է նշանակում, քան պարզապես խզել մեր կապերը կեղծ կրոնի հետ։ Բաբելոնի ազդեցությունը պարզ երևում է բազմաթիվ տոների և ծեսերի, սեռական անբարոյության հանդեպ հանդուրժողական վերաբերմունքի, ոգեհարցությամբ հագեցած զվարճությունների և շատ այլ բաների մեջ։ Արթուն մնալու համար կարևոր է, որ թե՛ մեր գործերով և թե՛ սրտի ցանկություններով ցույց տանք, որ ամբողջովին դուրս ենք եկել Մեծ Բաբելոնից։
18. Հաշվի առնելով Յայտնութիւն 14։9, 10 խոսքերը՝ ինչի՞ց են զգուշանում հոգևորապես արթուն վիճակում գտնվող քրիստոնյաները։
18 Յայտնութիւն 14։9, 10–ում նկարագրվում է ‘դատաստանի ժամի’ մի այլ երեսակ։ Մեկ ուրիշ հրեշտակ ասում է. «Ով որ երկրպագութիւն է անում գազանին եւ նորա պատկերին եւ դրոշմ ընդունում իր ճակատի կամ իր աջ ձեռքի վերայ, այնպիսին Աստուծոյ սրտմտութեան գինուցը պիտի խմէ»։ Ինչո՞ւ։ ‘Գազանը և նրա պատկերը’ ներկայացնում են մարդկային կառավարիչներին, որոնք հրաժարվում են ճանաչել Եհովայի գերիշխանությունը։ Հոգևորապես արթուն վիճակում գտնվող քրիստոնյաները իրենց թույլ չեն տալիս ընկնել այդ ազդեցության տակ կամ ընդունել այդ նշանը և այդպիսով ցույց տալ, որ իրենք ծառայում են նրանց, ովքեր մերժում են ընդունել ճշմարիտ Աստծու՝ Եհովայի գերիշխանությունը։ Քրիստոնյաները գիտեն, որ Աստծու Թագավորությունը արդեն հաստատվել է երկնքում և վերջ է դնելու մարդկային կառավարություններին, և ինքը մնալու է հավիտյան (Դանիէլ 2։44)։
Մի կորցրու հրատապության զգացումդ
19, 20. ա) Մինչ վերջին օրերը մոտենում են իրենց ավարտին, ի՞նչ կցանկանա անել Սատանան։ բ) Ի՞նչ պետք է վճռենք անել։
19 Մինչ վերջին օրերը մոտենում են իրենց ավարտին, կարող ենք ակնկալել, որ ճնշումներն ու փորձությունները է՛լ ավելի կսաստկանան։ Քանի դեռ ապրում ենք այս համակարգում և տառապում մեր սեփական անկատարության պատճառով, չենք կարող խուսափել այնպիսի բաներից, ինչպիսիք են՝ վատ առողջությունը, ծերությունը, հարազատների կորուստը, վիրավորված զգացումները, հիասթափությունը, որ գալիս է Աստծու Խոսքի հանդեպ մարդկանց անտարբերությունից և այլն։ Երբեք մի մոռացիր, որ Սատանան ցանկանում է օգտագործել մեր դժվարությունները, որպեսզի դրդի մեզ հանձնվել. դադարել քարոզել բարի լուրը և չապրել Աստծու չափանիշներով (Եփեսացիս 6։11–13)։ Հետևաբար մենք չպետք է անտեսենք, թե ինչ ժամանակներում ենք ապրում։
20 Հիսուսը գիտեր, որ մեզ վրա մեծ ճնշում էր գործադրվելու, ուստի հորդորեց. «Արթուն կացէք. որ չ’գիտէք թէ ո՞ր ժամում ձեր Տէրը կ’գայ» (Մատթէոս 24։42)։ Ուրեմն եկեք արթուն մնանք և գիտակցենք, թե ո՛ր ժամանակահատվածում ենք ապրում։ Եկեք ճանաչենք Սատանայի ծուղակները, որոնք կարող են դրդել մեզ դանդաղեցնելու մեր ընթացքը ճշմարտության մեջ կամ ընդհանրապես հեռանալու ճշմարտությունից։ Եկեք վճռենք քարոզել Աստծու Թագավորության բարի լուրը ավելի մեծ եռանդով ու հաստատակամությամբ։ Ամեն գնով եկեք պահպանենք մեր հրատապության զգացումը՝ ականջ դնելով Հիսուսի նախազգուշացմանը՝ «Արթուն կացէք»։ Այդպես վարվելով՝ մենք պատիվ կբերենք Եհովային և կլինենք այն մարդկանց թվում, ովքեր վայելելու են Աստծու հավիտենական օրհնությունները։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Որտեղի՞ց գիտենք, որ «արթուն կացէք» հորդորը վերաբերում է ճշմարիտ քրիստոնյաներին։
• Աստվածաշնչի ո՞ր նախազգուշական օրինակները կարող են օգնել մեզ ‘արթուն մնալ’։
• Ի՞նչ է «դատաստանի ժամը», և ի՞նչ անելու հորդոր է մեզ տրվում։
[Նկար 23–րդ էջի վրա]
Հիսուսը իր գալուստը նմանեցրեց գողի գալուն
[Նկար 24–րդ էջի վրա]
Մոտ է Մեծ Բաբելոնի կործանումը
[Նկարներ 25–րդ էջի վրա]
Եկեք վճռենք քարոզել ավելի մեծ եռանդով ու հաստատակամությամբ